Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության (ԻԼԻՊ) գրոհայինները պատրաստվում են Բաղդադի առմանը: Իրաքն ամերիկյան աջակցություն է խնդրում, իսկ ԱՄՆ-ն փորձում է օգտագործել իրադրությունը՝ իրեն հարմար ուղղությամբ իրաքյան իշխանությունը փոխակերպելու հարցում:
Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության իսլամիստներն Իրաքում շարունակում են նորանոր տարածքներ գրավել: Նրանք շարունակում են հաջող առաջխաղացում իրականացնել սունիաբնակ Անբար նահանգում, որտեղ նախկինում ԻԼԻՊ-ը բախվել էր տեղի ցեղերի ներկայացուցիչների համառ դիմադրությանը:
Նրանց հաջողվել է վերահսկողություն հաստատել մի քանի խոշոր քաղաքների եւ երեք ստուգիչ-անցագրային կետերի վրա (մեկը՝ Հորդանանի եւ երկուսը՝ Սիրիայի սահմանին): Նրանք նաեւ ամրապնդում են իրենց ներկայությունը հյուսիսային Նայնավայի եւ Սալահ-ադ-Դինի նահանգներում: Իսլամիստներին հաջողվել է գրավել Իրաքի ամենախոշոր` Բայջիի նավթամշակման գործարանը, որն արտադրում է երկրի մաքրված վառելիքի մեկ-երրորդը: Այժմ նրանք կարող են հեշտորեն լիցքավորել երկրի հյուսիսում բռնագրավված զրահատեխնիկան: Իսլամիստների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործարանի վերահսկողությունը (ուստի եւ գործարանի աշխատանքից գոյացող եկամուտները) հանձնում են տեղի բնակիչներին, այսպիսով` նրանցից շատերին գրավելով իրենց կողմը:
Վերլուծաբաններն արդեն իսկ խոստովանում են, որ ներկա դրությունն ամերիկյան ներխուժման ժամանակներից ի վեր իրաքյան պետականությանը սպառնացող ամենալուրջ վտանգն է: Խնդիրը միայն այն չէ, որ իսլամիստներն իրական հնարավորություն ունեն գրավելու մայրաքաղաքը. երկրում ծավալվող քաղաքացիական պատերազմն ուժեղացնում է իրաքյան Քուրդիստանում տիրող անջատողական միտումները: Այսպես, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին կրկին սկսել է խոսել իր տարածքի անջատման եւ քրդական պետության հռչակման մասին: Ըստ նրա, քրդերը վերջին տաս տարիների ընթացքում առավելագույն ճկունություն են դրսեւորել եւ արել ամեն հնարավորը նոր ժողովրդավարական Իրաք կերտելու հարցում, բայց այդ փորձը հաջող չի եղել: Աշխուժացել են նաեւ շիա ծայրահեղականները: Հայտնի քարոզիչ եւ «Մահդիի բանակի» առաջնորդ Մուքթադա աս-Սադրն իր կողմնակիցներին կոչ է արել Իրաքի խոշորագույն քաղաքներում լայնածավալ ռազմական շքերթներ կազմակերպել (այսպես, միայն Բաղդադում փողոցներ են դուրս եկել ավելի քան 20 հազար հոգի): Աս-Սադրի կարծիքով, շիաները դրանով բոլորին պատրաստակամություն, ունակություն ու կամք են ցուցաբերում իրենց տներն ու մերձավորներին պաշտպանելու համար, սակայն իրականում նրանք միմիայն խորացնում են երկրի պառակտումը եւ օժանդակում ԻԼԻՊ-ի իսլամսիտներին` ընթացող ռազմական գործողությունները որպես սունի-շիա պատերազմ ներկայացնելու եւ բոլոր սունիներին իրենց դրոշի տակ հավաքագրելու հարցում:
Ահա թե ինչու Իրաքի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են իսլամիստներին անհապաղ ճնշելու համար, բայց նրանց գրեթե ոչինչ չի հաջողվում: Բանակը մեկը մյուսի ետեւից պարտություն է կրում, իսկ գրոհայինների կազմակերպած հրապարակային մահապատիժները զինծառայողներին բարոյալքում եւ հետ են պահում դիմադրելու ցանկությունից: Արդյունքում, զորքերն իրականացնում են «մարտավարական նահանջներ»` հետ գլորվելով դեպի մայրաքաղաքի մատույցները եւ գրոհայիններին թողնելով զենքի նորանոր մեծ խմբաքանակներ: Իսլամիստներն արդեն գտնվում են Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Մայրաքաղաքից հապճեպ տարհանում են դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այս իրավիճակում Իրաքի ողջ հույսը հարեւան Իրանի եւ Միացյալ Նահանգների աջակցությունն է: Եթե Թեհրանը, ըստ որոշ տվյալների, արդեն աջակցություն է ցուցաբերում, ապա ամերիկացիները դեռեւս մտորումների մեջ են: Իրաքի՝ զորքեր մտցնելու կամ գոնե օդային հարվածներ հասցնելու կոչերը դեռեւս անպատասխան են մնում:
Այո՛, մի կողմից հրատապ այցով Իրաք ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակավ խոստովանել է, որ ԻԼԻՊ-ը գոյաբանական սպառնալիք է շատերի կարծիքով ամերիկյան նախագիծ հանդիսացող հետսադդամյան Իրաքի համար: «ԻԼԻՊ-ի ծավալած ահաբեկչությունը, աներեւակայելի բռնության ակտերը եւ բռնարար գաղափարախոսությունն Իրաքի ապագայի համար լուրջ սպառնալիք են հանդիսանում,- հայտարարել է Ջոն Քերրին: ԻԼԻՊ-ը, ի հեճուկս իր հայտարարությունների, չի մարտնչում սունիների շահերի համար: ԻԼԻՊ-ը չի կռվում հանուն Իրաքի հզորացման: Ընդհակառակը, ԻԼԻՊ-ը գործում է Իրաքը պառակտելու եւ ոչնչացնելու համար»: Սակայն, խնդիրն այն է, որ արդի Իրաքն արդեն հարյուր տոկոսանոց ամերիկյան նախագիծ չէ: Հետզհետե ավելի մեծ թվով ամերիկյան վերլուծաբաններ խոստովանում են, որ Իրաքում տիրապետող ազդեցություն է ձեռք բերում իր արեւելյան հարեւանը՝ Իրանը: Նա օգտագործում է վերջին տարիներին երկրում իշխանության ամբողջականությանը տիրած Իրաքի շիա համայնքին՝ որպես իր շահերն առաջ մղողի: Ամերիկացիներն, ընդհակառակը, կամենում են տարրալուծել շիա իշխանություններին` ստիպելով նրանց իրավասությունների մի մասը փոխանցել իրանցիների հանդեպ ջերմ զգացմունքներ չտածող սունի համայնքների ներկայացուցիչներին: Հենց այդ պատճառով էլ Իրաքից ամերիկյան զորքերը (որոնք միանգամայն ի վիճակի էին կասեցնել ԻԼԻՊ-ի ներկայիս հաղթարշավը) հապճեպ դուրս բերած նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում հնարավոր էր հաստատել կայունություն, «եթե բոլոր կողմերը` շիաները, սունիներն ու քրդերը պատրաստ լինեին փոխզիջումների… Ցավոք, հնարավոր չեղավ նրանց միջեւ վստահություն հաստատել, եւ այժմ մենք դրա հետեւանքների ենք բախվում»:
Այժմ ամերիկացիները փորձում են ստեղծված իրավիճակն օգտագործել Բաղդադին սխալների ուղղում պարտադրելու համար: Նրանք խոստանում են զսպել ԻԼԻՊ-ին միայն այն դեպքում, եթե Իրաքի նոր կառավարությունն ունենա կոալիցիոն բնույթ եւ այնտեղ մտնեն երկրի բոլոր հիմնական օրինական խմբավորումների ներկայացուցիչները: «Իրաքի ապագան կախված է այն որոշումներից, որոնք ընդունվելու են մոտակա օրերի եւ շաբաթների ընթացքում: Ապագան նախ եւ առաջ կախված է լինելու ԻԼԻՊ դեմ պայքարում իրաքյան առաջնորդների ուժերը միավորելու կարողությունից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Ամենայն հավանականությամբ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին ընդունել է Վաշինգտոնի պայմանները: Նա առանձնապես ընտրության հնարավորություն չունի. այս օրերին լուծվում է ոչ միայն Իրաքի, այլեւ անձամբ վարչապետի ֆիզիկական գոյության հարցը:
Գեւորգ ՄԻՐԶԱՅԱՆ
«Expert Online»
Թարգմանությունը՝ Անալիտիկոնի
Expert.ru/2014/06/24/dzhon-kerri-nazval-tsenu-spaseniya-iraka