Սակայն անկախությունից ի վեր 3 անգամ իշխանափոխության հասած վրացական հանրությունում դա անհաղթահարելի խնդիր չի դիտարկվում
Աղաբեկ ՍԻՄՈՆՅԱՆ
«Ալիք» մեդիահարթակի լրագրող
Թբիլիսի
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից ավելի քան մեկ ամիս է անցել, եւ հայտնի են երկրի 9-րդ օրենսդիրի պատգամավորների անունները: Չնայած ընտրությունների մեծամասամբ խաղաղ բնույթին՝ քաղաքական տարբեր մակարդակներում եւ մամուլում շարունակվում են օրակարգային լինել հետընտրական շրջանի գործընթացների վերաբերյալ քննարկումները, փլուզվում են դաշինքներ, քաղաքականությունից հեռանալու մասին են հայտարարում կուսակցությունների առաջնորդներ, որոշ քաղաքական խմբեր հայտարարում են իշխող կուսակցությանը աջակցելու մասին: Թբիլիսիի ու շրջանների շենքերի պատերին դեռեւս չխունացած, նախընտրական քարոզարշավից մնացած խայտաբղետ պաստառները հիշեցնում են թեժ նախընտրական քարոզարշավի մասին, մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական՝ «Քվեարկեք «Վրացական երազանքի» օգտին» ցուցապաստառները փոխարինվել են՝ «Շնորհակալություն՝ Վստահության համար»:
Ստորեւ ներկայացնենք ընտրական գործընթացի երեք հիմնական փուլերը․ նախընտրական քարոզարշավ, բուն ընտրություններ եւ հետընտրական զարգացումներ։Ինչպես արդեն նշեցի, նախընտրական շրջանի թեժ մթնոլորտի մասին են վկայում քաղաքներում և գյուղերում ամեն քայլափոխի հանդիպող քարոզչական պաստառները, որոնց վրա ծախսված ֆինանսական միջոցներն անցնում են մի քանի միլիոն լարիից: Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, քարոզարշավի շրջանում ծախսած գումարով կուսակցությունների ցուցակը գլխավորում է «Վրացական երազանքը», որը միայն օգոստոս ամսվա ընթացքում ծախսել է 1,5 մլն լարի։ Զուգահեռաբար երկրի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նույն ժամանակահատվածում ծախսել է 700․000 լարի: Մյուս քաղաքական կազմակերպություններն ու դաշինքները նախընտրական բյուջեով էապես զիջում են նշված երկուսին։
Կարելի է պնդել, որ իշխող «Վրացական երազանքը» նախընտրական շրջանում խաղաղ մթնոլորտ ապահովելու նպատակ ուներ, ինչի մասին վկայեցին նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները՝ նախընտրական շրջանը ազատ և արդար որակելով։ Այսուհանդերձ, եղան նաեւ բացառություներ, երբ ընտրություններից մի քանի օր առաջ պայթեցվեց գործող ընդդիմադիր պատգամավորի ավտոմեքենան, ապօրինի զենք ունենալու մեղադրանքով ձերբակալվեց Միացյալ ազգային շարժում կուսակցության Թբիլիսիի նախընտրական շտաբի ղեկավար անդամներից մեկը։
Չնայած սրան, գործող իշխանության քարոզչության հիմնական մեխը ընտրողի համակրանքը գրավելու և խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը պահելուն էր միտված։ Ի տարբերություն հայաստանյան ընտրությունների՝ ընտրակաշառքների կամ ընտրողների նախնական ցուցակներ կազմելու մասին գրեթե խոսք չեղավ: Գործող պատգամավորներն ու պատգամավորության թեկնածուները հաճախ անձամբ թակում էին բնակարանների դռները, ընտրողին ներկայացնելով իրենց ծրագրի յուրահատկությունները: Ինչեւիցե, նախընտրական շրջանում արձանագրվեցին նաեւ հակաքարոզչության՝ «Սեւ PR»-ի դրսեւորումներ։ Այսպես, առավել մեծ աղմուկ բարձրացրեց «Հերոկրատիա» կոչվող գեղարվեստական ֆիլմը, որտեղ ներկայացվում էին Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանում արված «սև գործերը»: Ֆիլմը մեծամասամբ ներկայացնում էր առանձին քաղաքացիների ապօրինի ձերբակալություններն ու բանտերում տիրող իրավիճակը։ Զուգահեռաբար, կադրեր ցուցադրվեցին 2011 թվականից, որոնցում Սահմանադրական կարգի պահպանության կոմիտեի ղեկավար Դաթո Ախալայան խաղաղ ցույցը ցրելու նպատակով յուրաքանչյուր ձերբակալվածի համար իր աշխատակիցներին հավելավճար էր խոստանում:
Իր հերթին «Միացյալ ազգային շարժումը» մեղադրեց «Վրացական երազանքին» ապօրինի գաղտնալսումներ իրականացնելու մեջ, որոնց ձայնագրությունները պարբերաբար հայտնվում էին համացանցում: Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին պայթեցվեց ընդդիմադիր պատգամավոր Գիգի Թարգամաձեի ավտոմեքենան, բարեբախտաբար՝ զոհեր չեղան: Պատահածի մեջ «Միացյալ ազգային շարժումն» ու «Վրացական երազանքը» մեղադրեցին միմյանց: Հարկ է նշել նաեւ, որ մինչեւ հոկտեմբերի 8-ը հաճախակիացել էին սպանության դեպքերը, ընդ որում՝ դրանց մի մասը Թբիլիսիի փողոցներում, օրը ցերեկով: Հանցագործությունների ավելանալու մեջ ընդդիմությունը մեղադրում էր գործող վարչակազմին՝ հանցավոր անգործության մեջ, իսկ իշխանությունը սպանությունները ընդդիմության կողմից հրահրվող սադրանք էր որակում։
Նախընտրական շրջանը թերեւս ամփոփվեց հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում՝«Միացյալ ազգային շարժման» կողմից կազմակեպված բազմահազարանոց հանրահավաքով։ Բողոքի ցույցի մասնակիցների մեծ մասը ժամանել էր շրջաններից, այդ թվում՝ մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիից, ինչպես նաեւ ոչ մեծ ներկայությամբ՝ Ջավախքից: Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի դրոշներից զատ հանրահավաքում կարելի էր տեսնել մեկ տասնյակից ավելի ադրբեջանական դրոշ եւ Հայաստանի միայն քանի դրոշ։ Բողոքի խաղաղ ցույցն ավարտվեց նույն օրը երեկոյան՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում։
Նախընտրականշրջանում եղան նաեւ ուշագրավ քաղաքական զարգացումներ։ Այսպես, եթե «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժումը» ընտրություններին մասնակցեցին առանց դաշինքներ կազմելու, ապա, օրինակ, օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած «ՊաատաԲուրճուլաձե-Պետությունը՝ ժողովրդի համար» դաշինքի շուրջ միավորվեցին «Նոր աջեր», «Քաղաքացիական հարթակ-ՆորՎրաստան» կուսակցությունները և «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն։ Վերջինըս ընտրություններից օրեր առաջ անակնկալ կերպով լքեց դաշինքը: Ի դեպ, շատերի համոզմամբ, նշված կուսակցությունները «Միացյալ ազգային շարժման» սատելիտներն էին:
Նախընտրական մեկ այլ՝ «Հայրենասերների դաշինք» միավորման շնորհիվ Վրաստանն ունեցավ բազմակուսակցական խորհրդարան։ Այս միավորման շուրջ համախմբվեցին «Պահպանողական», «Կախա Կուկավա. Ազատ Վրաստան», «Ազատություն, Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», «Վրաստանի պատերազմի վետերանների և պատրիոտների քաղաքականշարժում», «Նոր քրիստոնյա-դեմոկրատներ» կուսակցությունները։
Ընտրություններին առանձին ցուցակներով էին հանդես գալիս իշխանությունից 2014-ին հեռացած նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի «Հանրապետական» կուսակցությունները։ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից եւ«Ժողովրդավարականշարժում – միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն խորհրդարանական ընտրություններում «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության հետ համատեղ էր հանդես գալիս՝ «ՆինոԲուրջանաձե-ժողովրդավարական շարժում» դաշինքով։ Ռուսամետ համարվող Բուրջանաձեն Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղին դիտարկում էր որպես երկրի զարգացման միակ հեռանկարը։
Ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, ձայների նախնական հաշվարկի ընթացքում արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունում կմնա գործող«Վրացական երազանքը», որը համամասնական ընտրակարգով հավաքեց ձայների 48,68 տոկոսը։ Երկրորդ տեղում էր «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,11 տոկոսով։ Հինգտոկոսանոց շեմը հաղթահարած քաղաքական 3-րդ ուժն էր «Հայրենասերների դաշինքը»՝ հավաքած 5,01 տոկոս ձայնով, ինչը նրան հնարավորություն տվեց խորհրդարանում ունենալ 6 մանդատ: Ընտրությունների արդարության մասին նույնպես շատ է խոսվել այս ամբողջ ընթացքում: Իշխանություններն ու միջազգային դիտորդական կազմակերպությունները ընտրությունների ընթացքը՝ ինչպես նախընտրական շրջանում այնպես էլ բուն ընտրությունների օրը, դրական էին գնահատել:
Ընտրատեղամասերի փակվելուց եւ ձայների հաշվարկի մեկնարկից ժամեր անց իշխանությունը սկսեց հաղթանակ տոնել՝ հայտարարելով, թե ընտրություններն անցել են ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան։ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳեւ միջազգային դիտորդական այլ կազմակերպություններ նույնպես շնորհավորեցին ընտրությունների բարեհաջող անցկացման առթիվ: Նրանք շեշտում էին, որ չնայած որոշ խախտումների՝ ընտրությունը ընթացել է ազատ և արդար, իսկ խախտումները չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Տրամագծորեն հակառակ կարծիքը հայտնեց ընդդիմությունը։ Այսպես, «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայից հայտարարեց, որ տեղի ունեցած մասշտաբային կեղծիքները անցել են բոլոր սահմանները, եւ որ Շեւարդնաձեն իր երազում չէր տեսել նման բան:
Ընտրությունների օրը թերեւս ամենալուրջ միջադեպն արձանագրվեց ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքին հարակից Ղիզիլ-Հաջլ գյուղում, որտեղ ընտրատեղամասից քվեատուփը առեւանգելու փորձ էր արձանագրվել։ Բանը հասել էր նրան, որ հավաքված ամբոխը քարեր էր նետել ընտրատեղամասի ուղղությամբ, մարմնական վնասվածքներով անձինքն են հիվանդանոց տեղափոխվել, ընտրատեղամասի բակում ինքնաբուխ բողոքի ցույց է սկսվել։ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն, մի խումբ երիտասարդների ու պատանիների հետ, ահազանգում էր ընտրախախտումների մասին՝պահանջելով չեղարկել այդ տեղամասի ընտրությունների արդյունքները: Հետագա բռնությունները կանխելու նպատակով գյուղի տարածքում հատուկ ջոկատայիններ մտցվեցին, ապա ԿԸՀ-ն որոշում կայացրեց չեղարկել տեղամասի ընտրությունների արդյունքները, անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալվեցին շրջանի մի քանի բնակիչներ։
Ընտրությունների առաջին փուլի ավարտին արդեն իսկ պարզ էր Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի 100 պատգամավորական մանդատի ճակատագիրը, 67-ը՝ Վրացական երազանքին, 27-ը՝ Միացյալ ազգային շարժմանը, 6-ը՝ «Հայրենասերների դաշինքին»: Մյուս 50 մանդատի ճակատագիրը պարզ դարձավ ընտրությունների 2-րդ փուլից հետո միայն, քանի որ առաջին փուլում մեծամասնական ընտրակարգով շուրջ 50 ընտրատարածքում ձայները կիսվել էին։ Այսպիսով, պարզ չէր՝ արդյո՞ք կունենա «Վրացական երազանքը» Սահմանադրական մեծամասնություն, թե՞ ոչ: Հոկտեմբերի 21-ին կայացա ծընտրությունների երկրորդ փուլը որոշեց 50 մեծամասնական պատգամավորի ճակատագիրը: 50-ից 48-ի պարագայում մեծամասնական պատգամավոր ընտրվեցին«Վրացական երազանքի»-ի թեկնածուները՝ 115 մանդատով ապահովելով կուսակցության Սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում:
