Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը փետրվարին արդեն իսկ էական քաղաքական և տնտեսական հետևանքներ է ունեցել և կշարունակի ունենալ աշխարհի շատ երկրների վրա՝ հատկապես հակամարտող կողմերի հետ տնտեսապես փոխկապակցված երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Բուն պատերազմի հետևանքով մատակարարումների դժվարություններից բացի, Հայաստանի համար բացասական հետևանք ունի և կունենա Ռուսաստան-Արևմուտք խորացող ջրբաժանը և պատժամիջոցները։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել է Եվրամիությունը (իր բոլոր անդամ երկրներով), ինչպես նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ։ Պատժամիջոցները վերաբերում են ռուսաստանցի պաշտոնյաներին, օլիգարխներին, ֆինանսական և բանկային համակարգերին, օդային տարածքին, նավթին և գազին, տնտեսության այլ ոլորտներին։ Սրա հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը գրեթե ամբողջովին մեկուսացել է Արևմուտքից։
Քանի որ Ռուսաստանը հետխորհրդային շրջանում խորապես ինտեգրվել էր տեխնոլոգիապես զարգացած Արևմուտքի հետ, ապա այն, հավանաբար, փորձելու է պատժամիջոցները ինչ-որ կերպ շրջանցելու տարբերակներ փնտրել։ Վերլուծաբանները պատժամիջոցների շրջանցման տարբերակներից են համարում Ղազախստանը, որը Ռուսաստանի ամենամտերիմ երկրներից է ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես։ Չնայած դրան՝ Ղազախստանը, ի տարբերություն Բելառուսի, քիչ թե շատ չեզոք է մնացել պատերազմի ընթացքում, և իշխանությունները հայտարարել են, որ չեն խախտի պատժամիջոցները։
Հայաստանի դրությունը
Այս համատեքստում, լինելով Ռուսաստանի դաշնակից, որոշակիորեն խոցելի վիճակում է հայտնվել Հայաստանը։ Հունիսի 28-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի նախարարությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ հորդորելով մեծացնել զգոնությունը դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանումների վերահսկման հնարավոր փորձերից խուսափելու շուրջ։
Հայտարարության մեջ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) կողմից թվարկված են այն երկրները, որոնց միջոցով պատժամիջոցներով արգելված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան կամ Բելառուս։ Այդ ցանկում տեղ է գտել 18 երկիր, այդ թվում Հայաստանը, բայց նաև հետխորհրդային մի քանի երկրներ՝ Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Իսրայելը, Հարավային Աֆրիկան, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հայտարարության մեջ խոսք չկա այս երկրներին «պատժելու» մասին, և չկա որևէ ուղղակի մեղադրանք։ Սակայն այն բավականին լայն արձագանք ստացավ հայկական լրատվական դաշտում։
Այսինքն, Հայաստանին մոտալուտ վտանգ այս հարցում չի սպառնում։ Բայցևայնպես, որոշ շրջանակներ պատերազմի մեկնարկից ի վեր փորձում են Հայաստանին ներքաշել հակառուսաստանյան պատժամիջոցների մեջ։ Դրանք կարող ենք պայմանականորեն բաժանել երեք խմբի։
Առաջինը ակնհայտորեն Ադրբեջանն է և դրան հարող որոշ լոբբիստական շրջանակներ, օրինակ՝ ուկրաինական ծագմամբ բրիտանացի քաղաքագետ Տարաս Կուզյոն և ամերիկացի քաղաքագետ Ռոբերթ Քաթլերը։
Երկրորդը Ռուսաստանին իրապես ամբողջովին մեկուսացնել ցանկացող շրջանականերն են, որոնք կարծում են, որ Ռուսաստանի դաշնակիցները ինքնաբերաբար «հանցակից են»։ Նրանց թվում է, օրինակ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) ղեկավոր Դրյու Սալիվանը։ Նա Ուկրաինա ներխուժման առաջին օրերին կարծիք էր հայտնել, որ միայն Ռուսաստանին պատժամիջոցներին ենթարկելը բավարար քայլ չէ։
«Կա մի խնդիր. դուք չեք կարող պատժամիջոցներ կիրառել միայն Ռուսաստանի նկատմամբ։ Դուք պետք է նմանապես պատժամիջոցներ կիրառեք Մաքսային միության (նկատի ունի ԵԱՏՄ–ն.– խմբ.] բոլոր անդամներին՝ ներառյալ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի նկատմամբ։ Ռուսները կարող են ներմուծել այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է, այդ երկրների միջոցով՝ առանց սահմանների կամ արգելքների»,- գրել էր նա։
Եվ երրորդը Ուկրաինայի իշխանություններն են։ Մայիսի 1-ին, օրինակ, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարություն տարածեց, որում պնդում էր, որ Ռուսաստանը Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ բանակցում է ռուսաստանյան ապրանքները միջազգային շուկաներ արտահանելու շուրջ՝ քողարկելով դրանք որպես այդ երկրների ապրանքներ։
Բայց սրանք որոշում կայացնող ուժեր չեն և դժվար թե լուրջ ազդեցություն ունենան արևմտյան մայրաքաղաքների վրա։ Այս մասին է խոսում նաև ամերիկյան կիսապաշտոնական համարվող Ուիլսոնի կենտրոնի կողմից հրապարակված ռուս լրագրող Բորիս Գրոզովսկիի հոդվածը։ Նա նկատում է, որ նույնիսկ Չինաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Հայաստանը չեն ցանկանում կառուցել շրջանցիկ միջանցքներ Ռուսաստանի համար և արգելված ապրանքներ արտահանել Ռուսաստան՝ իրենց հերթին երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու վտանգի պատճառով:
Արձագանքներ Հայաստանից
Բայցևայնպես, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և փորձագետներ պատերազմի մեկնարկից ի վեր իրենց մտահոգությունն են հայտնել, թե կա իրական վտանգ, որ Հայաստանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանին կամա թե ակամա դրանց շրջանցելու մեջ նպաստելու պատճառով։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլին ռուսական «РБК» լրատվականի հետ հարցազրույցում հետևյալն էր ասել. «Մենք շատ ուշադիր հետևում ենք, որ պատժամիջոցների տակ չհայտնվենք, որովհետև դա որևէ կերպ մեր շահերից չի բխում։ Մենք ցանկանում ենք աշխատել այնպես, որ խուսափենք դրանից: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները մեզ հասկացրին, որ չեն ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»։
Այսինքն, արևմտյան պաշտոնյաները Հայաստանի իշխանություններին ներքին խողովակներով են հայտնում իրենց մտահոգությունները։ Առնվազն մինչ այս պահը որևէ լուրջ ազդակ չկա, որ Հայաստանին պատժամիջոցներ են սպառնում։
«Իրանական փորձը»
Այս համատեքստում արժե նաև հետհայացք գցել, թե ինչպես է արձագանքել ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների դեպքում Հայաստանի գործողություններին։
2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո Հայաստանում ապրող Իրանի քաղաքացիները լուրջ խնդիրներ ունեցան հայկական բանկերում իրենց հաշիվների հետ։ Մեկ ամիս անց Հայաստան այցելեց նաև ԱՄՆ փորձագետների միջգերատեսչական խումբ՝ «քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը Հայաստանի կառավարության և գործարար համայնքի գործընկերների հետ»։
Հատկանշական է, որ իրանցիների հաշիվների հետ կապված սահմանափակումները չէին դրվել Կենտրոնական բանկի կողմից։ Ըստ ԿԲ հայտարարության, բանկերն իրենք՝ «հաշվի առնելով գործընկեր, արտասահմանյան կորեսպոնդենտ բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից»։ Ավելին, ըստ ԿԲ-ի՝ «նման մոտեցումը նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ»։
Այն ժամանակ ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ. «Մենք Հայաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին հայտնել ենք, որ ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտականությունները՝ որպես միջազգային հանրության անդամ և կդադարեցնի Իրանի հետ այն կապերը, որոնք աջակցում են տարածաշրջանի ապակայունացմանն ու ահաբեկչությանը աջակցելու նրա ջանքերին: Մենք ասել ենք, որ մեր պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի կոնկրետ սուբյեկտներին, որոնք օգնում են Իրանի ռեժիմին ֆինանսավորել կամ այլ կերպ աջակցել նրա վնասակար գործունեությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, հայտարարել էր. «Համոզված եմ, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում իրավիճակին և մեր քաղաքականությանը»։
Իսկ ավելի վաղ, 2008-ին, ԱՄՆ-ն ոչ հրապարակային կերպով Հայաստանի իշխանություններից պահանջել էր կասեցնել զենքի տեղափոխումները Իրան և իրականացնել բարեփոխումներ, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանով 2003-ին սպառազինություն է փոխանցվել Իրան: ԱՄՆ իշխանությունները պնդում էին, որ այդ զենքերով Իրաքում ամերիկացի զինվորներ են թիրախավորվել Իրանի կողմից աջակցություն ստացող շիա զինյալների կողմից։
Այս մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2010-ին WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում, որոնցում առկա է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի նամակը նախագահ Սերժ Սարգսյանին։
2009-ի հունվարին Սպառնալիքների նվազեցման, արտահանման վերահսկման և բանակցությունների գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար, դեսպան Մահլեյը հանդիպել էր նախագահ Սարգսյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ, որոնք չէին հերքել գործարքի իսկությունը։ Նախագահ Սարգսյանը խոստացել էր պարզել, թե ինչպես են զենքերը փոխանցվել Իրանին։
Հատկանշական է, որ 2008-ին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված և Երևանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված նամակում ասվում է. «Մենք հուսով ենք, որ պատժամիջոցների սպառնալիքը կօգտագործենք որպես Հայաստանի արձագանքման գործիք, որպեսզի ստիպված չլինենք պատժամիջոցներ կիրառել»։
Ռուսաստանի դեպքում ևս, հավանաբար, հրապարակային որևէ հայտարարությունից առաջ ԱՄՆ իշխանությունները ներքին խողովակներով պատժամիջոցների սպառնալիքի միջոցով կփորձեն ազդել Հայաստանի և այլ երկրների վրա՝ մինչև իրական պատժամիջոցների ենթարկումը։
Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Երևան
ՍիվիլՆեթ