Մարիա Լիպման. “Այն քաղաքական ընդդիմությունը, որը կարող էր մրցակից լինել Պուտինին, աստիճանաբար զրոյացվում է”
Ամերիկայի ձայն. Ռուսաստանին Ղրիմը պետք է, որպեսզի ԱՄՆ-ին դարձնի Արևմուտքի թշնամական վերաբերմունքի խորհրդանիշ
Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հեռանկարները բացարձակապես պատրանքային են՝ գտնում է նորերս ստեղծված “Կոնտրապունկտ” առցանց հանդեսի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուժեղացող քաղաքական դիմակայության պայմաններում Ռուսաստանը Ղրիմն օգտագործում է որպես գործիք՝ Ամերիկան դարձնելու համար Արևմուտքի թշնամական վերաբերմունքի խորհրդանիշ, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
Համացանոցում բոլորովին վերջերս ստեղծված “Կոնտրապունկտ” հրապարակախոսական կայքի շնորհանդեսը կայացավ մայրաքաղաքաի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում։ Հանդիպման գլխավոր թեման Ղրիմի իրավիճակն էր՝ ամերիկա-ռուսական հարաբերությունների լույսի ներքո։
Ռուսալեզու փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Ռուսաստանի կազմում Ղրիմի հայտնվելու պատճառներն, իհարկե, քաղաքական են։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ դրանք կապված են այն բանի հետ, որ Պուտինի շրջապատի օլիգարխներն են, ամենայն հավանականությամբ, ռուս առաջնորդին հրահրել Արևմուտքի հետ բաց հակամարտության անցնելու որոշում ընդունել։ Դա էլ բացել է Ղրիմի զավթման ճանապարհը։ Այսինքն, Կրեմլի կողմից սա գիտակցված ռազմավարական ընտրություն էր։ Այն կատարվեց մի նպատակով՝ իշխանության մենաշնորհը պահպանել դրա իրավազորության հարաճուն ճգնաժամի պայմաններում։
Վադիմ Ալենիչև. Ամերիկայի ձայնի թղթակից – Ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ՝ ներկայիս պայմաններում անիմաստ է մտածել մոտակա տարիներին Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմի զավթումն անօրինական է։ Այդուհանդերձ, ղրիմցիների մի մասը ողջունել է Ռուսատանի Դաշնությանը միանալը։ Ռուսաստանում կենսամակարդակն ավելի բարձր է, քան Ուկրաինայում, իսկ շարքային շատ քաղաքացիների համար տնտեսական գործոնը վճռորոշ է։
“Կոնտրապունկտ” առցանց հանդեսի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանը գտնում է, որ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հեռանկարները բացարձակապես պատրանքային են։
Մարիա Լիպման, “Կոնտրապունկտ” առցանց հանդեսի գլխավոր խմբագիր – Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը, պետական կառավարման ոլորտին, պետական իշխանության մարմիններին և այլնին ներգրելու գործընթացը սկսված է ու զարգանալու է, և միանգամայն անհնար է պատկերացնել, որ այդ գործընթացը հետ կշրջվի։
Ղրիմի բռնակցման մեկուկեսամյա սահմանագիծը ժամանակի առումով համընկավ ռուսաստանյան իշխանությունների կողմից Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան Ամերիկյան կենտրոնի փակման որոշման հետ։ Ամերիկյան ներկայացուցիչները ռուսաստանյան կողմի նման որոշումն անվանել են «ափսոսանքի արժանի»։
Մարիա Լիպման – Այսօրվա դրությամբ գոյություն չունեն այն կապերն ու փոխկապերը, որոնք կային բոլորովին վերջերս։ Այնպես որ, ևս մի քայլ է արված այդ ուղղությամբ, ևս մի համապատասխան որոշում։ Այո, չեղարկվել էր ռուսաստանյցի դպրոցականների ուսուցման այն ծրագիրը, որը գործում էր մոտ քսան տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգներում ռուսաստանցի դպրոցականների կրթության մասին է խոսքը։ Այնպես որ, ես առանձնացված չէի դիտարկի այդ դրվագը, քանի որ դա հետագայում էլ է շարունակվելու։ Հարաբերություններն այնպիսի ցածր մակարդակ են գահավիժել, որտեղից շատ դժվար է վեր բարձրանալ։
Դժվար է ասել, թե ինչ աստիճանի կհասնի Վաշինգտոնի և Մոսկվայի քաղաքական դիմակայության հետագա սրումը։ Բայց արդեն այսօր կարելի է պնդել, որ Կրեմլը Ղրիմն օգտագործում է որպես գործիք, որպեսզի Ամերիկային կրկին դարձնի Արևմուտքի հարաճուն թշնամական վերաբերմունքի խորհրդանիշ։ Սակայն հիմա, մեկուկես տարի անց, արդեն իսկ ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը Մոսկվայի վրա գնալով ավելի թանկ է նստում։