Հարկ է նշել, սակայն, որ երկրորդ փուլում նվազել էր միջազգային հանրության, ինչպես նաև կուսակցությունների ուշադրությունն ու զգոնությունը, եւ եթե խախտումների մասին ավելի շատ էր խոսվում՝դրանց վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունն ավելի պակաս էր։ Հատկանշական է նաեւ այն փաստը, որ «Վրացական երազանքի» կողմից հաղթած բոլոր պատգամավորները հավաքել էին ձայների 70 տոկոսից ավելին։ Եւ չնայած որոշ իմաստով նման տարօրինակ թվերի հրապարակմանը՝ ընտրությունների արդյունքները ընդունվեցին բոլորի կողմից: Այսպես, եթե Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ էր անում չընդունել ընտրությունների արդյունքները՝ բոյկոտելով խորհրդարանի նիստերը, «Միացյալ ազգային շարժումը» որոշում կայացրեց ճանաչել դրանք եւ շարունակել գործունեությունը օրենսդիրում։ Այսպիսով, որոշ իմաստով կուսակցության ներսում երկփեղկվածության սկիզբ դրվեց։
Հետընտրական շրջանում պառակտումներ արձանագրվեցին նաեւ մի քանի այլ կուսակցություններում։ 5 տոկոսանոց շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմի մի շարք անդամներ հրաժարական տվեցին։ Նրանցից ոմանք կոչ արեցին երկրորդ փուլում աջակցել «Վրացական երազանքին»: Իր ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը լքեց 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, ով հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ հաջորդ ընտրություններին: Պաատա Բուրճուլաձեի ղեկավարծ «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը լքեց «Նոր աջեր» կուսակցությունը՝ նշելով, որ դաշինքը չի արդարացրել կուսակցության հույսերը: Փոփոխություն տեղի ունեցավ նաեւ «Միացյալ ազգային շարժման» շարքերում։ Այսպես, պատգամավորական մանդատից հրաժարվեց կուսացության հիմնադիրներից, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը:
Մի քանի խոսք խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը 0,01 տոկոսով հաղթահարած «Հայրենասերների դաշինքի» մասին։ Կուսակցությունը, որի ղեկավար Դավիթ Թարխան Մոուրավին բազմիցս հայտարարել է իր՝Վրաստանի թագավոր Գիորգի 12-ի ժառանգը լինելու մասին, բավականին կայուն է: Խորհրդարանում հայտվելուց անմիջապես հետո միջազգային լրատվամիջոցները հրապարակում էին «Ռուսամետ կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում» և նմանատիպ այլ վերնագրերով հոդվածներ, ինչը հեռու չէ իրականությունից։ Նշենք նաեւ, որ կուսակցությունը միակն է Վրաստանի քաղաքական դաշտում, որը բարձրացնում է Հայոց ցեղասպանության և նրա ճանաչման կարևորության հարցը:
Այսպիսով, եռակուսակցական խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմած «Վրացական երազանքը» շուտով կսկսի գործունեությունը: Շատերի մոտ մտավախություն կա, որ «բացարձակ իշխանությունը» կարող է հանգեցնել ամբողջատիրական ռեժիմի, ինչը,սակայն, անկախությունից ի վեր 3 անգամ իշխանափոխության հասած վրացական հանրությունում դա անհաղթահարելի խնդիր չի դիտարկվում։