Գելա ՎԱՍԱՁԵ
Քաղաքագետ
Թբիլիսի
Հայտնի պատմաբան Լև Գումիլևը, որի անունն այսօր շատ անխղճաբար է օգտագործվում անսկզբունք քաղաքական տեխնոլոգների կողմից, իր ժամանակին պատմական իրադարձությունները գնահատելու համար առաջարկում էր երեք տեսանկյուն՝ մկան բնից, բլրի գագաթից և թռչնաթռիչք բարձրությունից։ Այսպիսի մոտեցումը շատ հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս քննել զանազան երևույթներ հասարակ մարդկանց և մեծ քաղաքականության վրա դրանց ունեցած ազդեցության տեսանկյունից։ Եկեք մենք էլ փորձենք քննել Վրաստանում և Վրաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն այս երեք տեսանկյուններից։Նախ՝ հայացք կամ տեսանկյուն մկան բնից։ Շարքային մարդու ընկալման մակարդակի վրա այս տարին անցել է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և սեփական իրավունքների համար պայքարի նշանի ներքո։ Վրաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառները մակերեսի վրա են։ Դրանք պայմանավորված են ներքին և արտաքին պատճառների ամբողջությամբ։
Նախ՝ հիշենք, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքն իշխանության է եկել քաղաքացիների սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության կարգախոսներով։ Երազողների կարգախոսները հնչում էին մոտավորապես 1917թ. բոլշևիկների հնչած կարգախոսների նման. հողը՝ գյուղացիներին, գործարանները՝ բանվորներին, ջուրը՝ նավաստիներին և հրազենը՝ զինվորներին։ 2012թ. «թեժ» աշնանը Բիձինա Իվանիշվիլին վրաց ընտրողներին ինչ ասես չի խոստացել՝ 200 դոլարի չափով թոշակներ, անտոկոս վարկեր, արդար գնով գյուղացիներից ողջ բերքի գնում, հիպոթեքային բոլոր վարկերի մարում, ընդ որում, առանց հապաղման՝ հաղթանակից անմիջապես հետո։ Սակայն հաղթանակից հետո Իվանիշվիլին հայտարարեց, որ ամեն ինչ միանգամից չի լինում, հավելելով, որ առաջին տարին ծանր է լինելու, երկրորդը՝ ավելի լավը, իսկ երրորդի ընթացքում դրական փոփոխությունները կզգացվեն բոլորի գրպաններում, և Վրաստանը կծաղկի։ Ասաց և մեկ տարի անց պաշտոնից հեռացավ, որպեսզի մնա ընդմիշտ՝ երկիրը վարագույրի ետևից ղեկավարելու համար։
Այսօր հասկանալի է, որ Վրաստանի ծաղկման մասին Իվանիշվիլու պնդումները տաքարյունության արգասիք էին, թեև, անշուշտ, կարելի է վիճել, թե ինչ կարող է համարվել ծաղկում։ Մյուս կողմից, սեփական գրպաններում փոփոխություն զգալու մասով նրա խոստումները միանգամնայն իրականություն են դարձել։ Եկամուտների նվազման շուրջ տաքսու վարորդները և վարսավիրները սկսել են դժգոհել դեռևս 2013 թվականից։ Ինչո՞ւ հենց նրանք։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. ծառայությունների ոլորտն առաջինն է զգում բնակչության դրամական եկամուտների նվազումը։ Բայց դրանք սոսկ ծաղիկներն էին։ Պտուղները հասունացան արդեն այս տարի, երբ Վրաստանի ազգային դրամը՝ լարին արժեզրկվեց ավելի քան 40 տոկոսով։ Չգիտեմ, թե ինչպես էր այլ երկրների պարագայում, բայց Վրաստանի համար, հաշվի առնելով նրա կախումը ներկրումներից, դա իսկական և լիակատար աղետ էր։ Բայց այս աղետն ամբողջական չէր լինի, եթե գոյություն չունենային երեք տարիների ընթացքում իշխանությունների սահմանած ահռելի քանակով սահմանափակումներն ու արգելքները։ Այս սահմանափակումներն այնքան են վախեցրել ձեռներեց զանգվածին, որ թե՛ արտաքին և թե՛ ներքին ներդրումների ծավալներն էապես նվազել են, իսկ տնտեսական աճը սառել է 2 տոկոս ցուցանիշի վրա։ Հաշվի առնելով գնաճի մակարդակը՝ հիշյալ ցուցանիշը նույնիսկռեցեսիա չէ, այլ իսկական լճացում։ Ժամանակին Կախա Բենդուկիձեն զգուշացնում էր, որ զարգացած երկիր դառնալու համար Վրաստանին անհրաժեշտ է ՀՆԱ տարեկան առնվազն 12 տոկոս աճ, ապրելու համար քիչ թե շատ պիտանի երկիր լինելու համար՝ ՀՆԱ տարեկան առնվազն 7 տոկոս աճ, մինչդեռ ՀՆԱ տարեկան 2 տոկոս աճից ցածր ցուցանիշ ունենալու պարագայում երկիրը վերածվելու է սոսկ տարածքի։ Այսպիսով, երկիրը տարածքի վերածելու գործընթացն արդեն մեկնարկել է։
Ընդհանրապես, հասարակ մարդը վաղուց է ամեն տեղ խնդիրների բախվում։ Այսպես, երազային կառավարությունը որոշել է պետական ապահովագրությամբ ֆինանսավորել բոլոր պարզ և միջին բարդության, երբեմն անգամ՝ բարդ վիրահատությունները։ Բայց հենց սկսել է կարգավորվել առողջապահության ոլորտը՝ ի հայտ են եկել նոր դժվարություններ։ Առողջապահության նախարարության հրամանով համարյա բոլոր դեղամիջոցները ոչ ռեցեպտորայինների շարքից անցել են ռեցեպտորային խմբին՝ պատճառ դառնալով դեղորայքի գնի թռիչքաձև աճին։ Այնուհետև, լրիվ անսպասելիորեն, իսկ չար լեզուների պնդմամբ՝ պաշտոնեական գրասենյակներում դեղագործական ընկերությունների ակտիվության շնորհիվ, հիշյալ դեղամիջոցները կրկին վերադարձվել են ոչ ռեցեպտորայինների շարք, ինչը դարձյալ բարձրացրել է դրանց գինը, քանի որ առաջացել են «հավելյալ» ծախսեր։ Արդյունքում, այսօր Վրաստանում ավելի հեշտ է մեռնել, քան ձրի վիրահատությունից օգտվել։ Վիրահատությունն անվարձահատույց է, բայց դեղորայք գնելու համար պահանջվող գումարն այնքան մեծ է, որ ավելի դյուրին է հոգալ թաղման ծախսերը։
Իսկ որքա՜ն շատ էին հրաշքների սպասում գյուղատնտեսության ոլորտում՝ ապավինելով ավելի քան 600 միլիոն լարիի չափով խոստացված դոտացիաների և ռուսաստանյան շուկայի բացմանը։ Ավա՜ղ, հրաշք տեղի չունեցավ. Վրաստանի գյուղատնտեսությունը նախկինի պես շարունակում է մնալ դանդաղընթաց անհեթեթության տիրույթում՝ այն միակ տարբերությամբ, որ այժմ այդ անհեթեթությունը ֆինանսավորվում է հենց հարկատուների հաշվին։
Մեր կառավարության վերջին գլուխգործոցն էլ ճանապարհային մեծ բարեփոխության հռչակումն էր. արգելվել է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների շահագործումն, ու վերականգնվել են վաղեմի պետավտոտեսչության մի շարք գործառույթներ, օրինակ՝ տեխզննումը։ Տեխզննման և պետավտոտեսչության վերականգնման հետևանքները մարդիկ դեռ չեն ըմբռնում, իսկ երբ կըմբռնեն, արդեն ուշ կլինի, իսկ ահա աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների արգելման հետ կապված պատմությունը շատ տգեղ է։ Չէ՞ որ քաղաքացիները շատ էին գնում հենց աջ ղեկ ունեցող ճապոնական ավտոոմեքենաները՝ մասնավոր ուղևորափոխադրմամբ զբաղվելու համար։ Այդ մեքենաներն ավելի էժան էին, և դրանց տեխնիկական վիճակը, որպես կանոն, ավելի լավն էր, քան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ներկրված ավտոմեքենաներինը։ Եվ, ահավասիկ, բոլորովին վերջերս կառավարությունն ուրախությամբ հայտարարեց, որ գալիք տարվա մարտ ամսից աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներն այլևս հաշվառվելու ենթակա չեն լինի։ Դա նշանակում է, որ ճապոնական ավտոմեքենաների «երջանիկ» տերեը պարզապես դրանք չեն կարողանա վաճառել, իսկ ավտոմեքենաների շուկայում գները կտրուկ կաճեն։ Այսպիսով, անխուսափելիորեն արձանագրվելու է գործազուրկների բանակի շարքերի աճ, քանի որ տաքսու վարորդների զգալի մասն արդեն այսօր հարկադրված կլինի զբաղվել իրենց ավտոմեքենաները փոխելու խնդրով։
Արդյունքում՝ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների տերերը բարձրաձայն դժգոհում են, թեև առանց դրական փոփոխության մեծ ակնկալիքի։ Չէ՞ որ պետության կողմից սոցիալական աջակցությունից զրկված կամ հիպոթեքային վարկառուների նմանատիպ բողոքները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել։ Ի դեպ, Վրաստանում շատերը սպիտակ նախանձով էին նայում Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրականության գնի բարձրացման դեմ ցույցերին։ Երբ մեզ մոտ էլեկտրաէներգիայի գին են բարձրացրել, ցավոք, նմանատիպ բողոքի շարժում չի առաջացել։ Կամ էլ՝ մինչ օրս չի առաջացել, քանի որ վաղ թե ուշ իրավիճակն, այնուամենայնիվ, պայթելու է։ Այսպիսին է մկան բնից հայացքը կամ տեսանկյունը։
Այժմ տեղափոխվենք բլրի գագաթ՝ մեծ քաղաքականության աշխարհ։ Իշխող դաշինքից Ազատ դեմոկրատների աղմկահարույց հեռանալուց հետո իշխանությունը ոչ մի առանձնահատուկ արտաքին ցնցում չի ապրել, թեև նա շարունակում էր բախվել իր իսկ գործողություններից առաջացած ներքին ցնցումների։ Բայց չէ՞ որ 2015 թվականը համընկել էր Վրաստանում չորսամյա շրջափուլի այն միակ տարվան, երբ չկան խորհրդարանական, նախագահական կամ ՏԻՄ ընտրություններ։ Ուստի Վրաստանի փաստացի տեր Բիձինա Իվանիշվիլին գալիք ընտրություններին ընդառաջ որոշեց մաքրագործել նախընտրական դաշտը։ Ամեն ինչ դյուրին էր թվում։ Ո՞վ է խանգարում ապրել «Երազանքին»։ Ընդդիմությունը։ Իհարկե՝ խոսքը ազգականներից բաղկացած տաս հոգանոց կուսակցությունների մասին չէ։ Հարկավոր էր ձերբազատվել մարդկանց փողոց հանելուն ընդունակ միակ քաղաքական ուժից, որն, ի դժբախտություն Բիձինա Իվանիշվիլու, ոչ թե «Վրացական երազանքն» է, այլ, ընդհակառակը՝ «Միացյալ ազգային շարժումը»։ Իվանիշվիլուն և իր «Երազանքին» ապրել խանգարող երկրորդ գործոնը ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքն էր, որն անընդհատ «վատաբանում» է իշխանությանը, հատկապես այն պարզ պատճառով, որ եթերից հնչող պարսավանքը ճշմարտություն է։
Ելքը դյուրին էր թվում՝ փակել հեռուստաալիքը և բանտարկել ընդդիմադիրներին։ Ընդ որում, անպայման նշված հաջորդականությամբ, այլ կերպ չի կարելի։ Ծրագիրն առավել քան իրատեսական էր դիտվում. չէ՞ որ ընդդիմության համարյա բոլոր առաջնորդները կա՛մ բանտարկվել են, կա՛մ՝ արտագաղթել։ Սակայն, չհաջողվեց…
Ի հեճուկս այն հանգամանքի, որ ձեռնասուն դատավոր Ուրթմելիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նախկին տերերին վերադարձնելու մասին որոշումը կայացրել է Word ծրագրով մուտքագրված Ա4 ձևաչափի մեկ թղթի հիման վրա, իսկ բանտերում սեռական բնույթի բռնության մոնտաժված տեսահոլովակների հերթական ներարկումից հետո նախապես պատրաստված ավազակախմբերը սկսել են ջարդել Ազգային շարժման գրասենյակները, ոչինչ անել չհաջողվեց։ Նախ՝ «ազգայինները» «Ռուսթավի 2»-ի պաշտպանության համար մարդկանց դուրս բերեցին փողոց՝ զրկելով իշխանություններին հարցն առանց ուժի կիրառման լուծելու հնարավորությունից։ Ապա՝ միջազգային հանրությունը Վրաստանի իշխանությունների դեմ այնպիսի ճնշում գործադրեց, որ Իվանիշվիլին հասկացավ, թե անցանկալի զարգացումների դեպքում ինչ կարող է պատահել Փարիզում նրա ունեցած միլիարդների հետ։ Էլ չասած այն մասին, որ նրա վերջին հանգրվանը կլիներ մերձմոսկովյան «դաչան»՝ Վիկտոր Յանուկովիչի և Ասլան Աբաշիձեի հարևանությամբ։ Եվ, ամենագլխավորը, իշխանությունները պարզեցին, որ ոչ միայն ժողովուրդը, այլև ուժային կառույցները պատրաստ չեն իրենց սատարել ակնհայտորեն հակասահմանադրական գործողություններում։ Արդյունքում, Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց քաղաքային դատարանի ապօրինի որոշումը, իսկ իշխանությունները հարկադրված եղան հետքայլ կատարել՝ հաշտվելով Վրաստանում ժողովրդավարության հերթական դրսևորման հաղթանակի հետ։
Թե ինչ է լինելու հետագայում, դժվար է ասել, բայց այն, որ հիշյալ նախադեպը անցնող տարվա երկրի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունն էր, կասկած չի հարուցում։
Եվ, վերջապես, տեսանկյուն կամ հայացք՝ թռչնաթռիչք բարձրությունից։ Բոլորին քաջ հայտնի է, որ Վրաստանը, գտնվելով Մերձավոր Արևելքում, ձգտում է դեպի Եվրոպա։ Աշխարհագրության հետ կարելի էր վիճել դեռ 25 տարի առաջ, երբ «չարի կայսրությունը» սահմանը երկաթե կողպեքի տակ էր պահում։Այժմ կողպեքը չկա, ուստի մեր սահմաններից հարավ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները մեզ պետք է նույնքան շատ անհանգստացնեն, որքան մեզնից հյուսիս ընթացող զարգացումները։ Առավել ևս, որ հյուսիսում ամեն ինչ պարզ է. բռնազավթված տարածքները վերադարձնելու հնարավորություն կառաջանա միայն ՌԴ-ում 1917 կամ 1991 թվականների տարողության համակարգային նոր ճգնաժամի դեպքում։ Իսկ հարավում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք, կարծես թե, մեզ վրա ուղղակիորեն դեռ չեն անդրադառնում, բայց հնարավորություն ունեն առաջացնել հյուսիսից եկածից ոչ նվազ չափի և վտանգավորության գլխացավանք։
Սիրիական հակամարտության մեջ Ռուսաստանի ուղիղ ռազմական միջամտությունից առաջ հիշյալ պատերազմը, ինչպես նաև բոլոր այլ պատերազմներն ու Արաբական գարնան հեղափոխություններն ու դրանց հետ կապված իրադարձությունները մեզ համար կարող էին ունենալ զուտ ակադեմիական հետաքրքրություն։ Վերջին հաշվով՝ իսլամական քաղաքակրթության ներսում ընթացող կրոնական պատերազմներն արտացոլում են 15-16-րդ դարերի հին Եվրոպայի անցած ուղին։ Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է Աուգսբուրգյան կրոնական խաղաղությամբ. ում հողը՝ նրա հավատը։ Ընդ որում, ասածս, ընդամենը, քնարական զեղում է։ Ռուսաստանի միջամտությունը սիրիական պատերազմը փոխադրել է մեզ համար խիստ անցանկալի՝ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության հարթություն։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև սառը պատերազմը Հարավային Կովկասում որակապես նոր իրավիճակ է ստեղծել։ Հաշվի առնելով Վրաստանի իշխանական կառույցներում ռուսամետ լոբբիի առկայությունը՝ կարելի է ենթադրել, թե ինչպիսի անսպասելի «ուրախություններ» և «հաճելի անակնկալներ» կարող է բերել նոր դասավորությունը։ Իհարկե, մենք չենք խոսում Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր ռազմական առճակատման մասին. դա լրիվ վախճանաբանական սցենար կլիներ։ Սակայն բոլորովին չի կարելի բացառել Վրաստանի դեմ ՌԴ նոր ագրեսիայի հավանականությունը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կտրելու կամ Ղարաբաղում ռուսական «խաղաղարար» զորքեր մտցնելու նպատակով ակտիվ ռազմական գործողություններ հրահրելու ուղղությամբ։
Այս գործողությունների վերջնանպատակը լինելու է Պուտինի՝ միջազգային հանրությանը սեփական օրակարգ թելադրելու ցանկությունը։ Հայտնի հայ փորձագետ Դավիթ Շահնազարյանի դիպուկ արտահայտությամբ՝ սիրիական հակամարտության մեջ մխրճվելուց հետո Պուտինը կորցրել է աշխարհին իր օրակարգը թելադրելու հնարավորությունը, և միակ տեղը, որտեղ նա կարող է փորձել անել այն՝ Հարավային Կովկասն է։
Բոլորովին համոզված չեմ, որ Վրաստանի իշխանություններն անհրաժեշտ խորությամբ են ըմբռնում անցնող տարվա արդյունքների նշանակությունը։ Իսկ առայժմ Կախա Կալաձեն ոգևորությամբ բանակցում է «Գազպրոմի» հետ՝ Վրաստանի միջով Թուրքիա ռուսական գազի տարանցման գորշ սխեմայի շուրջ, իսկ արտաքին գործերի նախարարը հեռուստաէկրանից անպատկառորեն ստում է, թե Հայաստանը ռուսական գազի ավելի մեծ ծավալների կարիք ունի՝ արտադրական հզորությունների աճի պատճառով։ Կրեմլում հրաշալիորեն հասկանում են, որ Վրաստանի ներառումը ռուսական գազի տարանցման գորշ սխեմայի մեջ ոչ միայն տնտեսական նշանակություն ունեցող գործոն է։ Ամենայն հավանականությամբ՝ դա լավ են հասկանում նաև Թբիլիսիում, բայց չէ՞ որ սեփական շապիկը միշտ մարմնին ավելի մոտ է։ Ահավասիկ՝ ևս մեկ արդյունք։