Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
Քանի դեռ Եվրոպան վարակված չէր կորոնավիրուսի տենդով՝ մարտի սկզբի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններից մեկը Սիրիայի Իդլիբ տարածաշրջանում տեղի ունեցող բախումներն էին, որոնց հետևանքով տասնյակ թուրք զինվորներ զոհվեցին: Աշխարհն ուշի ուշով հետևում էր Սիրիայի տարածքում ռուս-թուրքական պրոքսի պատերազմին: Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը մնում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Այնտեղ շուրջ 3,5 մլն փախստական կա Սիրիայի այլ շրջաններից, որոնք չեն ցանկանում ապրել Դամասկոսի ենթակայության տակ:
Չնայած Մերձավոր Արևելքը միշտ եղել է Եվրոպայի համար առանցքային տարածաշրջաններից մեկը, սակայն հատկապես վերջին տարիներին սիրիական պատերազմում եվրոպական ներգրավվածությունը բավականին ցածր է: Ներկա դրությամբ առերևույթ այստեղ գործող հիմնական դերակատարները Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնք ունեն շահերի ուղղակի բախում: Մեծ դերակատարություն ունի նաև Իրանը: Քանի որ հոդվածի նպատակը դերակատարներին ներկայացնելը չէ, ապա չենք անդրադառնա այլ կողմերի մասնակցությանը:
Սիրիական պատերազմում Եվրոպական Միության ներգրավվածությունն ավելի մեծ էր 2015-2016 թթ.-ին, երբ ԵՄ-ն փորձում էր ամեն կերպ կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը դեպի իր սահմաններ: Այս համատեքստում առանցքային նշանակություն ունեին ԵՄ-Թուրքիա բանակցությունները: Այդ օրերին եվրոպա-թուրքական օրակարգը հետևյալն էր` թարմացնել Թուրքիայի հետ մաքսային պայմանագիրը, մշակել համատեղ գործողությունների ծրագիր՝ կասեցնելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրոպա, և հետևել ծրագրի իրականացմանը:
ԵՄ-Թուրքիա համատեղ գործողությունների ծրագիրն ընդունվեց 2015 թ.-ի նոյեմբերի 29-ին: Դրա առանցքային կետերը հետևյալն էին`
– ԵՄ-ն պարտավորվում է մեծացնել Թուրքիայի հետ քաղաքական և ֆինանսական համագործակցությունը, որը պետք է կրի ավելի համակարգային բնույթ` ներառյալ տարեկան երկու անգամ համաժողովների կազմակերպումը:
– ԵՄ-ն հանձնառու է տրամադրել Թուրքիային նախնական 3 միլիարդ եվրո լրացուցիչ ռեսուրս` օգնելու սիրիացի փախստականների հարցում:
– Գործողությունների ծրագրի իրագործման համար փախստականների հարցերով երկու կողմերը ակտիվորեն կհամագործակցեն: Նրանք կկանխեն երկկողմանի տեղաշարժերը:
– Թուրքիան և ԵՄ-ն կավարտեն վիզաների ազատականացման գործընթացը մինչ 2016 թ.-ի հոկտեմբեր:
– 2015 թ.-ի դեկտեմբերի 14-ին կայանալիք միջկառավարական համաժողովում կբացեն անդամակցության գործընթացի 17-րդ գլուխը:
Ամիսներ շարունակ երկկողմանի բարձրաստիճան բանակցություններ էին տեղի ունենում` գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու համար: Ի վերջո 2016 թ.-ի մարտի 18-ին ԵՄ-ն և Թուրքիան հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ, որի բովանդակությունը հետևյալն էր`
– Բոլոր նոր ապօրինի ներգաղթյալները հունական կղզիներից կվերադարձվեն Թուրքիա:
– Յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի դիմաց մեկ սիրիացի փախստական կտեղափոխվի ԵՄ:
* Թուրքիան կկանխի ներգաղթյալների նոր հոսքը դեպի Եվրոպա:
– Երբ ապօրինի ներգաղթը կանխվի, կակտիվացվի կամավորական-մարդասիրական ընդունման մեխանիզմը:
– Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի պահանջները կվերանան մինչ 2016 թ.-ի հունվարի վերջ: Թուրքիան բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի` բավարարելու վիզայի ազատականացման ռեժիմի համար անհրաժեշտ բոլոր պահանջները:
– Մինչ 2018 թ.-ի վերջը ԵՄ-ն մինչև վեց միլիարդ եվրոյի օգնություն կցուցաբերի Թուրքիային՝ փախստականների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու գործընթացում:
– Մինչև հունիսի վերջ պետք է վերսկսել Թուրքիայի անդամակցության բանակցությունների 33-րդ գլուխը:
Որքան էլ Եվրամիության համար դժվար էր Թուրքիայի հետ փոխզիջումների գնալ և խոստանալ վիզայի շուտափույթ ազատականացում ու անդամակցության բանակցություններում 33-րդ գլուխը բացել, այնուամենայնիվ, ստիպված էր դիմել այդ քայլին: Սակայն Թուրքիայի ներքաղաքական օրակարգը միանգամայն այլ բան էր նախատեսել: Հենց 2016 թ.-ի ամռանն էր, որ երկրում պետական հեղաշրջման փորձ կատարվեց և արտակարգ դրություն հայտարարվեց: Թուրքիայում սկսվեց ձերբակալությունների և ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառման տեղատարափ, ինչն էլ ԵՄ-ին մանևրելու հնարավորություն ընձեռեց:
Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու նպատակով ԵՄ-ն հետևյալ աջակցության փաթեթն էր նախատեսել.
– Ընդհանուր բյուջեն կազմում էր 6 միլիարդ եվրո: Առաջին փոխանցումը կատարվեց 2016-2017 թթ.-ին, իսկ երկրորդ 3 միլիարդը նախատեսված էր 2018-2019 թթ.-ին:
– 2016-2017 թթ.-ի համար նախատեսված փոխանցումները լիովին իրականացվել են, որի շրջանակում իրագործվել են 72 նախագծեր:
* 2018-2019 թթ.-ին նախատեսված բյուջեից արդեն իսկ խոստացվել է 1.2 միլիարդը և 450 միլիոն եվրոյի պայմանագրեր կնքվել:
– 2019 թ.-ի տվյալներով՝ ավելի քան 470.000 երեխաներ ֆինանսական աջակցության այդ ծրագրերի միջոցով դպրոցներ են հաճախել, 400.000 ուսանողներ մասնակցել են թուրքերենի դասերի, 43.000 ուսանողներ ստացել են լրացուցիչ պարապմունքների իրավունք, 19.000 ուսուցիչներ վերապատրաստվել են:
– Ավելի քան 1.500.000 ամենախոցելի սիրիացի փախստականներ ամսական կանխիկ փողի տեսքով օգնություն են ստացել:
Իդլիբում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո թուրքական կողմը սկսեց Եվրամիությանը մեղադրել պարտավորությունները չկատարելու մեջ և սպառնաց բացել սահմանը: Այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, թե միգրացիոն ճգնաժամը կարգավորելու հարցում Եվրամիության երկրներն ամբողջությամբ չեն կատարել 2016 թվականի ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները: Նա նշեց, թե նախկինում ևս զգուշացրել է, որ եթե ԵՄ-ն իր վրա չվերցնի փախստականներին տեղաբաշխելու պատասխանատվության մի մասը, ապա Թուրքիան կբացի սահմանները:
Նման սպառնալիքները պատահական չեն: Իդլիբում կենտրոնացած են հիմնականում Ասադի ռեժիմից դժգոհ ապստամբները, և եթե Իդլիբում սիրիական կառավարական ուժերը հաղթանակ տանեն, հնարավոր է Թուրքիայում փախստականների մեծ հոսք, շուրջ 2.7 միլիոն բնակչություն: Թուրքիան, որն արդեն իսկ 3.7 միլիոն սիրիացի փախստականների հանգրվան է, դժվար թե ցանկանա ավելի շատ փախստականների ընդունել:
Էրդողանը ցանկանում է ստանալ Եվրոպայի քաղաքական և ֆինանսական աջակցությունը Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Նա հուսով էր նաև փախստականների շուրջ դիսկուրսի ձևավորմամբ հանրության ուշադրությունը շեղել Սիրիայում թուրք զինվորների սպանության փաստից: Թուրքերը միշտ աջակցել են Սիրիայում հակաասադական ուժերին, սակայն խուսափել են ուղղակի պատերազմի մեջ մտնելուց: Այս անգամ պատերազմի մեջ անմիջական ներգրավվածությունը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց: Նախկինում, երբ այդ պայքարը Սիրիայի քրդերի դեմ էր, բնակչության համար անհրաժեշտ և ընդունելի փաստարկներ կային, ի տարբերություն վերջին դեպքերի, երբ թուրքերի փոքր հատվածն է աջակցում կառավարական գործողություններին:
Բացի այդ, Թուրքիան ցանկանում է նաև վերաբանակցել 2016 թ.-ի պայմանագիրը փախստականների մասին: Էրդողանը երկար ժամանակ բողոքում էր, որ ԵՄ-ն մինչև վերջ չի վճարել 6 միլարդ եվրոն, սակայն ԵՄ պաշտոնյաները հակափաստարկում են, որ արդեն իսկ պայմանավորվել են, որ մինչ 2022 թ.-ն են վճարելու: Թուրքիայի և հատկապես Էրդողանի կառավարության համար այդ օգնությունը կենսական է, քանի որ փախստականների քաղաքականությունը մեծ ժողովրդականություն չի վայելում թուրքերի շրջանակում: Այս ամենը համընկավ նաև թուրքական տնտեսության անկման հետ, և բնակչությունը հենց սիրիացի փախստականներին է մեղադրում իրենց տնտեսական դժվարությունների համար: Այդ պատճառով էլ կառավարությունն ստիպված չափազանցնում է երկիրը լքած փախստականների թիվը, նշելով մոտ 140.000 հոգի, մինչդեռ եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններում նշվում է հազարների մասին: Թուրքիան հույս ունի ԵՄ-ի հետ նոր ֆինանսական համաձայնագիր կնքելու միջոցով ակտիվացնել տնտեսությունը և մեծացնել Էրդողանի կողմնակիցների թիվը: Մինչդեռ, համաձայն Էրդողանի, ԵՄ-ն ընդամենը մեկ միլիարդ եվրո է առաջարկում, իսկ Թուրքիան պնդում է, որ արդեն իսկ ծախսել է 40 միլիարդ:
Եթե հրադադարը պահպանվի՝ ԵՄ-ն ստիպված կլինի Թուրքիային առաջարկել ոչ միայն նոր ֆինանսական փաթեթ, այլև վերանայել մարդասիրական օգնության հարցում Սիրիային տրվող աջակցությունը: Իդլիբյան դեպքերով Սիրիայում պատերազմի նոր փուլ է, և եվրոպական առաջնորդները ստիպված են փոխել իրենց քաղաքականությունը Սիրիայում կայունություն հաստատելու համար:
Բացի ֆինանսական միջոցներից՝ Թուրքիան ցանկանում է կրկին առաջ մղել վիզաների ազատականացման և մաքսային միության վերափոխման օրակարգը:
Միության դիրքորոշումը բավականին տարբեր է: Բրյուսելը ցանկանում է վերաթարմացնել 2016 թ.-ի պայմանագրի միայն ֆինանսական ասպեկտը: ԵՄ-ի համար բանակցությունների սկսումը օրակարգից դուրս է: Չնայած հակոտյա դիրքորոշումներին` երկու կողմերը պայմանավորվեցին բանակցություններն ավարտին հասցնել, որի համար նախատեսվում է երկու ճակատ: Մեկը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և ԵՄ-ի արտաքին և անվտանգային քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի միջոցով է: Այս երկու դիվանագետները կաշխատեն մինչ մարտի 26-ը, որին կհաջորդի ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը: