Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
“Արցախի եվրոպական շարժում” ՀԿ նախագահ
Ստեփանակերտ
Երկրի զարգացումը դժվար բան չէ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բավականին կարճ ժամանակում կարելի է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք տվյալ հասարակությանը կդարձնեն աշխարհի ամենահարուստներից մեկը: Այդ մեխանիզմները գաղտնիք չեն, յուրաքանչյուր ուսանող կարող է գտնել դասագրքերում` ազատ մրցակցություն, օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքի հարգում, բիզնեսի եւ իշխանության տարանջատում եւ եւս մի քանի նման ՚մանրՙ սկզբունքներ, ու երկիրդ բռնում է զարգացման ուղին:
Եթե Արեւմուտքում կարծում էին, որ այս սկզբունքները էապես կախված են ռեժիմի բնույթից, իմա` միայն ժողովրդավարական երկրներին է հաջողվում կյանքի կոչել այդ սկզբունքերը, Արեւելքը եւ հատկապես արագ զարգացած որոշ երկրներ ապացուցեցին, որ ռեժիմն այնքան էլ կապ չունի, գլխավորն այդ սկզբունքները հարգելու ցանկությունն է: Սահմանափակելով քաղաքական գործունեությունն ու քաղաքական ազատությունները` Արեւելքի որոշ երկրներ մեծ ազատություններ էին տվել տնտեսական դաշտում:
Մի՞թե մեր երկրի իշխանությունների մոտ նման ցանկություն չկա: Հնարավո՞ր է, որ այս մարդիկ չուզենան ՀՀ կամ ԼՂՀ արագ զարգացումն ու հարստացումը: Դժվար թե: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ մենք այսօր ապրում ենք աղքատ երկրում:
Պատճառը իշխող էլիտաների արդյունավետ կառավարելու ունակության բացակայությունն է: Հատկապես Արցախում իշխանության ղեկին են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց հմտություններով, գիտելիքներով եւ մակարդակով անկարող են ապահովել երկրի զարգացումը: Իշխանության, հասարակության, ընդհանրապես աշխարհի մասին այս մարդկանց պատկերացումները թույլ չեն տալիս հասկանալ պարզ իրողությունները եւ գործել ազգային շահի օգտին:
Նորմալ երկրներում մարդը գերագույն արժեք է, ամենագնահատված ձեռքբերումներից մեկն ազատությունն է, ինչը թույլ է տալիս մարդուն ստեղծագործել, լրացուցիչ ազգային հարստություն ստեղծել: Մեզ մոտ իշխանությունների հիմնական ձգտումն ազատությունը սահմանափակելն է, հետեւաբար` մարդուն ստեղծագործելու, հավելյալ ազգային հարստություն ստեղծելու կարողությունից զրկելը: Խորհրդային սահմանափակումները հատկապես ծանր են անդրադարձել Արցախի վրա, որտեղ կային նաեւ Ադրբեջանի կողմից մտցվող լրացուցիչ սահմանափակումներ եւ արգելքներ, ինչը էականորեն ազդել է բնակչության մտածելակերպի եւ վարքագծի վրա` դարձնելով առավելապես զգուշավոր եւ իներտ: Միեւնույն ժամանակ, կառավարման խորհրդային ոճը փոխանցվել է նորօրյա իշխանավորներին, նամանավանդ, որ նրանց ճնշող մասը ժամանակին ընդգրկված է եղել կոմսոմոլում, Կոմունիստական կուսակցության այլ մարմիններում:
Հետեւաբար, այս իշխանավորները յուրովի սահմանափակված են իրենց ստացած կրթությամբ եւ դաստիարակությամբ, իրենց մոտ ձեւավորված պատկերացումներով: Համաձայն այդ պատկերացումների` հասարակությունը պետք է լինի տոտալ հսկողության տակ, ազատությունը ներմուծովի եւ վտանգավոր երեւույթ է, մարդը ոչ թե ստեղծագործ, այլ ընդամենը կենսաբանական էակ է, որի աշխատատեղի, կրթության, նույնիսկ հանգստի ձեւի հարցը պետք է լուծի պետությունը: Բոլոր նախաձեռնությունները, որոնք համաձայնեցված չեն պետություն-իշխանության հետ, պատժելի են: Ի դեպ, այսօրվա իշխանություններն ամբողջովին նույնացնում են պետություն եւ իշխանություն հասկացությունները, իշխանություններին ուղղված յուրաքանչյուր քննադատություն համարում են ՚հակապետական գործունեությունՙ: Բնականաբար, նման մտածելակերպով էլիտայի դեպքում խոսել զարգանալու մասին` միամտություն է: Հասարակության մեջ նման մտածելակերպը հանդուրժելը տանելու է այդ նույն հասարակության անընդհատ աղքատացմանը, պարտքերի մեջ խրվելուն, թուլացմանը եւ ի վերջո` կործանմանը:
Իշխանության եւ բիզնեսի կապը: Ինչու՞ են մեր իշխանավորները պարտադիր ցանկանում բիզնես ունենալ, օգտագործել պաշտոնական դիրքը սեփական բիզնեսը ծաղկեցնելու, անարդար մրցակցություն ապահովելու, մրցակիցներին հարկային մահակի եւ այլ ձեւով ոչնչացնելու համար: Սա նույնպես հետխորհրդային հիվանդություն է: Կամ, ավելի շուտ, հետտոտալիտար հասարակություններին հատուկ երեւույթ: Ինչպես նշեցի` նման հասարակություններում իշխանություններն իրենց նույնացնում են պետության հետ: Իսկ տոտալիտար հասարակարգի ժամանակ բիզնես կոչվածը գտնվում էր պետության ձեռքին: Գրեթե ամբողջ տնտեսությունը կառավարվում էր պետության կողմից եւ պետական էր: Իսկ հասարակարգի փլուզումից հետո հռչակվել են ազատ շուկայական հարաբերություններ, պետական տնտեսությունը բաժանվել է մասնավոր տնտեսությունների միջեւ: Սակայն չի վերացել մտածելակերպը: Եվ ահա առաջացել է մի մուտանտ համակարգ, որտեղ բիզնեսը էլի հսկվում է իշխանությունների կողմից, սակայն դրանից ստացվող շահույթը հոսում է ոչ թե պետական գանձարան, այլ կոնկրետ իշխանավորների գրպանը:
Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս համակարգի ճիրաններից եւ իրոք գնալ դեպի զարգացում: Այս հարցի լուծումը նոր էլիտաներ ունենալու մեջ է, զարգացման համար կարեւորագույն համարվող սկզբունքների դերն ու նշանակությունը հասկացող եւ համապատասխան կամք ունեցող էլիտաների մեջ: Կոպիտ ասած, նոր սերունդ է հարկավոր, երիտասարդ, նախաձեռնող եւ կիրթ: Արցախյան իրականությունը ցույց է տալիս, որ համակարգը նման սերնդին համարում է լուրջ վտանգ եւ ամեն կերպ փորձում է մեկուսացնել: Արցախյան հասարակության երիտասարդ սերնդի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ այսօր գտնվում են Երեւանում եւ ավելի հեռու, նրանց` Արցախի գործերին խառնվելու փորձերը ընդունվում են բավականին ցավոտ ձեւով եւ հիմնականում խոչընդոտվում են: Այդ սերնդի Արցախ ՚ներթափանցածՙ ներկայացուցիչներին կամ փորձում են ձուլել համակարգին կամ էլ ուղղակի ոչնչացնել` թույլ չտալով որեւէ գործունեություն:
Նոր սերունդը պետք է դաստիարակվի բուհերում, սակայն այստեղ էլ համակարգն ուշադիր է: Արցախի խոշորագույն բուհը` Արցախի պետական համալսարանը, գտնվում է տոտալ հսկողության տակ, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վերակացուներն էլ հսկում են համալսարանը` թույլ չտալով առաջադեմ դասախոսների եւ ուսանողների ազատ գործունեությանը: Այսպիսով, համակարգը ԱրՊՀ-ն դարձնում է համակարգի վերարտադրության դարբնոց եւ երկրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Անկախության տարիներին, նույնիսկ պատերազմից հետո ծնված սերունդն այսօր դաստիարակվում է այն արժեքներով, ինչ Ադրբեջանի տիրապետության տակ եղած ժամանակ: Յուրաքանչյուրն նախաձեռնողականություն, ակտիվություն, ազատության տենչ խեղդվում է, նման ցանկություն ունեցողներն արագ մարգինալացվում են եւ հռչակվում պետության, այսինքն` համակարգի թշնամի: Կրթության այլընտրանքային ծրագրերն ուղղակի կացնահարվում են, եւ ունենում ենք այն, ինչ ունենք` աղքատ հասարակություն:
Միեւնույն ժամանակ, բյուջեի հաշվին բարգավաճող բիզնեսներ ունեցող իշխանավորները նույնպես ծանր դրության մեջ են: Ոչնչացնելով տնտեսապես ակտիվ տարրերին, խլելով նրանցից բիզնեսները` իշխանավոր-գործարարները կառավարման խնդիրներ են ունենում իրենց իսկ բիզնեսներում: Օգնության է գալիս պետական բյուջեն, որն առատորեն գնում է վերջիններիս արտադրանքը, կառուցած շենքերը, ծառայությունները (էլի խորհրդային երեւույթ): ՀՀ եւ Սփյուռքի տված գումարների շնորհիվ հաջողվում է նման շռայլություն թույլ տալ: Սակայն տնտեսական վիճակի վատթարացումը Երեւանում իշխանությունը վերցրածներին դրդում է նոր միջոցներ փնտրել: Չէ՞ որ Արցախում դեռ ընդերք կա, չկտրված անտառներ, բնական հարստություն: Հարկավոր է սկսել սրանց լայնածավալ շահագործումը` անձնական հարստության նոր աղբյուրներ ստեղծելով: Անտառն իրենք էլ են ի վիճակի կտրել ու վաճառել, բայց ահա ոսկի կամ քարածուխ արտահանելու համար տեխնոլոգիաներ են հարկավոր եւ շատ գումար: Այս դեպքում օգնության են հասնում ոչ տեղական կազմակերպությունները` Արցախի իշխանություններին դարձնելով կոմպրադորային բուրժուազիա: Այսպիսի տերմինով են բնութագրվում սեփական ժողովրդին պատկանող բնական հարստություններն օտարերկրյա կազմակերպությունների միջոցով թալանող էլիտաները:
Լուծումներ: Ինչպես նշեցի, հիմնական լուծումը նոր էլիտայի ձեւավորումն է: Նոր սերունդը դեռեւս գտնվում է ՚հին սերնդիՙ ազդեցության տակ: Սա էլ հետպատերազմյան հասարակություններին բնորոշ երեւույթ է: Մեր հայրերի սերունդը հայության վերջին հարյուրամյակների լավագույն սերունդն է, որին հաջողվել է ազատագրել մեր հայրենիքի արեւելյան մասի մի հատվածը: Հետեւաբար, բավականին դժվար է նման սերնդին ՚թոշակիՙ ուղարկել: Առավել եւս, որ իշխանության մեջ են այդ սերնդի ոչ այնքան փայլուն դեմքերը, ովքեր ի վիճակի չեն հասկանալ սերնդափոխության անհրաժեշտությունը: Հետեւաբար, կռված սերնդի առաջադեմ ներկայացուցիչների օգնությամբ պետք է Արցախում ունենանք նոր մտածելակերպով սերունդ, նոր էլիտա, որն էլ թույլ կտա կարճ ժամկետում մեր հայրենիքի այս մասի հզորացումն ու հարստացումը: