Ինչ կարող է մեզ սովորեցնել Բոսնիայի փորձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում
Ջերարդ ԹՈԱԼ
Վաշինգտոն
Յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է և ունի իր տարբերակիչ գծերը, որոնք հասկանալի պիտի լինեն նրանց, ովքեր փորձում են հակամարտող կողմերին տանել դեպի հաշտեցում եւ վերականգնում: Այդուհանդերձ, տարածքների եւ անկախության համար պատերազմող կողմերի միջեւ արդի բոլոր հակամարտություններն ունեն ընդհանուր կառուցվածքային բնութագիր եւ համանման երկընտրանք են ներկայացնում միջազգային այն ակտորների համար, որոնք փորձում են չեզոքացնել հակամարտության ծնունդ հանդիսացող տառապանքների ու տեղաշարժերի հետեւանքները:
1. Հարկադիր տեղաշարժ. ընդհանուր պատկեր
1.1. Ինչ է իրենից ներկայացնում հարկադիր տեղաշարժը
Արդի աշխարհում մարդիկ լքում են իրենց տները զանազան պատճառներով` այսպես կոչված «տարերային աղետներ», տնտեսական մարգինալացում, բնակության այլ վայրերում գոյատեւելու հնարավորություներ, զարգացման խոշոր ծրագրերի իրականացում (օրինակ` ամբարտակների կառուցում) եւ բնակլիմայական փոփոխություններ: Թեեւ այս բոլոր պատճառները կարելի է դիտարկել որպես ապաստարան եւ հնարավորություններ` որոնելու նպատակով իրենց տները լքել ստիպող պատճառներ, «հարկադիր տեղաշարժ» եզրույթը միջազգային կազմակերպությունների եւ զարգացման գործակալությունների կողմից առավել հաճախ օգտագործվում է հակամարտությունների, բռնության, մարդու իրավունքների խախտումների արդյունքում բնակչության տեղաշարժը նշելու համար: 20-րդ դարի կեսերին հաստատված այս եզրույթի տարածված նշանակության հիման վրա ոմանք հարկադիր տեղաշարժը մեկնում են էլ ավելի նեղ` որպես հետապնդման վախից բխող տեղաշարժ: Թեեւ այս սահմանումն իր խնդիրներն ունի (ո՞վ կարող է տալ «վախի» եւ «հետապնդման» սահմանումը), «հարկադիր տեղաշարժ» եզրույթն օգտակար է որպես այլընտրանք` ԶԼՄ-ներում ավելի տարածված «էթնիկական զտումի», քանի որ վերջինս, որպես կանոն, ինքն է հանդիսանում հակամարտության լեզվի մաս: Ինչպես եւ «գենոցիդը», «էթնիկական զտում» եզրույթը կարեւոր է, բայց մենք պիտի նաեւ ընդունենք, որ այս եզրույթը հակամարտության կողմերն օգտագործում են դեմոնացման, բեւեռացման եւ հավաքագրման համար:
1.2. Սահմանումներ. հարկադիր վերաբնակներ (ՀՎ), փախստականներ եւ ներքին տեղաշարժված անձինք (ՆՏԱ)
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունն աստիճանաբար լուրջ խնդիրների է հանդիպում Եվրոպայում բնակչության տեղաշարժի հետ կապված եւ սկսել է այդ երեւույթի կառավարման համար որոշ կատեգորիաներ ու գործակալություններ ստեղծել: 1948 թվականի մարդու իրավունքների հռչակագրի հոդված 13-ում հայտարարվում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժի, հայրենիքից հեռանալու ու վերադառնալու եւ իր իսկ երկրում իր համար բնակության վայր ընտրելու իրավունք:
Հոդված 14-ը հաստատում է «հետապնդումներից այլ երկրներում ապաստան որոնելու եւ ստանալու իրավունքը»: Ի զարգացումն այս նվազագույն սկզբունքների` 1951թ. իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը: Նույն հիշարժան 1951-ին փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիան փախստականին սահմանում է տվել որպես մի մարդու, ով «ռասայի, դավանանքի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական համոզմունքների պատկանելու հատկանիշով հետապնդումների զոհ դառնալու միանգամայն հիմնավոր պատճառով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող, կամ, նման հետապնդումների պատճառով, չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով չունենալով որոշակի քաղաքացիություն եւ իր նախկին բնակության վայր հանդիսացող երկրից դուրս գտնվելով ի հետեւանս համանման իրադարձություների` չի կարող, կամ, ի հետեւանս նման մտահոգությունների, չի ցանկանում վերադառնալ այդ երկիր»: 1967 թվականի լրացուցիչ արձանագրությունը չեզոքացրել է մեկնարկային աշխարհագրական (միայն Եվրոպայի համար) եւ ժամանակավոր (միայն մինչեւ 1951 թվականը) սահմանափակումները, որոնք ուղեկցում էին այդ սահմանումը:
Սակայն կոնցեպտուալ սահմանափակումները մնում էին: «Փախստականը» ճշգրիտ իրավաբանական եզրույթ է, որը ներառում էր ոչ բոլոր հարկադիր տեղաշարժված անձանց, այլ միայն նրանց, ովքեր հատել են միջազգային սահմաններ, անցնելով մեկ այլ պետության իրավազորության տակ: Փախստականներն իրենցից նկատելի հիմնախնդիր էին ներկայացնում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց 20-րդ դարի երկրորդ կեսում խմբային բռնի հակամարտությունների, այսպես կոչված «քաղաքացիական պատերազմների» ծնունդ հանդիսացող հումանիտար հիմնախնդիրներն ամենայն ակնհայտությամբ ցույց տվեցին, որ հարկ է ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր տեղաշարժվել են պետության սահմանների ներսում: Պարսից ծոցում 1991թ. պատերազմից ու խորհրդային Միության ու Հարավսլավիայի փլուզման արդյունքում ծագած հակամարտություններից հետո միայն ՄԱԿ-ն ի վերջո «ներքին տեղաշարժված անձանց» (ՆՏԱ) կարգեց առանձին դաս: 1998 թվականին «ՄԱԿ ներքին տեղաշարժի հարցերով ղեկավար սկզբունքները» (կարեւոր փաստաթուղթ` նորմերի զարգացման տեսանկյունից) այդ դասը հետեւյալ կերպ է սահմանել. «Մարդիկ եւ մարդկանց խմբեր, ում ստիպել կամ հարկադրել են հեռանալ կամ լքել իրենց տները կամ առօրյա բնակության վայրերը, մասնավորապես` զինված հակամարտության, բռնության, մարդու իրավունքների խախտումների ամենուրեքյան դրսեւորումների, տարերային կամ մարդու գործունեության հանգեցրած աղետների արդյունքում, եւ ովքեր չեն հատել միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ»:
Եթե փախստականների գործերով ռեժիմը միջազգային իրավունքի ոլորտ է հանդիսանում, ապա «ՆՏԱ-ների գործերով ռեժիմը» հիմնվում է նորմերի վրա եւ իրենից ներկայացնում է իրավաբանորեն աղոտ խնդիր այնպիսի գործակալությունների համար, ինչպիսին է ՄԱԿ-ի վերոնշյալ վարչությունը: Ինչպես շատերն էին ի ցույց դնում` ինքնին այդ կատեգորիաների տարածումը կարող է հակամարտության տեսանկյուն դառնալ, իմա` երբ ոմանք պաշտպանում են պետական սահմանը եւ տեղաշարժվածներին ներկայացնում որպես փախստականներ, իսկ մյուսները վճռականորեն ընկալում են նրանց որպես «հարկադիր տեղաշարժվածներ»: Առավել կարեւոր է այն, որ մենք գործ ունենք «հարկադիր տեղաշարժված անձանց» հետ, եւ գոյություն ունեն մի շարք գործող իրավական պարտավորություններ ու նորմեր, որոնք որոշում են, թե ինչպես պիտի վերաբերվել նրանց: Նորմերից մի քանիսը միանգամայն հանգամանալից ու կոնկրետ են, հատկապես այնպիսի հարցերում, ինչպիսին են բնակարանն ու փաստաթղթերը:
1.3. Թվաքանակը
Հարկադիր տեղաշարժի արդի համաշխարհային վիճակագրությունն ընդգծում է, թե որքան լայնորեն տարածված է մարդկային անվտանգության այս հիմնախնդիրը: ՄԱԿ նշյալ վարչության վերջին գնահատումներով` աշխարհում կան ընդհանուր առմամբ 43.300 միլիոն անձինք, ովքեր բռնի տեղաշարժվել են հակամարտությունների, բռնության, հետապնդումների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով[1]: Նրանցից մոտավորապես 27.100 հազարը հանդիսանում են ՆՏԱ-ներ եւ 15.2 միլիոնը փախստականներ են: Ողջ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում հարկադիր տեղաշարժին առնչվել են 15 երկրներ` Ադրբեջան, Հայաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Ղրղզստան, Կոսովո (շատ պետությունների կողմից չճանաչված), Մակեդոնիա, Չեռնոգորիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Թուրքմենստան եւ Ուզբեկստան: 2009 թվականին տարածաշրջանում կային մոտավորապես 2.5-2.6 միլիոն տեղաշարժված անձինք, որոնցից մինչեւ 140 հազարը փախստական են եւ 2,4 միլիոնը` ՆՏԱ-ներ[2]:
Հարկադիր տեղաշարժի դեպքերը կարելի է բնորոշել որպես շարունակական եւ միանգամից (օրինակ` Օշի դեպքերը 2010-ին) կամ` տեւական: Ներկայումս տեղաշարժի ակտիվ իրավիճակների լուծման համար միջազգային կազմակերպությունները կարող են հենվել մի շարք հիմնադրամների վրա` արձագանքելու համար արտակարգ իրավիճակներին: Միջազգային հանրության սույն հնարավորությունները դրսեւորվեցին 2008 թվականին` վրաց-հարավօսական-ռուսական պատերազմի ժամանակ: Տեւական տեղաշարժը մի այնպիսի իրավիճակ է, որում «երկարատեւ լուծումների համար որոնման գործընթացն արգելակվում է, եւ (կամ) ՆՏԱ-ները մարգինալացվել են խախտումների կամ մարդու իրավունքների պաշտպանության բացակայության հետեւանքով, ներառյալ տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքները»[3]:
Տեւական իրավիճակների գծով առաջատար են հանդիսանում Կիպրոսը, որը բնակչության ընդհանուր թվում ամենաշատ ՆՏԱ-ներն ունի (22.3 տոկոս), Ադրբեջանը (ըստ գնահատումների` բնակչության 6.7 տոկոս) եւ Վրաստանը (5.3 տոկոս)[4]: Այս ցուցակում առաջատարների թվում չեն Բոսնիան եւ Հերցեգովինան, որտեղ 4.2-միլիոնանոց նախապատերազմյան բնակչության ավելի քան կեսը կազմում էին հենց ՆՏԱ-ները, ովքեր տեղաշարժվել են 1992-95թթ. պատերազմի հետեւանքով, բայց որտեղ տեղի է ունեցել ավելի քան մեկ միլիոն մարդու վերադարձ, այսինքն` ՆՏԱ-ների մոտավորապես կեսը` այն իրավիճակում, երբ հայրենադարձները էթնիկական փոքրամասնություների համայնքներ դարձան: 2010 թվականին Բոսնիայում պաշտոնապես կար 113 հազար տեղաշարժված անձ: Վերադարձի հարցում Բոսնիայի եւ Հերցեգովինայի փորձը բարդ է եւ պայմանավորված է այդ հակամարտության բազմաթիվ ուրույն տեսանկյուններով: Երկիրը գրեթե մի ամբողջ տասնամյակ վերածվել էր մի հսկայական փորձադաշտի` «հետադարձ էթնիկական զտումների» հնարավորությունը բացառած վերադարձի գործընթացի իրականացման ուղղությամբ մարդու իրավունքների պաշտպանության ազնիվ գործ` դրա ջատագովների տեսանկյունից, եւ ահռելի սոցիալական տեխնոլոգիա` դրա քննադատների տեսանկյունից[5]:
1.4. Իրավունք եւ նորմեր
1951 թվականին ընդունված «Փախստականների մասին կոնվենցիան» եւ ՄԱԿ «Ներքին տեղաշարժի ղեկավար սկզբունքները» այն երկու ուղեցույց աստղերն են, որոնց մասին պիտի հիշել` ղարաբաղյան հակամարտությունում վերադարձի հնարավորությունները եւ դրա այլընտրանքները դիտարկելիս: Առաջին փաստաթուղթն ունի միջազգային օրենքի կարգավիճակ, մինչդեռ երկրորդն իրենից ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտին առչվող միջազգային իրավունքում նվազ հաստատուն զանազան սկզբունքների կոդավորում: Կարեւոր է հասկանալ, որ երկու փաստաթղթերն էլ ձեւավորում են հարկադիր տեղաշարժը կառավարող լիբերալ ռեժիմ: Դրանում կարեւորը տեղաշարժվող անձն է` որպես կեցավայրի տեղը որոշելու իրավունքով օժտված անհատականություն: 1951 թվականի կոնվենցիայի հոդված 33-ը ձեւակերպում է հարկադիր վերադարձի անընդունելիության սկզբունքը. «Պայմանավորվող պետությունները ոչ մի կերպ չեն արտաքսելու կամ վերադարձնելու փախստականներին այն երկրի սահմանները, որում վտանգ է սպառնում նրանց ազատությանը կամ կյանքին` պայմանավորված նրանց ռասայով, քաղաքացիությամբ, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական համոզմունքների պատկանելության համար»:
Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, ապա տեղաշարժվող անձինք պիտի ունենան երեք հնարավորություն. (1) իրենց նախկին կեցավայրերը վերադառնալու իրավունք, (2) չվերադառնալու, ինտեգրվելու իրավունք այն տեղում, որտեղ տեղափոխվել են, (3) երրորդ երկիր տեղափոխվելու, կամ ընդունող երկրում որպես փախստական մնալու իրավունք: Այս իրավունքներն, ինչ խոսք, ցանկալի են: Դրանք սահմանափակվում են ինչպես միջազգային համաձայնագրերում մտցված զանազան ճշտումներով, այնպես էլ առավել սովորական, բայց միանգամայն իրական կառուցվածքային սահմանափակումներով: Օրինակ, ազատ տեղաշարժի իրավունքը հնարավոր չէ խորհրդային գրանցման համակարգ ունեցող շատ պետություններում, գրանցում, որի ներկայիս ձեւերը ոտնահարում են իրավահաջորդ երկրներում ապրող քաղաքացիների իրավունքները[6]: Շատ հարցեր առաջվա պես հեղհեղուկ են եւ երկիմաստ: Օրինակ, արդյո՞ք տեղաշարժված անձինք ունեն տեղաշարժման ժամանակ կորցրած գույքը պահանջելու իրավունք: Դեյտոնյան խաղաղ համաձայնագրում այն ներառվել է վերադարձի մասին հարցին նվիրված բաժնում (հավելված 7), բայց սա արտառոց է: Հարկ է ընդգծել, որ վերադարձի եւ դրա այլընտրանքների մասին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները խարսխված են անհատական ընտրության վրա: Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ գործընթացից բխող ցանկացած համաձայնագիր գոյություն ունեցող իրավական նորմերին եւ փորձին համապատասխանության առումով վերլուծության է ենթարկվելու այն կազմակերպությունների եւ կառույցների կողմից (ամենայն հավանականությամբ` միջազգային), որոնք ներգրավվելու են համաձայնագրի իրականացման գործում, կամ համապատասխան օժանդակ գործառույթներ են իրականացնում (ՄԱԿ-ի վարչությունը եւ Համաշխարհային բանկը): Ուզում ենք հուսալ, որ այս բանի գիտակցումն արդեն իսկ հանդիսանում է բանակցային գործընթացի մասը, ինչպես դա եղել է Դեյտոնում, որտեղ ՄԱԿ-ի վարչությունն օգնել է գրելու Ընդհանուր շրջանակային համաձայնագրի վերադարձի գործընթացի կառավարման մասին Հավելված 7-ը: Կոլեկտիվ փոխհատուցում առաջարկող, բայց վերադարձի ընտրություն բացառող սխեմաներն, օրինակ, էական դժվարությունների են հանդիպելու միջազգային ասպարելում լեգիտիմություն ձեռքբերելու հարցում: Այլ խոսքերով` բռնի տեղաշարժի հարցերին առնչվող խմբային լուծումները (որոնք բացառում են անհատական ընտրությունը), հավանաբար, միջազգային հանրության կողմից չեն ընդունվի որպես առանձնապես լեգիտիմ:
Սույն ենթադրությունն անելով` կարելի է ակնկալել Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի էական մասնակցություն, եթե նրանց հաջողվի առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդհանուր շրջանակային համաձայնագիր` աշխատանքային հեռանկարներ ունեցող գործընթացի վերաբերյալ: Եւ այդժամ կարող է ընդհարում լինել լիբերալ նորմերի եւ աշխարհաքաղաքական պրագմատիկայի միջեւ:
2. Տեղաշարժն ու վերադարձը որպես տեղայնացված աշխարհաքաղաքականություն
2.1. Մոդել` վերադարձի կոնտեքստի ընկալման համար
Վերադարձի (եւ նրա տարբերակների) մասին հարցի ցանկացած դիտարկման ժամանակ հարկ է վերլուծել տեղաշարժի հանգամանքներն ու տեղաշարժի նախօրեին տեղական մակարդակով ստեղծված նոր աշխարհաքաղաքական հարաբերակցությունը: Այլ կերպ ասած` ընդհանուր պատկերը պիտի իր մեջ ներառի տեղում իրավիճակի հստակ տեսլական: Հենվելով Բոսնիայում եւ Հերցեգովինայում ունեցած իմ փորձի վրա եւ անցյալի, ներկայի ու հնարավոր ապագայի իդեալական մոդելները պատկերացնելու համար մի քիչ երեւակայություն գումարելով` կարծում եմ, որ հարկ է վերադարձի մասին հարցը դիտարկել տեղում առկա աշխարհաքաղաքական իրավիճակի համակողմանի կոնտեքստում: Կարելի է ասել, որ տեղական աշխարհաքաղաքական էկոնոմիկան չորս բնորոշիչ ունի.
-Տարածություն. կազմակերպման առանձնահատկություններ եւ լանդշաֆտի ընկալում, պետության տարածքը եւ նրա սահմանները
-Իշխանություն. քաղաքական կարգի առանձնահատկությունները եւ կառավարման ինստիտուտների հավաքածուն
-Տնտեսություն. գերակշռող քաղաքատնտեսական կացութաձեւը, որն ապահովում է աշխատանք եւ գոյամիջոցներ տեղաբնիկների համար
-Նույնականություն. պատմության, մշակույթի, պատկանելության եւ հիշողության ընկալման առանձնահատկություններ:
2.2. Կոմունիստական անցյալ
Աբստրակտ մակարդակում անցյալի կոնտեքստները Բալկաններում եւ Կովկասում ներգրված են կոմունիստական աշխարհակարգին: Այդ առանձնահատկությունները ներառում են.
-Տարածություն. տեղական սահմանները կարեւոր, բայց ոչ վճռորոշ դարձնող ուժեղ կենտրոնացված դաշնային համակարգի շրջանակներում առկա բարդ էթնոտարածքային կազմավորումներում կառուցված կառավարման զարգացած հիերարխիկ համակարգ
-Իշխանություն. միակուսակցական ավտորիտար պետություն
-Էկոնոմիկա. զարգացման սոցիալիստական համակարգ ունեցող պետություն, որն իրականացնում էր համընդհանուր վերահսկողություն եւ կազմակերպում կոլտնտեսություններ ու գործարաններ
-Նույնականություն. ներդաշնակ բազմամշակութայնության մեջ հանգուցված տարբեր դիսկրետային ազգային նույնականությունների պաշտոնական ինստիտուտացում` եղբայրական ժողովուրդների ու ինտերնացիոնալիզմի մասին կոլեկտիվ միֆերում բոլոր առանձին ազգային նույնականությունների պաշտոնական ենթակարգությամբ:
2.3. Նոր կարգ
Պատերազմը եւ դրան ուղեկցած հարկադիր տեղաշարժերը Բալկաններում եւ Կովկասում հանգեցրել են անջատողական տարածքներում հեղափոխությունների` քաղաքական տնտեսությունում: Իրենց հողերից մարդկանց արտաքսման, տնտեսության ավերման եւ մարտական գործողությունների հետեւանքով ձեւախեղված լանդշաֆտից հետո ձեւավորվեց աշխարհաքաղաքական նոր կարգ` հետեւյալ բնորոշիչներով.
-Տարածություն. աշխարհաքաղաքական նոր կարգը հնարավոր դարձավ էթնոտարածքային էքսկլյուզիվիստական վերահսկողության հիման վրա: Նման կարգի պարագայում հարկ է հստակ նշել, ամրապնդել եւ անվտանգ դարձնել սահմանները: Ճանապարհներն ու այլ տրանսպորտային կապերն այնպես են վերաձեւվում, որպեսզի դրանք արտացոլեն նոր կարգի առկայությունն ու տեսանելիությունը: Տիրապետող տարածքային ձեւ է դառնում արգելափակոցը, այլ ոչ թե կամուրջը:
-Իշխանություն. հաստատվել է իշխանության նոր, էթնոկրատական կարգ: Կառավարման ինստիտուտները ժողովրդավարության քողի տակ կենտրոնացվել են արտոնյալ ազգի շուրջ
-Էկոնոմիկա. երբ գերակշռում են ճգնաժամային պայմանները, եւ բազմաթիվ մարդիկ զրկվում են իրենց սեփականությունից եւ բիզնեսից, ապա առավել ուժեղ այն ձեռնարկատերերի համար, ովքեր չեն խորշում բռնությունից, երեւան են գալիս սեփականությունից զրկելու (թալանի) ճանապարհով արագ հարստանալու բազմաթիվ հնարավորություններ: Հենց որ սեփականաշնորհվում է նախկին հանրային սեփականությունը` տեղի է ունենում քաղաքական էկոնոմիկայի անխուսափելի քրեականացման ամրապնդում:
-Նույնականություն. էքսկլյուզիվիստական նույնականությունն աճում է, թեեւ կարող են պահպանվել կոմունիստական դարաշրջանի բազմամշակութայնության հասկացությունների ծիսական հիշատակումները: Տեղի են ունենում նախկին հարեւանների (ում արդեն համարում են արտաքին թշնամիներ, եկվորներ եւ նախկին կայսրության մնացուկներ) նույնականության մշակութային ու ֆիզիկական ներկայության ջնջման պարբերական փորձեր: Նոր տրամաբանություն է դառնում դոմիցիդը` անցյալում համատեղ գոյակցության վայրերի գոյության հետքերի ու ապացույցների կանխամտածված ոչնչացումը: Վայրի ոչնչացումն արդարացվում է դրա «վերածննդի» նախերգանքով` որպես մտացածին միֆական անցյալի էրզաց-պատճեն: Քաղաքները, գյուղերը եւ այլ նշանակալից տեղանքներ վերանվանվում են: Պաշտամունքային կառույցները ոչնչացվում են, կամ էլ յուրացվում` փորձելով որպես սրբություն ներկայացնել այն հողատարածքը, որի վրա դրանք կառուցվել են: Սույն էֆեկտի ուժեղացման համար կառուցվում են ռազմական նոր հուշահամալիրներ:
2.4. Փախստականների նկատմամբ շախմատային խաղեր
1994 թվականին պաշարված Սարաեւո քաղաքում «Արտ փաբլիշինգ սերվիս» հրատարակչության կոլեկտիվը մի ցուցապաստառ է հրատարակել, որում ծաղրվում են էթնիկական խմբերի նկատմամբ իրենց խաղերում ու ձեռնածություններում տեղաշարժված անձանց որպես «խաղազինվոր» օգտագործելու` ազգայնական քաղաքական կուսակցությունների եւ աշխարհազորայինների կիրառած միջոցները[7]: Ազգի տառապանքների մասին ուղղույթների կենտրոնում հայտնված տեղաշարժված անձինք միաժամանակ եւ գնահատվում են, եւ չեն գնահատվում քաղաքական առանջնորդների կողմից: Միեւնույն ժամանակ` տեղաշարժված անձինք հայտնվում են հանրության ետնադռան մոտ` կոլեկտիվ ճամբարներում` վատ կենսապայմաններ ունեցող բնակավայրերում ու բնակելի զանգվածներում:
Նրանք զոհաբերման խորհրդանիշ են հանդիսանում եւ շատ հաճախ խորհրդանշական պատերազմների զոհ են դառնում, պատերազմներ, որ պետության ղեկավարները կամ իշխանությունում գտնվող քաղաքական գործիչները մղում են ներքին ընդդիմության դեմ: Այս խորհրդանշական քաղաքական խաղերի կանխատեսելիության ու կառավարելիության շրջանակներից դուրս գալու վախն, անշուշտ, հանդիսանում է այն գործոններից մեկը, որոնք վերադարձի հիմնախնդիրը վտանգավոր են դարձնում ներկայիս քաղաքական առաջնորդների համար:
Ցանկացած խաղաղ պայմանագրում վերադարձի իրավունքը, հավանաբար, կլինի քաղաքական սուր բանավեճերի կենտրոնում: Այս հարցը զգալիորեն ավելի մեծ խորհրդանշական կշիռ ու նշանակություն է ունենալու, քան վերադարձի նպատակահարմարության եւ հաստատունության փաստական ու գործառնական տեսանկյունները: Սույն հիմնախնդիրը քաղաքական գործընթացը փչացնողներին (սպոյլերներին) լայն դաշտ կտա խորհրդանշական հաղթանակներ տանելու եւ ցանկացած խաղաղ համաձայնագիր լեգիտիմությունից զրկելու համար, քանի որ ցանկացած համաձայնագիր որոշակի փոխզիջումներ է պարունակելու հակամարտող կողմերի միջեւ:
2.5. Ընդհանուր շրջանակային համաձայնագիր
Շարունակելով տեսական մոդելավորումը` կարելի է շատ ընդհանուր գծերով ենթադրել, թե ինչպիսի տեսք է ունենալու Մինսկի խմբի միջնորդությամբ կնքված ցանկացած Ընդհանուր շրջանակային համաձայնագրի վերադարձի մասին գլուխը: Նախեւառաջ, ինչպես եւ Դեյտոնում, անհրաժեշտ կլինի մի առանձին գլուխ նախատեսել «ուժերի տարանջատման» մասին (նկար 3): Սա Դեյտոնյան համաձայնագրի ամենամեծ գլուխն է. այնտեղ մանրամասն շարադրված են այն ընթացակարգերը, որոնցով հակամարտող ուժերը պիտի հետ գնային կրակի դադարեցման այն պահին առկա գծից եւ Դեյտոնի պայմանագրի համաձայն ստեղծվելիք կազմավորումների միջեւ սահմանից: Սա կարեւոր է, քանի որ այսպիսով, ամենայն հավանականությամբ, կստեղծվի «տարանջատման գոտի» (ՏՋ)` ապառազմականացված գոտի, որտեղ տիրություն են անում խաղաղության պահպանման միջազգային ուժերը: Դա կարեւոր է այն պատճառով, որ այդ գոտին կարող է դառնալ առաջին` փորձնական տեղանքը, ամենայն հավանականությամբ` չվիճարկվող տարածքը (տես` ստորեւ բերված նկարը), որտեղ թույլ կտրվի վերադարձը: ՏՋ-ն շատ առավելություններ ունի: Սա ապառազմականացված գոտի է, որը տեսականորեն եւ, հուսով ենք, գործնականում կառավարելու է իշխանության մի մարմին, որը ներդրում է ունեցել վերադարձի գաղափարում եւ այն գործընթացներում, որոնք կատարվում են իրեն ենթական տարածքում:
Երկրորդ: Ցանկացած Ընդհանուր շրջանակային պայմանագիր ունենալու է վերադարձի հարցերին նվիրված բաժին: Եթե այն գրվելու է միջազգային նորմերին համապատասխան, ապա պիտի հաստատի հենց իրենց` մարդկանց իրավունքը` որոշելու, թե ինչ անել` վերադառնալ, ինտեգրվել տեղում, կամ տեղափոխվել երրորդ տեղ (վերջին տարբերակն, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ կխաթարի միգրացիոն գործընթացների նկատմամբ տեղական վերահսկողության իրականացումը): Առանցքային հարցը կայանում է նրանում, թե վերադարձին եւ (կամ) տեղում ինտեգրվելուն խրախուսող եւ աջակցող ինչ կառույց է ստեղծվելու: Այն հակված է լինելու մեկի՞ն, թե՞ մյուսին: Արդյո՞ք անխոչընդոտ վերադառնալու իրավունքը ներառելու է նախքան ռազմական գործողություններն ունեցած սեփականության իրավունքի վերականգնման կամ վարձակալման մասին դրույթներ: Արդյո՞ք գործարկվելու է փոխհատուցման սխեման, եւ եթե այո, ապա որքանո՞վ է այն հանգամանալից ու գրավիչ լինելու (ֆինանսավորման առումով): Դեյտոնյան համաձայնագրի Հավելված 7-ը այսպիսի տեսք ունի.
Բոլոր փախստականներն ու տեղաշարժված անձինք իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենի տները: Նրանք պիտի ունենան այն գույքի վերադարձման իրավունքը, որից զրկվել են ռազմական գործողությունների ընթացքում` սկսած 1991 թվականից, եւ փոխհատուցում ստանալու իրավունք ցանկացած գույքի համար, որը վերադարձի ենթակա չէ:
Սույն ձեւակերպման մեջ էական է այն, որ ապահովվում է սեփականությանը երկրորդ անգամ տիրելու կամ փոխհատուցում ստանալու իրավունքը: Գործնականում շատ քչերն էին Դեյտոնում հավատում, որ տեղաշարժված անձինք վերադառնալու են. Հավելված 7-ը հռչակում էր չվերադառնալու իրավունք, տեղական ինտեգրումը եւս իրավունք էր համարվում, եւ ազգայնամոլների մեծ մասը կարծում էր, որ ամենաշատն իրենք կարող են հաստատել փոխհատուցման նվազագույն սխեմա եւ լեգալացնել այն կարգը, որը հաստատվել էր պատերազմի ժամանակ: Իրականում, սակայն, Դեյտոնյան համաձայնագրերի իրականացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունները մի կառույց են հիմնել, որը գլխավոր ուշադրությունը դարձրել է եւ խթանել է, ինչպես իրենք են ասում, «փոքրամասնությունների վերադարձը», այսինքն` տեղաշարժված մարդկանց վերադարձն այն վայրերը, որտեղ նրանք այժմ դարձել են փոքրամասնություն: Գործնականում, սակայն, փոխհատուցման մասին դրույթը չի ֆինանսավորվել եւ, հետեւաբար, չի իրականացվել: Այն, ինչ իրականացվել է (եւ զգալի ջանքեր է պահանջել), դա սեփական գույքը վերադարձնելու իրավունքն էր եւ այն տնօրինելու իրավունքը (սկբնական շրջանում այս հարցում որոշակի անվճռականություն կար): Ավելին` վերականգնման միջազգային փաթեթները չեն ֆինանսավորել տեղական ինտեգրումը որպես այլընտրանք: Մարդիկ դրա իրավունքը չունեին, բայց միջազգային հանրությունը, նախնական տատանումներից հետո եւ ոչ առանց տարաձայնությունների, եկավ այն եզրահանգման, որ «տեղական ինտեգրումն» ամրագրում է էթնիկական զտումները, մինչդեռ ինքը շահագրգռված էր էթնիկական զտումների արդյունքները վերացնելու մեջ:
2.6. Սեփականության ռեստիտուցիա եւ գույքի մասին օրենքի կիրարկման պլան
Այս ամենը ես հիշատակում եմ գլխավորն ընդգծելու համար: Ընդհանուր շրջանակային համաձայնագրում կարող է ձեւակերպվել տեղաշարժած անձանց իրավունքների լիբերալ ռեժիմ: Սակայն օրախնդիր է հանդիսանում այն հարցը, թե ինչպիսի մեխանիզմներ են գործարկվում վերադարձի կամ դրա այլընտրանքի ֆինանսավորման համար: Այդ իրավունքներից ո՞րն է առաջինը դառնում հավասարների մեջ եւ դրա շնորհիվ խրախուսման գործնական կառույց ստանում այդ իրավունքի իրականացման համար: Բոսնիական դեպքում դա վերադարձի հեռանկարով ու անհատական մակարդակով կորցրած գույքի փոխհատուցումն էր: Համառոտակի նկարագրված` Գերագույն հանձնակատարի վարչությունը` Դեյտոնյան խաղաղ համաձայնագրերի իրականացման համար պատասխանատու քաղաքացիական իշխանության միջազգային մարմինը, ի չիք է դարձրել գույքի մասին պատերազմական շրջանի օրենքները եւ սկսել է ողջ երկրով մեկ կիրառել իրավաբանական ստանդարտ ընթացակարգեր, որոնք կարող էին կառավարել սեփականության ռեստիտուցիան եւ իրականացնել այն: Գույքի մասին օրենքի կիրարկման հայտնի պլանն (ԳՄՕԿՊ) ուղղված էր գույքի մասին ողջ հարցի ապաքաղաքականացմանը եւ վերադարձին` գույքի գծով կենտրոնական մարմնի` անշարժ գույքի նկատմամբ հավակնությունների գծով հանձնաժողովի (ԱԳՀՀ) ստեղծման ճանապարհով: Հանձնաժողովը պիտի ապահովեր 1992 թվականի մարտի դրությամբ (նախքան պատերազմը) առկա նախնական իրավական տիտղոսը, որն էլ պիտի հիմք ծառայեր այն մարդկանց համար, ովքեր վերադարձնում են իրենց սեփականությունը, մասնավոր կամ պետական սեփականության մեջ գտնվող իրենց բնակարանները, որոնցում իրենք վարձակալման իրավունք ունեին այն բանի հիման վրա, որ աշխատում էին պետական գործարանում կամ էլ ինչ-որ այլ պայմանավորվածության հիման վրա[8]:
2.7. Տեղեկատվական կամպանիաներ եւ լեգիտիմություն
ԳՄՕԿՊ պլանում հստակ շարադրված է, թե ինչ պիտի հետեւի, երբ տեղաշարժված անձինք ստանան սեփականության իրավունք ԱԳՀՀ-ից (տես` նկար 4): Ինչպես կարելի է տեսնել, դա շարադրված է եղել բավականին հանգամանորեն եւ իրականացման համար պահանջում էր մի շարք կառուցվածքային միջոցներ: Առանցքային կետ էր «իրավական պետության» ստեղծումը, որում այդ իրավունքը հստակ է բոլոր քաղաքացիների համար, եւ չկա որեւէ երկիմաստություն այն հարցում, թե ում իրավունքներն են առաջին տեղում գտնվում սեփականության տեսանկյունից: Սա աներեւակայելի փոփոխություններ էր պահանջում նրանց գիտակցության մեջ, ովքեր կարծում էին, թե իրենք ներկայումս տիրում են պատերազմի ժամանակ ձեռքբերած կամ ստացած սեփականության: Այն, ինչ նախկինում անփոփոխ էր թվում, այժմ հարցականի տակ դրվեց, երբ նոր իրավաբանական կարգը պիտի փոխարիներ պատերազմի, բռնությունների եւ տեղաշարժերի ժամանակ հաստատված նախկին կարգի (ան)օրինականությանը: Համայն Բոսնիայում գործարկվեցին երկու առանձին ընդհանուր-պետական տեղեկատվական կամպանիաներ հստակ ուղերձով` հիմա սեփականության նոր կարգ է, եւ եկել է վերադառնալու կամ տեղում ինտեգրվելու սեփական ընտրությունը ձեւակերպելու եւ լեգալացնելու ժամանակը: Այդ արշավները, հնարավոր է` ի զարմանս ոմանց, հիմնականում հաջողված էին: Շարքային մարդիկ հասկանում էին, որ ապրում են ուրիշ մարդկանց տներում, եւ որ կա մի գործընթաց, որի միջոցով իրենք կարող են ձեռք բերել իրենց հին գույքի սեփականության իրավունքը եւ որոշել, թե ինչ անել դրա հետ: Դա չի նշանակում, որ չեն եղել դիմադրություն, ցինիզմ ու կասկածամտություն: ԳՄՕԿՊ-ի պլանին ընդդիմանում էին եւ դրա դեմ խափանման զանազան ձեւեր են ծավալվել (ինչը կդիտարկենք ստորեւ):
2.8. Վերադարձը որպես ցամաքային աշխարհաքաղաքական կամպանիա
Բոսնիայում վերադարձի կազմակերպման գործընթացը վերապահվել էր ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը: Որոշակի անկազմակերպվածության ժամանակահատվածից հետո վարչությունը սկսեց համագործակցել Խաղաղ համաձայնագրի իրականացման ապահովման ուժերի (IFOR), ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների վերադարձի վրա հիմնված վերադառնալու գործընթացի ֆինանսավորման մեջ շահագրգիռ այլ միջազգային զարգացման գործակալությունների հետ: Այդ նպատակով նրանք օգտագործել են Վերականգնման ու վերադարձի աջակցության հատուկ ուժերի (RRTF) մեխանիզմը, որը Բոսնիայի առանձին տեղաշրջաններում ի մի է բերել այս կառույցները ցամաքային կամպանիայի մշակման համար: Գիտակցաբար եմ օգտագործում ռազմական փոխաբերությունը, քանի որ RRTF-ի ռազմավարությունը մտածվել է որպես վերադարձի համար տարածքի «երեւակման» ռազմավարական կամպանիա: Նրանք լինում էին տեղերում եւ մատակարարվող հետախուզական տեղեկությունների հաշվառումով համատեղ լուծում էին այնպիսի հարցեր, որոնք մարդկանց թույլ էին տալիս իրականացնել վերադարձի ընտրության իրավունքը: Հակիրճ ասած` կամպանիան օգտագործում էր տարածության մասին երեք գերակշռող պատկերացումներ.
1. Տարանջատման գոտի (ՏԳ) , որը հնարավորություն էր տալիս նախնական փուլում իրականացնել «ճեղքումային» վերադարձներ, որոնք էլ օգնեցին ամրապնդել վերադարձը որպես կոշտ գծի տեղացի կողմնակիցների համար փաստ եւ անխուսափելիություն:
2. «Վերադարձ` չվիճարկվող տարածքներ». վերադարձ լքված ու կիսավեր գյուղեր ու քաղաքներ: Շատ դեպքերում չվիճարկվող տարածքներ վերադարձն իրականացվել է նախկինում մոնոէթնիկ գյուղեր:
3. «Վերադարձ` վիճարկվող տարածքներ». սա հանդիսանում էր վերադարձի գործընթացի գագաթնակետը եւ ներառում էր արդեն փոքրամասնություն հանդիսացող մարդկանց վերադարձը էթնոցենտրիզմի ու էթնոկրատիայի բաստիոն դարձած (տարբեր պատճառներով` պատմական մոնոէթնիկության, պատերազմական շրջանի զրկանքների եւ մարդկանց, էթնիկական խմբերի ներկայացուցիչների, նաեւ այնտեղ ապրողների) քաղաքներ:
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորման եւ տեղաշարժի յուրօրինակ աշխարհագրություն ունի, ինչն այդ աշխարհագրական առանձնահատկությունները դարձնում է հնարավոր խնդրահարույց, բայց միեւնույն ժամանակ` հնարավոր արդյունավետ: Նախ` շփման գծի երկայնքով միջազգային խաղաղարար ուժերի նախնական համաձայնեցված տեղաբաշխումը հնարավոր է դարձնում զգալի ՏԳ-ի ստեղծումը: Այս տարածաշրջանը հետագայում կարող է դառնալ վերադարձի գործընթացի գործարկման «փորձնական ցուցափեղկ»: Սակայն Ղարաբաղի պարագայում այստեղ կան յուրօրինակ խնդիրներ: Արդյո՞ք նախնական ՏԳ-ն պիտի համաչափ լինի, ինչպիսին եղել է Բոսնիայում` յուրաքանչյուր ուղղությամբ մի քանի կիլոմետր, եւ ապա ընդլայնվի: ՏԳ-ի նման համաչափության դեպքում շատ չանցած օրակարգում կհայտնվի Շահումյանի շրջանի նախկին հայկական գյուղեր եւ Մարտակերտի (օրինակ` Լենինավան-Մարաղա) ու Մարտունու շրջանների ամենաարեւելյան, «թերակղզիական» տարածքներ վերադառնալու հարցը: Նման ելքն ամենայն հավանականությամբ տարաձայնությունների կհանգեցնի առ այն, որ շատ ավելի փոքր հայկական տարածքներ վերադառնալու հարցերը շատ ավելի վաղ են լուծվելու, քան վերադարձը շատ ավելի մեծ ադրբեջանական տարածքներ: Բացի այդ, Շահումյանի շրջանի յուրատեսակ կարգավիճակը (գտնվում էր ԼՂԻՄ-ից դուրս, հռչակվել է դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` ԼՂՀ մաս) լայն հնարավորություններ է ստեղծում գործընթացը փչացնողների համար: Եթե ընդհանրապես ՏԳ-ի մոդելն իրականացվի, ապա այս խնդրից խուսափելու եղանակներից մեկը կարող է լինել ոչ մեծ համաչափությամբ ՏԳ-ի ստեղծումը` որպես բարի կամքի եւ վստահության դրսեւորում, այնուհետեւ փուլ առ փուլ այն տարածել գրավյալ տարածքների խորքը:
Երկրորդ: Նախկին ԼՂԻՄ տարածքի մաս չկազմող յոթ շրջանների ավերված եւ լքված շատ գյուղեր ու քաղաքներ իրենցից ակնհայտ հնարավորություններ են ներկայացնում չվիճարկվող տարածքներ վերադարձի համար: Տեսականորեն նման վերադարձի համար պայմաններն ավելի բարենպաստ են, քան Բոսնիայում, քանի որ այս տարածքներն ինքնին չեն առնչվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վեճին: Կողմերը, բնականաբար, հայտարարելու են այս տարածքների միջեւ առկա ֆունդամենտալ տարբերությունների մասին: Այստեղ վճռորոշ է լինելու գիտակից վերաբերմունքը եւ գերակշռող վստահությունը: Վերադարձ ներառող հնարավոր խաղաղ կարգավորման պայմանների շուրջ վիճաբանությունները պիտի համապատասխանեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լեգիտիմության չափորոշիչներին: Թեպետեւ միջազգային չինովնիկները կարող են ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վեճերի ու քննարկումների առարկա է, այդուամենայնիվ` վիճելի անկլավի շուրջ գրավյալ հողերի անօրինականության լայն ճանաչումը կասկած չի հարուցում (Շահումյանի շրջանն այս առումով առանձնակի դեպք է): Մատչելիության գիծը, հավանաբար, հարկ է դիտարկել որպես անվտանգության օրինական եւ տրամաբանական ընկալում, բայց «անվտանգության» եւ «սահմանների պաշտպանվածության» նպատակով մեծ տարածքների գրավումն այդպիսին չի հանդիսանում: Լեգիտիմության այս փոփոխական աշխարհագրությունը որքանո՞վ են ընդունում կամ չընդունում իշխանության տեղական մարմինները. սա առանցքային հարց է չվիճարկվող տարածքներ վերադարձի հարցի քննարկման ժամանակ «արտահաստիքային» վնասարար գործողությունների հավանականությունը որոշելու համար:
Չվիճարկվող տարածքների շուրջ կազմակերպվելիք վերադարձի գործընթացի իրականացման համար հարկ կլինի գործել փուլ առ փուլ եւ զգուշորեն, հավանաբար` հարկ կլինի սկսել տրանսպորտային ուղիների եւ ենթակառուցվածքների նորացումից, այնուհետեւ կազմակերպել վերադարձ որեւէ գյուղ եւ միայն դրանից հետո կազմակերպել վերադարձն այնպիսի խոշոր քաղաքային կենտրոններ, ինչպիսին են Աղդամը, Ֆիզուլին եւ Ջաբրայիլը: Մյուս վայրերում, ինչպիսին են Քելբաջարը (Քարվաճառ), Ջաբրայիլը (Ջրական), Ֆիզուլին (Վարանդա) եւ Լենինավանը (Մարաղա), ունեն իրենց սեփական պատմությունը` կողմերի համար խորունկ խորհրդանշական նշանակությամբ: Փուլային վերադարձի գործընթացը դժվար կառավարելի կլինի` հենց որ սեղանին հայտնվի վերադարձի իսկ հնարավորությունը, եւ ակնկալիքները կմեծանան:
Երրորդ: Ամենաբարդ դեպքերը վիճարկվող տարածքներ վերադառնալիս են լինում: Վերադարձի ցանկացած գործընթացի համար Շուշին ու Լաչինն, ամենայն հավանականությամբ, ամենաբարդ տեղանքներն են լինելու: Որպես պատմական եւ մշակութային վայր իր ունեցած առանձնակի խորհրդանշական դերի, եւ հայ, եւ ադրբեջանական ազգայնական ուղղույթներում ունեցած նշանակության, ինչպես նաեւ նախկին ԼՂԻՄ-ում ադրբեջանական մեծամասնություն ունեցած ամենամեծ քաղաքի կարգավիճակի ու Ստեփանակերտի շուրջ բարձունքներում տեղակայված լինելու ռազմավարական նշանակության պատճառով (պատերազմի սկզբում ԳՐԱԴ ռեակտիվ հրթիռներով Շուշիից կրակում էին Ստեփանակերտի վրա) Շուշին իրենից ներկայացնում է մի հիմնախնդիր` իր ուրույն մարտահրավերներով: Լաչինն էլ ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի ու նաեւ այն պատճառով, որ 1994-ից ի վեր այն գրավյալ տարածքներից միակն է, ուր նշանակալից վերաբնակեցում է իրականացվել: Ինչպես եւ Բրչկո-Դոբոյ միջանցքը կենտրոնական Բոսնիայի հյուսիսում` Լաչին-Բերձորը եւ դեպի Ղարաբաղ ճանապարհը նկարագրում են որպես «կենսական զարկերակ» եւ «կյանքի ճանապարհ», սույն փոխաբերությամբ անխուսափելիորեն ջնջելով դրա նախկին բնակիչների տեղն ու իրավունքը: Այս վայրերում բնակեցված մարդիկ նույնպես ունեն օրինական իրավունքներ ու կարիքներ, սակայն դրանք չեն գերակշռում նախկին բնակիչների իրավունքներին: Վերադարձի ցանկացած գործընթացի համար առանցքային է դառնալու հետեւյալ հարցը` հաստատվա՞ծ է, արդյոք, այս կոլիզիայի` շահերի բախման լուծման մեխանիզմ: Ամբողջ բարդությունն այստեղ կայանում է նրանում, որ չվիճարկվող տարածքներ վերադարձը սովորաբար պահանջում է տարհանման գործընթաց (ոչ հեռու վայրում այլընտրանքային կեցավայրի տրամադրմամբ) որպես ներկայիս բնակիչների (ում տրվում է «սկվատեր» նվաստացուցիչ անունը) կառավարման վերջին միջոց, ովքեր համառորեն շարունակում են զբաղեցնել նախկին բնակիչների սեփականությունը: Շուշի եւ Լաչին ադրբեջանցիների վերադարձը վերջին մարտահրավերն է լինելու վերադարձի գործընթացի համար: Սույն վերադարձը հզոր նշանակություն է ունենալու հաշտության նյութականացման համար, բայց եթե դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա խորհրդանշական նշանակության, այլ ոչ թե կայուն վերադարձի ակտ: Ստորեւ ես ցույց կտամ, թե ինչու եմ հավատում, որ դա տեղի կունենա:
2.9. Չվիճարկվող տարածքների վերադարձը և լիբերալ էթնոկրատիան
Ժամանակակից Բոսնիային առնչվող ամենահետաքրքիր հայեցակետերից մեկն այն է, որ ազգայնամոլները լեգիտիմության են հավակնում գերակշռող միջազգային լիբերալ իրավակարգի պայմաներում: Միլորադ Դոդիչը (Սերբիայի Հանրապետության (ՍՀ) ընտրյալ նախագահը 2010 թվականին), օրինակ, պաշտպանում է հանրաքվե անցկացնելու ՍՀ իրավունքը, քանի որ տարածաշրջանի մյուս պրոտո-պետությունները (օրինակ` Չեռնոգորիան եւ Կոսովոն) արդեն արել են դա[9]: Որպես լեգիտիմության նախնակետ Դոդիչը նաեւ հայտարարում է, որ Սերբիայի Հանրապետությունը ՙէթնիկական զտում՚ է հանդիսանում: Կարծիքը հետեւյալն է. ՙՄենք ներս ենք թողել հայրենադարձներին եւ լավ ենք վերաբերվում այդ փոքրամասնությունների նկատմամբ, նրանք խնդիրներ չունեն, մենք ազդեցիկ լիբերալ պետություն ենք՚: Կարծում եմ, նման հռետորությունը հեռու է Ռադովան Կարաջիչի նման մարդկանց կոշտ էթնոկրատական տրամադրություններից: Այդպես է դա, թե ոչ` քննարկման առարկա է: Սա ուշադրության արժանի է այն առումով, որ մենք պիտի մտածենք նոր իրավակարգի կառուցվածքի մասին, իրավակարգ, որը կարող է աստիճանական վերադարձ ապահովել անզիջում անջատողական տարածաշրջաններ (տես` Նկար 5):
Լիբերալ էթնոկրատական պետությունը տարբերվում է նրանով, որ այն շահագրգռված է միջազգային հանրության առաջ հանդես գալու որպես լիբերալ ռեժիմ, որպեսզի որոշակի օգուտներ ստանա. ավելի լայն ճանաչում, միջազգային մասնակցություն եւ ընտրովի ֆինանսավորում, ինչպես նաեւ միջազգային շուկաների եւ ապրանքների մատչելիություն: Տրամադրվածությունը հետեւյալն է. ՙՄենք գործնական կլինենք` չհրաժարվելով մեր էությունից, եթե դուք գործնական լինեք ու ընդունեք մեզ՚: Սա որոշակի երկընտրանք է ստեղծում միջազգային հանրության համար, քանի որ շատ առումներով լիբերալ էթնոկրատիան հակասական եզրույթ է. նրա լիբերալիզմը նախատեսված է հանրության համար, իսկ էթնոկրատիան նրանց համար, ովքեր գիտեն դա: Բայց սա միջազգային հանրության համար նաեւ հնարավորություն է ստեղծում ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ շարժվելու համար: Որոշակի առումով լիբերալ էթնոկրատիայի կառուցվածքը բաց է բանակցությունների համար: Թեեւ դա էքսկլյուզիվիստական ազգային պետություն է, բայց կա որոշակի ընկալում այն բանի, որ մյուս խմբերը եւս կարող են ապրել այնտեղ: Չնայած այն բանին, որ այստեղ տիրում է էթնոկրատական կարգուկանոն, կան որոշակի համաձայնագրեր ազդեցության գոտիների բաժանման, այլ խմբերին զիջումներ անելու մասին:
Թեեւ պատերազմական ժամանակաշրջանի հանցագործություններում արմատներ ունեցող էկոնոմիկան էթնոկրատական է, որոշ ակտորներ շահագրգռված են ՙլեգիտիմացման՚ մեջ: Թեեւ մշակութային լանդշաֆտը ձեւավորվում եւ ներկայանում է էքսկլյուզիվիստական եզրույթներում, այդուամենայնիվ` հանդուրժողականության որոշակի աստիճան կա մյուս խմբերի նկատմամբ, որպեսզի վերջիններս կարողանան սկսել իրենց եկեղեցիների, մզկիթների եւ հուշարձանների վերականգնումը (իմա` իրենց ՙմշակութային լանդշաֆտը՚): Կարող է թույլ տրվել տեղանքի համար երկու անվանում ունենալ, ցուցանակները կարող են արտահայտել գերակշռողից բացի այլ մշակույթի առկայությունը: Այդուհանդերձ, նվաստացման եւ վանդալիզմի միկրոքաղաքական ակտերը` գրաֆիտի, պղծում, հիշեցնում են փոքրամասնություներին, թե ով է այստեղ տիրում:
Այսպիսին է որոշակի առումով հանդիսանում Սերբիայի Հանրապետությունը: Արդյո±ք սա ապագա ԼՂՀ-ի հնարավոր դիմանկարն է: Կա±, արդյոք, ղարաբաղյան հայերի մոտ պատրաստակամություն միջազգային օրինականության աստիճանների վրա ոտք դնելու` ադրբեջանցիների նվազագույն, խորհրդանշական վերադարձի հարցում բաց լինելու եղանակով: Պատրա±ստ է, արդյոք, ադրբեջանական պետությունը համարձակվելու դուրս գալ մաքսիմալիստական հռետորության շրջանակներից եւ շարժվել այս մի ուղղությամբ: Արդյո±ք հիմքեր կան Ղարաբաղի եւ հարակից շրջանների մշակութային խառը լանդշաֆտի շուրջ երկխոսություն սկսելու համար:
3. Տեղաշարժված անձինք եւ (չ)վերադարձը տուն
Հարցն առ այն, թե տեղաշարժված անձինք որքանով են ցանկանում ՙտուն վերադառնալ՚, փորձառնական-էմպիրիկ է եւ տարբերվում է դեպքից դեպք: Ադրբեջանցի տեղաշարժված անձանց կառուցվածքային առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղաշարժված անձանց կարգավիճակը որոշում է իրենց իսկ տեղը եւ կենսական հնարավորություններն Ադրբեջանում: Կողքից նայելով թվում է, թե նրանք կրկնակի տեղաշարժված անձինք են. նրանք ոչ միայն ստիպված են եղել լքել իրենց հայրենի վայրերը, այլեւ պետությունը, հանրությունը, որտեղ ապաստան էին գտել: Այս մարդիկ կարծես թե մշտապես գտնվում են սպասասրահում, նրանց ասել են, որ իրենք տուն կվերադառնան, բայց այդպես էլ պայմաններ չեն ստեղծել, որոնց առկայությամբ իրենք կկարողանային որոշակի ընտրություն կատարել իրենց կարգավիճակի, պայմանների եւ նախապատվությունների հարցում: Իսկ ինչպիսի±ն է վիճակը Ադրբեջանից Հայաստան տեղափոխված մարդկանց մոտ: Նրանց թույլատրե±լ են հայտնվել տեղաշարժված անձանց դասում, ովքեր իրենց կացության հարցում ընտրության իրավունք ունեն:
Բոսնիայում եւ Հերցեգովինայում, ինչպես նաեւ այլ տեղերում տեղաշարժված անձանց շրջանում մարդաբանների (անտրոպոլոգների) անցկացրած ուսումնասիրությունները հանգեցրել են մի քանի կարեւոր եզրակացությունների, որոնց դիտարկումը չէր խանգարի մեզ: Նախ` ինչպես ազգայնամոլների, այնպես էլ միջազգային շատ կառույցների կողմից ՙտեղաշարժված անձանց՚ դիտարկումը ցույց է տալիս այն, ինչը ոմանք անվանում են ՙնստակյացության նախապաշարմունք՚, որը ներկայացվում է որպես ֆիքսված վայրերի կենսապայմաններում մարդկանց տեսնելու միտում, այլ ոչ թե որպես կյանքի բոլորաշրջանի տեսանկյունից, ինչն իր մեջ ներառում է շարժում եւ միգրացիա: Տեղերում գտնվող մարդկանց ոչ քննադատական պատկերացումները, թվում է, գերակշռում են շարժման մեջ գտնվող մարդկանց ավելի բարդ հայեցակարգի նկատմամբ: Ազգայնամոլները կուզենային շրջափակել մարդկանց իրենց երեւակայական հայրենիքում, որն իրենք ստեղծել են արյունոտ ճանապարհով, մինչդեռ մարդու իրավունքների գծով հանձնակատարները կուզենային մարդկանց վերադարձնել իրենց ՙի սկզբանե տները՚` որպես արդարության հաստատում, որպես վերականգնում այն ամենի, ինչ եղել է ու ինչ պարտավոր է լինել: Սույն կաղապարված ենթադրություններում չի հերիքում այն բանի ընկալումը, որ մարդիկ կարող են եւ ուզում են տեղաշարժվել` իրականացնելու համար իրենց ձգտումները:
Երկրորդ: Բելգիացի մարդաբան Ստեֆ Յանսենը ենթադրել է, որ Բոսնիայում եւ Հերցեգովինայում տեղաշարժված անձանց գլխավոր նպատակը հանդիսանում է իրենց կյանքում անկանխատեսելիության նվազեցումը[10]: Փախչելով հակամարտային տարածաշրջանների ՙթեժ կետերից՚, նրանք գտնվում են ՙհանգիստ վայրի՚ որոնումներում, վայր, որտեղ իրենք կարող են կառուցել կանխատեսելի եւ կայուն կյանք: Տեղաշարժված անձինք հիշում են ոչ թե նախկին վայրերը որպես այդպիսին, այլ իրենց անցած կյանքը նախկին վայրերում, այն կենսաշխարհը, որ տան զգացողություն է ստեղծում: Պարտադիր չէ, որ այս հարցերը տարանջատվեն նրանց հիշողության մեջ, ու այդպես էլ ծագում են ՙտան մասին միֆերը՚, որոնք իրականում հանդիսանում են անցած ժամանակների ու վայրերի մասին հիշողություններ: Հասկանու±մ են, արդյոք, նրանք, որ նախկին կարգուկանոնը (տես` նկար 1) , որն էլ ապահովում էր այդ հիմնականում դրական հուշերը, արդեն անցել է. սա բաց էմպիրիկ հարց է: Նման վերադարձին համապատասխան բան է այն, որ տեղաշարժված անձինք կարող էին իրենց համար ստեղծել ուժեղ-ստեղծագործական ՙվերադարձի միֆեր՚` խարսխված ՙտան մասին՚ զգացական եւ կարոտախտային հիշողությունների վրա: Այլ կերպ` տեղաշարժված անձինք կարող են ապրել մի այնպիսի ՙկենսաշխարհում՚, որը լիովին հեռու է տեղերում իրական վիճակից եւ նախկին բնակության վայրերում առկա աշխարհաքաղաքական կարգից: Դրական երեւակայական անցյալի կտրուկ կոնտրաստը ու բացասական մռայլ ներկան կարող են նաեւ նպաստել խոր դեպրեսիային ու զանազան հոգեբանական-սոցիալական խանգարումներին:
Սակայն պետք չէ այդպես կարծել: Տեղաշարժված անձինք կարող են նորից իրենց տները պատկերացնել նախկին բնակավայրերից անջատ: Նրանց համար տունը գտնվում է այնտեղ, որտեղ իրենք կարող են նվազեցնել անորոշությունը եւ հիմքեր դնել ապագա սերունդների համար: Տեղաշարժված անձինք կարող են նվազ շահագրգռված լինել վերադարձում, քան իրենց տան վերստեղծման մեջ` նոր տեղում: Վերադարձի գործընթացի շրջանակներում սեփականությանը վերատիրելու պլանը, ճակատագրի հեգնանքով, կարող է օգնել սկսելու վերադարձի գործընթացը` վերջնականապես այդ տեղը լքելու եւ առաջ շարժվելու միտումով: Կորցրած գույքի վերադարձը թույլ է տալիս անձնական ակտիվներ կուտակել հետագա վաճառքի կամ վարձակալման նպատակով, այսինքն` ռեսուրսներ է ստեղծում այլ վայրում տուն կառուցելու համար: Այս գործընթացի կարեւորն մասն այն է, որ այն թույլ է տալիս տեղաշարժված անձանց որոշակի ակտիվ ընտրություն կատարել բնակության նախկին վայրի հետ կապերի խզման ընթացքում: Գործընթացը կարող է հեռու լինել կատարելությունից, բայց այն անձնական հաշտեցման եւ անցման որոշ հնարավորություն է տալիս: Նախկին տան բանալին այլեւս չի հիշեցնում վտարման վայրի մասին: Տեղաշարժված անձն ընտրություն է կատարում, որպեսզի դառնա մի մարդ, որ որոշել է տեղափոխվել:
Այս բոլոր համառոտ դիտողություները նախաբանն են այն ամենի, ինչ ես կարեւոր պահ եմ համարում. Մենք չպիտի ենթադրենք, որ տեղաշարժված անձինք անպայման ուզում են ՙվերադարձ՚ իրենց նախկին տներ: Այդպես վարվելը նրանց համար ՙհավատի ցատկ՚ է, եւ շատերը չեն ուզում այդպես ցատկել:
Վճռորոշն այստեղ կյանքի բոլորաշրջանում մարդու փուլն է. տարեց մարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են իրենց հողը վերադառնալուն, այն հողը, որ իրենք ավելի լավ գիտեն, քան արտաքսման մեջ մեծացած երիտասարդները: Շատերը կարող է փորձեն վերադառնալ, բայց որպես ողջամիտ մարդիկ կպահպանեն իրենց հնարավորությունները նաեւ տեղաշարժված վայրում: Նրանցից ոմանք կուզենան, որպեսզի ՙիրենց ոտքը լինի եւ այստեղ, եւ այնտեղ՚:
Վերադարձի եւ դրա այլընտրանքների շուրջ արդյունավետ բանավեճին նպաստելու փորձում հարկ է ընդունել, որ հայրենադարձները երբեք չեն կարողանա ՙվերադառնալ տուն՚: Դրա փոխարեն նրանք կարող են.
-Վերադարձնել գույքը, որպեսզի ապահովեն տան կառուցումը այլ տեղում
-Հոգեբանական անցում կատարել ՙփախստականից՚ կամ ՙտեղաշարժված անձից՚ դեպի ընտրության իրավունք ունեցող մարդու կարգավիճակ
-Բնակության նախկին վայրում կամ այլուր նորից տուն հիմնելու համար գնահատել հեռանկարները
-Վերադառնալ եւ ապա կրկին հեռանալ` եթե վերադարձը չլինի կայուն ինչ-որ բան:
Վերադարձի գործընթացը կարող է արդյունավետ միջոց դառնալ տեղաշարժված անձանց ակտիվ սուբյեկտների վերաճելու գործում, այնպիսի մարդկանց, ովքեր ընտրություն են կատարում, այլ ոչ թե պասիվ սուբյեկտներ են, ում շարժում են ինչպես շախմատային զինվորիկների: Խոսքը գնում ոչ թե մարդկանց վերադարձնելուն այնտեղ, որտեղ նրանք նախկինում ապրում էին, այլ այն մասին, որ մարդկանց պիտի թույլ տալ դառնալու սեփական ճակատագրի տերը: Անցյալի մասին չէ խոսք գնում: Խոսքը գնում է ապագայի մասին: Սա մեզ բերում է վերադարձի եւ զարգացման հարցին:
4. Օբստրուկցիոնիզմ, վերադարձ եւ զարգացում
Վերադարձի ցանկացած գործընթացի համար բարդ խնդիր է հանդիսանում այն, որ դա որոշակի աստիճանի լեգիտիմություն է պահանջում ոչ միայն կառավարող էլիտաների մոտ, այլեւ տեղերում անգամ ամենափոքր պաշտոնյաների մոտ, ովքեր պատասխանատու են վերադարձի գործընթացի աջակցման եւ կառավարման համար: Պատերազմի թողած բեւեռացումից եւ սպիացած վերքերից հետո տեղերի անհաշտ ազգայնամոլների համար վերադարձի հեռանկարը կարող է ահավոր խնդիր դառնալ նրանց աշխարհընկալման համար: Արտաքին թշնամիներն ուզում են նախկին հարեւաններ դառնալ: Ուրեմն ի±նչը կարող է նրանց խանգարել մեկ անգամ եւս դառնալ արտաքին թշնամի, հինգերորդ շարասյուն կամ դժվարությամբ հետնվաճած տարածքի վրա կրկնակի հարձակման առաջապահ:
1.1. Օբստրուկցիոնիզմ. կոշտ եւ մեղմ
Վերադարձի ենթատեքստում օբստրուկցիոնիզմն ինքնին կյանքի փաստ է: Միջազգային հանրությունն իր գլխավոր խնդիրը տեսնում է վերադարձը օրինական նոր կարգում տեղավորելու մեջ: Տեղական իշխանության ջատագովներին հարկ է ինչ-որ կերպ սեփականության իրավունք տալ, թե չէ նրանք հեշտորեն կարող են վնասարարներ դառնալ, եւ նրանց գործողություները կարող են հանգեցնել անհնազանդության ակտերի, որոնք էլ ունակ են տարածվելու ալիքաձեւ:
Բոսնիայում միջազգային հանրությունը որոշակի ժամանակահատվածում իշխանության ռեսուրսներ ուներ պետական մակարդակով` տեղերում ֆիքսված ներկայություն եւ իրական իշխանություն` օբստրուկցիոնիստական տրամադրություններ ունեցող պաշտոնյաներին ենթարկեցնելու կամ փոխելու համար: Մի շարք դեպքերում հարկ եղավ օգտագործել այդ ռեսուրսը տեղերում կոշտ գծի կողմնակիցներին ենթարկեցնելու համար, քանի որ նրանք ակտիվորեն փորձում էին խափանել վերադարձի գործընթացը: Օբստրուկցիոնիզմը երկու լայն ձեւեր է ստացել. Կոշտ օբստրուկցիոնիզմ` ներառյալ ֆիզիկական որոշակի բռնություններ, եւ մեղմ օբստրուկցիոնիզմ` որպես կանոն ավելի բյուրոկրատական իր էությամբ:
Օբստրուկցիոնիզմի երկու ձեւերն էլ վերաբերում են ազգայնամոլների համար անհրաժեշտ ՙտարանջատման գծին՚, ՙմերոնց՚ եւ ՙիրենց՚ միջեւ սահմանին: Կոշտ գծի ջատագովները ձգտում են բացահայտ հաստատել տեղացիների ու եկվորների միջեւ գիծը, մինչդեռ մեղմ ձեւերը դա անում են թաքուն եւ ոչ այդքան բացահայտ` հանրության համար: ԳՄՕԿՊ պլանը եւ հայրենադարձներին փաստաթղթեր տալու անհրաժեշտությունը բյուրոկրատական օբստրուկցիոնիզմի հնարավորություններ են ստեղծել: 6 եւ 7 նկարներում գծանկարային տեսքով ներկայացված է օբստրուկցիոնիզմը բնորոշող մարտավարությունների տեսականին:
Բոսնիայում օբստրուկցիոնիզմը հաղթահարվել է այն քաղաքական գործիչների պաշտոնանկությամբ, ովքեր, ինչպես համարվում էր, պատասխանատու էին բռնության ակտերի եւ կոշտ օբստրուկցիոնիզմի համար: Բյուրոկրատական օբստրուկցիոնիզմի դեմ պայքարում էին մի շարք միջոցներով. ԳՄՕԿՊ պլանի (տես` նկար 4) իրականացման ցուցանիշների համակարգի ստեղծմամբ, հնարավորությունների զարգացման նպատակով դրամաշնորհների տրամադրմամբ տեղական իշխանություններին, փաստաթղթերի համակարգչայնացմամբ եւ անձնակազմի ուսուցմամբ, ՏԻՄ հաստիքներում ՙփոքրամասնությունների՚ ներկայացուցիչների նշանակմամբ (ազգեցության գոտիների տարանջատման շուրջ պայմանավորվածությունների մի մասն է), բացահայտ օբստրուկցիոնիստական տրամադրություններ ունեցող պաշտոնյաների պաշտոնանկությամբ (օրինակ` հայրենադարձման թեկնածուների աչքերի առաջ գույքի վերադարձի մասին ձեւաթուղթը պատռած անձի պաշտոնանկությունը):
Այս բոլոր մեխանիզմները պահանջում են պահպանել երկու կարեւոր պահանջ, որոնք, ինչպես ես եմ կասկածում, չեն գործելու Ղարաբաղի պարագայում.
(1) միջազգային պաշտոնատար անձանց ունակությունը` տեղերում վերահսկելու համաձայնեցված կանոնների կատարումը եւ (2) նրանց օժտումը իրական իշխանությամբ` հարկ եղած դեպքում ամրապնդված ուժով` օբստրուկցիոնիստներին ազատելու համար: Հաշվի առնելով այս ամենը` ես կարծում եմ, որ ԼՂՀ-ում որեւէ վիճարկվող տարածք վերադարձի գործընթացը լինելու է խորհրդանշական: Նույնիսկ Բոսնիայում, որտեղ միջազգային հանրությունն իրական իշխանություն ուներ, շատ (թեեւ ոչ բոլոր) տեղերում վերադարձն ունեցել է խորհրդանշական բնույթ:
4.2. Հարկադիր տեղաշարժ եւ զարգացում
Համաշխարհային բանկը, մասնավորապես` նրա Սոցիալական զարգացման վարչությունը սկսել է ուսումնասիրել, թե ինչպես է հարկադիր տեղաշարժը ստեղծում ոչ միայն զարգացման խոչընդոտներ, այլեւ հնարավորություններ: 2010 թվականի հոկտեմբերին Բանկը Ադրբեջանի հետ համաձայնեցրել է նոր ՙԳործընկերության ռազմավարություն՚, որը վարկավորում է ենթադրում 2011 թվականից մինչեւ 2014 թվականը: Առանցքային պահերից մեկն էլ հանդիսանում է սոցիալական եւ հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը, այդ թվում` տեղաշարժված անձանց սոցիալական պաշտպանությունը: Մի կարեւոր հրապարակման մեջ (ՙԲռնի տեղաշարժ. զարգացման մարտահրավեր՚) Խրիստենսենը եւ Հարիլդը ընդգծում են զարգացման չորս փոխկապակցված խնդիր, որոնք բխում են տեղաշարժից (նկար 8):[11] Այդ կատեգորիաներից յուրաքանչյուրը բովանդակում է մի շարք խնդրահարույց ոլորտներ, որոնք ես կարող եմ ընդամենը թվարկել: Միասին դրանք ապահովում են այն բանի տեսլականը, թե ինչպիսի տեսք պիտի ունենա տեղաշարժերի եւ վերադարձի նկատմամբ համալիր մոտեցումը:
1. Հող, բնակարան եւ գույք
Այստեղ խնդրահարույց են տեղաշարժված անձանց կենսապայմանները, հատկապես կոլեկտիվ կեցության վայրերում, եւ բնակարանի ոչ հուսալի տիրապետմամբ, ինչից տուժում են տեղաշարժված անձինք: Գույքի համար փոխհատուցումը, ինչպես նաեւ տեղաշարժված անձանց ուղղված պետական ընթացիկ ծրագրերի ներուժն ու արդյունավետությունը նույնպես լուրջ մտահոգության տեղիք են տալիս:
2. Գոյապայմանների վերականգնում
Հայտնի է, որ տեղաշարժված անձինք տառապում են սոցիալական մեկուսացումից եւ տեղաշարժած վայրերում ինտեգրվելու սահմանափակումներից: Լինի դա տեղաշարժված վայրում, թե վերադարձի պայմաններում` տեղաշարժված անձանց հարկ է հնարավորություններ տրամադրել սեփական գոյության անկախ միջոցների ստեղծման համար:
3. Ծառայությունների տրամադրում
Տեղաշարժված անձանց այնպիսի պետական ծառայությունների տրամադրումն, ինչպիսին են առաողջապահությունն ու կրթությունը, հաճախ լինում է խտրական եւ սեգրեգացիոն` իր հետեւանքներով: Պիտի փշրվի այս համակարգը, իսկ տրամադրվող ծառայությունների որակը` բարձրացվի: Հարկ է ճանաչել տեղաշարժված անձանց մասնավոր կարիքները, հատկապես սոցիալ-հոգեբանական ծառայությունների ոլորտում, որոնք էլ կդառնան ծառայություների տրամադրման նկատմամբ ցանկացած համընդգրկուն մոտեցման մի մասը:
4. Պատասխանատու եւ արձագանքող վարչություն
Ինչպես արդեն նշեցինք, տեղաշարժված անձանց հաճախ դիտարկում են որպես պասիվ զոհեր եւ օբյեկտներ, այլ ոչ թե պոտենցիալ հաստատուն սուբյեկտներ, որոնց հետ պիտի խորհրդատվություններ անցկացվեն նրանց շահերին առնչվող լուծումների ցանկացած հայեցակետերի առնչությամբ: Տեղաշարժված անձանց այնպիսի փաստաթղթերի ու կարգավիճակի տրամադրումը, որոնք խտրական բնույթ չեն ունենա եւ չեն ոտնահարի նրանց քաղաքացիական իրավունքները, հանդիսանում է կառավարման կառույցների ստեղծման ավելի լայն խնդրի մասը, կառույցներ, որոնք սպասարկում են բնակչությանը, այլ ոչ թե էլիտայի ու բյուրոկրատիայի շահերը:
Համաշխարհային բանկի ուրվագծած զարգացման խնդիրները կիրառվում են ոչ միայն տեղաշարժի, այլեւ վերադարձի առնչությամբ: Նկար 9-ում ներկայացված է վերադարձի ենթատեքստում կատեգորիաների իմ հետագա մշակումը` այն դժվարությունների ավելի լայն ճանաչմամբ, քան դրանք կան Համաշխարհային բանկի հրապարակումներում, դժվարություններ, որոնք ծագում են պատերազմի եւ բռնության պայմաններում ստեղծված աշխարհաքաղաքական կարգերի արդյունքում: Ինչպես երեւում է այս աղյուսակից, կենտրոնական է համարվում պետական հաստատություններում վստահության ստեղծման խնդիրը: Քանի որ նման վստահություն չի հերիքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ներկայումս վերադարձի գործընթացի հետ չի կարելի մեծ հույսեր կապել: Կովկասում իրավիճակը Բալկաններից տարբերվում է վստահության աճը ճնշող եւս մի կարեւոր բնութագրիչով: Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային քրեական տրիբունալը (ՆՀՄՔՏ) ամենեւին էլ կատարյալ գործիք չէր Բոսնիայում եւ Հերցեգովինայում արդարադատության իրականացման համար, բայց, այդուամենայնիվ, այն կենսական կարեւոր դեր է խաղացել, հնարավորություն տալով պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար:
Բոսնիայում ռազմական հանցագործությունների գծով տեղական դատարանները նույնպես կատարյալ չեն, բայց դրանք եւս մարտահրավեր են նետում հանցավոր վարքի համար անպատժելիությանը: Կովկասում գոյություն չունի պատասխանատվության եւ արդարադատության մեխանիզմին համարժեք բան: Սույն բացակայության գինն արդեն իսկ բավականին բարձր է եւ շարունակում է բարդացնել հաշտեցման հնարավորությունը:
ՎԵՐՋԱԲԱՆ
Մի շարք դիտարկումներ, ներառող այս էսսեն, ի ցույց են դնում այն ընդհանուր հարցերը, որոնք ծագում են հայ-ադրբեջանական հակամարտության ենթատեքստում ՙվերադարձ եւ դրա այլընտրանքներ՚ մշակելու ցանկացած լուրջ փորձի ժամանակ: Վերադարձի հեռանկարները կարող են այնքան էլ դրական չերեւակվել ներկայացվածի լույսի ներքո, բայց փաստը կայանում է նրանում, որ եթե հակամարտող կողմերը դատապարտված են դուրս գալու վերջին 17 տարիների հոգեմաշ փակուղուց, ապա գոյություն չունի ուրիշ այլընտրանք, քան վերադարձի դժվարագույն հարցից կառչելը: Փորձելով ընդլայնել զրույցը վերադարձի մասին` հենվելով Բոսնիայի ու Հերցեգովինայի փորձի վրա, ես հուսով եմ, որ ստեղծել եմ Ղարաբաղի հարցում դրա արդյունավետ առաջխաղացման համար մեկնակետեր:
——————–
1. ՄԱԿ ՓՀԳՀՎ, 2000. Գլոբալ միտումներ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչություն, Ժնեւ (2010)
2. Բ.Պետրինի եւ Ժ. դե Բերի. Հարկադիր տեղաշարժը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Սոցիալական զարգացումը, Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան (2010)
3. Բրուկինգս-Բեռնի նախագիծը ներքին տեղաշարժի վերաբերյալ: ՙՆՏԱ-ների տեւական իրավիճակների գծով փորձագետների սեմինար՚: Անցկացվել է ՄԱԿ ՓՀԳՀՎ-ի կողմից` նշյալ նախագծով: Սեմինարի զեկույց: Ժնեւ, 21-22 հունիսի, 2007թ.
4. Petrini and de Berry, 2010, Forced displacement.
5. Toal, G. and Dahlman, C. Bosnia Remade. Ethnic Cleansing and its Reversal (New York: Oxford University Press, 2011).
6. Գրանցում. ԽՍՀՄ բնակիչների անձնագրերում վարչական դրոշմ, որը որոշակի վայրերում բնակվելու իրավունք էր տալիս: Այն օգտագործվում էր բնակարանի գրանցման կամ վարձակալման գործարքներում: Պետական անվտանգության մարմինը գրանցումն ու դրա բացակայությունն օգտագործում էր միգրացիայի ներքին վերահսկողության եւ պատժամիջոցների համար` ընդհուպ մինչեւ արտաքսում:
7. Jansen, S. ՙRefuchess: Locating Bosniac Repatriates after the War in Bosnia-Herzegovina՚. Population, Space and Place. Online from 7 January 2010.
8. Lekic, S., Housing and Property Restituion Rights of Refugees and Displaced Persons (Cambridge: Cambridge University Press, 2007).
9. Գոյություն ունեն հակասական պատմություններ Բոսնիայում եւ Ղարաբաղում ոչ կոռեկտ հանրաքվեների անցկացման գործընթացների մասին: 1991 թվականին Ռադովան Կարաջիչի կուսակցությունն իր հանրաքվեն է անցկացրել ազգային հիմունքներով, որի ժամանակ բոսնիացի սերբերին հարցրել են, թե ուզու±մ են, արդյոք, մնալ Հարավսլավիայում, թե± ոչ: Արդյունքում 1992 թվականի մարտին Սարաեւոյի սահմաններից դուրս սերբերի մեծամասնությունը բոյկոտել է Բոսնիայի անկախության շուրջ հանրաքվեն: Ղարաբաղյան իշխանությունները 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` պատերազմի թոհուբոհում, անկախության իրենց հանրաքվեն են անցկացրել, որը բոյկոտել են ղարաբաղաբնակ ադրբեջանցիները:
10. Jansen, S. ՙThe privatization of home and hope: return, reforms and the foreign intervention in Bosnia–Herzegovina՚. Dialectical Anthropology, 30 (2006): 177-199; ՙTroubled locations: return, the life course and transformations of home in Bosnia–Herzegovina՚. In S. Jansen, & S. Lofving (Eds.), Struggles for home: Violence, hope and the movement of people (New York: Berghahn Books, 2009), pp.43-64.
11. Christensen, Asger and Niels Harild. ՙForced Displacement: The Development Challenge՚. Conflict, Crime and Violence Issue Note, (Washington, DC: World Bank, 2009).