Մասիս Մայիլյան
Սույն տեքստը պատրաստվել է ղարաբաղյան հակամարտությանն (ՂՀ) առնչվող հանրություններում բաց ու փակ քննարկումների անցկացման նպատակով: Բասկյան հակամարտության ուսումնասիրումից քաղած փորձը (այդ թվում եւ՝ բացասական) կարող է օգտակար բանավեճերի առարկա դառնալ: Մտքերի փոխանակությունն ու համեմատական վերլուծությունը կարող են բացահայտել հետեւյալը. որքանո՞վ են ՂՀ կողմերն առաջ գնացել դրա լուծման գործում, կարգավորման ինչպիսի՞ խոչընդոտներ գոյություն ունեն բուն բասկ հանրությունում եւ Բասկերի Երկրի (ԲԵ) ու Մադրիդի կառավարության միջեւ, արդեն ի՞նչ փուլեր են անցել ՂՀ-ում, ո՞ր խնդիրներն են հրատապ ԲԵ-ում, որո՞նք առաջնային չեն ղարաբաղյան կարգավորման մեջ եւ այլն:
Բասկյան հակամարտությունն ուսումնասիրելիս կարելի է տեսնել ազգայնականության տարբեր տեսակներ, դիմակայություն ինչպես դրանց միջեւ, այնպես էլ ազգայնականների ու Մադրիդի կենտրոնական կառավարության միջեւ:
«Բասկերի Երկրում հիմնական տարանջատումն անցնում է ազգայնականներ ու ոչ ազգայնականներ ջրբաժանով: «Էուսկոբարոմետր» ազդեցիկ սոցիոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ազգայնականների ու ոչ ազգայնականների հարաբերակցությունը մոտավորապես հավասար է, բայց փոխվում է երկրորդների օգտին: Դեպի համաիսպանական կազմակերպություններն ու օրենսդրությունը կողմնորոշված ոչ ազգայնականներին ընդհանուր առմամբ բավարարում է Բասկերի Երկրի ներկայիս վիճակն ինքնավարությունների երկրում: Նրանք կամ ոչ մի փոփոխություն չեն ուզում, կամ էլ ձգտում են այնպիսի նորարարությունների, որոնք չեն առնչվում ներկայիս տարածքային կազմակերպման հիմունքներին»[15]:
Ինքնավարության խորհրդարանում (2010թ.) ազգայնականների ու ոչ ազգայնականների շահերը պաշտպանում են յոթ կուսակցություններ, ինչը վկայում է քաղաքական ներկապնակի մեծ մասնատման մասին:
Քաղաքական կուսակցություններից բացի, Բասկերի Երկրում կարեւոր դերակատար են հանդիսանում չորս խոշոր արհմիություն եւ մի քանի սոցիալական շարժում[16]:
Բասկերի Երկրում հիմնական քաղաքական դերակատարներն սկզբունքային տարաձայնություններ ունեն Իսպանիայի հետ ինքնավարության հարաբերությունների հարցում.
– Ժողովրդական կուսակցությունը պաշտպանում է Գերնիկայի Ստատուտը եւ Իսպանիայի սահմանադրությունը (Փոլ Ռիոսի գնահատմամբ՝ ԺԿ-ն դեմ է բարեփոխումներին[17]):
– «Էուսկադի-Էուսկադիկո-Էսկերա» սոցիալիստական կուսակցությունը հանդես է գալիս Գերնիկայի Ստատուտի նորացման եւ իսպանական սահմանադրության շրջանակներում ինքնավարության ընդլայնման օգտին:
– Բասկյան ազգայնական կուսակցությունը (ԲԱԿ) ընդհանուր առմամբ կողմնակից է «Իբարեչեի պլանի» իրականացման (հարկ է ավելացնել, որ վերջին ժամանակներս ԲԱԿ-ն առաջ է քաշում Բասկերի Երկրի առավել անկախության համար նոր շրջանակների ստեղծման գաղափարը[18]):
– «Բատասունան» անվերապահորեն պահանջում է բասկ ժողովրդի ինքնորոշում եւ անկախության ձեռքբերում[19]:
Ըստ իսպանացի քաղաքագետ Իգնասիո Սուարես-Ցուլոագայի՝ այլընտրանքների չափից ավելի լայն ընտրությունը վկայում է Բասկերի Երկրի սոցիալական հակամարտամետության մասին. «Նման հանրությունը չի գիտակցում ընդհանուր արժեքների առկայությունը, ուստիեւ չի տիրապետում միավորիչ խթանների»[20]:
Իսպանիայից ինքնավարության անջատման հարցում Բասկերի Երկրում հանրային փոխհամաձայնության բացակայությունն այդ արմատացած հակամարտության լուծման ճանապարհի հիմնական խոչընդոտն է:
Բասկ հանրության ներսում հիմնական դերակատարների միջեւ համաձայնության կամ դիրքորոշումների մերձեցման համար սոցիալական միջնորդության անհրաժեշտություն է ծագել: Բասկերի Երկրում ակտիվ սոցիալ-միջնորդական դեր են խաղացել այնպիսի կազմակերպություններ ու շարժումներ, ինչպիսին են «Էլկարին» ու «Լոկարին»[21]: Սոցիալական միջնորդության շնորհիվ հաջողվեց համախմբել մոտեցումները մի քանի հարցերում: Օրինակ, 2013 թվականի գարնանն անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ հարցվողների 80%-ը պաշտպանում է Իսպանիայի կառավարության եւ ԷՏԱ-ի միջեւ երկխոսության գաղափարը, 80%-ը կոչ է անում ճանաչել հակամարտության բոլոր զոհերի իրավունքները, 80%-ը կամենում է ԷՏԱ-ի զինաթափումը, 70%-ը պաշտպանում է ԷՏԱ-ի բանտարկված անդամների (շուրջ 550 մարդ) համար բանտային բարեփոխումների գաղափարը[22]:
Համեմատության համար. ԼՂՀ հանրությունում վաղուց է հանրային փոխհամաձայնություն հաստատվել ղարաբաղյան սոցիումի հիմնարար արժեքների վերաբերյալ, ինչը նպաստել է հանրության արդյունավետ ինքնակազմակերպմանը: Հանրային կոնսենսուսի մասին են վկայում նաեւ երկրի սահմանադրության ընդունման առիթով անցկացված համաժողովրդական քվեարկության արդյունքները. 2006 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեին մասնակցել է գրանցված ընտրողների 87,02%-ը, Հիմնական օրենքի օգտին քվեարկել է ընտրողների 98,58%-ը[23]:
Հանրային փոխհամաձայնությունը եւ իշխանությունների իրավազորությունը բարենպաստ գործոններ են հանդիսանում խաղաղ բանակցություններ վարելու համար: Եթե բասկյան հակամարտությունում անհրաժեշտ է բազմակողմանի բանակցություններ վարել՝ ինչպես Բասկերի Երկրում, այնպես էլ Բասկերի Երկրի ինքնավարության եւ կենտրոնական կառավարության միջեւ, ապա ղարաբաղյան հակամարտությունում բանակցությունների մասնակիցների թիվը սահմանափակ է՝ դրանք երեք կողմերի իշխանություններն են: Համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման պարագայում այս հանգամանքը դրական դեր կխաղա ղարաբաղյան կարգավորման մեջ:
ԼՂՀ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էթնոտարածքային տարանջատումը կամ բնակչության ու տարածքների փաստացի եւ հանպատրաստից փոխանակումը նախապատերազմյան (1988-1991թթ.) եւ պատերազմական (1992-1994թթ.) տարիներին ընդհանուր առմամբ միատարր քաղաքական միջավայր է ստեղծել հակամարտության երեք կողմերից յուրաքանչյուրում: Համենայն դեպս, ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր երկիր ունի տարածաշրջանի ապագայի իր տեսլականը, թեեւ այդ տեսանկյունները տարբեր են:
Ի տարբերություն հյուսիսիռլանդական կամ բասկյան հակամարտությունների՝ ղարաբաղյան հանրությունը, պայմանականորեն ասած, մասնատված չէ յունիոնիստների ու հանրապետականների, անկախության ու ինքնակառավարման կողմնակիցների: Հիմնական դերակատարների կամ բանակցող կողմերի սահմանափակ թվաքանակի պայմաններում խաղաղ գործընթացը հաջողության հասնելու ավելի մեծ հավանականություն ունի, քան մի կողմից՝ նույն հանրությունից տարբեր, երբեմն էլ հակադիր քաղաքական հոսանքների բազմաթիվ ներկայացուցիչների ու մյուս կողմից՝ կենտրոնական կառավարության մասնակցությամբ գործընթացը:
Բացառելով ԷՏԱ-ի համեմատությունը ղարաբաղյան հակամարտության մասնակիցների զինված ուժերի հետ, կարեւոր է նշել, որ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում բոլոր ուժային կառույցները լիովին վերահսկվում են քաղաքացիական իշխանությունների կողմից: ԷՏԱ-ի՝ որպես առանձին դերակատարի եւ ռազմաքաղաքական գործոնի գոյությունը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բասկյան հակամարտության զուտ խաղաղ փոխակերպման համար:
Եվրոպական Միությունը մի գործիքակազմ է ստեղծել «Անդրսահմանային համագործակցության ծրագրեր» անվանումով (Cross-Border Cooperation Programmes), որը նոր հնարավորություններ է բացել ԵՄ-ի հարեւան տարածաշրջանների միջեւ համագործակցության համար: Բասկերի Երկիրը, որն աշխարհագրորեն կազմված է Բասկերի Երկրի ինքնավար համայնքից, Նավառայի ինքնավար համայնքից Իսպանիայում եւ Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտի մի մասից (Ակվիտանիա տարածաշրջան) Ֆրանսիայում, անդրսահմանային համագործակցության գործիքակազմն օգտագործում է երեք վարչական միավորների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Նորեվրոպական իրավական բազան տարածաշրջանների կոոպերացման եւ դրանց տնտեսական ու սոցիալական համախմբման արդյունավետության բարձրացման այնպիսի գործիքի ստեղծումն է, որպիսին է Տարածքային համագործակցության եվրոպական խմբավորումը (EGTC–European Groupingfor Territorial Cooperation)[24]. 2007 թվականի հունվարին ուժի մեջ մտած այս հենքի վրա հիմնադրվել է «Aquitaine-Euskadi» եվրատարածաշրջանային խմբավորումը:
Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի (եւ/կամ Հարավային Կովկասի վեց երկրների) առանձին տարածաշրջանների միջեւ հումանիտար ու սոցիալ-տնտեսական համագործակցության համար հարթակի ստեղծումն ի զորու է ապաքաղաքականացնել փոխգործակցությունը, թուլացնել լարվածությունը հակամարտության կողմերի միջեւ եւ նույնիսկ նոր հնարավորություններ բացել հակամարտության խաղաղ փոխակերպման համար: Հարեւան վարչական տարածաշրջանների միջեւ ոչ քաղաքականացված կոոպերացիան չօգտագործված մեծ խաղաղարար ներուժ ունի:
Ինչպես հայտնի է, բասկյան հակամարտությունում չկա պաշտոնական միջնորդություն, բայց խաղաղ գործընթացին ոչ պաշտոնական առնչություններ ունեն արտասահմանյան երեւելի քաղաքական ու հասարակական գործիչներ, նոբելյան մրցանակակիրներ, ինչպես նաեւ որոշ կազմակերպություններ26: Ղարաբաղյան հակամարտությունում պաշտոնական միջնորդական «մենաշնորհ» ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ եռակողմ համանախագահությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են հանդիսանում ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը: Այնուամենայնիվ, ղարաբաղյան կարգավորման մեջ կոնկրետ հարցերի (ասենք՝ ղարաբաղյան հակամարտության երկրների կողմից «CBMs»-ի՝վստահության ամրապնդման միջոցների ընդունում ու իրականացում) լուծման գործում առանձին հեղինակավոր անձանց սահմանափակ ներգրավումը կարող է նպաստել խաղաղ գործընթացն առաջ մղելուն:
Բասկյան հակամարտությունում շարունակում են հրատապ մնալ Բասկերի Երկրի ինքնավար համայնքի տարածքից դուրս պատիժը կրող քաղբանտարկյալների, փախուստի մեջ գտնվող անձանց, Բասկերի Երկրի ապագայի շուրջ բասկյան հանրության ներսում առկա բեւեռային տեսակետների մերձեցման, բռնությունից հրաժարվելու, ԷՏԱ-ի զինաթափման, պաշտոնական Մադրիդի ու ԷՏԱ-ի միջեւ երկխոսության խնդիրները:
Ընդունված է ղարաբաղյան հակամարտության կողմերի առանցքային խնդիրներ համարել՝ ԼՂՀ-ի ու նրա բնակչության անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային-իրավական սահմանումը, փախստականների ու տարածքների հարցը, տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Հակամարտային տարբեր գոտիներում առկա հրատապ խնդիրների համեմատական վերլուծությունը կարող է երեւան հանել այս կամ հակամարտության «հասունության» աստիճանը: Բասկյան հակամարտությունում առաջնային են կենտրոնի (մետրոպոլիայի) եւ ինքնավարության միջեւ հակամարտություններին ներհատուկ խնդիրները, իսկ ղարաբաղյան հակամարտությունում առանցքային խնդիրները երեւակում են դրա միջպետական բնույթը:
Ուսումնասիրելով բասկյան հակամարտության մասին հրապարակված նյութերը՝ չի կարելի ուշադրություն չդարձնել այնպիսի կարեւոր փաստաթղթերի, ինչպիսին են բասկյան տարածաշրջանային կառավարության կողմից 2013 թվականին ներկայացված «Խաղաղ գոյակցության պլանը 2013-16 թվականների համար» եւ «Խաղաղ գործընթացի աջակցման առաջարկները»[27], որոնք մշակվել են Խաղաղ գործընթացի աջակցման սոցիալական ֆորումի (2013 թվական, մարտի 14-15)[28] արդյունքներով: Այս երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ արտացոլում են հակամարտության լուծման նկատմամբ տարածաշրջանային կառավարության եւ բասկյան հանրության մոտեցումները:
Ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին կարելի է տեսնել բացառապես միջազգային միջնորդների առաջարկներ, բայց ոչ փաստաթղթեր, որոնք արտացոլում են հակամարտության մեջ ներգրավված կառավարությունների ու հանրությունների տեսակետները: Կողմերի իշխանությունների ու փորձագիտական հանրույթի մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համապատասխան առաջարկների մշակումը եւ դրանց հրապարակումը կօգնեն ընդդիմախոսող կողմի դիրքորոշումները հանրություններում առավելս ընկալելուն եւ դրանով իսկ բանակցային գործընթացին կնպաստեն պաշտոնական (TrackI) մակարդակում:
14. Cross-Border Cooperation programs
15. СергейХенкин, Ст. «Баскский национализм: метаморфозы развития», կայք «Перспективы»,http://www.perspektivy.info/book/
baskskij_nacionalizm_metamorfozy_razvitija_2011-01-11.htm
16. Sandra Chapman, Report on the Basque conflict: keys to understanding the ETA’s permanent ceasefire http://www.lokarri.org/files/File/PDF/Inform.pdf
17. Հեղինակի հարցազրույցը Lokarri կազմակերպության առաջնորդ Փոլ Ռիոսի (Paul Rios) հետ, Լոնդոն-Բիլբաո, 20 հոկտեմբերի, 2014թ.
18. Նույն տեղում`
19. Сергей Хенкин, «Баскский национализм: метаморфозы развития» Ignacio Suarez-Zuloaga,Vascos Contra Vascos: UnaExplicacionEcuanime de DOS Siglos de Luchas, Planeta. Barcelona. 2007. .P. 115
[20] Ignacio Suarez-Zuloaga,Vascos Contra Vascos: UnaExplicacionEcuanime de DOS Siglos de Luchas, Planeta. Barcelona. 2007. .P. 115
21.Lokarri, citizen network for agreement and consultation, http://www.lokarri.org/
22. Paul Rios, Basque Country. Experiences of the Social Forum to invigorate peace, Accord, Publication series of Conciliation Resources, issue 25 (Legitimacy and peace processes) p.40, http://www.c-r.org/sites/c-r.org/files/Accord25_BasqueCountry.pdf
23. ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայք, http://cec.am/?p_ID=156
24. European grouping of territorial cooperation (EGTC), http://europa.eu/legislation_summaries/agriculture/general_framework/g24235_en.htm
25.Euroregion Aquitaine-Euskadi, http://www.aquitaine-euskadi.eu/
26. For example, The Centre for Humanitarian Dialogue (http://www.hdcentre.org/en/), The International Verification Commission (http://www.ivcom.org/en/home/), International Contact Group, established in 2010 (http://icgbasque.org/) or participation of Kofi Annan, Gro Harlem Bruntland, Bertie Ahern, Pierre Jose, Gerry Adams and Jonathan Powell, Jimmy Carter, Tony Blair and George Mitchell in International Conference (17 October, 2011, Donostia-San Sebastian). The International Conference concluded with the reading of the declaration prepared by the international figures following a process of consultations with the political parties and trade unions. (http://www.lokarri.org/index.php/en/about-lokarri). The Declaration text is available at: http://www.basquepeaceprocess.info/?p=3375
27. Plan de paz y convivencia 2013-2016, https://www.irekia.euskadi.net/assets/attachments/3871/plan_paz_convivencia.pdf?1386084559
28. Խաղաղ գործընթացի աջակցման սոցիալական ֆորումի նյութեր (-Bilbao, 14-15 March, 2013), Recommendations to promote the peace rocess, http://www.forosocialpaz.org/recomendaciones/recomendations/