Ս.թ. սեպտեմբերի 13-14-ի տագնապալից իրադարձությունները նշանավորեցին հետպատերազմյան ժամանակաշրջանում դեպքերի զարգացման նոր փուլ. Ադրբեջանը միաժամանակ մի քանի ուղղություններով հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, այդպիսով ագրեսիայի ակտ իրականացնելով ՄԱԿ-ի անդամ-պետության նկատմամբ։ Հետագա դեպքերի հաջորդականությունը դասավորվեց այնպես, որ դրանից մի քանի շաբաթ առաջ ծրագրված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան ստացավ նոր բովանդակություն՝ Հայաստանին և հայկական ժողովրդավարությանը ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն՝ ընտանեկան-կլեպտոկրատ բռնապետության կողմից անմիջական ագրեսիային դեմ հանդիման, ագրեսիա, որը կանգնեցվեց բացառապես Միացյալ Նահանգների դիվանագիտական ակտիվ միջամտության շնորհիվ՝ Հայաստանի ձևական դաշնակիցների բավականին պերճախոս լռության ֆոնին։
Ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ձախողված պատերազմի համապատկերում Նենսի Փելոսիի երևանյան հայտարարություններն այդ այցին հաղորդեցին հիրավի պատմական բնույթ, Հայաստանի ու հայկական ժողովրդավարության հիշատակումը ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Թայվանի հետ նույն շարքում (ժողովրդավարություն, որ պետք է պաշտպանել) կարևորագույն ուղերձ էր Վաշինգտոնից։
Պաշտոնական Երևանն Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի ու կառավարող խմբակցության առանցքային անդամների մակարդակով արդեն ընդունել է, որ Ալիևի ռեժիմի գործողություններին հասցեական ու հստակ գնահատական տալու՝ Հայաստանի կոչին արձագանքել է ԱՄՆ-ն, ու հենց Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ էլ դադարեցվել է փաստացի պատերազմը, որի երկու օրվա ընթացքում Հայաստանն ավելի շատ կորուստներ է կրել, քան 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ։ Երևանը նաև արժանին է մատուցել Ամերիկայի ջանքերին և ցանկությանը՝ մեծացնել ԱՄՆ-ի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Ակնհայտ է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ընդհանուր արժեքների ու շահերի վրա խարսխված հարաբերությունների նոր փուլում ռազմավարական մերձեցման գործընթացի հետագա առաջխաղացումը Երևանից պահանջում է համակարգային բնույթի քաղաքական որոշումներ։
Ինչպիսի՞ն կարող է և պետք է լինի Երևանի քայլերի հետագա ալգորիթմը։ Այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման մեջ՝ հեղինակային հոդվածներում և հայաստանյան ու միջազգային մամուլից արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն