Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
Թավշյա հեղափոխությունն ունիկալ էր իր տեմպերով, իր ապակենտրոն բողոքի ակցիաներով. բազմաթիվ այլ քաղաքական եւ հասարակական հետաքրքիր յուրահատկություններ կային, որոնք դեռ կվերլուծվեն: Տեղեկատվական դաշտը նույնպես շատ յուրահատուկ էր այդ օրերին, լրատվական դաշտը, սոցիալական մեդիաները շատ հետաքրքիր դրսեւորումներ ունեցան, որոնք ինչ-որ դեպքերում ունիկալ էին նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից: Բացի դրանից, թավշյա հեղափոխության տեղեկատվական ֆոնը միանշանակ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի լրատվական եւ ընդհանուր տեղեկատվական դաշտի վրա:
Հեղափոխական շարժումը շատ լուրջ կախված էր համացանցից եւ սոցիալական ցանցերից: Տարբեր սոցցանցային տեխնոլոգիաներն ունեցան լրջագույն ազդեցություն հասարակական եւ քաղաքական գործընթացների վրա: Նշենք մի քանի կարեւոր գործոն:ա. Ամենամեծ ազդեցությունն ունեցան Ֆեյսբուքն ու Յություբը: Ֆեյսբուքն արդեն մի քանի ամիս է, ինչ դարձել է առաջնային սոցիալական ցանց Հայաստանում, վերջապես անցնելով լսարանով տարիներ շարունակ Հայաստանում թիվ մեկ սոցցանց Օդնոկլասնիկիին: Ավելին, հեղափոխության օրերի ընթացքում մոտ հարյուր հազար նոր օգտատեր մտավ Ֆեյսբուք: Ինտերնետ պրովայդերներն այդ օրերին գրանցեցին դեպի Ֆեյսբուք եւ Յություբ թրաֆիկի 300% աճ: Թրաֆիկի պիկային սպառումը գրանցվեց ապրիլի 22-23-ին, երբ ամենադրամատիկ իրադարձություններն էին կատարվում Երեւանում ու մարզերում:
բ. Ամենակարեւոր համգամանքն այն էր, որ տվյալ հարթակները, Ֆեյսբուքն ու Յություբը, օգտագործվում էին շատ ակտիվ ուղիղ եթերներ իրականացնելու համար: Փաշինյանի թիմակիցները դեռ նախընտրական փուլում էին վարում իրենց քարոզչությունը հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով: Եվ փորձը ցույց տվեց, որ ուղիղ եթերները շատ աշխատող գործիք են, ինչն ունի մի քանի պարճառ: Առաջինն այն է, որ հենց Ֆեյսբուքն է առաջնահերթություն դնում ուղիղ եթերների հարցում: Եվ ի տարբերություն այլ տիպի գրառումների՝ հենց ուղիղ եթերներն են ամենամեծ լսարանը հավաքում: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այսօրվա երիտասարդությունը հակված է ավելի վիզուալ տեղեկատվություն ստանալու, քան թե ընթերցելու երկար տեքստեր:
գ. Ուղիղ եթերները, ընդհանրապես, ունեցան ամենամեծ էֆեկտը հեղափոխության հարցում, քանի որ՝
- Երբ դրանք իրականացնում էին հենց քաղաքական գործիչները, հատկապես Փաշինյանը, դա ստեղծում էր խիստ անմիջական մթնոլորտ: Նաև հաշվի առնելով այն, որ հակառակ ճամբարն ընդհանրապես լռում էր առաջին օրերին, նույնիսկ մամուլի կամ մամուլի հաղորդագրությունների միջոցով չէր շփվում հանրության հետ:
- Ուղիղ եթերները կոտրեցին միջնորդի բազմաթիվ ինստիտուտներ, հեղափոխական թիմի հայտարարությունները հասնում էին հանրությանը առանց խմբագրական կրճատումների, պալատական քաղաքագետների մեկնաբանությունների:
- Ուղիղ եթերները թույլ տվեցին նվազագույնի հասցնել կեղծ լուրերի տարածումը, քանի որ անմիջապես հերքելու հնարավորություն կար:
- Ուղիղ եթերները դարձան անմիջապես կառավարման միջոց, քանի որ բողոքի ակցիաները իրականացվում էին իրարից ֆիզիկապես բաժանված տարածքներում:
- Դրանք դարձան ներգրավման միջոց:
- ՝Սփյուռքը նույնպես ներգրավվեց՝ դառնալով իրադարձությունների ականատես:
Հարկ է նշել, որ ուղիղ ֆեյսբուքյան եթերները փաստացի ինստիտուցիոնալիզացվեցին, դարձան վարչապետի եւ կառավարության այլ անդամների՝ հանրության հետ շփվելու միջոց, ինչն ինքնին աննախադեպ երեւույթ է Հայաստանի համար, ուր վաղուց ի վեր պրակտիկա էր դարձել նույնիսկ մամուլի հետ շփումը մինիմալիզացնելը և ինչը նաեւ աննախադեպ երեւույթ է նույնիսկ միջազգային պրակտիկայում:
դ. Չնայած այն հանգամանքին, որ Ֆեյսբուքն ու Յություբն էին հանդիսանում հիմնական սոցցանցային հարթակներ, բավականին ակտիվ էր նաև Ինստագրամը: Այստեղ նույնպես հասարակ օգտատերերը մտնում էին ուղիղ եթերներ: Սակայն, ամենահետաքրքիր ազդեցությունը Ինստագրամը ունեցավ՝ ստեղծելով հեղափոխության գրավիչ պատկեր, երիտասարդության ներգրավվածության, կրեատիվ լուծումների, բազմաթիվ մեմերի լայն տարածման միջավայր: Արագ զարգացող իրադարձությունների ընթացքում պատկերները շատ մեծ ազդեցություն ունեին: Բացի դրանից, հենց ինստագրամում հանրային անձինք ունեն ավելի մեծ լսարան, ուստիեւ նրանց տեղադրած նյութերը մեծ ազդեցություն ունեին:
ե. Ինչ-որ մի պահից Ինստագրամն ու Ֆեյսբուքը մոդայիկ դարձրեցին երիտասասրդության շրջանակներում հեղափոխական շարժումը: Քանի որ Հանրապետության հրապարակում չեքին լինելը, սելֆիները տեղադրելը, քաղաքական ակտիվիստների, հեղափոխական շարժման ղեկավարների հետ նկարները, շարժմանը մասնակցելը դարձրին գրավիչ: Ավելին, նմանատիպ լուսանկարներ չունենալը շատերի համար դարձավ կյանքից եւ ընկերներից հետ մնալու խնդիր:
զ. Թվիթերը, որը Հայաստանում միշտ եղել է քանակային տեսանկյունից շատ սահմանափակ սոցիալական ցանց, այս անգամ ցուցաբերեց ահռելի ակտիվություն: Մի կողմից այստեղ մեծ էր այն երիտասարդների զանգվածը, որոնք Թվիթերի միջոցով իրադարձային ռեպորտաժներ էին վարում ակցիաների մասին՝ այս կամ այն վայրում: Մյուս կողմից՝ լրագրողները, ակտիվիստերն օպերատիվ ներկայացնում էին իրավիճակը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին լսարանի համար: Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճն աշխարհում՝ Թվիթերը դարձավ հիմնական հարթակներից մեկն օտարերկրյա այն անձանց համար, որոնք ուզում էին հետեւել հայաստանյան իրադարձություններին: Թվիթերի ներքին կառուցվածքը, որոնողական համակարգի բաց լինելը, հեշթեգերի հնարավորություններն արտաքին դիտորդի համար դարձնում են այս հարթակը լավագույնը երկրում իրադարձություններին հետեւելու համար: Այդ իսկ պատճառով՝ հայաստանցի ակտիվ օգտատերերը Թվիթերում գեներացնում էին մեծ քանակի անգլալեզու, ռուսալեզու, ֆրանսերեն գրառումներ, որոնք ուղղված էին արտաքին լսարանին:
է. Անսպասելիորեն նոր եւ ազդեցիկ հարթակ դարձավ Տելեգրամ մեսենջերը: Մինչ հեղափոխությունը դրանից Հայաստանում շատ քիչ օգտվող կար: Սակայն այս ամենից օրեր առաջ Ռուսաստանում, իսկ հետո նաեւ Իրանում Տելեգրամն արգելափակվեց արտաքին դիտորդի համար, ինչը շատ մեծ միջազգային աղմուկ բարձրացրեց և հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում: Երբ սկսվեց հեղափոխական շարժումը, եւ, ինչպես արդեն ասվեց, դեպի Ֆեյսբուք եւ Յություբ թրաֆիկը կտրուկ աճեց, սկսվեցին ինտերնետ կապի խափանումներ: Բացի դրանից, մեծ ցույցերի վայրերում, ուր մեծ քանակի մարդ էր հավաքվում, բջջային կայանները չէին դիմանում ծանրաբեռնվածությանը, եւ ինտերնետ կապի որակը կտրուկ ընկնում էր: Տելեգրամը դարձավ ամենալավ տեղեկատվություն ստանալու միջոցներից մեկը, որը թույլ էր տալիս նույնիսկ թույլ ինտերնետ կապի հնարավորություններով ստանալ թարմ տեղեկատվություն: Անմիջապես ստեղծվեցին մի շարք լրատվական ալիքներ Տելեգրամում: Բացի դրանից, մի շարք օնլայն լրատվամիջոցներ սկսեցին օգտվել նույն հարթակից: Տելեգրամ ալիքների լսարանը մի քանի օրում հասավ հարյուրների եւ հազարների: Ռուսալեզու լսարանի համար (ռուսալեզու հայաստանյան սփուռքի, ինչպես նաեւ օտարերկրյա լրագրողների եւ քաղաքագետների) մի քանի Տելեգրամ ալիքներ, որոնք ստեղծվել էին ռուսաստանյան հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, դարձան հիմնական տեղեկատվության միջոցներից մեկը, քանի որ շատ դեպքերում հայաստանյան ավանդական օնլայն լրատվամիջոցները հաճախ չէին հասցնում օպերատիվ թարգմանել լրահոսը:
Բացի դրանից, Տելեգրամի չաթ խմբերը, որոնք թույլ են տալիս ներգրավել միանգամից հազարավոր օգտատերերի, դարձան բողոքի ակցիաները կազմակերպելու հիմնական միջոցներից մեկը: Այսպես, բազմաթիվ ՏՏ կազմակերպությունների աշխատակիցներ հենց Տելեգրամի չաթի միջոցով էին միմյանց հետ կոորդինացնում փողոցների արգելափակման ակցիաները: Օպերատիվ եւ կազմակերպված գործողությունների շնորհիվ հաջողվեց կաթվածահար անել երթեւեկությունը Երեւանում:
Անկասկած, կային բազմաթիվ այլ գործոններ, որոնք ազդեցություն ունեցան հեղափոխական շարժման վրա: Այսպես, բազմաթիվ կրեատիվ պաստառներ, տեսանյութեր եւ այլ քարոզչամիջոցներ ստեղծվում եւ տարածվում էին հենց սոցիալական հարթակներում: Բազմաթիվ բողոքի ակցիաներ, օրինակ՝ շերեփների գիշերային ակցիաները, կազմակերպվում էին ֆեյսբուքյան event-ների եւ Տելեգրամում դրված կոչերի միջոցով: Փաստն այն է, որ սոցցանցերը ունեցան խիստ մեծ ազդեցություն շարժման վրա: Ավելին, շարժման տրամաբանությունը ռեալ աշխարհում հաճախ ուներ սոցցանցային, ապակենտրոն էություն: