Ուկրաինայի հետ սահմանին ոուսական զորքերի վերստին կուտակումը մտահոգություն է առաջացրել ամերիկյան և եվրոպական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որոնց կարծիքով նկատվում է զինված անձնակազմի և տեխնիկայի անսովոր շարժ Ռուսաստանի արևմտյան թևում։
Այդ պաշտոնյաները, ովքեր խոսել են միայն անանուն մնալու պայմանով, որովհետև իրավասու չեն հրապարակային քննարկել այս թեման, հայտարարում են, որ զորքերի տեղաշարժերը կրկին արթնացրել են այն մտահոգությունները, որոնք կային դեռևս ապրիլին, երբ ՌԴ զորքերի ամենամեծ կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին ստեղծեց միջազգային իրարանցում։
ՌԴ Զինված ուժերի կուտակումները տարածաշրջանում վերսկսվել են այն բանից հետո, երբ Կրեմլը սկսել է ավելի կոշտ գիծ վարել Ուկրաինայի հարցում։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից, խստացրել են իրենց հռետորաբանությունը վերջին ամիսներին՝ կապված Կիևի արևմտյան կապերի հետ, և անգամ հարցականի տակ է դրվում Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ցանկացած էքսպանսիա Ուկրաինայում համարվում է «կարմիր գիծ» Մոսկվայի համար։
Իրավիճակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ արևելյան Դոնբասի տարածաշրջանում Ուկրաինայի և պրոռուսական սեպարատիստական խմբերի միջև յոթ ու կես տարի շարունակ «եփվող» հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հոկտեմբերի 26–ին ուկրաինական զինված ուժերը հաստատեցին իրենց կողմից թուրքական արտադրության դրոն կիրառելու փաստը` Դոնբասի չճանաչված հանրապետության մարտական դիրքի ուղղությամբ։ Սա Կիևի կողմից այս սարքավորման առաջին կիրառումն էր մարտական գործողությունների ժամանակ, ինչն առաջացրեց Մոսկվայի դժգոհությունը։
Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն առանձնահատուկ լարված են։ ՌԴ-ն կասեցրեց ՆԱՏՕ-ում իր բրյուսելյան պատվիրակության գործունեությունն այն բանից հետո, երբ դաշինքը, լրտեսության մեղադրանքների հիման վրա, վտարեց ռուսական պատվիրակության ութ անդամների։
Այն, ինչ անում են ռուսական զինված միավորումները Ուկրաինայի հետ սահմանին, այնքան էլ հստակ չէ։
Սոցիալական ցանցերում վերջին օրերին տարածված տեսանյութերում երևում է ռուսական ռազմական գնացքներով ու ավտոշարասյուներով մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՌԴ հարավային և արևմտյան հատվածներում։
«Խնդիրն այն է, որ սա ուսումնական վարժանք չէ, ինչ-որ բան է կատարվում։ Բայց ի՞նչ»,- հարցնում է Մայքլ Կոֆմանը՝ Վիրջինիա նահանգում գտնվող «CNA» վերլուծական խմբի Ռուսաստանի հարցերով ուսումնասիրությունների ծրագրի ղեկավարը։
ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին նկատել զինված ուժերի տեղաշարժերը մասնավորապես վերջին շաբաթների ընթացքում, այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին Բելառուսի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնությունն իր արևմտյան թևում իրականացրեց լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք հայտնի են «Զապադ 2021» անունով։
Ըստ Կոֆմանի, հանրային հասանելության տիրույթում գտնվող արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսական 41–րդ համազորային բանակը, որը հիմնականում տեղակայված է Սիբիրի Նովոսիբիրսկ քաղաքում, զորավարժություններից հետո չի վերադարձել իր մշտական տեղակայման վայրը, դրա փոխարեն միացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող այլ ռուսական զորամիավորումներին։ Կոֆմանը նաև հավելեց, որ ըստ առցանց տիրույթում գտնվող տեսանյութերի՝ ռուսական առաջին տանկային բանակը (էլիտար միավորում, որը գտնվում է Մոսկվայից դուրս) անձնակազմ և տեխնիկա է տեղափոխում դեպի Ուկրաինայի հետ սահման։
Ուկրաինայի Անտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Օլեքսեյ Դանիլովն իր հայտարարության մեջ նշում է, որ «Զապադ 2021» զորավարժությունների ավարտից հետո ՌԴ–ն թողել է ռազմական տեխնիկա, ինչպես նաև կառավարման և կապի կենտրոններ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով։
Դանիլովի հաշվարկով, Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայված ռուսական զինված ուժերի անձնակազմի քանակը հասնում է 80-90 հազարի՝ չհաշված Ղրիմում տեղակայված տասնյակ հազարավորներին։
Փոխադրելով մեծ զորամիավորումներ Ուկրաինայի հետ սահման՝ Մոսկվան տագնապ է առաջացնում միայն նրա համար, որ հետո ետ քաշվի և մարի Ուկրաինա կրկին ներխուժելու վախերը։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներն այսիպիսի գործողությունները գնահատում են որպես Մոսկվայի կողմից կիրառվող գործիք՝ իրավիճակը լարված և անորոշ պահելու համար։ Սկսած 2015 թվականից, երբ հակամարտության ճակատային գծում իրավիճակը գրեթե սառեցվել էր, վերադասավորումները երբեք խոշոր տարածքային ձեռքբերումներ չեն ապահովել ՌԴ-ի կամ նրան սատարող անջատողական միավորումների համար:
Կոֆմանն ասում է, որ այս դեպքում, այնուամենայնիվ, իրավիճակը արժանի է հատուկ ուշադրության, որովհետև ՌԴ-ն կարծես թե իջեցրել է Ուկրաինայում գործողությունների դիմելու իր նշաձողը։
«Ես կարծում եմ, որ պետք է ետքայլ անել, և եթե ընդհանրական հայացքով նայենք այս անցնող տարուն, կհասկանանք, որ ՌԴ-ի՝ Ուկրաինային ուղղված խոսքի երանգն ու ուղերձները կտրուկ փոխվել են»,- ասում է նա։
Կոֆմանը նաև նշեց, որ տարվա ընթացքում արված հայտարարություններում Պուտինը և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ նշել են, որ ՆԱՏՕ-ի էքսպանսիան դեպի Ուկրաինա համարում են «կարմիր գիծ», այնինչ մինչ այդ նրանք հայտարարում էին, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քայլ է, որը նրանք չեն կարող հանդուրժել։
«Թվում է, թե ՌԴ-ն փոխում է ընդունելիի շեմը»,- կարծում է նա։
Պուտինն ընդգծել է այս տեսակետը հուլիսին տպագրված հոդվածում՝ հայտարարելով, որ Ուկրաինան կառավարվում է արևմտյան ուժերի կողմից, որոնք խթանում են հակառուսական տրամադրություններ։
«Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պատմական հողերը և մեզ մտերիմ մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, օգտագործվեն Ռուսաստանի դեմ»,- գրել է Պուտինը։ «Եվ նրանց, ովքեր կգնան նման քայլերի, ես ուզում եմ ասել, որ այսպես նրանք կկործանեն իրենց իսկ երկիրը»։
Այս ամիս «Վալդայ» քննարկումների ակումբում Պուտինն ասաց, որ Ուկրաինայի պաշտոնական անդամակցում ՆԱՏՕ-ին հնարավոր է երբեք չլինի, բայց ռազմական էքսպանսիան նրա տարածքում արդեն իրականանում է, և սա իսկական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։
ՌԴ նախկին նախագահ և ներկայումս ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 11–ին «Կոմերսանտ» թերթում տպագրված հոդվածում Ուկրաինան անվանել է «վասալային պետություն», որը «դրսի ուղիղ կառավարման ներքո է»։
Դրանից առաջ Բելառուսի նախագահ՝ Պուտինի դաշնակից Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Միացյալ Նահանգներին ուսումնական կենտրոնների անվան տակ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ կառուցելու մեջ։
ԱՄՆ Զինված ուժերը տարիներով պատրաստում են ուկրաինական զինված ուժերին արևմտյան Ուկրաինայում՝ նախաձեռնություն, որն իրականացնում են Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները՝ Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։ Ուկրաինայի Զինված ուժերը նաև մասնակցել են ԱՄՆ-ի և նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունների։ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է «Javelin» հակատանկային միջոցներ, սակայն ակտիվ դերակատարություն չի ունեցել մարտերի ընթացքում։
Կոֆմանն ասում է, որ այս տարի Ռուսաստանը անսպասելիորեն մեծ գումարներ է ներդրել իր զինված ուժերին կից պահեստազորի ստեղծման համար և նաև հրամայել իր զորքերին սկսել հակաԱԹՍական և հակաջավելինային(«Javelin») վարժանքներ՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ, ինչը գրավել է ռազմական փորձագետների ուշադրությունը։
Պուտինը քննադատել է ԱՄՆ Պաշտպանության հարցերով քարտուղար Լլոյդ Օստթինին, ով Ուկրաինա իր այցի ժամանակ բնորոշել էր ՌԴ-ն որպես պատնեշ՝ դեպի խաղաղություն տանող ճանապարհին և ասել, որ Կիևի համար ՆԱՏՕ-ի անդամակցումը մնում է բաց։ Օսթինը, խոսելով Ռուսաստանի մասին, ասել է, որ ոչ մի պետություն իրավունք չունի վետո դնել Ուկրաինայի անդամակցության վրա։
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան մեղադրել է Ուկրաինային Դոնբասը ուժով իր վերահսկողության տակ վերցնելու ծրագրեր ունենալու մեջ։ Կրեմլի խոսնակ Դմինտրի Պեսկովը դրանից մեկ օր առաջ հայտարարել էր, որ թուրքական դրոնների վաճառքը Ուկրաինային կարող է «ապակայունացնել» իրավիճակը։
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն հայտնեցին Ուկրաինայի կողմից թուրքական արտադրության դրոնների օգտագործման կապակցությամբ՝ միաժամանակ ապաէսկալացիայի կոչ անելով։ Սակայն ուկրաինական պաշտոնյաները պատասխանեցին՝ հայտարարելով, որ երկիրն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ այն բանից հետո, երբ ռուսական հաուբիցի հարձակումից սպանվեց մեկ ուկրաինացի զինծառայող և վիրավորվեց մյուսը։
«Երբ ուկրաինական զինված ուժերը զգում են իրենց հողը պաշտպանելու անրաժեշտություն, նրանք անում են դա և այսուհետ նույնպես կշարունակեն գործել ըստ այս սկզբունքի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ ուրբաթ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ։
«Մենք չենք նախաձեռնում հարձակում, մենք միայն պատասխանում ենք»,- հավելել է Զելենսկին։
«ՌԴ-ն ակտիվորեն տարածում է սուտ լուրեր, թե Ուկրաինան, իբր, նախապատրաստում է հարձակում և նման անհեթեթություններ։ Ի գիտություն՝ Ուկրաինան չի պատրաստում որևէ գրոհ Դոնբասի ուղղությամբ»,- իր հերթին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։
Կուլեբան նաև ընդգծել է, որ Մոսկվան ետ չի քաշել ռազմական տեխնիկան և անձնակազմը, որոնք ուղարկվել էին Ուկրաինայի հետ սահման գարնանային կուտակումների և սեպտեմբերյան զորավարժությունների ժամանակ։
«Ռուսները ետ են քաշել «արմադայի» միայն չնչին հատվածը»,- ասել է Կուլեբան։
Կիևում ԱՄՆ դեսպանատունն ուրբաթ օրը զգուշացրել է, որ ՌԴ-ն բազմիցս օգտագործել է հաուբիցային հրետանի և ԱԹՍ-ներ ուկրաինական զինված ուժերի դեմ՝ «ուղղակիորեն խախտելով» 2020 թ. հուլիսյան հրադադարի մասին պայմանագրի կետերը։
«Ռուսաստանի պաշտոնական հռետորաբանությունը, ըստ որի՝ Ուկրաինան է սրում իրադրությունը, ոչ միայն մոլորեցնող է, այլ ինքնին ծառայում է իրավիճակի էսկալացիային»,- ասվում է ԱՄՆ հայտարարության մեջ։
,