Գյունել ՄԵՎԼՈՒԴ
Անկախ լրագրող
Բեռլին
Սեքսիզմն ու ԶԼՄ-ները. ո՞ւր ենք գնում։ Հարավկովկասյան հանրապետություններում ընդունված չէ խոսել ԶԼՄ-ների միջոցով սեքսիզմի՝ սեռային/գենդերային հատկանիշներով քարոզվող խտրականության մասին։ Պարզապես այսպիսի ավանդույթ չի ձևավորվել ոչ «վերևի»՝ ակադեմիական, և, առավել ևս, ո՛չ «ներքևի»՝ ժողովրդական մակարդակներում։ Թե ո՞ր հանգամանքների բերմամբ այն չի ձևավորվել՝ այլ հարց է։ Այնուամենայնիվ, Կովկասում թե՛ հռետորաբանական և թե՛ գործնական գենդերային խնդիրների առկայությունը ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Հատկապես տխուր է կանանց իրավունքների ոտնահարման հետ կապված դրությունը։ Կանանց իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի՝ տանը, փողոցում, բիզնեսում, այսինքն՝ հրապարակային-մասնավոր տարածության բոլոր հատվածներում։ Չի կարելի ասել, որ մենք արդարացնում ենք կենցաղում հանդիպող սեքսիզմը, բայց, դրան բախվելով համարյա ծնված օրվանից, առանձնապես չենք ձգտում դրա զոհերի պաշտպանությանը։ Մենք հետզհետե պարզապես դադարում ենք զարմանալ, որ այն կա, հաշտվելով այս երևույթի հետ, կարծես թե այն հաստատուն սոցիալական կանոն է։ Դա է մեր ամենօրյա կեցվածքը։ Բայց արդյո՞ք մենք չպետք է զարմանանք մամուլում հայտնվող սեքսիստական արտահայտությունների վրա։ Ենթադրվում է, որ մամուլը պետք է թելադրի հասարակական թրենդները և գտնվի վերջինիս ավանգարդում՝ փշերի միջով դեպի աստղեր առաջնորդելով իր լսարանին։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է։ Ավա՜ղ։
Ո՞րն է ադրբեջանական մամուլում ծաղկող սեքսիզմի ցուցանիշը։ Եթե զննենք մամուլում լույս տեսնող հրապարակումները, ապա անմիջապես աչքի է ընկնում հետևյալ պատկերը. հատուկ ընդգծվում և շեշտադրվում են կնոջ կենտրոնական դերակատարմամբ բացասական բովանդակություն ունեցող հրապարակումների վերնագրերը, որոնց մեջ առանձնահատուկ նախանձախնդրությամբ նշվում է, որ կինը միջադեպի «գլխավոր հերոսուհին» է։ Օրինակ, եթե մարդասպանության կամ ավտովթարի մեղավորը կինն է, ապա դա ընթերցողին է ներկայացվում որպես ուշադրության արժանի արտասովոր և ուշագրավ մի իրադարձություն։ Այսպիսով, ձևավորվել է հանրային ոլորտում և սոցիումի կյանքում կնոջ ներկայության ենթագիտակցված կամ գիտակից էկզոտիզացիան։ Դրանով իսկ հարցականի տակ են դրվում կնոջ ոչ շատ վաղուց ձեռք բերված իրավունքները։
Իսկ ամենահետաքրքիրն այն չէ, որ մամուլում առկա է սեքսիզմը (այն ամենատարբեր դրսևորումներով ներկա է երկրների մեծ մասում՝ առավել կամ նվազ բացահայտ ու արտահայտված դրսևորումներով), այլ այն, որ այդ նույն մամուլում իսպառ բացակայում է երևույթի դատապարտումը։ Վերջին 15 տարիների ընթացքում, ինչ ես ադրբեջանական մամուլ եմ կարդում, չեմ հանդիպել գեթ մեկ հրապարակում, որտեղ սեքսիզմը նկարագրված լիներ որպես սոցիալական խնդիր։ Այսպիսի հրապարակային բանավեճ գոյություն չունի, ուստի քննադատությունն էլ չկա։ Ավելին, թե՛ լրահոսի և թե վերլուծական սյունակների հեղինակները «կանացի» թեմային սեքսիզմի դիտանկյունից են մոտենում։ Օրինակներն առավել քան բազմաթիվ են։
Ֆորմալ իրավունքն ընդդեմ մտավոր զգացմունքայնության։ Անդրադառնանք Yenilik.az տեղեկատվական կայքի ս.թ. հոկտեմբերի 15-ի «ANS-ով փորձագետն արդարացնում է արտամուսնական կապերը» վերտառությամբ հրապարակումը։ Խնդիրը որոշ չափով գտնվում է ֆորմալ և ավանդական իրավունքի հակադրման դաշտում. դատեք ինքներդ՝ «ANS-ի եթերում «Beş barmaq”(“Հինգ մատ») հաղորդման ընթացքում «Արտամուսնական ընտանիքների առաջացումն ու ամուսնությունից դուրս ծնված երեխաների թվի աճը» թեմայի քննարկման ժամանակ փորձագետներից մեկը հետաքրքիր միտք է արտահայտել։ Նա հայտարարել է, որ չամուսնացած կանանց կողմից երեխաներ բերելը դրական փաստ է համարում»։
Ինչպես տեսնում ենք, արտամուսնական կապերից երեխա ունենալու երևույթը դրական որակող փորձագետի կարծիքը հիշյալ տեղեկատվության մեջ բնութագրվում է որպես «հետաքրքիր միտք», ինչն ակներևաբար ենթադրում է ամուսնությունից դուրս երեխա ունենալու կնոջ օրենսդրորեն ամրագրված ազատ ընտրության իրավունքի նկատմամբ բացասական վերաբերմունք։ Հարց է ծագում՝ եթե ադրբեջանական օրենսդրությունը ոչ մի կերպ չի սահմանափակում ամուսնության մեջ կամ ամուսնությունից դուրս կնոջ երեխաներ ունենալու ազատությունը, եթե բոլոր կանայք և երեխաներն օրենքի առջև հավասար են, ապա ո՞րն է նորության բուն ուղերձը, ի՞նչն է դրանում հետաքրքիր՝ փորձագետի կարծի՞քը։ Իրականում հարցը հռետորաբանական է, քանի որ նորությունն, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է հանրության մտավոր զգացմունքայնությունը սադրելուն, իսկ եթե ճիշտը խոսենք՝ միայնակ մայրերի հանդեպ հանրային հակակրանք առաջացնելուն, զուգահեռաբար նաև՝ փորձագետին հարձակումների առարկա դարձնելուն, քանի որ վերջինս, իրավական իմաստով անթերի պնդում անելով հանդերձ, գործնականում ճանաչում է արտամուսնական կարգավիճակ ունեցող կանանց երեխա ունենալու վաղեմի ավանդույթին հակասող իրավունքը։[1]
Ա–լյա պապարացի. կեղծ բարոյականությունը և իշխանությանը մերձենալու փորձերը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում քաղաքականությանը մասնակցող և ընտրություններում առաջադրվող կանանց։ Ս.թ. հոկտեմբերի 30-ին nezermedia.az կայքի լրահոսում հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված կնոջ՝ գարեջրի բաժակը և ծխախոտը ձեռքին լուսանկարը։[2] Հրապարակման մեջ բազմիցս ընդգծվում էր, որ նա պատգամավորության թեկնածու էր, իսկ միջադեպը ներկայացվում էր որպես սենսացիոն նորություն։ Հետաքրքիր է, որ տեղական մամուլում ոչ մի անգամ խնդրահարույց չի համարվել տղամարդ թեկնածուների ծխելը կամ ոգելից խմիչք օգտագործելն այն պարզ պատճառով, որ կենցաղային գիտակցության տեսանկյունից չափահաս տաղամարդու ծխելու կամ ոգելից խմիչք օգտագործելու մեջ ոչ մի ապօրինի բան չկա։ Սակայն, երբ գործը հասնում է կանանց, ալկոհոլ օգտագործելը կամ ծխելը միանշանակորեն դիտվում է որպես բարոյականությանը հակասող երևույթ։ Արական սեռի պատգամավորների սոցիալական ցանցերի հրապարակային օգտատիրական էջերում ծխախոտը կամ օղու բաժակը ձեռքին լուսանկարներն անթիվ-անհամար են, բայց դրանցից ոչ մեկը ոչ ոքի անհանգստություն չի պատճառում։
Իսկ ահա Այթեն Մուստաֆաևայի լուսանկարը ներկայացվում է որպես առաջնային նշանակության նորություն, իսկ վերնագրում ընդգծվում է, որ «կին պատգամավորը» գտնվել է կազինոյում, ծխել և ոգելից խմիչք է օգտագործել։ Այսպիսով, մամուլի միջոցով ուրվագծվում է գենդերային անհավասարության և բարեկրթության միակողմանի կանոնների սահմանը. ԶԼՄ-ները նմանատիպ կարծրատիպերը վերացնելու փոխարեն փաստացիորեն զբաղվում են դրանց սնուցմամբ։ Տպագիր խոսքի անմիջական նպատակը հենց կենցաղային գիտակցության վնասակար դրսևորումների խոսափող չլինելու մեջ է։
Մտավորական կուրությո՞ւն, «ակամա սեքսի՞զմ, թե՞ զոոռասիզմի հատկանիշներով կեղծ էսթետիկա։ Որպես հոգեբանական բռնություն կարելի է որակել «թույլ սեռի» ֆիզիկական տվյալների նկատմամբ ԶԼՄ-ներում նկատվող ագրեսիվ հարձակումները։ Անթիվ և անհամար են այն հաղորդումները, որոնցում թույլ են տրվում կնոջ արտաքինին վերաբերող անհարգալից մեկնաբանությունները և ակնհայտ սեքսիստական բովանդակություն պարունակող այլ ուղերձները։ Հանուն արդարության պետք է նշել, որ նորություններում նմանատիպ հռետորաբանությունը կախված է ոչ այնքան ագրեսիվ սեքսիստ կեցվածք ընդունած լրագրողի գիտակցված համոզմունքներից, որքան նրա մասնագիտական անարհեստավարժությունից և գենդերային հարցերի վերաբերյալ տարրական գիտելիքների կատարյալ անտեղյակությունից։ Գրագիտության պակասը կամ լիակատար անգրագիտությունը հազիվ թե կարող են համարվել սեքսիստ դիրքորոշման կամ տեսակետների դրսևորում։ Կարճն ասած, այս «գրողները» առանձնապես չեն գիտակցում, որ իրենց կեցվածքով նորությունների պատրաստման ժամանակ նրանք նպաստում են սեքսիստական մտակաղապարների տարածմանը։ Լրագրողներն իներցիոն ճանապարհով են ընթանում՝ ոչնչով չտարբերվելով հասարակ քաղաքացուց։
Այլ է մասնագիտացված խմբագրականների հեղինակների, ֆելիետոնիստների և մեկնաբանների հարցը։ Ադրբեջանական հրապարակախոսությունը նույնքան լի է սեքսիզմով, որքան նորությունները։ Հեղինակներն ընտրում են սեռային պատկանելությունը որպես նշանակետ, վերաբերվելով դրան անթաքույց հրճվանքով և չամաչելով բացահայտել կնոջ նկատմամբ իրենց հետադիմական վերաբերմունքը, որը թույլ է տալիս համապատասխան տգեղ ու քամահրական դիսկուրսիվ արտահայտությունների միջոցով կանանց գիտակցված նվաստացումը։ Ամենասարսափելին այն է, որ տպագիր լրատվամիջոցներն իրենց էջերում տեղ են հատկացնում այս տեսակ հրապարակումներին, իսկ ընթերցողները հանգիստ քննարկում են դրանք։ Հազվադեպ է, որ ինչ-որ մեկն անդրադառնա նմանատիպ հրապարակումների բացահայտ սեքսիստական առոգանությանը։
Կոպիտ սադրանքների և տարրական անկրթության օրինակ է հանդիսանում 2015թ. հոկտեմբերի 22-ին sim-sim.az կայքում ադրբեջանցի հայտնի գրող Աքշին Ենիսեյի հեղինակած և «Կանացի գետաձիության գեղեցկությունը» վերնագրված հրապարակումը։ Հեղինակը չի բավարարվում սոսկ վերնագրում կնոջ և գետաձիու նվաստացուցիչ համեմատության անցկացմամբ։ Հոգեբանական բռնության կողքին նա քարոզում է նաև ֆիզիկական բռնությունը, չամաչելով հրապարակայնորեն որակել ամուսինների կողմից կանանց ծեծի ենթարկելու սովորույթը որպես բնական երևույթ։ Նա առանց վարանելու բացահայտ հայտարարում է, որ իր պատկերացմամբ կինը սոսկ միս եփելու, ճաշ սարքելու և ճարպակալման աստիճան խժռելու ունակ էակ է։[3]
Արդյո՞ք առողջ է կենցաղային տիպաբանական մտածողության կաղապարների մեջ գահավիժած լրատվական այսպիսի դաշտը, որը հենց այս ճակատում էր պարտավոր առաջամարտիկ լինել։ Ոչ ոք չի ժխտում, որ գենդերային ոլորտի կազմակերպման ուղղությամբ առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք պետք է լուծվեն համալիր կերպով՝ ավելի գեղեցիկ ու մտավորական եղանակով։
Մի քայլ հետ, երկու քայլ առա՞ջ։ Սեքսիստական լրագրության ևս մի կարկառուն ներկայացուցիչ է Սեյմուր Բայջանը։ Նա գրում է բավականին լուրջ և ազդեցիկ ԶԼՄ-ների համար, սակայն այն հանգամանքը, որ այդ լրատվամիջոցները պարտավորվել են չթույլատրել կրոնական, ազգային, ռասայական և գենդերային հատկանիշներով խտրականության քարոզչություն, բոլորովին էլ չի խանգարում նրանց տարածել Սեյմուրի և այլոց նախահարձակ սեքսիստական աշխարհահայացքը գովերգող հոդվածները։ Բայջանը գերազանցում է նախորդ հեղինակին՝ մամուլի էջերում ներկայացնելով կնոջը տան տնտեսուհու և անվերջանալի էդիպյան շրջանակում դեգերող ամուսնու դայակի կերպարով։ Ողջո՛ւյն Զիգմունդ Ֆրեյդին։
2012թ. մարտի 13-ի հրապարակման մեջ հեղինակը ոչ միայն ներկայացնում է կնոջը որպես տղամարդուն խնամել պարտավոր սեռի ներկայացուցիչ (ուշադրություն դարձրեք, որ խոսքը ոչ թե փոխադարձ հոգածության, այլ տղամարդու հանդեպ կնոջ կողմից միակողմանի խնամք ցուցաբերելու պարտավորության մասին է), այլև՝ կանանց հասցեին էթնիկական խտրականություն քարոզում։ Նա իրենց ստեղծագործող ամուսիններին խնամող ռուս և հայ կանանց (!) համեմատում է ադրբեջանուհիների հետ՝ նախապատվություն տալով առաջին երկու էթնիկ խմբերի կանանց։ Նրա կարծիքով, ադրբեջանցի կանայք չեն գնահատում իրենց ստեղծագործող ամուսիններին, նրանց նկատմամբ հոգ չեն տանում, քանի որ նրանց չեն հասկանում։ Իսկ ահա վերոնշյալ ժողովուրդների կանայք հոգ են տանում, ուստի և ավելի արժեքավոր են՝ որպես տղամարդկանց սպասարկել և խնամել իմացող ու ձգտող թույլ սեռի ներկայացուցիչներ։[4]
Այսպիսով, պարզվում է, որ հայրիշխանական արժեքներ առաջ մղելու և սեքսիզմ քարոզելու համար կարելի է անտեսել անգամ ազգային գաղափարներն ու լոյալությունը։ ԶԼՄ-ներում հայտնվող և որևէ դիմադրության չհանդիպող ֆաշիստամետ ուղերձները կարող են վկայել, որ նախ՝ երկրում գոյություն չունի մտավորական միջավայր և բանավեճի հարթակ, ապա՝ այսպես կոչված ավանդական դրվածքի անգամ չափավոր քննադատությունը հասարակությունը համարում է լռելյայն տաբու։
Որպես հետևանք՝ աճում է կենցաղային բռնությունը, իսկ այսպիսի լուրերով «ոգևորված» ամուսինները, հայրերը և եղբայրները մանր կենցաղային ընդհարումների հողի վրա սկսում են դաժանորեն ծեծի ենթարկել կամ սպանել իրենց կանանց, մայրերին և քույրերին։ Այն երկրում, որի մամուլում հանգիստ քարոզվում են մարդատյաց գաղափարները, թույլատրվում է սեռային խտրականությունը, իսկ «մտավորականները» չեն խորշում հրապարակավ հանդես գալ բացահայտ սեքսիստական դիրքորոշումներով, արական սեռի շարքային ներկայացուցիչը կհամարի, որ բարոյական իրավունք ունի հակառակ սեռի նկատմամբ բռնություն գործադրել՝ վկայակոչելով լրագրողների «փաստարկները» և «փորձագիտական» կարծիքները։
Ի մի բերելով վերոշարադրյալը՝ կարելի է նշել, որ ադրբեջանական մամուլը չի կարողանում կատարել իր սոցիալական գործառույթները։ Մեղմ ասած՝ ի վիճակի չէ։ Անձի դեմ սոցիալական միջավայրի ճնշումը և գենդերային բռնությանը նպաստող հռետորաբանությունը չեզոքացնելու փոխարեն ադրբեջանական մամուլն, ընդհակառակը, առաջ է մղում այսպես կոչված ավանդական հասարակության արժեքներն՝ իր էջերում արտացոլելով կնոջ դեմ ուղղված սեռային անհավասարության և սոցիալապես արդարացված ագրեսիայի անսասանությունը։ Այսպիսի մթնոլորտում մամուլը չի կարող դիտվել որպես իշխանության թևերից մեկը։ Մամուլը ոչ միայն իշխանության, այլև պարզունակ ժամանակավրեպ դաժանությունների սպասարկուն է։ Այս մարտավարությունը միմիայն նպաստում է անթիվ թեմաների նկատմամբ նորանոր տաբուների առաջացմանը։ Այսպիսի իրավիճակում սոցիալական ո՞ր մոբիլիզացիայի կամ հասարակական ի՞նչ բանավեճի մեկնարկի մասին կարող է խոսք լինել։
[1]http://yenilik.az/2015/10/ans-d%C9%99-ekspert-nigahdank%C9%99nar-munasib%C9%99t%C9%99-haqq-qazandirdi-video/
[2] http://nezermedia.az/manset/4263-xanim-deputat-namizedin-shok-fotolar-kaznoda.html
[3] http://sim-sim.az/koshe/qadin-k%C9%99rg%C9%99rdanlginin-goz%C9%99lliyi/
[4] http://kultura.az/articles.php?item_id=20120312030409666&sec_id=25