Լոուրենս ԲՐՈԵՐՍ
Լոնդոն
Նախաբան
Չնայած այն բանին, որ վերադարձի համընդհանուր իրավունքը, ինչպես եւ հարկն է, նշվում է որպես առանցքային հայեցակետ մադրիդյան սկզբունքներում ու կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս հենք` վերադարձի գործընթացից հայերի ու ադրբեջանցիների ակնկալիքներն արմատապաես տարբերվում են իրարից:
Վերադարձի թեմայով հանրային բանավեճերը յուրաքանչյուր կողմում հայտնվում են գաղափարախոսական չափորոշիչների նեղ շրջանակներում, չափորոշիչներ, որոնք ընդգծում են վերադարձի միակողմանի, առանց համանմանության իրավունք, առանց քննարկելու, թե ինչ է պահանջվում հայրենադարձներին ընդունող հանրությունից, կամ էլ` վերադարձի պայմաններն ինչ դեր են խաղալու հնարավոր ցանկացած խաղաղ համաձայնագրի լեգիտիմացման գործում:
Դա արտացոլում է այն փաստը, որ տեղաշարժված անձանց վերադարձը հակամարտության կարգավորման ամենազգայական ու խորհրդանշական ծանրացուցիչ հարցերից է: ՆՏԱ-ներն ու փախստականները մարմնավորում են հակամարտության մարդկային ողբերգությունը (ոչ բոլոր դերասանները կարող են այդպես մարմնավորել) եւ միեւնույն ժամանակ իրենցից ներկայացնում են տարածքների նկատմամբ ազգային հավակնությունների կենդանի մարմնացում: Տարածքների նկատմամբ վերահսկողությունը կորցրած կողմի համար այդ տարածքների նկատմամբ հավակնությունները իմաստազրկվում են, եթե բնակչություն այնտեղ չի վերադառնալու: Վիճարկելի տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերած կողմը տեղաշարժվածների վերադարձն ընկալում է որպես վերահսկողության կորուստ, սպառնալիք` անվտանգությանը եւ վերադարձ` նախապատերազմյան վիճակին: Այս հակասական քաղաքական հրամայականները կոշտ սահմանափակումներ են դնում տեղաշարժված համայնքների ընտրություն կատարելու հնարավորություններին` ինտեգրվել բնակության ներկայիս վայրու՞մ, թե՞ անորոշության գիրկն ընկնել` կենտրոնանալով վերադարձի գաղափարի եւ դրան ուղեկցող միֆերի վրա:
Խնդրի հանրային ընկալումը եւ վերադարձից ակնկալիքները Հայաստանում ու Ադրբեջանում խիստ տարբերվում են: Ադրբեջանական հանրությունը հակվում է այն մտքին, որ տեղաշարժված բոլոր անձինք վերադառնալու հնարավորություն կստանան, իսկ հայ հանրությունն այն մտքին է, որ ադրբեջանցիների վերադարձ երբեք չի կայանա (եւ, բնականաբար, զավթված տարածքների հայաբնակեցումը երկարատեւ ու անշրջելի է լինելու):
Թվում էր` ինչ իմաստ ունի կենտրոնանալ մի հարցի վրա, որը տեւական փակուղում գտնվող ղարաբաղյան խաղաղ գործընթացում հիպոթետիկ է հանդիսանում: Իրերի ներկայիս դրությամբ ՆՏԱ-ների վերադարձը մոտ ապագայում գործնականում անհավանական է թվում` հաշվի առնելով իրավիճակը տեղում: Պատճառներից մեկն այն է, որ վերադարձը, ինչպես հարկն է, հնարավոր ցանկացած խաղաղ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է, իսկ Ադրբեջանում այն ընկալվում է որպես անշրջելի ինչ-որ բան: Եւ այսպես, սույն հրապարակման նպատակներից մեկն էլ ուշադրություն հրավիրելն էր մի կողմից` ազգային հռետորության մեջ վերադարձի իդեալականացված, առավելապաշտական տեսության եւ գործնականում վերադարձի ցանկացած գործընթացին բնորոշ գործնական այլընտրանքների ու անավարտ արդյունքների միջեւ հակասությունը:Վերադարձի մասին սովորաբար հնչող նվազանշանակ ակնարկներն անբավարար են բնակչությանը հիմնարար զգալի մարտահրավերներին ու իրականացման ժամանակ անխուսափելի իրարանցումին նախապատրաստելու համար: Այս հակասությունների հիմքում ընկած է պետության կողմից սատարվող պատկերացումների ու մարդկանց անհատական ընտրության տարբերակների համապատասխանության նվազ հավանականությունը. Տեղաշարժված անձանց 20-ամյա նախընտրությունները հնարավոր չէ հարթ ու անխոչընդոտ ընդհանրացումների հանգեցնել:
Սույն հրապարակման երկրորդ նպատակն այդ հարցի շուրջ միջազգային հանրության արձագանքները ուրվագծելու ձգտումն է: Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես նաեւ ցանկացած այլ հակամարտության համապատկերում հարկադիր տեղաշարժի խնդրի առաջարկվող լուծումները գնահատվելու են (համենայն դեպս` ինչ-որ մի աստիճանի) միջազգային լայն նորմերին համապատասխանության տեսանկյունից: Թեեւ պատահում է, որ աշխարհաքաղաքականությունը վեր է լինում միջազգային բարոյականությունից` այդուամենայնիվ, կա միջազգային մտածողության եւ պրակտիկայի մի մեծ շերտ, որի վրա կարելի է հենվել: Տեղերում խնդրի քննարկումների ժամանակ տեղաշարժի խնդրի լուծման այս իրավաբանական եւ ինստիտուցիոնալ լայն ճարտարապետությունը հազվադեպ է դիտարկվում:
Երրորդ` այս աշխատանքը թույլ է տալիս պարզ պատկերացում ունենալ սպասվող բանավեճերում տարբեր կողմերի ելակետային դիրքորոշումների տարբերության մասին ոչ միայն վերադարձի հարցում, այլ ավելի լայն եւ ամենեւին էլ ոչ պարզ` մի պետության կազմում հայերի ու ադրբեջանցիների գոյակցության մասին: Ինչպես Թաբիբ Հուսեյնովն է նշում` «Ադրբեջանն ուզում է վերականգնել մինչպատերազմյան ժողովրդագրությունը, որպեսզի չեզոքացնի պատերազմում Հայաստանի ձեռքբերումները եւ վերականգնի զավթված տարածքների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը:Հայերն էլ, իրենց կողմից, ուզում են ամրագրել էթնիկական տարանջատումը, որն առաջացել է տարածքների նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով ուժի կիրառման միջոցով»:
Մեր այս նույն հրապարակումների մեջ Մասիս Մայիլյանն այս խնդիրն այլ կերպ է դիտարկում` ընդգծելով պատճառի (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի) եւ հետեւանքի (հարկադիր տեղաշարժի) միջեւ տարբերությունը. այս տրամաբանության համաձայն` հարկ է սկզբում անդրադառնալ պատճառներին եւ ապա միայն հետեւանքներին:
Այս հրապարակումների մեջ ներկայացված աշխատություններն արտացոլում են վերադարձի խնդրի շուրջ հակամարտող կողմերի դիրքորոշումների միջեւ տարածությունը: Դրանք նաեւ վառ կերպով արտացոլում են այն դիրքորոշումների ու մոտեցումների միջեւ տարածությունը, որոնց շրջանակներում հնարավոր է լեգիտիմ կերպով իրականացնել զանազան տարբերակներ ընտրելու` ՆՏԱ-ների իրավունքը: Ամեն ինչից զատ` նրանք էլ ավելի են հաստատում (եթե անհրաժեշտ լինի` ավելի լայն մասշտաբներով) վստահության ամրապնդման իրական միջոցների հանապազօրյա անհրաժեշտությունը: Ավելին` այդ աշխատությունները (անգամ ոչ ակնհայտ ձեւով) վկայում են այնպիսի ինստիտուտների անհրաժեշտության մասին, որոնք ի զորու են պատասխանատվության եւ արդարադատության ենթարկել ռազմական հանցագործությունները: Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում գոյություն չունեն նման մեխանիզմներ, մինչդեռ վերադարձի ցանկացած գործընթացի կենսունակությունն առանց դրանց լուրջ կասկածների տեղիք է տալու:
2. Վերադարձի գործընթացի կառավարման հիմքում ընկած քաղաքական երկընտրանքը
Սույն հարապարակման մեջ ներառված հոդվածները բացահայտում եւ տարբեր ուղիներով հետազոտում են ղարաբաղյան հակամարտությունում տեղաշարժի եւ վերադարձի հարցերով բոլոր բանավեճերի հիմնական պարադոքսը: Պարադոքսի էությունը կայանում է նրանում, որ վերադարձի ոչ մի գործընթաց չի կարող վերականգնել ժողովրդագրության եւ տեղաբաշխման մինչհակամարտային մոդելը, սակայն ցանկացած խաղաղ համաձայնագիր, որը չի կարողանա որեւէ վերադարձի համար իրական բազա ապահովել, հազիվ թե լեգիտիմ լինի հակամարտող կողմերի եւ միջազգային հանրության աչքերում:
Երկարաձգված տեղաշարժը, բնակության նախկին վայրի նկատմամբ որոշ խմբերի մոտ նկատվող օտարացման զգացմունքը եւ ամբողջ տեղաշրջանով մեկ էթնիկական բացառիկության ամրապնդումը թույլ են տալիս հասկանալ, թե ինչու տեղաբաշխման մինչպատերազմյան սխեմաների վերականգնման փորձերն ամենայն հավանականությամբ կձախողվեն: Սակայն միջազգային նորմերն ու պրակտիկան, հատկապես` բոսնիական փորձից հետո, զարգացման այնպիսի ուղիով են ընթացել, որ միջազգային հանրությունը դժվար թե համակերպվի բռնատեղահանման հետեւանքներին: Այս իրողությունների շուրջ փոխզիջման հնարավոր ձեւերը պայմանավորված են լինելու այնպիսի հիմնական հարցերի շուրջ փոխզիջումներով, ինչպիսին են կարգավիճակն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ապագա վերաբնակիչների անհատական որոշումներով:
3. Հարկադիր տեղաշարժի հայեցակարգումը ղարաբաղյան հակամարտությունում
Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության արդյունքում տեղաշարժվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Սակայն այս թվի տակ թաքնված են տեղաշարժի զանազան մոդելներ եւ տեղաշարժված անձանց տարբեր կատեգորիաներ, որոնք կարեւոր են Ղարաբաղի պարագայում տեղաշարժի հարցի հնարավոր լուծումների քննարկումների ժամանակ:
3.1. Փախստականներ եւ ՆՏԱ-ներ
Ղարաբաղյան հակամարտությունում առկա հարկադիր տեղաշարժում առանձնացվում են փախստականներն ու ՆՏԱ-ները: Նրանց թիվն անխուսափելի վեճերի առարկա է եւ նկատի ունենալով հակամարտության բնույթն ու սահմանների վիճարկելիությունը, մի կողմը բռնատեղահանվածների որոշ խմբերի համարում է փախստականներ, մյուս կողմը` ՆՏԱ-ներ:
3.1.1. Փախստականներ
Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղից դուրս ապրած հայերն ամենամեծաթիվ փոքրամասնությունն էին կազմում (մոտավորապես 390 հազար մարդ 1989 թվականին), ապրելով գերազանցապես Բաքվում եւ այլ քաղաքներում: Ադրբեջանցիները նույնպես կազմում էին ամենամեծաթիվ փոքրամասնությունը Հայաստանում (շուրջ 200 հազար մարդ 1989 թվականին), ապրելով գերազանցապես գյուղական վայրերում: Այս խմբերը գործնականում գրեթե լիովին տեղաշարժվել են 1988-1991 թվականներին տեղ գտած զանգվածային փոխադարձ արտաքսումների արդյունքում եւ անվիճելի փախստականներ են համարվում, քանի որ նրանք հատել են ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններ (Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ): Ոչ մեծ ու նվազող թվով հայեր, որոնք նույնպես վիճարկվում են կողմերի միջեւ, ներկայումս մնում են Ադրբեջանում: Նրանք հիմնականում հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական խառնամուսնական ընտանիքների կանայք են:[1]
Այս հրապարակման հոդվածներում վկայվում է, որ երկու կողմից էլ լռելյայն ճանաչում կա այն բանի, որ փախստականների վերադարձը քիչ հավանական է: Ինչպես իր աշխատության մեջ նշում է Արտակ Այունցը. «Հայաստանում հայերի վերադարձն Ադրբեջան հազվադեպ է դիտարկվում որպես փախստականների խնդրի լուծման եղանակ անգամ հեռավոր ապագայում»: Իրենք` հայ փախստականներն էլ «սովորաբար շահագրգռվածություն չեն ցուցաբերում Ադրբեջան վերադառնալու հարցում»:
Ազեր Ալահվերանովի տվյալներով` Ադրբեջանում կա փախստականների ոչ մեծ փոքրամասնություն, ովքեր առավելս մեկուսացված են շրջակա հանրությունից եւ ում մոտ պահպանվել է Հայաստանից փախստականների նույնականությունը. քաջ հայտնի է, որ ծագումով Հայաստանից ադրբեջանցիներն Ադրբեջանում կազմում են ամենաինտեգրված ու ամենահամերաշխ-հաջողակ խմբերը:
Այն բանի կարեւոր պատճառներից մեկը, թե ինչու փախստականների համար վերադարձի հնարավորությունը ստվերում է մնում, այն է, որ ե°ւ Հայաստանը, ե°ւ Ադրբեջանը ճանաչված այնպիսի պետություններ են հանդիսանում, որտեղ գրեթե ոչ մի միջազգային խթան չկա թշնամական պետությունից փախստականների ընդունման համար: Ըստ սույն հրապարակման մեջ առկա բազմաթիվ դիտարկումների` փախստականների վերադարձն առավել նկատելի արծարծվում է որպես հռետորության զինատեսակ` ՆՏԱ-ների եւ այլ կատեգորիաների համար վերադարձի հնարավորության բացառման նպատակով:
3.1.2. ՆՏԱ-ներ
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղաշարժված մարդկանց ամենամեծ կատեգորիան (շուրջ 586 հազար մարդ) ՆՏԱ-ներն են, ովքեր իրենց բնակության վայրերը լքել են, երբ հայկական ուժերն իրենց վերահսկողությունն (լիովին կամ մասամբ) են հաստատել Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի ադրբեջանական շրջանների նկատմամբ (Քելբաջար, Ղուբաթլու, Ֆիզուլի, Աղդամ, Ջեբրայիլ, Զանգելան եւ Լաչին):[2] Այս շրջանների բնակչությունը գրեթե ամբողջությամբ ադրբեջանական էր (քիչ քանակությամբ մահմեդական քրդեր են ապրել Լաչինում եւ Քելբաջարում): Այդ բոլոր մարդիկ տեղաշարժվել են Ադրբեջանի այլ մասեր: Այս մարդկանց դասակարգումը որպես ՆՏԱ-ներ մեծ հաշվով անվիճելի է:
Ալահվերանովն իր հոդվածում ներկայացնում է ՆՏԱ-ների եւ Ադրբեջանի փախստականների այլ խմբերի տեսակաբանությունը եւ երկրում իրենց շրջակա միջավայրին ինտեգրման աստիճանը: Նա բերում է այն բանի վկայությունը, թե ադրբեջանական բնակչության տեղաշարժված խմբերը որքան էական են իրարից տարբերվում. ոմանք փոքրիշատե ինտեգրված են շրջակա միջավայրին (եւ նրանք կազմում են փախստականների մեծամասնությունը), մյուսները չեն ինտեգրված եւ Ալահվերանովի կողմից հիշատակվում են որպես «մեկուսացված»: «Այն ժամանակ, երբ ինտեգրված եւ ուծացված փախստականներն ու ՆՏԱ-ներն իրենց բոլոր հույսերն ու ապագայի պլանները կապում են իրենց ներկայիս բնակության միջավայրի հետ, մեկուսացված ՆՏԱ-ները հուսով են եւ իրենց պլանները կապում են Լեռնային Ղարաբաղ հնարավոր շուտափույթ վերադարձի հետ»: Սա հավաստվում է նաեւ Թաբիբ Հուսեյնովի վերլուծությամբ, ով պնդում է, որ «շատ ՆՏԱ-ներ վերադարձը դիտարկում են որպես իրենց տեւական խնդիրների հուսալի լուծման միակ եղանակ»:
Որոշ քանակությամբ հայեր նույնպես բռնատեղահանվել են նախկին Շահումյանի շրջանից եւ Մարտակերտի ու Մարտունու արեւելյան մասերից, Լեռնային Ղարաբաղի այն մասերից, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել զինադադարի պահին: Երկու կողմերն էլ այս մարդկանց դասում են ՆՏԱ-երի խմբին:[3]
3.1.3. Վիճելի կատեգորիաներ
Ղարաբաղյան համապատկերում տեղաշարժի գլխավոր առանձնահատկությունը բուն Լեռնային Ղարաբաղում` հայերի ու ադրբեջանցիների միջեւ վեճի ի սկզբանե առարկայում, բռնատեղահանման յուրօրինակ սոցիալական լանդշաֆտն է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչությունը 1989 թվականին եղել է 189 հազար մարդ, որոնցից 40,700 մարդ` ադրբեջանցիներ: Այս բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղաշարժվել է մարտական գործողությունների ընթացքում: Ադրբեջանն ու միջազգային հանրությունը ղարաբաղցի ադրբեջանցիներին ՆՏԱ-ներ է համարում, քանի որ նրանք չեն հատել միջազգայնորեն ճանաչված սահման: Ղարաբաղի հայերը, սակայն, նրանց փախստականներ են անվանում, քանի որ դե-ֆակտո ԼՂՀ-ի սահմանները միջպետական են համարում:
Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հավակնության տեսանկյունից Ղարաբաղի ադրբեջանական բնակչության վերադարձը գլխավոր հրամայականն է հանդիսանում: Սակայն, ինչպես պարզ է դառնում Մասիս Մայիլյանի հոդվածից, այն պնդումը, թե Ղարաբաղն ընդհանուր հայրենիք է, հետեւողականորեն մերժվում է այսօրվա Ղարաբաղում:[4] Ավելին` ինչպես պնդում են մեր հայ հեղինակները, Ղարաբաղն օջախ է դարձել ադրբեջանական բնակավայրերից տեղաշարժված շատ հայերի համար: Ըստ հայկական դիրքորոշման` տեղաշարժված այս հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու առավել իրավունք ունեն, քան ադրբեջանցիները, հատկապես այն փաստի լույսի ներքո, որ Ադրբեջան հայերի վերադարձի համար քիչ հեռանկարներ կան:
Ինչպես նշել է Թաբիբ Հուսեյնովն իր հոդվածում` ղարաբաղյան ուրույն համապատկերի գլխավոր առանձնահատկությունը ԼՂՀ-ի միջազգային ճանաչում չունենալու փաստն է. «Նրանց որպես լեգիտիմ իշխանություն ճանաչելու (եւ ոչ միայն դե-ֆակտո) հարցում, իշխանություն, որ պատասխանատու է տվյալ կազմավորման շրջանակներում ինքնակառավարման գործառույթների իրականացման համար, հարկ է բավարարել միջոցների մի ամբողջ համալիր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական փոքրամասնության ներքին կառավարմանն ու պաշտպանությանը»: Ճանաչված պետություններն արդեն իսկ օգտվում են միջազգային լեգիտիմությունից եւ նրանք առանձնակի ճնշում չեն զգում հայրենադարձներին ընդունելու համար, եթե վերջիններս ցանկանում են դա (ինչպես վերեւում նշվել է Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում): Մյուս կողմից` չճանաչված պետությունները, ում կարգավիճակն էլ հենց գտնվում է հակամարտության կենտրոնում, իրենցից կախված ամեն ինչ անում են միջազգային լեգիտիմություն ստանալու համար, նրանք ամենատարբեր ճնշումներ են զգում ընթացիկ ժողովրդագրական իրողության հիմքում ընկած բռնատեղահանումների հետեւանքների հետ կապված:
Ղարաբաղցի հայերը վստահ են, որ միջազգային հանրությունը երկակի չափորոշիչներ է կիրառում, համարելով, որ Հայաստան ու Ադրբեջան փախստականների վերադարձը կենսունակ չէ, ընդսմին պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ ՆՏԱ-ների վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլեւ ցանկալի: Վերադարձի շուրջ միջազգային ակնկալիքների վերաբերյալ այս քննադատությունը հեշտ պատասխան չունի, միջնորդներն իսկապես պիտի պատկերացնեն, թե ինչպես կարող են լավագույն ձեւով մեղմացնել այս հակասության անցանկալի գործոնը: Սակայն եթե վերադարձը դիտարկելու լինենք որպես ղարաբաղցի հայերի այլ կարիքները բավարարող տարրերի փաթեթ, եւ եթե նկատի ունենանք, որ վերադարձի փաստական ծավալները հավանաբար ոչ մեծ են լինելու այն պատճառներով, որոնք կքննարկվեն ստորեւ, ապա նշյալ հակասությունը կարող է այնքան էլ նշանակալից չլինել:
4. Աշխարհագրության մասին հիպոթետիկ դատողություններ եւ վերադարձի գործընթացի կանոնակարգում
Բոսնիա վերադարձի համապատկերի տեսակաբանության մեջ, որը ներկայացրել է Ջերարդ Թոալը, օգտակար գործիքներ կան ղարաբաղյան հակամարտությունում վերադարձի աշխարհագրության դիտարկման համար: Նա տարբերություն է դնում այն բանի միջեւ, ինչը բնորոշել է որպես վերադարձ «վիճարկվող» եւ «չվիճարկվող» տարածություն, որտեղ վճռորոշ հանգամանք է հանդիսանում տարածքների մինչհակամարտային երկէթնիկական եւ մենէթնիկ բնույթը:
4. Վերադարձ չվիճարկվող տարածություն
Չվիճարկվող տարածությունը վերաբերում է այն տարածքներին, որոնք մենէթնիկ էին նախքան հակամարտությունը եւ որոնցում չեն եղել մյուս կողմի ներկայացուցիչների բնակավայրեր: Սա մի տարածություն է, որը չի վիճարկվում ոչ իրավաբանորեն (սա անջատողական հավակնությունների մաս հանդիսացող տարածք չէ), ոչ էլ հետպատերազմյան վերաբնակիչների ֆիզիկական ներկայության միջոցով:
Ղարաբաղյան համապատկերում այս նկարագրությունը լավագույնս բնորոշ է Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից վեցին, որոնք ներկայումս լիովին կամ մասամբ զավթված են հայկական ուժերի կողմից` Ջեբրայիլ, Քելբաջար, Ղուբաթլու, Աղդամ, Զանգելան եւ Ֆիզուլի: Յոթերորդ շրջանը` Լաչինը, առանձնակի դեպք է (տես` ստորեւ): Այս տարածքները չեն հանդիսացել ինքնորոշվող հայերի հավակնությունների մի մասը հակամարտության սկզբում, նաեւ` մինչ հակամարտությունը այնտեղ չի եղել նշանակալից հայ ազգաբնակչություն, եւ այդ տարածքները հայկական վերահսկողության տակ են հայտնվել մարտական գործողությունների արդյունքում միայն: Այս շրջանների գյուղերն ու քաղաքները փաստորեն լքված ու ավերված են: Լիարժեք խաղաղ համաձայնագրի պարագայում այս տարածքների երկրորդային բնակեցման գործնական խոչընդոտը դրանց ֆիզիկական վերականգնումն է հանդիսանում (ականազերծում եւ վերակառուցում): Սակայն, ինչպես ցույց է տրվում սույն հրապարակման մեջ, կա այդ տարածքների վերաբերյալ հայկական դիրքորոշման արմատացող ենթատեքստ. դրանք գնալով ներառվում են դե-ֆակտո ԼՂՀ-ի առավելապաշտական սահմանման մեջ (տես` ստորեւ` 5.4. բաժին): Այլ կերպ ասած` զավթված տարածքները ժամանակի ընթացքում չվիճարկվող տարածությունից փոխակերպվում են վիճարկվողի` դրանից բխող ամենալուրջ հետեւանքներով հակամարտության վերջնական փոխակերպման եւ վերադարձի հնարավորության համար:
4.2. Վերադարձը վիճարկելի տարածություն
Վերադարձն ավելի է բարդանում ըստ էության, քանի որ մարդիկ պիտի վերադառնան այնտեղ, որտեղ պիտի ապրեն մյուս կողմի բնակչության հետ: Այս առումով վերադարձի համար օրախնդիր է դառնում նորացված գոյակցության եւ, վերջին հաշվով, հաշտեցման ձեռքբերումը մյուս կողմի որոշ առավել արմատական ներկայացուցիչների հետ, որոնք էլ, կարող է, իրենք էլ են տեղաշարժի պայմաններում ապրում:
Քանի որ Հայաստան ու Ադրբեջան փախստականների վերադարձը փաստացի բացառվում է` կան ղարաբաղյան հակամարտությունում վիճարկելի տարածքների վերադարձի երեք հիմնական սցենարներ:
4.2.1. Վերադարձ Շուշի
Վիճարկելի տարածք վերադարձի ենթատեքստերից մեկն ադրբեջանցիների վերադարձն է բուն Ղարաբաղ: Նախքան հակամարտությունն ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի միայն մի քաղաքում են մեծամասնություն կազմել` Շուշիում (98 տոկոս), որի բնակչությունը 1989 թվականին հասնում էր 17 հազարի.[5] բոլոր մյուս բնակավայրերում ադրբեջանցիները կենտրոնացված չեն ապրել: Շուշին ղարբաղյան ողջ հակամարտությունում խորհրդանշական ամենակարեւոր վայրերից մեկն է. նրան կողմերից յուրաքանչյուրը հսկայական նշանակություն է տալիս որպես նույնականության օրրան եւ որպես Ղարաբաղի նկատմամբ հավակնություն որպես այդպիսին: Ստեփանակերտի շրջակա բարձունքներում տարածված լինելով` այս քաղաքը նաեւ աշխարհաքաղաքական-ռազմավարական նշանակություն է ունեցել, եւ ինչպես Թաբիբ Հուսեյնովն է նշում` «Շուշի ադրբեջանցիների վերադարձը կհանդիսանա վերադարձի գործընթացի եւ ողջ խաղաղ գործընթացի հաջողակության փորձարկման անսխալական միջոց»:
Պատերազմից հետո Շուշին ընդհանուր առմամբ լքված քաղաք էր մնում մի քանի տարի շարունակ, այնտեղ ապրում էր նախապատերազմյան հայ բնակչությունը միայն: Ադրբեջանից տեղաշարժված եւ Շուշիում բնակություն հաստատած հայերի թիվն աստիճանաբար աճել է եւ ներկայումս, ինչպես տեղեկացնում են, այնտեղ ապրում է շուրջ 4000 մարդ:[6] Թեեւ տարիներ շարունակ քիչ բան է այնտեղ կառուցվել` վերջին ժամանակներս առկա են ավելի կենտրոնացված ջանքեր քաղաքի վերականգնման ուղղությամբ, ներառյալ բազմաթիվ ճանապարհներ, բնակավայրեր, ինչպես նաեւ կրոնական հուշարձաններ:
4.2.2. Վերադարձ Լաչին
Վիճելի կարեւոր ենթատեքստերից մեկն էլ Լաչինն է` Ղարաբաղին հարակից եւ հայկական վերահսկողության տակ գտնվող շրջաններից մեկի էպոնիմիկ մայրաքաղաքը: Լաչինի նշանակալիությունը նրա աշխարհագրական դիրքի մեջ է որպես Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ առավել նեղ կետ: Լաչինով անցնող ցամաքային միջանցքի վերահսկողության պահպանումը աշխարհաքաղաքական հրամայական է հայերի համար, որը խոչընդոտում է Ղարաբաղի կրկին Ադրբեջանում անկլավ դառնալուն:
Նախքան պատերազմն ադրբեջանցիները գերակշռող մեծամասնություն էին կազմում Լաչինի շրջանի բնակչության մեջ, մյուս խոշոր էթնիկ խումբը քրդերն էին: Շուրջ 20 հազար մարդ` երկու խմբերի ներկայացուցիչներ, պատերազմի ժամանակ տեղաշարժվել են Լաչինի շրջանից: Սակայն զինադադարից անմիջապես հետո հիմնական փորձերն ուղղված էին աշխարհաքաղաքական առումով կարեւոր այս շրջանի հայաբնակեցմանը: Սոցիալ – տնետեսական դաժան պայմանները թույլ չեն տվել, որպեսզի այդ փորձերը հաջողությամբ պսակվեն եւ հանգեցնեն տեղում իրավիճակի արմատական փոխակերպմանը: 2006 թվականին Լաչինի բնակչությունը կազմում էր 5000 մարդ` (իսկ ընդհանրապես` ԵԱՀԿ գնահատմամբ` զավթված տարածքներում ապրում է 9-12 հազար մարդ), ըստ հայկական մի աղբյուրի` նրանք հիմնականում Ադրբեջանի մյուս շրջաններից տեղաշարժված հայերն են եւ Հայաստանից եկած հայերը:[7]
4.2.3. Վերադարձ Շահումյան
Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հյուսիսին մերձ գտնվող Շահումյանի շրջանը խորհրդային ժամանակներում ԼՂԻՄ մաս չի կազմել, բայց այն Լեռնային Ղարաբաղից դուրս միակ շրջանն էր հայերի գերակշռող մեծամասնությամբ: 1989 թվականին տեղական կուսակցական մարմինները քվեարկել են Լեռնային Ղարաբաղին միանալու օգտին` Ադրբեջանից անկախության հռչակագրում: Այդ հիման վրա էլ շրջանը ներառվել է այն տարածքներում, որոնց նկատմամբ հավակնություններ են ներկայացվել որպես Լեռնային Ղարաբաղի մասի: Շրջանն ադրբեջանական վերահսկողության տակ է մնացել ռազմական գործողությունների ավարտից հետո` 1994 թվականին, սակայն ղարաբաղցի հայերն այն ընկալում են որպես «զավթված տարածք», քանի որ այն համարում են Ղարաբաղի մի մասը, որը զավթվել է Ադրբեջանի կողմից: Այստեղ ղարաբաղցի հայերի հռետորությունը կրկնօրինակում է տարածքային ամբողջականության մասին ադրբեջանական պահանջը: Ադրբեջանը մերժում է նման հավակնությունները. ներկայումս Շահումյանը հանդիսանում է Ադրբեջանի Գերանբոյի շրջանի մի մասը, թեեւ համադրելի չէ նրան:
Դեպի Շահումյանի շրջան եւ այնտեղից դուրս հայ եւ ադրբեջանական բնակչության տեղաշարժն ինչ-որ չափով արտացոլում է տեղաշարժերը Շուշի եւ Լաչին, բայց հակառակ արտացոլանքով: 1991-92 թվականներին շուրջ 20 հազար բռնատեղահանվել են այս շրջանից: 1994-ի զինադադարից հետո Շահումյանը վերանվանվել է Աղջաքենդ: Այստեղ տեղաբաշխվել են ադրբեջանցի փախստականներն ու ՆՏԱ-ները:
5. Առանձնահատուկ խնդիրներ
Վերոբերյալ բանավեճի լույսի ներքո հարկ է ուշադրություն դարձնել մի շարք առանձնահատուկ խնդիրների, որոնք այս կամ այն կերպ արծարծվում են սույն հրապարակման մեջ ժողովված հոդվածներում:
5.1. Կանոնակարգում
Ակնհայտ խնդիր է վերադարձի կանոնակարգումը շրջանակային համաձայնագրի մյուս հիմնական հայեցակետերի հետ, գլխավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ապահովման միջոցների (այնպիսին, ինչպիսին է միջազգային խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը) եւ ընթացակարգի հետ: Արտակ Այունցի կարծիքով եւ բուն Լեռնային Ղարաբաղից զրուցակիցների կարծիքներից Աշոտ Բեգլարյանի արած մեջբերման համաձայն` հայկական դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարգավիճակն ու անվտանգությունը պիտի նախորդեն վերադարձի որեւէ գործընթացի: Եւ ընդհակառակը` ադրբեջանցիները պնդում են, որ վերադարձը պիտի նախորդի կարգավիճակի որոշմանը (տես` Թաբիբ Հուսեյնովի հոդվածի այն մասը, որում ներկայացված են այս հարցով հայերի փաստարկները հերքող հակափաստարկները):
«Հավի ու ձվի» այս իրավիճակը հստակ լուծում չունի: Միայն կարելի է նշել, որ հայկական դիրքորոշումն առ այն, որ 1991 թվականի հանրաքվեն բացառում է ժողովրդի որեւէ հետագա կամարտահայտություն, միջազգային հանրության լայն աջակցությունը չի վայելում:[8] Միեւնույն ժամանակ` ապագա ցանկացած հանրաքվե կամ պլեբեսցիտ, որը ադրբեջանցիներին թույլ չի տա մասնակցել, նույնպես դժվար թե լեգիտիմ երեւա: Կոսովոյի փորձը ցույց է տալիս, որ ճանաչման ձգտող սուբյեկտի ունակությունը` կոլեկտիվ իրավունքների ամբողջական հավաքածու երաշխավորել բոլոր էթնիկական խմբերի համար, հանդիսանում է այն գլխավոր չափորոշիչը, որն ապահովում է միջազգային ճանաչումը:[9] Մյուս կողմից` Կոսովոյի փորձը նաեւ ցույց է տալիս, որ երբ կարգավիճակի որոշման գործընթացն արդեն իրականում սկսվել է, ապա նրա արդյունքն ինչ-որ ձեւով սահմանափակելը դժվար է:
Տվյալ բանավեճը երեւան է հանում կարգավորմանն առնչվող որոշ երկընտրանքներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ ղարաբաղյան հակամարտության ակտորները: Հայերը, եւ հատկապես ղարաբաղցի հայերը, ակտիվորեն հակազդում են ադրբեջանցի հայրենադարձների խորհրդանշական կամ մնացորդային բնակչության առկայությանն այն գործընթացի դիմաց, որի գագաթնակետը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն է, ընդ որում` առանց որեւէ երաշխիքի, որ այդ կարգավիճակն անկախություն է լինելու (կամ Հայաստանին միացում), ինչին նրանք ձգտում են: Դրա լույսի ներքո նրանց նախընտրած ռազմավարությունը հետեւյալն է` ստատուս-քվոյի պահպանում, դե-ֆակտո անջատում առանց միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների ցանկացած վերադարձի խափանում եւ Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում անորոշ ժամանակով էթնիկական մենաշնորհի պահպանում:
Ադրբեջանը նույնպիսի մի իրավիճակի է հանդիպել, որտեղ հաղթող չկա: Նա կարող է ընտրել կարգավիճակի որոշման իսկական գործընթացը, որի վերջը կանխապես հայտնի չի լինելու, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի սահմանափակ ծավալներով, բայց ռիսկով, որ վերադարձող ադրբեջանցիները կարող են դառնալ Ադրբեջանից բավական հեռու հանրության մի մասը` հնարավոր է մի իրավիճակում, որը համադրելի է այն բանի հետ, ինչ ունեն սերբերը Կոսովոյում: Դրա այլընտրանքը, ինչին ներկայումս նախընտրություն է տրվում, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անորոշ արդյունքով ցանկացած գործընթացի շրջափակումը, բայց ի հաշիվ ոչ միայն ղարաբաղյան ադրբեջանցիների վերադարձի, այլ նաեւ զավթված տարածքներ ադրբեջանցի բոլոր ՆՏԱ-ների վերադարձի:
5.2. Տարանջատիչ գոտու հավանական հաստատումն ու դրա լեգիտիմությունը
Ջերարդ Թոալի հոդվածում խոսվում է հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ տարանջատիչ գոտու (ՏԳ) հաստատմանն առնչվող հնարավոր խնդիրների մասին: Եթե հետեւելու լինենք բոսնիական փորձին, ապա այդ գոտին կարող են վերահսկել խաղաղության պահպանման միջազգային ուժերը: Դա լինելու է այն տեղը, որտեղ սկսելու են տեղի ունենալ վերադարձի «ճեղքումային» գործընթացները: Ուշադրության առնելով հակամարտության աշխարհագրությունը` սիմետրիկ ՏԳ-ի հաստատումը հայերին հնարավորություններ կտա վերադառնալու քիչ թվով այնպիսի տեղամասեր, որոնք վերադարձի համար վերականգնման են ենթակա, ընդ որում` շատ ավելի շուտ, քան կգա շատ ավելի մեծ թվով տեղամասերի հերթը ադրբեջանցիների համար: Ինչպես Թոալն է նշում, դա ամենատարբեր հնարավորությունները կընձեռի նրանց, ովքեր մտադիր են վնասել վերադարձին: Ի խուսափումն դրա` նա առաջարկում է` «Նման տարբերակը շրջանցելու միջոցներից մեկը, եթե ՏԳ-ի մոդելն ընդհանրապես որոշեն կիրառել, սկսելն է նվազ սիմետրիկ ՏԳ-ից` որպես բարի կամքի եւ վստահության կառուցման միջոցի դրսեւորում, եւ ապա փուլ առ փուլ ընդլայնել այն զավթված տարածքների ամբողջ ծավալում»:[10]
5.3. Փոքրամասնության վերադարձը
Թեեւ ադրբեջանցիները նախքան պատերազմը մեծամասնություն էին կազմում Շուշիում ու Լաչինում` այս աշխարհագրական կետերի խորհրդանշական, ռազմական եւ աշխարհաքաղաքական նշանականությունն այնքան մեծ է հայերի համար (հակամարտությունում նրանք հետամուտ էին դրան), որ տեղի հայերը դժվար թե համաձայնվեն նման մեծամասնության վերականգնմանը: Ստորեւ բերվող քննարկումների առարկա դարձած պատճառներով նույնպես քիչ հավանական է, որ այնտեղ վերադառնալ ցանկացող եւ կարող մարդկանց թիվը համադրելի լինի նախապատերազմյան թվերին: Շուշի կամ Լաչին վերադարձը կարող է լինել միայն «փոքրամասնության վերադարձ», դա կարող է լինել «էթնիկական-ազգային խմբի վերադարձ մի տարածք, որը ներկայումս վերահսկվում է մեկ այլ էթնիկական-ազգային խմբի կողմից, անգամ եթե նախքան պատերազմը հայրենադարձները մեծամասնություն են կազմել»:[11]
Շահումյան վերադարձող հայերը կհանդիպեն այն նույն իրավիճակին, ինչ Շուշի եւ Լաչին վերադարձող ադրբեջանցիները, եւ դարձյալ այնպիսի վայրերում, որտեղ իրենք նախկինում մեծամասնություն էին կազմում: Հայրենադարձները կարող են գործ ունենալ այս երեք իրավիճակների հետ[12] այնտեղ բնավորված բնակչության հետ, որը նույնպես տեղաշարժի փորձության միջով է անցել:
Վիճարկվող տարածքներ վերադարձի հնարավոր եւ հավանական ձեւերի մասին դատողություններում կարեւոր է այն, թե որքանով են հայերն ու ադրբեջանցիները պատրաստ որպես փոքրամասնություն վերադառնալուն: Հետեւաբար, հարկ է մանրազնին դիտարկել փոքրամասնության վերադարձի հարցում տարվելիք քաղաքականության հետեւանքները, հատկապես առանձնակի խորհրդանշական եւ (կամ) աշխարհաքաղաքական-ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր (օրինակ` Շուշի եւ Լաչին): Նախկինում մեծամասնություն եղած հայրենադարձները ստիպված են լինելու առնչվել արմատապես փոփոխված ժողովրդագրական լադնշաֆտին, որտեղ նրանք վերադառնում են արդեն որպես նոր փոքրամասնության մաս: Վնասարար գործողություններից (բյուրոկրատական թեթեւ խափանարարությոնից մինչեւ ֆիզիկական բռնություն) ռիսկը բավականին շոշափելի է: Վերադարձը նաեւ ենթադրում է մտածողության փոխակերպում նախկին թշնամու հետ հարաբերություններում, թշնամի, որին շատ տարիներ ի վեր դեմոնացրել են հետպատերազմյան առասպելաբանության եւ կարծրատիպերի արմատավորման միջոցով:
5.4. Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների ազատագրման գործնական եւ կոգնիտիվ խոչընդոտները
Ինչպես նշվել է վերեւում` Լաչինի հարցի քննարկման ժամանակ, դիրքորոշումները տարբեր են նախկին ԼՂԻՄ-ին հարակից զավթված տարածքների հայաբնակեցման սիստեմատիկ կամ պետության կողմից հովանավորվող փորձերի շուրջ: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը 2005 թվականին Լաչինից դուրս չի հայտնաբերել փոքրիշատե նշանակալից բնակավայրեր, որոնք կազմակերպված լինեն պետության աջակցությամբ, թեեւ զեկույցում նշվում է, որ ոչ մեծ բնակավայրեր հայտնաբերվել են Քելբաջարում եւ Աղդամի մասերում, որոնց ստեղծումը խթանվել է Ստեփանակերտի դե-ֆակտո իշխանությունների միջոցներով (մի շարք դեպքերում` սփյուռքի միջոցներով):
ԵԱՀԿ 2010 թվականի դիտորդական առաքելության գնահատմամբ` վերաբնակիչների թիվը կազմել է շուրջ 14 հազար մարդ, գրեթե բոլորն էլ Լաչինում: Այս թիվը փոքր է նրանից, որը նշում են հակամարտության կողմերը, սակայն տեղերում ինքնին դիտորդական առաքելության ներկայությունը հանգեցրել է շտապ բնակեցման պահանջների` մասնավորապես այն հայերով, ովքեր նախքան 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքումը տեղաշարժվել են Ադրբեջանի այլ մասերից:[13] Թեեւ կա այն բանի վկայությունը, որ սփյուռքի որոշակի միջոցներ ուղղվում են հայ ՆՏԱ-ների կարիքների բավարարմանը` զավթված տարածքներում հայկական նոր բնակավայրերի կառուցման նպատակով (դրանցից ոմանք ստանում են պատմական արեւելյան Թուրքիայի, կամ էլ, ինչպես հայկական հանրահայտ ուղղույթում են անվանում` «Արեւմտյան Հայաստանի» նախկին հայկական բնակավայրերի անվանումները),[14] դա իրենից չի ներկայացնում (համենայն դեպս` առայժմ) «էթնիկական ձեռնածություններ» եզրույթին արժանի լայնածավալ կամ սիստեմատիկ միտում:
Հավանական է, ավելի նշանակալից են պատկերանում զավթված տարածքների ազատագրման կոգնիտիվ հետեւանքները: Արտակ Այունցն ու Մասիս Մայիլյանն այս հրապարակման մեջ նշում են այդ տարածքների նկատմամբ հայկական պատկերացումներում փոփոխությունների բացահայտ վկայությունները: Թեեւ այս տարածքները միջազգային հանրության կողմից համարվում են զավթված` հայկական աղբյուրներում դրանք ավանդաբար անվանվում են որպես «անվտանգության գոտի» կամ «բուֆեր», իմա` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերը տարանջատող գոտի: Այդ տարածքները վերահսկողությունից դուրս բերելն ավանդաբար դիտարկվում է որպես հաղթաթուղթ` հակամարտությունում հայկական կողմերի այլ նպատակների ապահովման համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շահավետ պայմաններում որոշելու համար:
Սույն հրապարկման մեջ ներառված հայ հեղինակների հոդվածներում արտացոլված են այս տարածքների համար օգտագործվող փոխաբերությունների փոփոխումները: Դրանք առավել հաճախ անվանում են «ազատագրված տարածքներ», ենթադրելով, որ դրանք կազմում են հայկական (ղարաբաղյան) տարածքային հավակնությունների մասը (տես` Արտակ Այունցի հոդվածը): Թեեւ այս մոտեցումը ժխտում է պաշտոնական Երեւանը, այնուամենայնիվ` այն տարածված է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ որոշ հայկական քաղաքական կուսակցություններում, ներառյալ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:[15] Այս հողերի հետ հոգեբանական հանգույցներն ամրապնդվում են «42 000 քառակուսի կիլոմետր»[16] հասկացության տարածման միջոցով (նկատի են առնվում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից զավթված շրջաններն ընդգրկող տարածքները): Այն ուժեղացվում է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում հանրահայտ այնպիսի քարտեզների վաճառքով, որոնցում այդ տարածքները նշված են որպես Ղարաբաղի մաս: Մասիս Մայիլյանի եւ Աշոտ Բեգլարյանի հոդվածներում նշված են այն պատկերացումների զարգացումները, որոնց համաձայն` այդ տարածքները կարող են ծառայել որպես «հողերը որպես ռեպատրիացում» սկզբունքի իրականացում:
Թեեւ նման հայացքը դժվար թե միջազգային աջակցություն կամ հավանություն ստանա` այն ցույց է տալիս այդ տարածքների ազատագրման եւ ադրբեջանական իրավազորությանը հանձնելու կոգնիտիվ զգալի խոչընդոտների առկայության մասին: Այս տարածքների հիշատակումը` որպես դե-ֆակտո ԼՂՀ բաղկացուցիչ մաս արտացոլում է մաքսիմալիստական հայկական դիրքորոշումը, որի համաձայն` այդ տարածքները չեն կարող վերադարձվել Ադրբեջանին: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի է արմատավորվում այս տեսակետը: Այն, ինչը սկսվել է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար պայքար, ժամանակի ընթացքում դանդաղ եւ գրեթե աննկատ գլորվում է դեպի այն տարածքների զավթում, որոնք երբեք չեն կազմել Լեռնային Ղարաբաղի համար վեճի մաս:
Հայերի համապատասխան մեկնաբանությունների ընդգրկուն նյութի հիման վրա Մասիս Մայիլյանի կատարած վերլուծության մեջ, ինչպես նաեւ Աշոտ Բեգլարյանի հոդվածում, որում կան Լեռնային Ղարաբաղում հանրային կարծիքի հարցումների արդյունքներ, այդ խնդիրը լուծվում է Լեռնային Ղարաբաղի (դե-ֆակտո) նոր պետության պատկերացման միջոցով որպես Ադրբեջանում իրենց տներից արտաքսված (առանց որեւէ իրավական փոխհատուցման) հայերի համար «փախստականների պետություն»: Ըստ այս սցենարի` Լեռնային Ղարաբաղն իր վրա է վերցնում հակամարտության ընթացքում իրենց տներից զրկված ու փոխհատուցում ստանալու հնարավորություն չունեցող հայերի իրավունքների վերականգնման պատասխանատվությունը: Սակայն ակնհայտ է, որ այսպիսի մոտեցումն արտոնյալ վիճակի մեջ է դնում մարդկանց մի խմբի (տեղաշարժված հայերի) վիճակը մեկ այլ խմբի (ադրբեջանցի տեղաշարժվածների) նկատմամբ: Ավելի անաչառ ու տեւական հեռանկարով վերլուծության համար հարկ կլինի ուշադրություն դարձնել երկու խմբերի իրավունքների վրա` առանց նրանց միջեւ հիերարխիայի հաստատման:
Մասիս Մայիլյանը նաեւ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղ վերադարձի հետագա կոգնիտիվ խոչընդոտների մասին վկայությունները ժողովրդի մեջ շրջանառվող պատկերացումների միջոցով, ըստ որոնց` բնակչության խմբերի տեղաշարժերը «ժողովրդագրական զենք» են: Նա ցույց է տալիս, թե ինչպես է սույն տեսակետը բնորոշում բնակչության տեղաշարժերի եւ սահմանների փոփոխման ղարաբաղյան հայերի ընկալումն այն ժամանակաշրջանում, երբ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմը: Իհարկե, կարելի է վիճել այն մասին, թե ով է իրականում «մեղավոր» ղարաբաղյան հայերի իրավունքների խախտման համար` միութենական հանրապետության իշխանություննե՞րը, թե՞ ընդհանուր առմամբ խորհրդային համակարգը (ժողովրդագրական տեսանկյունից ղարաբաղյան հայերը զգալիորեն ավելի լավ վիճակում էին գտնվում, քան այլ ազգությունների մեծ մասը Խորհրդային Միության ինքնավար մարզերի կամ միութենական հանրապետությունների մակարդակով): Այդուամենայնիվ, ժողովրդագրական փոփոխությունների շուրջ մտահոգությունը կամ ներկայիս ժողովրդագրական մենաշնորհին մարտահրավերները նույնպես հանդիսանում են կարեւոր խոչընդոտներ, որոնք հակազդում են վերադարձի որեւէ գործընթացի:
5.5. Խափանարարություն
Բոսնիական փորձի հիման վրա Ջերարդ Թոալը բացահայտում է մի շարք ռազմավարություններ, որոնք իրականում օգտագործվում են վերադարձի կանխման նպատակով` բացահայտ ֆիզիկական սպառնալիքից մինչեւ խափանարարության ավելի նուրբ «բյուրոկրատական» ձեւեր: Բոսնիական եւ ղարաբաղյան պայմանների միջեւ կարեւորագույն տարբերությունը, սակայն, այն է, որ միջազգային ներկայությունը եւ հնարավորությունները Ղարաբաղում անհամեմատ նվազ են լինելու, քան դրանք եղել են Բոսնիայում: Սա կմեծացնի խափանարարության հնարավոր ծավալները վերադարձի ցանկացած գործընթացի պարագայում, որը օժտված չի լինելու լայն լեգիտիմությամբ:
6. Վերադարձի այլընտրանքները
20 տարի շարունակվող տեւական տեղաշարժերի դեպքերում բոլոր հայրենակիցների վերադարձի եւ իրավապաշտպան գործիքների համընդհանրության լեզվի շուրջ ազգային առավելապաշտական օրակարգերը դժվար թե հարիր լինեն վերադառնալու ցանկություն հայտնած մարդկանց ֆիզիկական թվին: Այնտեղ, որտեղ տեղաշարժը տեւական է, վերադարձի ոչ մի գործընթաց ի զորու չէ արտահայտելու կամ վերականգնելու նախահակամարտային ժողովրդագրական պատկերը եւ տեղաբաշխման սկզբունքները: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հարկ կլինի դիտարկել նաեւ խնդրի այլընտրանքային հանգուցալուծումներ (նվազ, քան առավելապաշտական պահանջները), այնպիսին, ինչպիսին է փոքրամասնության վերադարձը կամ տարբերակներ, որոնք վերադարձ չեն ենթադրում: Վերադարձի մի շարք այլընտրանքներ դիտարկվում են ներկայացվող հոդվածներում:
6.1. Ստատուս-քվոյի վավերացում
Իր հոդվածում Մասիս Մայիլյանը դիտարկում է հակամարտության ընթացքում դե-ֆակտո կայացած բնակչության փոխանակման դե-յուրե վավերացման հանարավորությունը: Նման մոտեցումը գործնականում կրկնում է 20-րդ դարի սկզբին հույն-թուրքական բնակչության փոխանակումը: Թեեւ այս տարբերակը կարող է առավել իրատեսականը թվալ բանակցային գործընթացի ներկայիս լիակատար փակուղու հանգամանքներում, քիչ հավանական է, որ այն լայն աջակցություն ստանա, նկատի ունենալով, համենայն դեպս, միջազգային ակտորների ձգտումը հետեւելու Լոզանի պայմանագրի հստակ տրամաբանությանը, ըստ որի էլ համաձայնեցվել է հույն-թուրքական փոխանակումը: Անցյալ դարի 90-ական թվականների բալկանյան պատերազմները ցույց են տվել, որ գերակշռում է «այլեւս ոչ մի Լոզան» համոզմունքը, արտացոլելով այն փաստը, որ բնակչությունների ձեւավորված փոխանակումները չեն կարող ներառել անհատական ընտրության սկզբունքներն ու պրագմատիզմը, որոնք էլ կենտրոնական տեղ են զբաղեցնում բռնատեղահանումների մասին միջազգային մտքի ու պրակտիկայի մեջ:
6.2. Ինտեգրացիա
Փախստականների ու ՆՏԱ-ների ինտեգրումը վիճելի հասկացություն է այն պատճառով, որ այն ընկալվում է որպես ստատուս-քվոն ճանաչող եւ ընդունող ռազմավարություն: Սակայն տեւական տեղաշարժերի դեպքերում ինտեգրումը հանպատրաստից գործընթաց է, որը տեղի է ունենում տեղաշարժված համայնքներում իշխանությունների աջակցությամբ կամ առանց դրա: Նման դեպքերում ինտեգրումը միայն արհեստականորեն կարող է ընդհատվել` առանձին համայնքների ստեղծմամբ, տեղաշարժվելու սահմանափակումներով եւ սեգրեգացիայի այլ ձեւերով, ՆՏԱ-ների ու նրանց ժառանգների համար հատուկ նույնականացման կատեգորիաների սահմանմամբ, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու արգելքներով: Ինտեգրման կանխումը հանուն համայնքի պահպանման, որպեսզի նրա անդամներն ի վերջո վերադառնան` կարող է հեշտորեն հանգեցնել մարդու իրավունքների խախտումների, խտրականության եւ նոր տեղաշարժերի, այս անգամ արդեն` հանրության քաղաքական, սոցիալական եւ տնտեսական մարգինալացման եղանակով:
Ինչպես նշվում է Արազ Ալահվերանովի հոդվածում` շատերը նրանցից, ովքեր ապրում են տեւական տեղաշարժի պայմաններում, ժամանակի պահանջով ինտեգրվում են իրենց հայրենի տնից ֆիզիկապես եւ սոցիալապես հեռու հանրություններում: Նրանք եւ հատկապես նրանց ժառանգներն ըստ երեւույթին հակասական զգացումներ են ունենալու վերադարձի հանդեպ, անգամ երբ այն հնարավոր դառնա:
Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն արդեն ընդունել են այս երկու երկրներից փախստականների ինտեգրումը: Բնակչության այս խմբերի վերադարձը հրատապ հարց չի համարվում, նրանք բավականին արդյունավետ կերպով ինտեգրվել են ազգային հանրություններում (կամ էլ, համենայն դեպս, նրանք իրական խոչընդոտների չեն հանդիպում այդ ճանապարհին): ՆՏԱ-ների ինտեգրումը Ադրբեջանում այլ կերպ է դիտարկվում: Թեեւ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ՆՏԱ-ների մեծամսնության համար կենսապայմանների բարելավման ուղղությամբ, նրանց ինտեգրումն արգելվում է այն բանի հիման վրա, որ նրանց վերադարձը հավանական է` եթե մի օր դրա համար պայմաններ ստեղծվեն:
Սակայն ինտեգրումը չպիտի հրաժարում նշանակի վերադարձի իրավունքից: Դրա փոխարեն ինտեգրումը կարող է ընկալվել որպես ՆՏԱ-ների կողմից իրենց բոլոր տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների իրականացում տեղաշարժի պայմաններում: Այն պիտի շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ պայմանները նրանց թույլ տան օգտվելու վերադարձի, վերաբնակության կամ նրանց ինտեգրման վերջնական վավերականցման իրավունքից` իր նախկին գույքին (կամ դրա ֆինանսական համարժեքին) տիրանալու իրավունքից օգտվելու հնարավորությամբ` ըստ իր հայեցողության: Ինչպես դիտարկվելու է ստորեւ` դա կարող է ընկալվել եւ իրականացվել տարբեր կերպ, եւ անգամ տեւական տեղաշարժի պայմաններում ՆՏԱ-ներն ու փախստականները դժվար թե վերանան որպես քաղաքական կատեգորիա:
6.3. Ռեստիտուցիա. գլխավորը դարձնել անհատական իրավունքը
Ռեստիտուցիայի թեման շարունակում է տաբու մնալ հայկական եւ ադրբեջանական հանրությունների հանրային բանավեճերում: Թեեւ եղել են գույքային հարցերի հանպատրաստից կարգավորման առանձին գործընթացներ` տեղաշարժի ժամանակ գույքի փոխանակման տեսքով, դա վերաբերում է միայն քիչ դեպքերի եւ այն էլ` փախտականների միջեւ:[17]
Ներկայումս միջազգային նորմերի ու պրակտիկայի մի ամբողջ հավաքածու է հայտնվում, որոնց համաձայն ռեստիտուցիան համարվում է որպես վերադարձից չանջատվող կարեւոր գործընթաց: Այս նորմերը` Պինեյրոյի սկզբունքների տեսքով, չեն ենթադրում, որ տեղաշարժված անձանց ֆիզիկական վերադարձը նրանց համար մեկնարկային կետ է հանդիսանում: Ռեստիտուցիա ասելով կարելի է հասկանալ նախկին գույքի` որպես օրինական ու նյութական բարիքի վերադարձ: Այն կարելի ֆինանսական արժեքի վերածել նախկին տիրոջ համար, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել այլընտրանքային «երկարատեւ որոշումների» (վերադարձ, ինտեգրում, վերաբնակություն) ընտրության ժամանակ: Անհատական ընտրության վրա նման սեւեռուն ուշադրությունը ՆՏԱ-ներին համապատասխան իրավունք է վերապահում, բայց դա նաեւ արտացոլում է միջազգային փորձը, ըստ որի` այն մարդկանց վերաինտեգրումն ու հաշտեցումը, ում համատեղ գոյակցությունը բռնադադարեցվել է, չի կարող խարսխվել բռնի վերադարձի վրա:
Ջերարդ Թոալն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական շրջանակային համաձայնագրի ճարտարապետության մեջ ներգրված խթանիչ տարրերն են վճռորոշ լինելու այն ընտրության հարցում, որոնք մարդիկ ստիպված են լինելու կատարել: Բոսնիական պարագայում միջազգային հանրությունը ֆինանսավորել է, իմա` նաեւ խթանել է «փոքրամասնությունների վերադարձը» (նախկին էթնիկական մեծամասնության վերադարձը նախկին բնակության վայրեր, բայց արդեն որպես էթնիկական փոքրամասնություն), սակայն այն չի ֆինանսավորել, հետեւաբար` չի խթանել փոխհատուցումն ու տեղական ինտեգրումը: Այս արդյունքը կապված է միջազգային հանրության ցանկության հետ` վերջ դնելու բռնատեղահանությանը:
Ղարաբաղյան պարագան բոսնիականից տարբերվում է մի շարք պատճառներով: Նախ` ի տարբերության բոսնիական հակամարտության` ղարաբաղյան պատերազմում կար բացահայտ հաղթող: Անհատական ընտրության հարցում անաչառությունը եւ ուշադրության սեւեռումը կարող են հակասության մեջ մտնել հողի նկատմամբ կոլեկտիվ իրավունքի զգացման հետ, ինչը կապված է պատերազմի արդյունքների հետ: Այն` ի տարբերություն Բոսնիայի, պատերազմի հետեւանքով հայտնված գույքի սեփականության եւ մարդկանց տեղաշարժի մոդելը բավականին տեւական ժամանակ գոյություն ունի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Ձեւավորված իրողությունների պարագայում նման իրավիճակը շատ ավելի խորն է արմատավորվել, քան Բոսնիայում, ուստի ավելի դժվար է նախկին վիճակին վերադարձնելը:
Ավելին` Թոալը հանգում է այն եզրակացության, որ միջազգային ներկայությունը եւ տեղերում իրավիճակի վրա ազդեցությունը շատ ավելի քիչ է, քան այն եղել է Բոսնիայում: Հարավային Կովկասում չկան այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնք կարող են հանգեցնել պատասխանատվության ու արդարադատության, ինչպես դա անում է նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային տրիբունալը, իսկ տեղական դատական մարմիններն անկախությունից զուրկ են: Ընդհանուր առմամբ` հակամարտության կողմերն արդարադատության ոլորտից փաստարկներ են օգտագործում` ի նպաստ իրենց պահանջների, այլ ոչ թե արդադատության հաստատման համար որպես այդպիսին: Այստեղ արդարադատության իսկական աղբյուրի ու նպատակի կոնգնիտիվ «վերաբեռնում» է պետք:
Եւ վերջապես, հավանաբար, առկա է էական տարբերություն փախստականների ու ՆՏԱ-աների միջեւ: Ոչ ոք էլ չի սպասում, որ փախստականները կվերադառնան Հայաստան ու Ադրբեջան, ենթադրվում է, որ գույքային իրավունքների տեսքով (ֆինանսական ռեսուրսների վերածված) ռեստիտուցիան գերակշռող սկզբունքն է լինելու փախստականների պարագայում: Կա մի կոնկրետ խնդիր` ինչպե՞ս վարվել այն փախստականների հետ, ովքեր իրենց տեղաշարժի ժամանակ հանպատրաստից փոխհատուցումային սխեմաների մասնակից են դարձել, ինչպե՞ս կարելի է նրանց էլ ներառել: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերվում է ՆՏԱ-ներին, վերադարձի ընտրությունն ավելի հավանական ու հեշտ է թվում գործնական իրականացման տեսանկյունից: Գործնականում վիճարկվող տարածքներին պատկանող վայրերում հավանական է թվում, որ գույքային իրավունքների ռեստիտուցիան (ներառյալ գույքի օգտագորման իրավունքը) հավասարակշռվելու է վերադարձի իրավունքով` որպես պատերազմի պարտադրած աշխարհաքաղաքական-ժողովրդագրական կարգուկանոնին մարտահրավեր:
Այս ամենը վկայում է, որ հենց մարդիկ են որոշելու, թե ինչ անել իրենց նախկին տների հետ` ապրե՞լ դրանցում, թե՞ դրամական միջոցների վերածել, որոնք պետք են գալու այն կյանքի համար, որն իրենք կառուցում են տեղաշարժի վայրում, կամ էլ որեւէ տեղ ինչ-որ նոր բան սկսելու համար: Իրական արդարություն կարող է ձեռք բերվել հենց անհատական պրագմատիզմի, այլ ոչ թե պարտադիր վերադարձի մասին համազգային պատկերացումների շնորհիվ:
7. Փոխզիջման պարամետրերը
Ազեր Ալահվերանովն իր վերլուծության մեջ ենթադրում է, որ վերադարձի ցանկացած գործընթաց պիտի խարսխված լինի հայ-ադրբեջանական նորացված հարաբերությունների եւ հայերի ու ադրբեջանցիների գոյակցության վերականգնման վրա: Այսօրվա ռազմական հռետորությունը եւ փոխադարձ մեկուսացումն այս ամենը տանում են միանգամայն հակառակ ուղղությամբ: Ներկայիս պայմաններում նման իրավիճակը մեծապես ծառայում է հայկական շահերին, քանի որ հենց հայկական շահերում է տարաբաժանման եւ էթնիկ տարանջատման ստատու-քվոյի պահպանումը: Ինչպես Արտակ Այունցն է նշում իր հոդվածում` շատ հայեր խորապես համոզված են, որ ստատու-քվոն էլ հենց հանդիսանում է «բավարար ռեստիտուցիա»: Թեեւ տեւական հեռանկարում ակնհայտ է դառնում, որ եթե հակամարտության վերջնական կարգավորման մեջ վերադարձի հարցին համարժեք լուծում չի տրված, ապա նման կարգավորումը չի լինելու լեգիտիմ ու կենսունակ:
Հակամարտության լուծման` Ադրբեջանի կողմից հայտարարվող նախընտրելի տարբերակում` Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրում հայ բնակչության ամբողջականության ու անվտանգության պահպանմամբ, ենթադրվում է, որ հայ-ադրբեջանական գոյակցությունը հնարավոր է եւ ցանկալի: Սակայն ներկայիս ադրբեջանական հռետորությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող ընդհանուր իրավիճակը գործում են նման հանգուցալուծման միանգամայն հակառակ ուղղությամբ: Ադրբեջանին հարկ կլինի դեռեւս շատ բան անել իր շանսերը բարձրացնելու համար` ադրբեջանցիների վերադարձի ինչ-որ մի աստիճան ապահովելու գործում: Ամեն ինչից զատ` դրա համար պետք կլինի այնպիսի քաղաքականություն, որը կապահովի Ադրբեջանում հայերի ու հայ ազգաբնակչության իրավունքների լիակատար պաշտպանություն, ինչպես նաեւ կթեթեւացնի հայերի ու ադրբեջանցիների ելումուտը Հայաստան ու Ադրբեջան:[18] Ինչպիսին էլ որ իրենց բնույթով լինեն տարածքային համաձայնագրերը` երկարատեւ անվտանգության ապահովման հարցում հայերի նպատակները նույնպես կծառայեն հայկական կողմի համապատասխան քաղաքականությանը:
Սույն հրապարակման հոդվածներում բացահայտ կերպով երեւում է յուրաքանչյուր հանրությունում վերադարձի վերաբերյալ բանավեճերի միակողմանի բնույթը: Հակամարտության կողմերը խոսում են միայնումիայն «իրենց» ՆՏԱ-ների վերադարձի մասին, բացառելով համանմանությունը, որը ենթադրում է եւ անհրաժեշտ է, եթե վերադարձի որեւէ գործընթաց լինելու է հակամարտության լուծման մասը, այլ ոչ թե դրա նորովի հրահրման պատճառը: Ընդսմին, պարզ է, որ հայերի ու ադրբեջանցիների տեղաբաշխման նախապատերազմյան խառը բնույթն ակնհայտ է դարձնում, որ վերադարձի ձգտումը չի կարող տարանջատվել մյուս կողմի հայրենադարձներին ընդունելու պատրաստակամության մասին դատողություններից: Անկախ այն բանից, թե ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան հակամարտությունը, վերադարձը չի կարող հայեցակարգվել որպես միակողմանի երթեւեկությամբ փողոց այն պարզ պատճառով, որ ոչ մի խումբ կորուստների ու վիրավորանքի մենաշնորհ չունի: Երեւի փոխադարձության եւ վերադարձի «դըգոլական» փիլիսոփայության միջոցով կարելի կլինի վերադարձի մասին վեճերը տեղափոխել սովորական դարձած կարմիր գծերի նշագրած սահմաններից անդին, փիլիսոփայություն, որն ընդգրկում է ընտրության մի ամբողջ շարք հնարավորություններ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տեղաշարժված անձանց վիճակում հայտնված բոլոր մարդկանց վերադարձի-ռեստիտուցիայի հարցերի ներկապնակում:
———————
1. Սույն հրապարակման մեջ իր հոդվածում Ազեր Ալահվերանովը մեջբերում է այսօր Ադրբեջանում (առանց ԼՂ-ի ու զավթված տարածքների) ապրող հայերի թվի մասին ադրբեջանական պաշտոնական թվերը` 20-30 հազար: Թեեւ էմպիրիկ հետազոտությունները չեն կարող այլընտրանք լինել վիճակագրությանը, սակայն դրանցից կարելի է ենթադրել, որ իրական թիվը շատ ավելի նվազ է, համենայն դեպս` չափանիշների վիճարկելիության պարագայում դժվար է հաստատել, թե ներկայիս Ադրբեջանում ում կարելի է հայ համարել (Մելանի Կրեբս. «երբ հայրենի քաղաքն օտար է դառնում. հայերն այսօր Բաքվում»: Ներկայացվել է Ազգությունների հետազոտման ընկերակցության 2011 թվականի ամենամյա համաժողովում. Կոլումբիայի համալսարան, 15.4.2011.): Բոլոր դեպքերում էլ` Ադրբեջանում այսօր բացակայում է հայկական հանրային կյանքը:
2. Սույն ակնարկում ընթերցանության համար հարմար լինելու նպատակով ես օգտագործել եմ տեղանուններն այնպես, ինչպես դրանք սովորաբար օգտագործվում էին ղարաբաղյան հակամարտության սկզբում:
3. Սա թաքցնում է հիմնական հակասությունը` ինչպես Ադրբեջանը, այնպես էլ ԼՂ դե-ֆակտո իշխանությունները նախկին Շահումյանի շրջանը համարում են իրենց սեփականը (տես ստորեւ` 5.2.3. բաժինը): Ես այստեղ եզրահանգումներ չեմ անում այդ հավակնությունների համեմատական օրինականության մասին:
4. Սա առավել ցայտուն դրսեւորվում է «համայնքի» պիտակի` հայերի կողմից եռանդուն բացառման մեջ, այսինքն` նրանք բացառում են այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղում կան երկու հավասար համայնքներ: Հետեւաբար` այսպիսի եզրաբանությունն օգտագործվում է ադրբեջանական աղբյուրներում:
5. Սա որպես համեմատություն 1989 թվականին ամբողջ Շուշիի շրջանի ադրբեջանական բնակչության 92 տոկոսի հետ` 23 հազար մարդ:
6. Լեռնային Ղարաբաղի բնակչության 2005 թվականի մարդահամարի տվյալներով` Շուշիում ապրում էր 4.324 մարդ:
7. Onnik Krikorian, «Armenia°s Strategic Lachin Corridor Confronts a Demographic Crisis» (Օնիկ Կրիկորյան. «Լաչինի ռազմավարական միջանցքը
ժողովրդագրական ճգնաժամ է ապրում),
տես` www.eurasianet.org/departments/insight/articles/eav091506.shtml
8. Սա վերաբերում է նաեւ այն ժամանակ ինքնավար հանրապետություններում կամ տարածաշրջանային մակարդակով այլ հանրաքվեներին: Կարելի է պնդել, որ այդ հանրաքվեներն անցել են վախի եւ միջհամայնքային թշնամական հարաբերությունների մթնոլորտում եւ առանց միջազգային դիտորդների մասնակցության: Ղարաբաղցի հայերի տեսակյունից, սակայն, այդ գործոնները չեն ընդունվում որպես հանրաքվեի արդյունքի լեգիտիմությունը սասանող գործոններ. Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը քվեարկել է Ադրբեջանից անջատվելու օգտին:
9. Տես թեմայի շուրջ բանավեճն, օրինակ, հետեւյալ աշխատությունում. Marc Weller, Negotiating the final status of Kosovo (Մարկ Ուելլեր. «Կոսովոյի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելիս»), Chaillot Paper No.114, (Paris: European Union Institute for Security Studies December 2008), էջեր` 28-29.
10. ՏԳ-ի հակամարտածին ներուժի չեզոքացման ունակ եւս մի գաղափար է Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Գորիս ճանապարհի վերանորոգումը եւ նրա երկարաձգումը մինչև Նախիջեւան, որը կենսական զարկերակ կապահովի հայերի ու ադրբեջանցիների համար, բայց չի տարանջատի նրանց:
11. Gerard Toal (Gearցid ց Tuathail) and Carl Dahlman, “Post-Domicide Bosnia and Herzegovina: Homes, Homelands and One Million Returns” (Ջերարդ Թոալ եւ Կառլ Դալման. «Բոսնիան եւ Հերցեգովինան դոմիցիդից հետո. տներ, հայրենիքներ եւ վերադարձի մեկ միլիոն դեպքեր»), International Peacekeeping (Միջազգային խաղաղարարություն) ամսագիր, Vol.13, No.2, հունիս 2006, էջ.249.
12. Այս ենթատեքստերի մեջ ես հավասարազորություն չեմ նկատում, բացառությամբ դրանց կառուցվածքային նմանությունների:
13. www.armenianow.com/karabakh/25304/
armenia_karabakh_liberated_lands_population_population_population
14. Օրինակ` Աղդամը Ակնա անվանելը, բնակավայր, որում, ըստ տեղեկությունների, ապրում է 460 մարդ: Տես` Թաբիբ Հուսեյնովի հոդվածն այս հրապարակման մեջ:
15. Դե-ֆակտո ԼՂՀ սահմանադրության 142-րդ հոդվածում ասվում է, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքներում:
16. Տես` Thomas de Waal, The Karabakh Trap. Dangers and Dilemmas of the Nagorny Karabakh Conflict (Թոմաս դե Վաալ. «Ղարաբաղյան ծուղակ. Ղարաբաղյան հակամարտության վտանգներն ու երկընտրանքները» (Լոնդոն, Հաշտության պաշարներ, 2009) , էջ 7, տես` http://www.c-r.org/our-work/caucasus/documents/Nagorny-Karabakh-report-AW.pdf
17. Նաեւ եղել են «գյուղերի փոխանակումների» առանձին դեպքեր, երբ տեղի բնակիչները կազմակերպել են գյուղերի միջեւ գույքերի փոխանակում: Կըզըլ-Շաֆագ եւ Քերքենջ գյուղերի միջեւ նման փոխանակման մասին է վկայում Ս.Հուսեյնովայի, Ա.Հակոբյանի եւ Ս.Ռումյանցեւի գիրքը` «Կըզըլ-Շաֆագ եւ Քերքենջ. Ղարաբաղյան հակամարտության պայմաններում գյուղերի փոխանակման պատմություն» (Թբիլիսի, Հենրիխ Բյոլի հիմնադրամ, 2008):
18. Փոխադարձ այցերը խաղաղարար օրակարգի մասն էին կազմում 1990-ականներին: Վերջին տարիներին, բացառությամբ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների կազմակերպած «մտավորականության» ներկայացուցիչների երկու նշանակալից այցերի, ուժեղ դիմակայություն էր նկատվում քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպվող փոխայցերին: Այնուամենայնիվ, երբ նրանց հիշեցնում են այդ մասին` կողմերի իշխանությունները հայտարարում են, որ տեսականորեն իրենք ողջունում են նման այցերը: Փոխայցերն, անշուշտ, կարող են գլխավոր դեր խաղալ հայերի ու ադրբեջանցիների միջեւ վստահության եւ փոխըմբռնման վերականգնման գործում: