Ներածություն
Սույն հոդվածում դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության (որ հանգեցրել է տարածաշրջանում ամենամեծ թվով փախստականների ու ՆՏԱ-ների) համապատկերում բնակչության տեղաշարժված խմբերի համար վերադարձի, դրա իրականացման խոչընդոտների ու հնարավորությունների եւ հնարավոր այլ երկարաժամկետ լուծումների հարցը:
Տեղաշարժի ակունքներն ու մասշտաբները
Բնակչության առաջին բռնատեղահանումները սկսվել են 1987 թվականի վերջին – 1988 թվականի սկզբներին, երբ ադրբեջանցիները փախան Հայաստանում Ղափանի եւ Մեղրիի համայնքային բռնություններից:[2] Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու` Հայաստանի պահանջներով սադրված հակամարտությունն արագորեն թափ հավաքեց եւ 1991 թվականի սկզբին Հայաստանի ողջ ադրբեջանական բնակչությունը (շուրջ 200 հազար մարդ) եւ Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս) ապրող փաստորեն ողջ հայ բնակչությունը` շուրջ 330 հազար մարդ, փախավ համապատասխանաբար[3] Հայաստանից եւ Ադրբեջանից, եւ միջհամայնքային պատերազմը տարածվեց ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ նրանից դուրս:
1991 թվականի վերջից եւ 1992 թվականի սկզբից ի վեր` իր ետեւում իշխանության հսկայական վակուում թողած Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց, հակամարտությունը վերաճեց լայնածավալ պատերազմի: Տեղաշարժն իր բնույթով դարձավ գերազանցապես ներքին, քանի որ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ուժերը տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով ձեռնամուխ եղան էթնիկական զտումների տարրերով գործողությունների:
1992 թվականի կեսերին էթնիկ հայերի ուժերի մի շարք հարձակումների արդյունքում ադրբեջանական բնակչությունը (շուրջ 40 հազար մարդ) լիովին արտաքսվեց Լեռնային Ղարաբաղից: Դրան հետեւեց եւս 47 հազար մարդու տեղաշարժը, ովքեր փախան հարակից Լաչինի շրջանից, որը գտնվում է ԼՂ-ի ու Հայաստանի միջեւ եւ գերազանցապես ադրբեջանցիներով էր բնակեցված:[4] Մոտավորապես 30 հազար հայեր համանման կերպով տեղաշարժվել են ԼՂ-ին հյուսիսից սահմանակից հայաբնակ Շահումյանի շրջանից (ներկայումս այն գտնվում է Գերանբոյի շրջանում):[5]
Վերջին եւ ամենախոշոր բռնատեղահանումը կատարվել է 1993 թվականին, հակամարտության ամենաթեժ շրջանում: 1993 թվականի վերջին, երբ հայերի առաջխաղացումն ադրբեջանական տարածքների խորքը հասել էր իր գագաթնակետին, շուրջ 780 հազար ադրբեջանցիներ դարձան ներքին տեղաշարժված անձինք:[6] Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանական կառավարությունն առաջին անգամ հայտարարեց իր տարածքի 20 տոկոսի զավթման եւ 1 միլիոն փախստականների ու ՆՏԱ-ների առկայության մասին: 1994 թվականի մայիսյան հրադադարի մասին համաձայնագրի կնքման պահին Ադրբեջանին հաջողվել էր վերադարձնել Ֆիզուլիի եւ Աղդամի շրջանների տարածքների ոչ մեծ հատվածներ, եւ հետագա տարիներին մերձճակատային շրջաններից շատ ՆՏԱ-ներ վերադարձել են: Այդուամենայնիվ, իր հրապարակային հայտարարություններում ադրբեջանական կառավարությունը շարունակում է օգտագործել նույն թվերը` 1 միլիոն փախստական եւ ՆՏԱ, թեեւ ընդհանուր թվաքանակը փոքր ինչ նվազ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում կա ավելի քան 200 հազար հպատակագրված փախստական` Հայաստանից տեղափոխված էթնիկ ադրբեջանցիներ եւ շուրջ 560 հազար ՆՏԱ` ԼՂ-ից ու նրան հարակից զավթված շրջաններից[7] (զավթված տարածքները կազմում են երկրի շուրջ 14 տոկոսը):[8]
1. Վերադարձի ադրբեջանական քաղաքականությունը եւ ընկալումը
1.1. Կառավարության քաղաքականությունը ադրբեջանցի փախստականների ու ՆՏԱ -ների նկատմամբ
Ադրբեջանական կառավարությունը ոչ համապատասխան բնակարանային պայմաններ ուներ, ոչ էլ ֆինանսական միջոցներ 1993 թվականին հայկական հարձակողական գործողությունների ընթացքում հայտնված ՆՏԱ-ներին տեղավորելու համար: Առկա բնակարանային ֆոնդի եւ շատ այլ հանրային շենքերի, դպրոցների, հանրակացարանների, մանկապարտեզների ու սանատորիաների մեծ մասն արդեն իսկ զբաղեցված էր ադրբեջանցի այն փախստականների կողմից, ովքեր մինչ այդ լքել էին Հայաստանը եւ բռնատեղահանվել Լեռնային Ղարաբաղից ու Լաչինի շրջանից 1992 թվականին: Կառավարությունը ստիպված եղավ գործ ունենալ եռանիշ եւ նույնիսկ քառանիշ[9] հսկայական սղաճի հետ, ինչը հետեւանք էր խորհրդային դարաշրջանի էկոնոմիկայի ապամոնտաժման եւ ծավալվող պատերազմի, ըստ այդմ էլ այն ի վիճակի չէր համարժեք օգնություն ցուցաբերել փախստականներին: Ի հետեւանս դրա 1993 թվականին ՆՏԱ-ների հիմնական մասը տեղաբաշխվել է հապճեպ ստեղծված վրանաճամբարներում, լքված երկաթուղային վագոններում եւ ժամանակավոր հյուղակներում:
1990-ականների վերջերին` էկոնոմիկայում իրավիճակի կայունացմանը զուգընթաց, Ադրբեջանի կառավարությունն ավելի ակիվ քաղաքականություն էր վարում փախստականների ու ՆՏԱ-ների նկատմամբ, զուտ հումանիտար օգնությունից անցում կատարելով դեպի երկարաժամկետ լուծումներ:
Կառավարությունը քաղաքացիություն է շնորհել Հայաստանից եկած բոլոր ադրբեջանցի փախստականներին` 1998 թվականին քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո: Ըստ օրենքի` այն ադրբեջանցիներին, ովքեր բնակություն են հաստատել Ադրբեջանում 1988 թվականից մինչեւ 1992 թվականը, որը գրեթե ամբողջությամբ կազմված էր Հայաստանից շուրջ 200 հազար ադրբեջանցի փախստականներից եւ շուրջ 50 հազար մեսխեթցի թուրքերից, քաղաքացիություն է շնորհվել: Ընդսմին, համաձայն օրենքի, քաղաքացիության շնորհումը հպատակագրված փախստականներին չի զրկում հայրենի տները վերադառնալու իրավունքից: Նրանք նաեւ ստացան ՆՏԱ-ների համար պետության կողմից նախատեսված արտոնություններից օգտվելու իրավունք: Չնայած այս իրավական վերապահմանը` ադրբեջանցի փախստականների հպատակագրումը նպաստել է նրանց ինտեգրմանը, նախկին փախստականների ու ընդհանուր առմամբ` հանրության շրջանում գերակայող այն կարծիքի ամրապնդմանը, որ այդ կատեգորիայի մարդկանց վերադարձը Հայաստան քիչ հավանական սցենար է:
ՆՏԱ-ների նկատմամբ կառավարության քաղաքականությունը համանման կերպով փոխակերպվել է` զուտ հումանիտար բնույթից անցնելով կյանքի որակի բարելավման: 2001 թվականից կառավարությունը սկսել է խոշոր գումարներ հատկացնել Պետական նավթային ֆոնդից (ՊՆՖ)` փախստականների ու ՆՏԱ-ների համար բնակարանների շինարարության համար:[10] 2004 թվականին` Իլհամ Ալիեւի իշխանության գալուց քիչ անց, նա խոստացավ հեռացնել վրանաճամբարները եւ ՆՏԱ-ներին ավելի արժանի կեցավայր տրամադրել: 2007 թվականի վերջին Ադրբեջանում փակվեց վերջին վրանաճամբարը, եւ շուրջ 100 հազար ՆՏԱ-ներ, որ ապրում էին ամենածանր պայմաններում, տեղափոխվեցին հոծ բնակության հատուկ առանձնացված վայրեր:[11] Կառավարությունը նաեւ զգալիորեն ավելացրել է ՆՏԱ-ներին տրամադրվող պետական աջակցությունը. 1995 թվականին հատկացված 1 միլիոն դոլարը հասել է 348 միլիոնի 2010 թվականին, որից 100 միլիոնը հատկացրել է ՊՆՖ-ն:[12]Սակայն, այն ժամանակ, երբ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում ՆՏԱ-ների կյանքի որակի բարելավման ուղղությամբ, այն նաեւ փորձում էր ապահովել ՆՏԱ-ների համայնքների սոցիալական համախմբվածությունն ու ամբողջականությունը` նրանց բնակության վայրի մերձ լինելու եւ ուծացում չթույլատրելու միջոցով: Այսպես, կառավարությունը շատ բնակավայրեր է կառուցել շփման գծի մոտերքում, որպեսզի ապահովի ՆՏԱ-ների ներկայությունը հայրենի տներին հնարավորինս մոտիկ: Շփման գծին մերձ լինելն անվտանգության որոշակի խնդիրներ է ստեղծում եւ հանդիսանում է որպես վերադարձի այլընտրանք` ներկայիս կեցավայրում ինտեգրվելու` ՆՏԱ-ների հնարավորությունները խոչընդոտող գործոն: ՆՏԱ-ների հետ խորհրդատվություններ չեն անցկացվել նոր բնակավայրերի համար տարածքի ընտրության հարցում եւ, որպես հետեւանք, այդ շրջաններում զբաղվածության համար հնարավորությունների եւ սոցիալական ենթակառուցվածքների բացակայությունն էլ ավելի են խորացնում պետությունից նրանց կախվածությունը:[13]
Պետության կառուցած շենքերում տեղաբաշխված ՆՏԱ-ներն իրենց բնակարանների սեփականատերը չեն, ուստի չեն կարող դրանք վաճառել կամ վարձակալման տալ: Կառավարությունը ՆՏԱ-ներին նաեւ բացառել է սեփականաշնորհման գործընթացից, թեեւ ՆՏԱ-ների համար ոչ մի սահմանափակում չկա անշարժ գույք ու հող գնելու համար: ՆՏԱ-ն եթե տուն է առնում կամ դառնում դրա տերը մեկ այլ վայրում, ապա կորցնում է ՆՏԱ-ի կարգավիճակը, ինչն էլ ՆՏԱ-ների մեծ մասը չի ուզում (տես ստորեւ):
Ամբողջ Ադրբեջանով մեկ ցրված ՆՏԱ-ների համայնքներն առաջվա պես պահպանում են իրենց լիազորություններն արտաքսման մեջ` դպրոցները, բժշկական կլինիկաները եւ այլ սոցիալական ենթակառուցվածքներ: Թեեւ ՆՏԱ-ները կարող են ազատ տեղաշարժվել եւ բնակության վայր ընտրել` կառավարությունը օգնությունն ու սոցիալական նպաստների մատչելիությունը կապել է ժամանակավոր գրանցման վայրի հետ, դրանով իսկ խոչընդոտելով այն տեղից հեռանալուն, որն իրենց համար նախատեսել է կառավարությունը: Ի հետեւանս դրա շատ ընտանիքներ կիսվել են` տղամարդիկ աշխատանք փնտրելու նպատակով մեկնել են Բաքու կամ արտասահման, իսկ ընտանիքի մյուս անդամները մնացել են այնտեղ, որտեղ գրանցված են:[14]
Այս միջոցների նպատակը ՆՏԱ-ների շրջանում գերակայող այն ընկալման պահպանումն ու ամրապնդումն է, ըստ որի վերադարձը իրենց տեւական խնդիրների լուծման միակ երկարատեւ տարբերակն է: Այսպիսով, կառավարությունը հայտնվել է մարտահրավերի առաջ. հավասարակշռել ՆՏԱ-ների համայնքների սոցիալական համախմբվածությունը պահպանելու ցանկությունը եւ պետական աջակցությունից զատ կայուն գոյամիջոցների ապահովումը:
1.2. ՆՏԱ-ների ընկալումը
Քննադատության էությունն այն է, որ նման քաղաքականությունն ուժեղացնում է ՆՏԱ-ների սոցիալական մարգինալացումը եւ պետությունից նրանց կախվածությունը: Թեեւ սույն քննադատությունն որոշ առումով արդարացի է, բայց կա նաեւ մեդալի մյուս երեսը, իմա` շատ ՆՏԱ-ներ հենց իրենք են համարում, որ վերադարձն իրենց տեւական խնդիրների միակ հուսալի լուծումն է: Նրանք վախենում են, որ տեղական համայնքներում ուծացումը կհանգեցնի որպես ղարաբաղցի նրանց նույնականության կորստին, ինչպես նաեւ ի չիք կդարձնի հանրային ճնշումը կառավարության վրա, որպեսզի վերջինս զբաղվի հակամարտության կարգավորմամբ եւ ապահովի իրենց վերադարձը:[15]
ՆՏԱ-ների ավելի ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես մտահոգ են այն բանով, որ երիտասարդությունը կամ ընդհանրապես ոչ մի հիշողություն չունի Ղարաբաղի մասին, կամ էլ այդ հիշողությունն այնքան աննշան է, որ երիտասարդները չեն ունենա իրենց ծնողների հողին զգացական կապվածություն: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր ապրում են Բաքվում եւ այլ քաղաքներում, ավելի քիչ հակվածություն կարող են ունենալ իրենց նախնիների հողերում մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադառնալուն: Բայց նույնիսկ այն երիտասարդները, ովքեր ծնվել են իրենց ծնողների Բաքու կամ այլ վայր տեղափոխվելուց հետո, առաջվա պես իրենց նույնականացնում են իրենց նախնիների հայրենի վայրերի հետ: Անգամ եթե նրանք չկարողանան վերադառնալ, ապա կշարունակեն ցանկանալ, որպեսզի իրենց կարծիքները հաշվի առնեն առաջին հերթին: Անկախ այն բանից, թե որ սերնդին են պատկանում, շատերն անարժանապատիվ են համարում որպես ՆՏԱ ապրելը եւ տեղական ինտեգրացիան չեն դիտարկում որպես բռնատեղահանումից ծագած զգացական վնասվածքից ազատվելու միջոց:
Ինչպես նշվեց վերեւում, շատ ՆՏԱ-ներ չեն ուզում կորցնել իրենց կարգավիճակը: Մասամբ դա պայմանավորված է ՆՏԱ-ներին տրվող պետական նպաստներից օգտվելուց չզրկվելու ցանկությամբ, նպաստներ, որոնք ներառում են ամենամսյա համեստ սննդակարգ, կոմունալ վճարներից, հարկերից վիրտուալ ազատում, ինչպես նաեւ անվճար բարձրագույն կրթություն նրանց համար, ովքեր հաջողությամբ հանձնել են քննությունները, պետական տարբեր փաստաթղթերի համար վճարումներից ազատում եւ մի շարք այլ առավելություններ: Հնարավոր է` առավել կարեւորն այն է, որ շատ ՆՏԱ-ներ ուզում են պահպանել իրենց կարգավիճակը այն մտահոգությունից ելնելով, որ դրա կորուստը կխոչընդոտի վերադարձի եւ հայրենի տներում գույքի պահանջի նրանց իրավունքին:
Ադրբեջանցի ՆՏԱ-ները դեռեւս ի վիճակի չեն ազատ եւ գիտակցված ընտրություն կատարել առ այն, թե որն է իրենց խնդիրների լավագույն երկարատեւ լուծումը` վերադառնա՞լը, ներկայիս կեցավայրում ինտեգրե՞լը, թե այլ վայր տեղափոխվելը: Այն հարցին, թե արդյո՞ք ուզում են վերադառնալ, Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից ՆՏԱ-աների մեծամասնությունը պատասխանում է, որ մտադիր է վերադառնալ: Սակայն իրականում նրանցից շատերը հակված են հետաձգելու իրենց վերջնական որոշումը` քանի դեռ ձեռք չի բերվել հակամարտության քաղաքական լուծում: Ինչպես եւ համանման մյուս բոլոր դեպքերում` վերադարձի մասին որոշումը մեծապես պայմանավորված է լինելու նրանց համար անվտանգության երաշխիքներով: Լեռնային Ղարաբաղ վերադարձի պարագայում նման որոշումը էապես կախված է լինելու նաեւ այն բանից, թե ինչ կերպ է լուծվելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
Քանի դեռ չկա հակամարտության քաղաքական լուծում` ադրբեջանցի ՆՏԱ-ները պասիվ դիրքորոշում են ունենալու վերադարձի եւ տեղում ինտեգրվելու միջեւ ընտրություն կատարելու իրենց իրավունքի հարցում: ՆՏԱ-ների խնդիրների երկարատեւ լուծում գտնելու` ինչպես Ադրբեջանի կառավարության, այնպես էլ միջազգային հանրության ջանքերը սահմանափակ արդյունք են տալու: ՆՏԱ-ներից շատերն առաջվա պես ընկալելու են տեղում ինտեգրվելու եւ վերադառնալու հնարավորության իրավունքի պահպանման միջեւ այս ընտրությունը որպես զրոյական գումարով խաղ, ուստի եւ մնալու է ինտեգրմանը ներքին դիմակայությունը: Միայն հակամարտության` վերադարձի իրավունք ապահովող լուծումից հետո ադրբեջանցի ՆՏԱ-ները կկարողանան իրապես ազատ եւ գիտակից ընտրություն կատարել. թե առաջարկվող տարբերակներից որն է հանդիսանում լավագույն երկարատեւ լուծում, իմա` վերադարձ, տեղում ինտեգրում կամ երկրի այլ շրջաններ տեղափոխություն:
2.Վերադարձի քաղաքականացում եւ խափանարարություն
2.1.Վերադարձի հարցը որպես բանակցությունների առարկա
Թեեւ ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը մեծապես տուժել են բռնատեղահանումից` նկատելի տարբերություն կա վերադարձի հարցի նկատմամբ յուրաքանչյուր կողմի լայն հանրության եւ քաղաքական ղեկավարության կողմից տրվող նշանակալիության եւ անհետաձգելիության ընկալման միջեւ:
Ադրբեջանցիների մեծ մասի համար` անկախ նրանից, ՆՏԱ են, թե ոչ, տեղաշարժված ադրբեջանցիների վերադարձը զավթված տարածքների իրենց մշտական բնակության վայրերը կարեւոր բաղկացուցիչ է հանդիսանում, առանց որի խաղաղ կարգավորման ոչ մի առաջարկ չի կարող լինել: Համապատասխանաբար, զավթված տարածքներ ադրբեջանցիների վերադարձը Բաքուն դիտարկում է որպես հակամարտության կարգավորման երկրորդ հիմնական նպատակ` երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո:[16]
Հայերի մեծ մասի համար, այդ թվում նրանց համար, ովքեր տեղաշարժվել են հակամարտության արդյունքում եւ ներկայումս ապրում են Հայաստանում, արտերկրում կամ վերաբնակվել են զավթված տարածքներում, նախքան պատերազմն ունեցած իրենց տները վերադառնալն իրենից այնպիսի առանձնակի կարեւորություն չի ներկայացնում, ինչպես ադրբեջանցիների համար: Քաղաքական ուղղույթում ավելի շատ ուշադրություն է դարձվում հայ փախստականների տեղական ինտեգրմանը եւ վերաբնակեցմանը, հատկապես զավթված տարածքներում, որոնք նախկինում բնակեցված էին ադրբեջանցիներով:
Այս մոտեցումների տարբերությունը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Ադրբեջանը ցանկանում է վերականգնել մինչպատերազմյան ժողովրդագրական վիճակը, ի չիք դարձնել այն, ինչ հայերը ձեռք են բերել պատերազմի արդյունքում, ինչպես նաեւ վերականգնել իր ինքնիշխանությունը զավթված տարածքներում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից` հայերն ուզում են ամրապնդել տարածքների նկատմամբ իրենց վերահսողության ապահովման նպատակով կիրառված ուժի արդյունքում ստեղծված էթնիկական տարանջատումը: Այն փաստը, որ բանակցությունները «պտտվում» են Լեռնային Ղարաբաղում ժողովրդական քվեարկության գաղափարի շուրջ (ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու համար), նպաստում է այն կարեւորության մեծացմանը, որը երկու կողմերից էլ տրվում է հակամարտության կարգավորումից հետո ստեղծվելիք ժողովրդագրական պատկերի հարցին:[17] Արդյունքում վերադարձի հումանիտար հարցը ծայրահեղ քաղաքականացվում է երկու կողմերից էլ:
Հայերի ու ադրբեջանցիների մոտ համաձայնություն չկա ժամկետների ու պայմանների շուրջ, որոնց պարագայում վերադարձը կարող է լինել հնարավոր ու ցանկալի: Ադրբեջանը պնդում է, որ ՆՏԱ-ների վերադարձը (այդ թվում` Լեռնային Ղարաբաղ) պիտի լինի նախքան տարածքի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը: Ադրբեջանը, սակայն, նաեւ ընդունում է, որ ՆՏԱ-ների վերադարձն աստիճանական գործընթաց է լինելու, որը, ամենայն հավանականությամբ, սկսվելու է Լեռնային Ղարաբաղից դեպի արեւելք ու հարավ ընկած 5 հարթավայրային շրջանների (Աղդամ, Ֆիզուլի, Ղուբաթլու, Ջաբրայիլ, Զանգելան), իսկ այնուհետեւ վերադարձ Քելբաջար ու Լաչին եւ, վերջապես, բուն Լեռնային Ղարաբաղ: Հայերն էլ իրենց կողմից պնդում են, որ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձը, կամ էլ ավելի ծայրահեղական տեսանկյունից` զավթված բոլոր տարածքներ վերադարձը (ներառյալ Լեռնային Ղարբաղի շուրջ տարածքները) պիտի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո:
Միջազգային հանրությունը սատարում է բոլոր տեղաշարժված անձանց վերադարձի իրավունքը: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2005 թվականի բանաձեւում անհանգստություն է արտահայտված առ այն, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը «հանգեցրել է էթնիկական խմբերի լայնածավալ արտաքսմանը եւ մոնոէթնիկ տարածքների ստեղծմանը, որոնք նմանություն ունեն էթնիկական զտումների ահավոր երեւույթի հետ» եւ հաստատել է «հակամարտության գոտուց տեղաշարժված անձանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը»:[18]
2008 թվականին ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովը նույնկերպ «հաստատել է իրենց տները վերադառնալու` Ադրբեջանական Հանրապետության զավթված տարածքներից արտաքսված բնակչության անկապտելի իրավունքը» եւ ընդգծել է «վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»:[19] 2010 թվականի մայիսին Եվրախորհրդարանը պահանջել է «Ադրբեջանի բոլոր զավթված տարածքներից հայկական ուժերի դուրսբերում» եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել «ցուցադրելու սեփական հակվածությունը` ստեղծելու ազգամիջյան խաղաղ հարաբերություններ տեղաշարժված անձանց վերադարձի համար գործնական նախապատրաստության միջոցով»:[20] Միջազգային ճգնաժամային խումբն իր երաշխավորագրերում նույնպես ղարաբաղյան հայկական իշխանություններին կոչ է արել դադարեցնել նախկինում գերակշռող ադրբեջանական բնակչություն ունեցած տարածքների վերաբնակեցումը հայերով:[21]
2.2.Հայկական ուղղույթն ընդդեմ վերադարձի
Ղարաբաղյան հակամարտության պարագայում վերադարձի խնդրի բարդությունը հասկանալու համար հարկ է դիտարկել ադրբեջանցիների վերադարձի դեմ հայերի հիմնական փաստարկները: Որպես Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ ադրբեջանցիների վերադարձի չընդունման արդարացում հայկական քաղաքական ուղղույթում գերակշռում են մի քանի բանավիճային եւ ընտրովի փաստարկներ, որոնցում զուգակցվում են անվտանգության ժամանակակից պատկերացումները եւ անցյալի պատմական վիրավորանքները:
Կա ընդհանուր ընկալում այն բանի, որ ադրբեջանցիների վերադարձ չի կարող լինել, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ ու հուսալի պայմաններ ինչպես տեղացի հայերի, այնպես էլ ադրբեջանցի հայրենադարձների համար: Ելնելով այս թեզիսից` հայկական քաղաքական ուղղույթում անվտանգության ընդունելի երաշխիքը հրամցվում է որպես Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ միացում Հայաստանին: Քանի որ Ադրբեջանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի անկախությանը` սույն տեսանկյունի ջատագովները պնդում են, որ ադրբեջանցիների ցանկացած վերադարձ կորստաբեր կլինի հայերի անվտանգության համար: Նման դիրքորոշումը հակամարտության մեղմացման ցանկացած ջանք դարձնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի դժվարհասանելի հարցի պատանդը, քանի որ այս հարցում ադրբեջանցիներն ու հայերը տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն: Ի հետեւանս դրա` բանակցությունները որեւէ արդյունքի չեն հանգեցնում ահա գրեթե երկու տասնամյակ այն պահից, երբ 1994 թվականին ձեռք բերվեց զինադադարի մասին համաձայնագիր, իսկ հակամարտությունն էլ մնում է չկարգավորված եւ վտանգավոր:
Անվտանգության մասին փաստարկն այնուհետեւ ամրապնդվում է այսպես կոչված «պատճառահետեւանքային» փաստարկումներով: Քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության պատճառն է հանդիսանում, ինչպես պնդում են հայկական էլիտաները, ապա Ադրբեջանի տարածքների զավթումը եւ ադրբեջանցիների տեղաշարժն իրենց տներից հանդիսանում են ղարաբաղյան հայերի «ինքնորոշման[22] իրավունքի խաղաղ արտահայտման դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները»: Սույն փաստարկն, այսպիսով, խարսխվում է ոչ վաղեմի պատմության աղճատված նարատիվի վրա եւ ծառայում է մարդկանց տեղաշարժի այսօր հրատապ հարցից ուշադրությունը շեղելուն դեպի անպտուղ վեճերն առ այն, թե ով է առաջինը սկսել հակամարտությունը:
Ադրբեջանցիների վերադարձի իրավունքի դեմ մեկ այլ փաստարկ է հանդիսանում «փոխադարձությունը»: Համաձայն այդ փաստարկի` ադրբեջանցիները կարող են Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ վերադառնալ միայն այն դեպքում, եթե հայերը նույնկերպ կարողանան վերադառնալ Ադրբեջան: Թեեւ այն միանգամայն լեգիտիմ է թվում եւ դա, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը չի վիճարկում, այս փաստարկը հաճախ օգտագործվում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը ժխտելու համար: Հայ փախստականների մեծ մասը չի ուզում վերադառնալ եւ, թվում է, ոչ հայկական կառավարությունը, ոչ էլ ղարաբաղյան հայկական իշխանությունները շահագրգռված չեն, որպեսզի նրանք վերադառնան ադրբեջանական իրավասության տակ գտնվող շրջաններ: Դրա փոխարեն, ինչպես ցույց է տրվելու հաջորդ բաժնում, նրանք նախընտրում են հայ ՆՏԱ-ներին տեղաբաշխել այն շրջաններում, որտեղ նախկինում ադրբեջանցիներ էին ապրում` տարածքի նկատմամբ իրենց նկրտումներն ամրապնդելու համար:
Անվտանգության փաստարկները եւ պատճառահետեւանքային փաստարկումները հաճախ զուգակցվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքերով հայերի գենոցիդի մասին ընտրովի պատմական նարատիվներով: Հայերի գենոցիդի մասին ուղղույթը միտումնավոր կերպով շաղկապվել է հայ-ադրբեջանական ժամանակակից հակամարտությանը եւ հայ հանրությանն է ներկայացվել որպես պայքար իրենց դեմ եւս մի «գենոցիդի» (այս անգամ` արդեն թուրքերին ցեղակից ադրբեջանցիների կողմից)[23] կանխման համար:
Հակամարտության այսպիսի նկարագրությունն էլ ավելի ծայրահեղ է դարձնում հանրության տեսակետները Հայաստանում եւ Ղարաբաղում, ամրապնդելով ցանկացած վերադարձի եւ ադրբեջանցիների հետ համատեղ գոյակցության նրանց ժխտողականությունը: Ճակատագրի հեգնանքով Ադրբեջանից պարբերաբար հնչող պատերազմական սպառնալիքը հայ ազգայնականներին օգնում է հայկական հանրային գիտակցության մեջ էլ ավելի ամրապնդելու թշնամու կերպարն ի դեմս ադրբեջանցու-թուրքի:
2.3. Էթնիկական խմբերի նկատմամբ ձեռնածությունների քաղաքականություն
Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից տարածքների բնակեցման հայկական փորձերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ՆՏԱ-ների ապագա հնարավոր վերադարձի եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «զավթման ներկայիս ստատուս-քվոյի հետագա ամրապնդմանն ուղղված հետեւողական ջանքերում»` վերաբնակեցումը, ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության ու գույքի յուրացումը խթանելու միջոցով:[24] Բաքվում պնդում են, որ զավթված տարածքներում հայերի գործողությունները Ժնեւի եւ Հաագայի կոնվենցիաների խախտում է հանդիսանում, կոնվենցիաներ, որոնք արգելում են բնակավայրեր կառուցել զավթված տարածքներում եւ ոտնձգություններ անել պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
Ադրբեջանի պահանջով ԵԱՀԿ-ն երկու փաստահավաք առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ` 2005 թվականի փետրվարին եւ բոլորովին վերջերս` 2010 թվականի դեկտեմբերին: Վերջին առաքելության մեկ շաբաթ տեւած ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է հաշվետվություն, որում վերաբնակիչների թիվը գնահատվում է 14 հազարով պակաս, քան պնդում էին հայերն ու ադրբեջանցիները:[25] Հիմք ընդունելով նշյալ հաշվետվության եզրակացությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան իշխանություններին կոչ են արել խուսափել տեղաշրջանի ժողովրդագրական կառուցվածքի փոփոխմանն ուղղված գործողություններից, որոնք կարող են «վնաս հասցնել վերջնական կարգավորմանը, կամ փոփոխել այդ տարածքների կերպարը»:[26]
Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո նախագահ Բակո Սահակյանը պարբերաբար հայտարարում է, որ զավթված տարածքների վերաբնակեցումը հանդիսանում է «պետական քաղաքականության կարեւորագույն ռազմավարական բաղկացուցիչը»:[27] Միջազգային ասպարեզում, սակայն, Երեւանը պաշտոնապես հերքում է նման գործունեության մեջ ներգրավված լինելը, սակայն Երեւանում այն արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ:[28] Նախագահ Սերժ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարն է, մի կառույցի, որը համակարգում է հայության եւ Սփյուռքի ջանքերը գումարների հավաքման եւ Լեռնային Ղարաբաղում ու նրան հարակից տարածքներում վերաբնակեցումը ֆինանսավորելու համար: Հայ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակային կոչեր են անում ի նպաստ Ղարաբաղի վերաբնակեցման ջանքերի:[29] Լեռնային Ղարաբաղի բյուջեի կեսից ավելին (ներառյալ վերաբնակեցմանը դե-ֆակտո իշխանությունների կողմից տրամադրվող միջոցները) ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեի հաշվին:[30]
Վերաբնակեցման հայկական ջանքերի մեծ մասն ուղղվում է Լաչին` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող ռազմավարական կետը: Վերաբնակեցման համեմատաբար նվազ ծավալ է արձանագրվել Շուշիում, Քելբաջարում եւ Զանգելանում: Հայկական աղբյուրների համաձայն, որոնք էլ մեջբերել է Միջազգային ճգնաժամային խումբը, Ադրբեջանից մինչեւ 30 հազար հայ փախստականներ Հայաստանում, Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում որոշ ժամանակ ապրելուց հետո բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում:[31]
Թեեւ ադրբեջանցիների թողած գույքը բավարար էր հայ փախստականներին բուն Հայաստանում[32] տեղավորելու համար` պաշտոնական Երեւանը շատ փախստականների խրախուսում էր վերաբնակվելու զավթված ադրբեջանական տարածքներում: Վերաբնակիչները կարող են ստանալ Հայաստանի քաղաքացիություն, բայց նրանց անձնագրերում կա հատուկ նշում, որը ցույց է տալիս նրանց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի լինելը»:
Որպես խթան վերաբնակիչներին անհատույց տրամադրվում են տներ եւ հողամասեր, կոմունալ ծախսերը մարելու նպաստներ կամ այդ ծառայությունների անվճար մատուցում, ցածր հարկեր, անասուններ եւ գյուղմթերքներ ձեռք բերելու նպատակով միանվագ ֆինանսական օգնություն: Վերաբնակիչները կարող են տների սեփականատեր դառնալ անվճար` երեք տարի այնտեղ ապրելուց հետո:[33]
Ծնելիության բարձր մակարդակի խթանումը մեծ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում հետպատերազմյան ժողովրդագրական իրավիճակի ամրապնդման հայկական քաղաքականությունում: Դե-ֆակտո իշխանությունները ընտանիքներին 270 ԱՄՆ դոլար են վճարում առաջին երեխայի եւ 550 դոլար` երկրորդ երեխայի համար:[34] Երրորդ երեխայից սկսած բանկում հատուկ դեպոզիտային հաշիվ է բացվում յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Իշխանությունները տներ են կառուցում մինչեւ 18 տարեկան յոթ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար:
Վերաբնակեցմանն ուղղված ջանքերում մեծ դեր է խաղում հայկական սփյուռքը: Դրա արտառոց եւ միանգամայն ակնառու օրինակն է հանդիսանում 2008 թվականին շուրջ 700 երիտասարդ զույգերի զանգվածային հարսանիքը, որը կազմակերպվել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հովանավորությամբ: Այն կայացել է Շուշիում, որտեղ ադրբեջանական բնակչությունը նախկինում մեծամասնություն էր կազմում: Յուրաքանչյուր զույգի խոստացել են 2000 ԱՄՆ դոլար առաջին երեխայի, 3000 դոլար երկու երեխաների, 10 հազար` չորս երեխաների, 20 հազար` հինգ երեխաների, 50 հազար` վեց երեխաների եւ 100 հազար` յոթ երեխաների համար:[35]
ԱՄՆ հայկական բարեգործական կառույցները, այնպիսին, ինչպիսին են Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ «Թուֆենկյան» հիմնադրամը, նույնպես ակտիվորեն մասնակցում են այդ ծրագրերին, բացահայտ խրախուսելով հայերով բնակեցումը Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում: Օրինակ, «Թուֆենկյան» հիմնադրամը մի քանի գյուղ է հիմնել Լաչինի շրջանում, որը հայկական իշխանություններն անվանափոխել են Քաշաթաղի:[36] Լինելով հակամարտության կարգավորման առաջատար միջնորդ` ԱՄՆ-ն պիտի իր բարոյական պարտքը համարի այդ հիմնադրամների գործունեության հիմքերը վերանայելը եւ այն հարկային սողանցքերը փակելը, որոնք այդ կազմակերպություններին թույլ են տալիս չհարկվող միջոցներն ուղղել վերաբնակեցման հայկական ջանքերին եւ դրանով իսկ կանխել խաղաղության հասնելու ջանքերի խափանարարությունը:
Թեեւ վերաբնակների մեծ մասը Ադրբեջանից հայ փախստականներ են, նրանց թվում շատ են նաեւ ֆինանսական խթաններով այստեղ ներգրավված հայ քաղաքացիները: Այսպես, Զանգելանի շրջանում Հայաստանից վերաբնակները տեղաբաշխվել են Վան, Մուշ, Ալաշկերտ, Բերկրի անվանված գյուղերում. այս բոլոր անվանումները քաղաքների անուններ են Արեւելյան Թուրքիայում, որը հայերն անվանում են Արեւմտյան Հայաստան: Այդ բնակավայրերի անվանումների ընտրությունը պերճախոս կերպով վկայում է այն փաստի մասին, որ հայկական ազգայնական ուղղույթում շահարկվում է թուրքերի նկատմամբ վիրավորվածությունը` ադրբեջանցիների դեմ այսօրվա էթնիկ հավաքագրման նպատակներով:
Հայկական իշխանությունները նաեւ հնագիտական պեղումներն են օգտագործում «ապացուցելու» համար տեղաշրջանում հայկական արմատների իսկզբանեությունը եւ ուժեղացնելու համար իրենց հավակնությունները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ հարակից շրջանների նկատմամբ: Աղդամի մոտերքում հնագիտական պեղումների արդյունքում բացվել են այն կառույցի ավերակները, ինչը հայերն այժմ անվանում են հայկական Տիգրանակերտ քաղաք: 2010 թվականի նոյեմբերին դե-ֆակտո հայկական իշխանությունները Աղդամը (մինչեւ պատերազմը նրա բնակչությունը կազմում էր 30 հազար) վերանվանել են Ակնա: Նույնպես 2010 թվականի նոյեմբերին ղարաբաղյան հայկական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են վերականգնել մի քանի մզկիթներ Շուշիում` «տեղաշրջանի մահմեդական ժառանգության պահպանման» նպատակով:[37] Ադրբեջանը հիվանդագին է արձագանքում իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ հայկական ոտնձգություններին, հատկապես Շուշիում, որը խորհրդանշական կարեւոր նշանակություն ունի ադրբեջանցիների համար, քանի որ պատմական Ղարաբաղի մայրաքաղաքը հանդիսացած այս քաղաքում են ծնվել ադրբեջանական մշակույթի բազմաթիվ հայտնի դեմքեր:
Միջազգային ճգնաժամային խումբը գրում է. «զավթված տարածքներում նմանօրինակ գործողությունները բխում են ոչ թե պատմության նկատմամբ հետաքրքրությունից, այլ տեղերում նոր իրականություն ամրապնդելու ցանկությունից»:[38] Որոշակի իմաստով Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում հայկական իշխանությունների գործողությունները պաղեստինյան զավթված տարածքներում իսրայելական եւ Հյուսիսային Կիպրոսում թուրքական քաղաքականության հայելային պատճենն են հանդիսանում: Սակայն Լեռնային Ղարաբաղում այս քաղաքականության ծավալումն անիրականալի է, նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցության անհամապատասխանությունը Իսրայելի ու Պաղեստինի եւ Թուրքիայի ու Կիպրոսի համեմատությամբ: Նման, թեեւ սահմանափակ, գործողությունները բարդացնում են խաղաղ գործընթացը, նեղացնելով խաղաղ կարգավորման շանսերը, ուստի դրանցից հարկ է հրաժարվել:
3. Վերադարձի այլընտրանքները
Միջազգային սովորական իրավունքի համաձայն` ինչպես պետությունները, այնպես էլ չճանաչված կազմավորումները պարտավոր են փախստականներին ու ՆՏԱ-ներին թույլ տալ վերադառնալու եւ ապահովել նրանց գույքի ռեստիտուցիա կամ փոխհատուցում: Սակայն գործնականում վերադարձը եւ ռեստիտուցիան բանակցային գործընթացների առարկա են դառնում, որոնց վրա ազդում են քաղաքական որոշումներն ու փոխզիջումները:
3.1. Ռեստիտուցիա հայ եւ ադրբեջանցի փախստականների համար
Ինչպես նշվել է վերեւում` ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կառավարությունները վերադարձը չեն դիտարկում որպես Հայաստանից եւ Ադրբեջանից տեղաշարժված փախստականների մեծամասնության համար նախընտրելի տարբերակ: Նույնը վերաբերվում է ադրբեջանցի եւ հայ փախստականների մեծ մասին (հավանաբար, ուշագրավ բացառություն է կազմում ներկայիս Գերանբոյի շրջանից տեղաշարժված հայերի մի մասը), ովքեր վերադարձը չեն դիտարկում որպես դյուրին իրականալի եւ ցանկալի տարբերակ իրենց իսկ համար:Միջազգային կազմակերպությունները եւս նույնկերպ գտնում են, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տեղական ինտեգրումը լավագույն եւ իրատեսական տարբերակն է այդ փախստականների համար:
Սակայն ֆիզիկական վերադարձը նախապայման չէ գույքի ռեստիտուցիայի համար: Հայ եւ ադրբեջանցի փախստականների մեծամասնությունն առայսօր հակված է իրենց լքած տները հետ վերադարձնելուն կամ դրանց համար փոխհատուցում ստանալուն: Այդ պահանջը բարդանում է նրանով, որ թողած գույքի մեծ մասը սեփականաշնորհված չէր կամ էլ տեղաշարժի պահին տեխնիկապես իրենից ներկայացնում էր պետական սեփականություն: Խորհրդային իրավահամակարգը (մինչեւ 1980-ականների վերջը) գույքի նկատմամբ մասնավոր սեփականություն չէր ընդունում, այն ժամանակ ընդունելի էր միայն պետական եւ կոլեկտիվ սեփականություն: Քանի որ հայ եւ ադրբեջանցի փախստականների տեղաշարժը տեղի է ունեցել նախքան Խորհրդային Միության փլուզումը, փախստականների մեծ մասի տները նրանց սեփականությունը չէին հանդիսացել: Ադրբեջանցիները չեն կարողացել, իսկ հայերի միայն մի փոքր մասն է կարողացել գույքը սեփականաշնորհել նախքան տեղաշարժը, այդ իսկ պատճառով փախստականների մեծամասնության իրավական դիրքերը բավականին թույլ են նախապատերազմյան ժամանակաշրջանի իրենց տների նկատմամբ պահանջների տեսանկյունից: Հետեւաբար, գույքի ռեստիտուցիան եւ փոխհատուցումն այդ փախստականների համար լուծվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ քաղաքական մակարդակով: Գլխավորն այստեղ հանդիսանում է այն, որպեսզի կողմերից ոչ մեկը չուռճացնի իր կորուստները կամ էլ այդ հարցը չվերածի ՆՏԱ-ների վերադարձի կանխման միջոցի:
Տեղաշարժի ամենասկզբում որոշ հայերի ու ադրբեջանցիների հաջողվել է փոխանակել գույքը Հայաստանում եւ Ադրբեջանում: Ըստ հայկական աղբյուրների` Հայաստանում ապրող ավելի քան 80 հազար ադրբեջանցիներ փոխանակել են իրենց գույքը Ադրբեջանից հայ փախստականների հետ:[39] Հնարավոր չէ ստուգել այդ փաստը, քանի որ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կառավարությունները չեն խրախուսել նման մասնավոր նախաձեռնությունները, եւ գոյություն չունի որեւէ լիարժեք հետազոտություն, որը թույլ կտար ճշտելու նման մասնավոր փոխանակումների թիվը:
Նման կարգի առավել հետաքրքրական դեպք է գույքի փոխանակումը Հայաստանի հարավում գտնվող Կըզըլ Շաֆագ եւ Կենտրոնական Ադրբեջանում գտնվող Քերքենջ հայկական գյուղի բնակիչների միջեւ: 1989 թվականին` հայերի ու ադրբեջանցիների տեղաշարժի ամենաթեժ պահին, տեղի ունեցած այդ փոխանակումն իրենից բացառիկ դեպք է ներկայացնում այն առումով, որ այն եղել է երկու ժողովուրդների միջեւ գյուղերի կոլեկտիվ փոխանակման առաջին եւ միակ դեպքը: Համայնքներն առայսօր հավատարիմ են գերեզմանոցների փոխադարձ խնամքի պայմանավորվածությանը, նրանք պարբերաբար փոխանակում են իրենց գյուղերի մասին սիրողական տեսանյութեր Վրաստանի տարածքով:[40]
Գույքի այդօրինակ մասնավոր փոխանակումները հանդիսանում են հայ եւ ադրբեջանցի փախստականների համար ռեստիտուցիայի արդյունավետ միջոց:
3.2. ՆՏԱ-ները եւ այլընտրանքային լուծումների որոնման մասին որոշումը
Ադրբեջանցի ՆՏԱ-ների հարցն ավելի բարդ է, քանի որ նրանց պահանջները վերաբերում են ոչ միայն գույքի ռեստիտուցիային, այլեւ ֆիզիկական վերադարձին: Ի տարբերություն փախստականների` ՆՏԱ-ները, միջազգային սովորական իրավունքի համաձայն, իրավունք ունեն ընտրելու երեք տարբերակներից մեկը` վերադառնալ իրենց տները, ինտեգրվել տեղաշարժված վայրում կամ էլ` բնակություն հաստատել երկրի այլ մասում:[41]
Ընդհանուր առմամբ, ՆՏԱ-ների որոշ կատեգորիաներ նվազ հակված են վերադարձին, քան ուրիշները, եւ ամենայն հավանականությամբ նրանք ձգտելու են տեղում ինտեգրվելուն կամ այլ վայր տեղափոխվելուն: Այսպիսով, ընդունված է կարծել, որ քաղաքներում բնակություն հաստատած ՆՏԱ-ները, որպես կանոն, նվազ խթաններ ունեն վերադարձի համար, քան նրանք, ովքեր ապրում են գյուղական վայրերում:Դա այն պատճառով, որ նրանք ավելի շատ են ինտեգրվել տեղի հանրությանը եւ ավելի լայն հնարավորություններ ունեն աշխատանք գտնելու եւ ավելի լավ սոցիալականացված ենթակառուցվածքներից օգտվելու համար: Ըստ գնահատումների` բոլոր ՆՏԱ-ների կեսից ավելին ապրում է քաղաքներում, նրանց մեկ երրորդը` Բաքվում: Ընդունված է նաեւ կարծել, որ ՆՏԱ-ների երիտասարդ սերունդը, հատկապես` քաղաքում ապրողները, նվազ հակված են դեպի վերադարձը, քան ավագ սերնդի ներկայացուցիչները:
Եւս մի կարեւոր գործոն, որն ազդելու է ՆՏԱ-ների վերջնական որոշման վրա, տեղաշարժի աշխարհագրական գոտին է: Նրանց համար, ովքեր գտնվում են Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում, հեշտ է լինելու վերադառնալը, քանի որ նրանք շարունակելու են մեծամասնություն կազմել իրենց վերադարձի շրջանում եւ ապրել անմիջականորեն ադրբեջանական իրավազորության ներքո: Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի ՆՏԱ-ների վերադարձի համապատկերում մենք խոսում ենք այսպես կոչված «փոքրամասնության վերադարձի» մասին, քանի որ այնտեղ վերադարձող բնակչությունը փոքրամասնություն է կազմելու եւ նրանց հարկ է լինելու կիսել իշխանությունը տեղի հայ մեծամասնության հետ:[42] Ուշադրության առնելով անվտանգության խնդիրը եւ ռազմական ժամանակաշրջանի մասին հուշերը` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին որոշումը դժվար որոշում է լինելու շատ ՆՏԱ-ների համար, երբ արդեն նրանք հնարավորություն կստանան իրականացնելու վերադարձի իրենց իրավունքը: Միանգամայն հավանական է, որ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցիների մի որոշ մասը տեղում ինտեգրվելը կնախընտրի վերադարձից. նրանք պարզապես կնախընտրեն այցելել իրենց տները Լեռնային Ղարաբաղում եւ առաջին հերթին Շուշիում, այստեղ գալով ու հանգստանալով միայն ամռանը:
Լեռնային Ղարաբաղ վերադարձող ադրբեջանցիների մեծ մասն, ամենայն հավանականությամբ, կժողովվի Շուշիի շրջանում, որը մինչեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի միակ քաղաքն ու շրջանն էր ադրբեջանական մեծամասնությամբ: Շուշի ադրբեջանցիների վերադարձը նրանց համար կարեւոր նպատակ է հակամարտության լուծման տեսանկյունից` ինչպես քաղաքական առումով, այնպես էլ զգացական: Հենց որ ադրբեջանցիների համար հնարավորություն կստեղծվի Շուշի վերադառնալու` ադրբեջանցի շատ ՆՏԱ-ներ Լեռնային Ղարաբաղի այլ մասերից հավանաբար կուզենան վերադառնալ Շուշի, քան իրենց մեկուսացված տները` շրջապատված հայկական բնակավայրերով: Սա ընդամենը ընդհանրացված ենթադրություն է եւ, իհարկե, չի կարող տարածվել բոլոր ՆՏԱ-ների վրա:
Տեղում ինտեգրվելը չպիտի իրականացվի ի վնաս ՆՏԱ-ների, վերադարձի նրանց իրավունքի նկատմամբ կանխակալ վերաբերմունքով: Նույնկերպ` վերադարձը չպիտի դիտարկել որպես ՆՏԱ-ների համար միակ ընդունելի տարբերակ: Հարկ է նաեւ հիշել, որ վերադարձը ոչ թե կոլեկտիվ, այլ անհատական իրավունք է, որը բխում է մարդու հիմնարար իրավունքներից, ներառյալ` տուն վերադառնալու իրավունքը եւ սեփականության իրավունքը: Այսպիսով, պետական քաղաքականությունը պիտի նախատեսի բոլոր երեք տարբերակները միաժամանակ` հաշվի առնելով ՆՏԱ-ների անհատական ցանկությունները:
4. Ադրբեջանը` որպես «ընդունող հանրություն»
Թեեւ տեղաշարժի մասին բանավեճերի մեծ մասը վերաբերում է ադրբեջանցի ՆՏԱ-ների հետ կապված վիճակին` Ադրբեջանը նույնպես պիտի պատրաստ լինի ընդունելու հայազգի տեղաշարժված անձանց վերադարձը: Պաշտոնական Բաքուն ասում է, որ ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը:[43] Սակայն գործնականում այն քիչ բան է արել, այդ թվում` հայերի անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովման տեսանկյունից: Զավթված տարածքներ ադրբեջանցիների վերադարձի հարցը հանրային մակարդակում գերակշռում է նման քննարկումներում, իսկ հայերի վերադարձը որպես երկկողմանի գործընթաց ընդհանրապես չի քննարկվում: Ընդհանուր առմամբ` վերը նշված հայկական քաղաքական ուղղույթի առանձնահատկություններով պայմանավորված` շատ ադրբեջանցիներ հայերի վերադարձը բուն Ադրբեջան ընկալում են որպես Ղարաբաղ վերադառնալու իրենց իրավունքի ժխտման համար շինծու առիթ:
Նախքան հակամարտությունը հայերի թիվը բուն Ադրբեջանում (330 հազար) ավելի քան երկու անգամ գերակշռում էր Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թվին (145 հազար): Ի տարբերություն Հայաստանի գյուղական վայրերում ապրող ադրբեջանցիների, Ադրբեջանի հայերի մեծ մասն ապրում էր քաղաքներում, այնպիսին, ինչպիսին են Բաքուն, Սումգայիթը եւ Գյանջան: Նրանք, ինչպես եւ Հայաստանից ադրբեջանցի փախստականները, նախընտրում են տեղում ինտեգրվելը եւ շատ քիչ հավանական է, որ նրանք վերադառնալու ցանկություն հայտնեն:
Խորհրդային ժամանակաշրջանի Շահումյանի շրջանից (ներկայումս` Գերանբոյի շրջանի կազմում է) տեղաշարժված հայերի պարագան տարբերվում է Ադրբեջանից մյուս հայ փախստականների իրավիճակից: Շահումյանը միակ շրջանն էր Խորհրդային Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղից դուրս, որտեղ կար հայկական մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղին աշխարահագրորեն մերձ լինելով պայմանավորված` ներկայիս Գերանբոյի շրջանից հայ փախստականների որոշ մասը, իսկ միգուցե նաեւ բոլորը պատրաստ են լրջորեն քննարկելու վերադարձի հարցը` համապատասխան հնարավորությունների ապահովման պարագայում:
Թեեւ նախկին շրջանի տարածքը ոչ աշխարհագրորեն, ոչ էլ վարչականորեն երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի մաս, այնուամենայնիվ` շրջանի հայ ազգաբնակչության մեծ մասը (նախքան հակամարտությունն այն կազմում էր 80 տոկոս) 1991 թվականին քվեարկել է Լեռնային Ղարաբաղին միանալու օգտին` հռչակելով անկախություն Ադրբեջանից: Արդյունքում հայկական արդի քաղաքական ուղղույթում Գերանբոյի շրջանի մի մասը համարվում է Լեռնային Ղարաբաղի մաս եւ դիտարկվում է որպես «ադրբեջանական զավթման տակ գտնվող» տարածք:
Ինչպես եւ ադրբեջանցիները, ովքեր վերադարձը դիտարկում են որպես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ինքիշխանության վերականգնման ռազմավարության մաս` շատ հայեր Գերանբոյի շրջան վերադարձը դիտարկում են որպես Լեռնային Ղարաբաղին շրջանը միացնելու ռազմավարության մաս: Գերանբոյի շրջանից տեղաշարժվածների մեծ մասին հայկական իշխանությունները տեղավորել են Քելբաջարի շրջանում եւ վերջինիս վերադարձը հաճախ կապում են Գերանբոյի շրջանը Լեռնային Ղարաբաղի վերահսկողությանը հանձնելու հետ:
Ադրբեջանը դեմ է նման հանգույցին, պնդելով, որ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող շրջաններից հայ փախստականների հայրենադարձման հարցը պիտի լուծվի Հայաստանից ադրբեջանցի փախստականների համանման իրավունքների ճանաչմանը զուգահեռ: Որպես հակակշիռ Քելբաջարն ու Գերանբոյը միմյանց հետ կապելուն` Ադրբեջանը համանման ձեւով հիմնականում Հայաստանից ադրբեջանցի փախստականներից կազմված ընտանիքները, Լեռնային Ղարաբաղի Խոջալուից ու այլ վայրերից ՆՏԱ-ներին տեղավորել է Գերանբոյի այն գյուղերում, որոնցում նախկինում հայեր էին ապրում: Նման հայելային դիրքոորշումներն ուշադրությունը շեղում են վերադարձի մարդասիրական տեսանկյուններից` փախստականներին խաղազինվորիկներ դարձնելով ազգայնամոլական տրամադրությունների տեր քաղաքական գործիչների ձեռքում:
Թեեւ որոշ հայ քաղաքական գործիչներ հանդես են գալիս ի նպաստ Գերանբոյ վերադառնալուն` գործնականում ավելի շահագրգռված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ գտնվող Քելբաջարի ռազմավարական շրջանի պահպանմամբ` ի լրումն Լաչինի: Այս ոչ հրապարակայնորեն արտահայտվող դիրքորոշման համաձայն` Գերանբոյի շրջան հայերի վերադարձը կարող է զոհաբերվել հանուն Քելբաջարի նկատմամբ հայկական վերահսկողության: Ադրբեջանն ինքն իրեն է վնասում, երբ նմանակում է վերաբնակեցման հայկական քաղաքականությունը, ինչը էլ ավելի է բարդացնում վերադարձի հավանական գործընթացը, այսպիսով ձեռնտու լինելով հայերի շրջանում կոշտ գծի կողմնակիցներին:
Գերանբոյ իրենց վերադառնալու մեջ իրապես շահագրգռված հայերին հարկ կլինի նման վերադարձը տարանջատել այդ շրջանի տարածքը Լեռնային Ղարաբաղի իրավասությանը հանձնելու պահանջից: Հարկ է ուշադրությունը կենտրոնացնել հայ փախստականների անվտանգ վերադարձի եւ նրանց ինքնակառավարման տեղական արդյունավետ մարմինների ձեւավորման համար պայմանների ստեղծման վրա:
Որքան էլ սա տարօրինակ հնչի ադրբեջանցիների համար` Գերանբոյ հայերի վերադարձը նույնպես կարող է լինել ադրբեջանական կողմի համար շահավետ, քանի որ դա Քելբաջարից տեղաշարժված ադրբեջանցիներին պատկանող հողեր եւ գույք կազատի եւ դրանով իսկ կնպաստի նրանց վերադարձին:[44] Սա նաեւ ուժեղ մեսիջ կլինի ղարաբաղյան հայերին եւ ամբողջ աշխարհին առ այն, որ Ադրբեջանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ ապահովելու իր տարածքում ապրող հայերի համար:
Ադրբեջանական կառավարությանը հարկ է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ սկսել, ինչը թույլ կտա իրականացնել հայերի վերադարձը Գերանբոյ, ներառյալ` եթե անհրաժեշտ լինի, նախկինում հայերին պատկանած տներում ապրող ադրբեջանցի փախստականների ու ՆՏԱ-ների համար այլընտրանքային բնակարանների պլանավորումը: Նման համարձակ քայլերը կարող են Ադրբեջանին օգնել հաղթահարելու հայկական ազգայնամոլական ռազմավարությունը, որն ուղղված է ոչ միայն ադրբեջանցիների վերադարձի ժխտմանը, այլեւ կոնկրետ վայրերում սեփական ՆՏԱ-ներին պահելուն` որպես գործիք տարածքային նկրտումների համար:
5. Վերադարձի իրականացումը
Անկախ այն բանից, թե որքան է մոտ ադրբեջանցի ՆՏԱ-ների վերադարձի հեռանկարը` հարկ է նրանց հետ քննարկել իրենց վերադարձի հարցերը: Նման քննարկումները ոչ թե զուտ տեսական վարժություններ են, այլ նաեւ խաղաղասիրական ջանքերի կարեւոր տարր:
Ընդհանուր առմամբ` ադրբեջանցիները եւ մասնավորապես` ադրբեջանցի ՆՏԱ-ները սովորաբար ոչնչով չեն տարբերվում «ղարաբաղցի» անվան տակ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներից եւ հարակից շրջանների էլ ավելի մեծաքանակ բնակչությունից: Սակայն զուտ գործնական նպատակներից ելնելով անխուսափելի է ՆՏԱ-ների այս երկու ենթախմբերի տարանջատումը: Դա անհրաժեշտ է` ուշադրության առնելով վերադարձի խնդրի լուծման տարբեր պայմաններն ու ժամկետները:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող շրջաններ ադրբեջանցիների վերադարձի ենթատեքստում խոսքը գնում է այսպես կոչված «մեծամասնության վերադարձի» մասին, նկատի ունենալով, որ վերադարձող բնակչությունը մեծամասնություն է կազմելու վերադարձի տարածքում` անմիջականորեն գտնվելով ադրբեջանական իրավազորության ներքո: Բուն Լեռնային Ղարաբաղ եւ, ամենայն հավանականությամբ, Լաչինի շրջանի մի մասը (Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատող ցամաքային միջանցք) ադրբեջանցիների վերադարձի ենթատեքստում մենք ավելի շատ խոսում ենք վերադարձի ավարտական փուլի մասին` այսպես կոչված «փոքրամասնության վերադարձի» մասին, երբ վերադարձող բնակչությունը փոքրամասնություն է կազմելու, բաժանելով իշխանությունը տեղական հայկական մեծամասնության հետ` որպես Լեռնային Ղարաբաղի համար մշակված միջանկյալ համաձայնության մաս:
5.1. Վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի լեգիտիմության հարցը
Ի տարբերություն Բոսնիայի, որտեղ միջազգային ջանքերն ուղղված էին երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, կամ Կոսովոյի, որտեղ արեւմտյան մի շարք տերություններ` որպես միջազգային հանրության մի մասը, աջակցել են Սերբիայի կազմից դուրս գալուն, միջազգային հանրությունն ունի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին կանխորոշված պատկերացում: Այն սատարում է կոնկրետ որեւէ բանով չսահմանափակվող գործընթացը, որը չի երաշխավորում ոչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ինխնիշխանությունը, ոչ էլ նրա վերջնական` դե-յուրե անջատումը Ադրբեջանից:
Այդուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող հայերը պիտի հասկանան, որ պատասխանատվությունը իրավունքի անհրաժեշտ հետեւանքն է: Միջազգային հանրությունը սկզբունքորեն երբեւէ չի ճանայի Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների լեգիտիմությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն կպահպանի ադրբեջանցիներից էթնիկորեն մաքրված տարածքները: Նրանց որպես լեգիտիմ իշխանություն ճանաչելու համար (եւ ոչ միայն դե-ֆակտո), որպես իշխանություն, որը պատասխանատու է տվյալ կազմավորման շրջանակներում ինքնակառավարման գործառույթներ իրականացնելու համար, անհրաժեշտ է բավարարել միջոցների մի ամբողջ համալիր, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական փոքրամասնության ներքին կառավարմանն ու պաշտպանությանը:
Ինչպես արդեն նշվել է, Լեռնային Ղարաբաղ վերադարձի խնդրի շուրջ քննարկումների ձեւի վրա լրջորեն ազդում են ընթացող բանակցությունները ժողովրդական քվեարկության վերաբերյալ, որի պայմանները դեռեւս հարկ է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար: Թեեւ երկու կողմերն էլ պիտի համաձայնվեն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն առանցքային դեր պիտի խաղա իր կարգավիճակի որոշման հարցում, հայերի պահանջը` սկսել բանակցությունները վերջնական կարգավիճակի թեմայով, ըստ էության անորոշ ժամանակով հետաձգում է նշանակում:
Գործընթացի առաջխաղացման համար հարկ է բանակցությունները կենտրոնացնել հակամարտության մարդկային չափորոշիչների վրա, որի էությունը, մասնավորապես, կայանում է տեղացի հայերի համար անվտանգության համարժեք երաշխիքների ապահովման, համանման երաշխիքներ ադրբեջանցի հայրենադարձների համար, ինչպես նաեւ տեղական կառավարման համակարգի վրա, որի հիմքում ընկած կլինի օրենքի գերակայությունը: Նման միջոցները տեւական հեռանկարում Լեռնային Ղարաբաղի համար ավելի մեծ անվտանգություն եւ լեգիտիմություն կապահովեն, քան տարածքները եւ մարդկանց Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միանալու մասին չմտածված պահանջների պատանդ դարձնելը:
5.2. Վերադարձը Շուշի
Շուշի ադրբեջանցիների վերադարձը կհանդիսանա վերադարձի գործընթացի եւ ողջ խաղաղ գործընթացի հաջողակության փորձարկման անսխալական միջոց: Նախքան հակամարտությունը Շուշին միակ քաղաքն էր ադրբեջանական գերակշռող բնակչությամբ (ավելի քան 90 տոկոս): Լինելով Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը եւ մշակույթի նշանավոր շատ գործիչների հայրենիքը` այն ադրբեջանցիների կողմից ընկալվում է որպես իրենց ազգային նույնականության անկյունաքար:
Ցանկացած խաղաղ պայմանագրի նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքը մեծապես կախված է լինելու նրանից, թե որքանով է այդ պայմանագիրն արդյունավետ Շուշի ադրբեջանցիների վերադարձն ապահովելու տեսանկյունից: Շուշի վերադառնալու հնարավորության բացակայությունը շահարկվելու է ազգայնական ուժերի կողմից որպես ապացույց նրանց այն թեզիսի, որ ադրբեջանցիները չեն կարող խաղաղ միջոցներով արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել: Դա նաեւ կվարկաբեկի միջազգային ջանքերը հայերի ու ադրբեջանցիների միջեւ իսկական խաղաղ գոյակցության ձեռքբերման ուղղությամբ:
Շուշի ադրբեջանցիների վերադարձի հարցը դիտարկելիս օգտակար ենք համարում վերլուծել բոսնյակների ու խորվաթների վերադարձը Բրչկո` Սերբիայի Հանրապետության արեւմտյան եւ արեւելյան մասերի հատույթում գտնվող ռազմավարական կարեւոր շրջանը: Բրչկոն Սերբիայի Հանրապետության եւ Բոսնիա-խորվաթական դաշնության համատիրության հատուկ կարգավիճակ ունի եւ կառավարվում է ինքնավար կերպով` առանց Բոսնիայի եւ Հերցեգովինայի մաս հանդիսացող այս երկու կազմավորումներից որեւէ մեկի միջամտության: Բրչկոյի համատիրության որոշակի տարրեր կարող են պետք գալ Շուշիում եւ Լաչինի միջանցքում:
Բրչկոն ու բոսնիական փորձն ընդհանրապես օգտակար դասեր են այն բանի, թե ինչպես կարելի է մոտենալ «երկրորդային զավթիչների» խնդրի լուծմանը: Բուն Ադրբեջանից փախած շատ հայեր բնակություն են հաստատել ադրբեջանցիների լքած տիրույթներում: Անցած տարիների ընթացքում նրանք նոր կյանք են կառուցել զավթված տարածքներում, տեղաշարժված հայերի մի ամբողջ նոր սերունդ ծնվել ու մեծացել է ԼՂ-ում եւ հարակից տարածքներում: Բնականաբար, այդ մարդիկ լինելու են ադրբեջանցիների վերադարձին հայկական հակազդեցության առաջին շարքերում` վերստին ձեռքբերած գոյամիջոցները նորից կորցնելու վախից:
Բոսնիայում միջազգային հանրությունը լարվածությունը մեղմացնող ստեղծագործական լուծում է գտել, որը բնորոշ է տեղաշարժված անձանց, այն է` երկրորդային զավթիչների ու սկզբնական բնակիչների հիմնախնդրի համար: ՄԱԿ փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության առաջարկությունները հանգում են տեղական ինտեգրման աջակցությանը եւ տեղաշարժվածների համար բնակարանների կառուցմանը միայն այն բնակավայրերում, որտեղ լուծված է փոքրամասնության վերադարձի հարցը: Համանման ձեւով Շուշիում բնակություն հաստատած հայ փախստականներին կարելի է թույլ տալ օրինական հիմունքներով Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում որեւէ այլ տեղ մնալ, բնակարանի եւ այլ օգնության իրավունք ստանալ այն պայմանով, որ նրանք չեն հակազդելու ադրբեջանցիների վերադարձին իրենց տիրույթներ:
Շուշիում մնացող հայ վերաբնակիչների հարաբերական թվի որոշակի սահմանափակումները կարող են քննարկվել խուսափելու համար քաղաքական դրդապատճառներով վերաբնակեցումից եւ պաշտպանելու համար ժողովրդագրական փոխընդունելի հարաբերակցությունը: Կիպրոսի հարցով Անանի պլանն, օրինակ, շրջանառության մեջ է դրել երկու տարածքներից յուրաքանչյուրում կիպրացի հույն եւ կիպրացի թուրք քաղաքացիների բնակության համար «ընդունելի սահմանափակումների» հայեցակարգ: Համանման ձեւով կարելի է ժամանակավորապես սահմանափակել ոչ ղարաբաղցի ադրբեջանցիների եւ հայերի իրավունքը բնակվելու եւ գույք ձեռք բերելու Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանն ու միջազգային դոնորները կարող են քննարկել հայ փախստականների համար որոշակի ֆինանսական խթանների հարցը, որպեսզի նրանք թողնեն ադրբեջանցիների գույքը եւ բնակություն հաստատեն կամ Հաայստանում, կամ էլ Լեռնային Ղարաբաղում մեկ այլ տեղ:
5.3.Վերադարձի հանրային աջակցության ապահովումը
Ցանկացած խաղաղ գործընթացի հաջողություն կախված է հանրային աջակցությունից: Բացառիկ կարեւոր է հայերի ու ադրբեջանցիների աջակցությունը, որպեսզի հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին հանդես եկող բնակչության շրջանում լինեն նաեւ այնպիսի խմբեր, որոնք սատարում են վերադարձի գործընթացները: Միջազգային հանրությունը Բոսնիայում սատարում է այսպես կոչված «Հանուն վերադարձի կոալիցիան», հակամարտող էթնիկական խմբերը ներկայացնող տեղաշարժված այն անձանց տեղական հանրային շարժում, ովքեր կուզենային վերադառնալ եւ ովքեր պաշտպանելու են երկուստեք վերադարձի իրավունքը: Բոսնիացի, խորվաթ եւ սերբ անդամներին հաջողվել է խուսափել շարժման քաղաքականացումից եւ ազգայնական խմբերի ներթափանցումից, ուժեր, որոնք ցանկանում են դա օգտագործել քաղաքական ձեռնածությունների համար:
Հայ-ադրբեջանական հակամարտության ենթատեքստում տեղաշարժված անձանց այն խմբերը, որոնք անկեղծորեն ուզում են վերադառնալ, կարող են համանման ձեւով աջակցություն ստանալ վերադարձի իրենց ջանքերը միավորելու եւ իրենց իրավունքը պաշտպանելու համար: Ինչպես նշել է Միջազգային ճգնաժամային խումբը` արձագանքելով այդ նախաձեռնությանը` «տեղաշարժված անձանց կազմակերպություններն ազգայնական կուսակցությունների քարոզչության արժեզրկման եւ տեղաշարժված անձանց այն բանում համոզելու լավագույն միջոցն են, որ իրենց շահերն ավելի լավ պաշտպանված կլինեն, եթե իրենք էլ վերադառնան, այլ ոչ թե տրվեն վերադարձի կատաղի հակազդեցությանը»:[45]
Տեղական նման նախաձեռնություններում գլխավորն ազգայնական ուղղույթին պատանդ չդառնալն է, ուղղույթ, որում կեղծ փաստարկումներ են կիրառվում (մասնավորապես` արդեն մեր կողմից դիտարկված «փոխադարձության» փաստարկը), ինչն էլ անիրականալի է դարձնում վերադարձը: Որպեսզի հաջողության հասնեն այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է «Հանուն վերադարձի կոալիցիան», հարկ է, որպեսզի վերադառնալ ցանկացող հայերն ու ադրբեջանցիները համապատասխան աջակցություն ստանան առանց քաղաքական նախապայմանների: Վերադարձի հարցը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների եւ Գերանբոյի շրջան հայերի վերադարձի ենթատեքստում, հարկ է տարանջատել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցից եւ քննարկել անձնական անվտանգության, օրենքի գերակայության եւ անձնական կառավարման համապատկերում:
6. Եզրակացություններ
Սույն հոդվածն իրենից ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում վերադարձի հիմնախնդրին առնչվող հիմնական հարցերի քննարկման փորձ: Սակայն նկատի ունենալով հոդվածի ծավալի եւ իրազեկվածության սահմանափակումները` նրանում արծարծված հարցերը այսբերգի սոսկ գագաթն են հանդիսանում: Հայերին ու ադրբեջանցիներին սպասվում է շատ բան քննարկել ու հասկանալ, շատ բաների շուրջ պայմանավորվել:
Վերադարձն, իհարկե, դյուրին գործընթաց չէ ղարաբաղյան հակամարտությունում: Ամենայն հավանականությամբ այն փուլ առ փուլ է իրականացվելու եւ տեւական ժամանակ: Սակայն չի կարելի ժամանակ կորցնել, քանի որ ղարաբաղյան հակամարտությունում այն աշխատում է յուրաքանչյուրի երկարատեւ շահերի դեմ: Չափազանց կարեւոր է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ իրենց քաղաքացիական հասարակություններում լրջորեն սկսեն քննարկել իրենց տեղաշարժված անձանց վերադարձի պայմաններն ու հանգամանքները:
Վերադարձի վերաբերյալ հայ-ադրբեջանական ուղղույթն առաջվա պես էքսկլյուզիվ բնույթ ունի, սահմանափակված է սեփական դիրքորոշումների շրջանակներով, հաճախ առանց հաշվի առնելու հակադիր կողմի շահերը: Նմանօրինակ էքսկլյուզիվ ուղղույթները ծառայում են միայն բեւեռացմանը եւ ամրապնդում են անվտանգության բացակայության իրավիճակը, աղքատությունն ու զանգվածային տեղաշարժերը, շարունակելով փորփրել հանրության բարոյական եւ ֆիզիկական վերքերը: Հայերն ու ադրբեջանցիները պետք է վերարժեւորեն այն լեզուն, որով խոսում են միմյանց հետ եւ մշակեն միմյանց նկատմամբ ավելի հարգալից ու ինկլյուզիվ ուղղույթ:
Վերադարձը կարեւոր դեր է խաղալու հայերի ու ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիության» մասին կեղծ կաղապարների փշրման գործում, կաղապարներ, որոնցով ազգայնական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչները փորձում են թունավորել մարդկանց գիտակցությունը: Հենց որ հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորից կողք կողքի ապրել` նրանք կվերագտնեն դրական պատմամշակութային փորձի հարստությունը, որը շատ ավելի ծանրակշիռ է նրանց բացասական փորձից եւ ի զորու է հանգեցնել նոր մերձեցման:
———–
1. Սույն հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին եւ չեն արտահայտում մեկ այլ մասնակցի կամ կազմակերպության հայացքները:
2. Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan through Peace and War (New York: New York University Press, 2003) (Томас де Ваал, Черный сад: Армения иАзербайджанмежду миром и войной): , сс. 18-19.
3. Ариф Юнусов и Лаура Багдасарян, “War, social change and ‘no war, no peace’ syndromes in Azerbaijani and Armenian societies”, (Война, социальные изменения и синдромы ‘ни войны, ни мира’ в азербайджанском и армянском обществах) в The limits of leadership: elites and societies in the Nagorny Karabakh peace process, (Пределы возможностей лидеров элиты и общества в нагорно-карабахском мирномпроцессе) Accord, Issue 19 (London: Conciliation Resources, 2005), с.53.
4. Թվերը վերցված են ԽՍՀՄ-ում 1989 թվականին անցկացված մարդահամարից: Լաչինի ներկայիս բնակչությունը 70 հազար է:
5. International Crisis Group, Europe Report no. 166, Nagorno-Karabakh: viewing the conflict from the ground (Нагорный Карабах: взгляд на конфликт с места событий), 14 սեպտեմբերի, 2005, էջ 5.
6. Юнусов и Багдасарян, 2005, “Война, социальные изменения”, էջ.53.
7. Internal Displacement Monitoring Centre (IDMC) (Ներքին տեղաշարժի դիտարկման կենտրոն),
8. Azerbaijan: after some 20 years, IDPs still face barriers to self-reliance, («Азербайджан: 20 лет спустя, ВПЛ продолжают сталкиваться с преградами на пути к самообеспечению») Декабрь 2010; Տես` http://www.internal-displacement.org
8. de Waal, 2003, Black Garden, p. 286.
9.1990-ականների սկզբներին Ադրբեջանում արձանագրվել է նախկին Խորհրդային Միության տարածքում սղաճի ամենաբարձր մակարդակներից մեկը: Սղաճը 1992 թվականին կազմել է 720 տոկոս, իսկ 1993 թվականին հասել է իր գագաթնակետին` 1,200 տոկոս: Տես` The Library of Congress, A country study: Azerbaijan, 1995, http://lcweb2.loc.gov/frd/cs/aztoc.html
10. 2011 թվականի դրությամբ կառավարությունը 717.8 միլիոն մանաթ է փոխանցել ՊՆՖ-ից ՆՏԱ-ների տեղաբաշխման եւ օգնության համար: Տես` http://www.oilfund.az/en/content/15
11. UNHCR, «Azerbaijan closes last of emergency camps», 7 փետրվարի 2008; (ОВКБ-ООН. «Азербайджан закрывает последние лагеря») http://www.unhcr.org/47aaf6734.html
12. IDMC, 2010, «Azerbaijan: after some 20 years». («Ադրբեջանը 20 տարի անց»)
13. Amnesty International, Azerbaijan: displaced then discriminated against – the plight of the internally displaced population (Азербайджан: перемещенные, а затем и дискриминированные – положение внутренне перемещенного населения), 2007, p. 45
14. Ibid., էջ. 25
15. “Azerbaijan: Karabakh displaced persons grapple with integration dilemma” («Азербайджан: карабахские перемещенные лица перед дилеммой интеграции), 22 սեպտեմբերի 2010, http://www.eurasianet.org/node/61994
16. Սակայն սա չի վերաբերում թե ժողովրդի մոտ տարածված պատկերացումներին, թե պաշտոնական քաղաքականությանը Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցի շուրջ: Ինչպես նշվել է վերեւում, ինչպես ամբողջ բնակչության շրջանում, այնպես էլ Հայաստանի նախկին քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների շրջանում գերակշռում է այն զգացողությունը, որ Ադրբեջանում տեղական ինտեգրացիան լավագույն երկարատեւ լուծումն է նրանց համար:
17. Բանակցություների ներկայիս շրջանակում քննարկվում են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ձեւակերպվել են 2005 թվականին: Դրանք կարելի է հանրագումարել հետեւյալ կերպ. ուժի կիրառումից հրաժարում, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող Ադրբեջանի մասերից հայկական զորամասերի աստիճանական դուրսբերում (հավանական է` Քելբաջարի ու Լաչինի համար հատուկ պայմաններով), Լեռնային Ղարաբաղի համար ժամանակավոր կարգավիճակ` միջազգային էական աջակցությամբ, ներառյալ խաղաղապահներ, եւ տեղաշարժված ադրբեջանցիների վերադարձից հետո միջազգային վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ժողովրդական քվեարկության փոխադարձ ճանաչում: Թեեւ հայկական եւ ադրբեջանական կողմերն ըստ էության համաձայնվել են այս ընդհանուր շրջանակներին` նրանք խոր տարաձայնություններ ունեն տեխնիկական մանրամասների շուրջ, ինչն էլ կարող է ի չիք դարձնել վերջնական արդյունքը: Ավելի մանրամասն տես: International Crisis Group Europe Briefing no. 55, Nagorno-Karabakh: Getting to a Breakthrough, 7 October 2009 and International Crisis Group Europe briefing no. 60, Armenia-Azerbaijan: Preventing War, 8 February 2011.
18. Парламентская Ассамблея Совета Европы, Резолюция 1416 (2005): Конфликт из-за Нагорно Карабахского региона, которым занимается Минская конференция ОБСЕ, 25 января 2005, http://assembly.coe.int
19. Резолюция, принятая ГА ООН, “62/243. Ситуация на оккупированных территориях Азербайджана», A/Res/62/243, 25 ապրիլի 2008
20. Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի մայիսի 20-ի բանաձեւը. A7-0123/2010 http://www.europarl.europa.eu/
21. Crisis Group, Viewing conflict from the Ground, (Кризисная группа, Взгляд на конфликт с места событий) с. ii, с. 8; Crisis Group Europe report no. 167,Nagorno–Karabakh: a plan for peace, (Кризисная группа Европа, Доклад 167, Нагорный Карабах: план установления мира) 11 октября 2005, с. ii; Crisis Group Europe report no. 187, Nagorno–Karabakh: Risking War (Кризисная группа, Европа, Доклад № 187,Нагорный Карабах: Рискуя войной), 14 ноября 2007, г. ii; Crisis Group, Getting to a Breakthrough Кризисная группа, Приближение к развязке), с. 2; Armenia–Azerbaijan:Preventing War (Армения и Азербайджан: предотвратить войну) с. 2, с 11.
22. Այսպես` ելույթ ունենալով ԵԱՀԿ 2010 թվականի դեկտեմբերին Աստանայում կայացած գագաթնաժողովում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Բաքվում կարծում են, որ մոռացված է ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային կապը: Ադրբեջանը երբ այսօր խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի մասին` մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները` ընդսմին չվերացնելով հակամարտության պատճառը». http://president.am/events/statements/eng/?year=2010&id=78;
Նույնկերպ` հանդես գալով 2010 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդհանուր բանավեճերում` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանին մեղադրել է «միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մեջ` հակամարտության հետեւանքը որպես դրա պատճառ ներկայացնելով» http://www.mfa.am/en/speeches/item/2010/09/25/Nalbandianun2010/
23. Ինչպես նշված է հայկական մի ուսումնասիրության մեջ` «…Միեւնույն ժամանակ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ նրանք կարող են վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր` հաշվի առնելով ամբողջ անցած դարի ընթացքում Ադրբեջանի ցանկացած իշխանության կողմից հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված մեծ ու փոքր գենոցիդների շարունակական պրակտիկան»: Сергей Минасян, Михаил Акаджанян, Элеонора Асатрян, Карабахский конфликт: Беженцы, территории, безопасность (Ереван, 2005), p. 45.
24. ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչի նամակը` հղված Գլխավոր քարտուղարին` 27 ապրիլի 2010, A/64/760-S/2010/211
25. Համանախագահողների գնահատմամբ` 2005 թվականից ի վեր էական աճ չի գրանցվել: Տես` «Executive summary of the «Report of the OSCE Minsk Group co-chairs» field assessment mission to the occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh», http://www.osce.org/mg/76209. Բաքվին ու Երեւանին ներկայացված լրիվ տեքստը չի հրապարակվել, հավանաբար` այն պատճառով, որ միջնորդները չէին ուզում Հայաստանին ու Ադրբեջանին թույլ տալ օգտագործելու այդ մանրամասները իրենց տեղեկատվական պատերազմում բանակցությունների ներկայիս նրբանկատ պահին: 2005 թվականի զեկույցում առկա է 9-ից 12 հազար թիվը, ինչպես նաեւ նշված է, որ բացառությամբ Լաչինի «ընդհանուր բնակեցումը բավականին սահմանափակ է»: Տես` Report of the OSCE fact-finding mission (FFM) to the occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK), 2005.
26. «Executive summary of the «Report of the OSCE Minsk Group co-chairs», ibid.
27. Gayane Abrahamyan, «Population issue: discussion on resettlement for Karabakh come to the fore after OSCE tour», (Гаянэ Абрамян: «Проблема заселения: дискуссия о переселении для Карабаха выходит на первый план после посещения миссии ОБСЕ» Armenianow.com, 15 հոկտեմբերի, 2010.
28. Անզիջում ազգայնական «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը նույնիսկ այն միտքն է հայտնել, որ այդ տարածքների բնակեցման ջանքերից Հայաստանի հրաժարումը հակասում է հայկական շահերին: Ըստ նրա` ավելի նպատակահարմար կլինի հայտարարել, որ այդ տարածքները բնակեցվել են Ադրբեջանից հայ փախստականներով: Տես` «Ղարաբաղի ճանաչման համար անհրաժեշտ է 131 պատգամավորի ներկայությունը». «Լրագիր», 28 սեպտեմբերի 2009թ. http://www.lragir.am/russrc/politics15462.html
29. Օրինակ` 2009 թվականի նոյեմբերին կառավարության նիստում ելույթ ունենալով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կոչ է արել «անձնական ներդրում ունենալ Շուշիի վերականգնման գործում»: Տես` “կՐպՎՖպՐ-ՎՌվՌրՑՐ ԸՐՎպվՌՌ տՐՌջօՉՈպՑ փսպվՏՉ տՐՈՉՌՑպսՖրՑՉՈ ՉվպրՑՌ սՌփվօռ ՉՍսՈՊ Չ ՉՏրրՑՈվՏՉսպվՌպ ՄցՔՌ”, ԸՐՎՌվՒՏ, 26 վՏÿոՐÿ 2009.
30. Взгляд на конфликт с места событий. op. cit., сс. 12-13
31. Ibid., p. 6
32. Այս ենթատեքստում հարկ է նշել, որ Ադրբեջանից 330 հազար հայ փախստականներից ոչ բոլորն են փախել Հայաստան: Բացի այդ, շատերն այն փախստականներից, ովքեր սկզբում եկել են Հայաստան, այնտեղ չեն մնացել եւ մեկնել են արտերկիր: Հայկական կառավարությունը պաշտոնապես գրանցել է միայն 245.106 փախստականների Ադրբեջանից: ՄԱԿ-ի համապատասխան վարչության տվյալներով նրանցից 83 հազարը քաղաքացիներ են դարձել 2009 թվականի վերջին: Տես` Thomas Patrick Felke, «It’s been twenty years: The case of ethnic Armenian refugees from Nagorno-Karabakh and Azerbaijan» (Թոմաս Պատրիկ Ֆելկե` «Քսան տարի. Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից էթնիկ հայ փախստականների դեպքը»), Dissertations Collection for University of Connecticut (Կոնեկտիկուտ համալսարանի թեզերի ժողովածու) Paper AAI3420202, հունվար, 2010. http://digitalcommons.uconn.edu/dissertations/AAI3420202
33. Взгляд на конфликт с места событий, op. cit., с. 6
34. Համապատասխանաբար 100.000 եւ 200.000 հայկական դրամ: Տես` http://stepanakert.info/publ/obzor_socialnoj_sfery_v_nkr/1-1-0-3; Սա ահագին գումար է, եթե նկատի ունենանք եկամուտների եւ աշխատավարձի տեղական մակարդակը: Համեմատության համար` ադրբեջանական կառավարությունը ընտանիքներին նպաստ է հատկացնում յուրաքանչյուր երեխայի համար 90 դոլարի չափով:
35. Տես` http://artsakh.org/karabakh-armenia-700-couple-armenian-wedding-entire-event/131/
36. «Tufenkian foundation unveils New Kashatagh initiative», Asbarez, (Фонд «Туфенкян» представляет инициативу Нового Кашатага» 23 сентября 2009; http://asbarez.com/70860/tufenkian-foundation-unveils-new-kashatagh-initiative/
37. “Armenian Karabakh Official Says Mosques Being Repaired” («Армянский карабахский чиновник заявляет, что мечети ремонтируются»), RFE/RL. 18 ноября 2010; в целях отрицания и истребления азербайджанского присутствия в Армении и Нагорном Карабахе некоторые армяне прибегают к лингвистическим манипуляциям, называя эти мечети «персидскими». См.: де Ваал, Черный сад, с. 80.
38. Кризисная группа, Европа брифинг №60, Армения-Азербайджан: Предотвратить войну, 8 փետրվարի, 2011, էջ` 11. Ադրբեջանը պնդում է, որ այդ աշխատանքներն իրականացվում են «ադրբեջանցիների պատմամշակութային արմատների ցանկացած նշան հեռացնելու եւ տարածքային զավթման քաղաքականության հիմնավորման միակ նպատակով»: Letter dated 27 April 2010 from the Permanent Representative of Azerbaijan to the United Nations addressed to the Secretary-General (ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչի նամակը` հղված Գլխավոր քարտուղարին` 27 ապրիլի 2010, A/64/760-S/2010/211
39. Карабахский конфликт: беженцы, территории, безопасность, 2005, с. 8
40. Այս յուրօրինակ պատմությանն առավել լիարժեք ծանոթանալու համար տես` С. Гусейнова, А. Акопян, С. Румянцев, Кызыл-Шафаг и Керкендж: история обмена селами в ситуации Карабахского конфликта, 2008.
41.Այդ իրավունքներն ամբողջությամբ ժողովված են «Ղեկավար սկզբունքներում», որն իրենից ներկայացնում է մի ամփոփիչ փաստաթուղթ, որում ներկայացված է ներքին տեղաշարժին վերաբերող լավագույն միջազգային պրակտիկան:
42. Հայաստանը Լեռնային Ղարաբաղից հեռացնող Լաչինի ռազմավարական շրջան վերադարձը նույնպես կարող է մեկնաբանվել որպես «փոքրամասնության վերադարձ», եթե քաղաքական բանակցությունների ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվեն շրջանի մի մասը Ղարաբաղին տրվելիք ժամանակավոր կարգավիճակի տիրույթում թողնելու մասին:
43.“Баку признает право армянских беженцев на возвращение”, «Эхо» թերթ, (Ադրբեջան), 18 սեպտեմբերի 2010.
44. Կոնկրետ տարածքներ փոխադարձ վերադարձի համար պայմանների ստեղծումը, ինչը հաճախ անվանում են «վերադարձի առանցք» Բոսնիա փոքրամասնությունների վերադարձի գործում կարեւոր դեր է խաղացել:
45. International Crisis Group report no. 33, Minority return or mass relocation, (Միջազգային ճգնաժամային խումբ. Զեկույց թ.33. Փոքրամասնությունների վերադա՞րձ, թե՞ զանգվածային վերաբնակեցում) 14 մայիսի 1998, էջ. 36.