Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչեւ կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետեւ ամբողջ էներգիան կլանեց շչակը»:
Այս զվարճապատումի իմաստն արդիականանում է նաեւ այսօրվա Հայաստանում: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին անցկացված հանրահավաքից հետո, ինչպեսեւ սպասվում էր, գնահատականների հորդահոս ալիք բարձրացավ հռետորի հնչեցրած թեզիսների եւ, առհասարակ, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետք է ասել, որ գնահատականների ողջամտության աստիճանը` որտեղից էլ դրանք հնչած լինեն, կտրուկ բարձրացել է: Հնարավոր է` դա պայմանավորված էր հենց վարչապետի արտահայտած համարձակ գաղափարների փաստով: Ամեն դեպքում մենք գործ ունենք երկրի հետագա ճակատագրի թեմայով լուրջ բանավեճի կայացման հնարավորության հետ, ինչը ինքնին կարեւոր է:Համենայն դեպս` ե´ւ վարչապետը, ե´ւ երկրի հասարակությունը ցուցաբերում են առասպելներին չտրվելու գայթակղություն` որտեղից էլ դրանք բխեն:
Ո´չ «հակահեղափոխության» սպառնալիքի մասին հոգնեցրած առասպելը, ո´չ էլ կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքարում նոր կառավարության թռիչքաձեւ հաջողությունների մասին առասպելները չեն հուզում մտածող մարդկանց: Նրանց հետաքրքրում է բարեփոխումների ռազմավարության թեման, իսկ ավելի հաճախ` նման ռազմավարության բացակայության թեման: Դատելով հնչեցվող գնահատականներից, շատերը վարչապետից ելույթ էին ակնկալում հենց այդ թեմայով: Ակնկալում էին, բայց լսեցին, առաջին հերթին, երկրում ուղիղ ժողովրդավարության ինստիտուտի արմատավորման, ինչպես նաեւ անցումային արդարադատության կիրառման մտադրությունների մասին ոչ այնքան սովոր ռազմավարություն: Շատերն այդ գաղափարները դիտարկում էին որպես մարդու իրավունքների պետական հաստատությունների սպառնալիք: Մյուսները դրանցում պետականակերտման գործում արմատական փոփոխությունների նախանշաններ էին տեսնում: Սակայն կառավարության ուղեգծի գնահատման հարցում որոշակիությունը դրանից չէր ավելանում:
Պետք է ասել, որ «հակահեղափոխության» սպառնալիքի մշտական շրջանառման հենքին երկրում ձեւավորվել է ողջամիտ բանավեճերի համար ոչ այնքան նպաստավոր մթնոլորտ: Վարչապետ Փաշինյանի առաջարկությունները կշեռքի նժարներին դնելու, առավել եւս քննադատության ենթարկելու ցանկացած փորձ առաջ է բերում նրա կողմնակիցների հախուռն ժխտողականությունը: Ցանկացած քննադատության ետեւում նրանք տեսնում են նախկին վարչակարգի «ականջները» եւ ոչ ավելին: Դրան օժանդակում են Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտնի ջատագովների ակտիվ հայտարարություններն ու գնահատականները, որոնք ստիպված են (ի դեպ, միանգամայն ճշգրիտ եւ արհեստավարժորեն) ուռճացնել ազատ խոսքի սահմանափակման եւ մարդու իրավունքների ոտնահարման թեմաները: Այդ գործիչների կերպարների լիակատար արժեզրկման պայմաններում արժեզրկվում են նաեւ նրանց արտահայտած գնահատականները: Ստեղծվել է «կառավարիչ-ծաղրածու» պատմական գծապատկեր հիշեցնող մի իրավիճակ: Կառավարիչների քննադատությունը դարձնելով ծաղրածուների բացառիկ իրավունքը, առաջինները ցանկացած ազնվականի արգելում էին կառավարչի մեղքերի մասին ասել ճշմարտությունը: Վերջինս պարզապես ռիսկի է դիմում հասարակության մեջ ձեռք բերել ծաղրածուի համարում, եթե մտածեր կառավարչի մասին ասել ճշմարտությունը:
Չհասկացված լինելու վտանգ գոյություն ունի նաեւ Նոր Հայաստանի մի շարք լավատեղյակ մասնագետների համար: «Հակահեղափոխության» ուրվականի մշտական թմբկահարումը կարող է դառնալ երկրում առաջադիմական միտումներն արգելակող գործոն: Նոր կառավարությունը կարող է ինդուլգենցիա ստանալ սեփական չհիմնավորվածության եւ պետական շինարարության ռազմավարություն մշակելու անկարողության համար: Կառավարության գործունեությունը հանգելու է զանգվածային միջոցառումների պարբերական ակցիաների, որոնց համար հեղափոխության ողջ էներգիան հաստատ «շչակն է կլանելու»: Երկրի հանրությունն այդ առնչությամբ մտածելու բան ունի:
Մանվել Սարգսյան, ACNIS.am