Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ստեփանակերտ
Արցախում պարբերական մամուլի սկզբնավորումը եւ հետագա զարգացումն անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը XIX դարում դարձել էր Անդրկովկասի առեւտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը եւ առանցքային դեր է խաղացել հայության հասարակական-քաղաքական ու հոգեւոր-մշակութային կյանքում:
XVIII դարի գրեթե ողջ ընթացքում Շուշին հանդիսացել է պատերազմական գործողությունների թատերաբեմ, ուստի ռազմաքաղաքական բարդ իրադրությունում մշակութային կյանքի զարգացման ասպարեզ չկար: Իրավիճակը միանգամից փոխվեց, երբ 1822 թ. վերացվեց իր գոյության կարճատեւ շրջանում Ղարաբաղի առաջընթացին խոչընդոտած ու բոլոր առումներով հետադիմական խանությունը, ինչին հետեւեց Շուշի բերդաքաղաքի կրթական-մշակութային կյանքի բուռն վերելքը, այն վերածելով տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկի: Գրեթե մեկ դար տեւած մշակութային աննախադեպ վերելքը, սակայն, ընդհատվեց 1920 թ. մարտի 23-ի սահմռկեցուցիչ դեպքերի հետեւանքով, երբ թուրք-թաթարական (ադրբեջանական) կանոնավոր զորքերի կողմից հրի մատնվեց հայկական թաղամասը՝ համամարդկային նշանակության իր հոգեւոր-մշակութային կոթողներով ու արժեքներով, իսկ դրանք տքնաջան աշխատանքով ու ստեղծագործական քանքարով արարած մարդիկ սրի քաշվեցին…
Շուշիի մշակութային ոսկեդարը հիրավի Արցախ աշխարհի հոգեւոր-մշակութային նախընթաց զարգացումների գագաթնակետն էր, դարերի ընթացքում ձեւավորված ավանդույթների տրամաբանական շարունակությունն ու խտացումը, հայկական վաղնջական մշակույթի արցախյան դպրոցի նոր խոսքը նրա ինչպես հոգեւոր, այնպես էլ նյութական ոլորտներում: Մշակութային զարթոնքի միտումները, ի շարս այլ ոլորտների, նկատելի էին նաեւ պարբերական մամուլի սկզբնավորման ու զարգացման ասպարեզում:
Անհնարին է պատկերացնել պարբերական մամուլի գոյությունն առանց Շուշիի մշակութային վերելքի կենսագրությունը սկզբնավորած գրատպության ու հրատարակչական գործի: Հայ տպագրության կարեւորագույն օջախներից մեկը՝ Շուշին, բուն Հայաստանում, ըստ հերթականության, երկրորդն էր Էջմիածնից (1771 թ.) եւ երրորդն ամբողջ Անդրկովկասում՝ Թիֆլիսից (1823 թ.) հետո: Մեսրոպատառ առաջին գիրքը՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» խորագրով, Շուշիում լույս տեսավ 1828 թվականին՝ նախորդ տարում շվեյցարացի քարոզիչների կողմից բացված առաջին տպարանում: Սկզբնական շրջանում լույս տեսած գրքերը հիմնականում եկեղեցական, կրոնական ու բարոյախոսական բնույթի թարգմանություններ էին: 1829-1830 թթ. տպարանում լույս տեսան նաեւ գիտական եւ ուսուցողական բնույթի գրքեր: 1830-ականներին Ղարաբաղի հոգեւոր առաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտը գնեց տպարանը եւ այն վերանվանեց «Հայոց հոգեւոր տեսչության տպարան»: 1830-50-ական թվականներին լույս ընծայվեցին արժեքավոր պատմական եւ բանասիրական գրքեր:
1881 թ. Շուշիում բացվեց «Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանը», որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու, Լեոյի եւ Ա. Բահաթրյանի արժեքավոր երկերը:
Հիշարժան է 1879թ. Շուշիում Տ. Նազարյանի բացած հրատարակչական գրասենյակը: Նա հրատարակել է Ն. Տեր Ավետիքյանի «Քնար խոսնակը» եւ իր թարգմանությամբ լույս է ընծայել Հ. Սենկեւիչի «Պոզնանի ուսուցչի օրագրից» պատմվածքը, որը, ի դեպ, լեհ նշանավոր գրողի հայերեն առաջին գրքույկն էր:
1905-1920 թթ. Շուշիում գործել են Բագրատ Տեր-Սահակյանի եւ Մելքոն Բաբաջանյանի տպարանները: Այսպիսով, 1828-1920 թթ. Շուշիում գործել է հինգ տպարան: Այդ ժամանակամիջոցում հրատարակվել է ավելի քան 170 անուն գիրք: Իսկ 1874 թ. սկսած մինչեւ 1920 թ. մարտը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ եւ հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, իսկ 3-ը՝ ռուսերեն:
XIX դարի 60-ական թվականներին ինչպես Ռուսական կայսրության մյուս տարածաշրջաններում, այնպես էլ Արցախում որոշակի զարթոնք ապրեց հասարակական-քաղաքական կյանքը, նկատվեց գաղափարական վերելք: Քաղաքական շարժումները, հեղափոխական տրամադրությունների աճը, առաջադեմ գաղափարներով տոգորված գործիչների աշխուժացումն իրենց բարերար ազդեցությունն ունեցան նաեւ գրականության, արվեստի, դպրոցի, մամուլի, հրապարակախոսության զարգացման համար:
138 տարի առաջ գարնանը Շուշիում լույս տեսավ «Հայկական աշխարհ» ամսագիրը, որը փաստորեն Արցախի պարբերական մամուլի առաջնեկն է: Այդ կարեւոր նախաձեռնության հեղինակը ժամանակի ճանաչված հասարակական գործիչ, խմբագիր-հրատարակիչ Խորեն Ստեփանեն էր: Թեեւ պարբերական մամուլի պատմության ուսումնասիրողների մի մասը «Հայկական աշխարհը» համարում է «Կռունկ Հայոց աշխարհի» պարբերականի շարունակությունը, սակայն փաստ է, որ նախապես ժամանակի լրատվամիջոցներում ծանուցվել էր, որ հրատարակվելու է նոր պարբերական՝ ի դեմս «Հայկական աշխարհի»: Այսպես, օրինակ, «Մշակը» 1874 թ. մարտի 14-ի համարում այդ առթիվ գրել է. «Կառավարությունից թույլատրված նոր ծրագրով այս 1874 թվի ապրիլ ամսից պետք է հրատարակվի նոր օրագիր՝ «Հայկական աշխարհ»…
Իսկ անվանի պատմաբան ու հայագետ Լեոն արձանագրել է. « Ստեփանէն Շուշում շարունակեց իր «Հայկական Աշխարհի» հրատարակութիւնը: Եւ այս առաջին անգամն էր որ Շուշում լոյս էր տեսնում պարբերական հրատարակութիւն»:
«Հայկական Աշխարհ» հանդեսի նպատակն էր տպագիր խոսքի միջոցով նպաստել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին, մարդկանց մեջ սեր արթնացնել դեպի ուսումն ու գիտությունը:
Օգտավետ նախաձեռնությունների հետեւորդներ դարձան արցախյան հետագա պարբերական հրատարակությունները՝ «Քնար խոսնակը»(1881թ.), «Գործը»(1882-1884 թթ.), «Կոկոնը»(1895-1896թթ.), «Ազգագրական հանդեսը»(1896-1916թթ.), «Աշակերտական թերթը»(1896-1897թթ.), «Կռունկը»(1898-1900թթ.), «Ղարաբաղը»(1911-1912թթ.), «Միրաժը»(1913-1917թթ.), «Աշակերտը»(1913թ.), «Միությունը»(1913թ.), «Պայքարը»(1914-1917թթ.), «Փայլակը»(1915-1917թթ.), «Ծիածանը»(1916թ.), «Ծիծաղը»(1916թ.), «Աշխատանքը»(1917թ.), «Ապառաժը»(1917թ.), «Ասպարեզը»(1917թ.), «Եռանդը»(1917թ.), «Նեցուկը»(1917թ.), «Սրինգը»(1917թ.), «Ղարաբաղի սուրհանդակը»(1918թ.), «Արցախը»(1919թ.),«Նոր կյանքը» (1919թ.) եւ այլն: Շուշիում լույս տեսած ռուսերեն երեք թերթերը՝ «Շուշինսկի լիստոկ»(1911թ.), «Շուշինսկայա ժիզն»(1913-1914թթ.) եւ «Գոլոս նարոդա»(1919թ.), տպագրվում էին հայ մտավորականների ուժերով:
Պարբերականների հրատարակումը եւ Տ. Նազարյանի կողմից հրատարակչական գրասենյակի կազմակերպումը վկայում են, որ դեռեւս XIX դ. երկրորդ կեսերից Արցախի ազգաբնակչության համար կենսական պահանջ էին դարձել տպագիր խոսքը, մամուլը, գրականությունը: Պարբերականների հրատարակումը վկայում էր, որ ցարական Ռուսաստանի այդ ծայրամասային գավառում ձեւավորվում էր առաջադիմական միտքը, աճում էին հասարակական շարժումները եւ ազգաբնակչության ազգային ինքնագիտակցությունը:
Արցախի պարբերական մամուլի պատմության մեջ 1896 թվականին նշանակալի իրադարձություն դարձավ «Ազգագրական հանդեսի» առաջին գրքի հրատարակությունը: Պատահական չէր իր բնույթով եզակի հանդեսի լույսընծայումը Շուշիում: Նրա խմբագիր-հրատարակիչը՝ բանասեր Երվանդ Լալայանը, ով ժամանակի կրթված ու զարգացած մտավորականներից մեկն էր, ուսուցչություն անելով Շուշիում՝ ձգտում էր նորընծա պարբերականի միջոցով գիտական գիտելիքներ հաղորդել մի շարք մասնագիտությունների, հատկապես ազգագրության, հնագիտության եւ բանահյուսության վերաբերյալ:
«Ազգագրական հանդեսի» հեղինակությունն ավելի է մեծանում, երբ նրան աշխատակցում են մեծանուն գիտնականներ Հր. Աճառյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Թ. Թորամանյանը եւ ուրիշներ:
1896-ից մինչեւ 1911 թ. մեզ հայտնի չէ որեւէ տպագիր օրգան, որ հրատարակված լիներ Արցախում: Ընդհանրապես, ինչպես մամուլի հմուտ հետազոտող Գարեգին Լեւոնյանն է մի առիթով նշել, 1890-1905 թթ. տխուր ժամանակահատված էր ամբողջ հայ մամուլի համար:
Միայն մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո առաջադեմ երիտասարդությանը հաջողվեց 1911 թ. հրատարակել «Ղարաբաղ» եռօրյա (երբեմն երկօրյա) թերթը, որի նպատակն էր «նախ ուսումնասիրել հայրենի երկրի ու ժողովրդի կրթական, մշակութային եւ տնտեսական դրությունը, ճանաչել այդ ժողովրդի կարիքն ու ցավը եւ ապա՝ նրա կյանքի բարվոքման թարգմանն ու ջատագովը լինել»:
XIX դ. վերջին քառորդին եւ XX դ. առաջին քսանամյակում լույս տեսած պարբերականների առանձնահատկություններից կարելի է նշել մտավորականության առաջադեմ շրջանակներին համախմբելու, ազգային հիմնախնդիրների շուրջ օգտավետ քննարկումների հնարավորություն ընձեռելու նրանց որդեգրած գիծը, հիմնականում մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ պարբերականների հրատարակումը, խիստ գրաքննության պայմաններում տպագիր խոսքը ընթերցողին հասցնելու վճռականությունը, նյութական ու տեխնիկական սուղ հնարավորությունների պատճառով ընդամենը մեկ կամ մի քանի համար տպագրելու կամ տպագրության վայրը հաճախակի փոխելու անխուսափելիությունը, հատկապես աշակերտության շրջանում խմորատիպ թերթերի լույս ընծայման արտասովոր աշխուժությունը, ռուսական կայսրությունում հասարակական-քաղաքական շարժման վերելքին ոչ միայն բուռն արձագանքելը համապատասխան հրապարակումներով, այլ նաեւ նոր պարբերականների հրատարկումով եւ այլն:
Խորհրդային իշխանության տարիներին լույս տեսած պարբերականներից կարելի է առանձնացնել «Ղարաբաղի գեղջուկը», որը դարձավ Արցախի մայր թերթը, ստանալով տարբեր անվանումներ՝ «Սովետական Ղարաբաղ», «Խորհրդաին Ղարաբաղ», «Արցախ», «ԼՂ Հանրապետություն», «Ազատ Արցախ»: Ինչպես այս, այնպես էլ խորհրդային շրջանի մյուս պարբերականները, ամբողջատիրական համակարգի կաղապարված գաղափարախոսական մամլիչի տակ անգամ, կարողացել են արցախահայության մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը եւ պատմական հիշողությունը:
Մեր հաշվարկներով, 1874-1988 թթ. ընթացքում Արցախում հրատարակվել են ավելի քան վեց տասնյակ անուն թերթ եւ ամսագիր: 1988-2012թթ. ընթացքում այդ թիվը եռապատկվել է, ընդհանուր առմամբ հատելով 180-ի սահմանը:
Անդրադառնալով Շուշիի եւ, ընդհանրապես, Արցախի պարբերական մամուլի պատմությանը, համեմատության մեջ ներկայացնում ենք նաեւ այլ լեզուներով հրատարակվածները: Արցախում լույս են տեսել ոչ միայն ռուսերեն, այլեւ, թեեւ աննշան քանակությամբ, նաեւ թուրքերեն (ադրբեջաներեն) թերթեր: Առաջին այդպիսի թերթը Շուշիում լույս է տեսել 1923թ., ընդամենը մի քանի համար եւ, բնականաբար, ոչ մեծ տպաքանակով: Մինչեւ 1990-ական թվականներն Արցախում դրանց թիվը չէր անցել 3-ից: 1932 թ. լույս տեսած «Սոցիալիստական անասնապահություն» թերթը 1960-ականներին վերանվանվել է «Շուշա», որն անկանոն պարբերականությամբ լույս է տեսել մինչեւ 1992 թ.: Տարիներ անց այն վերատպվել է Բաքվում: Դոցենտ Նարիման Զեյնալովն իր՝ «Ադրբեջանի պարբերական մամուլի պատմություն» աշխատության երկու լղարիկ պրակներում(1973-1974թթ.), ինչքան էլ ջանացել է ուռճացնել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում լույս տեսած պարբերականների թիվը, այնուամենայնիվ, այն չի անցել 16-ից: Մինչդեռ պատմության տխրահռչակ կեղծարար Զիա Բունիաթովը, փորձելով կոծկել այդ հանրահայտ փաստերը, կամայականորեն ու անհիմն կերպով տասն անգամ մեծացրել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում լույս տեսած պարբերականների թիվը:
Իրավացի են հայ պարբերական մամուլի պատմության մերօրյա ուսումնասիրողները, երբ ազատ, ժողովրդավարական մամուլի ծնունդը պայմանավորում են «վերակառուցման» քաղաքականությամբ: Իսկ հայ մամուլի պատմության նորագույն շրջանը հիրավի սկզբնավորվեց 1988 թ. համաժողովրդական զարթոնքի հորձանուտում:
Արցախյան շարժման հատկապես քաղաքական փուլում, երբ գաղափարաքարոզչական աշխատանքներ էին տարվում, զգալիորեն աճել էր տպագիր խոսքի եւ պարբերականների պահանջարկը: Ուստի պարբերական մամուլը վերածնվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ բուռն զարգացում ապրեց անկախ հանրապետության հռչակման շնորհիվ: Անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում լույս են տեսել ու շարունակվում են լույս տեսնել բազմաբնույթ՝ հասարակական-քաղաքական, գիտական, գրական-գեղարվեստական, հոգեւոր, երգիծական, կրթական, ռազմական եւ այլ պարբերականներ: Խորհրդային բռնատիրության տարիներին անկասկած մեծ վտանգ էր պարունակում «Խորհրդային Ղարաբաղում» ճշմարտությունը գրելը: Բայց 90-ականների սկզբներին արդեն տպագրվում էին իրականությանը մոտ նյութեր: Այս բացը փորձեցին լրացնել ինքնահրատ պարբերականները, ինչպես, օրինակ, «Վերածնունդը», «Ավետյաց երկիրը», որոնք տարածվում էին գաղտնաբար: Այնուհետեւ հրապարակ իջան «Ամարասը»(1989թ.), «Արցախ» հանդեսը (1989թ.), «Միացումը» (1989թ.), «Պայքարը»(1989թ.), «Արցախյան շաբաթը»(1990թ.), «ԼՂՀ ԳԽ մամլո ծառայության լրատուն» (1992թ.), «Մարտիկը»(1993թ.), «Նագորնի Կարաբախ» ռուսերեն թերթը (1994թ.) եւ այլն: «Արցախ» վերանվանված մայր թերթը դարձավ ԼՂՀ պետականության կերտման եւ արցախահայության ազատագրական պայքարի պատմության տարեգիրը, ապա եւ՝ «Մարտիկ» թերթի հետ, ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկների ու թիկունքում աներեր կանգնած մեր ժողովրդի ոգեշնչողն ու հուսադրողը, հարկ եղած դեպքում նաեւ՝ պայքարի կոչողը:
Վերջին տասնամյակում Արցախում տպագրվում են բազմաբնույթ պարբերականներ: «Ազատ Արցախ» հանրային թերթը, շրջանային «Խաչեն» (այնուհետեւ՝ «Բերդ»), «Ամարաս», «Ջրաբերդ», «Շուշի», «Դիզակ», «Ստեփանակերտ» թերթերը, գերատեսչական «Մարտիկ», «Լուսարար», «Ագրարային թերթ», «Քաղաքացիական ծառայություն», բուհական եւ գիտական «Արցախի համալսարան» (նախկին՝ «ԼՂՊ համալսարան»), «Մեսրոպ Մաշտոց համալսարան», «Հարություն», ապա՝ «Նարեկ», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր», «Լրատու», «Գանձասար», «Կրթությունը եւ գիտությունը Արցախում», «Կաճառ» պարբերականները, կուսակցությունների եւ ՀԿ-ների մամուլը՝ «Ապառաժ», «Ակունք», «Արցախի կոմունիստ», «Հայրենիք», «Հայրենյաց պաշտպան», «Հայկի սերունդ», «Գործարար աշխարհ», «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Արհմիություններ», «ԳեղԱրմ», «Հավատ», «Մշակույթ», «Արցախի կանայք», «Հույսի ճանապարհ», մանկապատանեկան «Խաչմերուկ», «Արեւիկ», «Լուսայգ» թերթերը, անկախ մամուլի ծիծեռնակները՝ «Տասերորդ նահանգը», «Դեմո»-ն, «Չտո դելատ»-ը (ռուսերեն ու հայերեն), «Անալիտիկոն»-ը եւ այլ պարբերականներ ոչ միայն շարունակում են Շուշիում ձեւավորված լրագրողական ավանդույթները, այլեւ նոր գույներով ու բովանդակությամբ են այն հարստացնում: