Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
2012 թվականի ամենակարեւոր միտումն, ըստ իս, այն էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը հայտնվեց եթե ոչ փակուղում, ապա բավականին դժվարին կացության մեջ: Նման կացություն կարծես թե չէր եղել հետպատերազմյան բանակցային գործընթացում: Կարծում եմ` դա հայկական կողմերի մեղքով չէր, ոչ էլ միջնորդների: Լուրջ հիմքեր կան պնդելու, որ պաշտոնական Բաքվի ՙշնորհիվ՚ ստեղծվեց այս վիճակը:
Իսկ պաշտոնական Բաքուն գնալով ավելի ինքնավստահ ու ավելի նախահարձակ է դառնում: Պատերազմի սպառնալիքը որպես դիվանագիտական հաջող գործիք փորձարկելուց եւ միջնորդների ու միջազգային հանրության մոտ բավականին շփոթություն առաջացնելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց լուրջ չընդունել սեփական քայլերի միջազգային արձագանքները` դրան զուգահեռ մեծ գումարներ ու ջանքեր ներդնելով ՙԱդրբեջան՚ բրենդն աշխարհում ճանաչելի դարձնելու համար: Սրանք իրարամերժ գործընթացներ չէին, ավելին` մեկը պայմանավորված էր մյուսով, այն է` որքան ճանաչելի է դառնում այդ բրենդն աշխարհում, այնքան նախահարձակ ու ինքնավստահ է դառնում պաշտոնական Բաքվում:
Ինչ վերաբերում է հայկական կողմերին, ապա նրանք շարունակեցին իրենց արձագանքային-իրադարձային քաղաքականությունը, զերծ մնալով սեփական որեւէ նախաձեռնությունից, որեւէ գաղափարից կամ առաջարկից: Անսպասելի հեշտորեն ստանալով ՙռամիլսաֆարովյան՚ աղմկալից նվեր` նրանք արեցին այն, ինչ նվազագույնը կարող էր լինել նման պարագայում: Հայկական երկու կողմերը դատապարտեցին մարդասպանի հերոսացումը եւ ամիսներ շարունակ ծամեցին այդ դիվանագիտական ծամոնը` ձանձրացնելով թե սեփական ժողովրդին, եւ թե միջազգային հանրությանը: Սրա համար ոչ ջանք էր պահանջվում, ոչ միջոց, ոչ էլ խելք: Սա հարմար առիթ էր արդարացնելու սեփական անգործությունը եւ աննախաձեռնողականությունը: Սակայն սույն թեման, ինչպես եւ կարելի էր ենթադրել, գնալով կորցնում է իր հրատապությունը` հայկական կողմերին վերադարձնելով իրենց սպասողական վիճակին:
Ուշագրավ է, որ բանակցային ՙհրադադարը՚ կամ ընդմիջումն առիթ հանդիսացան ԼՂՀ միջազգային ճանաչման թեմայի հրատապացման համար: Ընդ որում, այն տպավորությունն է, որ պաշտոնական Երեւանի ու պաշտոնական Ստեփանակերտի համար սա նույնպես եղավ գրեթե հանպատրաստից, քանի որ այն ավելի շատ ստեղծվեց միջազգային բարենպաստ մթնոլորտի ու սփյուռքի ակտիվ գործունեության շնորհիվ:
Այսպես, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Նահանգի խորհրդարանը կոչ արեց Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հարաբերութուններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ: Մամուլում նշվեց, որ հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձեւը Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի ամիսներ տեւած աշխատանքի արդյունք է:
Նոյեմբերի կեսերին էլ Հայաստան ու ԼՂՀ այցելեց Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունը` այդ երկրի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Արվեցին բավականին համարձակ հայտարարություններ, խոսվեց այն մասին, որ Ուրուգվայը կարող է դառնալ երկրորդ հայկական պետականությունը ճանաչած առաջին երկիրը: Ավելին` երեւանյան ՙՀրապարակ՚ թերթը, հղում անելով իր չբացահայտված աղբյուրներին, գրեց, թե Ուրուգվայը մինչեւ նոյեմբերի վերջ ճանաչելու է ԼՂՀ-ն:
Տարեվերջին մեկ այլ ուշագրավ նորություն տարածեց BBC-ն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը համաձայնագիր են կնքել, համաձայն որի` Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2014 թվականի աշնանը:
Այս եւ համանման այլ իրադարձություններ բավականին բարենպաստ մթնոլորտ ստեղծեցին ղարաբաղյան ճանաչման շուրջ: Տարիներ շարունակ պաշտոնական Ստեփանակերտը կարծում էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն ու ԼՂՀ ճանաչումն անհամատեղելի են` կամ այս, կամ այն: Ինչ խոսք, այսօր էլ Երեւանում եւ Ստեփանակերտում այդ կարծիքը դեռեւս տիրապետող է, բայց այն արդեն նվազ համոզիչ է հնչում: Գնալով ավելի շատ քաղաքական գործիչներ են հանգում այն եզրակացության, որ երկրորդ հայկական պետականության ճանաչումը կարող է նպաստել բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորմանն ընդհանրապես: Հայկական մամուլում քանիցս արծարծվել է այն միտքը, որ պետության ճանաչումն ինքնաբերաբար չի նշանակում նրա տարածքի ու սահմանների անվերապահ ճանաչում եւ ամրագրում: Որեւիցե երկիր կարող է ճանաչել ԼՂՀ իրավասուբյեկտությունը` տարածքների ճշգրտումը թողնելով հետագա բանակցություններին: Ասել է թե` բանակցությունները բոլոր դեպքերում էլ կարեւոր են: Ավելին` մի շարք փորձագետներ գտնում են, որ ԼՂՀ ճանաչման վերահաս հեռանկարը կարող է Ադրբեջանին ստիպել հրաժարվելու իր անզիջում կեցվածքից եւ կառուցողական դիրքորոշում որդեգրելու բանակցություններում:
Ինչ վերաբերում է ԼՂՀ ճանաչմանը, ապա հակված եմ կարծելու, որ հայկական երկրորդ պետությունն առաջին հերթին պիտի ճանաչվի իր իսկ հանրության կողմից, հանգամանք, առանց որի անիմաստ է խոսել միջազգային ճանաչման մասին: Հանրությունը պիտի պետական մտածողություն ունենա: Հանրությունը պիտի ճանաչի իր իսկ իշխանությունը, իսկ ճանաչելու համար պիտի ինքը կարողանա ձեւավորել այդ իշխանությունը, այլ ոչ թե ստանալ այն իր կամքից անկախ: Ճանաչու՞մ է, արդյոք, ղարաբաղյան հանրությունն իր իշխանությունն ու իր անկախ պետականությունը: Համենայն դեպս, ղարաբաղյան հանրությունը քաղաքական հարցեր չի տալիս ղարաբաղյան իշխանություններին, իմա` չի ճանաչում այն որպես քաղաքական իշխանություն: Ղարաբաղյան հանրությունն իշխանությունից չի պահանջում հստակեցնել իր դիրքորոշումը կարգավորման գործընթացում եւ առայսօր բավարարվում է իշխանությունների այն միապաղաղ հայտարարությամբ, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել:
Իսկ հստակեցնելու կարեւոր բան կա: Տարիներ շարունակ ԼՂՀ իշխանությունները պնդում են, որ չկան ազատագրված տարածքներ, այլ կան ԼՂՀ սահմաններ, ըստ այդմ էլ օրակարգից հանելով տարածքային զիջումների հարցը, մյուս կողմից էլ անվերապահ վստահություն են հայտնում ՀՀ իշխանություններին, որոնք բանակցային սեղանի շուրջ ներկայացնում են նաեւ ԼՂՀ-ն, ավելին` պաշտոնական Ստեփանակերտը պարբերաբար հավաստիացնում է, որ պաշտոնական Երեւանի հետ որեւէ տարաձայնություն չունի այս հարցում: Իսկ ՀՀ իշխանությունները, հիշեցնենք, միանշանակ կողմ են մադրիդյան սկզբունքներին, որոնք նաեւ տարածքային զիջումներ են ենթադրում: Արցախյան հանրությունը տարիներ շարունակ հանդուրժում է այս երկիմաստ վիճակը եւ իշխանությունից չի պահանջում հստակեցնել իր դիրքորոշումը:
Իսկ ճանաչու՞մ է ղարաբաղյան իշխանությունը սեփական հանրությանը որպես իրավասուբյեկտ: Միայն այն փաստը, որ ԼՂՀ-ում չի ընդունվել քաղաքացիության մասին օրենք, բավական է այդ հարցին բացասական պատասխան տալու համար: Ո±վ պիտի ճանաչի քո քաղաքացուն, քո բնակիչների քաղաքացիությունը, եթե դու ինքդ չես ճանաչում: Իսկ այն հանգամանքը, որ ԼՂՀ իշխանությունը քաղաքական կամք եւ ինքնուրույնություն չունի քաղաքացիության մասին օրենք ընդունելու եւ տարիներ շարունակ սոսկ հավաստիացնում է, որ շուտով կընդունվի նման օրենք, վկայում է այն մասին, որ իշխանությունն ինքն էլ իրեն չի ընդունում որպես քաղաքական իշխանություն:
Այս պարագայում երկրի միջազգային ճանաչման մասին խոսելը, մեղմ ասած, խնդրահարույց է: Թող պարադոքսալ չհնչի` ճանաչումն առաջին հերթին ներքին գործընթաց է, ներքին հասունության թեսթ:
Սա այն դասն է, որ չենք քաղում տարիներ շարունակ: