Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին տարեկան զեկույցը, որում Լեռնային Ղարաբաղը դասվում է ՙմասամբ ազատ՚ երկրների շարքը, լայն արձագանք գտավ Արցախում: Երկու տարի անընդմեջ նույն կազմակերպության որակմամբ ՙոչ ազատ՚ Արցախում այս անգամ լուրը տարածվեց նույնիսկ արտաքին գործերի նախարարության մակարդակով, այդ մասին խոսում էին նաեւ լրատվամիջոցները, մեկնաբանում տարբեր քաղաքական գործիչներ:
Նման արձագանք, սակայն, չեղավ անցած երկու տարիներին, ավելին` տարբեր քաղաքական գործիչներ միջազգային այդ կազմակերպությանը մեղադրում էին ոչ օբյեկտիվ գնահատականներ տալու մեջ, իսկ ոմանք էլ պարզապես կազմակերպությունն անլուրջ էին համարում, չնայած որ նույն կազմակերպության նախկինում տրված գնահատականներն էին նաեւ հիմք հանդիսանում, որ տարիներ շարունակ թմբկահարվի այն մասին, որ ժողովրդավար Արցախը չի կարող լինել ոչ ժողովրդավար Ադրբեջանի կազմում: Ինչեւէ, սա անցած պատմություն է, բայց այն, որ վերջին երկու տարիներին մտահոգություն չկար այդ որակման հետ կապված` դա փաստ է: Համենայնդեպս` հրապարակայնորեն չհնչեցին մտահոգություններ առ այն, որ Արցախն ու Ադրբեջանը նույն այդ զեկույցում գտնվում են միեւնույն` ՙոչ ազատ՚-ների շարքում: Բայց արի ու տես, որ ոգեւորություն այսօր նկատվում է Ստեփանակերտից հնչած գրեթե բոլոր հայտարարություններում:
Այս ոգեւորության առիթն, անշուշտ, անցած տարվա հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններն են, իսկ ավելի կոնկրետ` դրանց այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանի մասնակցությունը: Սա միանշանակ հիմք դարձավ, որպեսզի Ղարաբաղը լքի ՙանազատ՚-ների շարքը` տեղ գտնելով ՙմասամբ ազատ՚-ների շարքում: Եւ այս ամենը Ադրբեջանի` ՙոչ ազատ՚ երկրների շարքում մնալու ֆոնին:
Freedom House-ի այս գնահատականն էլ հենց առիթ դարձավ հիշելու 2012-ի դասերի մասին, որոնք հիմնականում կապված են հենց նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանի մասնակցության հետ:
Մասնակցությունը, թերեւս, հասարակության շրջանում, իսկ ավելի շատ` քաղաքացիների հոգեբանության մեջ կարծես թե որոշ կարծրատիպեր կոտրեց, իսկ ընտրությունների արդյունքները, մեղմ ասած, սթափեցրին իշխանություններին, որոնց թվում էր, թե իրենք ամեն ինչ ճիշտ են անում: Դժգոհության այդօրինակ դրսեւորումը նրանց համար անակնկալ էր:
Առաջին դասը հենց իշխանություններին էր տրված: Պաշտոնական արդյունքներով` ընտրողների շուրջ 1/3-ն իր ձայնը տվեց այլընտրանքային թեկնածուին` այսպիսով հայտնելով իր անհամաձայնությունը գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչն, իրոք, սթափեցրեց վերջիններիս: Այս մասին անցած տարվա դեկտեմբերին իր ասուլիսի ժամանակ, հղում կատարելով ընտրությունների արդյունքների վրա, խոսեց նաեւ վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ քաղաքացիների մի զգալի մասը դժգոհ է իշխանությունների գործունեությունից` ՙոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով, սակայն դժգոհությունները տեղին են՚:
Իշխանությունները համենայնդեպս հասկացան, որ տարիներ շարունակ ՙքնած՚ ու դժոգոհություն չարտահայտող հասարակությունը կարող է նաեւ նման քայլեր անել, ինչպես, օրինակ, 2004-ին եղավ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում, երբ ընտրողների մեծամասնությունը քվեարկեց ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հասկացան, որ ճնշումներն ու վարչական ռեսուրսի օգտագործումը կարող են նաեւ հակառակ արդյունքը տալ` առայժմ դեռ դիրքորոշում արտահայտելով ՙթաքուն դաշտում՚` քվեախցում: Երեւի թե նաեւ գիտակցում են, որ նման ինքնաարտահայտում կարող է լինել այլ հարթակներում եւ այլ առիթներով:
Իշխանություններին ուղղված հաջորդ դասն այն էր, որ իրենց կողմից վարվող քաղաքականության մեջ քիչ չեն սխալները, եւ որ մոտեցումների վերանայման անհրաժեշտություն կա: Քիչ չեն նաեւ անհասկանալի սկզբունքով նշանակված կադրերը, որոնց ոչ բարեխիղճ աշխատանքի կամ բնակիչների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունքն են նաեւ այդ դժգոհությունները: Գաղտնիք չէ, որ ուժային կառույցներից նշանակված կադրը` լինի վարչակազմի ղեկավար, թե մեկ այլ պաշտոնյա, իներցիայով շարունակում է մարդկանց հետ հրամայելով խոսել, ինչպես անում էր տարիներ շարունակ: Նա սովոր չէ, երբ մեկը բարձրաձայնում է իր սխալների մասին: Սա կադրային քաղաքականության եզակի սխալներից չէ, բայց եւ կարեւորներից է, ինչի հետ կապված դժգոհությունները մեկ անգամ չէ, որ հնչել են:
Ընտրությունները մեծ դաս էին նաեւ հասարակության համար: Այն հասարակության, որի շարքերում, մեղմ ասած, անզորություն եւ անտարբերություն էր տիրում, երբ բողոքելու, նույնիսկ կարծիք արտահայտելու մշակույթն էր կարծես թե վերանում: Այդպես կշարունակվեր, եթե չլինեին վերջին նախագահական ընտրությունները. դժգոհությունների պոռթկման կարելի էր ականատես լինել Վիտալի Բալասանյանի նախընտրական տարբեր հանդիպումների ժամանակ: Այդ դժգոհություններն էլ արտահայտվեցին ընտրությունների ժամանակ` այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելու միջոցով, իսկ որոշ մեծ համայնքներում եւ մի շարք գյուղերում ընտրողների մեծամասնությունը նախընտրեց քվեարկել Վիտալի Բալասանյանի օգտին:
Ինչեւէ, մեր քաղաքացիների համար սա էլ դաս էր առ այն, որ դժգոհություն արտահայտել կարելի է գոնե ընտրությունների ժամանակ ու դրանց միջոցով, քանի որ դրա համար ոչ ոք չի կարող ճնշել, աշխատանքից հեռացնել, հատկապես այն դեպքում, երբ դժգոհություն արտահայտողները շատ են ու միահամուռ: Հո չէին կարող Մարտունի համայնքի ընտրողների մեծամասնությանը ճնշել սոսկ այն բանի համար, որ Վիտալի Բալասանյանի օգտին են քվեարկել, կամ, ասենք, Ասկերան համայնքի բնակիչներին պատժել ՙսխալ՚ քվեարկության համար: Պետք է հստակ գիտակցել, որ սխալներն ուղղելու համար դրանց մասին խոսել եւ դրանք մատնանշել է պետք, այլապես դրանք կարող են կրկնվել տարիներ շարունակ:
Ընտրությունները եւս մեկ դաս էին հասկանալու համար, որ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին դժգոհությունների արտահայտումը, սխալների մասին խոսելն անհրաժեշտ է առաջին հերթին հենց պետությանը` սխալները շտկելու եւ ճիշտ ճանապարհով գնալու համար: Սակայն պետք է հստակ տարանջատել պետությունն ու իշխանությունները: Արցախում սովոր են պետությունը շփոթել իշխանությունների, իսկ որ ավելի վատ է` իշխանավորների հետ: Իհարկե, վերջիններիս ցանկություններից է, որ իրենց գործունեությունից ոչ ոք չդժգոհի, սխալների մասին չխոսի` մոռանալով պետական շահը, սակայն պետության շահն այլ բան է պահանջում եւ վեր է ցանկացած պաշտոնյայի բիզնեսից, անձնական ամբիցիաներից ու շահերից:
Պետության շահն ավելի բարձր դասողները հաստատ գիտակցում են, որ սխալների մասին խոսելն անհրաժեշտություն է: Դրանից է կախված նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, որի մասին տարիներ շարունակ խոսվում է եւ այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքներն էլ կարեւորվում:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սխալների մասին անպայման պետք է բարձրաձայնել` հանուն մեր հազարավոր զոհված տղաների երազած երկրի կառուցման եւ մարդավայել կյանքի:
Մարդ չպիտի իրեն վատ զգա բողոքողի կարգավիճակում, ընդհակառակը` պիտի հասկանա, որ իր ու մյուսների իրավունքները պաշտպանելով, իր ու մյուսների կյանքը բարեկարգելով նա նաեւ նպաստում է իր երկրի իմիջի բարելավմանը եւ միջազգային ճանաչմանը: Վկա` Freedom House կազմակերպության վերջին զեկույցը: