Մոհամադ Հոսեյին Մալաեք
“Iranian Diplomacy“, (محمد حسین ملائک) Իրան
ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո Իրանի հետ բանակցությունների հարցը սկսել է ավելի հաճախ քննարկվել ամերիկյան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ելույթներում: Վերլուծաբանները խնդիրը նույնպես չեն շրջանցում, սովորաբար քննելով հետեւյալ հարցերը.
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանում նախաձեռնած հեղաշրջումը եւ 1953 թվականին նավթն ազգայնացրած վարչապետ Մոհամադ Սոսադիկի պաշտոնանկությունը, Իսլամական հեղափոխության դեմ պայքարի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Իրանի շահին աջակցելը, Թեհրանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին պատանդ վերցնելը, Իրանի դեմ հարձակված Իրաքին ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան պետությունների ցուցաբերած աջակցությունը` երկու երկրների միջեւ տեւած ութամյա պատերազմի ողջ շրջանում, Իսրայելի անվտանգությունն ու միջազգային ահաբեկչությունը, միջուկային հիմնախնդիրն ու պատժամիջոցների հաստատումը: Որպես կանոն` նշվում է երկու երկրների միմյանց հանդեպ տածած արհամարհանքը եւ առկա հակասությունների հարթեցման ցածր հավանականությունը:
Այս իմաստով որոշ իրանցի փորձագետներ ու քաղաքական գործիչներ շեշտադրում են Միացյալ Նահանգների` Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը. նշվում է տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակի վրա Իրանի աճած դերակատարումը: Կարծիք կա, որ Վաշինգտոնը ձգտում է Թեհրանին քաղաքական գործընկեր դարձնել գոնե տարածաշրջանային հարցերում, ուստի ներկա փուլում Իսլամական Հանրապետության` ուղիղ բանակցություններից հրաժարվելը ծառայելու է հնարավոր ապագա երկխոսության ժամանակ իրանական դիրքերի ամրապնդմանը: Այնուամենայնիվ, Հաշեմի Ռաֆսանջանիից բացի իրանական պաշտոնատար անձանցից ոչ ոք լուրջ չի վերաբերվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Ռաֆսանջանիի գործողությունները (մասնավորապես` երկրի հոգեւոր առաջնորդին գրված նամակները) 1979 թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր այս ուղղությամբ իրանցիների կատարած լուրջ քայլերի միակ օրինակն են: Մյուս իրանական քաղաքական գործիչները կամ առհասարակ ծաղրում են ամերիկացիների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը` նրանց նկատմամբ նվազագույն իսկ հետաքրքրություն չտածելով, կամ, լավագույն դեպքում, կարծում են, որ այժմ դրանց համար լավագույն պատշաճ ժամանակը չէ:
Արեւմտյան փորձագետներն ու քաղաքական գործիչներն, ընդհակառակը, պնդում են, որ նախընտրելի է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսել: Դրա մասին էին խոսում Հիլարի Քլինթոնը` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց առաջ եւ ԱՄՆ փոխվարչապետ Ջո Բայդենը` վերջերս կայացած անվտանգության մյունխենյան համաժողովի ժամանակ:
Նախկինում բանակցություններ սկսելու պայմանն Իրանի դիրքորոշման փոփոխությունն էր, իսկ դրանցում Իրանի մասնակցությունը դիտվում էր որպես իրանական կողմին արված մեծ զիջում: Սակայն այժմ Բարաք Օբամայի կառավարությունը ձեռնպահ է մնում նախապայմաններ առաջադրելուց` դրսեւորելով ավելի կշռադատված մոտեցում: Իհարկե, այս դիրքորոշումը կարող է ամեն պահի փոփոխվել` ելնելով ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի նպատակահարմարայնությունից (կոնյուկտուրա):
Ի հեճուկս առաջին դեմքերի եւ քաղաքական ղեկավարության մակարդակով ուղիղ բանակցությունների բացակայության` Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ունեն խնդիրներ քննարկելու համատեղ փորձ: Հեղափոխությունից հետո սկզբնական շրջանում դեռեւս անփորձ կառավարության բանակցային առաջին փորձաքարը եղել էին Իրանում պատանդ վերցված ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին ազատելու վերաբերյալ ընթացած բանակցությունները: Անմիջական փոխգործակցության հաջորդ փուլի սկիզբն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած ռազմագործողությունն էր, երբ բանակցությունները վարվում էին քաղաքական շրջանակների, բանակի եւ անվտանգության ծառայությունների մակարդակով: Իրաքում ահաբեկչության խնդիրների հաղթահարման ոլորտում ամերիկյան զինվորականներն, ի հեճուկս իրաքյան Էրբիլ քաղաքում Իրանի հյուպատոսության աշխատակիցների ձերբակալության, Բաղդադում իրանցիների հետ մի շարք բանակցություններ են վարել: Արժե հիշատակել նաեւ ամերիկացիների հետ Իրանի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների վերջերս Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը: Այս կարգի յուրաքանչյուր նոր իրադարձություն աշխուժորեն լուսաբանվում է ԶԼՄ-ների կողմից եւ մշտապես որակվում որպես ինչ-որ խոշոր գործարք, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում:
Ո՞րն է խնդրի էությունը:
1. Իրանը, նախեւառաջ, պետք է կողմնորոշվի, թե արդյո՞ք նա համաձայն է ԱՄՆ միջոցով ավելի բաց երկիր դառնալու հեռանկարին: Ամերիկյան կողմը բացեիբաց հայտարարում է, որ Իրանի դեմ գործող սահմանափակումները նպատակ ունեն հարկադրել Իսլամական Հանրապետության ղեկավարությանը բանակցություններ սկսել: Ներկայումս իրանական միջավայրում այն կարծիքն է տիրապետում, որ անգամ եթե առկա դժվարությունների պատճառն ամերիկացիներն են, մենք կարող ենք ինքնուրույնաբար հաղթահարել դրանք դիմակայության տարբեր միջոցների շնորհիվ, ուստի բանակցություններ սկսելու ոչ մի անհրաժեշտություն չկա:
2. Ենթադրենք, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ ուղիղ երկխոսություն է սկսում: Ի՞նչ ենք քննարկելու: Ո՞ր խնդիրն է ամենակարեւորը: Ի՞նչ է պահանջում Իրանը եւ ի՞նչ է նա պատրաստ դրա դիմաց առաջարկել: ԱՄՆ եւ մյուս արեւմտյան երկրների գլխավոր պահանջն Իրանում քաղաքական վարչակարգի փոփոխությունն է: Թեեւ դրա մասին այժմ բացեիբաց չի խոսվում, երկարաժամկետ հեռանկարում նրանք հենց դրան են ձգտում: Առայժմ նրանք փորձում են հասնել մի իրավիճակի, երբ Իրանը սկսի սպառնալ Իսրայելին: Հիշյալ պահանջը տարածվում է խնդիրների մի ամբողջ շարանի վրա` սկսած ավելի հավասարակշռված մերձավորարեւելյան քաղաքականությունից մինչեւ միջուկային մշակումների դադարեցումն ու հրթիռային ծրագրի սահմանափակումը: Արդյո՞ք Իրանը պատրաստ է քննարկել այս հարցերը:
3. Ենթադրենք, որ Իրանը պատժամիջոցների մի մասի վերացման դիմաց պատրաստ է այս ուղղությամբ ընթանալ եւ որոշ զիջումներ կատարել: Այդ ժամանակ հարց է ծագում. ո՞վ, ո՞ր խմբակցությունը կամ կուսակցությունն է ցանկանում կամ ունակ է նման բանակցություններ վարել: Իրանի քաղաքական վերնախավի ո՞ր ներկայացուցչի հետ են պատրաստ երկխոսել արեւմտյան պետությունների ներկայացուցիչները:
4. Ժամանակի ընթացքին զուգահեռ` Իրանի քաղաքական վարչակարգի էությունն ու ռազմավարությունը տարբեր կառույցներին պատկանող իշխանության մասնաբաժինը կենտրոնացրել են մեկ տեղում, հետեւաբար ընտրություններն ու վերադասավորումները դատական եւ օրենսդիր մարմիններում, որոնք ժամանակին կարող էին բանակցությունների համար նախադրյալներ ստեղծել, այժմ Իրանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի վրա չեն ազդելու:
Վերոշարադրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ իրանական կողմը պատրաստ է ներկայացնել իր խնդիրների ցանկը, բայց ներկա փուլում Միացյալ Նահանգների պահանջներին ի պատասխան զիջողականություն դրսեւորելու ոչ մի հնարավորություն չունի:
Նոր վերադասավորումներն ամերիկյան կառավարությունում ստեղծված իրավիճակի վրա նույնպես էականորեն չեն ազդելու: Նորերս նշանակված ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ամերիկյան կոնգրեսում ունեցած ելույթում նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը վճռական է լինելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կասեցնելու հարցում` ընդհուպ մինչեւ ռազմական ուժի կիրառումը: Անվտանգության մյունխենյան համաժողովում Ջո Բայդենը զգուշացրել է Իրանի հետ դիվանագիտական բանակցություններ վարելուց հրաժարվելու հնարավորության վերաբերյալ, իսկ Իրանն, իր հերթին, հայտարարել է ուրանի հարստացման Նաթանզի գործարանում ցենտրիֆուգների հզորությունները մեծացնելու ծրագրերի մասին: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Իրանն ու Միացյալ Նահանգները չեն նահանջում իրենց զբաղեցրած դիրքերից` ապավինելով հակառակորդի ամբողջական կապիտուլյացիային:
Հրապարակման բնագիրը` Inosmi.ru/asia/20130209/205672262.html