Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Մեր մոլորակի բոլոր մարդիկ ի ծնե օժտված են համընդհանուր կերպով ճանաչված քաղաքական իրավունքներով, որոնց թվում է նաեւ սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հիմնարար իրավունքը:
Միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը` պատմականորեն կազմավորված միջազգային սահմաններով որոշված տարածքում բնակվող մարդկանց կոլեկտիվ իրավունքն է` ազատորեն եւ առանց արտաքին միջամտության վճռել, թե ո՞ր պետական իշխանությանը նրանք պատրաստ են կամովին ենթարկվելու:
Պատմական զարգացման առանձնահատկությունների բերմամբ` առանձին դեպքերում, զորօրինակ ԽՍՀՄ-ում, պետությունը ճանաչում է ինքնորոշման իրավունքի առկայությունը նաեւ դաշնության սուբյեկտների կամ նրանց կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումների մոտ: Այսինքն, պետությունում ներքին վարչական սահմանների մեջ բնակվող բնակչության որեւէ մասը նույնպես կարող է ունենալ ինքնորոշման իրավունք, այն դեպքում, եթե այդ իրավունքը տրված կամ պաշտպանված է ազգային օրենսդրությամբ:
Այսպիսով, միջազգային սահմանների ներսում գտնվող տարածքներում ապրող բնակչության ինքնորոշման իրավունքի աղբյուրը միջազգային իրավունքն է, իսկ վարչական սահմանների ներսում գտնվող տարածքներում բնակվող պետության մի մասի բնակչության ինքնորոշման իրավունքի աղբյուրը կարող է լինել ազգային օրենսդրությունը: Կոսովոյի դեպքն առաջացրել է միջազգային իրավունքի` որպես ինքնորոշման իրավունքի աղբյուր կիրառելու նոր նախադեպ: Այն իրավիճակում, երբ վարչական շրջանի բնակչությունը կենտրոնական կառավարության կողմից ենթարկվում է հետեւողական ռասսայական խտրականության, ինքնորոշման իրավունքն առաջանում է որպես ինքնապաշտպանության միջոց` երբ խաղաղ կարգավորման համար բոլոր այլ միջոցներն այլեւս սպառված են:
Անկախության հռչակագիրը տվյալ տարածքի բնակչության մեծամասնության վստահության վրա հիմնված ժողովրդի լիազորված ներկայացուցիչների հայտարարությունն է` նոր պետություն հիմնադրելու պատրաստակամության մասին, որը բնակչության առջեւ ինքնուրույնաբար ստանձնելու է ողջ պատասխանատվությունն իր գոյության անվտանգության ապահովման եւ արդար սոցիալական կարգի գործառնության համար: Միջազգային հանրությունը միանշանակորեն ընդունում է, որ նոր պետության ինքնիշխանության աղբյուրն իր ժողովրդի կամքն է: Նոր պետությունը կարող է ճանաչվել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ժողովրդի անկախության ձեռքբերման պահին ունեցած սահմաններում, եթե այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի հակասում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին: Ժողովրդի` միջազգային իրավունքի սկզբունքներին չհակասող ինքնորոշման իրավունքի իրացման ժխտումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում:
Նոր պետության անկախության ճանաչումը քաղաքական հռչակագրային ակտ է: Միջազգայնորեն ճանաչված յուրաքանչյուր պետության կառավարությունն իրավունք ունի ճանաչել նոր պետության անկախությունն իր հայտարարության հրապարակման միջոցով: Այդ հայտարարությունը նշանակում է, որ տվյալ կառավարությունն իր ժողովրդի անունից ճանաչում է նոր պետության բնակչությանը` որպես քաղաքական անկախ սուբյեկտ, իսկ նրա կողմից հռչակված պետությունը` որպես միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտ: Նոր պետության անկախության ճանաչումն ունի անշրջելի բնույթ. այն չի կարող հետ վերցվել: ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում կազմավորված նոր պետության ինքնիշխան հավասարության ճանաչումից հրաժարումը ՄԱԿ-ի անդամ-պետությունների կողմից` այդ միջազգային կազմակերպության կանոնադրության հիմնարար դրույթների անհանդուրժելի խախտումն է: Սակայն գոյություն չունի միջազգային իրավասուբյեկտության, այսինքն` նոր պետության ինքնիշխան հավասարության ճանաչումը պարտադրող որեւէ իրավաբանական մեխանիզմ:
Նոր պետության կողմից լիարժեք միջազգային իրավասուբյեկտության ձեռքբերումը հասանելի է միջազգային պայմանագիր հանդիսացող ՄԱԿ-ի կանոնադրությանը միանալու ճանապարհով: ՄԱԿ-ի մեջ մտնելու համար նոր պետությանն անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ պետությունների կեսից ավելիի (ներկայումս` 97 պետությունների), այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մշտական անդամների եւ վերջինիս բոլոր 8 անդամ-պետությունների քաղաքական աջակցությունը:
Հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների գոյության խնդիրը ծագել է միութենական հանրապետությունների ղեկավարության կողմից օրենքի գերակայության սկզբունքն ու միջազգային իրավունքի դրույթները կոպտորեն ոտնահարելու հետեւանքով: Միութենական հանրապետությունների ղեկավարները 1991 թ. դեկտեմբերի 21-ին ընդունել են ԽՍՀՄ սահմանադրության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում` մերժելով իրենց կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումների քաղաքական կարգավիճակն ինքնուրույնաբար որոշելու իրավունքի իրացումը: ԵԱՀԿ անդամ-պետությունները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններն, ի հեճուկս ԽՍՀՄ ազգային օրենքով ամրագրված ինքնավարությունների ինքնորոշման իրավունքը հարգելու ստանձնած միջազգային պարտավորությունների, սատարել են վերջինիս խախտմանը եւ ճանաչել ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների անկախությունը:
Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի բնակչությունից ինքնորոշման իրավունքն ուժով խլելու փորձերն առաջացրել են զինված հակամարտություններ: Այս հակամարտությունները կարգավորելու համար ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը ստեղծել են տարբեր ձեւաչափեր, որոնք դիտարկում են տվյալ հակամարտությունները որպես ԽՍՀՄ տարածքում նոր անկախ պետությունների ինքնանջատման (սեցեսիայի) փորձերի հետեւանք: Ինքնանջատման տեսանկյունից չճանաչված պետությունների խնդրի քննությունը շահագրգիռ կողմերին թույլ է տվել արմատապես քողարկել ԽՍՀՄ փլուզման ժամանակ մարդու հիմնարար իրավունքների թույլ տված կոպիտ ոտնահարման փաստը:
Ինքնանջատումը պետության ներսում բնակչության խմբերի միջեւ ծագած քաղաքական հակամարտության հանգուցալուծման արմատական միջոց է, երբ միմյանց հանդեպ առկա քաղաքական պահանջները չեն կարող վերացվել ո°չ պայմանագրով, ո°չ էլ ուժային միջոցներով: Միջազգային հանրությունն ընդունում է, որ այլ պետության մեջ ժողովրդի քաղաքական միասնությունը խարխլող քաղաքական հակամարտությանն ի նպաստ սադրանքներն ագրեսիայի տեսակներից մեկն է: Ուստի, գոյություն ունեցող պետության ներսում ծագած քաղաքական հակամարտությունը սկզբնապես պատկանում է վերջինիս ներքին գործերի ոլորտին, որին արտաքուստ միջամտելն արգելված է միջազգային իրավունքի կողմից: Երբ հակամարտող կողմերից մեկը ինքնանջատումը հռչակում է տվյալ հակամարտության լուծման միջոց, այն դադարում է պետության ներքին գործը լինելուց եւ դառնում միջազգային հանրության հետաքրքրության առարկա:
Ինքնանջատումը պետության համար հավասարազոր է իր ժողովրդի, տարածքի, ունեցվածքի, ակտիվների եւ նախորդ շրջանում ծագած միջազգային եւ ազգային պարտավորությունների համար պատասխանատվության բաժանման: Ինքնանջատումը կարող է հանգեցնել պետության տարածքի մի մասը մյուս պետությանը փոխանցելուն, պետությունից տարածքի մի մասի անջատմանը եւ այնտեղ նոր պետության կազմավորմանը կամ պետության տրոհմանը եւ իր տեղում նոր պետությունների առաջացմանը: Այսպիսով, ակնհայտ է, որ միջազգային մասնակցությունը` ինքնանջատման քաղաքական անօտարելի բաղադրիչն է: Ինքնանջատման միջազգային ճանաչումը հանդիսանում է այն փաստի համընդհանուր ճանաչում, որ պետության մեջ քաղաքական հակամարտությունը չի ծագել արտաքին միջամտության պատճառով եւ հանգեցրել է այդ պետության ժողովրդի քաղաքական միասնության կորստյանն ու վերջինիս բաժանմանը, որն իր բոլոր մասերի զարգացման ապագայի միակ արդյունավետ միջոցն է:
Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը պարփակվում է այն իրողության փաստարկմամբ, որ ինքնանջատումն այդ հակամարտության կարգավորման անհրաժեշտ քաղաքական միջոցն է: Ադրբեջանի փաստարկումը ելնում է նրանից, որ ԼՂՀ կազմավորումը Հայաստանի ագրեսիայի հետեւանքն է: Այս երկու դիրքորոշումներն, ըստ էության, անտեսում են պատմական իրողությունը եւ հակասում միջազգային իրավունքին: Հայաստանն ինքն իրեն է հակասում, քանզի պնդում է, թե ԼՂՀ անկախության հռչակումն օրինական քաղաքական ակտ էր, սակայն միաժամանակ չի ճանաչում ԼՂՀ իրավահավասարությունն ու ինքնիշխան հավասարությունը: Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը ԽՍՀՄ-ից անջատվելու ժամանակ օրենքի գերակայության սկզբունքի ոտնահարման եւ ԽՍՀՄ օրենսդրությամբ պահպանված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը մերժելու համար: Մինսկի խմբի ձեւաչափը երկու պետություններին թույլ է տալիս նենգադուլի (սաբոտաժի) ենթարկել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ստանձված միջազգային պարտավորությունը` հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները բարեխղճորեն վարելու մասով: Այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից ամբողջությամբ կախյալ է դարձնում եւ զրկում է ԼՂՀ միջազգային իրավասուբյեկտությանն ինքնուրույնաբար հասնելու քաղաքական ներուժից:
ԽՍՀՄ փլուզման ժամանակ միջազգային իրավունքի թույլ տված խախտումները հետխորհրդային տարածության նոր քաղաքական կազմակերպման համար ծանր բեռ են դարձել: Հաշվի առնելով հետխորհրդային տարածությունում հակամարտությունների կարգավորման բոլոր ձեւաչափերում իրերի անհաջող դրությունը` կարելի է եզրակացնել, որ չճանաչված պետությունների գոյության երեւույթը կապված է պատմության եւ ոչ թե միջազգային իրավունքի անկատարության հետ: