Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստան-Արևմուտք առճակատումն իր ազդեցությունն է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի վրա, որը, սակայն, ժամանակի խնդիր են համարում Արցախում :
«Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են վերսկսել իրենց գործունեությունը մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումից հետո։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա ավելի վաղ՝ նման նորմալացման հասնելու համար», – «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը` գաղտնիք չհամարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաճախ է օգտագործվել որպես համանախագահող երեք երկրների հարաբերությունների հետ կապված հարցերի քննարկման հարթակ:
44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը հիմնականում ուղղված էր միջնորդական ձևաչափով բանակցությունները վերականգնելուն, ինչն աջակցվում էր Երևանի և համառ դիմադրության ենթարկվում Բաքվի կողմից։ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից մի քանի հրապարակային հայտարարություններ և մեկնաբանություններ են հնչել տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի կազմակերպման վերաբերյալ։ Փետրվարի կեսերին, կարծես, միջնորդների այցերի վերսկսման համար համաձայնություն կար, և մնում էր ճշտել ուղիները, սակայն Ուկրաինայում պատերազմը խարխլեց այս հարթակում Ռուսաստանի և Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության համագործակցությունը։ Չնայած ձևաչափը լուծարելու մասին ԵԱՀԿ-ի՝ որպես հիմնադիր կառույցի կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել, ձևաչափը լքելու և միակողմանիորեն իրենց մասնակցությունը դադարեցնելու մասին չեն հայտարարել նաև համանախագահ երկրները, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են միմյանց մեղադրել այս ձևաչափով բանակցությունները տապալելու մեջ։
ՄԽ եռանախագահության ներսում ճգնաժամի վառ արտահայտությունը, թերևս, մարտին Փառուխ՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված համանախագահ երկրների կողմից առանձին-առանձին արված հայտարարություններն էին, որոնք գրեթե նույն բովանդակությունն ունեին և ուղղված էին Ադրբեջանին՝ հետ քաշելու զորքերն ու պահպանելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորությունները։
Հարթակում առկա տարաձայնությունների վերաբերյալ առաջինը ռուսական կողմը մտահոգություն հայտնեց։ «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը կամ ապագային՝ չգիտեմ, թե ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը», – ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին Երևանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի աշխատանքները։
Միջազգային մանդատ ունեցող միջնորդական այս ձևաչափով բանակցությունների վերսկսման թեման օրակարգ եկավ հունիսին՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։ «ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում», – հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծել է պետքարտուղարի տեղակալը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է այս հարթակում համագործակցել ՌԴ-ի հետ։
Միացյալ Նահանգների այս լավատեսությունն այս անգամ կասկածի տակ դրեց Ռուսաստանը։ «Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»,– Բաքու կատարած այցի շրջանակներում հունիսի 24-ին ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչևէ, ԱՄՆ-ն համառություն է ցուցաբերում ձևաչափի պահպանման ուղղությամբ։ Փոխելով ԵԱՀԿ ՄԽ իր համանախագահին՝ ամերիկյան կողմը հայտարարություն տարածեց, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, հունիսի 28-ին քննարկել են Լեռնային Ղարաբաղի ապագան՝ առանց ռուս համանախագահի մասնակցության, որը չէր ընդունել հրավերը, սակայն ակնկալում են, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը։
Նման ակնկալիքներ կան նաև Արցախի հանրային շրջանակներում։ «Այս ձևաչափում առկա խնդիրները պարզապես արտացոլում են խոշոր խաղում համանախագահ երկրների ունեցած տարաձայնությունները», – «Անալիտիկոն»-ի հետ զրույցում ընդգծեց մեկնաբան Նորայր Հովսեփյանը, նշելով, որ համանախագահող երկրներն իրենք էլ չեն շտապում այս ձևաչափը համարել անվերադարձ կորած և կարծես կիսաշանտաժով փորձում են այս նույն հարթակը պահպանել նաև այլ հարցեր քննարկելու համար։ «Համենայնդեպս, ամենաշատ հայտարարություններն այդ թեմայով հնչում են Մոսկվայից և տպավորություն է, որ եթե Վաշինգտոնը և Փարիզը համաձայնեն այս հարթակում քննարկել ոչ միայն ղարաբաղյան թեման, ապա Մոսկվան դեմ չի լինի այն ակտիվ պահելու հեռանկարին», – համոզմունք է հայտնում արցախցի մեկնաբանը, նշելով, որ Փարիզից ու Վաշինգտոնից ավելի զուսպ հայտարություններ են հնչում՝ ինչ-որ տեղ հակադարձելով, ինչ-որ տեղ համաձայնելով, որ հարթակը կարելի է օգտագործել նաև այլ հարցեր քննարկելու համար։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ բանակցային գործընթացն, առաջին հերթին, վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Եթե տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերը քննարկվում են Մոսկվայի և Բրյուսելի նախաձեռնությամբ՝ երկու հարթակներում, ապա այս ձևաչափերում բացակայում է ղարաբաղյան հիմնախնդիրը, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը։
Չնայած նույն օրակարգին՝ Մոսկվայի ու Բրյուսելի պատկերացումները բավականին տարբեր են։ Այսպես, Կրեմլը հայ-ադրբեջանական գործընթացները զատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի հարցով լուծումը թողնելով ապագային, մինչդեռ Եվրամիության մայրաքաղաքում ցանկանում են հասնել համապարփակ կարգավորման ինչպես տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ու վերագործարկման, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բուն պատճառների ու դրանից բխող հետևանքների առումով։ Ըստ այդմ՝ ուշագրավ էին ԵՄ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հունիսի 6-ի մեկնաբանությունն առ այն, որ ԼՂ-ն ինչ-որ փուլում պետք է դառնա բանակցությունների մաս, քանի որ «առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման»։
Ինչևէ, Ստեփանակերտի կարծիքը հակամարտության վերջնական կարգավորման առումով մնում է անփոփոխ։ «Հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ Արցախի ժողովրդի իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ճանաչման միջոցով», – Ազգային ժողովի հունիսի 30-ի լիագումար նիստին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և անընդունելի համարելով Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ։
Հակամարտությունը, սակայն, փակված էջ են համարում Բաքվում։ Նույն օրը ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ն ստեղծել է Մինսկի խումբը, որպեսզի լուծի այս հակամարտությունը, այլ կերպ՝ «վերջ դնի օկուպացիային»։ «Այսօր, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը՝ անհնար ու տարածաշրջանում խաղաղության համար կործանարար համարելով Մինսկի խումբը վերակենդանացնելու՝ հայկական կողմի և այլոց ջանքերը։
Տարածաշրջանում զարգացումների հետագա ընթացքն այդքան էլ տեղական դերակատարների կամքի հետ չի կապում մեկնաբան Նորայր Հովսեփյանը։ «Եթե միջազգային ուժային կենտրոններին հաջողվի համաձայնության գալ խոշոր հարցերում, ապա ղարաբաղյան հարցը անգամ եթե չկարգավորվի՝ ինչ-որ մի վիճակով կսառեցվի», – նախկինում կիրառված փորձն է մատնանշում արցախցի մեկնաբանը՝ չբացառելով հակամարտության սառեցման նոր տարբերակ։
Ինչպես ցանկացած պատերազմ, ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ օր ավարտվելու է։ Եթե համանախագահ երկրները գան որոշակի համաձայնության, ապա Ադրբեջանի՝ բանակցություններից հրաժարվելու դիրքորոշումը, կմնա խնդիր։ Արդյո՞ք որպես վերջին միջոց կարող է լինել համանախագահող երկրների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցն առաջ քաշելը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։
Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