Մարիամ Անդրեասյան
Յուրաքանչյուրս մեր շրջապատում հանդիպել ենք այնպիսի երեխաների, որոնք առանձնահատուկ են իրենց պահվածքով, շրջապատի հետ հաղորդակցվելու և սովորելու որոշակի դժվարություններով։ Այս իրողության անվանումը դիսլեքսիա է։ Այս երեխաներն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեն, նրանց կրթության ու զարգացման համար պահանջվում է մեծ համբերություն ու աջակցման մասնագիտական ծառայություն։
Առանձնահատուկ պայմաններ ստեղծելու համար այդ երեխաների ծնողները միավորվել են նորաստեղծ «Ելարան» կազմակերպության շուրջ։ «Ելարան» ՀԿ-ի հիմնադիրներն են սուրդոմանկավարժ, մասնագիտացված ուսուցիչ Նարինե Սահակյանը և հոգեբան, արտթերապևթ Հասմիկ Եսայանը (վերջինս կազմակերպության ղեկավարն է)։ Հենց յուրահատուկ երեխաների մասին էլ զրուցեցինք Հասմիկ Եսայանի հետ։Ի՞նչը խթան կամ առիթ հանդիսացավ այսօրինակ կազմակերպության ստեղծման համար։
Հիմնական խթանը ծնողներն էին և նրանց մտահոգությունը աջակցման ծառայության որակի հետ կապված, որն այսօր դեռևս առկա է որոշ դպրոցներում։ Դպրոցների մեծամասնությունում այդ ծառայությունը ձևական բնույթ է կրում։ Մոտ մեկ տարի առաջ 2 ծնող, իրարից անկախ, գալիս են ու առաջարկում միասին ստեղծել կազմակերպություն, որը կպաշտպանի այդ երեխաների իրավունքները, ինչպես նաև կտրամադրի որակյալ աջակցություն ուսման ոլորտում։
Մի քիչ անսովոր է հնչում դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանության թեման, ուստի և խնդրում եմ բացել փակագծերը։
Խոսքը գնում է որակյալ մանկավարժահոգեբանական աջակցության, հավասար իրավունքների և հավասար վերաբերմունքի առկայությամբ կրթություն ստանալու իրավունքի մասին։
Դուք շեշտեցիք, որ ծնողները մտահոգված են «Աջակցման ծառայության» որակով։ Ի՞նչ ասել է դա, և ո՞րն է նման ծառայության առաքելությունը։ Նաև՝ ինչու՞ նման ծառայություն կա միայն որոշ դպրոցնրում։
Աջակցման ծառայության մեջ մտնում են հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցմանկավարժի, լոգոպեդի և մի շարք ուրիշ կարևոր մասնագետների ծառայությունները։ Եթե խոսելու լինենք այսօրվա իրականության մասին, ապա պիտի նշեմ, որ դպրոցներում նշված հաստիքների տակ հիմնականոում աշխատում են ոչ մասնագետներ, ինչի պատճառով տուժում են և՛ երեխաները, և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, քանի որ այդ մասնագետները պետք է աջակցեն նաև ուսուցիչներին։ Եթե ամեն ինչ պահանջված որակով լիներ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ միասին նշած մասնագետների ծառայությունից կարող էին օգտվել նաև մյուս բոլոր երեխաները։ Սակայն սա ֆինանսական խնդիրների հետ է կապված, որի պատճառով էլ առայժմ հնարավոր չէ բոլոր դպրոցներում ունենալ նշված հաստիքները։
Աշխատանքի բերումով Դուք տեղեկացված եք գրեթե բոլոր դպրոցների «յուրահատուկ» երեխաների կարգավիճակի մասին։ Ինչքա՞ն երեխաներ ունեն արհեստավարժ մասնագետների կարիք և որո՞նք են նրանց մասնագիտացված աջակցություն տրամադրելու կոչված պատկան մարմինները, այդ ոլորտի պատասխանատուները:
Այս խնդիրներով պետք է հետաքրքրվեն, զբաղվեն և լուծումներ տան կրթության, առողջապահության, սոցապ և քաղաքաշինության նախարարությունները։ Թվերն անընդհատ փոփոխվում են, բայց վերջին տվյալներով այս ուստարի Արցախի դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 500 մանուկներ, որոնցից միայն 234-ն են սովորում այն դպրոցներում, որտեղ կան արդեն նշված մասնագետները, բայց այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են՝ աստիճանաբար ավելացվելով աջակցման խմբերը։
Բավական երկար տարիներ աշխատում եք այս բնագավառում։ Ի՞նչ դրական արդյունքներ կարող եք առանձնացնել։
Օրինակ՝ տարիներ առաջ ձախլիկ լինելը ամոթալի էր համարվում, երեխաներին տանջում էին աջլիկ դարձնելով, չհասկանալով, որ այդկերպ շատերին «կոտրում» են, իսկ այսօր բոլոր դասարաններում կան ձախլիկներ, ու դա սովորական է ընդունվում։ Արդեն հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ձախլիկությունը չեն ընդունում իբրև սովորական երևույթ։ Նույնն էլ «յուրահատուկ» երեխաներին է վերաբերվում. այն դպրոցներում, որտեղ արդեն մի քանի տարի սովորում են նման երեխաներ, հիմնականում բոլորը շատ հանգիստ ու լավ են ընդունում նրանց։
«Ելարան». ի՞նչ է «ակնարկում» բառը, ինչպե՞ս որոշվեց կազմակերպության անվանումը։
Ելարան բառի արմատը ելքն է՝ սա շատ կարևոր է։ Բացի դրանից՝ Ելարանը (աստիճանները) զարգացում է նշանակում, աստիճանաբար բարձրանալու և առաջադիմելու տեղ։
Ինչպիսի՞ն են ձեր առաջիկա ծրագրերը։
«Ելարանը» կշարունակի աշխատանքներ տանել հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Օրինակ, կինոդիտումը, որը կազմակերպել էինք գարնանը՝ Ստեփանակերտի դպրոցների ուսուցիչների համար, կկրի շարունակական բնույթ և կանցկացվի նաև մյուս դպրոցներում ։
Կարո՞ղ եք ձեր աշխատանքի գոհացնող արդյունքների մասին կոնկրետ փաստերով պատմել, կա՞ն դեպքեր, որոնք առանձնակի տպավորվել են։
Դեպքերը շատ են։ Շատ երեխաներ կային, որոնք դպրոց չէին հաճախում՝ ճնշված ու հասարակությունից կտրված էին զգում իրենց։ Սակայն, ներառական կրթության շնորհիվ նրանք սկսել են դպրոց հաճախել։ Սա վերաբերվում է հատկապես անապահով ընտանիքների երեխաներին, որոնք երբեմն ծնողների անգրագիտության կամ անպաշտպան լինելու պատճառով մնում էին ոչ տառաճանաչ, իսկ այսօր նման դեպքերը խիստ հազվադեպ են։
Ի՞նչն է ձեզ ոգևորում և ուժ տալիս ձեր դժվար գործում։
Անպաշտպան երեխաների երազանքներին շունչ տալը…