Սիրիայի միջսահմանային մարդասիրական օգնության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
Երեքշաբթի, հուլիսի 7-ին, Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որով նախատեսվում էր պահպանել երկու անցակետերը, ինչը, ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով, կենսական է միլիոնավոր կյանքեր փրկելու համար: Այդ մարդասիրական օգնությունը Թուրքիայից պետք է առաքվեր Սիրիայի` հիմնականում ապստամբներով բնակեցված հյուսիս-արևմտյան շրջաններ:
Ռուսաստանը` Սիրիայի մերձավոր դաշնակիցը, անմիջապես սկսեց շրջանառել բանաձևի իր նախագիծը, որով նախատեսում է վեց ամսվա ընթացքում Թուրքիայից Սիրիա հումանիտար օգնության առաքել միայն մեկ անցակետով:
ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպան Քրիստոֆ Հուսգենը, որը ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 13 երկիր կողմ են քվեարկել բանաձևի օգտին, և երկու երկիր դեմ են եղել: Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խիստ քննադատեցին Ռուսաստանին և Չինաստանին վետոյի համար:
«Մենք ամաչում ենք` ինչով է Խորհուրդն այժմ զբաղված. Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ցինիկ պահվածքի պատճառով մենք ստիպված ենք քաղաքականությունը վեր դասել սիրիացիների կյանքից », – ասաց Ռոդնի Հանթերը ՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ժան Զունը հայտարարել է, որ հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից այդ երկրի նկատմամբ կիրառվող միակողմանի պատժամիջոցներն են` կոչ անելով վերացնել դրանք: Նա նաև մերժեց Չինաստանին մեղադրելու ԱՄՆ փորձերը՝ ասելով, որ «սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկրի քստմնելի մոտեցումը` կիրառելով միակողմանի պատժամիջոցներ»:
Հանթերը պատասխանեց, որ ԱՄՆ պատժամիջոցները նախատեսում են «հումանիտար բացառություններ» և «դրանք ոչ մի կերպ չեն վնասում Սիրիայի ժողովրդին»:
«Միակ բանը, որը վնասում է Սիրիայի ժողովրդին և խանգարում է նրանց անհրաժեշտ օգնությունն ստանալ, Ասադի ռեժիմն է, որին աջակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը», – նշեց Հանթերը:
Գերմանիան և Բելգիան, որոնք մշակում էին բանաձևի այդ նախագիծը, որոշեցին տեքստից բաց թողնել ուղերձը, որով կոչ էր արվում բացել Իրաքի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում գործող հսկիչ անցակետը, որպեսզի այնտեղից բժշկական օգնություն ցուցաբերվի «Կովիդ -19» համաճարակի դեմ պայքարի համար: Մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր. «Մի՛ վատնեք ձեր ժամանակը՝ փորձելով վերաբացել փակ անցակետերը»:
Ռուսաստանը պնդում է, որ օգնությունը պետք է առաքվի Սիրիայի այլ շրջաններից՝ հակամարտության գծերով: Բայց ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը պարզաբանել էր, որ Թուրքիայից դեպի երկրի հյուսիս-արևմուտք երկու անցակետերը մնում են «միլիոնավոր խաղաղ բնակիչների փրկության միակ ուղիները. ՄԱԿ-ն այլ ճանապարհներով չի կարողանում այնտեղ հասնել»:
Հունվարին Ռուսաստանը վետոյի սպառնալիքն օգտագործեց՝ ստիպելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ընդունել, որով մարդասիրական անցակետերի քանակը չորսից կրճատում էր` դարձնելով երկուս, ինչն օգնությունը փոխադրելու էր Թուրքիայից դեպի երկրի հյուսիս-արևմուտք: Ռուսաստանի համառ ջանքերով այս բանաձևը կրկնակի կրճատեց նաև մանդատի տևողությունը, որն ուժի մեջ է մտնում մարդասիրական օգնության միջսահմանային առաքումների մեկնարկի պահից` մեկ տարին դարձնելով վեց ամիս:
Գերմանիայի և Բելգիայի կողմից կազմված բանաձևի նախագիծը, որի համար 15 անդամ երկրները «Կովիդ -19» համաճարակի պատճառով քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին գրավոր տեղեկացնելու ճանապարհով, նախատեսում էր մեկ տարվա ընթացքում շարունակել Թուրքիայից մարդասիրական օգնության առաքումը երկու անցակետերով `Բաբ էլ-Հավա և Բաբ ալ-Սալամ:
Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը նախատեսում է մարդասիրական օգնության առաքում միայն Բաբ Էլ-Հավա անցակետով: Նեբենզյան խորհրդին հավաստիացրել էր, որ եթե Ռուսաստանի բանաձևն ընդունվի, կշարունակվեն մարդասիրական օգնության միջսահմանային մատակարարումները: Բայց ՄԱԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Պեկստենը հայտարարեց, որ «սա դեռ վերջը չէ»: «Առաջիկա ժամերին և օրերին մենք կշարունակենք աշխատել բոլոր կողմերի հետ համաձայնության գալու համար», – ասաց նա: Չինաստանի դեսպան Չժանը նույնպես հույս է հայտնել, որ «ելք կգտնենք և կլուծենք մեր տարաձայնությունները»:
Հունիսի 29-ին ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը տեղեկացրել է խորհրդի անդամներին, որ «երկրի հյուսիս-արևմուտքում մոտավորապես 2.8 միլիոն մարդ, ինչն այս տարածաշրջանի բնակչության 70 տոկոսն է, կարիք ունի մարդասիրական օգնության»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նոր զեկույցում, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ստացել են երեքշաբթի, հուլիսի 7-ին, ասվում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում միջսահմանային գործողությունները «շարունակվել են ռեկորդային մակարդակով ՝ ի պատասխան հումանիտար իրավիճակի աղետալի վատթարացման, որն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ գրեթե մեկ միլիոն խաղաղ բնակիչներն ստիպված եղան լքել իրենց տները 2019-ի դեկտեմբերից մինչև 2020-ի մարտն ընկած հատվածում»:
Ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ապրիլին 1.3 միլիոն մարդ սնունդ է ստացել, իսկ մայիսին՝ ավելի քան 1.3 միլիոն մարդ, և այդ օգնությունը մարդկանց է տրվել վերը նշված երկու անցակետերի միջոցով: Բացի այդ, մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի քան 420.000 առաջին օգնության հավաքածու և կենսական նշանակության դեղամիջոցներ է առաքել Սիրիայի հյուսիս-արևմուտք:
«Այս անցակետերը շատ կարևոր են երկրի հյուսիս-արևմուտքում խաղաղ բնակչության բարեկեցության համար: Եվ մենք իսկապես հուսով ենք, որ նրանք կշարունակեն աշխատել», – երեքշաբթի՝ հունիսի 7-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Զուառիչը: «Մարդկանց կյանքը կախված է դրանից»:
Գուտերեշի խոսքով՝ չնայած Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ուղարկված մարդասիրական օգնության քանակի ավելացմանը, «այդ մատակարարումների բժշկական պարագաները չեն հասնում այն բժշկական հաստատությունների մեծ մասին, որոնք նախկինում անցակետերի միջոցով ստանում էին օգնությունը»:
Քուրդ զինյալները, որոնք Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիայի հետ միասին կռվել են «Իսլամական պետության» դեմ, վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասը, որը հարուստ է նավթային պաշարներով: Հետո Թուրքիան ներխուժել էր իր սահմանակից տարածքներ և այժմ վերահսկում է դրանց մի մասը: Լարվածությունը պահպանվում է թուրք զինյալների և քրդական խմբավորումների միջև, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Բացի այդ, ամերիկյան հարյուրավոր զինյալներ մնում են Սիրիայի հյուսիս-արևելքում:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը