Մարտի 10-ին նավթի գինն աճեց 11%-ով, բայց այդ փոքր բարձրացումն ի վիճակի չէ փոխհատուցել նախորդ օրերին տեղի ունեցած գների անկումը: Մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Brent տեսակի նավթի գինն ընկել է 21,4%-ով և հասել մեկ բարելի դիմաց 35.02 դոլարի: Երկու տարի առաջ այն 85 դոլար էր: Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մի քանի շաբաթվա ընթացքում նավթի գինը սկսեց անկում ապրել (հունվարին գինը գերազանցում էր 70 դոլարը): Նավթի գների ռեկորդային անկումը պայմանավորված էր համաշխարհային շուկաների շղթայական արձագանքով: Մարտի 6-ին Վիեննայում` ՕՊԵԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան կարտելի փաստացի առաջնորդը մասնակիցներին առաջարկեց կրճատել նավթի արդյունահանումը ՝ կանխելու կորոնովիրուսի պատճառով գների անկումը: Բայց Ռուսաստանը, ի տարբերություն ՕՊԵԿ-ի հետ կայացած նախորդ հանդիպումների, այս անգամ չէր ցանկանում աջակցել Ռիադին: Հետևաբար, Սաուդյան Արաբիան որոշեց փոխել մարտավարությունը. թագավորությունը հայտարարեց գների իջեցում և արտադրության զանգվածային աճ, որպեսզի շուկայում նավթի գինն անկում ապրի: Ֆոնդային շուկաները խուճապի մատնվեցին՝ արձանագրելով նավթի ամենամեծ անկումը 1991 թվականից Իրաքի` Քուվեյթ ներխուժումից ի վեր: Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IRIS) հետազոտող Ֆրենսիս Պերենը խոսում է իրադարձությունների այս շրջադարձի պատճառների և դրանց հետևանքների մասին:
Le Point.
-Գների իջեցմամբ և արտադրության ավելացմամբ Սաուդյան Արաբիան ի՞նչ նպատակներ է հետապնդում: Հարկ է հաշվի առնել, որ Ռիադը նախկինում հետևում էր հակառակ ռազմավարությանը:
Ֆրենսիս Պերեն.
–Մինչ այժմ այս հարցում մի բան է պարզ. «Saudi Aramco» -ն որոշեց ապրիլի 1-ից իջեցնել համաշխարհային շուկա մատակարարվող նավթի գները: Ինչ վերաբերում է արտադրության աճին, ապա սա ավելի քիչ ակնհայտ փաստ է: Պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց սաուդցիները չեն հերքել տեղեկատվությունը: Ամեն դեպքում, ռազմավարության այդպիսի փոփոխությունը շատ էական է: Ուրբաթ օրը Ռուսաստանը չհամաձայնեց ՕՊԵԿ-ի` արտադրության կրճատման հետագա առաջարկին: Նախատեսվում էր, որ նավթային կարտելից դուրս գտնվող երկրները, ներառյալ Ռուսաստանը, կունենան օրական 0,5 միլիոն բարել: Սաուդացիներն այս լուրը շատ վատ ընդունեցին: Հետևաբար, թագավորությունը որոշեց ամբողջովին փոխել իր ռազմավարությունը շուկայում իր շահերը պաշտպանելու համար:
-Այսինքն ՝ Սաուդյան Արաբիան որոշե՞լ է իր սեփական խաղը սկսել:
– Հենց այդպես: Սաուդյան Արաբիան իջեցնում է գները և, անկասկած, մեծացնում է արտադրությունը: Նա բոլոր հնարավորություններն ունի Ռուսաստանի դեմ գների պատերազմ սկսելու համար: Սա շատ պարզ է. «Saudi Aramco»-ն բարձրախոսի կարիք չունի, որպեսզի բոլորին հայտարարի, որ իր նպատակը Ռուսաստանն է: Սաուդցիները կարծում են, որ Ռուսաստանը լքել է նավը, ուստի պետք է պատժվի:
– Բացի այդ, շատ այլ արտադրող և արտահանող երկրներ կտուժեն ցածր գների պատճառով:
– Բնականաբար: Դա նման է երկու որսորդների մասին պատմվածքին. նրանք կրակում են արջի վրա, վրիպում են, արջը վազում է նրանց հետևից, և երկու որսորդներից մեկը ասում է. «արջը մեզ կբռնի, գլխավորն այն է, որ ես քեզանից արագ եմ վազում»: Մի խոսքով, որոշ երկրներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները:
– Արդյո՞ք Սաուդյան Արաբիան որոշել է հարված հասցնել նաև ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերությանը:
– Հիմնական նպատակը Ռուսաստանն է, ԱՄՆ-ն՝ երկրորդական: Նրանց նավթարդյունաբերությունը և հատկապես փոքր արտադրողները կտուժեն:
Ամերիկյան նավթային ոլորտին սնանկություն և վերակազմավորում է սպասվում:
– Որքա՞ն կտևի այս ճգնաժամը:
– Ամեն ինչ կախված է Ռուսաստանի գործողություններից: Եթե Մոսկվան որոշի. «Մենք ենք ձախողել, մենք էլ պետք է վերսկսենք երկխոսությունը», OPEC- ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել: Եթե Մոսկվան որոշի. «Սպասենք և տեսնենք», ամենայն հավանականությամբ, իրավիճակը կշարունակվի: Ամբողջ խնդիրն այն է, որ նման հարցերը լուծվում են պետությունների ղեկավարների մակարդակով, որտեղ էգո-ի դերը գերակա նշանակություն ունի:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...
Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...
Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...