Ռուսաստանն իր կովկասյան քաղաքականությունում՝ ընդհանուր առմամբ, և Հայաստանում՝ մասնավորապես, ավանդաբար հենվում էր գործող իշխանության վրա առնվազն 1991 թվականից՝ հետխորհրդային երկրների անկախության ձեռքբերումից ի վեր։ Սակայն, ելնելով ոմանց կողմից դեռևս թյուրիմացաբար Ռուսաստանի ֆորպոստ դիտվող Հայաստանի արտաքին քաղաքականության, մեղմ ասած, անկանխատեսելի լինելու հանգամանքից, Մոսկվան վերջին տարիներին սկսել է հենվել նաև գործադիր իշխանության մեջ ուղիղ ներկայացվածություն չունեցող քաղաքական կուսակցությունների վրա։ Այս միտումն առանձնակի տարողություն է ստացել 2015 թվականին։ Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների, էլ չասած՝ ղեկավարության միջից ռուսամետ հայացքներով անձանց գտնելու համար հարկ է լրջորեն չարչարվել։ Այս համապատկերում թվում է, որ Մոսկվան որոշակիորեն շարունակում է անհրաժեշտություն զգալ իր շահերն արտահայտող շրջանակ ունենալու մեջ, նվազագույնը՝ Հայաստանի ԱԺ-ում, էլ չասած՝ գործադիր իշխանությունում։ Թեև, զուտ ֆորմալ առումով, Հայաստանում վերջին տարիների ընթացքում գոյություն ուներ նմանատիպ քաղաքական ուժ՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։ Մեծ քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո նոր առաջին դեմք Սերժ Սարգսյանին երկար ժամանակ հաջողվում էր պահպանել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած առասպելը օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած և ֆինանսավորած հիշյալ կուսակցության ռուսամետ լինելու մասին։
Սակայն, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը փաստորեն իր իսկ ձեռքով ծակեց իր նախորդի փչած փուչիկը՝ վերջինիս անպիտան լինելու պատճառով, խորհրդարանում հանրապետականներից հետո պատգամավորական մանդատների թվով երկրորդ սանդղակ զբաղեցնող «ռուսամետ» կուսակցության տեղը թափուր է մնաց։ Հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված և արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնատվածությունը և քաղաքական չկայացվածությունը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին «երկրորդ կուսակցության» ստեղծումը դիտվում է որպես հիմնավորված անհրաժեշտություն։
Այսպիսով, ի հեճուկս 102-րդ ռազմակայանի առկայությանը և հայաստանյան տնտեսության ռազմավարական ոլորտների մեջ խորին ներգրավվածությանը՝ Մոսկվան, նախկինի պես, ստիպված է Հայաստանի քաղաքական դաշտում համարյա զրոյից նոր քաղաքական խաղ սկսել՝ ընդլայնելով հանրապետության ներսում մեծ հաշվով «վերևներով» սահմանափակվող փոխգործակցության տարածությունը։ Ավելին, թվում է, որ Ռուսաստանը Հայաստանում իր ձեռքի տակ պետք է ունենա առնվազն մեկ ազդեցիկ քաղաքական ուժ։ Այստեղ Մոսկվայի առջև բացվում է լայն և առնվազն ռուսաստանյան գութանով չմշակված դաշտ։ Ուշագրավ է, որ մեծ ցանկության դեպքում ռուսաստանյան դիվանագիտությունը կարող է համագործակցության կամուրջ հաստատել համարյա բոլոր, այդ թվում և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող կուսակցության հետ։ Հայաստանյան քաղաքականության ծալքերին և նրբություններին անհաղորդ մարդկանց այս թեզը կարող է առևղծվածային թվալ, բայց այն, բարեբախտաբար կամ ցավոք, համապատասխանում է իրականությանը։
Հանրապետության քաղաքական հանրության հետ Ռուսաստանի կապերի դիվերսիֆիկացումը և Մոսկվայի օգտին կողմնորոշված նոր կուսակցության ստեղծումն, ըստ էության, պետք է միտված լինի Մոսկվայի հետ հարաբերությունների մենաշնորհի և քաղաքական (ու ոչ միայն) առևտրի բացառիկ իրավունքը շահարկող Հայաստանի գործող իշխանության ձեռքում գտնվող խաղաքարտերի տուփի հաղթաթղթի ոչնչացմանը։ Դրանից բացի, հատկապես հանրապետության սահմանադրական բարեփոխման լույսի ներքո, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ՀՀ-ում իշխանության փոփոխության սցենարներին՝ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական և ամենագլխավորը՝ ռազմական ներկայության համար աղետալի հետևանքներով։
Այսպիսով, Հայաստանում նոր՝ Ռուսաստանի օգտին կողմնորոշված քաղաքական կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը գիտակցում են ոչ միայն արևմտամետ հանրապետականները, այլև Մոսկվան։ Թեև մեկ՝ ոչ մեծ, բայց շատ կարևոր լրացմամբ։ Եթե հանրապետականների համար նմանատիպ ուժը դիտվում է որպես «Բարգավաճ Հայաստանի» որոշակի նմանակ, ապա Մոսկվայի համար, հաշվի առնելով փաստացիորեն ոչնչացված «ԲՀԿ» տխուր փորձը, որը հանգեցրել է ՀՀ ԱԺ-ում Ռուսաստանի գոնե անվանական ներկայացվածության կորստին, այդպիսի սցենարը լիովին բացառվում է։
Թվում է, թե վերջերս Երևանում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին հայտարարությունը ասվածի տրամաբանական շարունակությունն է։ Այլ խոսքերով, Հայաստանում ձևավորվող ներքաղաքական մղումների և, ամենագլխավորը, փաստացի ստեղծվող նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի համապատկերում Աբրահամյանի կուսակցությունն ուղղակիորեն դատապարտված է հանդես գալ որպես Հայաստանում Ռուսաստանի շահերի պաշտպան։ Նույնքան անվիճելի է, որ կուսակցությունը ստեղծվում է հենց 2017թ. մայիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Հայաստանի քաղաքական դաշտում Ռուսաստանի ներկայացվածության անմխիթար վիճակի քննության փորձը՝ Արա Աբրահամյանի կողմից նոր քաղաքական կուսակցության ստեղծման կանխազդի (անոնսի) լույսի ներքո, մեծ հավանականությամբ թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան կատարել է Կովկասում իր միակ դաշնակցի ներքաղաքական կյանքում իր ռազմավարության արմատական վերանայում։
Այս վերանայման էությունը ենթադրում է հրաժարվել բավականին վատ վերահսկվող ռուսամետ հայ քաղաքական գործիչներին սատարելուց և հետայսու աջակցել միայն Կրեմլի բացարձակ վերահսկողության ներքո գտնվող ռուսաստանյան հայ օլիգարխներին։ Հաշվի առնելով Լիբիայում Աբրահամյանի մեկ միլիարդ դոլար կորցնելու հանգամանքը և ռուսաստանյան տնտեսությանը պատուհասած պատժամիջոցային տենդը, Ռուսաստանի հայերի միության նախագահը միայնակ ի վիճակի չէ ապահովել Հայաստանում լուրջ քաղաքական ուժի ստեղծումն ու գործունեությունը։ Այդ իսկ պատճառով Աբրահամյանը հարկադրված է լինելու համագործակցել ռուսաստանյան Forbes վարկանշային ցուցակում 26-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, որն, ի դեպ, վերջերս գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։
Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի ակտիվների և կապիտալների հիմնական մասի կենտրոնացվածությունը Ռուսաստանում՝ նա, հասկանալի պատճառներով, չի կարող անտարբեր մնալ Կրեմլի կողմից Արա Աբրահամյանի առջև դրված առաջադրանքի կատարման նկատմամբ։ Այս հարցում նրանց արդյունավետ օգնություն կարող է ցուցաբերել նաև մեր մեկ այլ հայրենակից՝ հայտնի ռուսաստանյան ներդրումային բանկիր և ֆիլանտրոպ Ռուբեն Վարդանյանը։ Վերջինիս կողմից Հայաստանում իրականացված «Տաթևի թևեր» և «Դիլիջանի միջազգային դպրոց» հաջողված բարեգործական նախագծերի շնորհիվ ներդրումային «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիրը որոշակի ժողովրդականություն է վայելում հայ հասարակության էլիտար-ազատական շերտի ներկայացուցիչների մոտ։ Դրանից կարելի է եզրակացնել, որ մեր ռուսաստանաբնակ հայրենակիցների մասնակցությունը հանրապետության քաղաքական կյանքում կարող է էլ ավելի մերձեցնել Հայաստանի իշխանական ուղղահայացը Ռուսաստանի իշխանական հիերարխիայի որոշ շրջանակներին։
Վերոհիշյալի լույսի ներքո կարելի է կանխատեսել, որ նոր կուսակցությունը հաջողություն կունենա առնվազն պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանի բնակչության մեկ երրորդ մասը գերազանցող՝ աղքատության շեմից ներքև գտնվող, բայց ավելի լավ հեռանկարին ապավինած ընտրազանգվածի մոտ։ Այլ խոսքերով, աբրահամյանական կուսակցությունը պետք է որքան հնարավոր է արագ զբաղեցնի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ոչնչացումից հետո թափուր մնացած խորշը։ Առայժմ, Աբրահամյանի և նրա մեկենասների ճանապարհին կանգնած են ընդամենը սովորության համաձայն ընտրակաշառք բաժանող հանրապետականները։ Թվում է, որ Սերժ Սարգսյանի և իր շրջապատի պատասխանն անխուսափելի է. Այն, հավանաբար, արտացոլվելու է մինչև 2017թ. մայիսն ընկած ժամանակահատվածում նոր արևմտամետ քաղաքական ուժերի ի հայտ գալու մեջ։
Այսպիսի եզրակացության կարելի է հանգել հայաստանյան մամուլում վերջին շրջանում ի հայտ եկած հրապարակումների մակերեսային քննությունից։ Հայաստանի ԶԼՄ-ների մեծ մասն Աբրահամյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրության մեջ արդարացիորեն նկատել են «Պուտինի՝ Կրեմլի ձեռքը»։ Արևմտամետ կողմնորոշման ԶԼՄ-ների տեղատարափ մեկնաբանություններից կարելի է առանձնացնել «Գոլոս Արմենիի» թերթի հակաաբրահամյանական արշավին մատուցած ծառայությունը։ Առանց հիշյալ հրապարակման մանրամասների մեջ խորանալու հիշեցնենք, որ տվյալ թերթը, բնականաբար՝ ոչ հրապարակավ, ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Այստեղ նաև արժե հիշեցնել Արա Աբրահամյանի մի հայտարարությունը, ըստ որի Հայաստանի նախագահը դրական է արձագանքել իր կողմից նոր կուսակցության ստեղծման գաղափարին։
Այսպիսով, Արա Աբրահամյանի կողմից Սերժ Սարգսյանի հավանության մասին արված հավաստիացման անհամապատասխանությունը իշխանության կողմից հովանավորվող ԶԼՄ-ների հրապարակումներին առավել քան ակնհայտ է։ Թվում է, թե Աբրահամյանն, այնուամենայնիվ, ստացել է Հայաստանի նախագահի հավանությունը, բայց միայն մեկ այլ երկրի նախագահի կողմից համապատասխան «առաջարկությունը» ստանալուց հետո։ Իրականում, նախագահի աշխատակազմին և ՀՀԿ գրասենյակին հազիվ թե կարող էր ոգևորել Հայաստանում նոր կուսակցություն հիմնելու աբրահամյանական գաղափարը, ինչն էլ ունի հստակ պատճառներ։
Հայաստանում իշխող քաղաքական ուժն, ամենայն հավանականությամբ, ուներ «Բարգավաճ Հայաստանը»՝ ՀՀԿ-ից հետո երկրորդ պատվավոր տեղում որևէ դաշնակից ուժով, թերևս նոր կոալիցիոն գործընկերով փոխարինելու սեփական ծրագիր։ Այն, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առնվազն սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության և 2017թ. նոր գումարման խորհրդարանում տեղերի բաշխման հարցում համաձայնության են եկել, հայտնի էր դեռևս մեկ տարի առաջ։ Կրեմլի կողմից քաղաքականապես հովանավորված ռուսաստանյան օլիգարխների կուսակցությունը կարող է էապես այլափոխել կամ վերջնականապես ձախողել այդ ծրագրերը։ Դրա համար ավելորդաբար քաղաքականապես ընտանի դաշնակցականների փոխարեն գլխավոր հայ շախմատիստը կամա թե ակամա ստիպված կլինի հաշտվել իր կողքին նոր և ավելի անկանխատեսելի «գործընկերոջ» ներկայության հետ։
Այս ամենի լույսի ներքո Սերժ Սարգսյանը հազիվ թե բավարարվի սոսկ Աբրահամյանի հրապարակային խոստմամբ՝ զերծ մնալ իշխանություններին և, հատկապես, նրա առաջին դեմքերին քննադատելուց և իշխանափոփոխություն պահանջելուց։ Հայաստանի նախագահին անհրաժեշտ է հասնել այն բոլոր նպատակների և խնդիրների իրագործմանը, որոնք նրա և շրջապատի կողմից դրվել են նոր Սահմանադրությունը մշակող հանձնախմբի առջև։ Ռուսաստանաբնակ հայ օլիգարխների միջոցով Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանի ռազմավարության փոփոխության մասին վկայությունը, դատելով հայաստանյան իշխանության առաջին իսկ արձագանքից, ակնհայտորեն տեղավորվում է այդ նպատակների շրջանակում։