Խուան Բաուտիստա Խիմենեզ Գերա (Պաուլ Ռիոսի համահեղինակությամբ)
Բասկյան հակամարտությունը
Բասկ ազգայնականների համար այսպես կոչված «բասկյան հիմնախնդիրը» մի հակամարտություն է, որը բխել է բասկ ժողովրդի եւ իսպանական պետության միջեւ եղած տարաձայնություններից, իսկ Մադրիդի քաղաքական կուսակցությունների համար այս հակամարտությունը հենց իրենց՝ բասկերի միջեւ է: Այս տարաձայնությունների աղբյուրը պատմական բնույթ է կրում եւ առնչված է բասկ ժողովրդի՝ որպես առանձնահատուկ գծեր ունեցող ժողովրդի նույնականացման հետ, գծեր, որոնք օտար են իսպանական ժողովրդի համար, որի երկիրը եւ մարդիկ բնորոշվում են որպես բասկերին թշնամի: Բասկյան հիմնախնդիրը տարածքի խնդիր է, տարածք, որի բնակչության կեսն իրեն առնչված չի զգում իսպանական պետությանը, թեեւ վերջինս, այդուհանդերձ, խոր ազդեցություն է գործում այդ մարդկանց վրա՝ կամա թե ակամա:
Գեներալ Ֆրանկոյի դիկտատուրայի պայմաններում 1936-1975 թվականներին Բասկերի Երկրում, կամ Էուսկադիում, ձեւավորվել էր մի կազմակերպություն, որը փորձում էր պետական կարգին դիմակայել զենքի միջոցով, տապալել ինքնակալությունը եւ սոցիալիզմ հռչակել Բասկերի Երկրում: Բայց այդ կազմակերպության երեւան գալուց առաջ դեռ 1950-ական թվականների սկզբին, երիտասարդ ազգայնականների ԷԿԻՆ անվանմամբ խումբը հայտարարել էր բասկ ազգը վերածնելու եւ սահմանամերձ տարածաշրջաններից ներգաղթող այլ էթնոսների ներկայացուցիչների հետ նրա ձուլումը կանխելու մասին:
Այդ ժամանակաշրջանի Իսպանիան կազմված էր տարբեր տարածաշրջաններից, ինչպիսին էին Բասկերի Երկիրը, Գալիսիան եւ Կատալոնիան, եւ դրանք բոլորն էլ կախվածության մեջ էին Մադրիդի կառավարությունից: 1950-60-ական թվականները ներքին միգրացիայի բուռն ժամանակներ էին: Բասկերի Երկրում արդյունաբերության բուռն զարգացումն այստեղ էր բերում այլ տարածաշրջաններից ներգաղթյալների, օրինակ՝ Կաստիլիայից, Էստրեմադուրայից եւ Լիգալիսիայից: Մարդիկ Էուսկադի էին գալիս տնտեսական նոր հորիզոններ որոնելու: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց ԷՏԱ կազմակերպությունը («Euskadi Ta Askatasuna»՝ «Բասկերի երկիր եւ ազատություն»), որը 50 տարի շարունակ առանցքային դեր խաղաց Բասկերի Երկրում: ԷՏԱ-ն ձգտում էր իր քաղաքական նպատակներին հասնել զինված բռնության օգնությամբ, բայց նրա պայքարն ապարդյուն եղավ եւ հանգեցրեց անվերջ զոհերի:
Այսպիսով, Իսպանիայի ներսում այլ տարածքային կամ տարածաշրջանային հակամարտություններից բասկյան հակամարտության արմատական տարբերությունը հանդիսանում էր ահաբեկչության օգտագործումը որպես պայքարի եղանակ:
Բասկերի Երկիրն այսօր ավելի մեծ ինքնավարության է տիրապետում, քան իսպանական մյուս համայնքները կամ էլ այլ երկրների հանրույթները, օրինակ՝ Շոտլանդիան: Սակայն Բասկերի Երկրի համար այդօրինակ լայն լիազորությունները ԷՏԱ-ի վաստակը չէ, այլ ձեռք է բերվել բասկյան քաղաքական ուժերի փոխհամաձայնության շնորհիվ:
Քաղաքական քարտեզը
ԷՏԱ-ի գործունեության դադարեցումը վերջ դրեց բռնության կիրառմանը որպես անկախության ձեռքբերման միջոցի: Ազգայնականների համար նոր ժամանակներ եկան, երբ նրանք սկսում են ձգտել նոր ավելի բարձր մակարդակի ինքնավարության: Ընդսմին, պետության հետ նրանց հակամարտությունը պահպանվում է, բայց այն արդեն քաղաքական, այլ ոչ թե զինված բնույթ է կրում եւ արդեն առաջնային չէ Մադրիդի համար:
Բասկերի Երկրում քաղաքական կուսակցությունների միջեւ տարաձայնությունները վերաբերում են նրանց ներկայացրած պահանջներին՝ ավելի լայն ինքնավարություն, ինքնորոշում կամ անկախություն:
Ազգայնականների հանրույթը բաղկացած է հիմնականում չափավոր ազգայնականներից (Բասկյան ազգայնական կուսակցություն) եւ ԷՏԱ-ի հետ պատմականորեն կապված արմատական ազգայնականներից (ՍՈՐՏՈՒ): Միասին նրանք կարող են ձեւավորել աննշան, բայց այնուամենայնիվ՝ մեծամասնություն:
Ազգայնականների հիմնական խնդիրն այն անվստահությունն է, որ նրանց նկատմամբ կուտակվել է շատ տարիներ ի վեր: Երկու թեւերն էլ պայքարում են իշխանության համար իրենց տարածաշրջանում, իսկ կենտրոնի հետ հարաբերությունները գնալով հետին պլան են մղվում:
Բասկյան ազգայնական կուսակցությունը (ԲԱԿ) երբեք էլ հանդես չի եկել Մադրիդի հետ կապերն արմատապես խզելու օգտին, մինչդեռ ձախ արմատական ազգայնականները եւ ԷՏԱ-ն նման խզման կողմնակից են:
Մեկ այլ դիրքում են ազգային մակարդակի ծրագրերին առնչված քաղաքական ուժերը: Դրանց գաղափարախոսությունները շատ են տարբերվում միմյանցից: Սոցիալիստական կուսակցությունը եւ ժողովրդական կուսակցությունը հանդիսանում են ստատուս քվոյի պահպանման գլխավոր ջատագովները: Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունն առաջադեմ բնույթ ունի եւ այսօր հանդես է գալիս Իսպանիայի դաշնային մոդելի եւ Էուսկադիին ու Կատալոնիային ավելի լայն ինքնավարություն շնորհելու օգտին: Ժողովրդական կուսակցությունն առավելապես ընդդիմանում է ամեն տեսակի փոփոխություններին եւ հրաժարվում է սահմանադրական այնպիսի փոփոխություններից, որոնք կարող են հանգեցնել պատմականորեն ձեւավորված ազգերի ու կենտրոնական կառավարության փոխհարաբերությունների փոփոխմանը:
Ըստ սահմանադրության, Բասկերի Երկրում կառավարումն իրականացվում է համաձայն Ինքնավարության մասին ստատուտի (1979), որն ընդունվել է մեծամասնության կողմից եւ որի շրջանակներում բոլոր լիազորություններն այդպես էլ ամբողջությամբ չեն իրականացվել:
Ստատուտը համարժեքորեն կարգավորում է ընդհանուր բնույթի հարցերը, սակայն այն այդպես էլ չկարողացավ բավարարել քաղաքական բոլոր պահանջները:
ԷՏԱ
Բասկյան հակամարտությունը կարող էր պատմության մեջ մնալ որպես տարածքի պատկանելության հետ կապված հարցերից բխած բազմաթիվ հակամարտություններից մեկը, եթե դրա հաշվին չլինեին 800-ից ավելի մարդկային զոհեր:
ԷՏԱ-ն 50 տարի առաջ ծագել էր որպես մի շարժում, որն ի սկզբանե կապված էր Բասկյան ազգայնական կուսակցության եւ դրա մշակութային միջավայրի հետ, որոնք ձգտում էին բասկյան լեզվի պաշտպանության եւ մնացյալ Իսպանիայից տարբերվող նույնականության իրավունքի համար: ԷՏԱ-ն ստեղծվել է ոչ թե Ֆրանկոյի, այլ հենց Իսպանիայի դեմ: Դրա խնդիրը եղել է բասկերի էթնիկական, լեզվական եւ գաղափարական առանձնահատկությունը:
Բասկյան արմատական ազգայնականությունը միշտ էլ բնորոշվել է իր առանձնահատուկ տեղի հաստատմամբ, սկզբում՝ լեզվական («բասկ» նշանակում է «էուսկալդուն», այսինքն՝ մարդ, ով խոսում է բասկերեն, կամ էլ՝ «էուսկերեն», եւ ունի բասկյան արմատներ), իսկ ապա նաեւ գաղափարախոսական («բասկ» նշանակում է «ազգայնական»):
Ստեղծվելուց մեկ տարի անց ԷՏԱ-ն ռազմավարական գործիքի է վերածվել արմատական ազգայնականության համար, որը պատերազմի մեջ էր տեսնում դեպի անկախություն տանող ճանապարհը:
Բայց իրականությունն այլ էր, եւ Էուսկադիի արդի պատմությունը բնորոշվում է քաղաքական բազմակարծությամբ, ժողովրդագրական համախառնումով, երկլեզվությամբ եւ տարածքային զանազան միավորների գոյակցությամբ:
