Դա տարօրինակ հույս էր, բայց, այդուամենայնիվ, հույս: Հույս, որ ռուսական աշխարհայացքն՝ իր անտարբեր ցինիզմով և սպիտակը սև անվանելու, իսկ սևը սպիտակ կոչելու սովորությամբ հանդերձ, դարձել է միջազգային: Հույս, որ չափազանց լավ ամերիկացիները ևս զերծ չմնացին խաբկանքներից: Հույս, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ դուրս է եկել մեկուսացումից, որտեղ հայտնվել էր Ղրիմի դեպքերի պատճառով:Մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը ընտրություններում Մոսկվայում ուղեկցվեց էյֆորիայի ալիքով, որը տոնվում էր ոչ միայն Կրեմլում: Բազմաթիվ ազատական հայացքներով ռուսաստանցիներ իսկապես թեթևություն զգացին, քանի որ կարծում էին, որ քաղաքական կոշտ գծի կողմնակից Հիլարի Քլինթոնի կողքին իրենց նախագահն իր վատագույն հատկությունները կցուցաբերի: Թրամփի երդմնակալության պատվին մի քանի, հաճախ նաև անհասականալի երեկույթներ կազմակերպվեցին: Սակայն ամենամեծ ցնծությունն ապրեցին նրանք, ովքեր գտնվում էին բարձր կարմիր պատերից անդին: Մեծ ռիսկի նրանց ռազմավարությունն արդարացրեց իրեն: Կրեմլը վերջապես «իր» մարդն ուներ:
Ապշեցուցիչ է՝ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները ժամանակին նույն ալիքի վրա էին, նրանք իրավիճակը նմանակերպ էին տեսնում և խոսում էին նույն լեզվով:
Մամուլում համատարած կեղծիք է: ՆԱՏՕ-ն իր ուղեգծին չի հետևում և որպես կազմակերպություն այլևս իմաստ չունի: Ամերիկան իրեն շատ բան է թույլ տալիս: Ճշմարտություն հասկացություն գոյություն չունի: Բացառիկություն, ազգայնականություն, միլիտարիզմ: Եվ նմանատիպ շատ «իզմեր»: Այդպիսին էին բարձրաձայն արտահայտվող հիմնական տեսակետները: Հարկավոր էր երջանիկ համագործակցության համար հող նախապատրաստել, սակայն վերջին մեկ տարվա իրականությունն ավելի քան ուրիշ էր:
Մեղրամիսը կարծես միանգամից էլ ավարտվեց, երբ հայտարարություններ եղան, որ Թրամփը հաղթել է Ռուսաստանի՝ լավ հաշվարկված խաղի շնորհիվ: Շուտով ապացույցներ հայտնվեցին, որ Ռուսաստանն ակտիվորեն դավադրություններ էր կազմակերպել տիկին Քլինթոնի դեմ, իսկ այնուհետև՝ շատ բան էր արել հօգուտ Թրամփի: Չորս պաշտոնական հետաքննություններ սկսվեցին: Դրան հետևեցին պատժամիջոցներ, դիվանագիտական օբեկտների բռնագրավումներ և դիվանագետների փոխարդարձ արտաքսումներ: Կրեմլի կողմից հովանավորվող «RT» հեռուստաալիքը որակվեց որպես արտասահմանյան գործակալ և զրկվեց «Twitter»-ում գովազդվելու իրավունքից: Ռուսաստանը ներկայումս պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել «CNN»-ի, «Ազատություն ռադիոկայանի», «Ամերիկայի ձայնի» և նույնիսկ հենց «Twitter»-ի նկատմամբ: Սառը պատերազմի ավարտից հետո հարաբերությունները երբեք նման ցածր մակարդակի վրա չեն գտնվել:
Այս պայմաններում, երբ հարաբերությունները ծայրահեղ մակարդակի վրա են, ռուսական իշխանությունները մեծացնում են իրենց հակաամերիկյան հռետորաբանությունը: Ինչպես պնդում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում՝ ԱՄՆ-ն գաղտնի համագործակցում է «Իսլամական պետության» հետ՝ թուլացնելու համար Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական զորքերի դիրքերը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ԱՄՆ-ն պղծել է ռուսական դրոշը՝ հանելով գրավված դիվանագիտական շենքերի վրայից: Չնայած Արևմուտքի հասցեին հնչող բոլոր վիրավորանքներին՝ ԱՄՆ-ի նախագահը դեռևս մնում է անձեռնմխելի, նրան չեն քննադատում: Պետական հեռուստալիքներով հեռարձակվող քարոզչական հաղորդումները շարունակում են ընդհանուր առմամբ նրան աջակցել: Խոսում են ապատեղեկատվության և ռուսաֆոբների մասին, որոնք խոչընդոտում են Թրամփին «ռուսամետ» հերոսություններ անել: Նախորդ ամիս Սոչիում կայացած Վալդայի միջազգային քննարկումների ակումբի համաժողովի ժամանակ նախագահ Պուտինը մարդկանց կոչ արեց սկսել հարգանքով վերաբերվել իր ամերիկյան պաշտոնակցի նկատմամբ:
«Թրամփին նրանք դեռևս դրական են վերաբերվում: Չէ՞ որ նա ԱՄՆ-ն քաոսի վերածեց և ամերիկացիներին շեղեց Ռուսաստանին դիմակայելու մտքից: Ի՞նչն այդտեղ կարող է դուր չգալ»,- նշում է անվտանգության հարցերով փորձագետ և Կրեմլում նախկին խորհրդական Վլադիմիր Ֆրոլովը:
«The Independent»-ին տված հարցազրույցի ժամանակ ռուսական կառավարության մի քանի ներքին աղբյուրներ հայտնել են, որ ներկայումս այդքան էլ պարզ չէ, թե ԱՄՆ-ի ռուսական քաղաքականությամբ ով է զբաղվում: ԱՄՆ Պետդեպարտամենտում մասնագետները քիչ են, Սպիտակ տունը դեռևս ամբողջությամբ կազմավորված չէ, իսկ Թրամփի աշխատակազմը հիմնականում ի վիճակի չէ դիմագրավելու մարտահրավերներին: Նրանց կարծիքով՝ Թրամփը կորցրել է Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ իր վերահսկողությունը՝ դիրքերը զիջելով Կոնգրեսին:
«Պարոն Թրամփը դեռևս կարևոր դերակատարություն ունի ամերիկա-ռուսաստանյան հարաբերություններում, այն իմաստով, որ նա խառնաշփություն է մտցրել դրանցում»,- նշում է փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը, ով մոտ է կանգնած արտաքին քաղաքականության մաս կազմող էլիտայի խմբին: Նման գերակայող մթնոլորտում Ռուսաստանը հայտնվել է անհավանական բարդ իրավիճակում: Կրեմլն այլևս դերակատար չէ, այլ ԱՄՆ-ի ներքին քաղաքականության համար գործիք, պատրվակ, որն օգտագործվում է՝ թուլացնելու ԱՄՆ-ի նախագահի դիրքերը: Վատն այն է, որ նա «անզոր» է միջամտելու:
«Հիմա յուրաքանչյուր հիմարություն կարևոր է», – նշում էր Լուկյանովը: Որոշ ժամանակ Կրեմլը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում էր: Էլիտայի որոշ ներկայացուցիչներ վայելում էին «վատ» հանճարների իրենց կարգավիճակը: Սակայն ամեն ինչ անցողիկ է, և շուտով ջղաձգություն ի հայտ եկավ: «Նրանք սկսեցին տառապել ոչ նրա համար, որ իրենց մեղադրում են հանցագործության մեջ, այլ որ խառնաշփոթն իրենց վերահսկողությունից դուրս կգա»,- նշում է Լուկյանովը: «Ես չէի ասի, որ էյֆորիա կա կամ նույնիսկ իրավիճակի ընկալում. այն պարզապես փոխվում է՝ անկախ այլ հանգամանքներից »:
Դժգոհությամբ, բայց Կրեմլը հասկանում է, որ դեռևս որոշ ժամանակ այն կլինի ամերիկյան թերթերի և հասարակության ուշադրության կենտրոնում: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նոր է սկսում ստանալ իր հետախուզության արդյունքները: Փոլ Մենաֆորդը և Ռիկ Գեյթսը գտնվում են տնային կալանքի ներքո, և հիմա մեծանում է Թրամփի նախընտրական շտաբում ընգրկված ցածր մակարդակի խաբեբաների վրա ճնշումը:
Եթե հաշվի չառնենք հռետորաբանությունը՝ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները պետք է Կրեմլին վաղուց ստիպած լինեին ավելի զգույշ գործելու՝ կարծում է Վլադիմիր Ֆրոլովը: Ընտրարշավներում հաքերային հարձակումները, որոնք միտված էին հասարակական կարծիքի վրա ազդելուն, դադարեցվել են՝ նշում է նա, չնայած այդ մեթոդների կիրառումը, որպես տվյալների հավաքագրման օրինական գործիք, կշարունակվի: Պարզ է, որ իրավիճակը բավականին վտանգավոր է: Փետրվարին պաշտպանական ոլորտի և օլիգարխների նկատմամբ նոր պատժամիջոցներ պետք է ուժի մեջ մտնեն, և տրամաբանությունը հուշում է, որ իրավիճակը գնալով վատանալու է:
«Ամեն ինչ կշարունակվի, և հարաբերությունների սրումն անխուսափելի է»,- նշում է Լուկյանովը: Որոշ ժամանակ, հնարավոր է նաև մի քանի տարի, կարող են հստակ հեռանկարները չլինել: «Քանի դեռ Միացյալ Նահանգներում իշխանության համար պայքարը կշարունակվի՝ հարաբերությունների նորմալացման ոչ մի հնարավորություն չի լինի»:
Դոնալդ Թրամփին կարելի է դեռևս հարազատ համարել, բայց իրականությունն այն է, որ նա Ռուսաստանի համար այլևս նշանակություն չունի:
«Դիրքորոշումը փոխվել է, և հիմա երկարաժամկետ դիմակայությունն ընդունվում է որպես նոր կանոն, նոր իրականություն: Կրեմլը կարծում է, որ մեծ տերության տիտղոսը նվաճելու համար նա պետք է հակադրվի ԱՄՆ-ին, այլ ոչ թե համաձայնվի կամ համագործակցի նրա հետ» ,- նշում է Ֆրոլովը
Ինչպես հայտարարել է Ալեքսեյ Չեսնակովը, ով Կրեմլի նախկին վարչակազմի անդամ էր, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի մտերիմներից, իրավիճակի բարելավման սպասելու ոչ մի հույս չկա: Խնդիրը Թրամփի մեջ չէ, այլ ամերիկյան վարչակարգի, որն ընդհանուր առմամբ հանդես է գալիս Ռուսաստանի դեմ :
«Ընտրություններից նույնիսկ մեկ տարի անց նրանք չեն կարողանում ուշքի գալ, մտքերը ժողովել և կազմակերպել իրենց աշխատանքը, – ասել է նա «The Independent»-ին տված հարցազրույցի ժամանակ: Եվ հաշվի առնելով այդ ամենն՝ սկսում ես կասկածել ամերիկյան ողջ քաղաքական համակարգի անհրաժեշտության վրա»:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա
Բարսեղյանը
Բնօրինակը՝ Independent