Դոկտոր Ռեյչըլ ԿԼՈԳ
“Հաշտության պաշարներ”
կովկասյան ծրագրերի տնօրեն
Լոնդոն
Հարավային Կովկասում հանուն խաղաղության աշխատող բոլոր անձանց մոտ Վրաստանի վերջին իրադարձությունները նոր հույսեր եւ նոր հնարավորությունների զգացում են առաջացրել: Խորհրդային Միության փլուզմանը հետեւած զինված հակամարտություններից անցած տասնամյակներն աչքի էին ընկնում քաղաքական վայրիվերումներով, բռնագաղթյալների ալիքներով եւ հազիվ զգացվող տնտեսական աճով:
Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները երկխոսությունից մտնում էին փակուղի եւ ընդհակառակըª ընդմիջվելով բարձր լարվածության կամ պատերազմների ժամանակահատվածներովª բռնության վերսկսման կայուն սպառնալիքի ֆոնին:
Այն ժամանակ, երբ խաղաղարար ջանքերը` հակամարտության կողմերի միջեւ փոխըմբռնում հաստատելու եւ հակամարտությունները վերափոխելու նպատակով, մեկ րոպե անգամ կանգ չէին առնում, շատերը բավական պահպանողաբար էին գնահատում դրանց հաջողության հնարավորությունը:
Եթե նոր կառավարությունը կարողանալու է բազմախոստում հայտարարություններն իրական գործողությունների վերածել, ապա վերագնահատման պիտի ենթարկվեն նաեւ ամենահոռետեսական մոտեցումները:
Իշխանության կանոնակարգված փոխանցումը
Մեկ շաբաթ առաջ տրվել է վերջին ձայնը խորհրդարանական այն ընտրություններում, որոնք Վրաստանի պատմության մեջ կգրանցվեն որպես իշխանության առաջին խաղաղ փոխանցում մի ձեռքից մյուսը: Ի հեճուկս որոշ սպասելիքներիª Միխեիլ Սահակաշվիլին վարվել է որպես իսկական պետական գործիչª ճանաչելով իր պարտությունը: Այս քայլով նա մարտահրավեր է նետել Բիձինա Իվանիշվիլուն եւ իր ՚Վրացական երազանքՙ կուսակցությունների դաշինքին, որը բաղկացած է գործադիր իշխանության շրջանակներում համատեղ աշխատանքի փորձից զուրկ քաղաքական ամենատարբեր հայացքներ ունեցող կուսակցություններից: Դաշինքին սպասվող բարդություններն ինքնին ակնառու են:
Նախարարների նոր կաբինետի անդամների թեկնածուները, որոնք նախագահի կողմից դեռեւս պետք է ներկայացվեն խորհրդարանի հաստատմանը, ներառում են խաղաղարար շրջանակներում լավ հայտնի մի շարք անձանց: Վերինտեգրման պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին տարածաշրջանում ՚Հաշտության պաշարներիՙ վաղեմի գործընկերներից է, որը մեր աշխատանքներին մասնակցել է վերջին 15 տարիների ընթացքումª ընդհուպ մինչեւ այս տարվա հուլիսին սկսված ընտրարշավը: Պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ Իրակլի Ալասանիան նույնպես մասնակցել է մեր կազմակերպության աջակցությամբ իրականացված երկխոսության նախագծերին, իսկ 2005-2008 թթ. Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով կարողացել է հաստատել կառուցողական գործնական հարաբերություններ աբխազ գործընկերների հետ:
Այս երկու անձինք, ինչպես նաեւ մշակույթի նոր նախարար` 90-ականների սկզբին Աբխազիայից բռնագաղթված վրացի գրող Գուրամ Օդիշարիան օժտված են մեծ փորձառությամբ եւ քաջահմուտ են վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորման հիմքում ընկած հարցերին:
Առջեւում ոչ միայն դժվարություններն են, այլեւ հակամարտությունների վերափոխման նոր հնարավորությունները
Ի՞նչ է խոստանում այս ամենը տարածաշրջանում խաղաղության կերտման հեռանկարների համար: Հաստատվելիք խաղաղության հիմքերի կերտման ուղղությամբ արդեն իսկ մեծ ջանքեր ներդրած անձանց պետական ազդեցիկ պաշտոններին անցնելու հանգամանքը կարող է նոր սկզբի ազդանշանը լինել:
2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմից հետո կառուցողական փոփոխությունների ներուժը նվազագույն էր, իսկ ՚Հաշտության պաշարներիՙ պես կազմակերպությունների աշխատանքը վրաց կառավարական շրջանակներում կասկածանքով էր դիտվում: Պետական այրերի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր հակամարտության ռուս-վրացական բաղադրիչի վրա, իսկ վրաց-աբխազական մակարդակի վրա մեր ու մեր գործընկերների համատեղ աշխատանքն ընկալվում էր որպես ժամանակավրեպ եւ Վրաստանի շահերին հակասող գործունեություն:
Աբխազների եւ հարավային օսերի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ աշխատելու կարեւորության ճանաչումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ջանքերին զուգահեռ վկայում է մոտեցումների փոփոխության մասին:
Սակայն, վերջին երկու տասնամյակների ժառանգությունը եւ հակամարտությունների հիմքում ընկած արմատական տարբերությունները դեռ երկար են իրենց մասին հիշեցնելուª հիասթափեցնելով արագ եւ արմատական փոփոխություններ ակնկալողներին: Այն հանգամանքը, որ մինչ գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններն Իվանիշվիլին հանդես է գալու վարչապետի, իսկ Սահակաշվիլին նախագահի կարգավիճակում եւ երկուսն էլ խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, ակնհայտորեն հուշում է, որ մոտակա ամիսներին ուժերի ահռելի մասը վատնվելու է արդյունավետ համատեղ աշխատանքի ուղիների որոնման ուղղությամբ:
Հակամարտությունների կարգավորման առաջընթացը նոր իշխանության առաջնահերթությունների ցանկում երրորդ տեղն է գրավում` տնտեսությունից եւ գործազրկությունից հետո: Այս իշխանությունը բացառիկ հնարավորություն ունի փոփոխությունների հասնելու, որովհետեւ բնակչության տեսանկյունից նա պատասխանատու չէ 2008 թ. պատերազմի համար, իսկ կառավարական պաշտոնների թեկնածուներից շատերն ունեն անհրաժեշտ անձնական հեղինակություն` նախկինում խաղաղարար գործունեության մեծ փորձառություն ունենալու շնորհիվ:
Երկխոսությունն ու համբերատարությունը` խաղաղության ամուր հիմք
Բոլորիս է վիճակված տեսնել, թե նոր կառավարության շրջանակներում ո՞ր չափով հնարավոր կլինի գտնել հակամարտությունների խնդրին առնչվող ընկալելի եւ համոզիչ հաղորդակցման հնարավորություններ: Բաց է մնում նաեւ այն հարցը, թե որքանով հռչակված փոփոխությունները կհամապատասխանեն գործերին, այսնքնª իրական փոփոխություններին:
Որպեսզի այս ամենը տեղի ունենա, պահանջվում են խորհրդանշական բնույթի համաձայնեցված ազդակներ, որոնք թույլ կտան հակամարտության այլ կողմում կանգնած կառավարություններին ու ժողովուրդներին համոզվել, որ քսանամյա թշնամանքն ու անվստահությունը հնարավոր է փոխակերպել միանգամայն նոր հարաբերությունների հաստատմամբ:
Հակամարտությունների կարգավորումը ենթադրում է ռիսկեր, փոխզիջումներին ընդառաջ գնալու պատրաստակամություն եւ կողմերի կարիքների ու սպասելիքների լավ ըմբռնման վրա հիմնված առաջամղիչ ռազմավարության կառուցման համար անհրաժեշտ համբերատարություն: Եթե նոր կառավարությունը կարողանալու է իր հսկողության տակ առնել սպասելիքներն ու հակամարտող կողմերի միջեւ ստեղծել հաղորդակցման եւ բաց երկխոսության խողովակներ, ապա դա միանշանակ լինելու է դրական առաջին քայլը:
——————————–
Հոկտեմբեր, 2012թ.
“Հաշտության պաշարներ“-ը վրաց եւ աբխազական գործընկերների հետ 15 տարուց ավելի տեղում համագործակցող խաղաղարար կազմակերպությունն է: