Նարինե ԱՂԱԼՅԱՆ
Հյուրանոցային բիզնեսը բավականին տարածված ձեռներեցական գործունեություն է, որի նպատակը, բնականաբար, շահույթ ստանալն է։ Որպեսզի ձեռներեցության այս տեսակն իրապես հաջողակ ու շահութաբեր լինի՝ հարկ է էն գլխից ճիշտ որոշումներ ընդունել և ճիշտ քայլեր անել դրա զարգացման համար։ Եւ ինչու չէ՝ փորձել համապատասխանելու միջազգային չափանիշներին։ Հասկանում ենք՝ դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց, դե, անհրաժեշտ գիտելիքների ու հմտություների պարագայում հնարավոր է։
Արցախում հյուրանոցային բիզնեսը, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Խնդիրներն առավելս սուր երևակվում են ծառայությունների ոլորտում։ Շատերը կարծում են, որ մատուցող կամ սպասուհի աշխատելն ամոթ է, դրա համար էլ գործատուներն առանձնապես մեծ ընտրություն չունեն։ Արդյունքում՝ հյուրանոցային բիզնեսում ներգրավված աշխատակիցների 90 տոկոսն օտար լեզուներ չգիտի, բայց այդպիսիներին, այնուամենայնիվ, գործի են ընդունում, մտածելով՝ ոչինչ, կսովորի…Մեկ այլ խնդիր է գին-որակ համապատասխանության բացակայությունը։ Ինքս երկու տարի ադմինիստրատոր եմ աշխատել մայրաքաղաք Ստեփանակերտի լավագույն հյուրանոցներից մեկում։ Ու մի զավեշտալի միջադեպ եմ մշտապես հիշում։ Էն գլխից հյուրանոցում մարզասրահ կար, որը, սակայն, մի քանի տարի առաջ փակել էին։ Դրա տեղը բացել էին ազգային խոհանոցով ռեստորան։ Բայց ահա պաշտոնական կայքում և գովազդային թերթիկներում այդ փոփոխության մասին ոչինչ չեն գրել։ Ցայսօր։ Աշխատակիցներին էլ զգուշացրել էին՝ մարզասրահի մասին հարցուփորձ անելու դեպքում ասեք, որ, իբր, նորոգվում է…
Ու ահա օրերից մի օր մեր հյուրերից մեկը՝ մի երիտասարդ, ինձ հարցրեց մարզասրահի մասին։ Եւ ես իսկույն ևեթ պատասխանեցի արդեն իսկ սերտած պատասխանով՝ նորոգվում է։ Ու կարող եք պատկերացնել, թե ինչքան անհարմար զգացի ինձ, երբ երիտասարդը տարակուսած ասաց. «Ուղիղ մի տարի առաջ դարձյալ կանգ էի առել ձեր հյուրանոցում և այն ժամանակ էլ էին ասել, որ նորոգվում է։ Վերջ չունի՞ ձեր նորոգումը, թե՞ ամեն տարի նորոգում եք»։ Ամոթից ուզում էի գետինը մտնել։ Այս միջադեպը կարող էր ավելի սուր իրավիճակի հանգեցնել, սակայն բախտի բերմամբ մեր հյուրը բարեսիրտ էր և ավելի հեռուն չգնաց՝ չբողոքեց։
Տարեցտարի աճում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը, սակայն զբոսաշրջային սեզոնը մեզ մոտ բավականին կարճ է, և հյուրերը զբաղվելու շատ բան չունեն՝ ավանդական տեղեր ու եկեղեցիներ այցելելուց զատ։ Զբոսաշրջիկները հիմնականում 2-3 օրից ավել չեն մնում մեզ մոտ։ Իսկ ձմռանն առավել ևս քիչ զբաղմունք կա, ժամանցի վայրերն էլ սահմանափակ են
Միգուցե փորձե՞նք ընթանալ ժամանակին համաքայլ ու զարգացնենք մեր հյուրանոցային ոլորտը։ Թե օգտակար կլինի և թե շահավետ։