Ստյուարտ ՈԻԻԼՅԱՄՍ
«AFP»
Ֆրանսիա
Մոսկվա: Վերջերս կայացած ընտրությունների ժամանակ սիրիացիները ցույց են տվել, որ պաշտպանում են կառավարության բարեփոխումների քաղաքականությունը, եւ նրանց մեծամասնությունը պաշտպանում է գոյություն ունեցող վարչակարգը՝ չորեքշաբթի օրը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Բաշար Ասադը:
Մայիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ժողովուրդը «մինչեւ օրս աջակցում է բարեփոխումների միտված քաղաքական ուղղությունը» եւ «մեծամասնությունը պաշտպանում է այս պետական կարգը», հայտարարել է Ասադը «Россия-24» դաշնային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ասադը, որի վարչակարգն ընդդիմադիր ապստամբների դեմ արյունահեղ պատերազմ է վարում, քննադատել է «ահաբեկիչների սպառնալիքները», որոնք, իր խոսքերով, ուղղված էին ընտրությունները ձախողելուն:
«Սիրիական ժողովուրդը չի վախեցել ահաբեկիչների սպառնալիքներից, որոնք փորձում էին տապալել ընտրությունները կամ ստիպել մեզ հրաժարվել դրանց անցկացումից», – հայտարարել է նա:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 51,26%, հայտարարել են սիրիական պաշտոնատար անձինք: Ներկայումս արդյունքներն ամբողջությամբ չեն հրապարակվել:
«Քվեարկությունը ցույց է տվել մարդկանց տեսակետը: Դա լուրջ ազդակ է բոլորին՝ թե’ երկրի ներսում, եւ թե’ նրա սահմաններից դուրս», – հավելել է Ասադը:
Դամասկոսում ռուսաստանյան հեռուստաալիքի լրագրողների վարած հարցազրույցը տրվել է անգլերենով, բայց թարգմանվել է ռուսերեն: Ռուսաստանը հրաժարվել է հետեւել Արեւմուտքի քաղաքականությանը, որը բացահայտորեն դատապարտում է Ասադի վարչակարգը:
Սիրիայում բռնությունների վերսկսումը, որտեղ, ըստ ակտիվիստների, անցած տարվա մարտ ամսից ի վեր զոհվել է ավելի քան 12 հազար մարդ, ստվերում է ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը, որը շատ մեկնաբանների կարծիքով քաղաքացիական պատերազմը կանգնեցնելու վերջին հնարավորությունն է:
Ասադը դժգոհել է, որ թեեւ ՄԱԿ-ի դիտորդների խմբի ժամանումից հետո երկու կողմերի միջեւ «բաց դիմակայության» դեպքերի թիվը նվազել է, «ահաբեկչական հարձակումները շատացել են»:
Մեղադրելով Արեւմուտքին ընդդիմության կողմից իրականացվող բռնությունն անտեսելու մեջ՝ նա հայտարարել է. «Նրանք միայն խոսում են բռնության մասին՝ իշխանության կողմից գործադրվող բռնության մասին: Ահաբեկիչների մասին ոչ մի խոսք չկա: Մենք դեռեւս սպասման մեջ ենք գտնվում»:
Նրա խոսքերով, Անանը պետք է եւս մեկ անգամ այցելի Սիրիա այս ամսին: «Ես կհարցնեմ նրան, թե ինչո՞ւ է այսպես»:
Ասադը հայտարարել է, որ ռազմական ընդդիմությունը հանցագործների ավազակախումբ է, որի մեջ կա կրոնամոլ ծայրահեղականների բազմություն՝ այդ թվում եւ «Ալ-Քաիդայի» անդամներ:
«Դա բանակ չէ եւ այն ազատ չէ», – հայտարարել է նա՝ խոսելով վարչակարգի դեմ պայքար մղող ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի մասին:
«Նրանք արտերկրից՝ տարբեր երկրներից փող եւ զենք են ստանում: Դա հանցագործների խումբն է, որոնք տարիներով խախտում են օրենքները եւ դրա համար դատապարտվել են: Նրանց մեջ կան նաեւ «Ալ-Քաիդայից» կրոնամոլ ծայրահեղականներ:
Ասադը հայտարարել է, որ վարչակարգի դեմ մարտնչող արաբական երկրներից բազում «արտասահմանցի լեգեոնականներ» արդեն սպանված են, բայց շատերը դեռ ողջ են:
«Մենք բռնել ենք նրանց եւ պատրաստվում ենք ցուցադրել աշխարհին», – հայտարարել է նա՝ առանց հավելյալ տեղեկություն տրամադրելու:
Հարցազրույց վարած լրագողը որոշել է չխորանալ սիրիական ճգնաժամի թեմայի մեջ՝ դրա փոխարեն տալով հետեւյալ հարցերը. «Արդյո՞ք անցած տարվա ընթացքում դուք ինչ-որ սխալ եք գործել», կամ՝ «Եթե կարողանայիք, ապա ի՞նչը կփոխեիք»:
«Ճգնաժամից հետո հանրային կարծիքը ցույց կտա, թե որտեղ մենք իրավացի էինք, իսկ որտեղ՝ ոչ: Բայց մենք դեռեւս ճգնաժամի մեջ ենք: Սխալների մասին հետո կզրուցենք», – պատասխանել է Ասադը:
Լրագրողն Ասադին հարցրել է նաեւ, թե նա, որպես սովորական մարդ, ինչպե՞ս է իրեն զգացել այն «կեղծ տեղեկատվությունից» հետո, որը հրապարակվել է իր եւ կնոջ՝ Ասմա Ասադիմասին:
Բրիտանական Guardian թերթն այս տարի հրապարակել է մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք ցույց են տվել, որ կառավարող զույգը շարունակում է գնել թանկարժեք ապրանքներ այն ժամանակ, երբ երկիրը խորասուզված է արյունալի քաոսի մեջ:
Ասադը ժխտում է այս տեղեկությունները, ասելով, որ դրանք «ստահոդ են եւ ասեկոս. անվանեք դրանք ինչպես կամենաք», բայց ավելացրել է, որ իր ընտանիքը որոշել է հրապարակավ չարձագանքել այդ տեղեկատվությանը, քանի որ դա կարող է օգտագործվել իր թշնամիների կողմից:
Հրապարակվել է՝ 16/05/2012