Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան
Վերջին իրադարձությունների ընթացքը ոչ միայն մի իսկական իլյուստրացիա դարձավ մոսկովյան կաբինետներում կատարված ընթացիկ հաշվարկների ու մտահղացումների համար, այլև պարզապես փաստեց Հարավային Կովկասում վերջին տասնամյակների ընթացքում (այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ) Հայաստանի ու հայ ազգի նկատմամբ ռուսաստանյան քաղաքականությունը։
Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի սյունիքյան հատվածում առկա սահմանային ճգնաժամը միջազգային քաղաքականության օրակարգի հարց դարձավ, և այդ առիթով տարբեր մայրաքաղաքներից դիրքորոշումներ հնչեցին՝ կամ բարյացակամ-չեզոք, կամ էլ գլխավորապես Հայաստանի օրինական շահերին ուղղակի աջակցությամբ, ընդհուպ մինչև ուղղակի ռազմական օգնության հնարավորություն այն երկրների կողմից, որոնց հետխորհդային իրականությունում ընդունված չէ «եղբայրական» անվանել։ Հայաստանի նկատմամբ նրանց հարաբերություններում պայմանագրային պարտավորություններ չկան, առավել ևս «երաշխավորների» ու «ռազմավարական դաշնակիցների» կարգավիճակով, քանզի մեր անվանական «ռազմավարական դաշնակիցն» ինքն իր համար որոշել էր, որ մեզ «չի կարելի»։ Պաշտոնական մակարդակով հռետորության մեջ դա տարբեր կերպ են բնորոշում՝ խուսափելով «դարավոր բարեկամություն» բառակապակցության նման քաղցրավուն բառամթերքից և առիթով կամ անառիթ ու անհասկանալի է՝ ինչի համար ծիսակարգային երախտագիտությունից։
Ուշագրավ է նաև կատարածի միջազգային համապատկերը։ Դրա կարևորագույն բաղկացուցիչը այսպես կոչված «ազդեցության ռուսական գոտու» սկսված էռոզիան ու հետևողական փլուզումն է և այնտեղ ռուսական ներկայության անկումն ու բարոյական սնանկությունը, և այդ թրենդի արտաքին նախանշաններից է ոչ միայն իրավիճակը Հարավային Կովկասում, այլև Բելառուսում ու Կենտրոնական Ասիայում։ Զուգահեռաբար տեղի է ունենում տրանսատլանտյան հարաբերությունների ռեստարտը, ձևավորվել է Միացյալ Նահանգների կողմից ավտորիտար ռեժիմների ընկալում որպես սպառնալիք ԱՄՆ-ին, և առկա է արժեքային բաղկացուցչի ակնհայտ ուժեղացում Ռուսաստանի ու հետխորհրդային տարածքի՝ գլոբուսի վրա անազատության և հակաքաղաքակրթության խոշորագույն զանգվածի նկատմամբ վերաբերմունքում, զանգված, որը, որոշակի բացառություններով, դարձել է հալածանքի, մարդու նկատմամբ արհամարհական վերաբերմունքի, ավտորիտար կլեպտոկրատիայի, անփոփոխ ռեժիմների, այսպես կոչված՝ բարեկամների համար կապիտալիզմի խրախճանքի տարածքի, որը գլխավոր գեներատորն է ամենակեղտոտ ապատեղեկատվության և կիբերհարձակումների՝ փաստորեն սանձազերծելով համաշխարհային հիբրիդային պատերազմ և նպատակադրվելով վերանայել 1941-ից և 1991-ից հետո ձևավորված աշխարհակարգը։ Իսկ գլոբալ էներգետիկ հեղափոխությունը վերջին մեխերն է խփում ավտորիտար պետրոկրատիաների դագաղին՝ դրանով իսկ Ռուսաստանից խլելով Եվրոպայի համար կարևորագույն երկրի կարգավիճակը, և այսօր Արևմուտքում «we need Russians» (մենք ռուսների կարիքն ունենք) արդեն ասում են կամ վարձահրավիրված գործակալները, կամ (Լենինի խոսքերով) «օգտակար ապուշները»։
Ու այսպիսի միջազգային համապատկերում այն բանից հետո, երբ Երևանն անցած տարիների դիվանագիտության «ամբարներից» հանեց մշակված ողջ պայմանագրա-իրավական բազան և ընթացք տվեց գրեթե բոլոր այն դրույթներին, որոնք կոչված են ապահովելու մեր օրինական շահերը այն իրավիճակում, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են արդեն Հայաստանի տարածք, ի՞նչ հնչեց մեր «դաշնակիցների» կողմից։ Ավելի ճիշտ՝ ի՞նչը չհնչեց։ Գնահատողական բնույթի ոչ մի բառ, ոչ մի խոսք գոնե բարոյական աջակցության մասին, այլ միայն սառը-վերացարկված «հավասարակշռություն», «զսպվածության» հերթապահ կոչեր։ Իսկ վերջում էլ «մեր ռազմավարական դաշնակիցն» ընդհանրապես սկսեց առաջ մղել տեղորոշման (դելիմիտացիայի) և գծանշման (դեմարկացիայի) կեղծ օրակարգ, այն սահմանների, որոնք նախորդ դարի 20-30-ական թվականներին գծել է բացարձակ իշխանությամբ օժտված բոլշևիկյան հրոսակը՝ «հոգևոր մերձավոր» Ադրբեջանին հաճոյանալու համար, սահմաններ, որոնք խեղդօղակ էին Հայաստանի պարանոցին՝ Ադրբեջանի ձեռքերով հարկ եղած դեպքում Մոսկվայից ստացած ազդանշանից հետո ձգելու համար…
Ռուսաստանը 2012-ից ի վեր, անտեսելով իր իսկ շահերին վնաս լինելու հանգամանքը, իրականացնում է «ռուսական հողերի հավաքման» նեոկայսերապաշտական ռազմավարություն. Ռուսաստանի առաջնորդն ու նրա շրջապատն այդպիսին են համարում նախկին ԽՍՀՄ ողջ տարածքը, որը Պուտինը բաց տեքստով անվանում է «պատմական Ռուսաստան», և բոլոր հետխորհրդային երկրները նրանց պատկերանում են որպես «Բելովեժսկի պայմանագրի ծուռտիկ բադիկներ». ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Մոլոտովն է անկախ Լեհաստանն անվանել մեկ այլ՝ Վերսալյան պայմանագրի «արատավոր զավակ»։ Եվ ընդհանրապես, բոլշևիզմի խրախճանքի ու նացիզմի զուգահեռները քիչ չեն։ Այսօր Ալիևը մեզնից պահանջում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից դուրս, այլ ոչ թե որպես ազատ ճանապարհ հայկական ինքնիշխան տարածքով՝ բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման՝ առանց նախապայմանների ու սահմանների ողջ երկայնքով ապաշրջափակման տրամաբանության շրջանակներում։ Ճիշտ այդպես էլ Հիտլերը Լեհաստանից պահանջում էր «Դանցիգի միջանցքն» առանց լեհական ինքնիշխանության, իսկ այդ պատմության շարունակությունը հայտնի է դպրոցական դասագրքերից…
Ես պնդում եմ, որ 44-օրյա պատերազմը հնարավոր չէր լինի առանց Մոսկվայից համապատասխան ազդանշանի՝ մի ողջ տասնամյակ շարունակ Ադրբեջանին աննախադեպորեն զինելուց հետո և մի այնպիսի ժամանակահատվածում, երբ պարզ էր դարձել՝ Սպիտակ տանը ժամանակավոր ապաստանածի դիրքերն այնքան էին խարխլվել, որ ևս չորս տարով վերընտրվելը քիչ հավանական էր, քանի որ հակառակն էր ավելի հավանական։ Ու մեր «ռազմավարական դաշնակիցը» դարձավ պատերազմի արդյունքների ձևավորման համամասնակիցն ու շփման գծի նոր «երկրաչափության» ճարտարապետներից մեկը։ Խաղարկված արցախյան գամբիտն ապահովեց ռուսական ներկայությունը ղարաբաղյան հակամարտության ողջ գոտում։ Մոսկվան ստացավ այն «կեռիկը», որով կարելի է իրենից կախել և՛ Երևանը, և՛ Բաքուն, արդեն իսկ չխոսելով Ստեփանակերտի մասին, որտեղ նա տիրում է որպես պարետ։ Նաև՝ որպես «փրկիչ»։ Ու նաև որպես «խրախուսական մրցանակ» օրինականացրել է թուրքական ռազմական ներկայությունը։
Իսկ հիմա էլ, Լավրովի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո, Մոսկվան ողջ տարածաշրջանում ընդլայնել է «շախմատի խաղատախտակը», և Արցախն արդեն անցած փուլ է նրա համար։ Հաջորդ իսկ օրը Մոսկվան շախմատային նոր խաղ սկսեց, պայմանականորեն ասած՝ հայկական գամբիտ, երբ ողջ խաղատախտակի վրա իր խաղային առավելություն ապահովելու համար Հայաստանին վերապահել է զոհաբերվող զինվորիկի դեր։ Ալիևը, տարածաշրջանում հայկական ամեն ինչ արմատախիլ անելու գաղափարով մտախանգարված (հայտարարել էր, չէ՞, մինչ այդ, որ իրենց թշնամին «համաշխարհային հայությունն» է), այդպես էլ չհասկացավ, որ ինքն ու իր մտախանգարվածությունը վաղուց որպես բութ գործիք օգտագործվում են Մոսկվայի կողմից, ու բավարարվում է սոսկ նրանով, որ Մոսկվայի ձեռքից կկերակրվի հայկական շահերով, բացարձակապես չմտածելով իր համար հետևանքների մասին…
Իսկ ինչպե՞ս զոհաբերվող զինվորիկ չդառնալ այս ցինիկ ռուսական կենդանի գամբիտում։
Հայաստանը բոլոր դեպքերում էլ ստիպված է լինելու ռիսկի դիմել։ Այլ հարց է, թե որքանով են այդ ռիսկերն այս կամ այն չափաբաժնի ընտրության ժամանակ հիմնավորված։
«Սարսափելի՞ է» արդարացված ռիսկի գնալը, պարզապես ընդառաջ գնալն իրական, թեկուզև հաշվենկատ բարեկամների արդեն իսկ բաց տեքստով արված առաջարկներին։ Մեր պարագայում՝ այո, անշուշտ։ Բայց շատ ավելի «սարսափելի է» անշարժ մնալը կոտրած տախտակի և անվտանգության մասին բոլոր «ավանդական» պատկերացումների ավերակների առաջ, պատկերացումներ, որոնք գալիս են հեռավոր անցյալից և արմատացել են անկախության երեսնամյա ողջ ժամանակաշրջանում, խոնարհաբար սպասելով պետականության վերացմանն ու «ռուսական աշխարհ վերադարձին»։
Աշխարհագրությունում վաղուց արդեն սահմանված են աշխարհի բոլոր չորս կողմերը, և ոչ միայն հյուսիսը, ուստի հակաբնական է, երբ քաղաքական աշխարհագրության մեջ նույնը ուշադրության չի արժանանում։ Հատկապես, երբ այդ ամենից հետո պարզապես հիմարություն է հյուսիսից ինչ-որ այլ բան սպասել, քան գոյաբանական սպառնալիքներ, որոնք ամեն անգամ ժամանակավոր աուտսորսինգի են տրվում մեր թշնամական հարևաններին։ Նրանք մեզ «փրկում են» արդեն 200 տարի, և միակ բանը, որից մեզ իրոք պետք է փրկվել, դա այդօրինակ «փրկումից» փրկվելն է և դադարելը զբաղվել ինքնախաբեությամբ։