Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան
Կրկնությունն ու վերհուշը նույն շարժումն են՝ միայն հակառակ ուղղություններով:
Վերհուշը մարդուն վերադարձնում է հետ, ստիպելով նրան կրկնել եղածը հակառակ հաջորդականությամբ, իսկ իսկական կրկնությունը ստիպում է հիշելով նախազգալ այն, ինչ լինելու է:
Սյորեն Կյերկեգոր
ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
19.02./03.03.1878թ.
Հոդված 16.
Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ եւ բարենորոգություններ, եւ զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից:
ԲԵՌԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
01/13.07.1878թ.
Հոդված 61.
Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից եւ քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը:
Այս երկու փաստաթղթերի նույնականությունը խաթարում է ընդամենն այն փաստը, որ երկրորդի տակ տերությունների ներկայացուցիչների ստորագրություններն ավելի շատ են, ինչն առիթ է տվել Բեռլին գնացած հայկական պատվիրակության քարտուղար Մինաս Չերազին իր «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն» բրոշյուրում տարփողել հայոց հարցի լայն միջազգայնացման մասին, եւ որ հայերին պաշտպանողն այդ պահից «մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան»: Ինչպես պաշտպանեց հավաքական Եվրոպան հայերին 1915 թվականին՝ մենք բոլորս գիտենք: Ապավինելով օտար ուժերին Սան Ստեֆանոյից մինչեւ 1921-ի թվականի Կովբյուրոի որոշում՝ մեր պատմությունը դարձավ ձախողումների համատարած մի շարան:
Շատ ավելի իրատես ու շատ ավելի զգոն է այսօրվա հայ քաղաքական միտքը, անկախ դրա մասին մամուլում հրատարակվող տարատեսակ ասեկոսներից:
1988 թվականի փետրվարից սկսած ղարաբաղյան շարժման նախաձեռնողները եւ° պատմությունը լավ գիտեին, եւ° իրենց անելիքը:
Պատմության ամենամակերեսային իմացությունն անգամ հուշում է, որ ազգերի ինքնորոշման հարցի լուծումը հնարավոր է դառնում իմպերիաների քայքայման արդյունքում: Խորհրդային երկրի քայքայման գործընթացի տրամաբանության մեջ էր այն հանգամանքը, որ անդրկովկասյան Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան հանրապետությունների անկախությանը զուգահեռ պետք է հետեւեր նաեւ ԼՂ անկախ հանրապետության հռչակագիրը: Ստալինյան ձեւարարության կեղծիքը ըստ ամենայնի ջրի երես դուրս եկավ խորհրդային կայսրության փլուզման առաջին իսկ պահից: Խորհրդային հանրապետությունների միություն կոչված շինծու կոնգլոմերատը դեռ շատ ավելի ու երկար ժամանակ է տրոհվելու: Նույնը սպասվում է Օսմանյան կայսրությանը, նույնը սպասվում է բոլոր այն երկրներին, որոնց նախագծի հիմքում դրված է ամբողջատիրությունը:
Քանի որ մեր այս զրույցի թեման Շուշին է, ասեմ, որ Արցախի Հանրապետության հին մայրաքաղաք Շուշիի ազատագրումն իմպերաների քայքայման արդյունքում ծնվող նոր պետությունների առաջացման գործընթացի կարեւորագույն հանգուցակետերից մեկն է: Դրա համար են կայսրապետությունները խառնվել իրար ու սկզբունքներ են մշակում մեկ Մոսկվայում, մեկ Մադրիդում, մեկ այլուր: Հայ քաղաքագիտական միտքն ասում է` հակահայկական են մադրիդյան սկզբունքները: Ամենեւին: Նայած ով է մեկնաբանում եւ ինչպես:
Միջազգային արդի իրավունքն ասում է «ազգի ինքնորոշում տարածքային ամբողջականության մեջ»: Իսկը Արցախի համար է գրված: Արցախի ժողովրդի ինքնորոշում՝ իրեն պատկանող պատմական տարածքային ամբողջականության մեջ: Քարտեզագրությամբ ու ուժով ազգի վզին փաթաթված կեղծ փաստաթղթերով չի որոշվում տարածքի պատկանելիությունը, ոչ էլ եկեղեցու գմբեթների տարափոխմամբ են տարածքին տեր դառնում: Հայաստանում հայաբառ տեղանուն գրեթե չէր մնացել սովետական տարիներին: Ռուսն իր հերթին էր անվանափոխում, ադրբեջանցին` իր: Եթե Ծաղկաձոր անվան թուրքերեն թարգմանությունը Դարաչիչակ է, դա դեռ չի նշանակում այդ վայրի թուրքապատկան լինելը: Նույն կերպ էլ Շուշին Շուշա արտասանելով այն ադրբեջանապատկան չի դառնա: Ոչ էլ քարտեզագրությամբ է տարածքային պատկանելիությունը որոշվում:
Տարածքի պատկանելիությունը ժառանգական է` պատմական ժառանգական: Եվ այսօր արցախցին տեր է կանգնել իր ժառանգությանը: Միջազգային իրավագետ չեմ, սակայն չեմ կարծում, թե սեփական ունեցվածքին տեր կանգնելը միջազգային իրավունքի խախտում է: Այնպես որ, մի փոքր պակասորդով իր տարածքային ամբողջականության մեջ վերականգնվել է դրա վրա ապրողի իրավունքը, ինչը թույլ է տալիս նորանկախ երկրի բնակչին ծրագրեր կազմել ու զարգանալ սեփական հայեցողությամբ: Իսկ ճանաչել, կամ չճանաչելն արդեն մնում է հարեւան ու հեռու ազգերի խղճին:
Ուսանողական Շուշի եւ բիզնես կենտրոն Ստեփանակերտ: Ես այդ կերպ եմ պատկերացնում նորանկախ երկրորդ հայկական հանրապետության զարգացման հեռանկարը: Անկախության առաջին իսկ օրից մեր ազգին առաջնորդող էլիտային ուղղված իմ բոլոր մեսիջներում, զարգացման հեռանկարի հետ կապված, միշտ հիշեցրել եմ հորիզոնական զարգացման անհրաժեշտության մասին: Մեր հակառակորդ կողմը տարածքների գրավման ռազմավարության հիմքում դրել է հենց այդ սկզբունքը. մտնում էին գյուղ, մի տունը կառուցում էին գյուղի մի ծայրին, մյուսը դրանից հարյուրավոր մետրեր հեռու: Ու իրենց ցածր կենսակերպով ստիպում ավելի ցիվիլ հարեւանին զզվել ու լքել իր տարածքը: Հայկական տեղանուն չէր մնացել Արարատյան դաշտավայրում: Էլ չխոսենք ադրբեջանացվող Արցախի մասին: Ենթակառուցվածքների ստեղծում ողջ սփռվածքով: Սա պետք է լինի մեր պետության ղեկի մոտ կանգնածի ամենօրյա հոգսը:
Երեւանի հյուսիսային պողոտայի կառուցապատմամբ Հայաստանի եվրոպականացման փորձը պետք էր սկսել Շուշիից:
Իշխանության եկած նորանկախ էլիտան ազգային ծրագրերն իրականացնելու հրամայականով իր ձեռքում կենտրոնացրեց ազգային կապիտալը: Համաձայնվեցինք, հաշտվեցինք դժվար ապրելու մտքի հետ՝ հանուն ազգային հեռանկարի: Հետո°: Շարունակությունն է արատավոր: Հիմա սպասում է ազգը, թե երբ երեւանյան փողոցները կնվաճվեն վերջնականապես, ու երբ վերջապես կապիտալը կսկսի հոսել դեպի պերիֆերիա, դեպի սահմանամերձ գոտի, դեպի Շուշի ու Ստեփանակերտ: Ես այս երկու քաղաքները դիտում եմ միշտ միասին՝ նույն ենթակառույցի մեջ, նույն զարգացման հեռանկարում, մեկը որպես հին քաղաք` դպրության կենտրոն, եւ նորը՝ որպես նորանկախ երկրի գործարարության մայրաքաղաք: Ազատագրումն ինքնանպատակ չէ:
Ազատագրական շարժումը դիսկրետ պրոցես չէ, ազատությանն ուղղված շարժումը կենսակերպ է, սիստեմատիկ կառուցողական վիճակ: Ազգային-ազատագրական նախագծի իրացման շատ տպավորիչ դրվագ է Շուշիի ազատագրումը: Մնում է ճիշտ պատկերացնել ու շարունակել անելիքը: Ազատագրման անընդհատության ըմբռնումը դաստիարակում է բնավորություն ու վարք:
Պատերազմը թելադրված անհրաժեշտություն էր, իսկ ազատագրումը կենսապայմանի ապահովության երաշխիք: Շուշիի ազատագրումը թելադրված է եղել կենսական անհրաժեշտությունից, այն նույն կենսական անհրաժեշտությունից, որից սկիզբ է առել ընդհանրապես հայ ազատագրական շարժումը: Այդ անհրաժեշտությունը զգացվել է նաեւ շատ ավելի վաղ՝ եւ° Սան Ստեֆանոյից առաջ, եւ° բեռլինյան կոնգրեսի ժամանակ, Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը կնքելիս ու 1921 թվականի բոլշեւիկյան Կովբյուրոյի որոշումը դառնորեն ընդունելիս: Գնալով դեմ հանդիման պարտադրված պատերազմին, ազատագրելով պատմական տարածքների մի մասը, հայ ժողովուրդը փաստորեն մասամբ իրականացրեց Սան Ստեֆանոյում եվրոպական պետությունների նակազը՝ ուղղված Բարձր Դռանը: Ես չգիտեմ՝ ի՞նչ են հասկացել ու ի՞նչ են հասկանում քաղաքակիրթ կոչված ազգերը Բարձր Դուռ ասելով, բայց ցանկացած ազգի, ցանկացած հավաքականության բարձրացնել կարող է միայն նրանում ծնված ու համամարդկային արժեք ստեղծած տաղանդը: Թողնում եմ մի կողմ Կ.Պոլսում ապրած ու մշակութային գլուխգործոցներ ստեղծած անձանց ու գալիս եմ Շուշիին:
Միայն Շուշիում ծնված տաղանդավոր մարդկանց գերեզմանները կլցնեին մի ամբողջ մայրցամաքի պանթեոն: Այս փաստը պետք է դնեն իրենց ճանաչողության հիմքում ղարաբաղյան հարցի կարգավորման առաքելությունն իրենց վրա վերցրած միջնորդները:
Դանիացի մտածողի ողջ ստեղծագործությունը, որի «Կրկնություն» գրվածքից մի կարճ կտոր բնաբան հանդիսացավ իմ այս մտորումներին, ձոն է փորձությունն անցնող մարդուն` Հովբ երանելուն: Հայ ժողովուրդը, արցախահայությունը հատկապես պատվով բռնեց ու անցնում է իր փորձությունը: Եվ համբերատար սպասման ու պայքարի արդյունքում ստացավ կրկնությունը: Բնաբանում ասվածն իր շարունակությունն ունի: Այն հնչում է այսպես.
«Վերհուշն ունի մի մեծ առավելություն. սկսվելով կորստից՝ այն վստահ է ինքն իր մեջ, քանի որ կորցնելու ոչինչ չունի»:
Շուշին կրկնություն է, այն կրկնությունը, որը յուրաքանչյուր մարդու ստիպում է հիշելով ապրածը` նախազգալ ու կառուցել գալիքը: