Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երեւան
Անկախության 20-ամյակը մեծ շուքով նշած եւ հոբելյանական տարին գլորող Հայաստանը կարծես թե կանգնում է բավական դժվարին ընտրության առաջ` խորացնե՟լ հարաբերությունը Եվրամիության հետ, թե՟ կողմնորոշվել դեպի նոր ձեւավորվող Եվրասիական միություն, որը ռուսական, կամ ավելի շուտ պուտինյան գաղափար է, որի տակ կարծես թե քողարկվում է ԽՍՀՄ վերականգնման թաքուն հույսը:
Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը նոյեմբերի 18-ին Մոսկվայում ստորագրեցին մի հռչակագիր, որով հայտնեցին Եվրասիական միություն ստեղծելու իրենց հաստատակամությունն ու ստեղծեցին հանձնաժողով, որը պետք է աշխատի այդ ուղղությամբ: Նույն այդ ժամանակաընթացքում Հարավային Կովկաս տարածաշրջանային այց էր կատարել Եվրամիության արտաքին հարաբերության եւ անվտանգության հարցերի գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով այցելեց նաեւ Երեւան: Նրա այցի ընթացքում Հայաստանի իշխանությունը հերթական հավաստիացումները հնչեցրեց այն մասին, որ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրամիության չափանիշներով պետություն: ՙՄեր նպատակը շատ հստակ է, եւ բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր, եւ հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով՚, Քեթրին Էշթոնին ընդունելով` ասել էր Սերժ Սարգսյանը: Եվրոպական չափանիշների մասին բավական խոստումնառատ հայտարարություններ էր արել նաեւ նոյեմբերին Բրյուսել մեկնած Տիգրան Սարգսյանը, ով Հանրապետական կուսակցության հայտն էր արել Եվրոպական Ժողովրդական կուսակցությանն անդամագրվելու համար:
Մի կողմ թողնենք այն, թե որքանով է Հայաստանի իշխանության հայտարարությունների այդ ավանդափաթեթն անկեղծ, եւ որքան է դրա տակ եղած քաղաքական կամքը: Բանն այն է, որ եթե Ռուսաստանն առաջ է մղում Եվրասիական միության գաղափարը, ապա Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու նաեւ այդ կապակցությամբ հանդես գալ հայտարարությունների փաթեթով: Ավելին, Հայաստանն արդեն իսկ սկսել է դա, Սանկտ-Պետերբուրգում վարչապետի մակարդակով ստորագրելով ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որը Ռուսաստանը մատուցում է որպես Եվրասիական միության նախադուռ: Իհարկե, Հայաստանն առայժմ խուսափում է կոնկրետ Եվրասիական միության մասին խոսելուց, ի տարբերություն օրինակ Ղազախստանի եւ Բելառուսի, որոնց նախագահները Պուտինից հետո եւս հանդես եկան այդ միության մասին հրապարակային հոդվածներով, բնականաբար խրախուսելով միության ստեղծումը, բայց, նկատի ունենալով գործընթացը եւ դրա ծավալման հեռանկարը, Հայաստանին հավանաբար չի հաջողվի երկար խուսափել այդ միության հանդեպ նախագահական մակարդակի դիրքորոշումներից եւ մոտեցումներից:
Կարո՟ղ է, արդյոք, Հայաստանը հրաժարվել Եվրասիական միության հեռանկարից: Օրինակ, Մաքսային միությունից Հայաստանը հրաժարվում է, պատճառաբանելով, որ ընդհանուր սահման չունի դրա անդամների հետ: Բայց, Եվրասիական առավել լայն միության պարագայում այդ պատճառաբանությունը կարող է չաշխատել: Շատերը կարող են ասել, թե որեւէ բարդ ընտրության հարց չկա, եւ Հայաստանը կարող է համատեղել Եվրամիության եւ Եվրասիական միության ուղղվածությամբ հայտարարությունների փաթեթները, շարունակել հրապարակել դրանք համապատասխան ամբիոններում, որովհետեւ Եվրասիական միության նախաձեռնողներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը հայտարարում են, որ այդ միությունն ամենեւին չի հակադրվելու Եվրամիությանը: Սակայն, դա ընդամենը հայտարարությունների մակարդակ է, քանի որ իրականում Եվրասիական միությունը չի կարող չհակադրվել Եվրամիությանը, այն պարզ պատճառով, որ Եվրասիական միությունը կազմում են երկրներ, որոնցում ներքին իրավիճակը բացարձակապես չի համապատասխանում այն արժեքներին, որոնք առկա են Եվրոպական միության հիմքում: Ավելին, Եվրասիական միության ձեւավորման բուն շարժառիթը հենց այդ տարբերությունն է, որը բխում է մտածողության եւ արժեհամակարգային տարբերություններից: Երբ այդ ամենին գումարվում է նաեւ քաղաքական շահերի տարբերությունը, որը եւս զգալիորեն պայմանավորված է նաեւ երկրների ներքին որակների տարբերությամբ` թեեւ, իհարկե, ոչ ամբողջությամբ է պայմանավորված, ապա պարզ է դառնում, որ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը դառնում են պարզապես հակադիր բեւեռներ, մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն եւ Վարշավյան պայմանագրի երկրներն էին: Պարզապես ներկայումս այդ հակադրությունը դրվելու է առավելապես տնտեսա-քաղաքական հենքի վրա, քանի որ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները թույլ չեն տալիս, որ հակադրությունը կրի ռազմականացված բնույթ` բոլոր կողմերը խոհեմաբար խուսափում են դրանից, թեեւ շատերը, թերեւս, խուսափում են ստիպված: Բայց դա այլ խոսակցության նյութ է, ոչ պակաս ծավալուն, քան այն, ինչը Հայաստանին դնում է Եվրամիությո՟ւն, թե՟ Եվրասիական միություն ընտրության առաջ:
Հայաստանը կարող է համատեղել հայտարարությունների փաթեթները, սակայն չի կարող հապաղել կոնկրետ քաղաքականության հարցում: Իսկ այստեղ արդեն համատեղությունը դառնում է գործնականում անհնար, որովհետեւ Եվրասիական միությունը Հայաստանից պահանջելու է բոլորովին այլ ներքին քաղաքականություն, քան պահանջում է Եվրոպական միությունը: Գործնականում անհնար է լինելու կառուցել Եվրամիության չափանիշներով բարեկեցիկ երկիր, միեւնույն ժամանակ այդ երկրով անդամակցել մի միության, որը կազմավորել եւ որտեղ հրամանատարություն են անում բոլորովին այլ չափանիշներով կառուցված եւ կառավարող երկրները: Հետեւաբար, կամ Հայաստանը պետք է մերժի Եվրամիության չափանիշներով կառուցված երկիր լինելու հեռանկարը, կամ մերժի Եվրասիական միությանը` ինչը նույնն է, թե մերժի Ռուսաստանին:
Կարո՟ղ է, արդյոք, Հայաստանն անել դա: Իհարկե` կարող է, կամ ավելի շուտ` պարտավոր է, որովհետեւ Հայաստանի համար այստեղ իրական ընտրությունը ոչ թե Եվրոպա, թե Եվրասիական միություն ընտրությունն է, այլ անվտանգ, բարեկեցիկ, տարածաշրջանում եւ աշխարհում մրցունակ ու կենսունակ երկիր լինել-չլինելու ընտրությունն է: Բանն այն չէ, որ մենք պետք է Եվրոպան կամ Արեւմուտքն ավելի շատ սիրենք, քան, ասենք, Ռուսաստանը կամ հետխորհրդային տարածքն ընդհանրապես: Հարցն այն է, թե մենք մեր պետությունը պե՟տք է սիրենք, թե՟ ոչ: Եթե պետք է սիրենք մեր պետությունը, ուրեմն պետք է առաջնորդվենք դրա շահով: Իսկ այդ շահը պահանջում է, որ Հայաստանը շարժվի Եվրոպական միության արժեհամակարգի ուղղությամբ, որովհետեւ միայն այդ ուղղությամբ է, որ Հայաստանը կարող է իրացնել իր ամենակարեւոր ռեսուրսը` մարդկային ստեղծագործական պոտենցիալը: Եւ միայն այդ պոտենցիալն իրագործելու դեպքում է, որ Հայաստանը կարող է լինել առավելագույն ինքնիշխանությամբ օժտված պետություն, որն իրեն վերաբերող, անմիջականորեն իրեն առնչվող, բայց համաշխարհային քաղաքականության համար էլ մեծ հետաքրքրություն ունեցող հարցերում կարող է խուսափել դիտորդի դերից եւ լինել իր ճակատագիրն անմիջականորեն տնօրինող պետություն:
Այստեղ նաեւ խնդիրն այն չէ, որ Հայաստանին էլ Եվրոպան է ավելի շատ սիրում եւ առաջարկում է առավել շահեկան հեռանկարներ, քան, ասենք, Ռուսաստանը: Եվրոպան էլ, Ռուսաստանն էլ առաջնորդվում են իրենց տնտեսական-քաղաքական շահով, ինչը միանգամայն բնական իրավիճակ է համաշխարհային քաղաքականության համար: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի պետական ռազմավարական շահը ներկայումս համընկնում է Եվրոպայի ռազմավարական շահին, ինչը պետք է օգտագործել առավելագույնս, որովհետեւ այդ շահերը հավերժ չեն եւ կարող են ժամանակի ընթացքում որոշակիորեն փոխվել: Իսկ երբ մենք, որպես պետություն եւ հասարակություն, օգտվում ենք այդ շահերի ներդաշնակությունից եւ կարողանում ենք եվրոպական արժեքներով առաջնորդվելու շնորհիվ կառուցել ամուր պետական եւ հասարակական շենք, ապա շահերի տարամիտման դեպքում մենք լինում ենք այսպես ասած առավել ամուր եւ, հետեւաբար, ավելի ինքնուրույն մեկնարկային վիճակում, քան դրանից առաջ: Իսկ այդ դեպքում, անգամ երբ Եվրոպայի հետ Հայաստանի շահերը սկսում են շարժվել տարբեր ուղղություններով, միեւնույն է` մեր ներքին մրցունակությունը դառնում է արդեն երաշխիք, որ Եվրոպան եւ մնացյալ քաղաքական կենտրոնները մեզ դիտարկեն ոչ թե որպես զոհ, կամ որպես համաշխարհային քաղաքական գործընթացների մանրադրամ, ինչպես եղել է նախորդ հարյուրամյակների ընթացքում, այլ որպես գործընկեր, որի շահի հետ պետք է հաշվի նստել:
Հետեւաբար, թեեւ Հայաստանը բարդ ընտրության առաջ է, այդուհանդերձ` Հայաստանի պետական ռազմավարական շահը կարծես թե ընտրության տեղ չի թողնում` միայն ճանապարհ դեպի Եվրամիության արժեքային եւ քաղաքակրթական տարածություն: Կամ Հայաստանն անցնում է այդ ճանապարհը, կամ Հայաստանին կանցկացնեն այլ ինչ ճանապարհով ասես, իսկ մենք ունակ չենք լինի դիմադրել այդ ընթացքին: Անշուշտ, դա կարող է ենթադրել բավական բարդ իրավիճակներ Ռուսաստանի հետ հարաբերությունում:
Սակայն, ներքին բարեփոխումների գործնական քաղաքականության պարագայում Հայաստանը մի կողմից կարող է առավել ամուր լինել եւ առավել թեթեւ տանել Ռուսաստանի իշխանության հետ հնարավոր բարդությունները, երբ Հայաստանի իշխանությունը բարեփոխումների իրական ընթացքի շնորհիվ կստանա Հայաստանի հասարակության աջակցությունը, մյուս կողմից էլ Հայաստանը գործնական եւ անկեղծ բարեփոխումների իրականացման պարագայում կարող է ակնկալել առավել լայնածավալ տնտեսական-քաղաքական օժանդակություն Եվրոպայից, ինչի մասին բավական թափանցիկ ակնարկներ Եվրոպան վերջին շրջանում կատարել է բավական հաճախ` թե եվրոպական կառույցների պատասխանատուների, թե, մասնավորապես, Եվրոպայում առաջատար դերակատարություն ունեցող երկրներից մեկի` Ֆրանսիայի նախագահի շուրթերով:
Ընդհանուր առմամբ, առկա իրավիճակն, իհարկե, խոսում է Հայաստանի անկախության քսանամյա ընթացքի մեղմ ասած ցածր արդյունավետության մասին: Բանն այն է, որ ներկայիս ընտրությունը, գրեթե նույնական վիճակով, Հայաստանի առաջ կանգնած էր Հայաստանի անկախության առաջին տարիներին: Այդ ընտրությունն իր առանցքում առաջին հերթին ենթադրում է հստակ եւ առարկայական կողմնորոշում քաղաքակրթական տարածության մեջ: Քսան տարի շարունակ Հայաստանը ոչ թե կողմնորոշվում էր, այլ համառորեն խուսափում դրանից, խուսափելով երկրի ներքին արդիականացումից եւ առաջնային համարելով ոչ թե պետության, այլ իշխանության խնդիրը: Մինչդեռ, իշխանության խնդիր կարող է լուծել պետությունը: Երբ գլխավոր խնդիրը դիտվում է իշխանությունը, ապա դա սկսում է արդեն խնդիրներ առաջացնել պետության համար: Այն, որ Հայաստանն անկախության քսաներորդ տարում կանգնած է քաղաքակրթական ընտրության առաջ, եւ այդ ընտրության հարցը ժամանակի ընթացքում ավելի սրվում եւ կենսական է դառնում, քան թուլանում, խոսում է անկախության 20 տարիների անարդյունավետության մասին:
Հայաստանի հետխորհրդային անկախության քսանամյակը պետք է նշանավորվեր հենց որպես կատարված ընտրության արդյունավետ հանգրվան, ոչ թե հանդիսանար կենսական ընտրության կրիտիկական եզրագիծ: