Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական թեմաներն են։ Թաթիկյանը Հայաստանի միջազգային քաղաքականության առաջատար փորձագետներից է, որպես միջազգային հարաբերությունների մասնագետ նա երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ առաքելությունների հետ։ OSTWEST MONITORING-ի համար պատրաստված նյութում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Ռուսաստանի դերը սկսած բանակցային գործընթացներից մինչև 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան և Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման և հայերի էթնիկ զտման հետևանքով Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ և վերացրեց երեք տասնամյակ գործող չճանաչված, սակայն փաստացի գոյություն ունեցող պետությունը: Հայաստանի ստատուս քվոյի քաղաքականությունը և անվտանգության հարցում նրա ապավինումը Ռուսաստանին չփրկեցին Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը 2020 թվականի պատերազմից և դրա հետևանքներից։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից էր, խումբ, որը ստեղծվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար միջազգային հարթակ տրամադրելու նպատակով։ Ըստ քաղաքական բազմաթիվ վերլուծաբանների՝ Ռուսաստանը հետաքրքրված չէր հակամարտության լուծմամբ, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը նրան հնարավորություն էր տալիս պահպանել իր ազդեցությունն ու ներկայությունը տարածաշրջանում։ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել էր հակամարտության լուծման տարբեր լուծումներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր, միջանկյալ կարգավիճակի տրամադրում և վերջնական կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեի անցկացում:
Սակայն այդ առաջարկների մեծ մասը մերժվել է կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի կողմից։ 2005 թ.-ից ի վեր Ադրբեջանը սկսեց նավթի և գազի շահույթը ներդնել պաշտպանության ոլորտում և նախապատրաստվել նոր պատերազմի [1]: Հայաստանը նույնպես չէր շտապում ընդունել այդ առաջարկները, քանի որ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո հաստատված ստատուս- քվոն ձեռնտու էր թվում:
Ռուսաստանի դերը 2020թ․ Ղարաբաղյան պատերազմում և անգործությունը դրան հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների կանխման հարցում
2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանը միջնորդեց եռակողմ հայտարարության կնքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ առանց Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, և Լեռնային Ղարաբաղում տեղակայեց խաղաղապահ առաքելություն առանց միջազգային մանդատի։
Պատերազմից հետո Ռուսաստանը ինտենսիվացրեց իր հիբրիդային պատերազմը Հայաստանում՝ օգտագործելով Հայաստանի ոչ լիբերալ ընդդիմությանը, որն ասոցացվում էր նախորդ իշխանությունների հետ՝ կեղծ նարատիվներ տարածելու համար։ Այս ընդդիմադիրները պնդում էին, որ Արևմուտքն է կանգնած Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում, և դա նպատակ է ունեցել ժողովրդավարության կեղծ արժեքների միջոցով թուլացնելու հայ ժողովրդի դիմադրողականությունն ու ազգային անվտանգությունը և նպաստելու Լեռնային Ղարաբաղը հանձնելուն։ Օգտվելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ԱՄՆ-ի և ԵՄ-ի անգործությունից և հակամարտության կողմերի միջև կեղծ հավասարության նշան դնելու քաղաքականությունից Հայաստանում լիբերալ շրջանակների հիասթափությունից՝ ոչ լիբերալ խմբերը նշում էին, որ Ռուսաստանն է միջնորդել հրադադարի վերաբերյալ հայտարարության ստորագրումը և տեղակայել խաղաղապահներ, քանի որ Արևմուտքը կա՛մ ադրբեջանամետ է, կա՛մ անտարբեր։ Նրանք մի կողմից պնդում էին, որ Ռուսաստանն է փրկիչը, որն ավարտեց պատերազմը, իսկ մյուս կողմից պատերազմի և պարտության պատճառը համարում էին Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացումը։ Ներկայումս լիբերալների շրջանում համոզմունք կա, որ Ռուսաստանն է լիազորել Ադրբեջանին սկսել պատերազմը, և դադարեցրել է այն միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը անհամաչափ կորուստներ էր կրել՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն առաջ մղելու համար։
Հրադադարի համաձայնության հաստատումից ընդամենը մեկ ամիս անց ռուս խաղաղապահների թողտվությամբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին խախտել հրադադարի ռեժիմը։ Այսպես, արդեն 2020 թվականի դեկտեմբերին ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Հադրութի շրջանում հայկական վերահսկողության տակ մնացած վերջին երկու հայկական գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռան և դրա գագաթին գտնվող Կատարո վանքի գրավումը ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հարձակումը, որի ընթացքում նաև շուրջ վեց տասնյակ հայ զինվորականներ գերի ընկան և հայտնվեցին ադրբեջանական բանտերում, և նրանց վերադարձի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերվեց միայն այս տարվա դեկտեմբերին։
2021 թ. փետրվարին ռուս խաղաղապահներն արգելեցին միջազգային լրագրողների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ աստիճանաբար այն վերածելով գորշ գոտու։ Ավելին, նրանք չէին զսպում ադրբեջանական հաճախակի սադրանքները շփման գծի երկայնքով, որոնք հանգեցրին մի քանի խաղաղ բնակիչների սպանությունների իրենց կենսապահովման գործունեության ընթացքում, և ոչ էլ խոչընդոտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը ռազմական ենթակառուցվածքներով շրջապատելը։
Չնայած Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշմանը, որն Ադրբեջանին կոչ էր անում չվնասել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը, ռուս խաղաղապահները որևէ քայլ չէին ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության, ինչպիսիք են Դադիվանքի, Շուշիի և Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում մշակույթի հուշարձանների ոչնչացումը, հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղումը և յուրացումը։
Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ սողացող էթնիկ զտում իրականացնելու գործում
Ռուս խաղաղապահների՝ ադրբեջանական կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները չկանխող անգործությունը խորացավ և աստիճանաբար վերածվեց նրանց հետ համագործակցության ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Այն բանավեճ բորբոքեց, թե արդյոք ռուս խաղաղապահները չե՞ն կարողանում հայերին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում՝ ուկրաինական պատերազմի պատճառով ուշադրության պակասի պատճառով, թե՞ պարզապես քաղաքական կամք չունեն դա անել՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի փոփոխության պատճառով:
Կարևոր է նշել, որ 2022 թ. փետրվարի 22-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ պաշտոնապես բարձրացնելով իրենց գործընկերությունը դաշինքի մակարդակի։ Ի թիվս այլոց, ծավալուն փաստաթուղթը պարունակում է անվտանգության ոլորտում համագործակցություն նախատեսող դրույթներ։
Ավելի ուշ՝ 2022 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, նաև պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմի» հետ, որի համաձայն փաստորեն մասամբ «լվանում» է ռուսական գազը դեպի Եվրոպա ավելի բարձր գնով՝ ԵՄ-ի հանդեպ գազամատակարարման իր հանձնառությունները կատարելու համար՝ այդպես իրականացնելով Եվրոպայի համար Ռուսաստանին այլընտրանքային էներգիայի մատակարարի դերը [2]։
Ուկրաինայում պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ անց Ադրբեջանը սկսեց հոգեբանական գործողություններ իրականացնել, կրակել քաղաքացիական անձանց ուղղությամբ և ցուրտ եղանակային պայմաններում լրիվ կամ մասնակի ընդհատել գազամատակարարումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ մարդկանց կյանքի պայմաններն անտանելի դարձնելու համար։ Ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և ոչ հեռու գտնվող Քարագլուխ ռազմավարական բարձունքի գրավումը։ Սա համընկավ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ընդունման քվեարկության ժամանակ Հայաստանի ձեռնպահ քվեի հետ, որն առաջին դեպքն էր, երբ Հայաստանը Ռուսաստանից տարբեր քվեարկեց՝ չնայած ըստ ամենայնի Ռուսաստանի ճնշմանը։
2022 թվականի օգոստոսին ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Վրեժ» ռազմական գործողությունը և նոր ռազմավարական բլուրների գրավումը Լաչինի՝ մինչ այդ գործող միջանցքում։ Դրան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին պարտադրելը նախատեսվածից մեկուկես տարի վաղաժամ իրագործել եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթը՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխելու վերաբերյալ, որն ուղեկցվեց այնտեղ գտնվող Աղավնո բնակավայրի հայաթափմամբ: 2022 թ. ամռանը ռուս խաղաղապահները սկսեցին խոչընդոտներ ստեղծել նաև Լեռնային Ղարաբաղ հայաստանցի հանրային գործիչների և լրագրողների մուտքի համար։
Լեռնային Ղարաբաղի իրավիճակը իր վերջին և ամենադրամատիկ փուլը թևակոխեց 2022-ի դեկտեմբերին, երբ առանց ռուս խաղաղապահների կողմից կանխարգելման, ադրբեջանցի կեղծ բնապահպանները շրջափակեցին Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում գործող ոսկու հանքի շահագործման վերաբերյալ բնապահպանական կեղծ պահանջներով, որոնք աստիճանաբար ավելի էին ուղեկցվում ծայրահեղ ազգայնական տարբերանշաններով և հայ բնակչության հանդեպ հոգեբանական պատերազմով։ Փոխարենը՝ ռուս խաղաղապահները խիստ էին արգելափակման դեմ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց սակավաթիվ խաղաղ ցույցերի հանդեպ՝ ցրելով դրանք։ Ի հակառակ 2023 թ. փետրվարին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցների, ռուս խաղաղապահները չապաշրջափակեցին Լաչինի միջանցքը ադրբեջանցի «էկոակտիվիստներից», որոնց բնապահպանական պահանջները վերածվեցին քաղաքականի, կոչ անելով Լեռնային Ղարաբաղի «ինտեգրում», որը իրականում նշանակում էր հպատակեցում Ադրբեջանին։ Շատերը Հայաստանում հավատում են, որ շրջափակումը նույնպես Ադրբեջանի կողմից համակարգված էր Ռուսաստանի հետ՝ Հայաստանից Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանին միացնող, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից վերահսկվող և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տվող արտատարածքային միջանցք կորզելու նպատակով։
Ապրիլին ցուցարարներին փոխարինեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը ստուգիչ անցագրային կետ տեղադրեց Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող Հակարիի կամրջի վրա, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում: Թեև վերջիններս մնացին, սակայն կորցրին Լեռնային Ղարաբաղ ելումուտը վերահսկելու գործառույթը։
Մինչև հունիսի կեսերը Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մասնակի էր, քանի որ ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու Կարմիր մահիկը (ICRC) կարողանում էին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնել սնունդ, դեղորայք և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներ։ Սակայն հունիսի 15-ին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող Հակարիի կամրջի վրա միջադեպ տեղի ունեցավ, երբ Ադրբեջանի սահմանապահները փորձեցին առաջանալ և իրենց դրոշը բարձրացնել Հայաստանի տարածքում։ Ռուս խաղաղապահները ադրբեջանցի զինծառայողներին ուղեկցում էին միջադեպի ժամանակ։ Փորձը ձախողվեց Հայաստանի ձեռնարկած հակամիջոցների արդյունքում։ Օգտագործելով այս և Կարմիր խաչի կոմիտեի պայմանագրային վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած այլ միջադեպ, որոնք ծխախոտ և այլ հիմնական ապրանքներ էին տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանն արգելեց մարդասիրական ցանկացած ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ: Մինչ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սովամահության եզրին էին, ռուս խաղաղապահները սկսեցին ուղղաթիռներով իրենց կարիքների համար սնունդ և այլ պաշարներ ստանալ, իսկ հայ երեխաները գետնից հետևում էին նրանց։ Ըստ ականատեսների՝ նրանք որոշ սնունդ էին հատկացնում միայն մանկապարտեզներին։ Նրանք վկայում են, որ խաղաղապահները բազմապատիկ բարձր գներով բնակչությանն էին վաճառում սնունդ, ծխախոտ և վառելիք։
Հուլիսի 19-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդող Լավրովի հայտարարությունը փաստորեն հաստատում էր ադրբեջանական կողմի պահանջները, մասնավորապես Ադրբեջանի օրենսդրության համաձայն, առանց որևէ հատուկ կարգավիճակի և միջազգային երաշխիքների հայերի՝ որպես էթնիկ փոքրամասնության իրավունքների և անվտանգության ցածր մակարդակը Ղարաբաղում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց հստակեցնող մեկնաբանություն այդպիսի հարցերը միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով քննարկելու անհրաժեշտության մասին։
2023 թ. ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում էին կազմակերպել ուղիղ բանակցություններ Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև չեզոք վայրում՝ փակուղային իրավիճակից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու նպատակով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին հրահանգեց չգնալ Սոֆիա, որից հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ Մոսկվայի հետ խորհրդակցելով, հրաժարվեց գնալ Բրատիսլավա և ընդունեց կոշտ դիրքորոշում, որ ցանկացած հանդիպում պետք է տեղի ունենա իր տարածքում։ Ռուս խաղաղապահները պահպանեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպումներում միջնորդելու իրենց մենաշնորհը, և այդ հանդիպումները մնացին սահմանափակված բացառապես տեխնիկական և հումանիտար հարցերի քննարկմամբ։ Օգոստոսի 16-ին տեղեկատվության արտահոսքի միջոցով բացահայտվեց Լավրովի նոր պլանը, որն առաջարկում էր հայերի ինտեգրում Ադրբեջանին՝ առանց նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովող միջազգային մեխանիզմների:
Վերջապես, ռուս խաղաղապահները չկանխարգելեցին 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհեր գրանցվեցին ոչ միայն զինծառայողների, այլև քաղաքացիական բնակչության շրջանում, և հնարավորություն տրվեց նրանց հասնելու մայրաքաղաք Ստեփանակերտ։ Մի քանի խաղաղապահներ դարձան Ադրբեջանի կողմից հրետակոծման զոհ՝ փորձելով օգնել հայ խաղաղ բնակիչներին փախչել, որի համար Ադրբեջանի նախագահ Ալիևը ներողություն խնդրեց Ռուսաստանի նախագահ Պուտինից։ Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուս խաղաղապահները ռազմական գործողությունից առաջ հետ էին քաշվել ռազմավարական դիրքերից։ Դրանից հետո ռուս խաղաղապահները կազմակերպեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում և հարկադրեցին փաստացի իշխանություններին համաձայնել զինաթափվել, լուծարել պետական կառավարման բոլոր կառույցները և դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, որը փաստացի գոյություն ուներ ավելի քան երեք տասնամյակ։ Դրան հաջորդեց սեպտեմբերի վերջին շաբաթին Լեռնային Ղարաբաղում մնացած ամբողջ՝ ավելի քան 100 հազար հայ բնակչության զանգվածային արտագաղթը Հայաստան։
Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերի արագ տեղահանությունը Հայաստան կարծես թե անակնկալի բերեց Ռուսաստանին, քանի որ նա հավանաբար ենթադրում էր, որ գոնե մի քանի հազար հայեր կմնան տարածքում՝ իր հետագա ռազմական ներկայությունը խաղաղապահի դերում արդարացնելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում է ձև գտնել Ռուսաստանում և Հայաստանում ապրող և ծագումով Լեռնային Ղարաբաղից սերող որոշ հայերի համոզել վերադառնալ այնտեղ։ Ռուս խաղաղապահները կրճատել են իրենց դիրքերը, սակայն մնում են տարածքում, և որքան էլ զավեշտալի է հնչում, պարբերաբար զեկուցում են իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր չգրանցվելու մասին։ Հստակություն չկա, թե ինչպես են Ադրբեջանն ու Ռուսաստանը տեղաբաշխել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից բռնագրաված զենքն ու զինամթերքը։ Կան տեղեկություններ, որ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ երկրում իրենց հետագա ներկայությունը շարունակելու վերաբերյալ։ Պարզ չէ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ճակատագիրը, որը հիմնադրվել էր Աղդամի շրջանում՝ հետևելու Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը 2020 թվականի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում՝, սակայն առանց իր գործունեության վերաբերյալ որևէ թափանցիկության:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկման նպատակով 2022 թ. դեկտեմբերին և 2023 թ. օգոստոսին շրջափակման ընթացքում և 2023 թ. սեպտեմբերին ռազմական գործողությունից անմիջապես հետո գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների ժամանակ Ռուսաստանն արտահայտեց ադրբեջանական նարատիվներին համահունչ դիրքորոշումներ և չընդունեց իր խաղաղապահ ուժերի ձախողումը։ 2022 թ. դեկտեմբերին Ռուսաստանը նաև գլխավոր երկիրն էր, որն արգելափակեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունումը։
Ռուսաստանի իշխանությունների և խաղաղապահների վարքագիծը 2022 թվականից ի վեր արժանացան իրենց մանդատի չիրագործման վերաբերյալ աճող քննադատության Հայաստանի իշխանությունների և հանրության կողմից։ Իշխանությունները, քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը և, որ ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղից եկած փախստականները, քննադատում են ռուս խաղաղապահների անգործությունն ու ձախողումները, հրադադարի խախտումները, հայկական կողմի հետագա տարածքային և մարդկային կորուստները և Լաչինի միջանցքի արգելափակումը չկանխելու համար։ Ռուսաստանի կառավարության արձագանքները պաշտպանողական են եղել՝ հերքելով ռուս խաղաղապահների ձախողումը և քավության նոխազ դարձնելով Հայաստանի կառավարությանը այն բանի համար, որ վերջինը 2023 թվականի մայիսին՝ ճգնաժամի վերջին փուլում, Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը հրապարակավ Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր որպես Ադրբեջանի մաս 2020 թվականի հրադադարի հաստատումից երկու շաբաթ անց։
Ռուսական գործոնի ազդեցությունը այլ դերակատարների քաղաքականության վրա և եզրակացություններ
Հայերի դեմ նարատիվների ագրեսիվ պատերազմում Ադրբեջանը մանիպուլացնում էր ռուսական գործոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստիգմատիզացնելու համար, որպեսզի խուսափեր ասոցացումներից դրան ամենամոտ՝ Կոսովոյի հակամարտության հետ՝ հիմնավորված էթնիկ զտումների սպառնալիքի ընդհանրությամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կոսովոյացումը» կարող էր հանգեցնել վերականգնողական անջատման և միջազգային պաշտպանության։ Փոխարենը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ասոցացնում էր Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Ղրիմի և Դոնբասի հետ, որոնք ընկալվում էին որպես Ռուսաստանի կողմից հարուցված հակամարտություններ՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ինչպես նաև Արևմուտքի աջակցությունը ստանալու համար։
1991 թ. իր անկախության հռչակումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում սխալները հանգեցրին նրան, որ ի սկզբանե նախատեսված ուժերի հավասարակշռության քաղաքականությունը ձախողվեց՝ զոհաբերելով Արևմուտքի հետ հարաբերությունները ռուսական շահերին չվնասելուն։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ բանակցված ասոցացման համաձայնագիրը ստորագրելու փոխարեն Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն) մտնելու վերջին րոպեին կայացրած որոշումը ներկայացվեց որպես անվտանգության առաջնայնացում ժողովրդավարության հանդեպ, որը մեծապես պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և որպես անվտանգության առանցքային դաշնակից Ռուսաստանին ապավինելով:
Այնուամենայնիվ, Հայաստանը կարող էր հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարենպաստ լուծմանը, եթե դրա վերաբերյալ համարժեք նարատիվներ ձևավորեր և համագործակցեր Արևմուտքի հետ՝ կիրառելու համար Կոսովոյի նախադեպի տարրերը Լեռնային Ղարաբաղում, որոնք կային ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման մի քանի ծրագրերում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը դա չի փորձել, քանի որ զգուշացել է ռուսական արձագանքից՝ հաշվի առնելով վերջինիս աջակցությունը Սերբիային և Կոսովոյի անկախության մերժումը։ Տեղեկություն կա նաև Ռոբերտ Քոչարյանին (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի, իսկ այնուհետև՝ Հայաստանի վարչապետ և նախագահ)՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից Եվրոպա նավթի կամ գազի խողովակաշարի տարանցիկ տարածք դարձնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, որը չի դիտարկվել տարածաշրջանային դինամիկայի՝ Ռուսաստանի համար անբարենպաստ փոփոխության մտավախությունից ելնելով [3]։ Այսպիսով, հայկական կողմը հայտնվել է հակամարտության կարգավորման համար անբարենպաստ թակարդում։
Եզրափակելու համար նշենք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործել է որպես սակարկության առարկա՝ առաջ մղելու իր աշխարհաքաղաքական շահերը, պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, ինչպես նաև ներկայությունը Հարավային Կովկասում: Նրա դիրքորոշումները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էին համընկնում Ադրբեջանի հետ՝ որպես ձևավորվող առավել ուժեղ կողմի, ինչպես նաև մի երկրի, որի հետ Ռուսաստանն ավելի շատ ընդհանրություններ ունի՝ պայմանավորված երկուսի համար էլ ընդհանուր ավտոկրատ կառավարման համակարգով, միաժամանակ փորձելով պատժել Հայաստանին իր ժողովրդավարական հավակնությունների համար: Ուժերի դինամիկայի պատճառով Ռուսաստանն ակնհայտորեն ավելի բարձր գնահատեց Ադրբեջանի հետ իր նոր ձևավորված ռազմավարական դաշինքը, քան Հայաստանի հետ ավանդական դաշինքը, և առաջ քաշեց իր օրակարգը, ներառյալ Ադրբեջանի միջոցով Եվրոպա մատակարարվող իր գազը «լվանալը»: Ուկրաինայում պատերազմն առավել խորացրեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական շահերը:
Ռուսաստանն օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից՝ թույլ չտալու որևէ հայտարարություն կամ բանաձև Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կանխելու տարածաշրջանում միջազգային խաղաղապահների տեղակայման ցանկացած քննարկում։ Այն չփոխվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ ռուս խաղաղապահների՝ իրենց մանդատը կատարելու անկարողությունը կամ, ավելի ճիշտ՝ քաղաքական կամքի բացակայությունը։ Միջազգային մանդատի, ներգրավվածության թափանցիկ կանոնների և միջազգային մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմների բացակայությունը, զուտ ռազմական և միակողմանի բնույթը ռուս խաղաղապահների տեխնիկական խնդիրներն էին [4]: Ուկրաինայում իր վարած պատերազմի հետևանքով Ռուսաստանի ստիգմատիզացումը լրացուցիչ մարտահրավեր էր նրա խաղաղապահ դերի լեգիտիմության և վստահելիության համար: Ռուսաստանը բաց թողեց իր դեմքը փրկելու հնարավորությունը՝ ևս մեկ անգամ ընտրելով իր աշխարհաքաղաքական շահերի հետագա առաջխաղացումը՝ ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության։ Ռուսաստանը կորցրեց նաև իր դաշնակից Հայաստանի վստահությունը, ինչը, ըստ ամենայնի, տանում է Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության փոխակերպման:
[1] Sossi Tatikyan. How do energy security and Euro-Atlantic integration correlate in the Southern Caucasus. NATO Defence College Occasional Paper, Research Division, Rome, May 2008.
[2] Sossi Tatikyan. The EU’s Role in Preventing a New Conflict and Ensuring Sustainable Peace Between Armenia and Azerbaijan. European Policy Review, Volume 6, Issue 1. July 2023.
[3] Հարցազրույց՝ հիմնված Չաթհոմ Հաուզի կանոնների վրա։
[4] The legal and military aspects of the management of secessionist conflicts after the war and before the peace: with and without international peacekeeping. Proceedings of the 45th Annual Roundtable on International Humanitarian Law “After the Conflict Before the Peace: Legal, Military and Humanitarian Issues during the Transition.” International Institute of Humanitarian Law, San Remo. ISBN 978-88-351-4871-5. (pp. 194–202)