2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության տարելիցը, հայտարարություն, որն իբր ազդարարել է ղարաբաղյան հակամարտության հերթական զինված փուլի ավարտը, ակամա ստիպում է որոշ եզրահանգումներ անել և առանձնացնել հետպատերազմական առաջին տարվա «չոր մնացորդը», մասնավորապես՝ հակամարտության սկզբից ևեթ մեկնարկած և ցայսօր շարունակվող բանակցային գործընթացում։
Անկասկած, համարյա երեք տասնամյակ տևած բանակցային գործընթացը հռչակված նպատակներին չի հասել, և 44-օրյա պատերազմի փաստն ինքնին ասածիս ուղիղ հաստատումն է։ 2016 թ. ապրիլյան պատերազմից անցած ժամանակը նույնպես կորսված հնարավորությունների տարիներն էին, որոնք ոչ մի շտկում չեն մտցրել ո՛չ մոտեցումների, և ո՛չ էլ գործընթացի օրակարգի մեջ։
Իրոք, պատերազմը հաճախ և առաջնահերթորեն դիվանագիտության, քաղաքական գործիչների և դիվանագետների ձախողման արդյունք է։ Այս հոդվածը նպատակ չունի վերլուծելու այս պատերազմն ամենաճակատագրորեն կանխորոշած քայլերը. դրանք առանձին քննության առարկա են։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բանակցային ողջ գործընթացն արտացոլում է ԽՍՀՄ անկումից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգում տասնամյակներ տիրած անորոշությունը, երբ Երկրորդ Աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտներն արդեն չեն արտացոլում ժամանակակից աշխարհի իրողությունները, մինչդեռ նորերը դեռևս չկան։
Այսպիսով, ի՞նչ ունենք մենք տարածաշրջանում 2020 թ. պատերազմի հայտնի արդյունքներից հետո։
Նախ և առաջ՝ Հայաստանն ու միջազգային հանրությունն արձանագրում են, որ, այո՛, պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը մնացել է չկարգավորված. այն չի կարգավորվի և չի վերանա, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որից էլ, ըստ էության, ծագել է այս հակամարտությունը դեռևս ԽՍՀՄ մայրամուտի շրջանում։ Ընդ որում՝ միայն Բաքուն է հակառակը պնդում, իսկ Անկարան, թեև չի երկրորդում Ադրբեջանին, բայց ամեն կերպ և ամեն ինչում սատարում է «կրտսեր եղբորը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բնականոնացումն առաջադրելով որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնացման նախապայման։ Այժմ, ըստ էության, լիարժեք բանակցային գործընթաց չկա, այն դեռ սպասվում է։
Երկրորդ. որպես առաջին կետի հետևանք, այսինքն՝ «կոնսենսուս մինուս Ալիև». ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը (ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի), ի հեճուկս մեծապես փոփոխված պայմանների, շարունակում է գործել և իր առաքելությունը կատարել։ Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես զանազան հանդիպումների են մասնակցում, մասնավորապես՝ համանախագահների մասնակցությամբ Նյու-Յորքում, ՄԱԿ Գլխավոր համաժողովի շրջանակներում, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ։ Նաև Փարիզում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ներկա է եղել ֆրանսիացի նոր համանախագահ Բրիս Ռոքֆեյը։ Ռուսաստանը նույնպես փոխել է իր համանախագահին. այժմ ՄԽ ձևաչափում երկիրը ներկայացնում է Իգոր Խովաևը։ Կարևոր է ընդգծել, որ իր եզրափակիչ հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջում է ապահովել տարածաշրջանի մատչելիությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում և հենց իր համար, անդրադառնում է պատմամշակութային ժառանգության պահպանման և մարդասիրական հարցերին։ Այս ամենն, անկասկած, միտված է պատերազմից հետո պահպանված լարվածությունը մեղմելուն։ Մյուս կողմից՝ «հաղթողները» ղարաբաղյան հիմնախնդիրը ջանում են «արդեն կարգավորված» ներկայացնել։ Այսպիսով, գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի քննարկել հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակի հարցը և խնդրի լուծման գլխավոր խոչընդոտը՝ Իլհամ Ալիևի վարչակարգը։
Երրորդ. 44-օրյա պատերազմը միջազգային օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանանշման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, որոնք, իրենց հերթին, մի շարք նոր հարցերի են ծնունդ տվել։ Մասնավորապես, մեր տարածաշրջանում, որում ոչ մի միջպետական սահման ամբողջությամբ սահմանազատված ու սահմանանշված չէ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սույն գործընթացը շատ բարդ, ցավոտ ու երկարատև է լինելու՝ հաշվի առնելով կողմերի միջև փոխադարձ նվազագույն իսկ վստահության մթնոլորտի բացակայությունը։ Ապաշրջափակման հարցը շաղկապվում է այսպես կոչված «Մեղրու միջանցքի» հարցին, որն Ադրբեջանի ընկալմամբ ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ՀՀ ինքնիշխանության և պետական վերահսկողության նվազեցում կամ ամբողջական վերացում։ Պաշտոնական Երևանը կտրականապես մերժում է վարել Ադրբեջանի օգտին սեփական տարածքի մի մասի օտարում նախատեսող «միջանցքային տրամաբանությամբ» որևէ քննարկում։ Չէ՞ որ դեռևս ԽՍՀՄ ձևավորման տարիներին Մոսկվան Ադրբեջանի օգտին Հայաստանից բազմաթիվ տարածքներ է օտարել։ Սակայն Բաքուն, օգտվելով հայերի հետպատերազմական թուլությունից և հոգեբանական ծանր մթնոլորտից, փորձում է Հայաստանից կորզել ամեն հնարավոր բան՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի։ Այս հարցերի լուծման համար Երևանի և Բաքվի մասնակցությամբ եռակողմ ձևաչափ նախաձեռնած Ռուսաստանը չի թույլատրում այլ՝ այդ թվում և միջազգային սուբյեկտներին, օրինակ՝ ԵԱՀԿ-ին տարածաշրջան մուտք գործել և մասնակցել վճռորոշ որոշումների ընդունման բանակցություններին։ Ռուսաստանին ավելի անհրաժեշտ է գործընթացը, քան արդյունքը, որովհետև չհանգուցալուծվող գործընթացը հարմար «կեռիկ» է, որից դյուրին է երկու կողմին էլ կախել։ Այդուհանդերձ, սա միակ ուղղությունն է, որտեղ կարելի է գտնել շահերի ընդհանրություն և խնդիրներն իրարից «տարանջատել»՝ փորձելով դրանց լուծումն առանձին-առանձին գտնել՝ հակամարտության կողմերի միջև արժեքների ընդհանրության իսպառ բացակայության պայմաններում։ Ադրբեջանը հետխորհրդային տարածության ամենակոշտ բռնապետական վարչակարգերից է։ Բացակայում է նաև 90-ական թվականներին Բալկաններում ԱՄՆ-ի պես կարգավորման ուժեղ և առատաձեռն առաջնորդ-բարեգործը։
Չորրորդ. թե՛ պատերազմը, և թե՛ հետպատերազմական զարգացումները, մասնավորապես՝ մայիսի 16-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարի Բաքու կատարած այցին անմիջապես հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի Սև լճի հատվածում իրավիճակի սրացումը ցույց են տվել, թե առասպելների և նախապաշարմունքների ինչպիսի «փոսում» էր գտնվում հայաստանյան հասարակությունը ողջ հետխորհրդային շրջանում։ Պարզվեց, որ ՀԱՊԿ-ն, որի հիմնադիրներից էր նաև Հայաստանը, անիմաստ բուտաֆորիա է, որում մենք դաշնակիցներ չունենք և որում Հայաստանի տարածք ներխուժումն ընկալում են որպես «միջամտություն չպահանջող սահմանային միջադեպ»։ Ավելին՝ մեր «դաշնակիցներն» առանց ավելորդ նրբանկատության ջերմորեն շնորհավորել են իրենց «եղբայր» դաշնակից Ալիևին՝ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Այսպիսով, անվտանգության, արտաքին քաղաքականության, պաշտպանության մասին մեր պատկերացումների փլատակները, որոնց պատկերը մեր առջև է բացվել 2020 թ. նոյեմբերի 9-ին, ստիպում են մեզ հրատապ քայլեր ձեռնարկել հայկական բանակն ու մեր ողջ քաղաքականությունը վերափոխելուն միտված։ Սակայն դեռևս հստակ չէ, թե դրանք որ ուղղությամբ պետք է վերափոխվեն։ Չէ՞ որ ռուսական սպառազինությունը և ռուսական ռազմական մտածողությունը բացահայտել են իրենց կատարյալ սնանկությունը, իսկ պաշտպանական համագործակցության նոր ուղղությունները դեռևս գործարկված չեն։
Հինգերորդ. համավարակի պայմաններում, երբ միջազգային հարաբերություններն «առցանց ռեժիմի» են անցել, ավտորիտար վարչակարգերի համար ջերմոցային պայմաններն են ստեղծվել՝ ամրանալու և հետխորհրդային տարածության դեռևս փխրուն ժողովրդավարությունները հիբրիդային ոտնձգությունների ենթարկելու համար։ Հենց սա է ստիպել Եվրամիությանը սկսել ԵՄ Արևելյան գործընկերության անդամ֊երկրների՝ այդ թվում և Հայաստանի լայնածավալ ֆինանսավորումը։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի սույն թվականի դեկտեմբերին։ Ինչ խոսք, 2,6 միլիարդ եվրոն պատկառելի գումար է, որը դրական ազդեցություն կգործի երկրի տնտեսությունը, ենթակառուցվածքներն ու հաստատություններն արդիականացնելու համար։ Անկասկած, սա չի կարող չազդել Հայաստանի հնարավորությունների վրա՝ բացելու բանակցային գործընթացի «հանգույցները»։
Վեցերորդ. Հարավային Կովկասում զարգացումներին զուգահեռ «դաշնակից» Բելառուսի Լուկաշենկոյի ավտորիտար վարչակարգը, որն, ի դեպ, նույնպես հաղթանակի առթիվ շնորհավորել է Ալիևին, այնպիսի չարորակ այլափոխություններ է կրում, որոնք կարող են ապակայունացնել հարևան՝ այդ թվում և ԵՄ մաս կազմող երկրները և մեծացնել Մոսկվայի առանց այդ էլ անսանձ նորակայսերական ախորժակը՝ «միութենական պետության» ստեղծման, իսկ գործնականում՝ Բելառուսի անշլյուսի մասով։ Ակնհայտ է, որ «եղբայրության» հերթական զոհ դառնալու հերթը Հայաստանինն է, թեև ՌԴ ԱԳՆ-ն հատուկ ժխտում է նման մտադրություններ ունենալու փաստը։ Այս համապատկերում տարածաշրջանային խնդիրները «կարգավորելու» համար սանձազերծված «ձևաչափերի պատերազմը», Հայաստանի սուբյեկտայնության օրինաչափ նվազումը, տարածաշրջանից Արևմուտքը դուրս մղելուն և դրա մաս կազմող երկրների ինքնիշխանազրկմանը միտված և Ռուսաստանի կողմից լիովին սատարվող «3+3» ձևաչափը չափազանց բացասական ազդակ է, հատկապես՝ Հայաստանի քաղաքական դաշտում ի վնաս հայկականի ռուսական շահերը հետապնդող պրոքսի-միավորների առկայության պարագայում։
Իհարկե, սա պատերազմի արդյունքներով տարածաշրջանում ստեղծված իրողությունների ամբողջական պատկերը չէ։ Տարածաշրջանում այժմ առկա պայմաններն ու ստեղծված անվտանգության միջավայրն էապես փոփոխվել են, բայց հին և չլուծված «բանակցային հանգույցներին» ավելացել են նորերը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը նոր իրողություններում կարևոր գործոն է դարձել, սակայն այն չի կարողացել լուծել անգամ հայ ռազմագերիների հարցը։ Հայաստանն ու իր ժողովրդավարական կառավարությունը ստիպված կլինեն այսքանը հաշվի առնել և անհրաժեշտ եզրահանգումներ անել, որոնք էլ հետագա քայլերի հիմք կլինեն։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության
հարցերի հայկական ինստիտուտի հետազոտությունների համակարգող
Երևան