Նախաբան
Սույն հրապարակման մեջ դիտարկվում են քաղաքական հարցեր, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտությունից ծագած տեղաշարժերին: Ուսումնասիրության նպատակն է նպաստել տեղեկացվածության աճին` սույն հարցով առաջին փուլի արդյունքների հանրային հնարավոր արձագանքի մասին, քննարկել հնարավոր մեթոդներն ու խոչընդոտները եւ ձեւավորել առօրյա իրողություններին համապատասխան քաղաքականություն` ներկայացված բանավեճի միջոցով:
Շուրջ մեկ միլիոն մարդու հարկադիր տեղաշարժը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության հիմնական ժառանգությունը: Չնայած այն բանին, որ վերադարձի համընդհանուր իրավունքն ամենակարեւորն է լինելու հայ-ադրբեջանական ցանկացած շրջանակային համաձայնագրի լեգիտիմացման գործում` փախստականները եւ ներքին տեղաշարժված անձինք 20 տարի շարունակվող տեղաշարժից հետո, ամենայն հավանականությամբ, կօգտվեն ընտրության զանազան տարբերակներից:
Սա երեւակում է այն պարադոքսը, որն ընկած է վերադարձի թեմայով բանավեճերի հիմքում: Սույն պարադոքսի հիմքում ընկած է այն փաստը, որ վերադարձի ոչ մի գործընթաց չի կարող վերականգնել ժողովրդագրության եւ տեղաբաշխման մինչհակամարտային մոդելը, սակայն ցանկացած խաղաղ համաձայնագիր, որը չի կարողանա իրական բազա ստեղծել որեւէ տեսակի վերադարձի համար, հազիվ թե լեգիտիմ լինի հակամարտող կողմերի կամ միջազգային հանրության աչքերում:
Հրապարակման մեջ սույն պարադոքսը դիտարկվում է միջազգային փորձագետների կարծիքների տեսությամբ եւ հարկադիր տեղաշարժի փորձով, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի հեղինակների կողմից ներկայացված մի շարք տեղական հեռանկարներով:
Ի մի բերված այս փաստաթղթերն ակնառու ցույց են տալիս ձեւավորվող միջազգային չափորոշիչների եւ վերադարձի հարցերի շուրջ տեղական հռետորության միջեւ զգալի տարաձայնությունները, հակամարտության տարբեր կողմերի ելակետային դիրքորոշումների միջեւ մեծ տարբերությունը, նաեւ այն, թե հարկադիր տեղաշարժին առնչվող իրավաբանական հարցերի լուծման նկատմամբ լայն տեսանկյունով ինչպիսի մոդելներ կարող է առաջարկել միջազգային փորձը, եթե հակամարտող կողմերը համաձայնվեն լուծել այս բարդագույն խնդիրը:
Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ
2010 թվականի կեսերին ՙՀաշտության պաշարներ՚ կազմակերպությունը (Conciliation Resources – CR) մշակել է Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ծրագիր` որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված Եվրոպական գործընկերության (EPNK) բաղկացուցիչ մաս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ղարաբաղյան խաղաղ գործընթացի աջակցման Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի շարք միջոցառումներ: Կոնտակտային խումբը հայ եւ ադրբեջանցի վերլուծաբաններին հուսալի հարթակ է առաջարկում ղարաբաղյան խաղաղ գործընթացի քաղաքական առանցքային երկընտրանքների նկատմամբ այլընտրանքային մոտեցումների մշակման համար` ինչպես անմիջապես միմյանց հետ, այնպես էլ միջազգային փորձագետների հետ միասին:
Սույն հրապարակման ձեւաչափը նախատեսում է հայ եւ ադրբեջանցի վերլուծաբաններից (տվյալ դեպքում` Արտակ Այունց, Ազեր Ալահվերանով, Աշոտ Բեգլարյան, Թաբիբ Հուսեյնով եւ Մասիս Մայիլյան) եւ միջազգային փորձագետից (Ջերարդ Թոուլ) կազմված ոչ մեծ խմբի ստեղծում` հարկադիր տեղաշարժի թեմայով համապատասխան քաղաքականության համար երաշխավորագրերի մշակման նպատակով ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: Առաջին հրապարակման տարածաշրջանային չորս մասնակիցները 2010 թվականի հոկտեմբերին հավաքվել են Թբիլիսիում, որտեղ էլ ծանոթացել են միջազգային ներկայիս մտածելակերպին եւ տեղաշարժերի փորձին, ինչպես նաեւ մի շարք կարծիքների առ այն, թե ինչպես կարող է այլ համապատկերում կուտակված փորձը կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում: Այնուհետեւ նրանք պատրաստել են իրենց աշխատությունները եւ 2010 թվականի վերջին – 2011 թվականի սկզբներին դրանք միմյանց են ներկայացրել մեկնաբանման համար: Սույն թողարկման մեջ ներկայացված են այս հետազոտական աշխատանքների վերջնական տարբերակները, իսկ հիմնական եզրակացություներն էլ դիտարկվում են սույն նախաբանում:
Կոնտակտային խմբի աշխատանքը. հիմնական եզրակացություններ
Ջերարդ Թոուլի տեսությունը նկարագրում է տեղաշարժի հիմնախնդիրների լուծման միջազգային մոտեցումն ու փորձը, մասնավորապես` Բոսնիայում: Նա ցույց է տալիս, որ թեեւ միջազգային պրակտիկան առավել հաճախ հույս է պահում, որ զանգվածային տեղաշարժերը կվերադառնան ի շրջանս յուր` գործնականում, այդուամենայնիվ, այն ամենը, ինչի կարելի է հասնել, դա մարդկանց ընտրության հնարավորություն տալն է` վերադառնա±լ, թե± նախապատերազմյան ունեցվածքի փոխհատուցում ստանալ այլ վայրում ապրելու համար: Թեեւ բոսնիական փորձն օգտակար զուգահեռներ է առաջարկում` ղարաբաղյան ենթատեքստում առկա են վառ արտահայտված տարբերություններ, այդ թվում այնպիսին, ինչպիսին են տեղաշարժերի աշխարհագրությունը, տարածքների ներկայիս վերահսկողությունը, այն փաստը, որ բոսնիական պատերազմում բացահայտ հաղթող չի եղել, ինչպես նաեւ զգալիորեն նվազ աստիճանի միջազգային ներկայությունն ու ազդեցությունը տեղերում:
Այդուհանդերձ, Թոուլի` Բոսնիայի եւ Ղարաբաղի համեմատությունը մի շարք այլընտրանքային հեռանկարներ է առաջարկում այն բանի տեսանկյունից, թե ինչպես կարող է պլանավորվել եւ իրականացվել հարկադիր տեղաշարժի դադարեցման գործընթացը: Այդ այլընտրանքները վերանայում են ՙվերադարձ՚ սահմանումն ավելի լայն իմաստով, այսինքն` տեղաշարժված անձին հնարավորություն են տալիս որոշում ընդունելու, թե որտեղ ապրել: Այս մոտեցումն ընդգծում է, որ պետք չէ կարծել, թե տեղաշարժված անձինք անպայման ուզում են վերադառնալ իրենց նախկին տները: Դրա փոխարեն նրանք, հավանական է, կուզենան մի շարք այլընտրանքներ, այդ թվում.
-նախկին գույքի վերադարձ, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ ստանան այլ վայրում նոր կյանքի համար
-ժամանակավոր կամ փորձնական վերադարձ
-մասնակի վերադարձ` նախկին տների վերադարձի ձեւով, որպեսզի դրանք օգտագործեն որպես երկրորդ տուն` շարունակելով ապրել ներկայիս կեցավայրում:
Այս հեռանկարները գերակա են համարում ինդիվիդումի իրավունքները, այլ ոչ թե վերադարձի ազգային ծրագրում եւ տարածքների վերադարձի պահանջների ներկայացման գործում նրա ենթադրյալ դերը: Սա ընդգծված առաջխաղացում է տեղաշարժված անձանց` որպես պասիվ խաղազինվորիկներ (ում մի տեղից մյուսն են տանում) ընկալելուց դեպի նրանց ընկալում որպես բանական անձինք, ովքեր հնարավոր գործողությունների տարբեր դրդապատճառներ եւ ընտրություն ունեն:
Այս մոտեցումը կարող է դժվար համադրվել ազգային տարածքի կորստի ու վերաբնակեցման հրամայականի մասին ավելի լայն նարատիվների հետ, բայց այն ավելի շատ է համապատասխանում կենսական ընտրությանը եւ այն մարդկանց իրավունքներին, ովքեր երկար ժամանակ գտնվում են տեղաշարժված մարդկանց վիճակում: Այն նաեւ առաջարկում է պատմական արդարության հարցերի քննարկում, հարցեր, որոնց շուրջ այսօր բարդ բանավեճեր են կայանում, բայց առանց որոնց հնարավոր չէ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը:
Արտակ Այունցի, Ազեր Ալահվերանովի, Աշոտ Բեգլարյանի, Թաբիբ Հուսեյնովի եւ Մասիս Մայիլյանի աշխատություններում ավելի խոր ներթափանցում կա այն էական դժվարությունների մեջ, որոնք խոչընդոտում են Ղարաբաղի պարագայում հարկադիր տեղաշարժերի հետ կապված իրավիճակը շտկելու փորձերին: Այդ դժվարությունները ներառում են.
-կանոնակարգման խնդիրը. վերադարձի գործընթացն ինչ հերթականության մեջ պիտի լինի այնպիսի հիմնական հարցերի հետ միասին, ինչպիսին են կարգավիճակը եւ անվտանգությունը
-վերադարձի համադրումը նոր` հետպատերազմյան ժողովրդագրության հետ. կցանկանա±ն, արդյոք, հայրենադարձները որոշ առումով դառնալ ժողովրդագրական փոքրամասնություն այն վայրերում, որտեղ ինչ-որ ժամանակ մեծամասնություն են եղել
-բանակցություններ այն վայրեր վերադարձի շուրջ, որոնք առանձնակի խորհրդանշական կամ ռազմավարական նշանակություն ունեն. զորօրինակ` Շուշին, Լաչինը կամ Շահումյանը
-պատերազմի ընթացքում զբաղեցրած տարածքների ազատման հոգեբանական եւ գործառնական խոչընդոտներ, ներառյալ` Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցրած տարածքների նկատմամբ սեփականության ամրապնդումը
-հնարավոր խափանարարության ծավալը` բյուրոկրատական խոչընդոտներից մինչեւ ֆիզիկական սպառնալիքներ եւ բռնություն
-վերադարձի կոնցեպտուալացում` որպես միակողմանի գործընթաց` առանց հայրենադարձներին ընդունելու որեւէ փոխադարձ պարտավորության
-ժողովուրդների ընկալումն ու պատմական նարատիվները բնակչության տեղաշարժերի շուրջ` որպես թշնամական քաղաքականության եւ ՙէթնիկական խմբերի հետ ձեռնածությունների՚ գործիքներ
-իրավաբանական հարցերի, պատմական արդարության եւ հաշտեցման լուծման գործում հայկական եւ ադրբեջանական պետությունների ու հանրությունների ներկայիս սահմանափակ հնարավորությունները:
Ներկայացվող բոլոր աշխատությունները տարբեր ուղիներով ու տարբեր ելակետային դիրքերից նշագրում են առկա զգալի խնդիրները: Սակայն ձեւավորվող միջազգային պրակտիկային համահունչ մոտեցումն առաջարկում է մեխանիզմներ, որոնք ինդիվիդումի ընտրությունը դարձնում են հարկադիր տեղաշարժի խնդրի լուծման գործընթացի անկյունաքարը: Դա վկայում է այն մասին, որ այս ոլորտում ցանկացած հնարավոր համաձայնագրի կիզակետում ինդիվիդումի իրավունքն է` ընտրելու համար վերադարձը, ինտեգրացիան կամ երրորդ երկիր տեղափոխվելը:
Այս ամենն, անշուշն, ենթադրում է հեռացում իրավիճակի միակողմանի եւ հաճախ ՙչափից դուրս տեղայնացված՚ նկարագրությունից: Նման առաջխաղացման որոշ հնարավոր պարամետրեր ներկայացված են սույն թողարկման հոդվածների հիման վրա գրված` Լոուրենս Բրոերսի ամփոփիչ հոդվածում: Նա պնդում է, որ նախքան հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների տեղաշարժման աստիճանը նշանակում է այն, որ վերադարձի հետ կապված հույսերը պետք չէ տարանջատել մյուս կողմի փախստականներին ընդունելու պատրաստակամության թեմայից:
Անկախ վերջնական արդյունքներից` Ղարաբաղ վերադարձը հնարավոր չէ պատկերացնել որպես միակողմանի երթեւեկություն ունեցող փողոց, քանի որ խմբերից եւ ոչ մեկն օժտված չէ կորստի ու վիրավորանքի մենաշնորհով: Դրա փոխարեն` անհրաժեշտ է հայ եւ ադրբեջանական հանրությունների հնարավորությունների փոխադարձ վերաիմաստավորում անհատական ընտրության առումով` ինչպես ՙյուրային՚ տեղաշարժված անձանց, ովքեր կնախընտրեն ոչ թե վերադառնալ, այլ ինտեգրվել, այնպես էլ ՙմյուս՚ կողմի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր կնախընտրեն վերադառնալ եւ ապրել նախկին թշնամիների շրջապատում` նոր հարաբերակցության պայմաններում: