Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սիրիական թնջուկի լուսաբանումը Հայաստանի և Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում

hghazaryan
March 2020

Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ
Երևան

 
2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունները հերթական անգամ հաստատեցին, որ այդ երկրում զինված հակամարտությունը «ահաբեկչական կառույցների դեմ պայքարի» փուլից վերաճում է հակամարտությանը ներգրավված արտաքին խաղացողների, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև շահերի ուղիղ բախման: Եթե նախկին տարիների ընթացքում,  առնվազն՝ 2015-2019 թթ., հակամարտությունը հիմնականում բնորոշվում էր Սիրիայում ահաբեկչական կառույցների դեմ պայքարով, որտեղ յուրաքանչյուր ներգրավված պետություն ուներ իր դաշնակիցը՝ ի դեմս Սիրիայի կառավարության, քրդական ուժերի, թուրքոմանների և այլ զինված խմբավորումների, ապա «Իսլամական պետության» վտանգի չեզոքացմանը զուգահեռ սկսեցին ի հայտ գալ արդեն նշված բլոկների միջև խորը հակասությունները: Նախորդ շրջափուլի ընթացքում մենք արդեն իսկ ականատես էինք եղել Թուրքիա-Ռուսաստան բախմանը՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի խոցումից հետո: Նշված հակասության շրջանին, սակայն, հետևել էր 2016 թ. ամռանը սկսված հաշտեցումը և Սիրիայի հակամարտության շրջանակներում համագործակցության հաստատումը, որին ներգրավվել էր նաև մյուս խոշոր արտաքին խաղացողը՝ Իրանը:

Միացյալ Նահանգներն իր հերթին առնվազն 2014 թ.-ի վերջից սկսեց իր խաղը կառուցել Սիրիայում բավականին լուրջ ուժ ներկայացնող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ համագործակցության վրա՝ վերջիններիս, ինչպես նաև որոշ արաբական ուժերից կազմելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը: 2019 թ.-ից արդեն իսկ «Իսլամական պետությունը» զրկվել էր Սիրիայում իր գրաված գրեթե բոլոր տարածքներից, այդ թվում՝ նավթային հանքավայրերից: 2019 թ. դրությամբ Սիրիայի պատերազմական քարտեզը արդեն իսկ բաղկացած էր Թուրքիայի և վերջինիս հավատարիմ խմբավորումների վերահսկած տարածքներից՝ Իդլիբ նահանգի մեծ մասը, քրդական ուժերից գրավված Աֆրինը, ավելի վաղ «Իսլամական պետությունից» գրավված Ազազ-Ջարաբլուս հատվածը՝ Հալեպի հյուսիսում և 2019 թ. հոկտեմբերին «Խաղաղության ակունք» ռազմագործողության արդյունքում Եփրատից արևմուտք ընկած՝ Թուրքիային սահմանակցող մի հատվածում զբաղեցրած «անվտանգության գոտին»:

Մյուս բևեռը ներկայացնում են քրդական ուժերը՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ իրենց վերահսկողության տակ պահելով Եփրատից արևմուտք ընկած տարածքները՝ բացառությամբ Թուրքիայի գրաված շրջանի, ինչպես նաև Ղամիշլիի, Քավքաբի և Հասաքայի մի մասի, որտեղ Սիրիայի և ՌԴ ուժերն են: Երկրի մյուս հատվածը՝ ներառյալ մայրաքաղաք Դամասկոսը և խոշորագույն քաղաք Հալեպը, վերահսկում են Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ գործող կառավարական ուժերը: 2019 թ.-ի վերջից և մասնավորապես 2020 թ. հունվարից ծավալվեց հակամարտության նոր փուլը, երբ Սիրիան սկսեց Հալեպի արվարձանների նկատմամբ վերջնական վերահսկողություն հաստատելու և Իդլիբի ազատագրման գործողությունը: Այս գործողությունն իր բնույթով արդեն իսկ ենթադրում էր շահերի բախում նշված տարածքները վերահսկող Թուրքիայի և Սիրիային աջակցող Ռուսաստանի միջև:

Սիրիայում իրավիճակը դեռևս արագ հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս՝ հաշվի առնելով նաև նավթային հանքավայրերի շահագործման շուրջ շահերի բախումը: Այսօր Սիրիայի նավթագազային հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն արտաքին խաղացողներից միայն Թուրքիան չունի: Վերջինս, սակայն, փորձում է իր բաժինը ստանալ: Մյուս կողմից, ռազմավարական նշանակություն ունեցող Իդլիբի զգալի մասն ազատագրված է, սակայն Իդլիբ քաղաքը և նահանգի մեծ մասը դեռևս վերահսկում են Թուրքիան և Թուրքիայի աջակցությամբ գործող խմբավորումները: ԱՄՆ-ն դեռ շարունակում է պահպանել իր ներկայությունը, մասնավորապես՝ նավթային գոտիներում, շարունակելով համագործակցել քրդերի հետ, իսկ Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ գործող Սիրիայի բանակը փորձում է նոր տարածքներ ազատագրել: Այս պայմաններում չի բացառվում թուրք-ռուսական նոր հակասության հասունացումը, և այս բոլոր գործընթացները չեն կարող կտրված լինել Հարավային Կովկասից: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է Սիրիայի հակամարտության տեղեկատվական հոսքերին հետևելը՝ հաշվի առնելով, որ ներգրավված կողմերից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, մյուս երկուսը՝ Թուրքիան և Իրանը, ՀՀ հարևան պետություններ են, որոնցից Թուրքիայի հետ հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն:

Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր պատկեր է տալիս Ադրբեջանի և Հայաստանի լրատվամիջոցների քաղաքականությունը Սիրիայի հակամարտության, մասնավորապես՝ ռուս-թուրքական հակասությունների լուսաբանման հարցում: Ընդհանուր պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է հետազոտություն կատարել՝ ընտրելով թիրախային լրատվամիջոցները, դրանց ազդեցությունը, լսարանը և ֆինանսավորման աղբյուրները: Սակայն որոշակի չափով կարելի է պատկերացում կազմել պետական լրատվական գործակալությունների նյութերի ուսումնասիրության արդյունքում, այս դեպքում՝ ադրբեջանական «Ազերթաջ»-ի և հայաստանյան «Արմենպրես»-ի:

2020 թ. ընթացքում թուրք-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառ դարձավ մասնավորապես Իդլիբի ռազմագործողությունը, որի վերաբերյալ փետրվար-մարտ (մարտի 12-ը ներառյալ) ամիսներին «Ազերթաջ»-ը և «Արմենպրես»-ը տեղադրել են նույն քանակությամբ՝ 49-ական նյութ՝ համապատասխանաբար ադրբեջաներեն և հայերեն բաժիններում։ Նյութերի բովանդակության, ինչպես նաև սկզբնաղբյուրների հետազոտությունը, սակայն, հետաքրքրիր մանրամասներ և տարբերություններ է ի հայտ բերում։

«Ազերթաջ»-ի 49 նյութից 31-ում հղում է կատարվում թուրքական պետական լրատվական կայքերին: Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ 33 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավիահարվածի հաջորդ օրը գրված նյութերից մեկում իբրև «հիշեցում» «Ազերթաջ»-ի կողմից նշվում է, որ թուրք զինծառայողները զոհվել են «Սիրիայում անցկացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ»։
 
Հետաքրքրական է, որ ադրբեջաներեն բաժնում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բոլոր 4 հեռախոսազրույցների նյութերում հղում է կատարվում բացառապես թուրքական կողմին։ «Արմենպրես»-ում հակառակ պատկերն է. Էրդողան-Պուտին հեռախոսազրույցների վերաբերյալ բոլոր նյութերի սկզբնաղբյուրը ՌԴ նախագահի պաշտոնական կայքն է:
«Ազերթաջ»-ում ռուսաստանյան մամուլին հղումով 49 նյութից 12-ն է, իսկ երկուսի դեպքում՝ Մոսկվայում «Ազերթաջ»-ի թղթակիցը: Այդ թվում` նշված 14 նյութից 6-ը վերաբերում է Մոսկվայում մարտի 5-ին կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը:

Երկու նյութի դեպքում հղում է կատարվում է Վրաստանի արտգործնախարարության և նախագահի, իսկ մեկի դեպքում՝ Շվեդիայի ԱԳՆ հայտարարություններին, որոնք պարունակում են հակառուսական ակցենտներ։ Միայն մեկ նյութ «Ազերթաջ»-ի սեփական վերլուծությունն է, այն էլ մասամբ Իդլիբի խնդրին վերաբերող։ Այն տեղադրվել է Մյունխենի անվտանգության համաժողովից հետո և հիմնականում վերաբերում է ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ում տեղադրած 49 նյութի դեպքում պատկերը տրամագծորեն տարբերվում է. 26 նյութում հղում է կատարվում ռուսաստանյան կայքերին՝ բոլոր նյութերի 53 տոկոսը, իսկ «Ազերթաջ»-ում թուրքական սկզբնաղբյուրներին հղումով նյութերը 63 տոկոս են կազմում: Ըստ որում, «Արմենպրես»-ում նշված 26 նյութից 7-ում փոխանցվում են թուրքական կողմի հայտարարությունները: Մի մասի դեպքում առկա է համակողմանի հակիրճ ամփոփում՝ ռուսաստանյան և թուրքական կողմերի հայտարարություններին հղումով։ 9 նյութի աղբյուրը թուրքական կայքերն են։

«Արմենպրես»-ը նյութերից մեկում հղում է կատարում սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը։ «Ազերթաջ»-ը սիրիական աղբյուրներին որևէ հղում չի կատարել։ «Արմենպրես»-ի նյութերից 4-ում տեղեկատվությունը վերցվել է միջազգային այլ լրատվամիջոցներից, այդ թվում՝ արաբական։ Մնացած 9 նյութը հայաստանյան փորձագետների վերլուծություններ են։

Ադրբեջանական գործակալության նյութերում հստակ կերպով արտացոլվում է Սիրիայի իշխանությունների, ինչպես նաև անուղղակիորեն ՌԴ կողմից վերջինիս աջակցելու շուրջ բացասական տրամադրությունների գեներացումը։ Մասնավորապես նյութերից 12-ում նշվել է, որ «Թուրքիան Իդլիբում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում», մեծ մասում կիրառվում է «Ասադի ռեժիմ» արտահայտությունը: «Արմենպրես»-ում, ընդհակառակը, նյութերի բովանդակային վերլուծությունը վեր է հանում Սիրիայի իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման քաղաքականությունը, ինչը պայմանավորված է թե՛ հայ-սիրիական հարաբերություններով և Հայաստանի շահերով, թե՛ Թուրքիայի հանգամանքով:

Այսպիսով, առնվազն հայկական և ադրբեջանական պետական լրատվական գործակալությունների՝ Սիրիայում ռուս-թուրքական հակասություններին վերաբերող նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական գործակալությունը նախապատվությունը տալիս է ռուսաստանյան, իսկ ադրբեջանականը՝ թուրքական աղբյուրներին: Մյուս կողմից, «Արմենպրես»-ում առկա են հայաստանյան փորձագետների վերլուծություններ, իսկ «Ազերթաջ»-ում նման վերլուծություններ չկան:  Սա իր հերթին նշանակում է, որ «Ազերթաջ»-ի ընթերցողները տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ են ստանում միակողմանի տեղեկատվություն՝ հօգուտ թուրքական տեսակետի, մինչդեռ «Արմենպրես»-ում փորձագետների վերլուծությունները թույլ են տալիս իրադարձությունները տեսնել հայաստանյան, ոչ թե երրորդ երկրի շահերի տեսանկյունից, չնայած այս դեպքում ևս զգացվում է լրատվական նյութերի աղբյուրների էլ ավելի տարբերակման որոշակի անհրաժեշտություն:
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.