Լիանա ԲԱՂԴԱՍԱՐՈՎԱ
Որքա՞ն հաճախ է մեզանից յուրաքանչյուրը հանդիպում ուրիշներին չնմանվող երեխաների։ Ամեն ոք հետահայաց կհիշի այդպիսի աշակերտի կամ աշակերտուհու իր իսկ դասարանում կամ դպրոցում ընդհանրապես։ Ի՞նչ ապրումներ և խնդիրներ են ունենում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաները հասարակությունում և դպրոցում։ Արդյո՞ք նրանք անհրաժեշտ ուշադրության են արժանանում։ Արդյո՞ք մասնագետները փորձում են յուրաքանչյուրի հանդեպ անհատական և ուրույն մոտեցում դրսևորել, չէ՞ որ ամեն մարդ յուրովի շատ տաղանդավոր է։ Այսպես, դիսգրաֆիայով (գրելու գործընթացի մասնակի խանգարմամբ)տառապող «Աստղեր երկրի վրա» ֆիլմի հերոսը դառնում է մեծ նկարիչ։ Եվ, առհասարակ, ո՞րն է մեր ամենօրյա կյանքի իրական պատկերը։
Իհարկե, Ստեփանակերտում կան դպրոցներ, որոնցում իրականացվում է ներառական կրթություն, որը հատուկ պահանջներ ունեցող երեխաների համար ապահովում է ուսում ստանալու հնարավորություն, բայց այդպիսի դպրոցների թիվը մեծ չէ։ Սովորական դպրոցներում ամեն ինչ այլ կերպ է լինում, բայց ուսուցիչները երեխաներին չեն ճնշում, հասկանալով, որ այդպես նրանց սոսկ հոգեբանորեն վնասելու են։ Հոգեբանները փորձում են երեխաներին պատշաճ ուշադրություն ցուցաբերել։ Ես զրուցել եմ Ֆրանսիայից Արցախ ժամանած և այստեղ շուրջ մեկ տարի աշխատող մի մասնագետի հետ։ Առանց անունը հիշատակելու մեջբերում եմ՝ «Շատ կարևոր է հասկանալ, թե հստակ ինչու՞մ է երեխան ընդունակ։ Նա սովորաբար կարող է անկարգ կամ անուշադիր թվալ, բայց ինչ-որ բանի շուրջ ընդունակ լինի կենտրոնանալ։ Մի այդպիսի երեխա կա, որը նույնպես շատ անկարգ էր և երբեմն՝ կոպիտ։ Նրա հետ երկար ենք շփվել, բայց վերջերս նկատել եմ, որ կոնստրուկտորից նա հոյակապ պատկերներ է հավաքում, դղյակներ կառուցում. նրան ընդամենը մի փոքր ժամանակ է հարկավոր։ Ուզում եմ ասել, որ միշտ կարևոր է հասկանալ, թե երեխան լավագույնս ի՞նչ է կարողանում անել. ամեն մի երեխայի հանդեպ հարկավոր է դրսևորել առանձնահատուկ վերաբերմունք։ Այսօր այդ աղջկա հետ դպրոցում նաև լոգոպեդն է աշխատում։ Եթե նախկինում ուսուցիչներն ու շրջապատը կարծում էին, որ նա ընդունակ չէ տառեր սովորելու և կարդալու, ապա այսօր նա արդեն գիտի ողջ այբուբենը։ Նա պարզապես պետք է ավելի հաճախ կրկնի սովորածը»։
Իհարկե, նրա պարագայում ամեն մի մանրուք կարևոր է, բայց ի՞նչ պետք է անեն ծնողները։ Մեր հասարակությունը պատրա՞ստ է մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։ Այս և շատ այլ հարցերի լուծմամբ սկսել է զբաղվել հասարակության համար հիրավի կարևոր առաքելություն ստանձնած «Ելարան. երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալականացման կենտրոնը»։ Այս հասարակական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է անցյալ տարվա հունվարին, թեև այն հիմնադրելու հարցը պարբերաբար քննարկվում էր վերջին 6-7 տարիների ընթացքում։ Կազմակերպության գլխավոր նպատակը զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելն է։
Կազմակերպության գոյության մասին առաջին անգամ իմացել եմ լրագրող Մարինե Մկրտչյանից, ում ծանոթ են այն խնդիրները, որոնց բախվում են հատուկ խնդիրներ ունեցող մարդիկ։ Նրա հետ զրուցելիս պարզել եմ, որ այդպիսի մարդկանց հարցերը պատշաճորեն լուծելու համար դեռևս բացակայում է պետական մակարդակի անհրաժեշտ կանոնակարգումը։ Դա, անշուշտ, ցավալի է. շատ մայրեր, օրինակ, զրկվում են աշխատելու հնարավորությունից, քանի որ խնդիրներ ունեցող երեխային տանը մենակ թողնել չեն կարող։ Բայց մի քանի հոգի միասին հավաքվելով որոշել են օգնել միմյանց. ոմանք մնում էին երեխաների մոտ, ուրիշներն էլ գործի գնալու հնարավորություն են ստացել։ Այս նախաձեռնությունը հենց այսպես է իրականություն դարձել։ Սկզբից կար հինգ հոգուց բաղկացած խորհրդի պես մի բան, թեև մասնակիցների կրթությունը նրանց թույլ չէր տալիս պարապել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշվել է ստեղծել զարգացման կենտրոն, որը հնարավորություն կտար հրավիրել այդպիսի երեխաներին մասնագիտորեն օգնելու պատրաստակամ անձանց։ Դրանից բացի կազմակերպությունը մտադիր է լուծել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետագա աշխատանքային զբաղվածության ապահովման խնդիրը։ Այս պահին գոյություն ունի նույն հինգ հոգուց կազմված «խորհուրդ», որին միանալու հայտ են ներկայացրել ևս 10 հոգի։
Ես զրուցել եմ նաև կազմակերպության ղեկավար, հոգեբան Հասմիկ Եսայանի հետ։
-Այո՛, Արցախում սա նոր ու դեռևս միակ հասարակական կազմակերպությունն է, որը միավորել է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողներին։ Մենք չենք գործածում «հաշմանդամություն» բառը։ Դրա փոխարեն ասում ենք զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ։ Կամենում ենք մի հասարակություն ստեղծել, որում մարդիկ ուրիշներին կընդունեն այնպես, ինչպես որ նրանք կան։ Մենք մտադիր ենք դպրոցներում վերապատրաստման դասընթացներ անցկացնել, զրուցել ուսուցիչների և ծնողների հետ, որովհետև շատ կարևոր է, որ բոլորն իրար կողքին կլինեն։ Շատ կարևոր է, որ ծնողները պաշտպանեն իրենց երեխաների իրավունքները։ Մենք ոչ մի բացառություն չենք անում, մեզ մոտ կարող են գալ նաև զարգացման առաձնահատկություններ ունեցող երեխաների եղբայրներն ու քույրերը։ Մեր նպատակն է միավորել այդպիսի երեխաներ ունեցող ծնողներին։ Շատ կարևոր է ստեղծել միջավայր, որում մարդիկ միասնաբար միմյանց կհասկանան ու կաջակցեն։ Իսկապես շատ ենք կամենում աշխատել հենց ծնողների հետ, որպեսզի նրանք գիտակցեն և ակտիվորեն մասնակցեն իրենց երեխաների պաշտպանությանը։ Մենք չենք բավարարվելու առանձին խնդիրների լուծմամբ, այլ աշխատելու ենք ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Մեզ շատ է խանգարում, որ այս ոլորտում չկան ակտիվ և իրապես գործող հասարակական կազմակերպություններ, մինչդեռ նրանց դերը զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության և ներառական կրթության ու հասարակության ստեղծման հարցում պետք է մեծ լիներ։
2018թ. մայիսի 21-ին «Վալլեքս գարդեն» հյուրանոցի դահլիճում կայացել է մամլո ասուլիս, որից առաջ Հասմիկ Եսայանը կազմակերպել է զարգացման առանձնահատկություններ ունեցող մի երեխայի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն։ Դիտմանն ու ասուլիսին մասնակցել են դպրոցներից ու անգամ մանկապարտեզներից հրավիրված ուսուցիչներն ու դաստիարակները։ Հնչել են շատ հարցեր և արձագանքներ, որոնցից կարելի էր եզրակացնել, որ մարդիկ իսկապես ձգտում են այդպիսի երեխաների համար լավագույն պայմաններ ստեղծել, թեև միշտ չէ, որ նման ջանքերը հաջողությամբ են պսակվում։
-Շատ բան կախված է հենց մեր վերաբերմունքից,- նկատել է հրավիրված ուսուցիչներից մեկը։
Ներկայումս հոգեբանը երեխաների հետ աշխատում է Շուշիի «Նարեկացու արվեստի կենտրոնում»։ Այնտեղ անցկացվում են արվեստաբուժության դասընթացներ. երեխաները նկարում են, պլաստիլինից առարկաներ ծեփում, խորանարդիկներով ինչ-որ բաներ հավաքում։ Իհարկե, հասկանալի պատճառներով բոլորը չեն կարողանում ամեն անգամ Շուշի հասնել, բայց կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ «Ելարան» կենտրոնը շուտով կգործի նաև Ստեփանակերտում։ Սենյակներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում. հայտնվել են նաև մասնագետների աշխատանքին աջակցելուն պատրաստ առաջին կամավորները։
Ահա այսպես՝ մարդկանց մի խումբ ինքնուրույնաբար քայլ է կատարել մեր հասարակության համար ավելի լավ և արժանավայել ապագա կերտելու ուղղությամբ։ Նրանց արժե ոչ միայն ուշադրության և գովեստի արժանացնել, այլև ըստ ամենայնի աջակցել։ Կենտրոնի գործունեությանն օգնել ցանկացողները կարող են դիմել հոդվածի հեղինակին։ Անտարբեր մի´ եղեք։
Ծանոթագրություն. ներառական կրթությունը ընդհանուր կրթության զարգացման այնպիսի գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար՝ հաշվի առնելով զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կարիքները։