Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման թեմայի հայտնվելը Ադրբեջանի քաղաքական օրակարգում մերկացնում է նրա մտադրությունները։ Բայց ո՞րն է Ադրբեջանի կտրուկ շարժումների պատճառը։ Կարծես թե հակամարտությունն ավարտվել է, ինչպես հայտարարում է այդ երկրի ղեկավարությունը։
Սակայն կա մի կարևոր հանգամանք. Լեռնային Ղարաբաղը չի ընդունում Ադրբեջանի իշխանությունն իր նկատմամբ և մերժում է Ադրբեջանին ենթարկվելու բոլոր պահանջները։ Ընդսմին՝ հայտարարում է, որ իր կարգավիճակի հարցը Ադրբեջանին չի վերաբերում։ Իրավիճակը պարզերից չէ։ Փորձենք վերլուծել։
Հայաստանի Հանրապետության հրաժարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցի այժմեականացումից, որին հետևեց կարգավորման խնդրի քննարկումից հրաժարվելը, ստիպեցին Ադրբեջանին գնալ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցությունների։
Ադրբեջանը փորձում է հնարավոր բանակցությունների էությունը ներկայացնել Ղարաբաղի հայերի՝ որպես շարքային քաղաքացիներ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրման բանակցություններ։
Սակայն իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն սահմանելու որևէ լծակ չունի (ռազմական տարբերակը, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայության պատճառով, խնդրահարույց է)։
Լեռնային Ղարաբաղին վերջնագիրն ընդունելուն պարտադրելու միակ մեխանիզմը ուժայինն է (տրանսպորտային և էներգետիկ շրջափակում, ահաբեկչական ակտեր բնակչության նկատմամբ, զինված սադրանքներ)։
Իրավիճակը պատային է թվում։ Սակայն Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցերը օդում թևածում են և ոչ մեկին հանգիստ չեն տալիս։ Հետևաբար, տեղի ունեցողը իմաստավորելու կարիք կա։
Այս առումով հարկ է առանձնացնել հետևյալը.
– Ադրբեջանական Հանրապետության կազմավորման պահից Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չի ունեցել այդ պետական կազմավորման հետ,
– Լեռնային Ղարաբաղի հայերը չեն մասնակցել Ադրբեջանական Հանրապետության կազմավորմանը,
– Լեռնային Ղարաբաղին հավակնող Ադրբեջանն իր կազմավորման պահից չի կարողացել վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա,
– Առաջին ղարաբաղյան պատերազմում պարտություն կրելուց հետո՝ 1994 թվականին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է իբրև հակամարտության լիիրավ կողմ՝ նրա հետ հրադադար կնքելով,
– «Մեծ քաղաքական պայմանագրի» վերաբերյալ 1994 թվականի հետպատերազմյան բանակցություններն էլ եռակողմ էին՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով։
Մինչև 2020 թվականի պատերազմը կար հակամարտության կողմերի ընդունած՝ ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խմբի առաջարկը, որում առկա էր կոնսենսուս այն հարցի վերաբերյալ, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի՝ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցություններով»։ Նման ձևակերպումն օրենք էր աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։
2020 թվականի պատերազմը փոխեց այս իրավիճակը։ Ադրբեջանը հայտարարեց, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է ռազմաքաղաքական ճանապարհով, իսկ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Մինսկի խմբից էլ հրաժարվեց։
2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ոչ մի նոր բան չավելացրին. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կարգավիճակի հարց չի շոշափվում, իսկ առանցքային երկրները շարունակում են պնդել, որ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ դրա կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմամբ։
***
Ստացվել է այնպես, որ Ադրբեջանն այժմ համաձայն չէ միջազգային հանրության հետ։ «Մեր հողերի օկուպացիայի» քառորդդարյա փաստարկը նա արդեն սպառել է։ Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայության ժխտումը ոչնչի չի հանգեցնում։ Մնացել է միայն Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելը». Ադրբեջանի այս դիրքորոշումը շանտաժով և բազմակողմանի ճնշմամբ վերջնագրի պրակտիկայի տիպիկ օրինակ է։ Այդ քաղաքականությունը հիմնված է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու թեզիսի վրա։ Իրականում այն հիմնված է աշխարհի շատ երկրների կողմից նման քաղաքականությանն աջակցության վրա։
Հասկանալի է, որ Արցախի համար դա անընդունելի է այն պատճառով, որ նման քաղաքականության նպատակը ոչ թե ինտեգրացիան է, այլ սեփական հայրենիքից հայերին վտարելը։ Ինչպիսի՞ն պիտի լինի Արցախի Հանրապետության փաստարկը նման իրավիճակում։
Փաստարկը պարզ է՝ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա նրա համար, ինչի իրավունքն ունի և չհավակնի նրան, ինչի իրավունքը չունի։
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ուղիղ հետևանք է 1991 թվականին ԽՍՀՄ սահմանադրության չեղարկման։ Հետխորհրդային տարածքի ազգային-տարածքային սահմանազատման այդ իրավաքաղաքական հիմքի վերացումը բոլոր ժողովուրդներին ստիպեց ձևավորել իրենց ազգային նախագծերը՝ ազգային պետություններ ստեղծելու ճանապարհով։
Այդ նոր պետական կազմավորումների ձևերի և սահմանների վերաբերյալ տարաձայնությունները չէին կարող հակամարտություններ չառաջացնել։ Այդ հակամարտությունների կարգավորման համապարփակ սանդղակ մշակելու նպատակով նախկին խորհրդային երկրների մեծամասնությունը ստեղծեց նոր միավորում՝ Անկախ Պետությունների Համագործակցություն՝ խորհրդային նախկին վարչական սահմանները իբրև նոր կազմավորումների պետական սահման ճանաչելու պայմանով։ Տվյալ մոտեցումը տեղային իմաստ ուներ, քանի որ միջազգային իրավունքում նման կանոն չկա։ Այսուհանդերձ, աշխարհի երկրների մեծ մասը համաձայնեց այդ մոտեցմանը և ճանաչեց նոր պետությունների անկախությունն ու նրանց անդամակցումը ՄԱԿ-ին։
Նման մոտեցումը ոչ միայն չվերացրեց հակամարտությունները, այլև բորբոքեց դրանք, քանի որ միջազգայնորեն ճանաչված կազմավորումները համարեցին, թե իրավունք ունեն ուժ կիրառել այն սուբյեկտների դեմ, որոնք համաձայն չէին նոր հետխորհրդային իրողությունների հետ։ Նման սուբյեկտներ էին Խորհրդային Միության նախկին ինքնավար կազմավորումները։ Այդ բորբոքված հակամարտություններում «չհամաձայնվողները» հաղթանակեցին, ինչի հետևանքով երևան եկան զանազան «ստատուս-քվո» -ներ, որոնք գոյություն ունեն մինչև այսօր։ Այդ «ստատուս-քվո» -ների շուրջ ձևավորվեց միջազգային շահերի հեղհեղուկ հաշվեկշիռ, ինչը ձևավորված քաղաքական իրողությունների որոշակի կայունություն ապահովեց ։
Փաստ է, որ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի մեխանիկական փոխադրումը հետխորհրդային տարածք կտրուկ թուլացրեց դրանց կարգավորիչ ընդունակությունները, ուժեղացնելով պետությունների ազգային շահերի վրա հիմնված դիրքորոշումները։ Այս կամ այն խնդրի միջազգայնորեն ճանաչված կամ չճանաչված լինելը մեծ դեր է խաղում, ինչպես և միջազգային ցանկացած սկզբունք։ Հակամարտության ցանկացած կողմ ընդունակ է համոզիչ փաստարկելու իր դիրքորոշումն ու գործողությունները։ Հետևաբար, ամեն ինչ սկսում է լուծել ուժը, առաջին հերթին այն ուժը, որին աջակցում է ինքնիշխան պետությունների լայն կոալիցիան։
Քանի որ Լեռնային Ղարաբաղը ստիպված է բոլոր նման սուբյեկտներից ավելի ակնառու կրել «գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանի» վայրիվերումները, ապա նրա պատմության ներկա ծանր պայմաններում ամենագլխավոր հարցն այն է, թե ում հետ և որպես ինչ է կարող Արցախը խոսել իր կարգավիճակի հարցով։ Չէ՞ որ Արցախի բոլոր խնդիրները ծագել են հենց վերը հիշատակված՝ միջազգային իրավունքի սկզբունքները մեխանիկորեն հետխորհրդային տարածք տեղափոխելու պատճառով։ Ընդ որում, տեղափոխելը կատարվեց մի ժամանակաշրջանում, երբ Յալթա-Պոտսդամյան նմուշի միջազգային աշխարհակարգը խորը ճգնաժամ էր ապրում։ Միակ ազդեցիկ գործոնը այդ ժամանակաշրջանում ճանաչված կամ չճանաչված լինելն է։ Այլ թեմաների մասին խոսելն անիմաստ է։ Հետևաբար, Արցախի համար իմաստ ունեն միայն միջազգային հանրության հետ բանակցությունները։
Իսկ ի՞նչ անել, երբ ինքը՝ միջազգային հանրությունն Արցախին ուղղորդում է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Իրավիճակը բարդ է, սակայն այստեղ էլ պետք է միջազգային հանրության հետ խոսել նման բանակցություններ վարելու երաշխիքների թեմայով։ Այստեղ Արցախն ասելիք ունի. ժամանակին Ադրբեջանական Հանրապետությունն իբրև ինքնիշխան պետություն ճանաչած միջազգային հանրությունը (ի դեմս ԵԱՀԽ-ի) նրա առաջ պայման էր դրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայությունը և պարտավորություն վերցնել լուծելու այն խաղաղ ճանապարհով։ Սակայն անցած տասնամյակներում նույն այդ միջազգային հանրությունը չի դատապարտել Ադրբեջանին՝ ստանձնած պարտավորությունները բազմիցս խախտելու համար։ Դրա փոխարեն, շատ հետևողականորեն Լեռնային Ղարաբաղից պահանջել է որոշ տարածքներ վերադարձնել Ադրբեջանին՝ վստահեցնելով, որ հենց դա է հակամարտության կարգավորման պայմանը։ Այն, որ Լեռնային Ղարաբաղն այդ տարածքները որակում էր իբրև անվտանգության գոտի, մերժվում էր առանց քննարկման։ Ի հետևանս դրա՝ նույն այդ միջազգային հանրությունը կանգնած է շրջափակված Լաչինի միջանցքի շեմին՝ թախանձագին խնդրելով, որ Ադրբեջանը բացի այն Լեռնային Ղարաբաղի համար։ Առավել անհեթեթ են Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու կոչերն՝ ուղղված Ադրբեջանին։
Հասկանալի է, որ Արցախին անհրաժեշտ է փոխել իր հակառակորդների և գործընկերների ներկայիս մոտեցումները։ Ձևավորված պայմաններում հնարավոր չէ ապահովել ոչ միայն խաղաղ գոյակցությունը, այլև որևէ գոյակցություն։ Պետք է նոր իրավիճակ, որն ընդունակ կլինի ստիպել Ադրբեջանին հրաժարվելու վերջնագրերի և ուժային ճնշման քաղաքականությունից։ Չէ՞ որ բացի տարածքային ամբողջականության սկզբունքից միջազգային պրակտիկայում կա նաև ուժի կամ սպառնալիքի չկիրառման սկզբունքը, վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, Միջազգային իրավունքի ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու սկզբունքը։ Ահա սա է միջազգային հանրության հետ Արցախի բանակցությունների թեման։ Թող համոզեն Ադրբեջանին։
Չպտք է մոռանալ, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները միշտ հենվում էին միջազգային հանրության դիրքորոշման վրա: Որևէ այլ փաստարկ այդ երկիրը չի ունեցել։ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տվել է միջազգային հանրությունը՝ ելնելով իր շահերից, այլ ոչ թե միջազգային իրավունքից։ Թող հիմա իմաստավորի այդ հանգամանքը։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան