Օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստատեսությունում դրական նշանով արտահայտվածների շարքում մնացածից էականորեն առաջ են եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները, պետական գործիչները: Հեռուստաընկերություններում նրանք միասնաբար կազմել են բոլոր «խոսող գլուխների» 1/3 մասը (32%): Օրինակներ կարելի է բերել ինչպես Ազգ-բանակի պաշտոնական ընդունման մասին օրվա լրատվությունից, այնպես էլ մեդիային տված հարցազրույցների շարքերից: Այս առումով առանձնանում են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է նաև Ազգ-բանակի խնդիրներին («Բանաձև», 15.12.2017), պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հենց այս թեմաներով բացառիկ հարցազրույցները «Արմենիայի» («Ռ-Էվոլյուցիա», 29.10.2017) և «Շանթի» եթերում («Հեռանկար», 23.12.2017):Հայեցակարգի մասին բացասական նշանով արտահայտված անձինք օնլայն ԶԼՄ-ներում հասարակական/մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ են եղել, կամ առանձին փորձագետներ: Հեռուստաընկերություններում՝ Ազգ-բանակի այս կամ այն դրույթի նկատմամբ բացասաբար արտահայտվածների շարքում դարձյալ առաջին տեղում այս խմբի ներկայացուցիչներն են: Թեև, ի տարբերություն օնլայն մեդիայի, հեռուստաընկերություններում ոչ պետական և ոչ քաղաքական սեգմենտների ներկայացուցիչները նաև մոտավորապես նույնքան դրական գնահատականներ են տվել հայեցակարգին: Ընդգծենք, որ առաջին պարագայում հասարակական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչների եթերում հնչած քննադատական խոսքը մեծ մասամբ կապված է եղել օրվա լրատվության հետ: Իսկ դրական կարծիք հայտնողները մեծ մասամբ հեռուստատաղավարներ հարցազրույցների հրավիրված հյուրերն են եղել:
Հայաստանյան քաղաքական ուժերից թե՛ օնլայն ԶԼՄ-ներում, թե՛ հեռուստահաղորդումներում Ազգ-բանակի առնչությամբ արտահայտվածները գլխավորապես եղել են խորհրդարանական կուսակցությունների, խմբակցությունների ներկայացուցիչները: Օնլայն ԶԼՄ-ներում նրանց ռեյտինգն ունի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՀԿ (5,5%), Ելք (4,5%), Ծառուկյան դաշինք (0,9%), ՀՅԴ (0,4%): Հեռուստատեսությունում այս հերթականությունը պահպանվել է:
Ի տարբերություն հեռուստաընկերությունների, օնլայն ԶԼՄ-ներում բանակի թեմայով արտահայտված արտախորհրդարանական ուժերն ավելի շատ են՝ Երկիր Ծիրանի կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Առաքելություն կուսակցություն, Ազգային պետություն կուսակցություն, ՀԱԿ:
Հեռուստատեսությունում եթերում հնչել են միայն երկու (Երկիր Ծիրանի և Ժառանգություն) կուսակցությունների կարծիքները բանակի խնդիրների մասին: