Վասակ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան
2020-ի նոյեմբերի 9-ին արձանագրվածը 1998-ի փետրվարի 3-ին գրանցված պարտության շարունակությունն է: Երկու ցավալի պարտություն Ղարաբաղյան ճակատում. առաջինը՝ ներքաղաքական, երկրորդը՝ ռազմական: Զուգահեռը նպատակ ունի բացահայտել դրանց խորքային կապը, վեր հանել պատճառները, ըստ այդմ տեսանելի դարձնել այն սխալները, որոնք հանգեցրին հերթական զրոյական կետին, որից բարձրանալը հսկայական ջանքեր և ռեսուրսներ է պահանջելու:
Նախ՝ ինչու եմ պարտություն համարում առաջին նախագահի հրաժարականը:
Հետադարձ մի հայացքով տեսանելի է, որ 94-ի հրադադարի հաստատումից ի վեր՝ ավելի քան քառորդ դար, մենք շփոթված ու անպաշտպան մնացինք ուժերի գերլարումով տարած մեր հաղթանակի հանդեպ: Առժամանակ մեզնից շատերը լավ չէին պատկերացնում ինչ է պատահել, մենք չգիտեինք ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Շփոթվել էինք՝ մենք, ախր, պարտություններով ենք գոյատևել, մեր վերջին մի քանի սերունդները ցեղասպանությամբ են «սնվել», մեր հաղթանակները եղել են կամ ճարահատյալ ու դրվագային՝ այս կամ այն ճակատամարտում, կամ օտար երկրի բանակի կազմում հրաշքներ գործելով: Իսկ հիմա՝ հաղթանակ, որը մերն է, մեր նորաստեղծ պետությանն է:
Ու սկսեցինք մաս-մաս անել հաղթանակը, որ կարողանանք մարսել: Սկսեցինք սեփականաշնորհել ու կուսակցականացնել այս ու այն բնակավայրի ազատագրումը: Ասենք՝ առավել հնարամիտները դա դեռ պատերազմի ընթացքում էին սկսել, բայց ընթացքում նման բաներին շատերն առանձնապես ուշադրություն չէին դարձնում: Իսկ ահա հրադադարից հետո կատաղի մարտեր սկսվեցին այժմ արդեն հաղթանակի դափնիների համար:
Որքան էլ զավեշտալի կամ արտառոց է հնչում, այս անհավասար մարտերում, ահա, պարտություն կրեց այն քաղաքական ուժը, որի կառավարման օրոք հաղթանակ գրանցվեց պատերազմում, որը այդ հաղթանակի իրական տերն էր և որի առաջնորդը փորձ արեց ընդառաջ գնալ վերջնականապես չլուծված հակամարտության կարգավորման իրատեսական տարբերակին:
Տեղի ունեցավ ահա թե ինչ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիպելով ուժեղ հակազդեցության, չստանալով բավարար աջակցություն՝ հրաժարական տվեց «իշխանության հայտնի մարմինների» պահանջով: Բացատրելով, որ (հիշեցնելն ամոթ չլինի) «…ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով»:
Փոքր-ինչ տարօրինակ էր նախագահի բացահայտումը ՝ «իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր», ապա և փակագծերի բացումը. «Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»… Մի խոսքով, 98-ի փետրվարի 3-ին հայտնի դարձավ ահա թե ինչ. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»։
Հաջորդած իրադարձությունները սրբագրեցին փոքր-ինչ խորհրդավորությամբ պարուրված, բայց քաղաքական գրագիտությամբ գրեթե անթերի այս տեքստը: Պարզվեց, որ խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը ոչ թե պարտություն է կրել, այլ ենթարկվել է անվերապահ կապիտուլյացիայի: Ինչո՞վ, ուրեմն, արտառոց չէր դա: Ինչո՞ւ հնարավոր չէր չընդունել այդ կապիտուլյացիան, մանավանդ որ չկար սպառազինությամբ բազմապատիկ մեզ գերազանցող թշնամու հետ արյունոտ առճակատում, չկար բանակը զոհաբերելու և բնաջնջվելու վտանգ, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին… Մանավանդ որ ճակատագրական խնդիր լուծելու, բախտորոշ պահին կողմնորոշվելու հնարավորություն լինում է մեկ անգամ, ու եթե ընկրկում ես, եթե նահանջում ես, եթե խանգարում են ու այլ ուղղություն են պարտադրում՝ կնշանակի կորավ հնարավորությունը, կնշանակի կորցրիր արժանապատիվ խաղաղության հասնելու միակ շանսը… Սա կոկա կոլայի խցանի տակի լոզունգ չի՝ կրկին փորձիր: Կրկին էդ հնարավորությունը չի ընձեռվում, ցավոք…
Ամենատարօրինակը հաղթանակած ուժի կապիտույլացիան որպես իրենց հաղթանակը ներկայացնողների խեղկատակությունն էր: Հաղթանակած և ասպարեզից վտարված ուժին վարկաբեկելը դարձավ «իշխանության հայտնի մարմինների» գերխնդիրը:
«Ապազգային» հորջորջված քաղաքական ուժը երկար ժամանակով էր հրաժեշտ տալու քաղաքական դաշտում շատ թե քիչ լուրջ դեր ստանձնելու պատրանքներին՝ վաստակելով նաև «դավաճան», «հանցագործ», «թալանչի» և այլ պիտակներ: Այդ ուժը այլևս երբեք բանականության դաշտում չէր կարողանալու արդարանալ ու պաշտպանվել. սև քարոզչությունն իրենն անում էր՝ օրեցօր թափ էր հավաքում տարիներ առաջ ավարտված պատերազմի ոչ նյութական «ռազմավարը» վերաբաշխելու գիշատչական մրցավազքը:
«Դավաճանները», «ապազգայինները», «երկիրը թալանողները», այսպիսով, ամբողջացրին «պարտվողականների» բարոյալքված շարքերը, իսկ նրանց ասպարեզից վտարածները տիրացան պատերազմում հաղթածի դափնիներին: Դրանք՝ Ղարաբաղյան հակամարտության «հաղթողական» լուծման կողմնակիցները, այլ կերպ ասած՝ ոչմիթիզհողականները հասկանում էին, որ իրենց դիրքերն ամրապնդելու ամենաարդյունավետ միջոցը իրենց հակառորդներին վարկաբեկելն է: Վարկաբեկելու համար էլ, բնականաբար, պիտի ոչ միայն չարախոսեին նրանց հասցեին, այլև հնարավոր բոլոր ձևերով պիտի նսեմացնեին նրանց: Առանձնապես շատ խելք և հմտություն պետք չէր, որ հաղթանակը վերագրեին իրենց՝ կորուստների ու զրկանքների պատասխանատվությունը թողնելով իրենց հակառակորդներին: Շատ խելք պետք չէր հակառակորդներին վերջնականապես փչացնելու համար նրանց կառավարման շրջանն անվանելու «խավարի ու ցրտի տարիներ»:
…Այս ամենը շարունակվեց քսան տարուց ավելի: Այդ քսան ու ավելի տարիներին մենք աներևակայելի ջանասիրությամբ վատնեցինք 90-ականների պատերազմում տարած հաղթանակի ռեսուրսները, ապա և նոր պատերազմում քամուն տվեցինք այն մինչև վերջին փշրանքը:
Ու հիմա, փոխանակ հետադարձ հայացքով այս ամբողջ ժամանակահատվածն ընդգրկելու, արվածն ու չարվածը կշռելու, կատարվածի պատճառները ամբողջ խորությամբ տեսնելու՝ յուրաքանչյուրը փորձում է հեռու վանել իրենից պարտության պատասխանատվությունը, խուսափել ամեն կարգի պատասխանատվությունից՝ մեղադրելով ու մատնացույց անելով այլոց: Սա էլ մյուս ծայրահեղությունն է, մանկամտության ու կամակորության դրսևորում, որի ականատեսն ենք հետպատերազմյան այս օրերին: Բայց սա էլ անակնկալ չէ: Մեզ համար վաղնջական ժամանակներից եկած ավանդույթի պես մի բան է անհաջողության ու պարտության մեղքը սրա-նրա վրա բարդելը, իրար մեղադրելը, պատճառներն ուրիշի մեջ փնտրելը և ուրիշից հաշիվ պահանջելը: Բուռն-զգայական այս հակազդումը՝ ինքնապաշտպանական բնազդի առաջանցիկ բռնկումը, սակայն, չի թեթևացնում պարտության բեռը, չի մեղմում դառնությունը:
Միմյանց մեղադրելու և միմյանց դեմ մարտնչելու անսահման ռեսուրսներ են ի հայտ գալիս, բայց չկա լույսը, դեպի որը ձգտում ենք, չկա խնդիր՝ ինչ-որ բան շտկելու, չի ձևակերպվում նպատակը, որին հասնելով՝ կմեղմենք ցավը… Ամենքի նպատակը այս անառողջ գզվռտոցում հաղթելն է:
Բայց որքան էլ տարբեր կողմերից մեղադրանքներ հնչեն միմյանց հասցեին, ակնհայտ է, որ Հայաստանի այսօրվա պարտության հիմնական պատասխանատուները նույն այդ 98-ի «իշխանության հայտնի ուժերն» են իրենց անհեռատեսությամբ ու սնապարծությամբ՝ այսօրվա ոչ պակաս անհեռատես ու սնապարծ իշխանության հետ միասին:
Մենք չունեինք և հիմա էլ չունենք հստակ ձևակերպված ռազմավարություն՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու: Մեր ընթացքը տարերային է, անկանոն, ինքնահոս: Մենք բախտի քմահաճույքին ենք թողել մեր ներքին համակեցությունն ու նաև համակեցությունը մեր հարևանների հետ: Կորցրել ենք ոչ միայն տիրապետությունը մեր երկրում, այլև մեր ինքնատիրապետումը: Մենք չենք վերահսկում ոչ միայն մեր վարքը, այլև մեր միտքն ու խոսքը:
Չի կարող փորձանքներից խուսափել մի երկիր, որը ապրում է կեղծիքի մեջ մոլորված, ստին ու երեսպաշտությանն ընդառաջ, սնահավատությանը գերի, որը տասնամյակից ավելի ոտքից գլուխ թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:
Հայաստանի այսօրվա պարտությունը քառօրյա կամ քառասունչորսօրյա պատերազմի հետևանք չէ: Հայաստանի այսօրվա պարտությունը տասնամյակների, եթե կուզեք՝ հարյուրամյակների ու հազարամյակների ծուռ ընթացքի հանրագումար է, շարունակական իրարամերժության պտուղ, անսպառ ինքնահիացման հետևանք: Նաև՝ գլխավորը, առաջնայինը չըմբռնելու հետևանք:
Ո՞վ էր այն իմաստուն գաղափարախոսը, որը որոշեց արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնել ոչ թե կենսունակ ու հաղթանակած Արցախի, այլ պարտության պաշտամունք, պարտության՝ այլևս հավերժական ու անմահ թվացող ուրու ցեղասպանության ճանաչումը: Եվ մի՞թե նախ և առաջ այս ինքնակեղեքման ու իներցիայի հետևանքը չէին մերօրյա հազարավոր աննպատակ զոհերը:
Օդ ու ջրի, հող ու կրակի, սեր ու սերմի պես մեզ անհրաժեշտ է այս ամենը խոստովանելու ողջամտություն: Մեր լեզուն և մեր բանականությունը մեզ հնարավորություն են ընձեռում մշակել այս աշխարհում մեր գոյաբանության բանաձևը և հետայսու ձգտել բացառապես հաղթանակների: Դուրս գալ անիծյալ պարտությունների շրջապտույտից: Սա անելու համար հարկավոր է նախանշել մեր առաջնահերթությունները: Ոչ թե որպես լոզունգներ, այլ որպես պարտությունը բացառող հստակ քարտեզ, որպես այդ հաղթանակներին հասնելու հստակ ճանապարհ:
Իբրև առաջին քայլ՝ մենք պարտավոր ենք գծել այդ ճանապարհը: