Աննա ՉՈՉԻԵՎԱ
Վերլուծաբան
Ցխինվալ
2020թ. մարտի 12-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում համավարակի տարածման հետևանքով Հարավային Օսիայի իշխանությունները որոշել են փակել ՌԴ-ի հետ սահմանը։ Սա ռուս-օսական հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ իրադարձությունն էր։ Մինչ այդ ՌԴ-ի հետ սահմանը փակվում էր բացառապես Տրանսկամ մայրուղու բարձրադիր հատվածներում ձյան սողանքի վտանգի պարագայում։ Մյուս սահմանը՝ հարևան Վրաստանի հետ, փաստացի «կողպեքի» տակ է 2008 թվականի պատերազմից հետո, իսկ համավարակից կես տարի առաջ քաղաքական պատճառներով փակվել է նաև առավելապես վրացաբնակ Լենինգորի շրջանում գործած միակ՝ «Ռազդախան» անցակետը։ Այսպիսով՝ երկիրը հայտնվել է արտաքին աշխարհից լիովին մեկուսացած վիճակում։
Սահմանները փակելուց հետո իշխանությունները չեն հաստատել խիստ կարանտին, թեև Հարավային Օսիայում հայտարարվել է ինքնամեկուսացման ռեժիմ։ Հարավային Օսիայում ներկա պահին բնակվում է շուրջ 50 հազար հոգի, որոնց մեծ մասը՝ Ցխինվալ քաղաքում։ Առաջին անգամ է, որ Հարավային Օսիայի ժողովրդագրական խնդիրը դրական դեր է ունեցել։ Երկրի մայրաքաղաք Ցխինվալում հետիոտների միջև տարածությունն առանց այն էլ մի քանի անգամ գերազանցում է կովիդ-19-ի համար հաստատված նորմերը։ Հանրախանութներում և սննդամթերքի խանութներում մարդկային կուտակումներ նույնպես չեն նկատվում։
Ինքնամեկուսացման ռեժիմի առաջին օրերին Ցխինվալի բնակիչները սկսել են պահեստավորել սննդամթերքը, քանի որ խանութներում որոշ սննդատեսակների պակասություն է նկատվել։ Կառավարությունը հատուկ միջոցներ է ձեռնարկել սննդամթերքի մատակարարումներն ապահովելու և կայունացնելու համար։ Սննդամթերքի մատակարարումներն իրականացվում են իրավապահ մարմինների խիստ վերահսկողության ներքո։ Բեռնատարները քաղաք են մտնում հյուսիսային մուտքից, դրանց վարորդները մեքենայից դուրս չեն գալիս և բեռնաթափումից հետո անմիջապես լքում են հանրապետությունը։ Այս գործընթացին կարելի է պարբերաբար ականատես լինել քաղաքի մթերային խանութների առջև։ Յուրաքանչյուր բեռնատար ուղեկցում են պաշտպանիչ դիմակներ հագած ոստիկաններով երկու մեքենաներ։ Եղել են անգամ ծիծաղաշարժ դեպքեր, երբ բեռնատարի վարորդ հայրը և նրան ուղեկցող ոստիկան որդին, պահպանելով անվտանգության կանոնները, անգամ չեն կարողացել իրար ձեռք սեղմել։
Սկզբից թվում էր, որ այսպիսի քայլերով հնարավոր կլինի կանխել հանրապետության տարածք կովիդ-19-ի ներթափանցումը։ Սակայն առաջացել է Հարավային Օսիայի Հանրապետության քաղաքացիների հայրենիք վերադառնալու հարցը։ Նրանք ավելի քան հազար հոգի էին, որոնցից շատերը Ռուսաստանի բուհերում կրթություն ստացող և ուսումնական տարվա ավարտից հետո տուն վերադարձող ուսանողներն էին։
Իշխանությունները կազմակերպել են դեպի ՀՕՀ քաղաքացիների փոխադրումը։ ժամանող ուղևորներն անմիջապես տեղավորվում էին կարանտինային գոտու մաս կազմած հատուկ բուժմիավորումներում ու հյուրանոցներում։ Հյուրանոցներում գերազանցապես ընտանիքներ էին տեղավորվում։
Սկզբում կարանտինային միջոցառումներին թերահավատորեն վերաբերվող մարդկանց թիվը բավականին մեծ էր։ Կային նաև ինքնամեկուսացման և պարբերական ախտահանման անհրաժեշտությանն ամենայն լրջությամբ մոտեցած քաղաքացիներ։ Աշխարհի տարբեր անկյուններից հասնող տեղեկատվությունը միանգամայն մտահոգիչ էր։ Ամենախոհեմ մարդիկ առաջին իսկ օրերից ՀՕՀ իշխանությանը կոչ էին անում փակել ՌԴ հետ սահմանը։ Մյուս կողմից՝ Հարավային Օսիայից հեռանալը թույլատրելի է։ Պետք է նշել, որ ՀՕՀ քաղաքացիների մեծամասնությունը նաև ՌԴ քաղաքացի են և ՌԴ հետ սահմանը կարելի է հատել Ռուսաստանի դեսպանությանը դիմում ներկայացնելուց հետո։ Հարավային Օսիա կարելի է վերադառնալ ՌԴ-ում ՀՕՀ ներկայացուցչությանը նախապես դիմելուց հետո։ Վերադարձից հետո պարտադիր է երկշաբաթյա կարանտին անցնել առ այդ նախատեսված որևէ բժշկական հաստատությունում։ Արդյունքում՝ քաղաքացիներն այդ հնարավորությունից օգտվում են միայն առանձնահատուկ անհրաժեշտության դեպքում։ ՌԴ հետ սահմանը Հարավային Օսիայի բնակիչները կարող են հատել նաև արտակարգ իրավիճակներում, օրինակ, ծանր հիվանդ հարազատներին շտապ օգնության մեքենայով ուղեկցելու դեպքում։
Միևնույն ժամանակ՝ Հյուսիսային Օսիայի-Ալանիայի տարածքում հաստատվել է բավականին ծանր համավարակային իրադրություն։ Տվյալ պահին՝ ավելի քան 3500 հիվանդ և թագաժահրից մահացած 50-ից ավելի քաղաքացի։ Քանի որ Հյուսիսային և Հարավային Օսիաների բնակչության միջև գոյություն ունեն շատ սերտ ազգակցական կապեր, Հյուսիսային Օսիայում ստեղծված համավարակային իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում նաև Հարավային Օսիայում, որի բնակիչներն ուշիուշով հետևում են հյուսիսից ստացվող տեղեկատվությանը և անհանգստանում իրենց հարազատների համար։
Վլադիկավկազում ապրիլի 20-ի ցույցի հետ կապված իրադարձություններին Հարավային Օսիայի բնակիչների մեծամասնությունը կարեկցանքով և ըմբռնմամբ է մոտեցել։ Իհարկե, նրանց կարծիքով, ցույցերի համար ժամանակը ճիշտ չի ընտրվել, բայց դժգոհության ու բողոքի պատճառներն ընկալելի են։ Տևական տնտեսական ճգնաժամը, կոռուպցիան, կարանտինային միջոցառումներն ու հարակից գործոնները բնականորեն հանգեցնում են սոցիալական պայթյունի։
Ընդհանուր առմամբ՝ Հարավային Օսիայի Հանրապետությունում իրավիճակը կայուն է։ Նախագահ Անատոլի Բիբիլովի և ՀՕՀ կառավարության ձեռնարկած գործողություններն ապահովել են Հարավային Օսիա ժամանող քաղաքացիների նկատմամբ խիստ վերահսկողություն։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Հարավային Օսիա վերադարձել է ավելի քան հազար քաղաքացի։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Հարավային Օսիայում կովիդ-19-ով վարակվելու առաջին դեպքերն արձանագրվել են 2020 թ. մայիսի 5-ին՝ ՌԴ հետ սահմանը փակելուց երկու ամիս անց՝ ՌԴ-ից ՀՕՀ վերադարձած կուրսանտների շրջանում։ Հաշվի առնելով վարակվածների տարիքն ու ֆիզիկական առողջության բավարար ցուցանիշները՝ հիվանդությունը դյուրին է ընթացել։ Ներկա դրությամբ՝ ծանր ընթացքով կովիդ-19-ով հիվանդացածներ դեռ չեն եղել։ Սակայն կովիդ-19-ի հաստատված դեպքերի քանակը կարանտինային բուժմիավորների պատերի ներսում օրեցօր աճում է։
Հունիսի 12-ի պաշտոնական տվյալների համաձայն թեստավորման միջոցով բացահայտվել և հաստատվել է վարակվածության 72 դեպք։ Ապաքինվել և դուրս է գրվել 36 հոգի։ Բոլոր հիվանդացածները կարանտինում գտնված մարդկանցից էին։ Դրա շնորհիվ հիվանդանոցից դուրս՝ բնակչության շրջանում կովիդ-19-ի տարածման դեպքեր դեռ չեն արձանագրվել։ Բուժաշխատողներից վարակվել է երկու հոգի։ Կարմիր գոտում գտնվելուց հետո բոլոր բուժաշխատողներն անցնում են երկշաբաթյա կարանտին։
Ներկայումս վերահսկողության տակ է գտնվում 269 մարդ, որոնցից 161-ը՝ բժշկական հաստատություններում։
Հանրապետական հիվանդանոցում ստեղծվել է «կարմիր գոտի» և կատարվել է ավելի քան հազար լաբորատոր քննություն։ Դրա համար հարավօսական սանիտարական գերատեսչության աշխատակիցները մարտ ամսին վերապատրաստվել են Ստավրոպոլի հակահամաճարակային ինստիտուտում։ Գլխավոր սանիտարական բժշկի տեղակալ Աննա Գագլոևայի տեղեկացմամբ՝ ՀՕ քաղաքացիների թագաժահրի թեստավորման բոլոր դրական և կասկածելի արդյունքները հավելյալ հաստատման համար ուղարկվում են Ստավրոպոլի հակահամաճարակային ինստիտուտի լաբորատորիա։ Ավելի վաղ գլխավոր սանիտարական բժիշկ Մարինա Կոչիևան նշել էր, որ հանրապետությունում գործող լաբորատորիաները նախատեսված չեն այդ տեսակ հետազոտություններ կատարելու համար։ ՌԴ-ում գործող կարգի համաձայն՝ թագաժահրը ուսումնասիրելու իրավասություն ունեցող լաբորատորիաները պետք է ունենան վտանգավորության 2-րդ մակարդակի արտոնություն, մինչդեռ Ցխինվալում գործող լաբորատորիան իրավասու է աշխատել միայն վտանգավորության 3-4-րդ աստիճանի նմուշների հետ։ Սակայն այլ հնարավորություն չունենալու պատճառով հետազոտությունը հենց այդտեղ՝ տեղում է կատարվում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային Օսիայի բժշկական հաստատությունները համավարակի ներթափանցման պահին ունեին կովիդ-19 հարուցած բարդություններին դիմագրավելու համար անհրաժեշտ արհեստական շնչառության 26 սարքավորում։ Առայժմ դրանց կարիքը, փա՜ռք Աստուծո, չի զգացվել։ Հարավային Օսիայի տարածքում հիվանդության ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Այս սարքավորումների մի մասը փոխանցվել է Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությանը՝ այդտեղ ստեղծված ծանր համավարակային իրավիճակի պատճառով։
Սոցիալական ցանցերում սուր բանավեճի առիթ է դարձել Հարավային Օսիայում միակ ԿՏ սարքավորման անսարքության մասին տեղեկատվությունը, թեև ներկայումս խնդիրն արդեն կարգավորված է և սարքավորումն աշխատանքային վիճակում է։ Ամենասկզբից նշվում էր բժիշկների համար հակավարակային պաշտպանիչ միջոցների անբավարար առկայությունը։ Պաշտպանիչ համազգեստի և դիմակների որոշ խմբաքանակ արտադրել են հարավօսական բժշկական հաստատություններն ու տեղի կարի ֆաբրիկան։ ՌԴ-ում ապրող հայրենակիցներն ու օսական սփյուռքի ներկայացուցիչները մեծ ծավալի ախտահանիչ նյութեր և բազմատեսակ մարդասիրական օգնություն են ուղարկել։ Նրանց թվում է, օրինակ, ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ձամբոլատ Թեդեևը։
Մարդկանց ամենախիտ կուտակման վայրերը, մասնավորապես՝ համալսարանն ու դպրոցներն, անցել են հեռավար առցանց դասավանդման։ Փակվել են մանկապարտեզները։ Վերջին տվյալներով՝ հուլիսի 1-ից մանկապարտեզները կրկին կվերաբացվեն։
Ըստ էության՝ բնակչությունը համամիտ է կառավարության որոշումներին, քանի որ Հարավային Օսիայի Հանրապետությունում բժշկության մակարդակն էապես զիջում է հարևան Հյուսիսային Օսիայի և ՌԴ առողջապահության մակարդակին, հատկապես՝ հարավօսական բուժմիավորումների անհրաժեշտ սարքավորումներով և միջոցներով ապահովված լինելու տեսանկյունից։ Կովիդ-19 համավարակի Հարավային Օսիայի տարածք անվերահսկելի ներթափանցումը կանխելու համար ձեռնարկված միջոցառումը միակ ճիշտ որոշումն էր։ Բոլորն էլ դա լավ են հասկանում։ Ընդհանուր առմամբ՝ մարդիկ վստահում են ԶԼՄ-ների մատուցած պաշտոնական տեղեկատվությանը. տեղական ԶԼՄ-ներն արժանահավատ են նաև այն պատճառով, որ այսչափ փոքր տարածքում և ազգակցական կապերով միմյանց հետ խորապես կապակցված հասարակության մեջ մի բան թաքցնել համարյա անհնարին է։ Այս պահին առայժմ այսպես է։
Բնակչությանը պետության մատուցած օգնությունը նվազագույն էր։ Կարիքավոր ընտանիքներին սնունդ է բաժանվել, իսկ բանկերը հայտարարել են վարկային մուծումների հետաձգման վերաբերյալ։ Բյուջետային աշխատողներն աշխատավարձ են ստանում սովորական ռեժիմով, սակայն մանր ու միջին ձեռնարկատերեըը սկսել են խնդիրների բախվել։ Պահեստամասերի խանութների, գեղեցկության սրահների, սրճարանների ու ռեստորանների սեփականատերերը վրդովմունք են հայտնում։ Գործարարները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։ Անցած ամիս նրանց թույլատրվել է աշխատել նախկին ռեժիմով։
Սկզբում փողոցները կիսադատարկ էին։ Մարդիկ մեծ մասամբ մնում էին տներում։ Վերջին շաբաթներին իրավիճակը փոխվել է։ Ինքնամեկուսացման ռեժիմը թուլացվել է։
Երկրի ղեկավարի մամլո ծառայությունը հայտնել է, որ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն անցել է հեռավար աշխատաձևի. նա կառավարության անդամների հետ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնելու առցանց՝ Ձաու ավանի նստավայրից։
Նախագահի հեռավար աշխատաձևը պայմանավորված է Մեծ Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա նախատեսված այցով։ ՌԴ այցն ավարտելուց հետո Անատոլի Բիբիլովը Հարավային Օսիա վերադարձող յուրաքանչյուր քաղաքացու պես երկու շաբաթ կարանտինային մեկուսացման է ենթարկվելու։