Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ
Երևան
Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները հայկական կողմերի համար եկան փաստելու մի անհերքելի իրողություն, այն է՝ Երրորդ Հանրապետության բոլոր ազգային անվտանգության քաղաքականությունները տապալվել են: Հետևաբար, Հայաստանի անվտանգային ճարտարապետության անկենսունակությունը՝ արձագանքելու, կանխարգելելու և դիմակայելու մեր կենսական շահերին սպառնացող մարտահրավերներին, հանդիսանում է մեր տապալված ազգային անվտանգության քաղաքականությունների հայելային արտացոլանքը:
Որքան էլ որ հայ քաղաքական և վերլուծական միտքն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները վերծանելիս մեծամասամբ իր դատողությունների կիզակետում դնում է աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ ձևափոխումները, աներկբա է, որ մեր կենսական շահերին սպառնացող թուրք-ադրբեջանական տանդեմը երեկ չէ, որ ձևավորվել է, առավել ևս՝ դրա ռազմավարական նպատակները նոր չէ, որ երևան են գալիս: Հետևաբար, մենք չենք հաջողել նաև մեզ շրջապատող անվտանգային միջավայրի իրատեսական գնահատման հարցում, և դրանից բխող ռազմավարական ծրագրեր ձևավորելու, երկկողմ և բազմակողմ հարթակներում այնպիսի փոխհարաբերություններ գծագրելու և սպասարկելու գործում, որոնք անհրաժեշտության դեպքում պիտի հանդիսանային մեր անվտանգության բարձիկները: Այս ամենն ունեցել և շարունակում է ունենալ ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական դրդապատճառներ, որոնք կարող են ուղղորդվել նաև արտաքին դերակատարների կողմից՝ հետևողականորեն քայքայելով մեր դիմադրողունակությունը, վտանգելով մեր պետականությանը:
Այսօր Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն օբյեկտիվ վերլուծելու և պետության հնարավոր քայլերը հաշվարկելու համար անհրաժեշտ է որպես մեկնարկային կետ հենվել հենց վերոնշյալ պնդումների վրա, և սույն թվականի նոյեմբերի 14-16-ին Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիան ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ նույնպես բացառություն չէ:
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հայաստանի իշխանությունների՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված դիրքորոշմանն ի պատասխան, Ադրբեջանից շարունակաբար հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներ, հայատյաց և քսենոֆոբիկ, ինչպես նաև` ընդհուպ մինչև ուժի կիրառմամբ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ունենալու վերաբերյալ հայտարարություններ: Միաժամանակ, Ադրբեջանը լոկ հայտարարություններով չի բավարարվում, այլ դրանք համեմում է ուժի կիրառմամբ, ինչի վառ ապացույցն էր մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈւ-երի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, և նոյեմբերի 14-16-ի ռազմական ագրեսիան՝ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Վերջինս առավել ուշագրավ է՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով:
Առաջինը՝ տևական ժամանակ դրան նախորդում էին թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ամեն գնով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» ստանալու մասին հայտարարությունները, ինչին ի պատասխան հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերում և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը միտված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ընթացող բանակցություններում միջանցքային հիշատակման և տրամաբանության իսպառ բացակայության մասին: Զուգահեռաբար, հնչում էին հայտարարություններ եռակողմ ձևաչափով հնարավոր դելիմիտացիայի/դեմարկացիայի վերաբերյալ, և եթե Ադրբեջանը դրա հիմքում դնում էր Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելու հարցը, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր, որ գործընթացի համար անհրաժեշտ քարտեզները պահվում են ՌԴ ԳՇ-ում՝ դրանով իսկ ընդգծելով այս հարցում Ռուսաստանի բացարձակ դերակատարության հետ հաշվի նստելու հրամայականը:
Այս համատեքստում հատկանշանական է, որ հայկական կողմը, ԱԳ խոսնակի շուրթերով, բարձրաձայնեց ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև Եվրամիության կողմից դելիմիտացիայի/դեմարկացիայի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Ըստ այդմ, տեսանելի է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, ապաշրջափակման քողի ներքո, Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տարել Հայաստանին էլ ավել շրջափակման մեջ դնելու քաղաքականություն, իսկ խաղաղության օրակարգը սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի հարցը դիտարկել է բացառապես Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելու հնարավորություն:
Երկրորդը՝ հայ-ադբեջանական սահմանային վերջին էսկալացիային նախորդեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն առ այն, որ «տարածաշրջանում միջանցքների հարցը չի քննարկվում, այլ խոսքը գնում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին», և ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»: Սա մեզ թույլ է տալիս պնդելու, որ գոնե տեսանելի պատկերում Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներն այս հարցում համահունչ են: Միևնույն ժամանակ, եթե Ադրբեջանին հաջողվի ուժային ճանապարհով միջանցք ստանալ, ապա տրամաբանական է, որ, ելնելով իրողություններից, տվյալ տարածքի անվտանգության ապահովումը վերապահվելու է Ռուսաստանին:
Երրորդ հանգամանքը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ պատերազմի չարաբաստիկ տարելիցին եռակողմ տեսակոնֆերանսի ձևաչափով նախապատրաստվող գագաթնաժողովի մասին հայտարարությունն էր, ինչին ի պատասխան Հայաստանը, նախ՝ ԱԳՆ խոսնակի մակարդակով ուղերձ հղեց դելիմիտացիայի/դեմարկացիայի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում այլ ակտորների՝ դերակատարություն ունենալու շահագրգռվածության մասին, այնուհետև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հստակ, միևնույն ժամանակ դիվանագիտորեն մատնանշեց միջնորդ Ռուսաստանի ոչ բավարար կարողունակությունը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հարցում՝ ընդգծելով ռուս խաղաղապահներին վարկաբեկելուն միտված ադրբեջանական իշխանությունների գործելաոճը:
Վերոնշյալ երեք հանգամանքները մեկտեղելու և փազլի վերջին մասնիկները հավաքելու համար անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի կողմից վերջին ռազմական ագրեսիայի համար ընտրված տեղանքը: Բանն այն է, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Քիլիսալի սահմանային լեռան դեպի Հայաստան նայող հատվածի, Մեծ Իշխանասար և Ծիծեռնաքար սարերի միջև ընկած հատվածում: Աներկբա է, որ Ադրբեջանը, մայիսի 12-ին ներխուժելով Սև լճի տարածք, այնուհետ նոյեմբերի 14-ին և 16-ին շարունակելով ռազմական ագրեսիան, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ փորձում էր լուծել թուրք-ադրբեջանական տանդեմի համար ռազմաքաղաքական, ռազմավարական նշանակության խնդիր, այն է՝ առավել լավ դիրքավորվել Հայաստանի Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում՝ փաստացի միջանցքի գաղափարը ուժային ճանապարհով եթե ոչ լուծելու, ապա դրա համար նախադրյալներ ստեղծելու և բանակցությունների ժամանակ առավել բարենպաստ դիրքավորվելու համար: Եթե այս ամենին գումարում ենք նաև այն վարկածը, որ հաջողելու պարագայում և’ Ադրբեջանի, և’ Հայաստանի համար ընդունելի կողմը տարածքում անվտանգություն ապահովելու համար կարող է դառնալ միայն Ռուսաստանը՝ ելնելով պատերազմի ժամանակ և հետո իր չեզոք դիրքորոշումից, միջնորդական դերակատարությունից և տարածաշրջանում հիմնական ակտոր լինելու հանգամանքից, ապա ադրբեջանական հաշվարկները և նոյեմբերի 14-16-ին տեղի ունեցածի խճանկարն ամբողջանում են:
Այս պատկերն ունի նաև իր ներքաղաքական համատեքստը: Պատերազմի տարելիցի կապակցությամբ ՌԴ կողմից ազդարարած եռակողմ հանդիպման չկայանալու դեպքում Ադրբեջանն արդեն իսկ հաշվարկել էր իր հետագա քայլերը: Այն է՝ ներխուժել և տեղավորվել Հայաստանի արևելյան գոտու սահմանային ուղղությամբ, ինչը պիտի հանդիպեր ուժային դիմադրության, հետևաբար՝ հայկական կողմի համար հանգեցներ նոր մարդկային և տարածքային կորուստների: Այս ամենը պիտի խորացներ դժգոհությունը երկրի ներսում և ներքաղաքական որոշ շրջանակների կողմից օգտագործվեր գործող իշխանությունների դեմ: Արդյունքում, բանակցությունների ժամանակ Հայաստանի դիրքերը պիտի առավել թուլանային և հանգեցնեին Ադրբեջանի համար այդքան բաղձալի զիջումների:
Ամենևին հակված չեմ պնդելու, թե ներքաղաքական դաշտը միտված է սպասարկելու ադրբեջանական սույն օրակարգը: Միևնույն ժամանակ, դասական առումով, յուրաքանչյուր ընդդիմություն, արտահայտելով իր անհամաձայնությունը գործող իշխանությունների քաղաքականությունների հարցում, պիտի առաջարկի այլընտրանքային տարբերակներ և ընտրի պայքարի այնպիսի մարտավարություն, որը կամրապնդի իշխանությունների դիրքերն արտաքին աշխարհում՝ առավելապես Հայոց պետականության համար նման օրհասական պահին: Մեր ապագա սերունդները մեզ չեն ներելու՝ պետական շահը կլանային շահերին ստորադասելու և հանուն մեր պետականության հարատևման միասնական ճակատ չձևավորելու համար:
Ամփոփելով, Հայաստանի իշխանությունների կողմից եռակողմ ձևաչափով դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացն Ադրբեջանին ուժային գործելակերպից զերծ պահելու գործիք դիտարկելը խաբկանք է: Այն առավել խորացնելու է մեր առջև ծառացած մարտահրավերները՝ ընդհուպ սպառնալով մեր անկախությանն ու պետականությանը: Ասածս ամբողջովին դուրս է Ռուսաստանի կողմից ադրբեջանամետ կամ հայամետ քաղաքականություն վարելու պարզունակ մոտեցումից, այլ հենվում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի ձևավորման և ուժային բալանսի խեղման վրա:
Հայաստանի Հանրապետությունն ունի երկու բնական դաշնակից՝ ԶՈւ-ն ու դիվանագիտությունը: Հետևաբար, անհրաժեշտ է պետության և սփյուռքի ռեսուրսների գերակշիռ մասն ուղղել ԶՈւ մարտունակության բարձրացման, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սպառազինությունների ձեռքբերման վրա: Արտաքին դաշտում անհրաժեշտ է որդեգրել բոլոր ուղղություններով գերակտիվ դիվանագիտություն վարելու մարտավարություն՝ չմոռանալով մեր արտաքին գործընկերների համար կանխատեսելի լինելու հրամայականը: Մեր ազգային և պետական շահերին համահունչ դիրքորոշումները ոչ միայն ընկալելի պիտի լինեն ներսում, այլ նաև հասկանալի՝ արտաքին լսարանի համար: Ըստ այդմ, ծանրակշիռ աշխատանք է պետք տանել նախ՝ այդ դիրքորոշումները կենսունակ քաղաքականությունների վերածելու, այնուհետ՝ գերակտիվ դիվանագիտության միջոցով դրանք սպասարկելու համար: