Մինչեւ 2008 թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը Եվրաատլանտյան դաշինքը ՚հորդորում էր մեզ հասնել ժողովրդավարության եվրաատլանտյան չափանիներինՙ, որպեսզի Վրաստանն արժանանար ՆԱՏՕ-ի անդամության ՚թեկնածուի թեկնածուՙ դառնալուն: Պահանջների ծրագիրը կետ առ կետ իրականացվում էր: Բայց Ռուսաստանը հերթական անգամ հիշեցրել է թե’ իր շահերի, եւ թե’ Հարավային Կովկասին առնչվող սեփական ծրագրերի մասին. 2008 թ. օգոստոսին Վրաստանի պետական տարածքի 1/3-ը բռնազավթվել է ռուսական զորքերի կողմից:
Բռնազավթմանը նախորդել են ՌԴ-ից վրացիների արտաքսումը, ընդհատված ավիահաղորդակցությունը, առեւտրատնտեսական վետոն եւ 20 տարիների ընթացքում Աբխազիայում եւ Ցխինվալիում անջատողականներին սպառազինությունների մատակարարումն ու Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը: Թվում էր, թե պատերազմից հետո կատարված փաստի զորությամբ Վրաստանին պետք է տրվեր ՚ագրեսիայի դեմ պաշտպանության ապահովումՙ, շնորհվեր այսպես կոչված MAP-ը կամ էլ, հաշվի առնելով իրավիճակը` անմիջապես ՆԱՏՕ-ի անդամակցությունը: Օրինակ, Ռումինիան ՆԱՏՕ է ընդունվել դեռեւս 2004 թ. մարտին, իսկ Ալբանիան` 2009 թ. ապրիլին:
Այսուհանդերձ, համաշխարհային ժողովրդականություն վայելող ՚Wikipaediaՙ-ի հարթակում զետեղված է հետեւյալ հոդվածը. ՚2008 թ. օգոստոսի 20-ին Բելգիայի ԱԳՆ ղեկավար Կարել դե Գյուխտը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հետագա համագործակցության կապակցությամբ հայտարարել է, որ ՚ՆԱՏՕ-ի մեջ այնպիսի երկրի ընդունումը, որը երբեմն դիմում է ոչ լիովին վերահսկվող գործողությունների, ինքնին վտանգավոր էՙ: Որքանով վերահսկելի եւ օրինավոր էին հակամարտության մյուս կողմի` ՌԴ-ի գործողությունները` ոչ ոք չէր քննարկում: Չէ՞ որ կա ռուսական գազ… եւ այլն: Ինչպես ասվում է. ընկերությունն` ընկերությամբ, բայց ծխախոտն` առանձին-առանձին: Ավելին` 2008 թ. դեկտեմբերին ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում Վրաստանին չի տրվել MAP-ը` Դաշինքի անդամակցության գործողությունների ծրագիրը: Բայց չէ՞ որ ՆԱՏՕ-ի մեջ մինչեւ 2008 թ. Վրաստանի ընդունումը սկզբունքորեն կբացառեր պատերազմը, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բանակցությունները կդարձներ անհամեմատ ավելի արդյունավետ:
Ուղիղ մեկ տարի անց, 2009 թ. օգոստոսին Արեւելյան աշխարհաքաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լաուրինաս Կասչյունասը հայտարարել է. ՚Թեեւ Հարավային Օսիայում հակամարտության նոր բռնկումից հետո մի պահ թվում էր, թե Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարելի էր արագացնել, ի վերջո, հակամարտությունն այդ հեռանկարը հետաձգել է: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ներկայումս շատ հեռավոր սցենար էՙ… Պաշտոնական Թբիլիսին գոտեպնդվել եւ շարժել է կախարդական փայտիկով. բարեփոխումների արագությունը հավասարվել է ձայնի արագությանը: Անգամ ամենամոլեռանդ ընդդիմադիրները, քննադատելով բարեփոխումների ճանապարհը բռնած այդ ժամանակ դեռեւս իշխող կուսակցությանը, խոստովանում էին նրա ձեռնարկած տնտեսական միջոցառումների հաջողությունն ու արդյունավետությունը: Եվրաատլանտյան դաշինքի կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը հետզհետե աճում էր, իսկ ահա 2012 թ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում գտնվելու ժամանակ հայտարարել է, որ ՚Վրաստանը երբեք այդքան մոտ չի եղել Դաշինքին անդամագրվելուն, որքան այժմՙ: Եվ ահա տեղի ունեցան ընտրությունները…
Աչքը տեսնում է, բայց ատամը չի կտրում. հին ռուսական ասացվածք
Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել երկրի քաղաքացիական հասարակության չկայացվածությունն ու քաղաքացիների մտածողության հասունացած չլինելը: Հանրությունը տատանվել ու թեքվել է երկրի բոլոր տարածաշրջաններում իր կշիռն ու ազդեցությունն արագորեն ընդլայնող ՚Վրացական երազանքիՙ կողմը: Բազմակուսակցական համակարգը վախճանվել է: Շատ հստակ եւ արագ է ուրվագծվել մի բինար համակարգ, որը ԽՍՀՄ-ում կոչում էին ՚աշխատավորներին իրենց արմատական շահերից շեղելու բուրժուական հնարքՙ: Երիտընդդիմադիրները` Քրիստոնյա դեմոկրատներն ու Լեյբորիստները, պարզապես նվազագույն շեմին չեն հասել եւ նոր խորհրդարանից դուրս են մնացել: Մեծամասնական ցուցակներն, ըստ էության, ներկայացնում էին երկու կուսակցություն` Միացյալ Ազգային Շարժումը եւ Վրացական երազանքը: Խորհրդարանական մեծամասնությունը ՚Վրացական երազանքիՙ համակիրներն ու անդամներն են` ռուսաստանյան միլիարդատեր եւ Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարության ներքո: Խորհրդարանական փոքրամասնությունը Միացյալ Ազգային Շարժումն է եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Վրաց պետության նոր օրենսդիր մարմնի աշխատանքը սկսվել է ՚թռիչքների քննությունիցՙ: Նոր իշխանություններն արագորեն վերանայել են նախորդ տարիներին ընդունված օրենքները, որոշումներն ու ծրագրերը: Միացյալ ազգային շարժմանը մոտիկ ոչ մի պաշտոնյա չի խուսափել` քննադատությունից, այդ թվում եւ արդար: Ծավալվել է տեղերի համար կանոնական պայքարը: ՚Վրացական երազանքըՙ աշխատասենյակներից դուրս է շպրտել ՄԱԺ անդամներին, կատարել կահույքի տեղափոխություն եւ լծվել պետական կառավարման գործին: Բարեփոխումների մեծ մասը հռչակվել է անպտուղ, իսկ Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը` անարդյունավետ: Սկսվել են երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների ձերբակալությունները:
Քաղաքացիների մի մասը զարմանքով նկատել է ուշ խորհրդային եւ վաղ շեւարդնաձեական ժամանակաշրջանին բնորոշ ավազականման գործարարների դեմքերը: Սովորական քաղաքացիները հանկարծ հասկացել են, որ իշխանափոխության շնորհիվ անարյուն ռեւանշի են հասել բոլոր նրանք, ովքեր ժամանակին զրկվել են հացաշատ ու ոսկեբեր դիրքերից, ինչպես նաեւ նրանք, ովքեր տարիքի բերմամբ ժամանակին այս ամենի ՚քաղցրությունըՙ չեն ճաշակել: ՄԱժ-ը լռում է: Նախկին իշխող կուսակցությունից ոչ մի մեկնաբանություն չի հնչել: Վրաստանի բնակչության մի մասը տոնում է ընտրություններում ՚Վրացական երազանքիՙ հաղթանակը եւ հրճվանքով սպասում Ռուսաստանի հետ ՚բարեկամության եւ բարեդրացիությանՙ պտուղներին, մյուս` գիտակից մասը մտովի հրաժեշտ է տալիս եվրաինտեգրմանը եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելուց բխող բոլոր դրական սպասելիքներին: Կան նաեւ նրանք, ովքեր այլեւս ոչնչից չեն զարմանում: Ոմանք էլ բծախնդրորեն երկիր են ընտրում արտագաղթելու համար: Բանիմաց ու ամենագետ վերլուծաբանները կրկին վերհիշել են հին ու փորձված մեթոդը` սուրճի բաժակ նայելով քաղաքական կանխատեսումներ անելը: Կրկին առանձնահատուկ ժողովրդականություն է ձեռք բերել Ծիր Կաթինի եւ կենդանակերպ համաստեղությունների հռչակավոր հետազոտող Դավիթ Ցագարելին: Որոշ տվյալներով` Ցագարելու մոտ անձնական եւ քաղաքական հորոսկոպների պատվերները 2013-2015 թթ. համար այլեւս չեն ընդունվում` տեղ չկա:
– Ճակատագիրը, ma tante, ճակատագիր-հնդկահավ
(՚Սիրո բանաձեւՙ շարժանկարից)
Բնակչությունը հերթական անգամ որոշել է խուսանավել աշխատանքից եւ սկսել է զբաղվել նոր խնդրով` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի վերջին հայտարարությամբ. ՚Եթե Վրաստանում տեղի ունեցող ձերբակալությունները ցույց են տալու, որ կուսակցությունները չեն պահպանում խաղի կանոնները եւ չեն առաջնորդվում սահմանադրական օրինականությամբ, այլ գործում են զուտ ուժի գերակայության սկզբունքով, ապա ՆԱՏՕ-ում հոռետեսություն է առաջանալու` Դաշինքում նման երկիր ունենալու նպատակահարմարության վերաբերյալՙ, – հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը: Ասում ենք ՚ԱՄՆՙ նկատի ունենք ՚ՆԱՏՕՙ, ասում ենք ՚ՆԱՏՕՙ` նկատի ունենք ՚ԱՄՆՙ: Ահա լեզվի այսպիսի զարմանահրաշ սայթաքում…
Ռասմուսենն ասում է ՚մոտիկ էՙ, Գորդոնն էլ` ՚նպատակահարմար չէՙ: Խաղարկվում է երեք փուլով դասական խաղը: Ա. Վրաստանը մեծապես շահագրգռված է անդամակցել Դաշինքին եւ փորձում է հիմնավորել իր կարեւորությունը, նշելով, թե ՆԱՏՕ-ն վերջանում է թուրք-վրացական սահմանին, բայց Վրաստանի միջոցով կարող է ընդլայնվել ի հաշիվ Հարավային Կովկասի երկրների: Վրաստանին ձեռնտու է նաեւ անընդհատ հղում անել Մոսկվայի ագրեսիայի փաստին: Բ. Մոսկվային մեծապես ձեռնտու չէ տարածաշրջանում իր դիրքերը զիջել: Կրեմլի հիմնական նպատակն է` կանխել ՚ՆԱՏՕ-ական վարակիՙ հետագա տարածումը: Գ. Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ազդեցության գոտիների համար պայքարն արդիականությունը չի կորցնում: Ուստի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն վարպետորեն օգտագործում են ճամարտակաբանության (դեմագոգիա) հմտորեն հղկված գրոսմայստերական հնարքները: Իսկ Վրաստանն այս փուլում նման է ծնողների վիճաբանությանն անզոր հետեւող փոքր երեխայի: Ու թեեւ, որպես պետություն, Վրաստանը մի քանի հազարամյակով ավելի մեծ է իր ՚հովանավորներիցՙ, քաղաքական իմաստով Վրաստանը ոչ միայն փոքր, այլեւ` օլիգոֆրեն երեխան է:
Կլեոն. ՚Ո՞վ ժողովուրդ: Ինչպե՞ս կարող է այլ քաղաքացին քեզ ավելի ջերմ ու սաստիկ սիրել: Չէ՞ որ Խորհրդում իմ նստելու օրվանից սկսած ես լցրել եմ պետական գանձարանն անհամար հարստությամբ: Ոմանց ես սովամահ արեցի, ոմանց խեղդեցի, ոմանց էլ` խաբելով կողոպտեցի: Քաղաքացիներից ոչ մեկին չեմ խղճացել` միայն քեզ հաճոյանալ ձգտելովՙ:
Այդ ընթացքում հետընտրական վերիրային (վիրտուալ) Վրաստանը, հազիվ ոտքի կանգնելով ՚ավելների հեղափոխությունիցՙ եւ Գլդանիի բանտի աղմկահարույց եղելություններից, սկսել է ծաղրել նոր վարչապետի եւ իր շրջապատի ՚ուշագրավՙ վարքագիծը: Բլոգոլորտը լի է այլեւայլ սքրինշոթներով ու տեսահոլովակների հղումներով: Ամբողջ Վրաստանն ընկղմվել է դատարկաբանության մեջ: Մարդիկ վիճաբանություն են հրահրել անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի` սոցիալական ցանցերից մեկում ունեցած պաշտոնական էջում` հարկադրելով վերջինիս պատասխանել` նրան ուղղված հարցերի մակարդակի շրջանակներում: Ընդսմին, հենց սոցիալական ցանցերում է շարադրվել ՚օգտակար իդիոտՙ արտահայտության հոյակապ սահմանումը:
Ըստ այդմ, ՚օգտակար իդիոտըՙ այն հիմարն է, ում հեշտ է ուրիշի կողմը քաշել, ՚օգտակարՙ դարձնել եւ ստիպել գործել իր իսկ շահերի դեմ` հանուն ՚գերագույն բարիքիՙ: Ինձ թվում է, որ վրաց հասարակությունը հենց այս ՚օգտակար իդիոտնՙ է: Իսկ իդիոտին գործելու են մղում Սահակաշվիլին ու Իվանիշվիլին, Մոսկվան ու Վաշինգտոնը: Իսկ ՆԱՏՕ՞-ն: Դե, ՆԱՏՕ-ն ոչինչ: Եթե կա հողմացույց, ապա միշտ էլ գտնվելու է այն պտտեցնող քամին: Ուրեմն, մեզ մոտ եվրոպական երազանքի ըմբռնումը վրացերենում գռեհիկ ասույթի համաձայն հետեւյալն է. ՚Ուզում ենք ունենալ ամեն ինչ, այնպես, որ դրա համար մեզ չլինի ոչինչՙ: ՚Վրաստանի խորհրդարանական ընտրություններՙ անվամբ ձեռնարկատիրական նախագիծը հաջողությամբ իրականացված է: Հոգ չէ` աշխարհի վերջը չի եկել, պարզապես, Հայտնության հեծյալները վերածվել են Արիստոֆանի ՚հեծյալներիՙ:
Հրապարակման բնագիրը. Грузия online
Հրապարակվել է. 18/11/2012 11:18
www.inosmi.ru/caucasus/20121120/202393824.html