Նախաբան
Ընտրված թեմայի ուսումնասիրությունը պիտի ցույց տա հետեւյալը` ղարաբաղյան հանրությունում եւ հակամարտող մյուս կողմերի հանրություններում որքանո՞վ է հրատապ փախստականների եւ ներքին տեղաշարժված անձանց (ՆՏԱ) խնդիրը: Հնարավո՞ր է, արդյոք, տվյալ խնդիրը լուծել առանց այն կապակցելու կարգավորման այնպիսի կարեւոր քաղաքական խնդիրներին, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի միջազգային իրավազորացումը, տարածքներն ու անվտանգությունը:
Հակամարտության կողմերի իշխանություններն ու հանրությունները պատրա՞ստ են, արդյոք, փոխզիջումային լուծումների եւ ընդհանրապես` լուծումների:
Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է: Մյուս առանցքային խնդիրներն են համարվում ԼՂՀ կարգավիճակի սահմանում-ճանաչումը, տարածքների ու սահմանների հարցը, տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ԼՂՀ անվտանգության երաշխիքները:
Փախստականները եւ տեղաշարժված անձինք սկսել են տարածաշրջանում հայտնվել հակամարտության ընդլայնմանը զուգընթաց: Եթե ազատության ու իրավահավասարության[1] ձգտումը` հայտարարված Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության կողմից, դարձել է Ադրբեջանի հետ հակամարտության վերսկսման պատճառ, ապա փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը, ինչպես եւ այլ խնդիրներ, ծագել են այդ հակամարտության հետեւանքով: Ուստի մեթոդաբանորեն ավելի ճիշտ է սկզբում հակամարտության պատճառին առնչվող խնդիրները լուծելը եւ ապա ձեռնամուխ լինել դրա հետեւանքների վերացմանը: ԼՂՀ միջազգային ճանաչումը եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը կպարզեցնեն իրավիճակը բոլոր նրանց համար, ովքեր կուզենան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը: Մարդիկ չեն կարող «անհայտություն» վերադառնալ, նրանք իրավունք ունեն իմանալու, թե որ երկրի օրենքներով են ապրելու: Օրինակ, ԼՂՀ քաղաքացիները կարող են Շահումյան վերադառնալ ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում միայն եւ տվյալ շրջանում հանրապետության իրական ինքնիշխանության պարագայում:[2]
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) միջազգային միջնորդների վերջին առաջարկները, որոնք հայտնի են որպես «մադրիդյան սկզբունքներ», ենթադրում են «ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում ավելի ուշ ժամկետներում»:[3] Միջնորդների կարծիքով` հակամարտության հետեւանքներին առնչվող մյուս խնդիրները կարելի է ավելի վաղ լուծել: Ավելի քան ակնհայտ է «սայլը ձիուց առաջ դնելու» ԵԱՀԿ ՄԽ փորձը:
ԼՂՀ հանրային կառույցներն ու խորհրդարանական կուսակցությունները բացասական են գնահատում «մադրիդյան սկզբունքները»:[4] Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ընդունում է այդ սկզբունքները որոշակի վերապահումներով: ՀՀ ԱԳՆ ղեկավարի կարծիքով` ադրբեջանական կողմի «վերապահումները» վերաբերում են միջնորդների առաջարկների մեծ մասին:[5] Հայաստանում ընդհանուր առմամբ բացասական են վերաբերվում «մադրիդյան սկզբունքներին», որոնք ենթադրում են Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից միակողմանի զիջումներ:
Փախստականների ու տեղաշարժված անձանց խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂՀ, Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջեւ ընթացած բանակցությունների առարկա են եղել, բանակցություններ, որոնք շարունակվել են մինչեւ 1997 թվականի ապրիլը: Զինված հակամարտության դադարեցման կամ այսպես կոչված Քաղաքական մեծ համաձայնագրի նախագծում իրավական ու քաղաքական այլ խնդիրների ու դրանց լուծման առաջարկների շարքում նշված է եղել պայմանների ստեղծման անհրաժեշտությունը «մշտական բնակության նախկին վայրեր տեղաշարժված անձանց ու փախստականների երաշխավորված անվտանգ, կամավոր եւ հաշվեկշռված վերադարձի համար` անկախ նրանց ազգությունից»:[6]
Միջազգային միջնորդների հետագա առաջարկները, որոնք հայտնի են որպես «Փաթեթային տարբերակ» (1997թ. նոյեմբեր), «Փուլային տարբերակ» (1997թ. դեկտեմբեր) եւ «Ընդհանուր պետություն» (1998թ. նոյեմբեր), նույնպես բովանդակում են դրույթներ ու առանձին հավելվածներ հակամարտության ընթացքում տեղաշարժված բնակչության խնդիրներին առնչվող համաձայնագրերի նախագծերի համար:[7]
Հայերին ու ադրբեջանցիներին վերադարձի իրավունքով օժտումը, որոշ բացառություններով հանդերձ, չի վիճարկվում. խնդիրը կայանում է ներկայումս այդ իրավունքի իրականացման համար իրավաքաղաքական պայմանների բացակայության մեջ:
Միջազգային իրավունքում եւ, ընդհանրապես, իրավունքում ընդունված են մեխանիզմներ` տեղաշարժված անձանց իրավունքների վերականգնման կամ իրավունքի խախտման համար փոխհատուցման առումով: Այսինքն` միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են նաեւ այլընտրանքային լուծումներ: Մեծ նշանակություն ունի այն կողմի պատասխանատվության սահմանումը, որի գործողությունները հանգեցրել են մարդկանց դիտարկվող կատեգորիայի իրավունքների խախտմանը:
Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը կարող է, իհարկե, ուսումնասիրվել, բայց երաշխավորանքների գործնական կիրառումը կախված է լինելու քաղաքական մյուս առանցքային խնդիրների լուծումից: Ասենք, առանց կողմերի իրավասուբյեկտության փոխադարձ ճանաչման անհնար է նույնիսկ նույնականացնել նախկին բնակության վայրը լքած այս կամ այն անձի կարգավիճակը: Մինչդեռ տեղաշարժված յուրաքանչյուր մարդու անձնական կարգավիճակը ենթադրում է նրան օժտումն ամենատարբեր իրավունքներով: Սույն իրավունքները կանոնակարգվում են միջազգային-իրավական առանձին փաստաթղթերով:[8] Օրինակ, եթե ԼՂՀ օրենսդրության համաձայն Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների հայազգի նախկին բնակիչները, որոնց մի մասը ներկայումս ապրում է ԼՂՀ տարածքում, պատկանում են «փախստականների» կատեգորիային, ապա Ադրբեջանի օրենսդրության համաձայն` այդ մարդիկ հանդիսանում են ՆՏԱ-ներ: Բաքվի տեսանկյունից անձանց այդ կատեգորիան պետական սահման չի հատել: Համանման իրավիճակ է ԼՂՀ-ից հեռացած ադրբեջանցիների հարցում, ովքեր ներկայումս ապրում են Ադրբեջանի Հանրապետությունում: Ղարաբաղում նրանց փախստականներ են համարում, իսկ Ադրբեջանում` ՆՏԱ-ներ:
«Ժողովրդագրական զենքը» ղարաբաղյան հակամարտությունում
Փախստականների ու ՆՏԱ-ների նկատմամբ Ղարաբաղում երկակի վերաբերմունք է:
Մի կողմից` սույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի համար ունի սուր սոցիալական ուղղվածություն եւ վերջնական լուծում է պահանջում: ԼՂՀ պաշտոնական տվյալներով` հետպատերազմյան ժամանակաշրջանում Ղարաբաղի բնակչության ավելի քան 30 տոկոսը կազմում էին Ադրբեջանից հայ փախստականները եւ այն անձինք, ովքեր ԼՂՀ-ում իրենց տները լքել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում:[9] Կարեւոր է նշել, որ 1992 թվականի ամռանը ԼՂՀ տարածքի մոտ կեսը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների վերահսկողության տակ, իսկ զավթված տարածքների քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է ոչնչացման կամ էթնիկական զտումների:[10]
Ուշագրավ է այս առումով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ (ներկայումս` ԵԱՀԿ) Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիի 1992 թվականի սեպտեմբերի 23-ի ուղերձը` ԵԱՀԽ գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին. «Ինչպե՞ս կարող է Մինսկի խումբն անտարբեր շարունակել բանակցությունները, երբ դրանց առարկան (Լեռնային Ղարաբաղը.- հեղինակ) աստիճանաբար վերանում է… Եթե ռազմական հարձակողական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը կրկին հայտնվի կողմերից մեկի (իմա` Ադրբեջանի.- հեղինակ) վերահսկողության տակ, ապա ի՞նչ է մնալու բանակցությունների առարկայից»:[11] Ցայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է ԼՂՀ տարածքի 15 տոկոսը (Շահումյանի շրջանը` ներառյալ Գետաշենի ենթաշրջանը, ամբողջությամբ եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանները` մասամբ): Այս տարածքները բնակեցված են ոչ հայ էթնոսների ներկայացուցիչներով:[12] Փոխված են զավթված շրջանների բնակավայրերի անվանումներն ու վարչական սահմանները:[13]
ԼՂՀ իշխանություներն ու հանրությունը փախստականների խնդիրն ընդունում էին որպես հումանիտար խնդիր եւ հակամարտության ամբողջ ընթացքում ձգտում էին թեթեւացնել փախստականների ու ՆՏԱ-ների վիճակը: Ի տարբերություն նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի` Ղարաբաղում չսկսեցին փախստականների համար ցուցադրական վրանաճամբարներ ստեղծել[14] եւ քաղաքականացնել խնդիրը: Ղարաբաղցիները հակամարտության զոհերի այս կատեգորիային ապահովել են տանիք եւ նվազագույն կենսապայմաններ: Առայսօր պետությունն առանց միջազգային աջակցության շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների ու նաեւ այն ՆՏԱ-ների համար, ովքեր վերադարձել են նախկին բնակության ազատագրված վայրերը:[15]
Մյուս կողմից` ԼՂՀ-ում հասկանում են, որ նախկին բնակության վայրեր մարդկանց վերադառնալու եղանակով փախստականների խնդրի լուծումը նոր խնդիրներ կստեղծի ինչպես հումանիտար բնույթի, այնպես էլ այդ կատեգորիայի մարդկանց անվտանգության առումով: Բրիտանական Populus եւ հայկական IPSC կազմակերպությունների կողմից 2010 թվականի հոկտեմբերին անցկացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներով` Ղարաբաղի բնակչությունը կտրականապես դեմ է ՆՏԱ-ների ու փախստականների վերադարձին ԼՂՀ հետպատերազմյան տարածքներ:[16]
Հակամարտության չկարգավորվածության, ԼՂՀ-ի միջազգային ճանաչում չունենալու եւ կողմերի միջեւ նվազագույն վստահության բացակայության պայմաններում փախստականների վերադարձը սպառնում է ԼՂՀ անվտանգ ապագային եւ կարող է տարածաշրջանային ապակայունացման նոր աղբյուր դառնալ:
Այս կարծիքը կիսում է նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը:[17]
Այս մտահոգությունները ղարաբաղյան հանրությունում ծագում են ոչ պատահականորեն: Բանը նրանում է, որ ժողովրդագրությունը որպես զենք Բաքվի կողմից օգտագործվում է անցած դարի 20-ական թվականներից ի վեր, երբ ռուսաստանյան բոլշեւիկները որոշեցին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ինքնավարության իրավունքներով: Հօգուտ ադրբեջանական փոքրամասնության Լեռնային Ղարաբաղի էթնիկական պատկերի փոփոխման փորձերը Ադրբեջանի ղեկավարության կողմից չեն դադարել խորհրդային այդ հանրապետության կազմում հայկական ինքնավարության գտնվելու տարիներին:
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները նպատակասլաց քաղաքականություն են վարել Ղարաբաղի ադրբեջանական բնակչության մեխանիկական աճը խթանելու համար: Հարկ է նշել, որ ադրբեջանական բնակչության բնական աճի տեմպը գերազանցում էր հայ բնակչության համանման ցուցանիշը: Բայց բացի այս բնական գործոնից` գործարկվել են նաեւ արհեստական գործոններ. դեպի Լեռնային Ղարաբաղ աշխատանքային եւ ուսումնական միգրացիան ծրագրվում էր Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ իրականացվում էր կուսակցական ու վարչական մարմինների խստիվ վերահսկողությամբ:[18]
Ժողովրդագրական վիճակի փոփոխմանը միտված քաղաքականությունն ակտիվացվել է 1970-ականների սկզբից, երբ Խորհրդային Ադրբեջանի ղեկավար (կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար) դարձավ Հեյդար Ալիեւը: Բաքվի «Զերկալո» թերթը 2002 թվականի հուլիսի 23-ի համարում մեջբերել է արդեն անկախ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հ.Ալիեւի հայտնությունները. «Ես խոսում եմ այն ժամանակահատվածի մասին, երբ առաջին քարտուղար եմ եղել… շատ եմ այն ժամանակ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միեւնույն ժամանակ փորձում էի փոփոխել այնտեղ ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ ինստիտուտ, բուհ բացելու հարցը: Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի եւ որոշեցի բացել: Բայց այն պայմանով, որ երեք սեկտոր լինի` ադրբեջանական, ռուսական եւ հայկական: Բացեցինք: Հարակից շրջանների ադբեջանցիներին ուղարկում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ: Բացեցինք այնտեղ կոշկի խոշոր ֆաբրիկա: Այնտեղ ադրբեջանցիներ էինք ուղարկում մարզի հարակից վայրերից: Այս եւ այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի: Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատում էին Լեռնային Ղարաբաղում, գիտեն սրա մասին»: Ադրբեջանական աղբյուրներում շատ այլ վկայություններ կան Ղարաբաղի նկատմամբ Բաքվի խտրական քաղաքականության մասին:[19] Նման քաղաքականությունն իր արդյունքներն էր տալիս: Ուշագրավ է, որ Հեյդար Ալիեւի պաշտոնավարման առաջին 10 տարիներին Լեռնային Ղարաբաղում մնում էր այստեղ ծնված հայերի 10-ից մեկը միայն, իսկ մյուս 9-ը գաղթում էին ԼՂԻՄ-ից:[20]
Ահա վիճակագրական մի քանի հավելյալ տվյալներ:
1921 թվականին Ադրբեջանում անցկացված գյուղատնտեսական հաշվառման համաձայն` այն տարածքներում, որոնք հետագայում` 1923 թվականին ներառվեցին նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ապրող բնակչության 94,4 տոկոսը կազմում էին հայերը, իսկ 5,6 տոկոսը` ադրբեջանական թյուրքեր[21] եւ այլ ազգություններ[22]:
1926 թվականին անցկացված բնակչության համամիութենական մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ-ում ապրում էր 125 հազար 300 մարդ, այդ թվում 111 հազար 694 հայ կամ բնակչության 89,1 տոկոսը, ադրբեջանցի թյուրքեր` 12 հազար 592 մարդ կամ 9 տոկոս, ռուսներ` 596 մարդ կամ 0,5 տոկոս:[23]
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Ադրբեջանական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի հանձնման արդեն առաջին հինգ տարիներին եւ ԼՂԻՄ ստեղծումից 3 տարի հետո հայ ազգաբնակչության թիվը նվազել է 11-12 հազար մարդով:
ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի (1989) տվյալներով ԼՂԻՄ-ում ապրում էր 40 հազար 600 ադրբեջանցի, այսինքն` ինքնավարության բնակչության ընդհանուր թվաքանակի 21,5 տոկոսը:
Այսպիսով, Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու տարիներին ադրբեջանական բնակչության տոկոսը 4,9-ից հասել է 21,5-ի (աճի տեմպը` 484 տոկոս), իսկ հայ ազգաբնակչության տոկոսը 94,8-ից կրճատվել է 76,9-ի:
Վերաբնակեցման քաղաքականությունը եւ «Կարմիր Քրդստանի» ստեղծման ու լուծարման հետ կապված խաղերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղն անկլավ դարձնելու համար: Ղարաբաղի տարածքի մի մասում ինքնավար մարզ ստեղծելիս` այն նույն օրը, երբ հռչակել են ԼՂԻՄ կազմավորման մասին (1923թ. հուլիսի 7-ին), Ադրբեջանում հայտարարվել է ինքնուրույն քրդական գավառի (ուեզդի) ստեղծման մասին: Քրդական գավառի լուծարման ժամանակ էլ որոշվել է դրա տարածքները դարձնել Ադր. ԽՍՀ առանձին վարչական միավորներ: Ընդսմին, ԼՂԻՄ տարածքների այն մասը, որը սահմանակից էր Հայաստանին, դուրս է բերվել ինքնավարության կազմից եւ մտցվել Ադր. ԽՍՀ նոր կազմավորվող Լաչինի շրջանի մեջ: Ադր. ԽՍՀ իշխանությունները ԼՂԻՄ-ից հատել են տարածքի այն մասը (Աբդալյար ավանից հարավ), որն անմիջականորեն սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին: Հետագայում այս բնակավայրը խոշորացման եւ ադրբեջանցիներով վերաբնակեցման ճանապարհով դարձել է քաղաք Լաչին:[24]
Այսպիսով, Քրդական գավառին կամ «Կարմիր Քրդստանին» առնչվող ձեռնածությունների արդյունքում քրդերը զրկվեցին իրենց ոչ երկար տեւած (1923-29թթ.) ինքնավարությունից, իսկ լեռնայինղարաբաղյան հայկական ինքնավարությունը Խորհրդային Հայաստանի հետ իր ընդհանուր սահմանից, այսինքն` Լեռնային Ղարաբաղը վերածվեց անկլավի:
Ղարաբաղի անկլավային վիճակը 1992-94թթ. պատերազմի սկզբնական ժամանակաշրջանում քիչ էր մնում ճակատագրական դեր խաղար ԼՂՀ ժողովրդի համար: Միայն ուժերի գերագույն լարումով հաջողվեց ճեղքել բազմամսյա պաշարումը եւ հումանիտար միջանցք բացել, որը Ղարաբաղը կապեց արտաքին աշխարհի հետ: ԼՂՀ բազմահազարանոց բնակչությունը, որ հումանիտար աղետի եզրին էր գտնվում, փրկվեց անխուսափելի կործանումից:[25]
Մինչեւ հակամարտության ռազմական փուլը` Ադրբեջանից հարյուր հազարավոր հայերի արտաքսմանը զուգընթաց (տարբեր տվյալներով` 350 հազարից մինչեւ կես միլիոն մարդ[26]) Բաքվի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերը բնակեցնում էին Ադրբեջանից բերվող վերաբնակներով եւ Ուզբեկստանի Ֆերգանայի մարզից բերված մեսխեթցի թուրքերով:[27]
Այս եւ այլ փաստեր թարմ են ԼՂՀ քաղաքացիների հիշողության մեջ: Ղարաբաղցիների ավագ սերունդը հիշում է Ադրբեջանի խտրական քաղաքականության[28], Նախիջեւանի հայաթափման[29] եւ Ղարաբաղի հայերին իրենց հայրենիքից զրկելու նպատակով ժողովրդագրությունը որպես զենք օգտագործելու մասին: Հայտնի է, որ Կրեմլի դիրքերի թուլացմանը զուգընթաց Բաքվի իշխանությունները միակողմանի որոշումներով վերացրին Ղարաբաղի ինքնավարությունը եւ օգտագործելով Ադրբեջան ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները` կազմակերպեցին Լեռնային Ղարաբաղի հայկական տասնյակ բնակավայրերի բնակիչների բացահայտ բռնատեղահանումը («Կոլցո» օպերացիա, 1991 թվականի գարուն):[30]
Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը ղարաբաղյան ինքնավարությունում իրականացնում էր հայ բնիկ ազգաբնակչության դուրսմղման համեմատաբար զգուշավոր (Կրեմլից զգուշանալով) քաղաքականություն, ապա ԽՍՀՄ փլուզումից եւ Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրի քաղաքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ Ղարաբաղի դեմ անմիջական զինված ագրեսիայի եւ էթնիկական զտումների:[31]
Ինքնիշխան ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ պատերազմը հանգեցրեց տասնյակ հազարավոր մարդկանց մահվան եւ էական վնաս պատճառեց տարածաշրջանի էկոնոմիկային: Ադրբեջանական զինված ագրեսիայի հետեւանքով հարյուր հազարավոր հայեր, ադրբեջանցիներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ դարձան փախստականներ ու ՆՏԱ-ներ:
Ինչպես էլ որ գնահատվի հակամարտության էությունը` անվիճելի փաստ է այն, որ «Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի շրջափակման, խաղաղ բնակչության վրա զինված հարձակումների, բնակավայրերի հրետակոծությունների ու օդային ռմբակոծությունների, ԼՂՀ տարածքի մի մասը ուժով զավթելու[32] եւ այնտեղ ապրող բնակչության արտաքսման, ինչպես նաեւ կատարած այլ ռազմական հանցագործությունների համար: Զինված հակամարտության սկզբնական փուլում` ժողովուրդների միջեւ խաղաղության պահպանման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների անգործության պայմաններում[33], ԼՂՀ ինքնապաշտպանությունը միակ եղանակն էր երկրի խաղաղ բնակչության կյանքի ու ազատության պաշտպանության համար»:[34]
Շրջափակումը հաղթահարելու, ագրեսիան չեզոքացնելու եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար ԼՂՀ զինված ուժերը ստիպված էին իրենց վերահսկողության տակ վերցնել այն տարածքները, որոնք ադրբեջանական զինված կազմավորումներն օգտագործում էին ԼՂՀ-ի դեմ ռազմական եւ թշնամական այլ գործողություններ իրականացնելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը, արհամարհելով միջազգային իրավունքների նորմերը եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պահանջները, գնում էր հակամարտությունը սրելու ճանապարհով:[35] ԼՂՀ-ի` որպես հակամարտության հիմնական կողմի եւ Հայաստանի Հանրապետության` որպես հակամարտության մեջ ներգրավված կողմի համատեղ ջանքերն Ադրբեջանի Հանրապետությանը ստիպել են դադարեցնել ագրեսիան եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի հետ կնքել ներկայիս հրադադարը:
Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչումն իրականացվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի, նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայի եւ ԵԱՀԿ այլ փաստաթղթերի սկզբունքներին ի վնաս: Դա Ադրբեջանի Հանրապետության համար հնարավորություն է ստեղծել անտեսելու մարդու իրավունքների խախտումները[36] շտկելու համար իր պատասխանատվությունը, խախտումներ, որոնք թույլ են տրվել նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության նկատմամբ, բացառելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ու զարգացման իրավունքը, օրինական համարելու ԼՂՀ-ի դեմ կիրառված ռազմական ուժը եւ նրա տարածքի զավթումը: Սույն վիճակն իրենից լուրջ խոչընդոտ է ներկայացնում ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ճանապարհին: Հենց այդ վիճակի շնորհիվ է, որ 1994 թվականին հաստատված զինադադարն Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործել է իր ռազմական կարողությունը մեծացնելու համար, ինչն էլ հանգեցրել է պատերազմի վերսկսման սպառնալիքների ուժեղացմանը:[37]
Հումանիտար խնդրի քաղաքականացումը
Ի հեճուկս այն բանի, որ փախստականներն ու ՆՏԱ-ները հանդիսանում են հակամարտության զոհերը` այս հումանիտար խնդիրն ուժեղ քաղաքականացվում է: Առավելս ակտիվորեն այս թեման շահարկվում է Ադրբեջանի կողմից: Մինչեւ վերջին ժամանակներս փախստականների վրանաճամբարներն օգտագործվում էին Ադրբեջանի արտաքին քարոզչությունում` զոհի կերպարի ստեղծման համար: Այդ իսկ նպատակով նախանձելի հաստատակամությամբ հնչեցվում են կորուսյալ տարածքների 20 տոկոսի եւ ադրբեջանցի մեկ միլիոն փախստականների ու ՆՏԱ-ների փչուն թվեր:[38] Քաղաքացիների նշյալ կատեգորիայի շուրջ շահարկումներն Ադրբեջանում արվում են նաեւ ներքաղաքական հարցերի լուծման[39], միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության ստացման նպատակով: Որպես բնակչության խոցելի մաս` փախստականներն ու ՆՏԱ-ներն ընտրությունների ժամանակ, որպես կանոն, ստիպված իրենց հարյուր հազարավոր ձայները տալիս են իշխանության կուսակցությանը: Այսինքն` փախստականներին հետեւողականորեն վերածում են պետական քաղաքականության պատանդների, որոնք սպասարկում են Ադրբեջանի կառավարող էլիտայի շահերը:
Հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմին բացառապես հետաքրքրում է հիմնախնդրի տարածքային բաղկացուցիչը, այլ ոչ թե մարդկանց խախտված իրավունքների վերականգնման հարցը: Պատերազմի ընթացքում կորցրած տարածքները հետբերելու հույսով Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ ծանր պայմաններում: Մինչդեռ, ՀՀ միգրացիայի վարչության փորձագետների հաշվարկներով, Ադրբեջանում հայերի թողած բնակարանները միանգամայն հերիք էին ադրբեջանցի փախստականներին ու ՆՏԱ-ներին բնակարանով ապահովելու համար:[40]
Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ հանդիսացած, իսկ ներկայումս էլ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի համարվող ադրբեջանցիների կարծիքը Բաքվի իշխանությունները հակադրում են իրենց հանրապետության անկախությունը ստեղծած եւ պաշտպանած ԼՂՀ քաղաքացիների օրինական դիրքորոշմանը: Թուրք դիվանագետների փոխանցմամբ` նորաթուխ ադրբեջանական պետությունը զինվել է Ղարաբաղը երկու համայնքի բաժանելու մասին գաղափարով: Կիպրական սցենարով` ղարաբաղյան ադրբեջանցիների հոծ (կոմպակտ) բնակեցման շրջան մտցվել է ադրբեջանական զորքերի խոշոր խմբավորում: 1992 թվականի մայիսին այս զինված կազմավորումները եւ մնացյալ բնակչությունը հեռացել են ԼՂՀ տարածքից: Եթե Կիպրոսում զորքեր մտցնելը եւ բաժանումը Թուրքիային որոշակի շահաբաժիններ է բերել, ապա ԼՂՀ-ից ադրբեջանցիների Ադրբեջան հեռանալուց եւ ապա ադրբեջանական քաղաքացիություն ստանալուց հետո զարգացման կիպրական տարբերակը չի կարող ապագա ունենալ: Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների` Ադրբեջանի ներկայիս քաղաքացիների վերադարձը Բաքվի անփոփոխ հակահայկական քաղաքականության պարագայում կարող է ԼՂՀ-ի համար ունենալ ծայրահեղ բացասական հետեւանքներ: Այս դեպքում ղարաբաղյան հակամարտության «կիպրացումն» անխուսափելի է:[41]
Ադրբեջանն առայսօր փորձում է Ղարաբաղի ժողովուրդն աշխարհին ներկայացնել որպես իբր թե երկու համայնքից բաղկացած` նպատակ ունենալով թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը:[42] Փաստորեն ԼՂՀ-ից հեռացած ադրբեջանցի փախստականները գործիք են դարձել Ադրբեջանի արտաքին-քաղաքական խնդիրների լուծման համար: Այս նույն գործոնն օգտագործում են միջազգային շատ ատյաններ` ԼՂՀ հայ ազգաբնակչության իրավունքներն անտեսող իրենց դիրքորոշումն արդարացնելու համար:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ բանավեճում ադրբեջանական համայնքի հարցի ներմուծման թեմայի քաղաքական լեյտմոտիվը կայանում է ադրբեջանական փոքրամասնությանն ապրիորի այնպիսի կարգավիճակով օժտումը, որը թույլ կտար պնդելու, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը պիտի հիմնվի երկու համայնքների կոնսենսուսի վրա: Նման «իրավահորինումն» իրավաբանական ոչ մի հենք չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չէր հայերի ու ադրբեջանցիների միջեւ կոնսենսուսի առկայությունից: Լինել Ադրբեջանի կազմում, մտնել Հայաստանի կազմ կամ նախընտրել անկախ պետությունը` որոշվել էր բնակչության մեծամասնությամբ:
Մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ կոնսենսուսի հարցը հրատապ է դառնում նոր պետության սահմանադրական հիմքերի ստեղծման ժամանակ, քանի որ հոծ ապրող ազգային փոքրամասնության կողմից նոր պետության ինքնիշխանության չճանաչումը ծնում է այդ պետության տարածքային ամբողջականության խնդիր: Եթե նոր պետության սահմանադրության հարցով մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ կոնսենսուս չկա, ապա ձեւավորվում է մի տարածք, որը բնակեցված է այնպիսի մարդկանցով, ովքեր չեն ճանաչում նոր պետության ինքնիշխանությունը եւ ում չի կարելի ուժով ստիպել ընդունելու իրավահաջորդ պետության քաղաքացիությունը:
Ազգային փոքրամասնությունը չի կարող վերադառնալ այն ժողովրդի կազմ, որտեղից այն արտաքսվել է, եթե որպես իր վերադարձի նախապայման չստանա այն բանի տեսանելի իրավաբանական երաշխիքները, որ որպես փոքրամասնության իր իրավունքները հարգվելու են եւ երաշխավորվելու է ինքնակառավարում: Սույն խնդիրը համաչափորեն վերաբերում է հակամարտության բոլոր կողմերին: Ադրբեջանական համայնքը չի կարող Լեռնային Ղարաբաղում ստանալ ավելի շատ իրավունքներ եւ իր զարգացման համար ավելի շահավետ պայմաններ, քան հայկական համայնքը Հյուսիսային Արցախում կամ Բաքվում:[43]
ԽՍՀՄ փլուզման եւ ԼՂՀ ու Ադրբեջանի Հանրապետության կազմավորման ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը հնարավորություն ուներ իր ապագան որոշելու: Ադրբեջանական փոքրամասնությունը կարող էր երկրամասի հայկական մեծամասնության հետ միասին մասնակցել անկախ ԼՂՀ-ի ստեղծմանը: Դրա համար մեծամասնության կողմից ստեղծված էին անհրաժեշտ պայմանները. 1991 թվականի դեկտեմբերին պատրաստվել եւ տեղ են հասցվել անկախության հանրաքվեի հարցաթերթիկները երեք լեզուներով, ներառյալ ադրբեջաներենը, ադրբեջանցիների համար տեղեր են նախատեսվել իշխանության բարձրագույն մարմնում` ԼՂՀ Գերագույն խորհրդում:[44] ԼՂՀ հիմնարար փաստաթղթերը` ընդունված 1991 թվականի սեպտեմբերի 2-ին եւ 1992 թվականի հունվարի 6-ին, ճանաչում են մարդու իրավունքների գերակայությունը, խոսքի, խղճի, քաղաքական եւ հասարակական գործունեության ազատությունը եւ միջազգային հանրության կողմից ճանաչված բոլոր մյուս քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ փոքրամասնությունների իրավունքը` առանց որեւէ սահմանափակման օգտագործելու մայրենի լեզուն տնտեսական, մշակութային եւ հանրակրթական ոլորտներում: Փաստաթղթերում խոսվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային պակտի, ինչպես նաեւ Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային պակտի սկզբունքները հարգելու մասին:[45]
Սակայն ադրբեջանական փոքրամասնությունը հրաժարվել է իր իրավունքներից, ինչը գիտակցված ընտրություն էր: Տեղացի ադրբեջանցիները 1988 թվականի ամռանն արտաքսել են բոլոր հայերին Շուշիից, ըստ ամենայնի աջակցել են Բաքվի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, ներառյալ ուժի կիրառման մասին որոշումը, մասնակցել են ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողություններին, բայց, պարտվելով պատերազմում, լքել են ԼՂՀ-ն Ադրբեջանի ռազմական կազմավորումների հետ միասին եւ անցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության:[46] ԼՂՀ նախկին ադրբեջանական բնակչությունը պատասխանատվության իր մասն ունի ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայում:
Ի տարբերություն ԼՂՀ-ի ադրբեջանցիների` Ադրբեջանի հայերը, որպես երկրի բնիկ ազգաբնակչություն, զրկված են եղել հանրապետության ճակատագրի որոշմանը մասնակցելու իրավունքից: Մինչեւ ԱՀ անկախության մասին հանրաքվեի անցկացումն Ադրբեջանի հայ ազգաբնակչությունն արտաքսվել է:
Ուշագրավ է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի նախկին բնակիչների եւ Լաչինի շրջանի բնակչության վերաբերյալ նոր վիճակագրությունը: Ինչպես նշվել է վերեւում, ըստ ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալների` 1989 թվականին ԼՂԻՄ-ում ապրում էր շուրջ 40 հազար ադրբեջանցի: Ըստ ադրբեջանական նոր տվյալների` այդ կատեգորիայի մարդկանց թիվը հասել է 65 հազարի:[47] Ադրբեջանում կարծում են, որ Լաչինի խնդիրը (այս շրջանը չէր գտնվում ԼՂԻՄ-ի կազմում, այն ներկայիս ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանն է) նմանություն ունի հարեւան Շուշիի շրջանի հետ,[48] եւ որ այդ շրջանները կարող են միավորվել: Ըստ ադրբեջանական նոր վարկածի` Լաչինի շրջան պիտի վերադառնա առնվազը 72 հազար փախստական:[49] Բաքվի իշխանամետ փորձագետների հաշվարկներով` 137 հազար ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ ոչ միայն կվերականգնի Բաքվի վերահսկողությունը Ստեփանակերտ-Երեւան ավտոմայրուղու նկատմամբ, այլեւ կապահովի Ադրբեջանին անհրաժեշտ արդյունքները Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ «մադրիդյան սկզբունքներով» նախատեսվող հանրաքվեում: Ընդսմին, Ադրբեջանի ղեկավարությունը «մեծահոգաբար» համաձայնվում է Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հետաձգմանն այն բանից հետո, երբ իրեն կհանձնվեն մյուս շրջանները:[50]
Այսպիսով, հակամարտության գոտի փախստականների վերադարձն Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օգտագործել քաղաքական նպատակներով` որպես գործիք ԼՂՀ-ի շրջափակման օղակի «ագուցման» եւ ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջարկվող` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի արդյունքների կանխորոշման համար:
Բոլոր ռեժիմների օրոք անփոփոխ` Ղարաբաղը ենթարկեցնելու Ադրբեջանի քաղաքականությունը, չդադարող ռազմական սպառնալիքները շարունակում են անվստահություն եւ լուրջ մտահոգություն առաջացնել ԼՂՀ բնակիչների մոտ, ինչը ստիպում է Ադրբեջանի բոլոր գործողությունները եւ մտադրությունները դիտարկել ԼՂՀ անվտանգության տեսանկյունից:
Հնարավոր այլընտրանքներ
Մոտակա հեռանկարում հայերի եւ ադրբեջանցիների` իրենց տները վերադարձի անհնարինության կապակցությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջնորդները պիտի առաջարկեն վերադարձի այլընտրանք հանդիսացող որոշումներ:
Բնակչության փոխանակում
Բնակչության փոխանակումը կամ բնակչության տրանսֆերն արդի միջպետական այնպիսի հակամարտությունների երկարատեւ կարգավորման օրախնդիր ու պահանջված տարր է դարձել, որոնք իրենց մեջ պարունակում են դիմակայության էթնիկական էական տարր, ինչը հնարավոր չէ նկատի չունենալ:[51]
Բնակչության տրանսֆերի հայտնի օրինակ է հանդիսանում Թուրքիայի ուղղափառ դավանանք ունեցող քաղաքացիների (հույների) փոխանակումը Հունաստանի մահմեդական քաղաքացիների (թուրքերի) հետ` 1919-22թթ. հույն-թուրքական պատերազմի արդյունքներով: 1923 թվականի հունվարի 30-ին Լոզանում ստորագրված` բնակչության փոխանակման մասին հույն-թուրքական կոնվենցիայի համաձայն` շուրջ 1 միլիոն 400 հազար հույներ տեղափոխվել են Հունաստան եւ շուրջ 400 հազար թուրքեր տեղափոխվել են Թուրքիա: Կոնվենցիան մի շարք դրույթներ ուներ գույքի համար փոխհատուցման տրամադրման, ինչպես նաեւ հույն, թուրք եւ չեզոք ներկայացուցիչներից կազմված խառը հանձնաժողովի ստեղծման մասին որոշում` կոնվենցիայի կենսագործումը վերահսկելու համար:[52]
Բնակչության զանգվածային պաշտոնական փոխանակում տեղի է ունեցել նաեւ Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ 1947 թվականին: Տեղաշարժի է ենթարկվել շուրջ 14 միլիոն մարդ: Բնակչության փոխանակման հարցը լորդ Փիլի գլխավորած բրիտանական պետական հանձնաժողովի կողմից քննարկվել է որպես արաբա-իսրայելական հակամարտության երկարատեւ կարգավորման անհրաժեշտ տարր դեռեւս մինչեւ Իսրայելի պետության ստեղծումը:[53] Մինչեւ վերջին ժամանակներս երկրի ներսում տարանջատման գործընթացի գաղափարական ոգեշնչող եւ քաղաքական ջատագով էր հանդիսանում 2001-2006 թվականներին Իսրայելի վարչապետ եղած Արիել Շարոնը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում, որում ներգրավվել է նաեւ Հայաստանը, բնակչության, ինչպես նաեւ տարածքների փոխանակումը կայացել է դե-ֆակտո` առանց համապատասխան փաստաթղթի ստորագրման:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բնակչության փոխանակում տեղի է ունեցել նախքան հակամարտության ռազմական փուլը: Այդ ժամանակահատվածում տեղ են գտել հայերի ու ադրբեջանցիների միջեւ նաեւ անշարժ գույքի փոխանակման դեպքեր: Բացի այդ, 1989 թվականին Հայկական ԽՍՀ կառավարությունը թողած գույքի համար միակողմանի կարգով 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների փոխհատուցում է վճարվել, ինչն այն ժամանակ համարժեք էր 110 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս համապատկերում Ադրբեջանից հեռացած ավելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ ոք փոխհատուցում չի ստացել` լքելով այդ երկիրն իրենց կյանքի անմիջական սպառնալիքով` այստեղից բխող գույքային-նյութական եւ բարոյական կորուստներով:[54] Հայ փախստականների մի մասն ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղում 1988-91 թվականներին:
Հայերը թողել են Շահումյանի շրջանը եւ գրեթե ողջ Մարտակերտի շրջանը 1992 թվականին: Ադրբեջանական բնակչության մեծ մասը լքել է ԼՂՀ-ն 1992 թվականի մայիսին, իսկ ԼՂՀ հարակից շրջանների բնակիչները` 1993 թվականին:
Այսպիսով, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ ծավալուն էթնոտարածքային տարանջատումը տեղ է գտել ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում` 1992-94 թվականներին:
Փոխանակման մասին պայմանագրի հնարավոր ստորագրումը պիտի ներառի կողմերի գույքային պահանջների փոխհաշվարկի սկզբունքները, ինչը տեղ է թողնում հետագա բանակցությունների համար: Բնակչության փոխանակման ձեւակերպման փոխընդունելի տարբերակը կարող է դե-յուրե արձանագրել ղարաբաղյան հակամարտության շուրջ այն օբյեկտիվ տարրերը, որոնք վաղուց արդեն գործնականում գոյություն ունեն դե-ֆակտո:
Փոխհատուցում
2005 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ գլխավոր համաժողովն ընդունել է այն սկզբունքներն ու հիմնարար դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների զոհերի համար իրավական պաշտպանության եւ վնասի փոխհատուցման իրավունքին:[55]
Փաստաթղթի 9-րդ գլխի հոդված 15-ում նշվում է, որ պետությունը` իր ազգային օրենքներին ու միջազգային-իրավական պարտավորություններին համապատասխան, պիտի ապահովի այն գործողություններից կամ անգործությունից տուժածների կորուստների փոխհատուցումը, որոնցով կարող է օժտված լինել պետությունը եւ որոնք իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտումներ կամ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումներ: Այն դեպքերում, երբ իրավունքի սուբյեկտը պատասխանատվություն է կրում զոհերի վնասների փոխհատուցման համար, այդ կողմը պիտի փոխհատուցի զոհի կորուստները, կամ փոխհատուցում վճարի պետությանը, եթե պետությունն արդեն իսկ փոխհատուցել է զոհի վնասը:
Ադրբեջանական ԽՍՀ-ն` որպես իր հայ քաղաքացիների զանգվածային ու բռնի տեղաշարժի նախաձեռնող-հանրապետություն, ամենայն ակնհայտությամբ դրսեւորել է իր դիրքորոշումը տվյալ կատեգորիայի մարդկանց նկատմամբ: Ոչ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն, ոչ էլ առավել եւս ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը քայլ անգամ չեն արել նախկին քաղաքացիների նկատմամբ իրենց իրավաքաղաքական պատասխանատվության ճանաչման ուղղությամբ եւ իրենց վրա չեն վերցրել բացարձակապես ոչ մի բարոյական պատասխանատվություն կատարվածի համար:[56]
Ըստ հիմնարար սկզբունքների` մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների զոհերին հարկ է տրամադրել վնասի ամբողջական եւ արդյունավետ փոխհատուցում, որը ներառում է ռեստուտիցիան, փոխհատուցումը, վերականգնումը, սատիսֆակցիան եւ կատարվածի չկրկնման երաշխիքները: Փոխհատուցումը հարկ է տրամադրել տնտեսական գնահատման ենթակա ցանկացած վնասի համար` հաստատված կարգով եւ խախտման լրջությանը համաչափ:
Վերջին 5-6 տարիներին հայ քաղաքական գրականության մեջ[57] գործառնական բնույթի առաջարկներ եւ իրավաքաղաքական մշակումներ են հայտնվել այն մարդկանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ովքեր տուժել են հակամարտության հումանիտար հետեւանքներից: Մի շարք հեղինակների եւ փախստականների կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկի նախկին ադրբեջանական ԽՍՀ-ում հայության խախտված իրավունքների պաշտպանության եւ փոխհատուցման համար:
ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահը գտնում է, որ վաղուց է հասունացել անբնակ տարածքների բնակեցման եւ դրանք որպես մասնակի փոխհատուցում փախստականներին հանձնելու ռազմավարության մշակման անհրաժեշտությունը:[58]
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով` հայ փախստականների վնասների փոխհատուցման խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի ռեսուրսների հաշվին:[59] Նույն կարծիքին է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանից հայ փախստականների շահերն արտահայտող մի շարք հասարակական կազմակերպություններ:[60]
Հայ փորձագետ Միխայիլ Աղաջանյանը գտնում է, որ ԼՂՀ-ն կարող է այդ կատեգորիայի մարդկանց տրամադրել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվելու հնարավորություն` ելնելով այն բանից, որ նշված անձինք մինչեւ իրենց արտաքսման պահը իրավաքաղաքական կայուն կապի մեջ էին գտնվում սկզբում Ադր. ԽՍՀ-ի եւ նրա միջոցով` միասնական ԽՍՀՄ-ի հետ: Ուստի նրանք իրավունք ունեն բնակություն հաստատելու նախկին Ադր. ԽՍՀ տարածքներում, քանի որ տվյալ պահին օժտված են փախստականի կարգավիճակով, ինչն էլ իր հերթին ժամանակավոր բնույթ է կրում եւ դրանով իսկ ենթադրում է տվյալ անձանց վերադարձի հնարավորություն իրենց վերջին քաղաքացիության վայրերը:[61] Հայ փախստականներին եւ հարկադիր տեղաշարժվածներին վնասի փոխհատուցում տալուց ԱՀ-ի շարունակական հրաժարումը հիմք է տալիս ԼՂՀ-ն դիտարկելու որպես միակ պետական սուբյեկտը, որը կարող է իր վրա վերցնել այն մարդկանց իրավունքների վերականգնման պատասխանատվությունը, ովքեր առավելագույնս են տուժել հակամարտությունից, եւ միջոցներ ձեռնարկել տվյալ անձանց կրած գույքային վնասների փոխհատուցման ուղղությամբ:[62]
ԼՂՀ եւ ՀՀ հանրություններում քննարկվող մոտեցումը համապատասխանում է վերոնշյալ Հիմնարար սկզբունքների հոդված 16-ին, որի համաձայն` «Պետությունները պիտի ձգտեն զոհերի վնասների փոխհատուցման եւ նրանց այլ օգնության ցուցաբերման ազգային մեխանիզմների ստեղծմանն այն դեպքում, եթե պատճառած վնասի համար պատասխանատվություն կրող կողմերը հնարավորություն չունեն կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները»:
Այսպիսով, ԼՂՀ-ն կարող է մեխանիզմներ ստեղծել հակամարտության զոհերի կրած վնասների փոխհատուցման համար, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները:
Միջազգային պրակտիկայում կան դեպքեր, երբ երկիրը զրկվել է իր տարածքի մի մասից որպես պատիժ ագրեսիայի համար: Հակամարտությունում յուրաքանչյուր կողմի պատասխանատվության սահմանումը կոնկրետացնում է խնդիրների լուծման ռեսուրսների հատկացման ուղղությամբ նրանց պարտավորությունները: Այս պարագայում հակամարտության ծնունդ հանդիսացող հումանիտար խնդիրները նվազագույնս դարձնելու խնդիրը նյութական եւ իրավաբանական իրական ուրվագծեր է ձեռք բերում: Յուրաքանչյուր կողմի համար խթան է ստեղծվում որոշում ընդունելու, մյուս կողմին տարածքային փոխհատուցում տալու եւ պատասխանատվությունից ձերբազատվելու համար` արտաքսված ազգային փոքրամասնության վերադարձն ապահովելու կամ ազգային փոքրամասնության համայնքին նյութապես եւ իրավաբանորեն ապահովելու գործում անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի այն ունենա իր ապագա զարգացման ամրակուռ երաշխիքներ:[63]
Փախստականների ու ՆՏԱ-ների հարցը կոնկրետ բովանդակություն չի ստանա, քանի դեռ խոսվում է իրենց տները վերադառնալու փախստականների իրավունքի մասին միայն: Այդ իրավունքն ակնհայտ է, եւ ոչ ոք չի կարող այն բացառել: Հարկ է խոսել ոչ թե իրենց տները վերադառնալու փախստականների իրավունքի մասին, այլ կողմերի պատասխանատվության մասին նրանց հանդեպ, ովքեր հակամարտության արդյունքում զրկվել են հայրենի երկրամասում ազատ ապրելու եւ զարգանալու իրավունքից:[64]
Հակամարտության լուծման գործում ուժի կիրառումից հրաժարվելու, բարի կամք դրսեւորելու եւ միմյանց իրավունքները փոխադարձաբար հարգելու, ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կառուցողական երկխոսություն հաստատելու պարագայում հակամարտության կողմերը կարող են կարգավորման մյուս առանցքային խնդիրների հետ միասին լուծել փախստականների ու ՆՏԱ-ների հումանիտար սուր կնճիռը` ամեն առանձին դեպքում օգտագործելով նաեւ վնասների փոխհատուցման այնպիսի այլ ձեւեր, ինչպիսին են ռեստիտուցիան, վերականգնումը, սատիսֆակցիան եւ կատարվածի չկրկնման երաշխիքները:
——————–
1. Декларация о провозглашении Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr1
2. Ղարաբաղի հայերի ընկալմամբ` ներկայիս դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) ավելի լայն է եւ տարբերվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից (ԼՂԻՄ), քանի որ հայտարարվել է Շահումյանի շրջանի (որն ադրբեջանցիների մոտ հայտնի է որպես Գերանբոյ) ընդգրկման մասին.- Խմբագրի ծանոթագրություն
3. Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries, http://www.osce.org/item/44971.html
4. Неправительственные организации Нагорного Карабаха: “мадридские принципы” приняты в угоду Азербайджану, http://www.kavkaz-uzel.ru/articles/156804?=%23
5. У Азербайджана больше оговорок, http://www.armtown.com/news/ru/lra/20100318/12987/
6. Проект Соглашения о прекращении вооруженного конфликта, http://www.vn.kazimirov.ru/doc20.htm
7. http://www.vn.kazimirov.ru/doc16.htm, http://www.vn.kazimirov.ru/doc17.htm, http://www.vn.kazimirov.ru/doc18.htm
8. Конвенция о статусе беженцев, http://www.un.org/russian/documen/convents/refugees.htm, Руководящие принципы по вопросу о перемещении лиц внутри страны, http://www.idpguidingprinciples.org/
9. Տվյալներ` Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում ռազմական գործողությունների ընթացքում փախստականների, տեղաշարժված անձանց եւ զբաղեցրած տարածքների մասին, http://www.karabah88.ru/history/karabah/21.html
10. Ethnic Cleansing in Progress, War in Nagorno Karabakh,
by Caroline Cox and John Eibner,
Institute for Religious Minorities in the Islamic World, Zurich, London, Washington, 1993
11. Архив МИД НКР, п. МК-02, 1993
12. А.Бегларян, Гюлистан, http://aniv.ru/view.php?numer=11&st=5
13. Վերանվանված քաղաքներ եւ շրջաններ, http://www.mediaforum.az/articles.php?article_id=20100429055008600&lang=rus&page=04
14. Փախստականներ, http://www.karabagh.am/4bejenci.htm
15. ԼՂՀ-ում չի մշակվում փախստականների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգ, http://defacto.am/index.php?name=pages&op=view&id=1537
16. http://regnum.ru/news/fd-abroad/karabax/1350287.html
17. Возвращение беженцев раньше срока может спровоцировать новые вспышки конфликта, http://www.panarmenian.net/rus/politics/news/36458
18. Нагорный Карабах, Академия наук Армении, Ереван, 1988 г. , http://www.karabah88.ru/history/karabah/34.html
19. Арсен Мелик-Шахназаров, Нагорный Карабах: факты против лжи, глава 2, Москва, 2009 г. http://sumgait.info/caucasus-conflicts/nagorno-karabakh-facts/nagorno-karabakh-facts-contents.htm
20. Нагорный Карабах, Академия наук Армении, Ереван, 1988 г. , http://www.karabah88.ru/history/karabah/34.html
21. Մինչեւ 1936 թվականը ժամանակակից ադրբեջանցիների նկատմամբ կիրառվում էր «թուրք», «կովկասյան թաթարներ», «ադրբեջանական թուրք» էթնոնիմները: 1936 թվականին Ի.Վ. Ստալինի հրահանգով Ադրբեջանի թյուրքական լեզուն վերանվանվել է «ադրբեջանական», իսկ Ադրբեջանի թյուրքերը` «ադրբեջանցիներ»: Տես` Фарид Алекперли, К истории этнонима ТЮРК в Азербайджане, http://www.proza.ru/2011/01/17/351
22. Нагорный Карабах за годы советской власти, Краткий статистический сборник, Степанакерт, 1969 г., стр. 7
23. Всесоюзная перепись населения ЗСФР 1926 года. Москва. 1929. Издательство Центрального статистического управления Союза ССР, том 14, стр. 53
24. Ашот Мелик-Шахназаров, «Кто и когда аннексировал сухопутный коридор между Нагорным Карабахом и Арменией», газета «Республика Армения», 05.06.1992 г.
25. Ethnic Cleansing in Progress, War in Nagorno Karabakh, by Caroline Cox and John Eibner
26. 1989 թվականի մարդահամարն անցկացվել է ղարաբաղյան հակամարտությունը սկսվելուց մեկ տարի անց` Սումգայիթում, Կիրովաբադ-Գյանջայում եւ այլ բնակավայրերում հայկական ջարդերից հետո, ջարդեր, որոնք սադրել են հայերի զանգվածային հեռացումը Ադրբեջանից: Ուստի չի կարելի ճշգրիտ համարել այդ հանրաքվեի արդյունքները, որոնցում նշված են 390.505 հայեր Ադրբեջանում: Սա վկայում են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Ուշագրավ է, որ խաղաղ 1979 թվականին մարդահամարն Ադրբեջանում «հայտնաբերել է» 475.486 հայերի: http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_79.php?reg=7
27. Георгий Деев, Замки лжи, возведенные на людском горе, http://sumgait.info/khojaly/khojaly-deev-1.htm
28. Политические партии, общественные организации и творческие союзы НКР обратились к Председателю ОБСЕ, http://www.regnum.ru/news/polit/1334935.html
29. Վիճակագրական տվյալների համաձայն` հայկական հինավուրց մարզում` Նախիջեւանում, 1917թ. ապրում էր 53,9 հազար հայ (բնակչության ընդհանուր թվաքանակի գրեթե 40 տոկոսը), իսկ 1926թ. նրանց թիվը կրճատվել էր գրեթե 5 անգամ, 1979թ. մարդահամարի տվյալներով` 3,4 հազար, այսինքն` ընդհանուր բնակչության 1,4 տոկոսը: Նախահեղափոխական շրջանի 44 հայկական գյուղերից մինչեւ ղարաբաղյան շարժումը մնացել էր միայն 2 գյուղ: 1918-21թթ. կոտորածից փրկված եւ իրենց հայրենի երկրամասը լքած նախիջեւանցի հայերին հետագայում արգելվեց վերադառնալ այնտեղ: Կազմակերպված ձեւով` Ադրբեջանի եւ Նախիջեւանի գործադիր մարմինների որոշումներով, խոչընդոտներ են ստեղծվել նրանց վերադարձի համար: 1922-26թթ. Նախիջեւանից հայ փախստականները բազմաթիվ դիմումներ են հղել Ադրբեջանի եւ Նախիջեւանի կառավարություններին առ այն, որ իրենց տների դռները փակված են ու ոչ ոք չի ապրում, իսկ հողամասերն էլ չեն մշակվում: Սակայն 1922 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահը Հայաստանի Ժողկոմխորհի նախագահին հղած հեռագրում տեղեկացրել է, որ «Ադրբեջանի Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ արգելվում է զանգվածային վերաբնակեցումն Ադրբեջանի սահմաններում»: Տես` Нагорный Карабах, Академия наук Армении, Ереван, 1988 г.
30. А.Мелик-Шахназаров, Нагорный Карабах: факты против лжи, глава 17
31. Ethnic Cleansing in Progress, War in Nagorno Karabakh, by Caroline Cox and John Eibner
32. 1992 թվականի ամռանն ադրբեջանական օկուպացիայի տակ էր հայտնվել ԼՂՀ տարածքի շուրջ կեսը, եւ Ղարաբաղը որպես սուբյեկտ աստիճանաբար վերանում էր: Մի շարք հետազոտողների սխալը կայանում է նրանում, որ իրենց եզրահանգումներում նրանք բացառապես ելնում են տարածաշրջանի հետպատերազմյան քարտեզից: Եթե ուսումնասիրելու լինենք 1988, 1991, 1993, 1994 թվականների քարտեզները, ապա ակնհայտ կդառնա իրավիճակի զարգացման դինամիկան (տարածքների ձեռքից ձեռք անցնելը) եւ հնարավորություն կստեղծվի տարբերելու այդ զարգացումների պատճառներն ու հետեւանքները, այսինքն` վերականգնելու պատճառահետեւանքային կապերը:
33. Խոսքը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի մասին է: Հակամարտության զինված փուլն ինտենսիվ է դարձել ԽՍՀՄ փլուզումից եւ նոր հանրապետությունների կազմավորումից հետո: Հռչակագրի նախագծի հեղինակների կարծիքով` հանրապետությունների ընտրովի ճանաչումը եւ դրանց ընդունումը միջազգային միջկառավարական կազմակերպություններ խթան են հանդիսացել դեպքերի ռազմական զարգացման համար: Եթե 1991-92թթ. ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ստանար, ապա իրադարձությունները խաղաղ հունով կընթանային:
34. Из одобренного общественными организациями НКР проекта Декларации о праве народа НКР на мир и свободное развитие, http://www.regnum.ru/news/1350898.html
35. Азербайджан виновен в срыве резолюций ООН по карабахскому урегулированию, считает В.Казимиров, http://www.panarmenian.net/rus/politics/news/11685/
36. Заявление полномочных представителей беженцев из Азербайджана от 9 декабря 2010 года, http://defacto.am/index.php?name=news&op=view&id=5005
37. Наращивая военный потенциал, Баку ищет новые приключения, http://www.panarmenian.net/rus/politics/details/56739/
38. Речь Ильхама Алиева на VII саммите ОБСЕ, http://www.president.az/articles/1208?locale=ru
39. В Азербайджане беженцы будут включены в избирательные списки,http://www.trend.az/news/politics/1678832.html
40. Беженцы, http://www.karabagh.am/4bejenci.htm.
41. Хикмет Гаджи-заде: «Армения так глубоко увязла в объятиях России, что больше не имеет своей независимой внешней политики», http://www.day.az/news/politics/134160.html
42. Эльмар Мамедъяров: «Азербайджанская и армянская общины должны определить статус Нагорного Карабаха в рамках территориальной целостности Азербайджана», http://deyerler.org/ru/14599-jelmar-mamedjarov-azerbajjdzhanskaja-i.html
43. Հեղինակի հարցազրույցը իրավագետ Անդրեաս Ղուկասյանի հետ: Ստեփանակերտ, 13 դեկտեմբերի, 2010
44. Ethnic Cleansing in Progress, War in Nagorno Karabakh, by Caroline Cox and John Eibner
45. Декларация о провозглашении Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr1, Декларация о государственной независимости НКР, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr2
46. Европейская конвенция о гражданстве, http://conventions.coe.int/Treaty/rus/Treaties/Html/166.htm
47. Согласно азербайджанским источникам, в настоящее время в различных районах АР проживают более 65 тысяч азербайджанцев из Нагорного Карабаха, http://www.trend.az/news/karabakh/1538584.html
48. До массового убийства армян в Шуши в марте 1920 года, армяне составляли большинство населения города, см. «Кавказский календарь» на 1917 год. Тифлис, 1916, с. 190—196
49. Демография – мифический «ресурс» Азербайджана, http://www.panorama.am/ru/comments/2009/12/09/azerbaijan-demography/
50. В Баку увидели свет в конце тоннеля?, http://kavkasia.net/Azerbaijan/article/1288684063.php
51.М.Агаджанян, Обмен населением между государствами как элемент долгосрочного урегулирования этнополитических конфликтов, http://www.noravank.am/rus/issues/detail.php?ELEMENT_ID=2070
52. CONVENTION CONCERNING THE EXCHANGE OF GREEK AND TURKISH POPULATIONS, http://www.jstor.org/pss/2212847
53. The Peel Commission Report, http://chaimsimons.net/transfer19.html
54. М.Агаджанян Нагорно-Карабахский конфликт в свете защиты прав человека: политические и правовые аспекты, Ереван, 2009, стр. 150
55. http://www.un.org/russian/documen/convents/principles_right_to_remedy.html
56. М.Агаджанян, Военная фаза и гуманитарные последствия Карабахского конфликта: политические и правовые аспекты, http://www.ipr.am/rus/publr/nkr/3.pdf
57. Минасян С., Агаджанян М. и Асатрян Э, Карабахский конфликт: Беженцы, территории, безопасность, Ереван 2005, Азербайджан против народа Карабаха: политико-правовые последствия агрессии и их влияние на перспективы региональной безопасности, Ереван, 2006
58. Интервью Сарасара Сарьяна, “Карабахский курьер”, апрель, 2010,http://armnn.ru/filesx/press/KK30.pdf
59. Интервью Армана Меликяна Армянской телекомпании – H2, 11 .06.2005 г.
60. Сеть гражданского общества “Беженцы и международное право” считает конституционный референдум соответствующим интересам народа Арцаха, http://newsarmenia.ru/karabah/20061214/41619012.html
61. М.Агаджанян, Военная фаза и гуманитарные последствия Карабахского конфликта: политические и правовые аспекты, http://www.ipr.am/rus/publr/nkr/3.pdf
62. Նույն տեղում
63. Հեղինակի հարցազրույցը իրավագետ Անդրեաս Ղուկասյանի հետ: Ստեփանակերտ, 13 դեկտեմբերի, 2010
64. Հեղինակի հարցազրույցը իրավագետ Անդրեաս Ղուկասյանի հետ: Ստեփանակերտ, 13 դեկտեմբերի, 2010