Այսօր Մադրիդի կենտրոնական իշխանությունները գտնում են, որ ԷՏԱ-ի գործունեության վերջնական դադարեցմամբ հակամարտությունն սպառվել է: Միեւնույն ժամանակ, ազգայնականները կարծում են, որ եկել է առավել ինքնավարություն պահանջելու պահը:
Արմատականներն ազգայնական դաշինքների ստեղծման մեջ են տեսնում բասկերի պետության կայացման ուղին, իսկ առաջադիմականները սահմանադրական փոփոխություններ են պահանջում՝ փոխհամաձայնության միջոցով առաջադրված նպատակներին հասնելու համար:
Իսկ դա նշանակում է, որ բոլոր այդ պառակտումներն ու տարբերություններն առաջվա պես օրախնդիր են:
Ազգայնական կուսակցությունների ծրագրում կա այն պնդումը, որ 2015 թվականի համընդհանուր ընտրությունների անցկացումից հետո կծագեն նոր մեծամասնություններ, որոնք պետական կարգի մոդելը փոփոխելու նպատակով կբարեփոխեն սահմանադրությունը եւ այդպիսով կբավարարեն Կատալոնիայի եւ Էուսկադիի քաղաքական պահանջները:
ԷՏԱ-ի վախճանը
Մադրիդի կառավարությունը բասկյան վերոնշյալ քաղաքական հակամարտության ավարտը կապում է ԷՏԱ ռազմական կազմակերպության զինված գործունեության դադարեցման հետ:
2011 թվականին ԷՏԱ-ն հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին եւ ձեռնամուխ է եղել իր զինանոցների ոչնչացմանը, բայց կազմակերպությունը լուծարելու բացահայտ մտադրության մասին չի հայտնում: Այն այլեւս մտադիր չէ ահաբեկչական գործողություններ իրականացնել, բայց շարունակում է ձախ արմատական-ազգայնականների թեւի ռազմավարական քաղաքական փոփոխությունների վրա ազդեցություն ունենալու փորձերը, չնայած վերջիններիս նման փորձերից հրաժարվելու բացահայտ պահանջներին:
ԷՏԱ-ի զինված պայքարն ավարտվեց անարդյունք, այն ցավագին էր հանրության եւ ապարդյուն՝ խմբավորման քաղաքական մտադրությունների ու նպատակների իրականացման համար: Դրա փոխարեն ԷՏԱ-ն վերածվել է իսպանական ժողովրդավարության եւ բասկյան ինքնավարության գլխավոր թշնամու: Վերջապես, 2011 թվականին, ահաբեկչական պայքարի բազմաթիվ տարիներից հետո, ԷՏԱ-ն որոշեց վերջ դնել բռնությանը՝ ելնելով կառուցողական, այլ ոչ թե էթիկական նկատառումներից:
Այստեղ տեղին է փոքրիկ էքսկուրս կատարել դեպի ԷՏԱ-ի եւ նրա քաղաքական թեւի փոխհարաբերությունների անցյալ. որպես նրա քաղաքական թեւ հանդես էին գալիս շատ կուսակցություններ՝ «Բատասունա» (HerriBatasuna) կուսակցությունից մինչեւ ՍՈՐՏՈՒ:
Իր ողջ պատմության ընթացքում ԷՏԱ-ն խոչընդոտում էր իր իսկ քաղաքական եւ սոցիալական շարժման հարմարեցմանը, բնաշրջմանը եւ մասնակցությանը քաղաքականությանը, այլ կերպ ասած՝ այն ամենին, ինչը ներհատուկ է քաղաքական ասպարեզում հանդես գալու նպատակով ձեւավորված կազմակերպությանը կամ շարժմանը, բայց որոնք զրկված են եղել այդ հնարավորությունից եւ իրենց հովանավորների կողմից դատապարտված են եղել ռազմական թեւի հովանու տակ աննշան դերի: Դարավերջին ԷՏԱ-ն արդեն իսկ թուլացած էր իշխանությունների քաղաքական եւ իրավական գործողություններից: ԷՏԱ-ի այդօրինակ անզորությունն իր քաղաքական թեւ «Բատասունային» եւ դրա իրավահաջորդներին դրել էր օրենքից դուրս վիճակում:
Բասկերի Երկրի համալսարանի աշխատակից Գուրուտս Խաուրեգին այսպես է բնորոշում այդ հարաբերությունները. «ԷՏԱ-ն եւ իր քաղաքական թեւը երկու կազմակերպություններ են, որոնք կախված են իրարից եւ լրացնում են միմյանց, միեւնույն ժամանակ՝ դրանք անտագոնիստական են եւ հակասում են իրար: Մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի. ընդսմին, դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է մյուսին անխուսափելիորեն ոչնչացնող գեն»: Ձախ արմատական-ազգայնականների կարկառուն ներկայացուցիչ Տասիո Էրկիսիայի խոսքերով՝ «բռնությունն ու խորհրդարանական խաղերն անհամատեղելի են երկարաժամկետ հեռանկարում»: Ձախ արմատական-ազգայնականները ստիպված եղան ավելի քան 30 տարի վատնել, որպեսզի ԷՏԱ-ին հարկադրեն վերականգնելու անցման ժամանակաշրջանում՝ 1975 թվականին իրենց կորցրած անկախությունը:
ԷՏԱ-ի ահաբեկչական գործունեության դադարեցումը չի հանգեցրել գաղափարների փոփոխման, դա պարզապես առաջնաստեղծ գաղափարին՝ Բասկերի պետության ստեղծմանը հասնելու ռազմավարության փոփոխություն էր: Բացի այդ, ԷՏԱ-ի զինված պայքարի դադարեցումն առնչված չէր Իսպանիայի կառավարության հետ ինչ-որ բանակցությունների կամ էլ երկկողմանի խաղաղության հաստատմանը: Գործընթացը միակողմանի բնույթ ուներ: ԷՏԱ-ի քաղաքական ձեռքբերումները զգալիորեն քիչ էին, քան Իսպանիայի նախկին կառավարությունների հետ ցանկացած բանակցությունների արդյունքները: ԷՏԱ-ն հրաժարվեց բանտարկյալների ազատման դիմաց իշխանությունների հետ քննարկել խաղաղությանն առնչվող հարցեր, եւ այսօր քրեակատարողական քաղաքականությունը թելադրում է Իսպանիայի կառավարությունը:
Մինչ ԷՏԱ-ն նորանոր զոհերի գնով իր համար «չարաբաստիկ փառք» էր վաստակում (այդ զոհերն իբր պիտի ճանապարհ բացեին դեպի հավանական բանակցությունները), բասկյան եւ իսպանական հանրությունները ոտքի էին ելնում եւ ողողում փողոցները: Ոչ հեռավոր անցյալում փողոցները բացառապես ձախ արմատական-ազգայնականների հավաքատեղին էին: Հիմա արդեն այնպիսի քաղաքացիական շարժումները, ինչպիսին են Շարժում հանուն խաղաղության, Էլկարի կամ Էրմուա համաժողով, դարձել են բռնությունից հոգնած եւ ԷՏԱ-ի խմբավորման անմիտ գործողություններից հուսահատության գիրկն ընկած հանրության շարժիչ ուժը:
Բասկյան քաղաքական կուսակցությունները բանակցությունների սեղանի շուրջ առաջին համաձայնությունը ձեռք բերեցին Ախուրիա Էնեայում (1988 թվականի հունվարի12)՝ տարաձայնությունների մասին հավելվածով խաղաղության համաձայնագիր ստորագրելով: Ձախ արմատական-ազգայնականները գիտակցում էին, որ նման համաձայնագրերն իրենց քաղաքական վնաս են պատճառում, այնուամենայնիվ՝ ընտրողները շարունակում էին քվեարկել նրանց օգտին, չնայած այն բանին, որ հարում էին ԷՏԱ-ի քաղաքականությանը:
Այդ ժամանակ սկսեցին երեւան գալ նաեւ ահաբեկչության զոհերի առաջին միավորումները, այնպիսին, ինչպիսին է 1981-ին հիմնված Ահաբեկչության զոհերի ընկերակցությունը («AVT»): Մինչ այդ դրանք ցաքուցրիվ բնույթ ունեին եւ գործնականում չէին վայելում իշխանությունների աջակցությունը, թեեւ քաղաքական զոհեր կային դեռ 1968 թվականին:
ԷՏԱ-ի ընտրած ռազմավարությունը՝ քաղաքական գործիչների վրա մահափորձերի միջոցով հնարավորինս շատ տառապանքներ պատճառել, ի վերջո ոչնչացրեց իրեն իսկ: Իշխանությունների արձագանքը՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի տեսքով, արդյունքում քանդեց ձախ արմատական-ազգայնականների կուսակցությունը: Մադրիդն օրենքից դուրս հայտարարեց «Բատասունա» կուսակցությանը եւ ցույց տվեց, որ հաջորդ փուլը լինելու է բանտարկությունը:
Հաշտեցման եւ գոյակցության ուղին
«Հաշտեցում» եւ «գոյակցություն» եզրույթները քաղաքական լուրջ վեճեր են առաջացնում Բասկերի Երկրում, սակայն կասկած չկա, որ ԷՏԱ-ի կողմից բռնության դադարեցումից հետո բասկյան հանրությունը սոցիալական փոխակերպման է ենթարկվում, որի գլխավոր նպատակներն են բուժել վերքերը, ճանաչել զոհերին, պահպանել հիշողությունը, բազմակարծության եւ զանազանության նկատմամբ հարգանք դաստիարակել, ամրապնդել զինադադարը եւ այնպիսի մշակույթ ստեղծել, որը թույլ կտա հետագայում խուսափել տառապանքների ու հակամարտությունների կրկնությունից:
Այդ խնդրի լուծման գործում բասկյան հանրությունը մի առավելություն ունի հակամարտության իրավիճակում գտնվող այլ հանրությունների համեմատ: Հակամարտության ամենածանր տարիներին հենց հասարակական կազմակերպություններն էին հետամուտ լինում խաղաղության հաստատմանը եւ գլխավոր գործող անձանց, իշխանության մարմիններին ու կուսակցություններին թույլ չէին տալիս հաշտվելու իրերի դրության հետ: Սկզբում «Շարժում հանուն խաղաղության» («GestoporlaPaz») կազմակերպությունը, որ բռնության դեմ լռելյայն հանրահավաքներ էր անցկացնում, ապա «Էլկարին», որ հանդես էր գալիս հօգուտ երկխոսության եւ փոխըմբռնման, օգնեցին ստեղծելու սոցիալական հզոր ցանց, որը գործում էր ի նպաստ խաղաղության հաստատման: Սա դարձավ առանցքային գործոն, որն օգնեց կանխելու լուրջ պառակտումը բասկյան հանրությունում եւ պահպանել կապերը: Չնայած այն բանին, որ ոչ մեծ բնակավայրերում զգալի տարաձայնություններ էին ծագում առանձին հանրույթների ներսում, ընդհանուր առմամբ բասկյան հանրությունը պահպանում էր իր ներքին համախմբվածությունը, ինչն էլ թույլ տվեց հնարավորինս արագ հասնել հաշտեցման՝ անգամ ցայսօր պահպանվող դժվարությունների պարագայում:
Հաշտեցման ճանապարհի գլխավոր խոչընդոտները շարունակում են մնալ.
-Պայքար կատարվածի պաշտոնական վարկածի համար: Պատմական հիշողության ստեղծման գործընթացում մրցակցում են տարբեր, մեծապես անհամատեղելի վարկածներ. ա. ամեն ինչում մեղավոր են ԷՏԱ-ն, ձախ արմատական-ազգայնականները, բ. բռնությունը Բասկերի Երկրի եւ Իսպանիայի միջեւ հակամարտության արդյունք է, գ. ԷՏԱ-ն շատ բռնություններ է գործել, բայց նաեւ պետությունը պետք է ճանաչի իր դերը մարդու իրավունքների խախտումների մեջ:
-Զոհերի ճանաչումը: Պետությունը ճանաչում եւ պաշտպանում է միայն ԷՏԱ-ի զինված գործունեության զոհերին, սակայն Բասկերի Երկրում եղել են նաեւ այսպես կոչված ժողովրդական ջոկատներ ու անվտանգության ուժերի գործունեության զոհեր: Համենայնդեպս, բասկյան կառավարությունն արդեն իսկ սկսել է խոշտանգումների զոհերի ճանաչման աշխատանքը:
– Անցյալի էթիկական եւ քննադատական գնահատականը: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը ձախ արմատական-ազգայնականներին խնդրում է քննադատաբար վերաբերվել անցյալում սեփական գործողություններին, երբ նրանք հանդես էին գալիս ի նպաստ զինված բռնության, սակայն տվյալ պահին նրանք հրաժարվում են դա անել:
Միեւնույն ժամանակ, տվյալ համապատկերում զանազան նախաձեռնություններ են ծագում, որոնք ձգտում են նպաստել հաշտեցմանը: Բասկյան կառավարությունը ձեռնամուխ է եղել խաղաղության հավակնոտ պլանի իրականացմանը, որը կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսին են բանտարկյալների ռեաբիլիտացիան, քաղաքացիների մասնակցությունը խաղաղ գոյակցությանը եւ խաղաղության մշակույթի դաստիարակմանը: Դրանից զատ հանրային նախաձեռնություններ են ձեւավորվում զոհերի եւ հանցագործների, զոհերի ու դիմադրության մասնակիցների կամ այն մարդկանց հանդիպումների կազմակերպման նպատակով, ովքեր առաջ են մղում տեղական մակարդակով խաղաղ գոյակցության գաղափարը:
ԷՏԱ-ի անցյալը
1977 թվականին ԷՏԱ-ի ստորաբաժանումներից մեկը լուծարման մասին որոշում ընդունեց: Այն ժամանակներում Իսպանիայում իշխանության գլուխ կանգնած էր Ժողովրդավարական կենտրոնի միությունը («UCD»)՝ աջ կենտրոնամետ կուսակցությունների կոալիցիան, որը երկիրը ղեկավարում էր «արճիճային» տարիներին (այդ ժամանակահատվածն այսպես էր կոչվել ամենօրյա սպանությունների մեծ թվաքանակի պատճառով):
Կառավարությունն ու դատական իշխանությունն այդ ժամանակատվածում բավականին մեծահոգաբար էին վերաբերվում բանտարկյալներին, ձերբակալվածներին եւ ԷՏԱ-ից հեռացվածներին, չնայած այն բանին, որ կազմակերպությունը շարունակում էր զենք կիրառել եւ քաղաքական զիջումների համար բանակցություններ չէր վարում: 1982 թվականին ԷՏԱ-ի կալանավորները ռեաբիլիտացվեցին, մինչդեռ հակամարտության զոհերը շարունակում էին մնալ անկազմակերպ ու իշխանությունների կողմից մոռացված, նրանց ձայնը լսելի չէր:
Եզրահանգում
ԷՏԱ-ն միշտ էլ սպանություններ է գործել որոշակի քաղաքական հաշվարկով: Արմատական-ազգայնականները բասկյան իրականությունը ներկայացնում էին որպես անընդմեջ բախումների շարան: ԷՏԱ-ն բռնություն էր կատարում՝ հղում անելով Իսպանիայի եւ Բասկերի Երկրի միջեւ չլուծված բազմադարյա քաղաքական պայքարին:
Վերջիվերջո, բռնությունը միշտ էլ կիրառվում է որպես գաղափարական ալիբի: Բասկյան երկրի ծայրահեղ ձախերի պատմությունը կանխատեսելի պարտության ժամանակագրություն էր:
Չխորանալով չափից դուրս բարդ սխեմաների մեջ, հարկ է նշել, որ ԷՏԱ-ի գործունեության ավարտի հիմքը դրվեց նվազ քաղաքականացման եւ առավել ոստիկանական ակտիվության, հանրային արձագանքի, քաղաքական միասնության եւ միջազգային աջակցության ժամանակաշրջանում: Բոլոր այս գործոններն էլ կարեւոր են, բայց դրանք բոլորն էլ արդեն իսկ առկա էին դրանից մի քանի տարի առաջ, երբ ԷՏԱ-ն շարունակում էր գնալ ահաբեկչության ճանապարհով:
Հիմա կարեւոր է մեկ այլ գործոն՝ արմատական-ազգայնականների անձնական շահագրգռվածությունը եւ առանձին որոշումները: Զինված գործունեության անօգտավետությունն ու անարդյունավետությունը հանգեցրին նրան, որ առաջատար դեմքեր դարձան իրենց հայացքներն արմատապես փոխած անձինք:
Ահա թե ինչու այդքան կարեւոր ու անհրաժեշտ է կապեր պահպանելն այն խմբերի հետ, որոնք բռնի մեթոդներ են կիրառում եւ զգալի քաղաքական աջակցություն ունեն: Ջոնաթան Փաուելի կարծիքով՝ ԷՏԱ-ի օրինակը սույն ճշմարտության եւս մի վկայությունն է:
«Եթե որեւիցե մի տեղ ճեղքվածք կա, ապա ձախողումից խուսափելու համար կարեւոր է կապեր պահպանել»1,-պնդում է Փաուելը: Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կառավարության կողմից 2007 թվականին նախաձեռնված անհաջող բանակցություններից հետո պարզ դարձավ, որ «Բատասունան» «աստիճանաբար ճնշում էր գործադրում ԷՏԱ-ի վրա, որպեսզի վերջինս նոր մոտեցում մշակի», «քանի որ այն ժամանակ մասնակցող միջնորդները շարունակում էին ներգրավված մնալ եւ ունակ էին նորից գործի լծվել»,- ասում է Ջոնաթան Փաուելը:
2006 թվականի բանակցությունների տեղադոփումից հետո խաղաղ գործընթացի վերականգնումը հնարավոր դարձավ Այետում համաժողով հրավիրելու շնորհիվ եւ, ինչպես Փաուելն է ասում, «այն բանի շնորհիվ, որ ԷՏԱ-ին դիմեցին միջազգային գործիչները, ովքեր պատրաստ էին ռիսկի դիմել, որպեսզի դերակատարություն ունենային Եվրոպայի վերջին զինված հակամարտությունում», ինչին էլ հետեւեց խմբի գործունեության դադարեցման մասին հայտարարությունը:
Բասկյան հակամարտությունը լուծելու փորձերն սկսվել են Ժնեւում (Շվեյցարիա) 1976-ի, Ալժիրում 1989-ի, Ցյուրիխում 1998-ի բանակցություններից եւ ավարտվել են 2006 թվականին Օսլոյում ու Ժնեւում: Դրանք բոլորն էլ ձախողմամբ պսակվեցին, ինչպես նաեւ բազմաթիվ փոխկապերի հաստատման փորձերը, որոնք ամիսներ շարունակ այդպես էլ չբերեցին երկխոսության:
«Չնայած այն բանին, որ բասկյան հակամարտության կարգավորումը դեռ չի ավարտվել, դրա պատմությունը հանդիսանում է այն բանի եւս մեկ օրինակը, թե ինչպես են անհաջողությունները միմյանց հաջորդում այնքան ժամանակ, մինչեւ որ հասցնեն հաջողության»,- ասում է Ջոնաթան Փաուելը:
Ժամանակագրություն
1952 -Ստեղծվում է ԷԿԻՆ խումբը, որում միավորվում են բասկյան ազգայնականությունը վերածնել ձգտող երիտասարդ բասկեր:
1956 -ԷԿԻՆ-ը միավորվում է Բասկյան ազգայնական կուսակցության երիտասարդական թեւի հետ:
1958 -Միավորման պառակտում: Դրա մի մասը մնում է Բասկյան ազգայնական կուսակցության երիտասարդական թեւի հետ, մյուսը ստեղծում է ԷՏԱ-ն:
1959 -ԷՏԱ-ն առաջին անգամ ազդարարեց իր մասին:
1962 -ԷՏԱ-ի առաջին խորհրդաժողովը հռչակում է «Հանուն ազգային ազատագրման բասկյան հեղափոխական շարժումը»:
1963 -ԷՏԱ-ի երկրորդ խորհրդաժողովը: ԷՏԱ-ն մտնում է աշխատավորական շարժման մեջ:
1964 -ԷՏԱ-ի երրորդ խորհրդաժողովը, «Ապստամբություն Էուսկադիում» զեկույց:
1964 -ԷՏԱ-ի չորրորդ խորհրդաժողովը նպատակ է ազդարարում սոցիալիստական հասարակության ստեղծումը եւ գործարկում «գործողություն-արձագանք-գործողություն» մեխանիզմը:
1967 -ԷՏԱ-ի հինգերորդ խորհրդաժողովը: Կազմակերպության կառուցվածքում ուրվագծվեց չորս ճակատ՝ մշակութային, քաղաքական, տնտեսական եւ ռազմական:
1968 -ԷՏԱ-ի առաջին ահաբեկչությունը մահվան ելքով: Զոհվում է Խոսե Պարադինեսը:
1970 -ԷՏԱ-ի 16 գրոհայինների նկատմամբ ռազմական տրիբունալ:
1975 -Իսպանիայի կառավարությունն ընդունում է հակաահաբեկչական օրենք:
1976 -ԷՏԱ-ն հրապարակում է «KAS այլընտրանք» ծրագիր՝ ահաբեկչությունների դադարեցման պայմանների ցուցակի շարադրմամբ: Կառավարության եւ ԷՏԱ-ի առաջին բանակցությունները Շվեյցարիայում:
1977 -Ազգայնականների հանդիպումը Տիբերում: Կառավարության եւ ԷՏԱ-ի ռազմական թեւի բանակցությունները Ժնեւում:
1978 -«Բատասունա» (HerriBatasuna) կուսակցության ստեղծում: Ձախ արմատական-ազգայնականների կուսակցությունների դաշինք: Դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունվում է իսպանական սահմանադրությունը:
1979 -Ընդունվում է Բասկերի Երկրի ինքնավարության մասին ստատուտը: «Բատասունայի» եւ ԷՏԱ-ի դիմակայություն:
1980 -Բասկյան առաջին խորհրդարանի ընտրություններ: «Բատասունան» դառնում է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ Բասկյան ազգայնական կուսակցությունից հետո:
1981 -«Բատասունայի» ընտրված անդամները Գերնիկայում «Էուսկո Գուդարիակ» բասկյան օրհներգն են երգում Խուան Կառլոս թագավորի առաջ: Ձեւավորվում է «Ահաբեկչության զոհերի ընկերակցությունը»:
1982 -Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը ձայների մեծամասնություն է ապահովում Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում:
1986 -Ստեղծվում է «Շարժում հանուն խաղաղության» կազմակերպությունը (Gesto por la Paz): Հերթական մահափորձերից հետո երկրում անցկացվում են լռելյայն հանրահավաքներ:
1987 -Եվրախորհրդարանի ընտրություններում «Բատասունայի» թեկնածուները հավաքում են 360 հազար քվե եւ Եվրախորհրդարան մտնում 21 մարդկային կյանք խլած ահաբեկչությունից մի քանի օր անց:
1988 -Բասկյան կուսակցությունները ստորագրում են Էուսկադիում կարգավորման եւ հաշտեցման մասին համաձայնագիր, որը հայտնի է «Ախուրիա Էնեա պակտ» անվանմամբ:
1989 -Զինադադար եւ ընդմիջում ԷՏԱ-ի գործունեության մեջ, բանակցություններ Ալժիրում: ԷՏԱ-ն խախտում է զինադադարը, եւ կառավարությունը սկսում է բանտարկյալներին տեղաբաշխել իսպանական բանտերում:
1992 -Բիդար քաղաքում (Ֆրանսիա) ձերբակալվում է ԷՏԱ-ի խմբավորման ղեկավարությունը:
1994 -ԷՏԱ-ի կողմից բռնության սրման հաջորդ փուլ, «Կալե Բարոկա» (kale borokka) փողոցային անկարգությունների կազմակերպում: Շեշտը դրվում է ավելի շատ տառապանքներ հասցնելու վրա:
1996 -Օրտեգա Լարայի առեւանգումը, որը տեւում է 532 օր: Լարային ազատում են քաղաքացիական գվարդիայի ուժերը:
1998 -Տեղի է ունենում ԷՏԱ-ի դեմ Էրմուա համաժողովը: Ազգայնական ուժերը Լիզարում համաձայնագիր են ստորագրում. փոքր-ինչ ուշ ԷՏԱ-ն անժամկետ ու առանց պայմանի հրադադար է հայտարարում: Ձախ արմատական-ազգայնականների կուսակցությունը ռեկորդային՝ 14 տեղ է զբաղեցնում բասկյան խորհրդարանում:
1999 -Ստեղծվում է ԷՏԱ-ին դիմակայելու ունակ հարթակ: Դեկտեմբերին ԷՏԱ-ն խախտում է հրադադարը:
2000 -«Հանուն ազատության եւ ընդդեմ ահաբեկչության համաձայնագիր» Ժողովրդական կուսակցության եւ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության միջեւ:
2001 -«Բատասունան» փոփոխությունների ծիրում է. կուսակցության քննադատաբար տրամադրված անդամներն ստեղծում են «Արալար» կազմակերպությունը: «Euskal Herritarrok»-իխորհրդարանում պատգամավորների թիվը նվազում է մինչեւ յոթի: Համաներման օգտին հանդես եկող բանակցող կողմը («Gestoras pro Amnistia») հայտարարվում է օրենքից դուրս:
2002-«Կուսակցությունների մասին» օրենք է ընդունվում: Այն արգելում է ընտրություններին մասնակցել ցանկացած քաղաքական կազմակերպություն, որը չի դատապարտում բռնությունը: ԷՏԱ-ն ռազմական թիրախ է ընտրում Ժողովրդական կուսակցությանը եւ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը:
2003 -«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն «Բատասունան» օրենքից դուրս է հայտարարվում:
2004 -ԷՏԱ-ն զինադադար է հայտարարում միայն Կատալոնիայի վերաբերյալ:
2005 -Առանց քաղաքական փոխհատուցումների խաղաղության հասնելու նպատակով խորհրդարանը երկխոսություն է սկսում ԷՏԱ-ի հետ:
2006 -ԷՏԱ-ի կողմից անժամկետ հրադադարի հայտարարում: Հրադադարն ու խաղաղ բանակցություններն ընդհատվում են Բարախասում տեղի ունեցած ահաբեկչության եւ երկու զոհվածների կապակցությամբ: «Էլկարին» փոխակերպվում է «Լոկարիի»:
2009 -Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վավերացնում է 2003-ի որոշումը «Բատասունա» կուսակցությունն օրենքից դուրս հայտարարելու մասին:
2010 -Ձախ արմատական-ազգայնականները բռնությունից հեռու նոր քաղաքական հարթակ են ներկայացնում: «ZutikEuskalHerria» փաստաթղթում Բասկերի Երկիրը լիովին հրաժարվում է բռնությունից:
2011 -Թուլացած ԷՏԱ-ն վերջնական, համընդհանուր եւ կայուն զինադադար է հայտարարում: Ձախ արմատական-ազգայնականները ստեղծում են ՍՈՐՏՈՒ-ն ու դրա կանոնադրությունը ներկայացնում որպես զինված ահաբեկչությանը փոխարինելու եկած նոր կուսակցություն: Այլ ուժերի հետ նրանց դաշինքն ազդեցությամբ երկրորդ խմբակցությունն է դառնում Բասկերի Երկրում: «Լոկարին» Սան-Սեբաստյանում միջազգային համաժողով է կազմակերպում, որը զինված պայքարին վերջ դնելու կոչով դիմում է ԷՏԱ-ին: Հոկտեմբերին ԷՏԱ-ն հայտարարում է իր զինված գործունեության վերջնական դադարեցման մասին:
1. “El mediador Jonathan Powell afirma que es un proceso de paz el que ha llevado a ETA a su final”, Հասանելի է՝ http://paralaliber- tad.org/el-mediador-jonathan-powell-afirma-que-es-un-proceso-de-paz-el-que-ha-llevado-a-eta-a-su-final/