Արտակ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Քաղաքացիական հասարակության
ինստիտուտի տնօրեն
Երևան
Սեպտեմբերի սկզբին Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առնչությամբ։[1] Ութ րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկել են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը և դրանց հետ կապված ռիսկերը։ Ձայնագրության մեջ Վանեցյանը ներկայացնում է Քոչարյանի գործով դատավորի հետ խոսակցության մանրամասները.«Վանեցյան. Ինձ նոր (խմբ.- քիչ առաջ) դատավորը զանգեց․դե, մի քիչ վախեցած ա։
Խաչատրյան. Հա՛։
Վանեցյան. Ասեցի՝մի հատ նայի սաղ գործը։ Հրաչ, հա՞, Հրա՞չ ա անունը դատավորի:
Խաչատրյան. Հրա՞չ։
Վանեցյան. Ի՞նչ ասիր դատավորի անունը:
Խաչատրյան. Դատավորի անունը չգիտեմ։
Վանեցյան. Մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա։
Խաչատրյան. Ըհը՛։
Վանեցյան. Դրան ասեցի՝ դուխով, ասեց թե՝ պարո՛ն Վանեցյան, մի հատ հիմքերը պռոստը նայեմ, զանգեմ, զեկուցեմ։
Խաչատրյան. Թող նայի։
Վանեցյան. Ասեցի՝ նայի հիմքերը, զանգի՛, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս»։
Ավելի ուշ՝ մամլո ասուլիսի ժամանակ, Վանեցյանը ժխտում էր դատավորի հետ զրույցի փաստը. «Դա մասնավոր զրույցն էր, և խոսակցության մեջ կարող էին անճշտություններ սպրդել… դատավորին երբևէ ծանոթ չեմ եղել և նրա հետ երբեք չեմ խոսել»։[2] Վանեցյանի հետ զրույցի իսկությունը ժխտում էր նաև Քոչարյանին կալանավորելու որոշում ընդունած դատավորը։
Գաղտնալսման փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 146-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (նամակագրության, հեռախոսազրույցների, փոստային, հեռագրային կամ այլ հաղորդագրությունների գաղտնիության ապօրինի խախտում) 254-րդ հոոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվության ապօրինի ձեռքբերում՝ հատուկ նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանալու նպատակով)։
Հարուցվել է ևս մի քրեական գործ։ Հայաստանի ՀՔԿ հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով այն, որ ձայնագրության մեջ կան հստակ տվյալներ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մասին, ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առնչությամբ»։
Գաղտնալսման պատմությունը միանգամից հարուցել է Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր.
- Ո՞վ էր գաղտնալսման պատվիրատուն։ Վարկածները շատ չեն. կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ ՌԴ իշխանությունները, կա՛մ էլ՝ հենց Վանեցյանը։ Մեզ թվում է, որ պատահածն ամենայն հավանականությամբ Քոչարյանի ձեռքի գործն է, որը համապատասխանում է ճգնաժամային իրավիճակներում նրա գործողությունների տրամաբանությանը՝ անմիջապես կտրել խնդիրների գորդյան հանգույցը (2004թ. ընդդիմադիր ցույցեր ցրելը, 2001թ. ընդդիմադիր հեռուստաալիքներ փակելը, 2008թ. մարտի 1-ի դեպքերը և այլն)։
- Դատական համակարգի անկախության հարցը. որ դատավորը կարող էր զանգահարել ԱԱԾ և հրահանգներ ակնկալել՝ ոչ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։ Վերջին տասնամյակների դատական համակարգի ողջ գործունեությունը վկայում է, որ դա ոչ թե բացառություն է, այլ՝ հաստատուն կանոն։ Այդ երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին բազմիցս խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- Եվ, վերջապես, ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ հեռախոսազրույցի գաղտնալսման բուն փաստը։ Այստեղ ամենահավանական վարկածը ՀՀ ԱԱԾ կառույցների կողմից ապօրինի գաղտնալսում կատարելն ու դեպի տեղեկատվական դաշտ արտահոսք կազմակերպելն է։ Այս վարկածի մասին հիշյալ մամլո ասւլիսի ժամանակ որոշակի հստակությամբ է խոսել անձամբ ԱԱԾ պետ Վանեցյանը։
Վերջին կետի առնչությամբ այս հոդվածում որպես գլխավոր հարցադրում դրվելու է ՀՀ հատուկ ծառայությունների հանդեպ վստահության հարցը։ Այս թեման անկախ Հայաստանում նոր չէ. ինչի՞ հետ գործ ունենք՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությա՞ն, թե՞ մեր երկրում գործող ՊԱԿ կցորդի հետ։ 1991թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքի համաձայն ՊԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչություն։[3] 90-ական թվականներից ցայսօր ժամանակ առ ժամանակ դրվում է լյուստրացիայի հարցը։
Լյուստրացիա (լատիներեն lustratio բառից՝ մաքրագործում զոհաբերության միջոցով)՝ իշխանափոխությունից հետո հին իշխանության կողմնակիցների իրավունքների օրենսդրական սահմանափակում։ Ինչպես տեսնում ենք, լյուստրացիան ինքնին նոր երևույթ չէ (օրինակ՝ ստալինյան բռնաճնշումները, Արեւմտյան Եվրոպայի դենացիֆիկացիան, խրուշչովյան դեստալինիզացիան)։ Այն «վճռական ձևեր» է ընդունել 20-րդ դարի վերջում և 21-րդի սկզբում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետկոմունիստական պետություններում, որտեղ նախկին կոմունիստական վարչակարգի հետ կապ ունեցած անձանց՝ կոմունիստական կուսակցության ղեկավար անդամներին, անվտանգության մարմինների նախկին աշխատակիցներին և գործակալներին արգելվել է աշխատել պետական կառավարման, իրավապահ և կրթական համակարգերում։ Համարվում է, որ լյուստրացիայի իրականացումը նոր իշխանությանը լեգիտիմություն է հաղորդում՝ հանցագործ և ապօրինի դիտվող հին իշխանության հետ վճռական խզման միջոցով։[4]
Եվ, իրոք, հատուկ ծառայությունների աշխատակիցների անգամ երիտասարդ սերունդը մինչ օրս ներկայանում է որպես ՊԱԿ աշխատակիցներ, իսկ իրար մեջ նրանք միմյանց հպարտորեն չեկիստ են անվանում։ ԱԱԾ պաշտոնական դիրքորոշմանը ծանոթանում ենք ծառայության կայքից։ «Հայաստանի անվտանգության մարմինների համառոտ պատմություն»[5] էջը ծառայության պատմությունը բաժանում է երեք փուլի. առաջինը՝ 1918-1920թթ. անկախ Հայաստանի շրջանը, երկրորդը՝ Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների փուլը, և երրորդը՝ 1991 թվականից սկսվող Հայաստանի անվտանգության մարմինների պատմության շրջանը։ Փաստորեն՝ հատուկ ծառայությունների պատմության հիշյալ փուլերը ներկայացվում են որպես միմյանցից փոխադարձ օրգանական ժառանգականությամբ ածանցվող։ ԱԱԾ ինքնանույնականացման մասին հետաքրքիր տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի նյութերից։[6] Այս թանգարանը բացվել է 2006թ. ՀՀ ԱԱԾ ղեկավարության որոշմամբ և գտնվում է ԱԱԾ գլխավոր վարչական շենքի երկրորդ հարկում։ Թանգարան ստեղծելու մասին որոշումն ընդունելիս՝ ԱԱԾ ղեկավարությունը նպատակ ուներ «բարձր պահել Ծառայության զինծառայողների և զորքերի մարտական ոգին, նորովի գնահատել երկրի անվտանգության ծառայության աշխատակցի արհեստավարժության կարևորությունը, բարձրացնել երիտասարդ ծառայողների կրթադաստիարակչական մակարդակը»։[7]
Հատուկ ուշադրության է արժանի 1921-1988թթ. պատմությանը վերաբերող թանգարանային էջը՝ Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումն ու գործունեությունը։ Հիշյալ տեքստն արժե մեջբերել ամբողջությամբ.
«Խորհրդային կարգերի հաստատումից ի վեր անվտանգության մարմինները, իրականացնելով իրենց բուն գործառույթները, հաճախ ստիպված էին զբաղվել երկրի ղեկավարության անհեռատես, երբեմն քաղաքականապես սնանկ գաղափարների իրագործմանն ուղղված անպատվաբեր աշխատանքներով:
Խորհրդային պետանվտանգության մարմինները, դրանց կազմում նաև Խորհրդային Հայաստանի համապատասխան ստորաբաժանումները՝ ԽՍՀՄ ղեկավարության կողմից պարբերաբար պատժիչ քաղաքականության գործիքի էին վերածվում:
Պետական անվտանգության մարմինների, մասնավորապես՝ հակահետախուզական ստորաբաժանումների ընդգրկումը հասարակական հարաբերությունների բռնի վերափոխումների, զանգվածային հալածանքների գործընթացներում՝ Խորհրդային Միության իրավահաջորդը հանդիսացող ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունում բնորոշվում է որպես «հակահետախուզության ողբերգություն»:
Ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը՝ նման քայլերը մարդասիրական և ժողովրդավարական տեսանկյունից հիմնավորված չէին: Եվ չնայած այդ հանգամանքին՝ Հայաստանի պետական անվտանգության մարմինների հետախուզական, հակահետախուզական, հանցագործությունների առավել ծանր տեսակների դեմ պայքարի, օպերատիվ–ծառայողական գործունեության մյուս ուղղություններում ընդգրկված բազմաթիվ նվիրյալներ՝ իրենց գործի հմուտ մասնագետներ, ազնիվ մարդիկ ու հայրենասերներ, արժանացել են հայ ժողովրդի և հասարակության բարձր գնահատականին ու անկեղծ հարգանքին: Ի դեպ, նրանցից ոմանք ևս անարդարացիորեն հետապնդումների են ենթարկվել»։[8]
Տեքստը բոլոր առումներով հրաշալի է։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ վերջին հատվածում ասվում է. «բազմաթիվ նվիրյալներ՝ իրենց գործի հմուտ մասնագետներ, ազնիվ մարդիկ ու հայրենասերներ, արժանացել են հայ ժողովրդի և հասարակության բարձր գնահատականին ու անկեղծ հարգանքին»: Եվ, իհաարկե, հետագայում Հայաստանի պետական անվտանգության մարմինների հավատարիմ ներկայացուցիչները ջերմորեն ողջունել են Հայաստանի Անկախության Հռչակագիրը։[9] (Տե՛ս կից պատճենը):
Անտարակույս, ԱԱԾ այսպիսի ինքնանույնականացումն անդրադառնում է ծառայության աշխատակիցների հոգեբանության և աշխատաոճի, մասնավորապես՝ գործակալների հավաքագրման մեթոդների վրա (հիշենք 2004թ. ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին որպես գործակալ հավաքագրելու փորձի պատմությունը։[10])
Մենք առանձին անձանց նկատմամբ կոշտ միջոցների կիրառման կողմնակից չենք և մեր նպատակն ԱԱԾ վարկաբեկելը չէ։ Բայց անհրաժեշտ են ԱԱԾ առասպելականազերծմանը, կգբ-ական անցյալի հետ խզմանը և աշխատանքի մեթոդների վերանայմանն ուղղված քայլեր։ Դրա համար մեզ կարևոր է թվում ծառայության մաքրագործմանը միտված մի շարք խորհրդանշական քայլերի իրականացումը։ Առաջին հերթին կարևոր ենք համարում ԱԱԾ նոր շենքի կառուցումը՝ որպես ԽՍՀՄ ՊԱԿ հանցավոր անցյալի հետ խզման խորհրդանիշ;
Սակայն, անցյալի հետ աշխատանքն անհրաժեշտ է, բայց բոլորովին բավարար չէ։ Անհրաժեշտ է հատուկ ծառայոությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության հաստատումը։ Այսպիսի վերահսկողության անհրաժեշտությունը մեծապես աճել է Հայաստանի նախագահական կառավարման ձևից խորհրդարանականին անցնելուց հետո։
Հատուկ ծառայությունների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը
Տեղի սահմանափակ լինելու պատճառով մենք չենք քննարկի հատուկ ծառայությունների վերահսկողության միջոցներն ու հնարավորությունները (բավական շատ տեղեկատվություն կարելի է գտնել Զինված ուժերի գործունեության ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի կայքում՝ այդ թվում և ռուսերեն[11])։ Մեջբերենք միայն «Հատուկ ծառայությունների գործունեությունը և ժողովրդավարական վերահսկողությունը. մասնագետի տեսակետ» (2003)[12]DCAF հրապարակման որոշ դրույթներ.
Հատուկ ծառայությունների գործունեության ժողովրդավարական վերահսկողությունը պետք է հիմնվի հստակ և մանրակրկիտ կերպով մշակված օրենքների վրա։ Քանի որ ժողովրդավարության պայմաններում վերահսկողությունը ենթադրում է պատասխանատվության կիսում, իսկ նրա բովանդակությունը, որպես կանոն, ամրագրված է պետության սահմանադրության մեջ, ցանկալի է, որ հատուկ ծառայությունների հիմնական նպատակներն ու ոլորտները նույնպես սահմանվեն սահմանադրության մեջ։
Ժողովրդավարական երկրներում հատուկ ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը ներառում է.
- Գործադիր իշխանության վերահսկողությունն ու պատասխանատվությունը,
- օրենսդրական վերահսկողությունը,
- Դատական վերահսկողությունը,
- Հանրության կողմից հատուկ ծառայությունների գործունության նկամամբ ոչ ֆորմալ վերահսկողությունը։
Վերահսկողության յուրաքանչյուր մեթոդ մի կողմից՝ պետք է հաշվի առնի հատուկ ծառայությունների գործունեության առանձնահատկությունն ու գաղտնիությունը երկրի անվտանգության ապահովման հարցում, մյուս կողմից՝ պետք է հարգվեն քաղաքացիների իրավունքները։ Յուրաքանչյուր պետության ժողովրդավարական վերահսկողության համակարգը վերջինիս պետական և քաղաքական կառուցվածքի, պատմության և մշակութային ժառանգության արգասիքն է։ Մի կողմից՝ անհրաժեշտ է մշակել պետության օրենսդրական և սահմանադրական ավանդույթները կարգավորող մեխանիզմներ, մյուս կողմից՝ տարբեր երկրներ ունեն տարբեր քաղաքական կառուցվածք և ժողովրդավարական վերահսկողության իրականացման փորձ։ Չի կարող գոյություն ունենալ հատուկ ծառայությունների գործունեության ժողովրդավարական վերահսկողության միասնական մոդել։ Ժամանակն է հաղթահարել ՊԱԿ-ի առջև վախի վրա հիմնված տաբուն և սկսել Հայաստանում հատուկ ծառայությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մշակումը։
Եվ անձնական փորձից բխող եզրակացությունը։ Խորհրդարանում Փաշինյանի կառավարոության ծրագիրը ներկայացնելուց առաջ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ՝ կառավարությանն ուղղված առաջարկություններ ուսումնասիրելու նպատակով։ Գերատեսչության ներկայացուցիչները ծանոթանում էին ոչ կառավարական կազմակերպությունների առաջարկություններին և կատարում համապատասխան նշումներ։ Ես խոսել եմ քրեակատարողական համակարգում՝ կալանավայրերում և ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների դադարեցման և հատուկ ծառայությունների գործունեության վերահսկողության անհրաժեշտության մասին։ Խոսելով հատուկ ծառայությունները վերահսկելու կաարևորության մասին՝ ես ուշադիր նայել եմ պաշտոնյաներին. բոլորը բնազդորեն գրիչները վայր են դրել։
________
[1] https://ru.armeniasputnik.am/politics/20180911/14391278/skandalnaya-utechka-polnaya-rasshifrovka-razgovora-glav-snb-i-sss-armenia.html
[2] http://hetq.am/arm/news/92885/aats-tnoren-artur-vanecyani-ev-hqts-pet-sasun-khachatryani-asulisy-uxix.html
[3] http://www.nss.am/index.php/ru/history/brief-history/72-brief-history-of-nss
[4] https://ru.wikipedia.org/wiki/Люстрация
[5] http://www.nss.am/index.php/ru/history/brief-history/72-brief-history-of-nss
[6] http://www.nss.am/index.php/ru/history/museum/73-about-museum
[7] Նույն տեղը
[8] http://www.nss.am/index.php/ru/history/museum/77-museum-1921-1988
[9] http://www.nss.am/images/stories/nss/museum/transition/KGB_Announcement.jpg
[10] https://news.am/rus/news/217709.html
[11] Geneva Centre for the Democratic Control of Armed Forces (DCAF), www.dcaf.ch
[12] https://www.dcaf.ch/sites/default/files/publications/documents/op03_intelligence-practice_ru.pdf