Լոուրենս ԲՐՈԵՐՍ
CR ՈԿԿ հարավկովկասյան ծրագրերի տնօրեն, Chatham House-ի ռուսաստանյան և եվրասիական թեմաներով հետազոտող
Լոնդոն
Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը երկիրը կանգնեցրել է վերջին դարում ամենախորը ճգնաժամի առջև։ Պատճառելով մարդկային կորուստներ՝ զոհվածներ և հաշմանդամ դարձած մարդիկ, պարտությունը ծանր հարված է հասցրել և՛ Հայաստանի ռազմական ներուժին, և՛ զսպման, ռազմավարական խորության ու Լեռնային Ղարաբաղում սեփական ուժերին հենվելու ռազմական հայեցակարգերին։ Հայաստանը դարձել է Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական համատեքստի ամենաթույլ խաղացողը և գրեթե ի զորու չէ ազդել ո՛չ նրա դինամիկայի, ո՛չ էլ նրանում ընդունվող որոշումների վրա։
Հայկական ազգային գաղափարներ
Պարտությունը երկակի էր՝ և՛ մարտադաշտում, և՛ վերջին 25 տարիներին Հայաստանում գերիշխած ազգային գաղափարների տեսանկյունից։ 1990-ականների սկզբներին Հայոց համազգային շարժման հովանու ներքո Հայաստանում ծավալվել էր ժողովրդավարացման և հավերժ բարեկամների ու թշնամիների քաղաքականությունից ձերբազատվելու նախագիծը։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ստվերում ժամանակավորապես մնացած այս նախագիծը նոր ձևերով վերածնվել է 2018 թ․ Թավշյա հեղափոխության մեջ՝ որպես քաղաքացիական ապստամբություն՝ քաղաքացիական մասնակցության և մաքուր քաղաքականության պահանջներով։ Սակայն, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով Թավշյա հեղափոխությունը հայտնվել է Եվրասիայում զինված հակամարտությունների մեջ թաթախված և խառնակ ժամանակների հանգեցրած ժողովրդավարական անցման այլ փորձերի շարքում։
Կար այլընտրանքային՝ տարածապես «սերտաճված Հայաստանի» բնականոնացման նախագիծը, որն Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո իրաատեսական և երկարաժամկետ էր թվում։ Սկզբնապես Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ռազմակալումը հիմնավորվում էր այդ պահի անվտանգության ապահովման խնդիրներով, բայց, ժամանակի ընթացքում, այդ հողերի վրա տարածվել է սեփականության զգացողությունը։ Դա հեշտ էր նկատել, հայացք նետելով տիպային աշխարհագրական քարտեզների վրա, որոնցում 1992-1993 թթ․ գրավված տարածքները պատկերվում էին միասնական հայկական քաղաքական տարածության սահմաններում։ «Սերտաճած Հայաստանը» նույնպես վերջին պատերազմի զոհ է դարձել․ բացի Լաչինի նեղ միջանցքից բոլոր գրավված շրջանները վերադարձել են Ադրբեջանի իրավասության տակ։
Ընդ որում, թեև երկու ազգային գաղափարներն էլ պարտություն են կրել, չի վերացել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ամենայն հավանականությամբ, դրանց մրցակցությունը կշարունակվի։ Որքան էլ խոսվի Հայաստանի բռնած ուղու շրջադարձային փոփոխության մասին, բացառված չէ, որ այն զիգզագաձև կլինի՝ երկու հիմնական նախագծերի միջև մշտական դեգերմամբ՝ երկու քայլ առաջ, մի քայլ հետ։ Ընդսմին՝ նախագծերը նույնպես փոփոխվելու են։
Առաջին նախագիծը կարելի է անվանել «կայազորային պետության» ուղի․ սա ռազմական շինարարության և նորարարությունների վրա խարսխված Հայաստանի վերածնության նախագիծն է, որը տասնամյակների ընթացքում թույլ կտա մեծացնել ասիմետրիկ ռազմագործողությունների ներուժն ապագայում։ Այս նախագծի միջուկը կարող են դառնալ Ղարաբաղի և Հայաստանի նախկին իշխանական Հանրապետական կուսակցության հետ կապված ցանցեր։ Այսպիսի նախագիծն իր կողմնորոշմամբ եվրասիական կլիներ՝ հենվելով գոյություն ունեցող ռուս-հայկական կապերի, ինչպես նաև, որոշ հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի այն նոր կոհորտայի վրա, որը կցանկանա ՌԴ քաղաքացիություն ստանալ։
Հայաստանը զինվորական կայազորի վերածելու ձգտումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն Արցախը հետ բերելու ցանկությամբ, այլև սեփական գոյությանն ուղղված ավելի մասշտաբային սպառնալիքի զգացմամբ, որը բխում է թե՛ Թուրքիայի նոր՝ ավելի համառ քաղաքականությունից, թե՛ Հայաստանի հարավային տարածաշրջանի՝ Սյունիքի խոցելիությունից, որն այդ հողերի նկատմամբ ադրբեջանական ղեկավարության շուրթերից հնչող հավակնությունների ֆոնին տեղի ունեցած պատերազմի հետևանքով կորցրել է իր ռազմավարական խորությունը։ Ու թեև բնիկ ադրբեջանական հողերի կորստի պատմույթի վրա հիմնված «Ադրբեջանի ընդլայնման» նախագիծը երկար տարիներ շարունակ գոյութիւն ուներ «սերտաճած Հայաստանի» տեսքով հայկական տարածքային ծավալապաշտության նախագծի հետ մեկ տանդեմում, այժմ Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի համար շատ ավելի սպառնալից են։
«Կայազորային պետության» այլընտրանքը կարող է լինել Թավշյա հեղափոխության բարեփոխիչ օրակարգի և հայկական ազգային առաջնահերթություններն իդեալիզմից պրագմատիզմի վերակողմնորոշելու վրա հիմնված «սահմանադրական պետության» գաղափարը։ Այն ենթադրում է զարգացման շեշտադրումը Հայաստանի՝ որպես «կովկասյան կայծքարե հովտի» տեսլականը, պետական հաստատությունների շինարարությունը և իրրեդենտիզմից հրաժարվելը, ինչպես նաև կոմպլեմենտարության քաղաքականության վերամեկնարկը՝ «Եվրոպա-Եվրասիա» երկբևեռ հակադրությունից դուրս գալու միջոցով։ Որչափ էլ այժմ դժվար է պատկերացնել, «սահմանադրական պետության» հայեցակարգից տրամաբանորեն բխում է նաև բոլոր հարևանների հետ հարաբերությունների բնականոնացումը։ Դա չի նշանակում, որ պետք է թերագնահատենք Ադրբեջանի հետ հարաբերություններում կարգավորվելիք խնդիրների բարդությունը և ծավալը։ Անուամենայնիվ, «սահմանադրական պետության» նախագիծը ենթադրում է տարածաշրջանային համատեքստին ավելի համապատասխանող դասավորության բնականոնացում։
Կայազորի և սահմանադրության դիալեկտիկան
Ամենայն հավանականությամբ, մոտակա տարիներին Հայաստանում չի հաղթելու հիշյալ նախագծերից ոչ մեկը՝ որոշելով նրա զարգացման հստակ հետագիծը։ Ավելի հավանական է, որ հայկական քաղաքականությունը մշակվելու է այդ երկու գաղափարների բարդ դիալեկտիկայում։
Պարտությունից հետո պարզ է դարձել, որ հայկական քաղաքականության մեջ վերադարձի փորձեր են կատարում «ուժեղ ձեռքի» հայտ ներկայացնող խաղացողներ։ Սակայն, քիչ հավանական է, որ Հայաստանը հնարավոր է դարձնել կայազորային պետություն։ Միևնույն ժամանակ, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի կողմից բխող արտաքին վտանգը ստեղծում է ուժերի ահռելի ասիմետրիա, որի լույսի ներքո ռազմականացումը լավագույն ռազմավարություն դիտվել չի կարող։ Հայաստանի ներսում ստեղծված քաղաքական-տնտեսական դասավորության մեջ կան ավտորիտարիզմի կոնսոլիդացումը զսպող լուրջ կառուցվածքային խոչընդոտներ։ Մինչև 2018 թ․ Հայաստանը միջազգային վարկանշային հարթակներում պահպանում էր «ոչ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի» դիրքերը։ 1990-ականների կեսերից մինչև 2018 թ․ տևած ռեժիմը վերապրում էր գլխավորապես Առաջին ղարաբաղյան պատերազմից ժառանգված ուժային ներուժի շնորհիվ, որն օգտագործվել է 1996, 2004 և 2008 թթ․ Երևանում զանգվածային բողոքի գործողությունները ճնշելու համար։
Սակայն, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված չեն, Հայաստանը անվտանգային սպառնալիքներից բավարար չափով ազատ չի լինի, որպեսզի նրանում իրապես արմատավորվի «սահմանադրական պետության» գաղափարը։ Վտանգի պահպանվող զգացումը նպաստելու է «անվտանգություն-ժողովրդավարություն» երկընտրանքի հարատևմանը։ Հասարակությանը թվալու է, որ Հայաստանը միաժամանակ և՛ ժողովրդավար, և՛ անվտանգ լինել չի կարող։ Արտաքին վտանգը բարեփոխումների ճանապարհին թե՛ իրական, թե՛ հռետորական խոչընդոտներ է ստեղծելու՝ թույլատրելով վերնախավերին սեփական լեգիտիմությունը պահպանելու համար ձեռնածել ազգային անվտանգության նկատառումներով։ Դա այնքան դյուրին կլինի, որքան մեծ է թվալու Հայաստանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի գերակայությունը։
Այսպիսով՝ մոտակա տարիներին հայերը կշարունակեն թեժ բանավեճեր վարել Հայաստանի ազգային շահերի շուրջ։ Այս իմաստով կրկին արդարացի է լինելու Ժիրայր Լիպարիտյանը, որը 2004 թ․ ասել է, որ «Ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքը պայմանավորում է կոնսենսուսի բացակայությունը»։
«Կայազորային պետություն»
-Եվրասիական կողմնորոշում
-Ղարաբաղում անվտանգության բացակայություն- թուրքական վտանգ
-Ռուսական ազդեցություն
-Հին գվարդիա / ղարաբաղյան վերնախավ
-Ռևանշիզմ
-20-30 տարի անց ասիմետրիկ պատերա՞զմ։
«Սահմանադրական պետություն»
-Կոմպլեմենտարություն 2.0
-Քաղաքական մասնակցության պահանջ
-Ավտորիտարիզմի ներքին սահմանափակումներ
-Եվրատլանտյան սփյուռքի ազդեցություն
-Նորացված առաջնահերթություններ
-Ապաանվտանգայնացման արդյունքներով բնականոնացում։
Ապագայի ընտրությունը
Խորհելով ապագայի մասին՝ արժե քննել անցած պատերազմի երկու արդյունք։ Առաջինը՝ Հայաստանի ձերբազատումը զավթողական նախագծից։ Հայկական քաղաքական մշակույթում ԼՂԻՄ հարակից յոթ շրջանների Հայաստանի վերահսկողության տակ գտնվելը բացատրվում էր անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Անգամ առանց Երևանի պաշտոնական հանձնարարության՝ վերջին տասնամյակում ծավալվել է վերաբնակեցման նոր գործընթաց, որը խնդրո առարկա տարածքներում ամրապնդում էր միջազգային հանրության տեսանկյունից ապօրինի հայկական ներկայությունը (թեև այնտեղ բնակություն հաստատածներից շատերը նույնպես բռնի տեղահանության զոհեր էին)։ Խորացնելով հայկական պետության սահմանադրական տարածքի և «սերտաճած հայրենիքի» ազգայնական նախագծի ավելի լայն ընդգրկման միջև անջրպետը՝ այդ գործընթացը խարխլում էր բուն ինքնորոշման հայեցակարգը՝ դրա համար անհրաժեշտ ուժեղ պետականություն, պաշարներ և ժողովրդագրական ներուժ չունեցող Հայաստանը ներքաշելով տարածքային ընդլայնման տարակուսելի և աշխարհաքաղաքականորեն հյուծող նախագծի մեջ։ Իսրայելին, ընդհակառակը, առկա պաշարների շնորհիվ հաջողվել է պահպանել իր ստեղծած բնակավայրերը Արևմտյան ափի վիճելի հատվածններում։ Այժմ Հայաստանը ձերբազատվել է այսպիսի ապագայից։
Բացի դրանից, Հայաստանը ձերբազատվել է տարածաշրջանային մեկուսացման գերությունից։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության մեջ և 2021 թ․ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման ժամանակ խոսվել է բոլոր սահմանները և հաղորդակցության ուղիները բացելու մասին։ 1993 թ․ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակելու պատճառը՝ Քելբաջարի վրա հայկական վերահսկողությունն արդեն գոյություն չունի։ Իհարկե, տարածաշրջանի ներսում սահմանների բաց և «փափուկ» լինելու ճանապարհին դեռ բազմաթիվ խոչընդոտներ կան։ Առաջին հերթին՝ դրանք նորավարտ պատերազմի սարսափներով ուժգնացած նախապաշարմունքներն են, որոնք սնվում են դեռևս չլուծված՝ մասնավորապես գերիների վերադարձի հետ կապված կնճռոտ խնդիրներից։ Այնուամենայնիվ, սահմանների բացումը Հայաստանի համար ինքն իրեն հենց տարանցիկ երկիր տեսնելու ոչ միայն հնարավորություն, այլև անհրաժեշտություն է ստեղծում՝ հենց այդ ծիրում պահանջելով ձևակերպել իր ազգային շահերը և ռազմավարություններ մշակել։
Կարող է տեղի ունենալ ևս մի՝ թերևս ամենագլխավոր ձերբազատումը, որին, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միայն միասնաբար հասնել։ Դա հակամարտության բուն կաղապարից ձերբազատվելն է։ 30 տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունները բացարձակապես բոլոր հարցերում (որչափ էլ զարմանալի լինի, միակ բացառությունը եղել է բացառապես Ռուսաստանի հովանու ներքո խաղաղ գործընթացի երկյուղը) զարգանում էին զրոյական գումարով խաղի համատեքստում։ Հակամարտային կաղապարը դարձել է հարմարավետության գոտի՝ փաստարկների և հակափաստարկների սովորական տեսականիով, մնեմոնիկ ռազմավարություններով և զգացմունքային թրիգերներով՝ իրական աշխարհում անվտանգության բացակայության հարատևման համապատկերում։ Այժմ ի հայտ է եկել հակամարտային կաղապարը հաղթահարելու հնարավորություն։
Շատ բան է կախված հաղթական կողմ դարձած Ադրբեջանից։ Նա նույնպես պետք է ընտրություն կատարի՝ Հայաստանի վրա գերակայելու կամ վերջինիս հետ ապագայում գործընկերային հարաբերություններ հաստատելու միջև։ Որչափ շատ է Ադրբեջանը ձգտելու առաջինին, նույնչափ դյուրին Հայաստանը կկանգնի «կայազորային պետության» ուղու վրա, և այս պարագայում կպահպանվի հայ-ադրբեջանական մրցակցությունը ու դրա վրա հիմնված՝ երկու կողմերի վրա էլ արտաքին ուժերի ազդեցությունը։ Դրա այլընտրանքը կարող է լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերափոխումը և դրա շնորհիվ՝ մրցակցության կաղապարից դուրս գալու հնարավորությունը։ Սա ևս մի հիշեցում է, որ ինչ դերակատարություն էլ ունենան մեծ տերություններն ու աշխարհաքաղաքական գործոնները ներկայիս Հարավային Կովկասի իրողություններում, վերջին հաշվով՝ հենց հայերի և ադրբեջանցիների ձեռքերում է մնում թե՛ նրանց հարաբերությունների և թե՛ ողջ տարածաշրջանի ապագան։