Սյուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Երևան
Սահմանների պահպանումը սփյուռքի բնույթն առավել համապարփակ ընկալելու երեք առանցքային տարրերից մեկն է՝ ի թիվս ցրման և դեպի հայրենիք կողմնորոշման1: Սահմանների պահպանմանն ուղղված մի քանի սերունդների ջանքներն են հենց տարբերակում ավանդական համախմբված սփյուռքին, ինչը բնորոշ է նաև հայկական սփյուռքին 2: Ինքնության բանակցությունների և էթնիկության սահմանների հաստատման համար անհրաժեշտ են տարածություններ, որտեղ սփյուռքի էթնիկ խմբի անդամներն ինքնանույնացնում են իրենց և իրենց համայնքին: Այդ տարածություններից մեկն էթնիկ մեդիան է3: Նրա հիմնական գործառույթներից մեկն էթնիկ ինքնության կառուցակցման գործում կատարած դերն է:Էթնիկ սահմանների պահպանման գործում հայկական սփյուռքի մամուլի դերի առանձնահատկությունները հասկանալու համար կարող ենք դիմել մեր կողմից իրականացված ուսումնասիրությանը4, որի շրջանակներում վերլուծվել են հայկական երեք համայնքների՝ Մոսկվայի, Թեհրանի և Լոս Անջելեսի մեկական պարբերական՝ «Ноев Ковчег», «Ալիք» և «Ասպարեզ»: Մամուլի ուսումնասիրությունն իրականացվել է բովանդակության վերլուծության մեթոդով, ընդգրկել են երեք պարբերականների վեց տարվա (2005-2010թթ.) հրատարակությունները5:
Էթնիկ սահմանների պահպանման գործում մամուլի կատարած առաջին դերը հենց նրա ներկայությունն է ընդունող հասարակության մեջ. այն սփյուռքի անկախ ձայնն է, որը ներկայացնում է համայնքը հիմնական մեդիայից տարբերվող պատմություններով, հաստատում է համայնքի կարևորությունը և ներկայացնում շահերը:
Երկրորդը մամուլի՝ որպես սփյուռքում էթնոմշակութային ինքնության պահպանմանն ուղղված դիսկուրսիվ տարածության դերն է: Մի կողմից, մամուլը ցույց է տալիս բազմազան ու բազմաշերտ սփյուռքում էթնոմշակութային ինքնության պահպանման վրա ներգործող ընդունող երկրների միջավայրի և համայնքային առանձնահատկությունները, մյուս կողմից, մեդիա բովանդակությունը տարածում է ընդհանուր էթնոմշակութային արժեքներ տարբեր միջավայրերում գտնվող սփյուռքի համայնքներին: Այդ արժեքների մեջ մշակույթի և ծագման տեղի մասնատվածության պարագայում մշակույթի տեղը դառնում է անգնահատելի:
Սփյուռքի մամուլի հայկական բովանդակության6 մեջ էթնիկության սահմանները ցույց տվող մշակութային տեղեկատվությունն իր ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը (քաղաքականից հետո): Ընդ որում, Սփյուռքի մասին նյութերի մեջ նրանք զբաղեցնում են առաջին տեղը: Մշակույթի մասին ընդհանուր տեղեկատվության մեջ մեծամասնություն են կազմում Հայաստանի մշակույթի և մշակութային իրադարձությունների մասին նյութերը (մամուլի ողջ մշակութային թեմայով նյութերի մեջ մոտ 56%-ը վերաբերում է Հայաստանին, 39%-ը՝ սփյուռքին, և 5%-ը՝ ՀՀ-սփյուռք հարաբերություններին): Այսպիսով, սփյուռքի մամուլն ավելի շատ ներկայացնում է հայաստանյան, քան սփյուռքյան մշակույթը: Բացի մշակութային թեմաներից, ընդհանուր առմամբ, սփյուռքյան մամուլի հայկական բովանդակության ճնշող մեծամասնությունը վերաբերում է Հայաստանին: Թերևս, սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ազգային մշակույթի զարգացման համար ամենաբարենպաստ տեղը ազգային պետությունն է և որ սփյուռքյան ցանցի ամենակարևոր կենտրոնը հայրենիքն է, ինչն արտահայտվում է նաև մամուլում: Մշակույթն այն առանձնահատուկ ոլորտն է, որտեղ սփյուռքն ամենաշատն է ներկայացված մամուլի նյութերում: Հայրենիք-սփյուռք կապը, որի մասին տեղեկատվությունը բավականին քիչ է, նույնպես առավելապես ներկայացվել է մշակութային թեմաների շրջանակներում:
Հայաստանի և Սփյուռքի մշակույթի վերաբերյալ տեղեկատվությունն իր հերթին կարելի է բաժանել երկու խմբի՝ հայկական մշակույթն ինքնին և հայկական մշակույթի առնչությունները: Տվյալները ցույց են տալիս, որ հայկական մշակույթը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ավելի շատ ներկայացվում է փակ (միայն ՀՀ մշակույթ՝ 33.1%, միայն սփյուռքի մշակույթ՝ 26.4%), քան համագործակցային կամ համեմատական (ՀՀ-միջազգային մշակութային առնչություններ՝ 22.6%, սփյուռք-ընդունող երկիր մշակութային առնչություններ՝ 13.0%): Հայրենիք-սփյուռք մշակութային առնչությունների մասին նյութերը կազմել են ընդամենը 4.9%: Այս հանգամանքը, մի կողմից, կարող է վկայել ընդհանուր հայկական մշակութային արժեքների մասին (ինչի արդյունքում մամուլը չի ներկայացնում մշակույթները կամրջող պատմություններ), մյուս կողմից, մամուլը մշակութային սահմաններ է դնում ոչ միայն այլ մշակույթների, այլ նաև էթնոսի տարբեր հատվածների միջև:
Սեփական մշակութային արժեքների վերաբերյալ մամուլի տեղեկատվությունն այս ծավալը նպաստում է մշտարթուն պահել ձուլման վտանգը, ինչպես նաև վերակազմավորել հատվածական մշակութային ինքնությունը՝ այլազգի միջավայրում ապրող և մշակութային միջսահմանային իրավիճակում գտնվող հայերի համար:
Հարկ է նշել, որ մամուլում մշակութային տեղեկատվության դրական կամ բացասական գնահատականով ներկայացումը կարող է պայմանավորել սեփական մշակութային արժեքների հանդեպ որոշակի վերաբերմունք: Առհասարակ, մշակույթը, ի համեմատություն այլ ոլորտների, ամենադրական ներկայացվածն է: Մշակույթի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր գնահատականն ունի հետևյալ պատկերը. 49%՝ դրական, 50%՝ չեզոք կամ համակցված, և միայն 1%՝ բացասական: Երեք թերթերի ողջ մշակութային թեմաների գնահատականների համամասնությունը նույնն է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մշակույթը ներկայացնելու դեպքում: Սա նույնպես հաստատում է Հայաստան-Սփյուռք մշակութային նշանակալի տարանջատվածության բացակայության մասին: Նման փոխլրացնող մշակութային դաշտում առավել դյուրին է իրականացնել անդրազգային տեղեկատվական, մշակութային և այլ ծրագրեր: Հայաստանի և սփյուռքի մշակութային թեմաների գնահատականներն ունեն գրեթե նույն համամասնությունը և գնահատականների դրական-բացասական բաշխվածությունը: Իհարկե, մշակութային թեմաների գնահատականները տարբերվում են ըստ թերթերի: Այսպես, սփյուռքի մշակութային կյանքն առավել դրական գնահատականով է ներկայացվել «Ноев Ковчег»-ում, իսկ Հայաստանի մշակութային կյանքն ամենաքիչ դրականը՝ «Ալիք»-ում:
Մամուլի միջոցով ազգային արժեքների տարածման գործում մշակութային թեմաներից հետո կարևորվում է նաև համազգային հարցերի քննարկումը: Ազգային հիմնահարցերը (Հայկական հարց, Հայոց եղեռն, Ղարաբաղյան հիմնահարց, ազգային արժեքներ, ազգապահպանություն և այլն) բավականին քիչ են քննարկվել: Այդ թեմային առնչվող նյութերի մեծամասնությունը ներկայացվել է քաղաքական թեմաների համատեքստում: Հատկանշական է, որ երեք թերթերը տարբեր համամասնությամբ քննարկել են ազգային հարցերն ավելի շատ սփյուռքի համատեքստում, քան Հայաստանի: Համազգային հարցերը, ի տարբերություն մշակույթի, տարածական ընկալում չունեն, բացառությամբ Ղարաբաղյան հիմնահարցի, որը, բացի համազգային նշանակությունից, տեղայնացվում է հայրենիքում: Հետևաբար, ազգային խնդիրների քննարկման շրջանակներն ընդգրկում են և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը: Ավելին, սփյուռքում այդ հարցն առավել սուր ընկալում ունի՝ ազգայինի պահպանման և մարտահրավերների տեսանկյունից:
Մյուս թեման, որը մամուլի բովանդակության մեջ կարող է տարածել էթնիկության սահմանների սիմվոլները, բարեգործությունն է՝ որպես համազգային փոխօգնության և վստահության արժեք: Չնայած բարեգործության՝ որպես հայկական սփյուռքի ավանդական գործառույթի ընկալմանը, մամուլը շատ քիչ է ուղղակիորեն անդրադարձել այս թեմային (նյութերի ընդհանուր ծավալի մոտ 2%-ը): Բարեգործությունը նաև կարևոր նշանակություն ունի սփյուռքում համայնքային կառույցների պահպանման գործում: Եվ մամուլի բովանդակության մեջ դրա քիչ ծավալը կարող է վկայել համայնքային վերակազմավորումների և սփյուռքյան կառույցների ստեղծման ու պահպանման նոր մոտեցումների պահանջի մասին: Հատկանշական է, որ բարեգործությունը միակ թեման է, որը մամուլում չի ներկայացվել որևէ բացասական գնահատականով, իսկ սփյուռքի համար այն կրկնակի դրական է ներկայացվել, քան Հայաստանի:
Այսպիսով, մշակութային, ազգային և բարեգործական թեմաների միջոցով էթնիկ մամուլը տարածում և վերարտադրում է էթնիկ պատկանելությունն ամրապնդող արժեքներ, ինչպես նաև ընդհանրական հայկական տեղեկատվության միջոցով նպաստում հայաստանակենտրոն, սփյուռքակենտրոն և անդրազգային դիսկուրսներին: Սփյուռքի մամուլը ստեղծում է էթնիկ ինքնության բանակցությունների դիսկուրսիվ դաշտ, մասնակցում է սփյուռքյան ինքնության ձևավորմանը, տալիս է սիմվոլներ և դիրքորոշումներ՝ էթնիկ սահմանների համար, ստեղծում է երևակայական համայնքի անդամության զգացում, միավորում է հիշվող կամ երևակայվող «հայրենիքի» շուրջ, ինչպես նաև նպաստում է սփյուռքի անդրազգային բնույթի ամրապնդմանը: Մամուլը ստեղծում է այն դաշտը, որտեղ առաջադրվում են հարցեր էթնիկ մշակույթի, գաղափարախոսության վերաբերյալ և սցենարներ սոցիալական ու քաղաքական կյանքում:
_____________
1 Brubaker R. The “Diaspora” Diaspora, Ethnic and Racial Studies, Vol. 28, No. 1, 2005, pp. 1-19.
2 TՓlՓlyan Kh. Rethinking Diasporas: Stateless Power in the Transnational Moment, Diaspora: A Journal of Transnational Studies, Vol. 5, No. 1, 1996, pp. 1-2.
3 Էթնիկ մեդիա է համարվում լրատվամիջոցը, որն արտադրվում է տարբեր երկրներում բնակվող ներգաղթյալների, ռասսայական, էթնիկ և լեզվական փոքրամասնությունների, ինչպես նաև տեղաբնիկների համար և նրանց կողմից: Տե՛ս Matsaganis M.D., Katz V.S., Ball-Rokeach S.J. Understanding Ethnic Media: Producers, Consumers, and Societies, SAGE Publications, Inc., 2011, p. 10:
4 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից` «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի շրջանակներում, 2011-2013թթ.:
5 Հետազոտության մեթոդաբանությունը հանգամանալից ներկայացված է հեղինակի՝ «Հետազոտության մեթոդի ընտրության հիմնավորումը» հոդվածում: Տե՛ս Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ, Եր., «Գիտություն» հրատ., 2012, էջ 26-43:
6 Հայկական թեմաներ են համարվել Հայաստանին, Արցախին, հայկական Սփյուռքին, հայ անհատների և ընդհանրապես հայությանը վերաբերող նյութերը: