Մհեր ՍԱՀԱԿՅԱՆ
Ք․գ․թ․, Հոնկոնգի Համալսարանի «Ասիա» գլոբալ ինստիտուտ
Չինաստանն աշխարհի երիտասարդ գերտերությունն է, որի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքն անցնում է նաև Հարավային Կովկասով՝ շրջանցելով միայն Հայաստանը։ Չինաստանը զգալի ներդրումներ ունի Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև տարածաշրջանի հարևան Թուրքիայում, Իրանում և Կենտրոնական Ասիայում։ Ուստի Չինաստանը չէր կարող որոշակի հետաքրքրություն չցուցաբերել Արցախյան վերջին պատերազմի նկատմամբ։ Սույն հոդվածի շրջանակներում կփորձենք ձևավորել և պատասխանել հետևյալ հարցերին․ ի՞նչ դիրքորոշում որդեգրեց պաշտոնական Պեկինը, ի՞նչ գործոններ էին ազդում Չինաստանի վրա և ո՞ր հանգամանքները պետք է այն հաշվի առներ, ինչպիսի՞ն էր չինական պաշտոնական մամուլի արձագանքը ։
Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը․ հիմնական գործոնները և հանգամանքները
Պատերազմի սկզբից մեկ օր հետո՝ սեպտեմբերի 28-ին, Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վան Վենբինը հայտարարեց, որ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումն ու կայունությունը ծառայում է տարածաշրջանում բոլորի շահերին, այդ թվում նաև Հայաստանի և Ադրբեջանի։ Կոչ արեց կողմերին հակամարտությունը լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Հոկտեմբերի 23-ին նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն արեց նաև ԱԳՆ մամլո մյուս խոսնակը՝ Ջաո Լիծիանը, երբ պատասխանում էր ռուսական «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե փորձելու՞ է այն ունենալ որևէ դերակատարում խնդրի լուծման գործում որպես ՄԱԿ ԱԽ անդամ։
Իհարկե՛, կարելի է փաստել, որ հաշվի առնելով վերոհիշյալ հայտարարությունները՝ պաշտոնական Պեկինը չեզոք դիրքորոշում որդեգրեց: Պետք է նաև նշել, որ երկար տարիներ, ըստ գործող համաձայնության, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի անվտանգային հիմնախնդիրներում Չինաստանը փորձում է ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հետ, գործելու առաջին համարը թողնելով Մոսկվային։ Չին-ռուսական աշխարհաքաղաքական տանդեմի համագործակցություն առկա է նաև ՄԱԿ ԱԽ-ում: Oրինակ, Իրանի միջուկային հարցում առաջին համարով հանդես էր գալիս Մոսկվան, ստանալով Պեկինի օժանդակությունը, իսկ Հյուսիսային Կորեայի հարցում երկու կողմի դիվանագիտական ջանքերը համակարգում և առաջնորդում էր Պեկինը։ Այսինքն, ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հիմնախնդրի շուրջ փակ քննարկումներում Պեկինը պետք է, որ սատարեր Մոսկվայի առաջարկները։ Այս հիպոթեզի լավագույն ապացույցն է նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 12-ին Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վան Վենբինը նշեց, որ Չինաստանը կշարունակի աշխատել Ռուսաստանի և միջազգային հանրության հետ, որպեսզի նպաստի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Նա նաև նշեց, որ ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է Ադրբեջանի և Հայաստանի շահերից, որ նրանք քաղաքական երկխոսության միջոցով լուծեն Արցախի հիմնահարցը։
Այսինքն, Պեկինում մինչև վերջնական դիրքորոշում հայտնելու շուրջ հաշվարկներ կատարելը պետք է հաշվի առնեին հետևյալ հանգամանքներն ու գործոնները․
- Չինաստանն ընդունում է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կարևոր տարածք է, ազդեցության գոտի։ Մոսկվան այսօր Պեկինի ռազմաքաղաքական գործընկերն է, որի հետ Պեկինը աշխարհաքաղաքական և տնտեսական առանձին բևեռ է ձևավորում։ Ուստի Չինաստանը պետք է փորձեր օժանդակել Ռուսաստանի վարած քաղաքականությանը ՄԱԿ ԱԽ-ում, իսկ տարածաշրջանում պահպաներ չեզոքություն՝ հիմնական դերակատարումը թողնելով ռուսներին։
- Չինաստանը Թուրքիայում կատարել է շուրջ երեք միլիարդ դոլարի ներդրում: 2020 թվականին կողմերը պայմանավորվեցին թուրքական տնտեսությունում ևս հինգ միլիարդ հավելյալ չինական ներդրման շուրջ։ Չինաստանը հետաքրքրված է Թուրքիայով, քանի որ այն կարևոր դեր է խաղում որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում՝ որպես Արևմուտքն Արևելքին կապող տարանցիկ երկիր։ Ուստի չինական ներդրումները հիմնականում օգտագործվում են թուրքական երկաթգծերի, նավահանգիստների կառուցման և արդիականացման համար։ Երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ չինացիները ներդրումների միջոցով փորձում են Թուրքիային փոխկապվածության մեջ դնել, զսպել, որ վերջինս չօգտագործի իր ազդեցությունն ույղուրների վրա՝ Սինծիանում հակաչինական ուժերի միջոցով անկարգություններ հրահրելու գործում։ Ի դեպ, Չինաստանի այս քաղաքականությունն աշխատում է, քանի որ կողմերը կարողացել են երկկողմ հարաբերություններում հաղթահարել «Սինծիանի բարդույթը», որի շնորհիվ, կողմերը նշում են, որ գործընկերությունը հասցրել են ռազմավարական մակարդակի։
- Ադրբեջանը ևս մեծացրել է իր նշանակությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Բաքու նավահանգիստը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարևոր դեր են խաղում Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքում։ Չինաստանն Ադրբեջանում կատարել է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում։
- Հայաստանին ոչ մի կերպ չհաջողվեց ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում, շուրջ չորս տարի հայ-չինական հարաբերությունները լճացման փուլում են գտնվում։ Երկկողմ հարաբերություններում չկա զարգացման ճանապարհային քարտեզ։ Պեկինում Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի դաշնակից, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Հայաստանը կարող էր դիտարկվել նաև որպես Թուրքիային Կենտրոնական Ասիայից և Սինծիանից հեռու պահող գործոն, բայց մյուս կողմից էլ Արցախյան հիմնախնդիրը դիտարկվում է որպես խոչընդոտ՝ Հարավային Կովկասում ճանապարհների և երկաթգծերի բացման գործում։
Այսինքն՝ կշեռքի նժարներից մեկին Պեկինը դրեց Ռուսաստանի հետ իր համար առաջնային համարվող ռազմաքաղաքական հարաբերությունները, նրա հետ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի անվտանգային հարցերի շուրջ համաձայնեցված գործելու պայմանավորվածությունը, Հայաստանի գործոնը որպես Ռուսաստանի ռազմական դաշնակից։ Կշեռքի մյուս նժարին դրեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական, տրանսպորտային համագործակցությունը։ Քաղաքական, տնտեսական հաշվարկների արդյունքում չինացիները որոշեցին օժանդակել միջազգային կառույցներում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշմանը, որով Մոսկվան փորձում էր Հայաստանի և Ադրբեջանի համար ընդունելի տարբերակ գտնել, հասնել զինադադարի։ Իսկ ընդհանուր առմամբ իրենց պաշտոնական հայտարարություններում հանդես եկան չեզոք, հնչեցրին խաղաղության կոչեր, փորձեցին դեմքը պահպանել բոլոր կողմերի համար։
Չինական մամուլի անդրադարձը կամ հայկական կողմի անգործության արդյունքը
Այլ էր իրավիճակը չինական մամուլում։ Այստեղ հանդիպում էին ավելի շատ ադրբեջանամետ հոդվածներ, որոնք չէին համապատասխանում Պեկինի պաշտոնական դիրքորոշմանը։ Ընդգծված էր «օկուպացիա» բառը, «7 շրջանի խնդիրը» և այլն։ Իհարկե, պետք է նաև նշել, որ նմանատիպ հոդվածների մեծ մասը արտատպված և թարգմանված էր արտասահմանյան մամուլի այլ աղբյուրներից։
Չինական մամուլի նմանատիպ արձագանքը կարելի է կապել նաև Թուրքիա-Չինաստան հարաբերությունների բարելավման հետ կամ, միգուցե, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներն ավելի հաջող էին համագործակցում չինական մամուլի հետ, քան հայկական կողմը։ Սակայն, մյուս կողմից էլ, հայկական տեսանկյունից ադրբեջանամետ համարվող հրապարակումներից որոշները, օրինակ՝ «Ադրբեջանի 7 շրջանի վերադարձի» մասին, համընկնում էին նույն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ու նախագահ Պուտինի պնդումներին։
Եթե ամփոփենք, ապա հայկական կողմը տապալել էր չինական մամուլի հետ աշխատանքը, որը հաշվի առնելով որոշ նրբերանգներ՝ պետք է համակարգվեր պետական մարմինների՝ դեսպանատան, ԱԳՆ-ի կողմից։ Նույնիսկ Արցախին վերաբերվող հարցերը Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակի հետ հանդիպումներում երկու անգամ բարձրացրին ռուս և մեկ անգամ էլ ֆրանսիացի լրագրողները։ Պատերազմի ընթացքում առաջարկել էինք, որ Հայաստանը լրագրող գործուղի՝ Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակի հետ հանդիպումներին մասնակցելու համար։ Սա հնարավորություն կտար, որ ամեն անգամ հայ լրագրողը բարձրացներ Արցախի հետ կապված հարցերը։ Օրինակ, հարցներ Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս, որոնց դեմ պայքարում է նաև Չինաստանը։ Այս քայլն այսօր էլ անհրաժեշտ է կատարել, պետք է լրագրողների հետ Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակի ամենօրյա հանդիպումների ժամանակ հավատարմագրված լրագրող ունենալ, ով կբարձրացնի Հայաստանին հուզող հարցերը։
Ամփոփենք արդյունքները
Չինացիները, լինելով բիզնեսի մարդիկ, փորձեցին չնեղացնել և ոչ մի «հաճախորդի», որպեսզի շարունակեն առևտուրն ու տնտեսական համագործակցությունը բոլորի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Հետևեցին նաև չինական այն առածին, ըստ որի՝ երբ երկու վագր կռվում են իրար հետ, ապա խելացի կապիկը նստած հետևում է, թե դա ինչով կավարտվի։ Պետական մակարդակով չեզոքության պահպանումը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հարաբերությունների արդյունքն էր, չինական մամուլի արձագանքը՝ թուրք-ադրբեջանական կողմի հետ տնտեսական հարաբերությունների խորացման, հայկական կողմի անգործության արդյունք էր։ Հայաստանում որոշում կայացնողները պետք է հստակ գիտակցեն, որ երբ ինքնուրույն չեն զարգացնում գերտերություն հանդիսացող Չինաստանի հետ հարաբերությունները, չեն փորձում ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» որևէ բնագավառում, ապա դրանով ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։
Իսկ որո՞նք են այդ ռիսկերը։ Ռիսկերից հիմնականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հնարավորություն է ստանում Հայաստանի դեմ օգտագործել «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» այն ենթակառուցվածքները, որոնք անցնում են նրանց տարածքներով՝ ավելի մեկուսացնելով Հայաստանը։ Անկարայի և Բաքվի ձայնն ավելի լսելի է դառնում Պեկինում, քանի որ այս երկրներում վերջինս ահռելի ներդրումներ ունի։ Այո՛, Չինաստանին անհանգստացնում է պանթուրքիզմը, բայց Չինաստանը Թուրքիայի դեմ բացահայտ պայքարի փոխարեն ընտրել է նրան ներդրումների միջոցով «կապելու» քաղաքականությունը, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների էլիտաներից և ոչ մեկը չի սպասում այն օրվան, երբ սեփական երկիրն ու էներգետիկ հարուստ պաշարները կդնի Էրդողանի տրամադրության տակ։ Համագործակցելով Ռուսաստանի հետ՝ Կենտրոնական Ասիայում ներկայումս հիմնական խաղացողը Չինաստանն է դարձել, թե՛ իր ներդրումների, թե՛ տնտեսական կապերի խորացման շնորհիվ, իսկ տնտեսական ազդեցությունը բերում է նաև քաղաքական ազդեցություն։ Մեծ հաշվով, Չինաստանը 2013 թվականից հետո կողմ է սահմանների բացմանը, կայունության հաստատմանը բոլոր տարածաշրջաններում, որպեսզի զարգացնի իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Հաշվի առնելով պաշտոնական Պեկինի չեզոք վարքագիծը, կարևոր է նաև նշել, որ Չինաստանը կողմ է Արցախյան խնդրի շուտափույթ լուծմանը և Հարավային Կովկասի սահմանների բացմանը, փակ երկաթգծերի և ճանապարհների վերագործարկմանը, որպեսզի կարողանա առևտուր անել բոլորի հետ, ստանալ այլընտրանքային ճանապարհներ դեպի Եվրոպա, պատերազմների պատճառով չվտանգվեն նրա ներդրումները տարածաշրջանում։